Զրոյց Վարպետի հետ…

Արա Նախշքարեան

Համո Սահեանն ասում է.
«Հայաստան ասելիս ծնկներս ծալւում են,
Չգիտեմ, ինչու՞ է այսպէս»։
Ասեմ, Վարպետ.
Որովհետեւ, Հայաստանը երկրագնդի վրայ միակ տարածքն է Հայրենիք կոչուած, որ Սրբազան հողակտոր է համարւում, մանաւանդ՝ Հայի համար։
Ծնկներդ ծալւում են, Վարպե՛տ, եւ որովհետեւ, Հայաստանն այն միակ քարաբեկորն է երկրի վրա, որտեղ միայն կարող է տիեզերական պատերազմի արդիւնքում, երկնքի ու գետնի իրար հուժկու զարկից բարձրացող դումանի ու կրակների միջից Վահագնը ծնուել, ու դեռ մանուկ՝ վիշապներ խեղդել։
Հայաստանն այն միակ ջրաստանն է երկրի վրա, որտեղ, մայրը կարող է միայն երկու բուռ ջրից յղանալ ու Սանասար, Բաղդասար եղբայրներ ծնել: Որտեղ՝ Նահապետ Հայկի լայնալիճ աղեղից արձակած եռաթեւ նետի ընթացքից միայն կարող էր Բելը՝ գահավիժել։ Հայաստա՛ն…
Հայաստանն աշխարհի երեսին, այն միակ հողակտորն է, որի վրայ ապրող քաջը միայն կարող է իր Թուր Կեծակին զարկել ու պատռել ժայռաբեկորն ու փակուել նրա մէջ: Հայաստա՛ն…
Հայաստանն այն տարածքն է երկիր մոլորակի վրա, որտեղ՝ Արքաներն հրաժարուել են մարդկային կեանքեր զոհաբերել իրենց պաշտելի աստուածներին։ Հէնց դրա համար է, որ Հայաստան ասելիս ծնկներդ ծալւում են, Վարպետ:
Հայաստան երկիրն այն դրախտավայրն է, որտեղից հոսող չորս գետերի՝ Տիգրիսի, Եփրատի, Ճորոխի ու Արաքսի միջնամասում միայն կարող էր Եդեմը ծաղկել։ Հայաստան ասելիս, ծնկներդ ծալւում են, որովհետեւ նրա տէրերն են միայն ոչնչից Հայրենիք կերտում՝ պայքարը՝ սկզբունքի վերածած։
Հայաստանն այն Հայրենիքն է, որի զաւակները կարող էին միայն այդ Հայրենիքի սիրոյն Լիզբոն բարձրանալ ու… ապացուցել աշխարհին, որ անառիկ բերդերը կառուցուած են գրաւելու համար։ Հայաստանը հսկաների այն երկիրն է, որոնք կարող են անմռունչ պարգեւել որդիներ ու այդ զաւակները մռնչալով դէպ՚ Շուշի քայլեն…
Հայաստանն աշխարհի որձն է… Վարպե՛տ…
Չնայած գիտե՛մ, որ գիտէիր պատճառը ծնկներիդ ծալման: Ներիր Վարպետ… Թոռան արքով խօսեցի…

Գիւմրի

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *