Բանաստեղծութիւններ

Անահիտ Քոչարեան
ԵՍ ԻՆՉՊԷ՞Ս

Ես ինչպէ՞ս արեւ դառնամ,
երբ լուսնի վհատութիւնն ունեմ:
Ես ինչպէ՞ս չհառաչեմ, երբ կրծքիցս
թնկթնկացող երգեր են պոկւում
բոլոր տառապեալների համար:
Ես ինչպէ՞ս չնետուեմ աստղերի գիրկը,
երբ լոկ նրանք են սփոփում վիշտս,
ես ինչպէ՞ս չմերուեմ բախտիս խմորին,
երբ այն ինքս եմ հունցել:
Ես ինչպէ՞ս սպանեմ խենթ երազներս,
եթէ նրանք իմ երեխաներն են,
ես ինչպէ՞ս Անօ դառնամ,
երբ ինձ Անահիտ են ծնել:

ԿԵԱՆՔՍ

Կեանքս մի բուռ եմ անում եւ նետում
ծովի գիրկը:
Ծովը լփլփում է երազների երջանիկ
մնջախաղով,
ծիծաղակերպ ալիքների վրայ թախիծներ են
կաքաւում.
անկեանք, աներազ, անթախիծ քնում եմ
փշաքաղուած մերկ քարերի վրայ:
Աչքերս դնում եմ ամենաբարձր լեռան վրայ,
տխրութիւնը քլթքլթում է լռութեան
ժայռերն ի վար,
տրորուած քարաբեկորները դառնում են
ցաւագար ծիծեռնակներ:
Ես սիրտո նետում եմ արեւների վրայ,
արեւները յառնում են որպէս ճերմակահեր
գանգեր…
Ես հալւում եմ տիեզերքի խմորի մէջ, որպէս
թախծոտութեան մերան:

ՄԱ

Մա՛, ցաւի համար ի՞նչ գոյն ընտրեմ երգիս մէջ,
ի՞նչ գոյն, որ լինի մեր հանդերի ծաղիկներում՝
սրտիս հետ խօսող:
Ի՜նչ լաւ կարկաչում են մեր հանդերի առուները.
ո՞ւր են գնում, տեսնես, մա՛, որ հոսում են:
Մի խենթացած ալիք լինի,
մի թռչունի թեւ լինի, մի թեւաւոր ձի լինի,
ինձ գողանայ, բերի մեր տուն, մա՛:
Մեր հանդերում կայ մի հաւք երգելիս
անունս տալիս է, մա՛,
մէկ-մէկ ափիցդ փշրանքներ տուր նրան՝
հացի, սիրոյ, մա՜…

ՏԽՈՒՐ

Ես ընկած եմ մայթին:
Գլուխս ջարդուած է:
Ծերերն անիծում են իրենց բախտը,
որ դեռ աչքերը տեսնում են:
Ես նստած էի պատուհանիս մօտ,
երբ տունս ափէափ լցուեց կարօտով
եւ ինձ հրեց դուրս…
Ներիր ինձ, սէր իմ:
Այլեւս չկամ:

ԶՐՈՅՑ ՄՕՐՍ ՀԵՏ

Շիկացած թոնրի պռնկին նստած՝
երգում ես, մա, մինչեւ հացը կը կարմրի,
թւում է, թէ
մելամաղձոտ երգդ խենթացած հողմն է բերել
խոնաւ ամպերից։
Շուրթդ պապակել է թոնրի պատի պէս
եւ շառագունած երեսիդ նման
կարմրում է հացը։
Յուշերիդ ծովի մէջ ընկղմուած
Շուրթերիցդ մոռացուած երգ է ծորում,
Բայց, մինչ երգում ես հացն այրւում է, մա՜…

ԱՆ

Անկասկած, այս ամենը սուտ էր, քանզի հէնց նոր
արթնացայ, սուտ էր, որովհետեւ բաց աչքերով երազ
տեսնել չի լինի:

Անկառավարելի սէրը հիւանդութիւն է, հիւանդութիւն է,
որովհետեւ երբ աղջիկը սէր է խոստովանում,
տղան ասում է՝ սէրը՝ սէր, արի գնանք ծմակը:

Անջատումը մեր ժամանակակից էլեգիա է,
աշունը թխպոտ չէ, Վահան Տէրեանը թոքախտաւոր չէ,
թոքախտաւոր չէ, հաստատ, որովհետեւ ամեն օր
տեսնում են նրան ՚ռոյգ ու հպարտ պոէտների հետ մրցելիս:

Աննահանջ ձին սէր է: Ասում եմ ու զարմանում, թէ ինչպէ՞ս
կարելի է համեմատել այս երկու առասպելական էակները:
Դու երբէք չես կարող ուղիղ նայել ձիու աչքերի մէջ՝ խրտնում է:

Անուշ բառեր կան իմ կրծքում, բայց դրանց արտաբերելը
փակուած դարպասների չափ ծանր է: Ի՞նչ կը լինի, որ շատ երգեր յօրինեմ,
որ սիրտս զնդան չդառնայ:

Անպիտան կատուն իմ բաժին քաղցր կաթը լակեց
եւ մրափեց երազ տեսնելու համար: Սակայն, փրկեցիր դու ինձ, կատո՜ւ,
որովհետեւ թոյն կար այդ քաղցրութեան մէջ, որն
ինձ համար բերել էր մի ջադու:

Անաստուած քաջքերը երկրի ընդերքից
մեհեան դուրս եկան, ահա՜ թէ ինչու շշուկով են ոռնում գայլերը

Անարցունք կը կաղկանձէի ձեր դռների առաջ,
եթէ աչքերս ինձ տաք: Դրանք այն գոհարներն են, որոնց լոյսից
զանազանում եմ խորանը խաւարչտին գիշերում:

Անթառամ հիշողութիւններս տանում են դէպի անցեալիս
մոխրակոյտը, վերջալոյսին, երբ երկինքը շառագունում է,
այդտեղից մի աչք պէծին է տալիս եւ ես շիկնում եմ:

Անողորմ սաւառնակը գահավիժեց ուղիղ սրտիս վրայ:
Դա վթար էր, աղէտ էր անհասցէ ու անկանխատեսելի:
Հիմա սրտիս տարածքում աղէտի գօտի է յայտարարուած:

Անձնատուր եղաւ ծովը փոթորկին, քանզի ալեկոծութիւնը
մոգական էր, բայց ափսոս, որ աստղեր կային ծովի մէջ
եւ շատ ձկներ խառնիճաղանճ, եւ նաւակներ կային թղթից սարքած,
որ սահում էին, իբր թե՝ բեռնաւորուած:

Անամոք քնիր իմ սրտում, եթէ ձայն տան՝ չարթնանաս:
Քնի՜ր, «երազն անուշ է, իսկ վիշտը՝ լուսէ»:

Անկեղծ ասած՝ անմիտ բաներ շատ կարելի է
յօրինել, բայց, ներեցէ՜ք, արդէն ուշ է…

ՏԱՆՋԱՆՔԻ ԾԱՌԸ

Ես իմ տանջանքը քաղեցի
մի վայրի ծառից,
որ հպանցիկ քամու մէջ
ձեռքերը թափահարելով խեղդւում էր:
Ես իմ աչքերից արեւներ գլորեցի
եւ օրը այնքան
տաք ու սիրելի դարձաւ,
որ նա գլխիվայր կանգնեց
եւ հտպիտի նման ծամածռուեց:
Ես չգիտէի,
որ դա տանջանքի ծառն է,
թէ չէ արմատախիլ կ՚անէի:

ԱՄԵՆԱ

Քո անցած ու գալիք սէրերը
թէ որ կշռես մէկ-մէկ՝
ամենասէրը ես եմ:
Թէ ինչ-որ մէկը յանկարծ
կեանքիդ ղեկը շուռ տայ դէպի դրախտ՝
ես եմ այդ սատանուհին:
Եթէ երբեւէ սիրտդ գողանան
ու գցեն յաւերժութեան ծովը՝
այդ անաստուածը ես եմ:

Երեւան

ՀԵՂԻՆԱԿԻՆ ՄԱՍԻՆ
Ծնած է 1968-ին, Արցախի Աշան գիւղը (Մարտունիի շրջան)։ Աւարտած է Արցախի պետական համալսարանի հայոց լեզու եւ գրականութիւն բաժինը։ 1989-էն աշխատած է ԼՂՀ Գրողների միութեան ծիրէն ներս, նախ՝ որպէս գրական խորհրդատու, ապա, մինչեւ 1999, որպէս միութեան քարտուղար։ 2000-էն 2006 վարած է «Ստեփանակերտ» քաղաքային թերթի խմբագրի պաշտօնը։ 2006-էն 2023 եղած է Արցախի Ազգային ժողովի քարտուղարութեան պետը։ Արցախից բռնի տեղահանուելէն ետք ընտանիքով կ՚ապրի Երեւան։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *