Բանաստեղծութիւններ

Արա Նախշքարեան
ԺՊՏԱՑՈՂ ՀՐԵՇՏԱԿՆԵՐԸ

Քո աչքերի մելամաղձոտ խորքերից,
Ժպիտներ են կաթկթում,
Ընկնում հողին ու խանդավառ
Հրեշտակներ են դառնում։

Հրեշտակներ են դառնում
Յոգնած սէրերը անցած,
Բաժանուելով-միանում,
Նոր համբոյրով կեանք առած։

Հրեշտակները զուարթ,
Սիրոյ հէքեաթ են պատմում
Խորախորհուրդ գիշերներին,
Առաւօտներ բաժանում։

Ու նստել են կտուրներին
Հրեշտակները կապոյտ,
Սիրոյ երգը շուրթերին,
Նայում անթարթ ու ժպտում են արեւին։

Քո աչքերի սեւամոլոր վիհերից,
Ժպիտներ են կաթկթում,
Ընկնում հողին ու կենսավառ,
Հրեշտակներ են դառնում։

23 յունիս 2024
Գիւմրի

ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ

Ու մի օր ես էլ չեմ լինի ձեզ հետ,
եւ փողոցներն ինձնով կը պակսի,
Ծառաշատ այգու այն ծածուկ աթոռը,
Որ մենակ պահին առանձնանում էի ծխախոտիս հետ,
Ու տող դարձնում մտքերս խռիւ։
Իսկ դուք… շտապով եւ արագ-արագ,
Կը կէտադրէք մայթերը խոնաւ՝
Առաւօտ կանուխ՝ աշխատանքի,
Կամ թէկուզ աղօթելու որեւէ գաւթում,
Մեղքի թողութեան,
եւ կամ ինչ որ մէկի՝ առողջ լինելու..
Ձեզանից ոմանք,
Գուցէ կը շտապեն՝
Հէնց հոգեհացին, իմ յիշատակի…
Ու ինչ որ մեկը՝ ձայնով կ՚ափսոսայ,
Միւսն իր մտքի մէջ խոլ կը հայհոյի…
Մարդկային է, նեղանալ չկայ…
Բայց այդ օրերին ինձ կը պակասի,
Ես չեմ լինելու, իսկ սէրս կ՚ապրի։
Թէկուզ այն զոյգի անմեղ հոգու մէջ…
Թէկուզ գրքերում, որ ձեզ թողեցի։
. . . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . . .
Ու մի օր ես էլ չեմ լինի ձեզ հետ,
եւ փողոցներն ինձնով կը պակսի,
Իսկ դուք… յոգնած օրուայ աղմուկից,
Կը կէտադրէք մայթերը փոշոտ,
Երեկոները՝
Կը շտապէք ծածուկ այն գաղտնի տունը,
Ուր գաղտուկ¹ սէրն է սպասում կարօտած,
Որ ապերասան համբոյրը ապրի,
Սիրոյ թեւերի լայն բացուած գրկում։
. . . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . . .
Կ՚ապրէք առանց ինձ…
Կ՚ապրէք խռոված,
Կամ թէ հաշտուած՝
Իրականութեան աղտ-աղարտի հետ,
Մի օր ձեր հերթին սպասումի ելած…
Աստղերի ճամբով դէպ՚ անմահութիւն։

18 մայիս 2024
Գիւմրի

Խմբագրութեան կողմէ. Վերի այս երկու քերթուածները առնուած են հեղինակի օրերս լոյս տեսած հատորէն (Արա Նախշքարեան, «Թղթէ երկինք», Լուսակն հրատ., Երեւան, 2024, 512 էջ) ։ Իսկ յաջորդ երկու գրութիւններով կը ներկայացնենք այդ հատորին մասին երկու կարծիքներ։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *