Ծովինար Խաչատրեան
Հատուած՝ «Գիւրջեւանի վերջին բնակիչը» վիպակէն
Իբրահիմը հինգ օր եկաւ-գնաց, հակաբիոտիկ սրսկեց Աբգարին, ում մօտ թոքաբորբ էր սկսուել: Աղջիկն էլ էր հազում, բայց նրա մօտ թեթեւ մրսածութիւն էր: Քիրվան նաեւ ուտելիք էր բերում՝ կաթ, ձու, խաշած միս: Օրական մի քանի ժամ նրանց մօտ էր մնում:
Աբգարը ոտքի կանգնեց, բայց չափազանց թոյլ էր ու հիւծուած: Նա Իբրահիմին ոչինչ չասաց փախուստի փորձի մասին: Պատմեց Ծաղիկ կովի ու Բողար շան հետ պատահածի, Արտիստի հետ հանդիպման, խլուած հրացանի մասին: Իբրահիմը դեռ նրան այդչափ յուսահատ չէր տեսել:
— Մամեդովին կ՚ասե՛մ՝ թող նրա կապերը քաշի՛:
— Գոնէ հրացանս ե՛տ բերեն, իմ երեսուն տարուայ ընկե՛րն ա… Հա՛մ էլ՝ է՛լ որս չեմ կարողանայ անել:
Իբրահիմը նախատեց նրան.
— Ա՛խր, ինչո՞ւ էիր ամեն տեղ ցցւում քո հրացանով, ո՞վ ա սիրում զինուած հային…
— Իբրահի՛մ, պա՛րզ ա, ձերո՛նց պիտի պաշտպանես: Համոզուա՛ծ եմ՝ հէնց զգան, որ այլեւս պէտք չեմ, վերջս կը տան. Արտիստն անկեղծ խոստովանեց: Եթէ դեռ մէջդ մի՜ քիչ յարգանք է մնացել իմ, մերոնց հանդէպ, մեր մեծերի յիշատակի հանդէպ, օգնի՛ր ինձ: Մէկ կամ երկու ձի գնիր ինձ համար, է՛լ դու գործ չունես:
— Առանց ինձ չե՛ս կարող գնալ, մի քի՛չ էլ համբերիր: Եթէ նրանք քեզ չճանապարհեն, ի՛նքս կ՚ուղեկցեմ մինչեւ սահմանը… Հիմա չե՛մ կարող, Ռեբեկայիս օրերը մօտ են:
Աբգարը խռովածի պէս նստել ու լռում էր: Իբրահիմը մեղմացաւ, սկսեց անցած օրերից խօսել: Այդ երեկոյ նա երկար մնաց, փորձում էր յուսադրել, մխիթարել:
— Աբգա՛ր, ախր չե՛ս խօսում, որ իմանամ՝ ի՞նչ կայ մտքիդ: Միայն լսում ես ու լռում:
— Քիրվա՛, էնքան եմ մտքումս խօսել, որ բարձրաձայն խօսելուց յե՛տ եմ վարժուել:
— Մի՛ յուսահատուիր, դու մենակ չե՛ս:
— Մի անգամ՝ Բասխալում աշխատելիս, տանտիրուհին՝ մի ուսուցչուհի կին, ասաց. «Շա՛տ եմ շփուել հայերի հետ, լաւ ժողովուրդ են, խելօ՛ք, բայց իրենց երեխէքին սխա՛լ են դաստիարակում: Երեխուն պատժելիս՝ ասում են՝ տնից դո՛ւրս կ՚անեմ. ուրեմն՝ դուրսը վա՛տն է, իրենցը չի՛: Իսկ մենք ասում ենք՝ դուռը կը փակե՛մ, չե՛մ թողնի դուրս գաս: Այսինքն՝ կը զրկե՛մ հանդերն ու չոլերը վայելելու հաճոյքից»: Էն ժամանակ ուշադրութիւն չդարձրի նրա ասածին: Հիմա՛ եմ հասկանում. մենք փակւում ենք մեր տա՛ն մէջ, մեր բերդո՛ւմ ու չե՛նք տեսնում՝ ի՞նչ ա կատարւում աշխարհում:
— Մե՛նք, իսկապէս, շա՜տ ենք տարբեր: Մերոնք սիրում են ձի, զէնք եւ ոսկի, իսկ ձերոնք՝ բահ ու քլունգ, գրիչ ու դուդուկ: Եկեղեցի ու պալատ են սարքում, կահոյքով, գրքերով լցնում:
— Հա՛, էդպէ՛ս է: Տեսնես՝ Աստուած ինչո՞ւ է մեզ հարեւան դարձրել:
— Չգիտե՛մ, — Իբրահիմը ծիծաղեց: — Միա՛յն գիտեմ, որ մենք ձեզնից շատ բան ենք ընդօրինակել, սովորել, իսկ դուք մեզնից՝ համարեա ոչի՛նչ: Մեզ փոքրուց ասում են` ի՛նչ կայ դրսում, ինչի՛ն ձեռքդ հասնում ա, քո՛նն ա… Գիտես, չէ՞, մերոնք նոյնիսկ նշում են երեխու առաջին գողութիւնը: Իսկ տատդ անընդհատ ասում էր՝ մինչեւ չքրտնէք, չուտէ՛ք:
Ծիծաղում են: Աբգարը տխրում է նորից ու հառաչում:
— Եթէ է՛ս աշխարհը մեզ համար չի, հապա ո՞րն ա մեր աշխարհը:
Իբրահիմը պատասխան չի գտնում: Քիչ անց ասում է.
— Տառապանքը քեզ փիլիսոփա՛յ է դարձրել: Իմ կարծիքով՝ Տէրը, մեզ հարեւան դարձնելով, նպատակ է ունեցել, ուզել է, որ մենք քոչուորից արագ մարդ դառնանք:
— Բայց մեր հաշուի՞ն:
— Դո՛ւք էք մեղաւոր, խի՛ստ ուսուցիչ չէք եղել: Լա՛ւ, մի՛ նեղացիր: Ո՛ւշ է, ես գնամ:
Իբրահիմի գնալուց յետոյ Աբգարը մտքերի մէջ է ընկնում: «…Որտե՞ղ ենք մենք սխալուել: Իբրահիմն իրաւացի է, մենք եկեղեցիներ ու ճոխ դամբարաններ, թանկարժէք տապանաքարեր ենք սիրում սարքել, մեծ-մեծ տներ: Մի տեղ կարդացել եմ, որ Անի քաղաքն ունէր հարիւր եկեղեցի: Մերոնց հարստութիւնը մեռած է, անկենդան, իսկ նրանցը՝ մեռցնող: Նրանցը միշտ, ամեն պահի ծառայում է տիրոջը, պաշտպանում: Քսակը ծոցը կը դնի, հրացանը ուսից կը կախի, կը հեծնի ձին ու հայդէ՛… Ո՛ւր սիրտը կ՚ուզի, ո՛ր տեղը դուր կը գայ, որտեղի՛ ապրուստը հեշտ կը լինի, իրենն է»:
Հայ մայրերը տղայ երեխային ծնուած օրից թագաւոր կամ գեներալ են կարգում: Հազար տարի պետութիւն կորցրած, թագաւոր չունեցող երկրում նրանք արքայազն ու սպարապետ են ծնել: Թագաւոր, տէր ունենալու կարօ՞տն է խօսել նրանց մէջ, թէ՞ ցեղի պահպանման բնազդը: Այրերը նրանց ականջալուր չեն եղել: Թողել են տանը, աշխարհով մէկ շրջել: Շատերը ետ չեն դարձել, մնացել, ծաղկեցրել են օտար քաղաք ու գիւղ: Կարծել են՝ Աստծոյ կողմից իրենց տրուած երկրի վրայ եօթ կնիք կայ, երբ ուզեն, կը վերադառնան:
Սովետի կազմի մէջ մտած ազգային հանրապետութիւնների սահմանները Մոսկուան այնպէս է խճճել, որ ոչ ոք ցանկութիւն չունենայ դուրս գալ, հակառակ դէպքում ազգակիցների մի մասը՝ պատմական հայրենիքով, տարածքով, օտարին գերի էր մնալու: Դրա ամենացայտուն օրինակը հայերն են. կտրել են նրանց Հայաստանից, բռնակցել արհեստական ստեղծուած՝ Ադրբեջան կոչուող պետութեանը, որը ծանր քարի պէս միշտ կախուած է եղել նրանց վզից: Եւ ոչ միայն հայերի, նաեւ լեզգիների, թաթերի, թալիշների, իրանական այլ ցեղերի եւ այլոց: Ապրել են՝ ինչպէս սեփական տանը վարձով ապրես: Քանի Սովետը պինդ էր, ամուր կապել էր բոլորի ձեռքերը: Ի՞նչ է լինելու յետոյ…
Յիշեց իր զրոյցները մի եկուոր, գիտնական մարդու հետ: 1985 թիւն էր, հայկական բնակավայրերով շրջում էր մի երիտասարդ յուշարձանագէտ՝ Սամուէլ Կարապետեանը: Հիւրընկալուել էր Հնղարում՝ Անուշաւանի տանը. այնտեղ գործն աւարտելուց յետոյ եկել էր Գիւրջեւան: Նրան հետաքրքրում էր ամեն ինչ՝ վանք, եկեղեցի, մատուռ, բերդ, կամուրջ, աղբիւր, հին գիւղատեղի, խաչքար, տապանաքար: Նայեց գիւղխորհրդի մատեանները, գրի առաւ տուեալները, զննեց, լուսանկարեց յուշարձանները, նրանց վրայի հայերէն, արժէքաւոր վիմագրերը: Նրան իրենց տուն հրաւիրեց՝ գիշերելու: Մինչեւ լոյս զրուցում էին: Յաջորդ օրն էլ շրջեց հետը, գիւղի շրջակայքն էր ուսումնասիրում:
— Սամուէ՛լ, ինչո՞ւ ենք մենք այսպէս ցրուած՝ անտէր որբերի՛ պէս, — հարցրեց:
— Այդ մենք չե՛նք ցրուել, մենք մե՛ր տեղում ենք մնացել, — պատասխանեց: — Այդ նրա՛նք են մխրճուել, մտել մեր մէջ, իսկ մենք «հիւրընկալ» ժողովուրդ ենք, ընդունել ենք: Նրանք տիրացել են մեր բերրի հողերին, հարթավայրերին, մեզ քշել ժայռերի ծերպերը, սարերի գլուխները: Կուր գետի միջին հոսանքի ձախափնեայ շրջանում կամ Բուն Աղուանք կոչուող երկրամասում հայերը բնակուել են վաղնջական ժամանակներից. նրանք բնիկներ են: Այդ են վկայում հայ մշակոյթի բազմահազար յուշարձանները: Թուրքական բնակավայրերն այս տարածքում հազիւ 80-100 տարուայ պատմութիւն ունեն: Միշտ նեղել են հայերին, ստիպել, որ հեռանան: Հայ բնակչութիւնը մեծ կորուստներ է կրել 1918-20 թուականներին՝ օսմանեան եւ տեղի մուսաւաթ թուրքերի համատեղ իրականացրած ջարդերից: Տեղի 105 հայկական բնակավայրերի 1918 թուի շուրջ 100 հազար բնակչութիւնից՝ 1921 թուին մնացել են 12,7 հազարը: Թուրքերը ողջ Այսրկովկասը գրաւելու յստակ ծրագիր են ունեցել:
Աբգարը խորհեց նրա ասածների շուրջ, բարձրաձայն մտածելու պէս ասաց.
— Թուրքերը նոյնիսկ Հայաստան էին ներթափանցել, գրաւել լաւ հողերն ու շուկան: Նրանք ամենուր արտօնեալ էին. ոչ ոք ձայն չպիտի հանէր, թէ չէ կ՚ասէին՝ հայերը նացիոնալիստ են:
Սամուէլը շարունակեց.
— Թուրքերն ուրիշինը իւրացնելու մեծ վարպետ են: Ստալինեան իշխանութիւնների որդեգրած՝ Հայաստանը Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ մասնատելու, տարրալուծելու ծրագիրը մասամբ իրականացուեց: Ադրբեջանին բռնակցուեց հայկական Նախիջեւանը, Լեռնային եւ Դաշտային Արցախը, ինչպէս նաեւ՝ Հիւսիսային Արցախը:
— Ինչո՞ւ չեն թողնում՝ հայերը հանգիստ ապրեն, — հարցրեց դառնացած:
— Վախենում են մեր հզօրացումից, խելքից, հնարամտութիւնից, ստեղծարար ուժից: Բայց մենք ուրիշին վնասող, ուրիշից խլող չե՛նք: Դա չե՛ն հասկանում:
— Իրե՛նց արշինով են չափում:
Ինչքան խելօք տղայ էր, ամեն ինչ տեսնում, հասկանում, բացատրում էր, զգուշացնում: Լսողն ո՞վ էր: Իսկ ահա, այժմ՝ ընդամենը 3-4 տարի անց, բռնատեղահանւում է Ադրբեջանի ողջ հայ բնակչութիւնը՝ իր պատմական հայրենիքից, եւ ոչ մէկի հոգը չէ:
Չկարողացաւ թօթափել ծանր մտքերն ու քնել: Արեւածագը մօտ է. գիւղի տարբեր մասերից լսելի են շների ոռնոցը եւ արեւագալին սպասող թռչունների կլկլոցը: Շուրջը փայտեր են, կիսապատրաստ դռներ, պատուհաններ, տախտակներ. փորձում է արագ աւարտել բոլոր պատուէրները: Գլխապտոյտ է զգում, դուրս է գալիս, պառկում թախտին:
Լուսաբաց է: Նստել է Մակար պապի նստարանին: Բերել է հացի կտորտանք, ոսկորներ: Պարսատիկ է սարքել, ծիտ է որսում՝ ինչպէս երեխայ ժամանակ, մի քանի տեղ էլ թակարդ է դրել: Շները եկել, նստել են շուրջը, նրանք էլ քուն չունեն: Սրտնեղած վեր է կենում, քայլում թաղերով: Տների մեծ մասը թալանուած են, ասես, տկլոր լինեն:
Սոված շները, ոտնաձայն լսելով, սկսում են ոռնալ, նրանց են միանում միւս թաղերի շները: Գնալով ոռնոցը սաստկանում է, դիմանալ չի լինում: Կատաղում է, վազում, բախում դարպասները, բղաւում տէրերի անունները` Խանո՛ւմ, Աղաբե՛կ դայի, Շահնազա՛ր, Վարսենի՛կ բիբի… Շները ձայնի վրայ դուրս են գալիս:
— Էլ մի՛ ոռնացէք, չե՜մ դիմանում: Խի՜ղճ ունեցէք:
Քայլում է ու անընդհատ կրկնում՝ չմտածե՛լ, չմտածե՛լ, չմտածե՛լ… Իսկ գո՞ւցէ արդէն սպառուել է իրենց ժամանակը: Թող այդպէս լինի: Շատ բան է փոխուել, իմաստազրկուել՝ Արտիստին եւ նրա ընկերներին հանդիպելուց յետոյ: Սկսել է չվախենալ: Ամեն ինչ տեսել է այս աշխարհում: Ապրել են իրենց գիւղում լիարժէք կեանքով, ներդաշնակ, ինքնաբաւ, ուրախացել՝ սիրտն ուզածի պէս: Չեն էլ յիշել, որ դէնը աշխարհ կայ: Ոչի՛նչ, թո՛ղ մեռնի, միայն կ՚ուզէր, որ իւրայիններին յայտնի դառնայ իր այս մէկ տարուայ կեանքի պատմութիւնը: Իմանային ու պատմէին միմեանց: Կարելի է նամակ թողնել Իբրահիմին, խնդրել, որ տեղ հասցնի իր գրառումները, թէկուզ՝ Ռուսաստանում ապրող մէկի միջոցով: Մարդուց յետոյ մնում է մի պատմութիւն, մի զրոյց, թող իր պատմութիւնը կիսատ չլինի:
Որոշում է՝ պէտք չէ սպասել դատաստանի, պիտի բռնել աղջկայ ձեռքն ու նետուել ջրհորը, սուզուել, ազատագրուել ամեն ինչից: Մի պահ պատկերացրեց, որ դռնէդուռ ընկած՝ իրենց են փնտռում ու չեն գտնում: Տանջւում են, գլուխ են կոտրում, չեն կարողանում հասկանալ իրենց անհետացման առեղծուածը: Այնպիսի հաճոյք եւ մխիթարութիւն զգաց, այնպէ՜ս ոգեւորուեց այդ հեռանկարով, այդ պարզ ու հանճարեղ հանգուցալուծմամբ, որ սկսեց հրճուել, ծիծաղել: Կանգ առաւ. «Չէ՛, հաստատ խելքս թռցնում եմ, թէկուզ դա՛ էլ ելք է…»: Արագացրեց քայլերն ու տուն ուղեւորուեց: Գնաց, նստեց Բողարի թարմ հողաթմբի մօտ: Ծխեց, յետոյ վեր կացաւ, թափառեց բակում. աչքն ընկաւ կովի ջրամանին: «Հորթը պիտի տալ Իբրահիմին, թող տանեն, պահեն. Ծաղիկը կաթնատու կով էր»:
Մտաւ արհեստանոց, տեսաւ հաւաքած նկարների կոյտը: Մեռած կամ զոհուած հարազատների յիշատակի, նկարների հանդէպ մեծ ակնածանք կայ իրենց մօտ. մեծացնում, շրջանակով կախում են պատերից, ու ապրում են նրանք իրենց հետ: Շարեց պատերի տակ բոլոր նկարները: Հիմա մենակ չէ, իր հետ են հարազատները, ողջ ազգուտակը, գիւղը: Բոլորն այստեղ են հաւաքուած, ուրեմն՝ ինքն էլ կը մնայ նրանց հետ: Սխալուել են, շա՜տ են սխալուել. աշխարհը բոլորովին այն չէ, ինչ կարծել են: Քնած են եղել, ննջած են եղել: Կարծել են՝ ոչինչ ու ոչ ոք չի կարող փոխել իրենց կեանքի ընթացքը, ներդաշնակութիւնը: Համոզուած են եղել՝ ոչ ոք չունի այդ իրաւունքը: Մեծից փոքր սխալուել են՝ հայրն էլ, պապն էլ, նրա հայրն էլ: Ոչ մի տեղ չի գնայ, կը մնայ նրանց հետ, միասին «կը վայելեն» իրենց սխալների դառը պտուղները:
Նստեց թախտին ու այդպէս երկա՜ր մնաց՝ չհասկանալով անելիքը: Ձեռքերն ու ոտքերը թուլացել, այլեւս իրեն չեն ենթարկւում:
Մէկը ձեռքը դրեց ուսին: Ցնցուեց, անակնկալի եկած, շրջուեց: Աղջիկն էր. մոռացել էր նրա մասին: Նստեց կողքին, յենուեց իր ուսին: Սառած էր: Մոռացել է վառել վառարանը:
Գնաց, տաք շալը բերեց, փաթաթեց աղջկան, գրկեց: Մեղաւոր զգաց իրեն:
— Լուսի՛կ ջան, յիշո՞ւմ ես, որ սա Վարդանուշ տատիկիդ շալն ա: Տատիկդ հինգ-վեց տարեկան երեխայ էր, երբ հայրը, էս շալն առած, գալիս ա տուն: Բոլորը հիանում են՝ մուգ կարմիր ու սեւ վանդակներով, ծոպաւոր, մաքուր բրդից շալ էր, մահճակալի ծածկոցի մեծութեան: Մէրս պատմում էր, որ կռիւ ա տուել, թէ` ինձ փաթաթէ՛ք էդ տաք շալի մէջ, իսկ նանն ասել ա` չէ՛, պիտի պահենք, երբ թուրքերը գան, էն ժամանակ փաթաթենք ձեզ ու փախչենք: Ասում ա` չէի հասկանում, ասում էի՝ երանի՜ շուտ գան: Հէնց դրսում աղմուկ էր լինում, վազում էր, թէ` ոնց որ գալիս են, շա՛լը տուէք: Հայի բախտը նոյնն ա միշտ: Չգիտեմ, ասում են՝ Աստուած հային շուտ լսում է, ուշ կատարում: Հայն էլ է համբերատար, շուտ ներող, բայց վա՜յ չափն անցնողին: