Բանաստեղծութիւններ

Զարինէ Սառաջեան
1.

Ուրցաբոյր լեռներում եմ,
Որտեղ լռութեան մէջ
Լսւում են ոտնահետքերն իմ մանկութեան,
Անհոգ օրերի,
Ապրող մօրս ու
Ապրող հայրենիքիս
Զրնգուն ծիծաղը,
Չաւարտուող պատմութիւնները
Իմ, երեխաներիս, երկրիս
Ու ծաղկող ծառերի,
մեր այգու ու
Նռնենիների մասին…
Երազներս դարձել են
Իմ ու երկրիս հանդիպման միակ վայրը։

2.

Քաղաքի փողոցները մտաւ
Ամառը,
Ուզեց իր քաղցր բարիքները
Շռայլի տանտէրերին,
Մարդ չգտաւ։
Բարիքը մնաց ծառերին,
Հողը մնաց անմշակ,
Այգիները՝ անջուր,
Իսկ հողը՝ խռով,
Իսկ երկիրը կորցրածը
Հեռուներում
Չգտաւ իր որոնած համը,
Անմշակ հողի կոշտութիւնից
Ցաւեց սիրտն ու նայեց ձեռքերին,
Կրկնակի ցաւ զգաց,
Որ ձեռքը չի հասնում իր այգուն…

Երկիրը կորցրածը
Հերթական գիշերը նորից լուսացրեց
Անքուն,
Տառապանքի մէջ…

3.

Ծննդատան բակում ծածանուեց երկրի դրօշը,
Որից սկսել են հազուադէպ վաճառել,
Այն էլ՝ յուշանուէրների խանութում,
Որովհետեւ երկիրը չկայ արդէն…
Ծննդատան բակում ծածանուեց եզակի դրօշը,
Երկրի որդի է ծնուել,
Հայրը փաթաթեց նրան երբեմնի
Յաղթանակների ու հպարտութիւնների
Խորհրդանիշ դրօշով
եւ մտքում իղձ պահեց…
Երկրի որդիների իղձը՝
Տուն վերադառնալ,
Տանտիրոջ իրաւունքով ու
Արժանապատւութեան
Դրօշով…

4.

Աշնանամուտին մահը մտաւ երկիրը
Հպուեց բոլորին՝ չխնայելով մայր ու մանուկ,
Մօր լացը խլացաւ արկերի որոտի մէջ,
Ու ոչ ոք չլսեց նրա ձայնը,
Մայրը ոտաբոբիկ ընկաւ երկիրը,
Ցնորուած սկսեց որոնել զաւակներին,
Մի զաւակ մնաց մարտադաշտում,
Միւսը՝ բենզալցակայանի պայթիւնի կրակներում,
Երկար որոնեց, չգտաւ ոչ մէկին։
Յետոյ նրան տուեցին մի բուռ մոխիր,
Ու մի քանի ոսկոր,
Մայրը չհաւատաց, որ զաւակներից
Այդ մնաց որպէս նշխար,
Մինչ օրս նա, չունեցած տան դուռը բաց,
Սպասում է զաւակների վերադարձին….
2023 թ. սեպտեմբերից յետոյ
Արցախի մայրն է նա։
20.06.2024

5.

Ես ամբողջ կեանքում փախչեցի փողապաշտից,
Բայց նրանք ամենուր էին,
Նրանց պատճառով կործանուեցին հայրենիքներ,
Ընկերը դարձաւ թշնամի,
Բարեկամը՝ վաշխառու,
Գիտութիւնը շուկայ,
Կրթութիւնը՝ առեւտուր,
Սրբատեղին՝ զբօսավայր,
Իսկ սուրբը՝ տոմսավաճառ…
Ես շարունակում եմ փախչել փողապաշտից,
Փողապաշտը թշնամին է մարդկութեան…

6.

Տունը, որտեղից յաճախ էր լսւում դհոլի ուրախ նուագ,
Լռութեան անդունդ է,
Որը չի լցւում այլեւս
Կեանքի ոչ մի ձայնով,
Զգեստապահարանը,
Որտեղ կախուած մնացին
Կանացի շողշողացող զգեստները,
Ոչ ոք չի բացի այլեւս,
Որովհետեւ
Տօնական օրերն էլ
Կորսուած երկրի հետ մնացին այնտեղ,
Որտեղից այլեւս չի լսուի դհոլի
Ուրախ նուագը,
Կինը, զգեստները,
Երկիրը, տօներն ու դհոլի նուագը
Փոխարինուեցին
Անվերջ ձգուող մի սպասումով,
Որը կոչւում է վերադարձ ԵՐԿԻՐ։

7.

Ոլորապտոյտ ճանապարհը
Դէպի Գանձասար,
Կարօտում է ոտնահետքերը երկրի տիրոջ,
Խնկաբոյր պատերը Գանձասարի՝
Աղօթք-մրմունջներին հաւատացեալների,
Աստուածաշնորհ սարերում՝
Գանձերի գանձ,
Թեւածում է հայի կարօտ հոգին,
Որ բազմամեղի փնջած ներում-աղօթքների
Հաւատով ու սփոփանքի հոյսով
Սպասում է Գանձասարի սուրբ պատերին
Կրկին փարուելու,
Խնկաբոյր քարերը համբուրելու երանելի պահին,
Հազարախօս քարեր, պատմութեան վկաներ
Սուրբ Գանձասարի…
— Հայր մեր որ յերկինս ես,
Սուրբ եղիցի անուն Քո։
Եկեսցէ արքայութիւն Քո։
Եղիցին կամք Քո…
Տերունական աղօթքը
Նորից պիտի հնչի այնտեղ,
Գանձասարը կարօտում է եւ սպասում։
Ամէն։

8.

Երազանքներս՝ թեթեւ, տուն տանող,
Հարազատ ու ծանօթ ճամբաներով,
Իրականութիւնը՝ ծանր, անյոյս,
Անտուն ու անճանապարհ…
Տուն տանող ճանապարհը
Մոլորուել է անճանապարհ
Աշխարհի նեղլիկ փողոցներում՝
Անսիրտ աշխարհը
Սարեր տանող ճանապարհը աճուրդի է դրել
Մարդկային կեանքերի դիմաց…

Զարինէ Սառաջեան
Արցախի գրողների միութեան անդամ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *