Նանար Սիմոնեան
Երբ չի մնում ելք ու ճար,
Խենթերն են գտնում հնար:
Պ. Սեւակ
Արա Նախշքարեանի «Թղթէ երկինք» ժողովածուն հոգեւոր արժէքներով ապրող, հայրենասիրութիւնը՝ որպէս սրբազան դրօշ ծածանող, ազնւութիւն սերմանող անխոնջ մշակի մշտադալար պարտէզ է։
«Վրէժի կտակարան» հայրենասիրական երգերի շարքը հայի հոգու, անցած դժուարին ճանապարհի, սայթաքումների ու ձեռքբերումների կտակարան է։ Արա Նախշքարեանը «Հայոց ջահն» ուզում է հաւատի լոյսով բորբ պահել, նախնեաց երթը՝ անխաթար։
Իւրաքանչիւր արժանապատիւ հայի երակներում Առիւծաձեւ Մհերի, Սասունցի Դաւթի եւ մեր միւս քաջերի արիւնն է հոսում, արիւն, որ առաջնորդուել եւ առաջնորդւում է՝ «Մահ կամ ազատութիւն» գաղափարախօսութեամբ։ Արա Նախշքարեանն իր պապերի յետնորդն է՝ «վրէժի արժանի որդին», որ աւերուած տուն-հայրենիքի պարիսպները վերակառուցելը եւ բոլոր տեսակի փոթորիկներից պաշտպանելն իր որդիական պարտքն է համարում։
2020 թուականի չարաբաստիկ պատերազմը եկաւ, աւերեց, դաւեց ու մեզ թողեց ամօթի ծանր բեռը։ «Իջէ՛ք երկնքից» բանաստեղծութիւնն այդ ծանր օրերից մնացած խղճի խայթի, ամօթի ու մեղքի ծանր բեռը շալակած ապրողաց զրոյց-խոստովանութիւն է՝ ահեղ պայքարի ելած ու յաւերժի ճամբորդ դարձած տղերքի հետ։ Բանաստեղծը գրում է.
Տղե՜րք…
Էլ չեմ կարող նայել երկինք,
Ձեր՝ ինձ հսկող հայեացքներից
ամաչում եմ։
Դէպի սրբազան լեռ տանող ճանապարհը հայը պիտի բանուկ պահի։ Ամբողջական հայրենիք ունենալու երդում-պատգամը սրբազան երկիւղածութեամբ պիտի աւանդուի սերնդէսերունդ։ Վրէժի ծարաւը յագեցնելու եւ շուրջբոլորը վխտացող խաւարը ցրելու համար պիտի իջնենք «խրամատը մեր ուխտի»։ «Վրէժ», «Վրէժի ծէս», «Վրէժի կտակարան» բանաստեղծութիւնների վերնագրերն ինքնին յուշում են, որ որքան էլ ճակատագիրը հեգնում, անարգում, ապտակում է հային, նա արեան կանչով ապրելու, վերակառուցելու եւ նախնեաց վրէժն առնելու ուժ է գտնում իր մէջ։ Հայն ու հայկականը, ազգային արժանապատւութիւնն ու հայկական հետքը պահելու համար բանաստեղծն առաջարկում է(«Դրոշմ հայկական») հայ զաւակներին Վրէժ, Պայքար, Շանթ, Վահան, Ազատ, Արեգ, Արա անուանակոչեն, որ «խեղճութեան շապիկ»-ն, ի վերջոյ, դէն նետենք, ապրենք ազատ ու արժանապատիւ կեանքով։
«Թղթէ երկինք»-ը հոգեւոր եւ համազգային արժէքներով ապրող հայի ինքնանկար է: Այդ երկինքը ապաշխարութեան ճանապարհ է, ճանապարհ, ուր սայթաքելուց յետոյ ոտքի կանգնելն ու յամառօրէն առաջ շարժուելն օրախնդիր է։ Բանաստեղծի համար ապրելու ճշմարիտ բանաձեւը «մթութեան մէջքը ջարդելն» ու լոյսի ետեւից աննահանջ քայլելն է։