«ԽԱՒԱՐԸ ԼՈՒՍԱՒՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԽ ԻՆՔԴ ՊԻՏԻ ՎԱՌՈՒԵՍ…»

(Արա Նախշքարեան, «Թղթէ երկինք», 2024 թ.)
ԿԱՐԻՆէ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

Ինքնատիպ ձեռագիր ունի հեղինակը, ինչն առանձնապէս ակնյայտ է արձակ խօսքում. նա մաքուր զգացմունքը դարձրել է զգայուն եւ հոգեխտիղ տող՝ սկսած արձակ բանաստեղծութիւնից մինչեւ մտորումներ եւ հրապարակախօսութիւն։ «Հոգեւոր կապն ամենազօրաւորն է, դրա համար է, որ, երբ այն խախտւում է, հոգիդ խռովութիւն է բարձրացնում եւ լուռ մարում տառապանքի անեզրութեան մէջ»։ Էպիստոլեար ժանրի ստացուած ուրուապատկեր է գրքի «Սիրոյ չուղարկուած նամակներ» շարքը։ Նամականին ինքնօրինակ երկխօսութիւն է, եւ զրուցակիցներից մէկը նոյն ինքը՝ սիրելի էակին մշտապէս ուղեկցող սիրող «ուրուականն» է։ Ոճը կառուցիկ է. իւրաքանչիւր նամակ յուզազգացական անկեղծ մղումով՝ մի դէպքում՝ աւարտուն է, մէկ այլ դէպքում՝ «անաւարտ մենախօսութիւն»՝ ամփոփիչ վերջաբանով՝ սիրոյ եւ հաւատամքի։ «Սիրոյ պահապանն ազնւութիւնն է։ Արի լինենք ազնիւ՝ մաքրուենք, մաքրուենք, մաքրուենք մայրամուտից առաջ», — ահա նամակներից մէկի աւարտամասը։ «Ակնթարթներն յաւերժանում են, երբ սրտիդ ցանկութեամբ են յայտնւում», — զգուշօրէն յաւելում է նա։ Ի վերջոյ, սա կորցրած սիրուն ուղղուած՝ ուղարկուած-չուղարկուած նամակների շարք է, եւ տրամադրութեան սրընթաց վայրէջքն ակնյայտ է էջ առ էջ։ «Ճակատագիր… Աչքերդ փակի՛ր…», — սիրոյ խաղաղ մի հէքեաթ, որը, սակայն, ինչպէս հեղինակն է ասում, վերջացած է «երեք խորհրդաւոր խնձորների՝ երկնքից ցած ընկնելով»։ Եւ, ըստ գրողի, այս կեանքում երկու անմահներ կան, որոնց զօրութեան առջեւ մահն անզօր է՝ Սէրն է ու Սրտի Յիշողութիւնը։ Ակունքը պարզ է. թէկուզ կորցրած-չգտած, միեւնոյնն է, մարդկային հոգում այս երկուսը անգամ սեփական կեանքից թանկ են. «քո գնալով՝ մահն ինձ աւելի մօտեցաւ, Կարօ՛տս», — հոգու հերթական բաժին սարսուռն է հեղինակի։ Գրողն աստուածացնում է սիրելիին՝ աղօթք յղելով եւ գարուն ընծայելով նրա վեհ տաճարին. ակնթարթը սքանչելի է եւ մարդկայնօրէն ճշմարիտ։
Հետաքրքիր օրինաչափութեամբ՝ հեղինակը ներկայացնում է նամակների մէկ այլ շարք՝ «Նամակներ Էրգրից» խօսուն խորագրով։ Հասցէատերը մերթ ընդհանրական է՝ Հայորդին, մերթ էլ առկայ է տարիքային շէմի սահմանում՝ առանձնայատուկ մօտեցմամբ. գրողի խօսքը նոր սերնդին՝ պատանի հային է ուղղուած՝ պատմական յիշողութեամբ՝ պահանջատէր լինելու իրաւունքի գերակայութեամբ. «Իմ հայասի՜րտ պատանի… պապիդ եւ հօրդ ջանքերն իզուր անցան, հիմա հերթը քոնն է… Դրա համար քեզ ազգային գիտակցութիւն է պէտք…», — նամակ-պատգամ է՝ հայրենի կորուսեալ շէներից՝ նրանց իսկ շուրթերով։ Եւ եթէ մինչեւ այս հայն էր պահանջատէր, հայի հոգում էր մխում Էրգրի անսփոփ կարօտը, ապա այս էջերում փոխուել է դիտանկիւնը. պահանջատէր լինելու է մղում նաեւ նոյն ինքը՝ Կարօտը մեծ, որ հիմա նաեւ կարօտողն է. «…կարծես թէ ոչ մի կերպ չի ստացւում իրար մէջ ապրելը», — ասում է շէներից Բաղէշը, եւ հաւատն է՝ մի օր միասին լինելու. «Մէկ էլ տեսար… Երանի՜»։ Նամակներից իւրաքանչիւրն ամփոփւում է «Չմոռանա՛ս ինձ… Ես եմ քո տունը» խօսուն տողով։ Արեւմտեան Հայաստանի քաղաքները թէ՛ ներքին՝ հոգեւոր շղթայով, թէ՛ կարօտի զգացումով բացարձակ կապուած են միմեանց, ինչպէս եւ իրականում է, եւ գրողը հետաքրքիր հանգոյց է ստեղծել՝ այս կերպ միացնելու Էրգրի ծուէնները. վկան՝ բոլոր նամակները նոյնպես իրար կապող աներեւոյթ թելը։ «…Հիմա ես դարձել եմ միայն ուխտատեղի։ Հիմա ես միայն յուշ, կարօտ ու փափագ եմ դարձել», — սա արդէն կարօտող հողի ընդհանրացած-մէկացած ճակատագիրն է։ Խօսելով քաղաքներից իւրաքանչիւրի մասին՝ գրողն անպայմանօրէն նշում է նաեւ բնորոշ այն գաղափարներն ու արժէքները, որոնք նոյնացւում են ամեն մէկի անուան հետ, եւ առաջինը հայ հերոսներն են. «Մարդու այդ տեսակը Մարդ է մահկանացուների մէջ, ու Աստուած՝ առասպելական անմահների անեզր երկրում», — մեկնաբանում է հեղինակը։
Ի դէպ, անկախ նրանից, թէ ինչ թեմատիկա է ընտրուած, գրողի ուշադրութիւնը միշտ սեւեռւում է այս հայորդիներին, ովքեր «ընկան երազների ճամբաներին»։ Պարզ է հաղորդագրութեան ենթատեքստը՝ նախ՝ յետահայեաց՝ երեկուան ուղղուած, ապա՝ այսօրուան յղուած. «Մի՛ կոտրէք նրանց մէջ արթնացած, ապրելու համար հրամայական դարձած ուժեղ լինելու զգացումը, դարերի մէջ վստահօրէն քայլելու հրամայականով…»։
Եւ ցաւօք, Էրգրից գրուած նամակների շարքն ամբողջացնում է մերօրեայ կորուսեալ հողը՝ աղաւնաթեւ Շուշին. հայ հողին անէծքի պէս Կարօտ դաջուած՝ ճակատի գիրը հայ մի կտոր հողի ճակատագրին էլ խաչուեց. Շուշի՝ հայի ամենաթարմ վէրքը։ Բայց ոգին հայկազուն ամրապինդ է. գրողը չի խնդրում-աղերսում Շուշիի անունից, այլ պատգամում է. «Եթէ քո առջեւ չունեցար նպատակ, ինձ նորից քոնը դարձնելու համար, ուրեմն եօթնիցս անիծեալ լինես», — անէծք, որ հաւատի պէս է հնչում եւ միաժամանակ սթափութեան կոչի է նման. «վստահ եմ, որ չես կորցնի զգօնութիւնդ, ու վրէժս կ՚առնես»։ Իսկ Շուշի՞ն, Շուշին առաւել քան վստահ է, որ միասին են ապրելու դարերի՛ մէջ։ Սա պայքարի ոգու գրաւականն է, երբեք չնիրհող ոգու, սա նաեւ սպասում է զարթնումի առաւօտին. «Հայկի նետը մեզ համար նշանակում է շարժում եւ նպատակ։ …Այդ նետը կանգ չունի, այն մեր գոյութիւնը խառնում է մոլորակի շարժմանը, ազգերի յաւերժական ընթացքին։ Այն… այսօր վստահ անցնում է Արցախի երկնքով…», — յաւելում է հեղինակը։
Գրողը շեշտում է վեհագոյնը՝ ազգային ոգին։ Եւ տրամաբանական է, որ առաջ քաշած բոլոր գաղափարների շարունակականութիւնը պէտք է ապահովուէր հրապարակախօսութեամբ, մասնաւորապէս՝ «Մեռնել՝ ապրելու համար…» առաջնորդողով։ Հիմքում մեր օրերի դժուարին իրականութիւնն է, երբ անորոշութիւնն աւելի է սպանում, եւ գրողը խորհում է՝ արդարութեան արդար պահանջը շուրթին, Սէրը, Հաւատարմութիւնը, իր այդքան կարեւորած՝ Սրտի Յիշողութիւնը, կարօտը, որ միայն հայերէն ու հային է ամենաիսկական իմաստով հասկանալի, եւ ի հարկէ՝ Վրէժ անունով զէնքը բեռած, վրէժ, որ «արեան ծարաւը չէ՛», այլ «ինքնութեան պահպանման խորհուրդն է ենթագիտակցութեան մէջ»։ Արդիւնքում, ըստ գրողի, թէ՛ ապրելու, թէ՛ մեռնելու նպատակը մեծ հաշուով մէկն է՝ «մեռնել՝ ապրեցնելու համար Հայրենիքը»։ Ինչ խօսք, զօրեղ տողեր են, եւ այսօրուայ հայ իրականութիւնը միայն մէկ ճանապարհ ունի՝ ուժեղ եւ ազգային գիտակցութեամբ մեծացող-դաստիարակուող հայազնի ճշմարիտ ուղին. «Պատանինե՛ր, չմոռանա՛ք, աշխարհը միշտ ուժեղին է սիրել…»։
Այսպէս թէ այնպէս տեսադաշտում այսօրուայ իրականութիւնն է, երբ «Արեւներ ծնած երկրում խաւար է ու մութ», եւ անխուսափելի իրադարձութիւնների շարանը՝ եղած կամ սպասուող, գնահատւում է հեղինակի ռեալիստական հայեացքով, ապա մղում է սթափութեան կոչելու, անտարբերութեան նիրվանայից հանելու փորձերի։
Անթաքոյց թէ տողատակում կարեւորւում են հայրենաճանաչութիւնը՝ մշակոյթը, պատմութեան տուած դասերը, ազգային գաղափարախօսութիւնը, արժանապատւութիւնն ու ինքնութեան պահպանումը։ Ահա պատասխանը հարցերի, թէ «Ո՞րն է մեր յարատեւութեան գաղտնիքը, ինչպէ՞ս ապրեց մի ժողովուրդ, ով ինչքան սնուցեց աշխարհին, այնքան շահեց նրա նախանձն ու չկամութիւնը։ Ժողովուրդ, ով ի հեճուկս ճակատագրի դառն հարուածների, արարչական կամքով, իր յաւերժական գոյութիւնն է տանում գալիք՝ հայեացքն յառած իր նպատակի լեռան ալեհեր գագաթին»։
Մի կողմից՝ ուշադրութեան կիզակէտում Հայրենիքն է, նրա երեկն ու վաղուայ օրը՝ այսօրուայ հայեացքով, միւս կողմից՝ հեղինակի ներքին պայքարն է, որն ինքնատիպ խոհագրութեան է վերածւում. «Հանի՛ր մարմինդ քո վրայից եւ նրա տակ կը տեսնես հոգի ու ինչպէս մարմինդ ես խնամում, այնպէս եւ հոգիդ պիտի խնամես»։ Գրողն իր ներսը նայելով՝ ինքնաբացայայտման եւ ինքնագնահատման է գնում՝ ամփոփելու պէս նշելով. «Քո ճակատագրի միակ գրիչը, Արարչական ծաղկողի օգնութեամբ, միայն դու ես եղել»։
Աւելացնենք միայն, որ նոյն անկեղծ, անձնուէր սէրն է սիրելի էակին նուիրուած թէ՛ բանաստեղծութիւններում, թէ՛ արձակ էջերում, եւ նոյն ամուր, պայքարող, վրիժառու ոգին է հայրենասիրական՝ թէ՛ չափածոյ, թէ՛ արձակ էջերում։

ԿԱՐԻՆէ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ
Բանասիրական գիտութիւնների թեկնածու, դոցենտ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *