Մարգարիտա Մամիկոնի Խաչատրեան
Մարգար ու Էլիզ Շարապխանեան ամուսինների եւ գրող Արշակի(1) մտերութեան հետաքրքիր վկայութիւններ՝ յօդուածներ, թերթեր են պահպանուել Ուշիում՝ Շարապխանեանների գրադարանի բազմակուտակ հանդէսների ու թերթերի էջերում։
Ժամանակագրական կարգով քայլ առ քայլ անցնենք մեր նորօրեայ պատմութեան մի քանի հանգրուաններով, փորձենք հասկանալ՝ որտե՛ղ սխալուեցինք եւ ինչո՛ւ, ինչպէ՛ս Յաղթանակի փառքը կամաց-կամաց վերածեցինք այսօրվայ անփառունակ ու անհեռանկար գոյապայքարի, գտնենք կատարուած ողբերգութեան պատճառահետեւանքային կապերը։
«Համազգային»ի Տորոնտոյի «Գլաձոր» մասնաճիւղը 2002 թ. դեկտեմբերի 7-ին կազմակերպել է հանդիպում-քննարկում Արշակի հետ։ «Արշակ (նպատակադրում եւ իրագործում)» թեմայով զեկուցել է տիկին Էլիզ Շարապխանեանը(2)։ Ելոյթի շարադրանքը պահպանուել է եւ հետաքրքիր է՝ որպէս ընթերցողի անկեղծ ու շնորհակալական խօսք գրողի մասին։
Այդ ձեռնարկի մասին Թորոս Թորանեանի (1928-2021) Թ.Թ. ստորագրութեամբ տեղեկատւութիւն կայ «Հորիզոն»ի գրական յաւելուածի 2003 թ. մարտի համարում, որը բացւում է Արշակի «Մտորումներ վերածնման շեմին» յօդուածով։
«Հայրենիքի պատառի վրայ» ծնուած Արշակ հայ մարդու յիշողութիւնների անբաժան մասն է ՀՍՍՀ պետական հիմնը։ Սովետական երկրի պատմութեան տխուր ու ողբերգական էջերին ամեն մէկս առնչվել է իւրովի, շատերս տասնամեակներ անց էլ դեռ չենք յաղթահարել ցաւն ու կորուստի դառնութիւնը, բայց մե՛ր պատմութիւնն է, մե՛ր պապերի ու հայրերի արեան գնով ու մաքառումով ստեղծուած երկիրն է, որի դէմ հիմա կռուելն անմտութիւն է, բայց կատարուածից դաս քաղելն անհրաժեշտութիւն է, մանաւանդ մեր՝ չափ ու չափանիշ կորցրած օրերում։ Արշակը կանխատեսո՞ւմ, թե՞ նախազգուշացնում է «թշնամու արիւնից բեղմնաւորուած»ների մասին …
Գրողը հայութեան կեանքը դիտարկում է կանադական քաղաքում, շատ զարմանալի բաներ է տեսնում, հիանում գաղթօջախի հայութեան՝ «փոքրիկ օճախի զինուորի» հոգեբանութեամբ ու վարքագծով։ Այստեղ Կանադայի հիմնից յետոյ երգում են «Կիլիկիա», իսկ Արշակը բառերն անգիր չգիտի ու ամօթահար է։ Պարզւում է՝ «Կիլիկիա»ն խորհրդային երկրում արգելուած էր, «որ թուրքին տհաճութիւն» չպատճառէին։ Արշակը պնդում է՝ այդ տարիներին հայերի զգալի մասը թուրքական ռադիօ էր լսում …
Սա մեր հոգեւոր տկարութեան արմատներից է։
«Ինչի՞ մասին է «Կիլիկիա» երգը» հռետորական հարցին Արշակի պատասխանը մի բառ է՝ երազանք։ Երգի տողերում «երբ», «երբոր» պայմանականը վերածւում է անյոյս տառապանքի, հայրենիքը տեսնելու իղձը՝ հսկայական գերեզմանատուն յիշեցնող հայրենի հողում հանգչելու տենչի։ Հետեւանքը. «Տասնամեակներ այս պարտուողական խեղճ ու կրակ բառն ու տրամադրութիւնը մեր ենթագիտակցութեան մէջ գցել են այնպիսի ծիլեր, որոնք արմատախիլ անելու համար անհրաժեշտ է տալ այս հերոս ժողովրդի իրական դիւցազնական պատկերը, նրա Ոգու կերտուածքը»։ Արշակը յիշում է Այնթապի հերոսական պաշտպանութեան ժամանակ՝ 1920 թ. մայիսի 15-ին, հայրենասէրներից մէկի շուրթերից պոկուած երգը։ Խօսքը Յարութիւն Աղայեանի բառերով (երաժշտութեան հեղինակը Հալէպի «Ուսումնասիրաց» զոյգ վարժարանների հիմնադիր-տնօրէն Լեւոն Թ. Լեւոնեանն է) երգի մասին է, որի վերջին տողի «մեռնիլ» բառն Արշակը փոխել է «կռուիլ»ով.
Հեռու կեցէ՛ք, դո՛ւք, վախկոտներ,
Մենք նոր սերունդ, նոր հայկեան
Մկրտուած ենք, հայ արիւնով
Դիւցազներուն, որ ինկան։
Մեր ջանքերով վաղն Այնթապին
Ամպերը գորշ կ’անհետին,
Զի երկինքին ազատ արեւը
Փոթորկէն վերջ կը ծագի։
Մենք համոզուած, մենք գիտակից,
Թէ կռիւով է ազատութիւն,
Յափշտակել պէտք է նաեւ
Մեր ազգային փրկութիւն։
Ա՜խ, Հայրենի՜ք դու Կիլիկիա,
Սրբէ՛ արցունքդ ալ յետին,
Զի քու սիրոյդ տառապանքիդ
Կռուիլ գիտցաւ այնթապցին։
Դանիէլ Վարուժանի (Չպուքքարեան, 1884-1915) «Ձօն»ից մի հատուած եւ ՀՅԴ հիմնը յիշատակելուց յետոյ Արշակը եզրակացնում է՝ մեզ ազգային նոր քայլերգ է պէտք, իսկ «պալատական գրչակներ»ն անկարող են նման հրաշքի։ Նա արձանագրում է վտանգը. կարող ենք կորցնել ամեն ինչ, քանի որ չենք ապրում «հայրենիքի հետ, հայրենիքի համար»։ Քանի՜ ցեղեր են կորցրել հող ու հայրենիք, երբ «հայրենիքը դրել են գրպանները ու ծախել որպէս դրամ։ Մենք այդ ճանապարհին ենք, եթէ խելքի չգանք»։ Հեռաւոր 2003-ին այս վտանգը եօթ սարի յետեւում էր թւում, այնինչ մէկ-երկու տասնամեակ էր պէտք, որ իշխանութեան բերէինք հողի ու հայրենիքի արժէքը չիմացող, ան+հայրենիք աղանդաւորներ թերուսների վոհմակը։
Պարզուեց՝ խելքի չենք եկել …
2003-ին «Համազգային» Հայ կրթական եւ մշակութային միութեան Տորոնտոյի «Գլաձոր» մասնաճիւղի անդամների մեկենասութեամբ Երեւանում լոյս է տեսել Արշակի «Աքաղաղը» պատմուածքների ժողովածուն, որին անդրադարձել է պ. Մարգարը «Հորիզոն» թերթի 2004 թ. փետրուարի 25-ի համարում լոյս տեսած «Ուրախալի երեւոյթի մը առթիւ» յօդուածով։
2003-ին Երեւանում լոյս է տեսել Մարգար Շարապխանեանի «Դարձ դէպի Հայրենիք» գիրքը։ Պահպանուել է գրքի մասին Արշակի «Երդում հաւատարմութեան» յօդուածի ձեռագիրը(3)։
Արշակը Շարապխանեաններին էր ուղարկում հայաստանեան թերթերից։ Պահպանուել են «Գրական թերթ»ի տասներկու համարներ՝ նրա ընդգծումներով եւ գրառումներով։
Գրիգոր Ջանիկեանի «Ներո՞ւմ, թե՞ հատուցում» ծաւալուն յօդուածը («Գրական թերթ»ի 2003 թ. նոյեմբերի 21-ի համար) հեռակայ զրոյց է թուրք գրող Քեմալ Եալչընի հետ։ Յօդուածի մի քանի հատուածներ Արշակն ընդգծել է կարմիրով։ Քեմալ Եալչընի «Հոգիս քեզմով կը խայտայ» վէպը Գերաշնորհ Գարեգին Արքեպիսկոպոս Պեքճեանի ջանքերով թարգմանուել է հայերէն եւ լոյս տեսել Երեւանում։ Հիւսիս-Հռենոսեան Վեստֆալեան նահանգի համալսարանում Մելինէ անունով հայուհին հայերէն է դասաւանդում թուրքերէնի թուրք ուսուցիչներին եւ շաբաթավերջի հաւաքոյթի ժամանակ հայերէն երգ է երգո՞ւմ, ողբո՞ւմ, թէ՞ աղօթում։ Հակառակ թուրք ծանօթ-բարեկամների «հայի անցեալը մութ է, փորձանքն անխուսափելի» խրատ-արգելքին՝ Քեմալ Եալչընը փնտռում ու գտնում է թուրքական իշխանութիւնների անզիղջ յամառութեամբ մոռացութեան մատնուած պատմական ճշմարտութիւնը՝ «1915-ից յետոյ էլ Թուրքիայում հայերի ցեղասպանութիւնը շարունակուել է, շարունակուել է նոյն անողոքութեամբ ու նպատակաուղղուածութեամբ»
«1922 թուական. Ամասիայի ամենազդեցիկ անձնաւորութիւնը՝ Հագգը փաշան, գիշերը թաքուն քանդել է տալիս հայկական եկեղեցու մի պատը, առաւօտեան ստիպում որոշում կայացնել, որ փլուզուող շինութիւնը սպառնում է քաղաքի անվտանգութեանը։ Եկեղեցին էլ, վարժարանն էլ նոյն օրը հողին են հաւասարեցնում, հայ երեխաներին ստիպում են թուրքական դպրոց յաճախել». այս հատուածին Արշակը յաւելել է. «Նոյնը անում էին ռուսները. գոյութիւն ունեցող հայ դպրոցը փակում էին»։
Արշակն ընդգծել է յօդուածի նախավերջին հատուածը. «Արցախն այն միակ վայրն է, որտեղ քո հրաշալի յուշավէպի սահմռկեցուցիչ փաստերն ինձ չեն նուաստացնում, ընդհակառակը, նորովի են իմաստաւորում»։
Այս թերթի 2003-ի դեկտեմբերի 5-ի համարում հրատարակուած է Ալմաստ Զաքարեանի (1923-2013) «Մենք միջնադարեան ազգ չենք … իբրեւ ազգ՝ անտիկեան ենք…» յօդուածը։ Արշակի ուշադրութեանն է արժանացել «Առանց հողի ազգ չկայ» խօսուն տողը։ Սիբիր աքսորուած հազարաւոր անմեղ հայերի մասին պատմող տողերի կողքին Արշակը գրել է. «Ռուս-թուրքական գաղտնի պայմանով ոչնչացւում էր Հայաստան-հայ հասկացողութիւնը՝ երկու վայրի եղբայրների միջեւ կանգնած, ինչպէս ջահ։ Նոյնը արեցին Յունաստանին ու յոյնին»։
«Գրական թերթ»ի 2004 թ. փետրվարի 20-ի համարում հրատարակուել է Անահիտ Սահինեանի (1917-2010) « «Սասունցի Դաւթի» ճակատագրի շուրջ…» խոհագրութիւնը՝ մեր ազգային խայտառակութեան մի քանի դրսեւորումների մասին։ Սկիզբը սա է. տրամվայում (մեր քաղաքում ինչ որ ժամանակ տրամվա կար՝ երեք կոպեկանոց տոմսով) աղջիկը հօրը պատմում է, որ մօր գերեզմանին է դրել կողքի գերեզմանից գողացած ծաղիկները։ Ան. Սահինեանը համոզուած է՝ հանգուցեալը գերեզմանում շուռ կը գար, եթէ լսէր այս խայտառակութեան մասին, իսկ Արշակը խորհուրդ է տալիս. «Այս արարքի արմատը իր հանգուցեալի ակօսներում փնտրէ՛ք. նա է դաս տուել»։ Սահինեանը սրան յաւելում է մեկ ուրիշ խայտառակութիւն՝ յիսուն դոլար «աշխատելու համար» շէնքի մուտքի մօտից գողանում են դագաղի կափարիչը։ Գրողի՝ «Այս ո՞ւր ենք հասել» տողին Արշակն աւելացրել է. «Ուր ձգտել ենք …»։
Յօդուածին կից գրառումները հայանուն երկու մեծերի մասին են՝ «Հէնց նրանն ենք՝ չար ու նախանձ նրա պէս» եւ «Ատում էր հայերին» …
Թերթի նոյն համարի «Վկան ազնիւ կոմունիստի դուստրն է» յօդուածի (հեղինակը Մարգօ Ղուկասեանն (1927-2013) է)՝ Սումգայիթի «պոգրոմ»ի մասին պատմող «Թէեւ նախօրօք լուրեր տարածուել էին, բայց չէինք հաւատում» տողերին Արշակը աւելացրել է. «Ոչխարնե՛ր, ինչքա՞ն կարելի է միայն թշնամուն հաւատալ»։
Թերթի 2004 թ. ապրիլի 16-ի երկու յօդուածներ արժանացել են Արշակի ուշադրութեանը. մէկը նշանաւոր բանաստեղծուհու «Նամակ-յայտարարութիւն»ն է Ռոբերտ Քոչարեանի հրաժարականի պահանջով (Արշակի ընդգծած տողերի ու գրառումների մասին չեմ խօսի …), երկրորդը «Ֆրանս-Արմենի» թերթի (Փարիզ) հրատարակած հարցազրոյցի թարգմանութիւնն է (թարգմանիչ՝ Գր. Ջանիկեան)։ Արշակն ընդգծել է հրեայ պատմաբան, ցեղասպանագէտ Եայիր Աուրոնի հարցազրոյցի մի քանի հատուածներ։ Անդրադառնալով ԱՄՆ-ի եւ Իսրայէլի օժանդակութեամբ Թուրքիայում Հայոց ցեղասպանութիւնը ժխտելու ծրագրին՝ Արշակը թերթի լուսանցքում գրում է. «Որովհետեւ հրեաները այն մշակեցին, ֆինանսաւորեցին եւ գործի դրին»։ Հարցազրոյցի «Հրէական դիւանագիտութիւնը Անկարային երբեք յուսախաբ չի արել» հաւաստումին ի պատասխան՝ Արշակը գրել է. «Թուրքերը հսկայական գրաւոր փաստեր ունեն հրեաների հեղինակ լինելը ապացուցելու. միշտ վախեցնում են նրանց»։ Եայիր Աուրոնի «Յուսով եմ, որ հրեաներն ու հայերը այլեւս երբեք ցեղասպանութեան զոհ չեն դառնայ, այնպէս, ինչպէս դահիճ չեն դառնայ» պնդումին Արշակը պատասխանել է. «Հիմա էլ եք դահիճ՝ ցեղասպանութիւնը ժխտելով»։
Թերթի 2005 թ. ապրիլի 22-ի համարը նուիրուած է Մեծ եղեռնի 90-րդ տարելիցին։ Կլոդ Մութաֆեանի «Ինչո՞ւ են ժխտում» յօդուածի՝ հայերի բնաջնջման թուրքերի ջանքերի մասին հատուածն Արշակը լրացրել է «Ռուսների ոսկով ու զէնքով՝ Լենինի տուած» տողով։ Թերթի այս համարի 8-րդ էջում հրատարակուած «Ի՞նչ են մտածում թուրքերը մեր մասին» (Ներսէս Համբարձումեանի գրառումներն են՝ Վահրամ Թաթիկեանի թարգմանութեամբ) շարքից Արշակը ընդգծել է երկուսը՝ «— Մեզ հետ դուք գժտուեցիք, իսկ ռուսների մէջ այդպէս էլ բարեկամներ չգտաք, — ասաց իմ ծանօթը՝ Թոֆիկ Թիւրքերը» եւ «Ստամբուլում մարմար արտադրող մի ոչ մեծ ֆիրմայի տէրը՝ Ռամազան բէյը, «Գորշ գայլեր» կազմակերպութեան անդամ էր եւ մի անգամ ինձ ասաց. «Մենք՝ թուրքերս, ու հայերդ համերաշխ էինք ապրում։ Դուք ամեն բան ունէիք։ Դա դուր չեկաւ անգլիացիներին, ֆրանսիացիներին։ Նրանք մեզ գժտեցրին, բայց խոստումներ տալով՝ լքեցին ձեզ»»։
Թուրք գրող Դողան Աքհանլըի «Երկխօսութիւն, օտարում եւ յիշողութիւն» յօդուածի [թարգմանիչ՝ Սարգիս Հացպանեան (1962-2018)] «Ես միաժամանակ ինձ հարց եմ տալիս, թէ ինչպէս են հայերը դիմանում Թուրքիայի գրեթէ 100 տարի տեւող այդ ստի քաղաքականութեանը» նախադասութիւնն Արշակն ընդգծել է։ Ինձ թոյլ եմ տալիս յաւելել՝ որ թաղուեն ստի, խաբէութեան մէջ եւ երկար տարիներ գոյութիւն քարշ տան՝ առանց ապագայի հեռանկարի …
Պահպանուել են «Գրական թերթ»ի 2005-ի դեկտեմբերի 16-ի եւ 23-ի համարները՝ Արշակի գրառումներով։ Առաջին համարի «Գրիգոր Զոհրապի ֆրանսիական յաղթերթը» յօդուածի (հեղինակ՝ Գր. Ջանիկեան) վերնագիրը կարմիրով լրացրել է՝ «պարտուած Հայաստանում», իսկ Զոյա Փիրզադի «Երկու սէրերի միջեւ» յօդուածի «Իրանի հայկական համայնքը չկամեցաւ ինձ ընդունել որպէս հայ[ի], քանի որ հայրս հայ չէր» տողերի կողքին կարդում ենք Արշակի գրառումը. «Ողորմելինե՛ր, ձեր թափառականի մեղքը բարդում էք այս երեխայի ուսերին։ Ահա մենք ո՛վ ենք»։
Թերթի նոյն համարում տպագրուած է իմ «Ուխտատեղի՞, թէ՞ հերթական ուտելավայր» յօդուածը։ Ուզում եմ մտածել, որ Գրերի պուրակը ճաշարան դարձնողների մասին նկատառումներս գոնէ չեն զայրացրել Արշակին։
«Գրական թերթ»ի 2005-ի դեկտեմբերի 23-ի համարի «Հայր Կոմիտասի մահն ու անմահութիւնը» յօդուածի (հեղինակ՝ Լուիզ Ֆով-Յովհաննիսեան) ներքեւում պահպանուել է Արշակի գրառումը. «Թուրքը չսպանեց Կոմիտասին, այլ՝ այն, ինչը սպանել էր Հայկին, Պարոնեանին, հազարաւորներին, Կոմիտասին եւ մեր ազգի, ցեղի, հայրենիքի ապագան. հայի խիղճն ու արժանապատւութիւնը գրպանում է զնգզնգում»։
««Գրական թերթ»ի հարցերին պատասխանում են գրական հանդէսների խմբագիրները» խորագրի տակ 2006 թ. յունուարի 20-ի համարում տպագրուած են «Նորք» եւ «Արտասահմանեան գրականութիւն» հանդէսների խմբագիրներ Ֆելիքս Մելոյեանի (1940-2017) եւ Սամուէլ Մկրտչեանի (1959-2014) պատասխանները։ Ֆ. Մելոյեանի «Մերը գոյատեւութիւն է…» արձանագրման կողքին կայ Արշակի «Մի ժողովուրդ, որ այս հոգեբանութեամբ ապրի, չի ապրի», իսկ յաջորդ տարի «երկու-երեք բանաստեղծական գեղեցիկ շարքեր» եւ «մի քանի արժեքաւոր արձակ (թէկուզ փոքրածաւալ) գործեր» հրատարակելու հարցականի կողքին կարդում ենք. «Փողոցային ժարգոն, եւ ես այս աղբարկղում պիտի ապրեմ»։ Ս. Մկրտչեանի խօսքի լուսանցքում կանաչ գոյնով (Արշակի գրառումները կարմիր թանաքով են, մէկն է մանուշակագոյնով) գրուած է. «Ես ապրում եմ սրանց մէջ»։
Թերթի 2006 թ. դեկտեմբերի 8-ի համարում տպագրուած է Վանօ Սիրադեղեանի (1946-2021) «Գառ-ախպերիկ» պատմուածքը՝ ծննդեան 60-ամեակի առիթով շնորհաւորանքներով։ Արշակը գրում է. «Ահա՛ մեր ցեղային դիմապատկերը. ո՛չ ամօթ, ո՛չ խիղճ»։
«Գրական թերթ»ի 2007-ի դեկտեմբերի 28-ի համարի ճակատին Արշակը գրել է. «Տէր եւ տիկին Շարաբխանեաններին, Շնորհաւորում եմ ձեր յաջորդ քայլը դէպի յաւերժութիւն։ Վկան՝ ձեր Ուշիի ապարանքը։ Ձեր Արշակ»։
Թերթի 2010 թ. ապրիլի 9-ի համարի 3-րդ էջում Սվետլանա Սահակեանի հարցազրոյցն է ծագումով արցախցի, Սանկտ-Պետերբուրգում ապրող գրող, թարգմանիչ Լեւոն Ադեանի հետ։ Սվ. Սահակեանի «Հայերս միշտ էլ լաւ դիվանագէտներ ենք ունեցել, բայց լաւ դիւանագիտութիւն՝ երբէք» տողին Արշակը յաւելել է. «Սուտ է, ծառա՝ այո՛»։ Լ. Ադեանի խօսքում ընդգծուած է «Յեղկոմն ու բոլշեւիկները» կիսատողը, որի կողքի կարդում ենք՝ «Ի՞նչ է, հայ չէի՞ն սրանք …»։
Տիգրան Մեծի (մ. թ. ա. 95-55 թթ.) ժամանակ Լուկուլլոսի յաղթական բանակը շտապում էր գրաւել հայոց Արտաշատ մայրաքաղաքը, բայց կայանատեղիներում կամաց-կամաց այնքա՜ն կորուստ ունեցաւ, որ խուճապահար փախաւ մեր երկրից, իսկ Աւարայրի ճակատամարտում հայոց բարոյական յաղթանակն Արշակը բնորոշում է այսպէս. «Քրիստոնեայ հոտի «յաղթանակ»ը դէպի Դէր Զօր քշուողների նախահայրերի»։ Հայկական հողերի նուիրումը թուրքերին Լ. Ադեանն անուանում է մեծ կորուստների պատճառ, Արշակը գրում է՝ Կործանուեցինք։ Բաքուն հարստացրած հայերի մասին պատմութիւնների կողքին կայ շատ ցաւոտ գրառում. «… Դաժան ու չար է, ու թոյն կայ Ադեանի գրքերում։ Եթէ ունենայիք հայրենիք ու ժողովուրդ, ոչ թէ մի բանտախցիկ (վկան՝ Երկինք), ես էլ Ձեզ պէս բարի ու դայլայլուն կ՚երգէի։ Ահա՛ իմ անցեալը, ներկան ու ծնկաչոք ապագան ողորմելիիս … այս պատառից եւս փախչող»։
Թերթի 2010 թ. ապրիլի 9-ի համարում տպագրուած է Սոնա Մեդոյեանի հարցազրոյցը Երեւանի Ալ. Պուշկինի անուան դպրոցի դաստիարակչական աշխատանքների գծով փոխտնօրէնի հետ (վերնագրուած է՝ «Դաստիարակուած լինելու հաւանականութիւնը»)։ Արշակը յաւելել է. «Ահա՛ հային կրթող ուսուցիչը ՝ տգիտութեան մէջ խեղդուող, միայն էգ ու որձի հասկացողութեամբ զինուած»։ Լրագրողի՝ «Պէտք է եզրակացնել, որ մեր քաղաքացու համար գոնէ տարրական մակարդակով լիարժէք դաստիարակութիւն ապահովելը դեռեւս խնդիրների հետ է կապուած» արձանագրմանն Արշակը յաւելել է մէկ բառ՝ «դեռեւս յաւերժող խնդիրների»։
«Գրական թերթ»ի էջերում Արշակի պահպանուած վերջին գրառումը 2011 թ. նոյեմբերի 18-ի համարում է՝ հունգարացի հօր եւ հայ մօր դուստր, կանադաբնակ գրող Լորա Փաթաքֆալուի ստեղծագործութիւններից մի փնջի (վերնագրուած է «Զգայապաշտ հանդիպում») լուսանցքում. «Հասուն, իմաստուն գրող է։ Վերջապէս»։
Արշակի սուր աչքից չեն վրիպել մեր ազգային կեանքի սխալները, որոնց արդիւնքում այսօր ունենք այն, որ … ոչինչ չունենք …
Արշակը մահացաւ Կանադայում։ Պահպանուել են Շարապխանեան ամուսինների հրաժեշտի երկու խօսքը՝ նուիրուած Արշակի յիշատակին(4)։
Այո՛, մարդուց յետոյ մնում են նրա գործերն ու այն մարդիկ, որոնք արժեւորում են այդ գործը եւ պահպանում թանկագին յիշատակները։
Երեւան
ԾԱՆՕԹԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ
1.— Արձակագիր, դրամատուրգ, 1967 թ. ԽՍՀՄ գրողների միութեան անդամ, «Սովետական գրող» (1976-ից՝ «Հայաստան») հրատարակչութեան գլխաւոր խմբագրի տեղակալ Գէորգ Արշակեանի (1928-2002) կրտսեր եղբայր Սերգէյ Արշակեան (1932- 2013)։
Շարապխանեանների գրադարանում պահւում են Արշակի հետեւեալ գրքերը՝
1. «Մեր կեանքի փողոցը» (1970),
2. «Երբ վերջանում են պատերազմները» (1976),
3. «Քաղաքը» (1980) պատմուածքների ժողոուածուները,
4. «Գնչուհին» (1994),
5. «Մի գիշերուայ ճանապարհ»* (2000),
6. «Յաւերժութեան յետեւից» եւ «Սիսոն» (2001),
7. Երկեր 12 գրքով շարքից՝ գիրք 3. «Անպարտելին», «Յանցաւոր սէր» եւ «Ճգնաւորը» (2002),
8. Գիրք 4. «Վերջին խրամատը։ Նամակը» (2003),
9. Գիրք 5. «Աքաղաղը (պատմուածքների ժողովածու)»** (2003),
10. Գիրք 6. «Նավթավաճառի ձին» (2003),
11. Գիրք 7. «Միայնակ գայլը (վիպակներ)» (2005),
12. Գիրք 8. «Ճօճանակի օրէնքը (վիպակներ)»*** (2009)։
* «Մի գիշերուայ ճանապարհ» հատորն Արշակն ընծայագրել է. «Մարգարին՝ իմ հայրենադարձ բարեկամին։ Եթէ ամեն մի հայ քո օրինակով ստեղծէր Օջախ մեր երկրում, մենք կը լինէինք անսասան։
Արշակ
24 օգոստոս 2001, Երեւան»։
2.— Տիկին Էլիզ Շարապխանեանն Արշակի գրականութեանը նուիրուած զեկուցման մէջ գրում է. «Արշակ մասնագիտութեամբ մետաղագէտ-երկրաչափ է: Ան այս մասնագիտութեան բերմամբ գործուղուած է Սովետական Միութեան զանազան քաղաքները՝ մինչեւ Սիպերիա։ Գրելու անհրաժեշտութիւնը կը զգայ բաղդատաբար ուշ հասակին։ Բուն անունով Սէրկէյ Լիպարիտի Արշակեան գրական հրապարակ կը մտնէ Արշակ Կիւմրեան գրչանունով՝ խուսափելու համար իր ռուսական առաջին անունը գործածելէն։ Արշակը կը վերցնէ իր ազգանունէն, իսկ Կիւմրեանը՝ իր ծննդավայր Լենինականի՝ այն ատեն այլեւս չգործածուող պատմական անունէն։ Հետագային ան իր գրչանունը կ’ամփոփէ «Արշակ»ի՝ կասկածելով, որ Կիւմրին թրքական ծագումով բառ մը կրնայ ըլլալ։ Ի դէպ, Արշակ կը խորշի օտար անուններէ եւ կը զարմանայ, որ մեզմէ շատեր տակաւին կը յամառին կառչիլ իրենց թրքական ազգանուններուն»։
«Արշակ սուտն ու վախը կը գտնէ մարդ էակը նուաստացնող եւ ոչնչացնող ամենէն զազրելի եւ անմարդկային լծակները, — շարունակում է Էլիզ Շարապխանեանը։ — Զանոնք յաղթահարելու միակ պայմանը ան կը նկատէ ճշմարտութիւնը, մաքրութիւնը եւ արիութիւնը։ Անոր հերոսները նոյնիսկ երբ կը պարտուին, չեն ընկրկիր, չեն փլուիր։ Հակառակ իր պատերազմներու հանդէպ ունեցած խորշանքին, Արշակ կը գտնէ, որ կարելի չէ ապրիլ առանց զօրաւոր ըլլալու, առանց մարդկային եւ ազգային իրաւունքներուդ տէր կանգնելու։ Յոյսը տկարներուն ապաւէնն է, — կը պնդէ Արշակ, — ապագայիդ տէր ըլլալով՝ զայն ուղիղ ճանապարհ առաջնորդելն է կարեւորը։
Հակառակ որ Արշակ կը պնդէ, թէ իր պատմութիւները ամբողջութեամբ իրական կեանքէ առնուած են, ան գրող մը, արձանագրող մը, պատմող մը, կամ պատգամող մը չէ միայն։ Անոր պատումի եղանակը կը մրճահարէ գանկդ, կը խռովէ հոգիդ ու կը համակէ զգայարանքներդ։ Անոր յորդ ու հեղեղային արեւելահայերէնը կլանող է նոյնիսկ արեւմտահայ ընթերցողին համար։ Խրոխտ եւ ինքնավստահ է Արշակի լեզուն իր պատումներուն նման։ Անոր նկարագրականները մի քանի բառով կը փոխանցեն ամբողջ աշխարհ մը։ Կարելի չէ նոյն ձեւով նայիլ Արա լերան, Մասիս սարին, Սեւանայ լիճին կամ Հրազդան գետին՝ զայն Արշակի աչքերով տեսնելէ ետք։ Կարելի չէ նայիլ Հայաստանի բնութեան, ամառ թէ ձմեռ, ու զայն ընկալել նոյն ձեւով, զայն Արշակի բառերով զգալէ ետք։ Եւ մանաւանդ կարելի չէ համտեսել հայկական հիւթեղ ծիրանն ու միրգերը, խմել հայկական կոնեակն ու գինին նոյն ձեւով, զանոնք Արշակի հերոսներու քիմքերով համտեսելէ ետք։ Ապշեցնող են այր ու կնոջ մտերմութիւնը նկարագրող անոր տողերը, ուր բուրմունքի, գոյնի, ձայնի, հպումի կարօտի քանի մը վրձինային հարուածներով մեզի կը փոխանցուին անոնց զգացական, հոգեկան եւ ֆիզիքական աշխարհները այնքա՜ն հարազատ, որ կը փորձուիս անգամ մը եւս կարդալ՝ ըմբռնելու համար, թէ ո՛ր բառը, ո՛ր դարձուածքը յաջողեցաւ փոխանցել այդ ամենը եւ ինչպէ՛ս… Արշակի բառարանը իւրայատուկ է եւ պատկերաւոր։ Անոր լեզուն պարզ է, բայց ոչ պարզունակ։ Արշակ բնածին դիւրութիւնը ունի արտայտուելու վայելուչ եւ ըմբռնելի հեզասահութեամբ։
Ամեն ընթերցող իր ընկալումով, տարբեր կ’արժեւորէ ոեւէ ստեղծագործութիւն, եւ վերջին դատաւորը դուք էք, սիրելի՛ ընթերցասէրներ։ Մէկ բան կարելի է ըսել ամենայն վճռակամութեամբ։ Արշակի երկերը կարդալէ ետք անկարելի է քիչ մը աւելի չմարդկայնանալ, քիչ մը աւելի չհայանալ, քիչ մը աւելի չմտածել հայ ազգի ու Հայաստանի ներկային ու ապագային մասին ու մանաւանդ՝ անկարելի է չհպարտանալ այս հայ մարդու իրագործումներով, որոնք նաեւ մեր ազգին իրագործումներն են»։
3.— «Մարգար Շարապխանեանը հայրենիքում հրատարակեց իր առաջին գիրքը, — գրում է Արշակը։ — Նրա կազմը մի հոգեզմայլ Արեւ է, ու դէպի Արեւն է գնում սլացիկ, հպարտ կեցուածքով ու քայլքով մարդը։ Արեւի դէմքին դաջւում է վերնագիր-նպատակը՝ «Դարձ դէպի հայրենիք», այսինքն՝ դէպի իմաստաւորուած կեանքի լոյսը տանող, դեէպի յաւերժութիւն։
Այս ամենի արժէքը հեղինակը լաւ գիտի։ Նա թէպէտ ծնուել է, հասակ է առել, կրթուել է արուեստների ու գիտութիւնների օջախ Յունաստանում եւ Իտալիայում, բայց կուլ չի գնացել այն ծով շքեղութեանը մտքի ու փիլիսոփայութեան, նրա գիտակցութիւնը կապուած է եղել հայրենիք հասկացողութեան հետ։ Ուսանելիս, տասնեակ տարիներ որպէս ուսուցիչ աշխատելով, գաղութներում հիմնելով մանկապարտէզ, դպրոց, նա ունեցել է մի նպատակ՝ հայ պահել ոչ միայն մանուկներին, այլ[եւ] նրանց միջոցով՝ նաեւ ծնողներին՝ օտար ծառայական շերտերում յարմարուած։
Նա միշտ սովորեցրել է, որ անպայման գալու է վերադարձի օրը, ու մենք պիտի պատրաստ լինենք հոգով ու կրթական զինուածութեամբ ծառայելու մեր հայրենիքի պաշտպանութեանը ու նրա կառուցմանը։ Ահա այս նպատակին է ծառայում գիրքը։ Նա դուռ է՝ բացուող դէպի Հայրենի տուն, իսկ հեղինակը մեզ ուղեկցողն է։ Այդ ինչպիսի մանրակրկիտ վերլուծութիւններ՝ սիրահարուածի ներողամտութեամբ ու սրտացաւութեամբ, եւ ինչպիսի ցնծութիւն երկրի ճանապարտներով անցնելիս։ Անգամ մեզ՝ այստեղ ծնուածներիս նա ցոյց է տալիս, բացում այնպիսի՜ ծալքեր ու անկիւններ, որ զարմանում ենք։
Այդ թոհ ու բոցի մէջ նա հանդիպում է պետական, քաղաքական գործիչների, մի քանի բառով ցոյց տալիս նրանց ո՛վ եւ ի՛նչ լինելը՝ թողնելով մեր ու ժամանակի դատին նրանց գործն ու կեանքը՝ առանց իր եզրակացութիւնների, որովհետեւ նա դրսից ներս նայող դատաւոր չէ, այլ՝ տուն վերադարձած հայրենասէր մտաւորական, որն իր գրչով կարող է տնքալ. «Ինչների՞ս է պէտք մեզ շրջապատող այս անարդարութիւնը։ Ի՞նչ շահելու։ Ինչի՞ն տիրանալու։ Ըսուած է ու յաճախ կրկնուած, թէ ազգերը, ժողովուրդները չեն մահանում, այլ անձնասպան կ’ըլլան։ Աջ ու ձախ ի զուր յանցաւորներ կը փնտռենք, երբ մենք ազգովին Հայրենիք կառուցելու կողմնացոյցը շարունակ փշրած ենք մեր ձեռքերով, մեր ուղեղներով»։
Այս ամենը ոչ թէ շատերի պէս սուրբ ձեւանալով՝ դիմացինին է ասում ճիչով, այլ՝ իրեն, հայ տեսակին՝ ինքնախարազանմամբ, մեզ, սերունդներին, որ միասին մտքով ու հոգով վերակառուցուենք ու չփախչենք հայրենիքից՝ լկտի ծաղրանքով. «Էս երկի՞ր է, որ մարդն էլ ապրի»։ Հեղինակն իր գրքով պատասխանում է՝ «Այո՛, սա Մարդո՛ւ երկիր է, ոչ թէ թափառական ծառաների՝ հարբած, լալագին «Կռունկ» ու «Ծիծեռնակ» երգող դարեդար՝ չհասկանալով, որ այդ թռչունների՝ հայրենիք բերած մի փետուրն էլ չարժեն, անպատուելով նրանց հաւատարմութիւնը բնին, հայրենիքին, երկրին»։ Եւ բոլոր այդ հայատեացներին հեղինակը պատասխանում է աղօթք-երդմամբ, որն այսուհետ դառնալու է ե՛ւ նոր թոթովող մանկան, եւ՛ թափառումներից յոգնած, բայց նպատակը չգտած հայութեան երդումը.
Ինչ որ ըլլայ, մե՛րն է ան։
Վատ կամ լաւ, մե՛րն է ան։
Աչքէ հեռու, մե՛րն է ան։
Կը սիրենք զայն, մե՛րն է ան։
Չենք սիրեր, մե՛րն է ան։
Սխալ կ’ընէ, մե՛րն է ան։
Ճիշտ կը գործէ, մե՛րն է ան։
Մեր փրկութեան Տո՛ւնն է ան։
Մտքի ու խօսքի այսպիսի կատարելութեան հասած Մարգարն իր անուան իմաստի պէս միամիտ չէ. նա գիտի աշխարհի ու ժողովուրդների ճանապարհը՝ ծնունդ ու մահ կոչուող, եւ գիտի, որ Ազգի ու Հայրենիքի հարցերում յաղթողը նա է, ով մոռանում է իր ես-ին ծառայելը… Աստծոյ գոյութիւնն անգամ նա հիմնաւորում է այդ նախապայմանով. «Աստուած նպատակ մը չէ, այլ՝ միջոց մը նպատակին հասնելու», իսկ աշխարհ գալու նրա նպատակը եղել է ազգին ու հայրենիքին ծառայելը, որ «Հայաստան» անունը չդառնայ պատմութեան գերեզմանոցում մեզ համար դամբանաքար։
Արշակ
20 հոկտեմբեր 2003 թ.
Էլի՛զ ջան, գիտեմ, որ սա քո ձեռքն է ընկնելու, ինչ ուզում ես արա, ինչպէս ուզում ես կրճատի»։
4.— «Գրական թերթ»ի 2013 թ. յուլիսի 19-ի համարում տպագրուած է Էլիզ Շարապխանեանի «Արշակ» յօդուածը։ 2013 թ. յունիսի 3-ին Կանադայում մահացած գրող Արշակը կտակել է. «Փորել ինձ անկողին Ս. Սարգիսից աջ՝ միջնադարեան բերդաքաղաքի արեւմտեան պարիսպի մօտի վայր ծառի շուաքում … իջեցնել հողն գիրկը ու հողով ծածկել՝ միայն հողով ու ճիմով։ Ահա այդքանը եւ յաւետ մոռանալ տեղը, որպէս գերեզման»։
Նոյն թուականի յուլիսի 7-ին մի խումբ մտաւորականներ կատարեցին Արշակի փափագը, եւ Ուշիի Ս. Սարգիս վանական համալիրը, որ հիմնադրել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցը, դարձաւ իւրատեսակ հուշաքար գրողին։
Մարգար Շարապխանեանի արխիւում պահւում է «Արշակն ալ մեկնեցաւ» յօդուածի եւ նրան նուիրուած «Այցելութիւն» բանաստեղծութեան ձեռագիրը։ Նա գրում է. «Ընթերցողին խորհրդածութիւններու ու մտորումներու մղող գրողն է Արշակ, որուն բարեկամութիւնն ու մտերմութիւնը վայելած ենք Էլիզին հետ քանի մը տասնեակ տարիներ Թորոնթօ, ուր քանի մը անգամ այցելութեան եկած է իր միակ աղջկան, Երեւան, ուր հարեւանութեամբ կը բնակէր մեր ունեցած յարկաբաժնին եւ Ուշի գիւղին մէջ, ուր մեր առանձնատները ու յատկապէս՝ մեր այգիները կպած են իրարու, կեանքին եւ գրականութեան հանդէպ մեր ունեցած մօտեցումներուն նման։
Հայ եւ օտար գրականութիւնը, բնութիւնը, տիեզերքը, արարչութիւնը, հեթանոսական ու քրիստոնէական աշխարհները, անոնց հասկացողութեան ու սխալ մեկնաբանութեանց ներկայ իրավիճակները, Հայաստանի քաղաքական եւ հասարակական այժմու կացութիւնը ու անոնց խորտուբորտ ծալքերուն մէջ պայքարող, դասալիք ու գլուխը առնող ու փախչող հայ մարդը գրեթէ մեր ամենօրեայ խօսակցութեանց, վիճաբանութեանց կարեւոր ու հրատապ նիւթը դարձած էին…
Արշակ Հայաստանի եւ Սփիւռքի գրողներու «նոմենկլատուրային» (անուանացանկին, հաշուեցանկին) մաս չէր կազմեր, երբէք չէր կազմած։ Վերադաս պաշտօններու վրայ եղող մարդոց առջեւ, անձնական շահերու նկատմամբ, խոնարհողը, քծնողը, սիրաշահողը չէր ան, այլ իր ազատութիւնն ու անկախութիւնը պահողն ու պաշտպանողն էր։ Առանց փողի, առանց դմբռտոցի ու առանց իրենց շրջապատը խառնշտկելով ապրող մարդիկ կարծես գործ չունին ներկայ կեանքին մէջ։ Դժբախտաբար այս է տիրող իրավիճակը։
Քանի մը տարի առաջ վրդովուած ըսաւ ինծի. «Մերոնք չեկան։ Անոնք հայրենիք պիտի գային ու մասնակից դառնային նորանկախ Հայաստանի շինարարական աշխատանքներին։ Մենք նրանց՝ մերոնց, կարիքը ունէինք եւ ունենք դեռ։ «Դէպի Երկիր» կոչը յուսադրիչ ահազանգ մըն էր, փրկարար պատգամ մը, բայց լսող չեղաւ։ Նպատակին չծառայեց։ Օտարամոլութիւնը հին դարերէն մնացած վատ սովորութիւն մըն է, որ արմատացած է մեր ժողովրդի հոգիին մէջ։ Կեղծաւոր հայրենասէրներ ենք մենք, ուրիշ ոչինչ։ Օտար հողին ու ընդհանրապէս օտարին ծառայ ըլլալը մեզի համար ազգաքանդիչ հիւանդութիւն մը դարձած է։ Կարծես պատիւ մը ըլլար այս մէկը։ Ափսո՜ս, հազա՜ր ափսոս…»։
Ես լուռ մտիկ կ’ընէի ու իրեն նման, մտովին, ոչ թէ կ’ափսոսայի, այլ խորապէս ու գիտակցաբար կը մեղադրէի երազած անկախ հայրենիքին հանդէպ մեր բռնած անըմբռնելի դիրքին համար… Բայց վերադառնանք Արշակին՝ աւելի չվրդովուելու համար։
Արշակը ազգային մաքուր ոգի ունեցող գրող էր ու քաղաքացի, այս պատճառով ալ չէր գնահատուած համայնավար հայ իշխանութիւններուն կողմէ։ Բայց ազատութենէն ետք ալ պէտք եղածին պէս չգնահատուեցաւ ան։ Արդեօ՞ք դեռ նոյն վարչաձեւի շարունակութեան մէջ կ’ապրինք… Ո՞վ ստուգել կրնայ այս մէկը…
Կը գիտակցիմ նաեւ, որ քանի մը յօդուածներով ու գրախօսականներով դժուար է գրող մը ամբողջութեամբ ու իրաւացի արժէքով ներկայացնել գրասէր հասարակութեան։ Անհրաժեշտ է գրողին կարդալ ու միայն կարդալ՝ իր մասին կարծիք մը յայտնելէ առաջ եւ կամ եթէ կ’ուզենք իր մտածումներուն ծանօթանալ եւ մօտէն ճանչնալ զինք։
Ծանօթ հանրային գործիչ, մտաւորական, բանաստեղծ Կարօ Արմէնեանը, անցեալ տարի Ուշի մեզի այցելութեան գալով, ծանօթացաւ Արշակին, ու երկար խօսեցան գրականութեան մասին։ Ամիս մը առաջ կը գրէր ան մեզի. «Շատ ցաւեցայ՝ Արշակի մահը լսելով։ Իր գրքերէն երկար ընթերցումներ ըրի անցնող տարուան ընթացքին։ Տառապակոծ կեանքի մը հայելին են իր տողերը։ Այս կեանքը դեռ ծածուկ կը մնայ աշխարհի մարդոց հոգիներուն խորը, քանի որ մարդիկ գիտակցաբար եւ աւելի շատ ենթագիտակցաբար կ’ուզեն փախուստ տալ իրենց ցաւագին անցեալէն։ Արշակը մէկն էր, որ խիզախօրէն — եւ օշականեան բացարձակութեամբ — բացաւ այդ կոտտացող վէրքերը։ Շա՜տ ափսոս։ Ինք մեծ վկայութիւն մը ունէր տալիք, զոր սկսեր էր տալ, եւ որմէ կը զրկուի մեր գրականութիւնը անժամանակ»։
Ես վստահ եմ, որ գալիք սերունդները պիտի կարդան ու պիտի գնահատեն Արշակի գրականութիւնը ճշմարիտ կերպով, որովհետեւ այդ գնահատումին իսկապէս արժանի է ան։
Ներկայիս Արշակի աճիւնները — սերմերը պիտի ըսէի ես — ցրուած, միախառնուած են Ուշիի, Սուրբ Սարգիսի — Մեսրոպ Մաշտոցի, Ոսկան Երեւանցիի եւ այլ արժէքաւոր մարդոց շունչը ու ոգին կրող — վանքի շրջապատի կարմրագոյն հողին մէջ, առանց ցուցամոլական ու փարթամ գերեզմանի, խոնարհ ու համեստ»։
Մարգար Շարապխանեանի «Այցելութիւն» վերնագրուած բանաստեղծութիւնն ունի «Արշակը» կարճ առաջաբանով. «Արշակը հայրենի գրող մըն էր։ Ան աննշմար մեկնեցաւ կեանքէն։ Այսպէս են խոնարհ արժէքները. կու գան ու կ’երթան՝ առանց իրենց կեանքին ու գործին հանդէպ աղմուկ ու ցուցականութիւն բարձրացուցած ըլլալու։ Իրենց գործն է, որ յարատեւ կը մնայ։ Էլիզին հետ մերթ ընդ մերթ իր աճիւններուն այցելութեան» կ’երթանք»։
ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ
Մենք այցի եկանք հոն, ուր կը հանգչիս՝
փլատակներուն Սուրբ Սարգիս վանքին,
ուր կիզուած մարմնիդ մոխիրներն ամփոփ
յանձնեցինք հողին առանց կղերին։
Այդպէս ուզեցիր, ու այդպէս ըրինք.
կտակն էր քու վերջին կամքին.
չէիր հաւատար գերեզմաններուն
եւ ոչ ալ՝ անպէտ շիրմաքարերուն։
«Եկեղեցական աւանդութիւններ
թող չկատարուին, ուր որ պիտ ննջեմ», —
ու գիւղի բլրան՝ վանքին պատմական,
ցոյց տուիր մեզի ծառ մ’առանձնական։
«Հոն է, որ կ’ուզեմ, — ըսիր դու մեզի, —
իմ պապենական հողին մէջ շաղուիլ,
ու այցելուներ մօտս շատ չգան,
զիս չխանգարեն, առանձին մնամ»։
Հնազանդ, հլու՝ յանձնեցինք մենք քեզ
հայրենի հողի ջերմ ծալքերուն մէջ,
ուր շատեր կան հոն՝ հեզ ու յանձնառու,
առանց ցուցական կերպարանքներու։
Հիմա ծառին տակ, ուր դուն կը ննջես,
կանաչ խոտ կայ հոն՝ իր շուրջը բուսած.
մենաւոր ծառն է, որ քեզ[ի] կը հսկէ,
իր հովանուն տակ քեզ[ի] կը պահէ։
Խոնարհ մնացիր քու գրած երկերով,
խոնարհ մնացիր նաեւ քու կեանքով.
սին պատիւններէն հեռու ապրեցար
ու սուսիկ-փուսիկ կեանքէն հեռացար։
Մարմինդ գնաց, բայց գործդ մնաց,
զոր կտակեցիր զուտ վկայական,
որ մարդիկ կարդան, իրազեկ դառնան
եւ անցեալն իրենց երբեք չմոռնան։
«Հայր մեր» մը սրտով, մեղմ փսփսփացինք
ու քեզ[ի] յիշեցինք անմոռաց խօսքով
ու լուռ հեռացանք այս անշուք վայրէն՝
զուլալ յուշերդ մեզ[ի] հետ տանելով։