ԻՐԱԿԱՆ ԴԱՐՁԻ ԵՐՋԱՆԿՈՒԹԻՒՆՆ ՈՒ ՏԱՌԱՊԱՆՔԸ (անվերջ վերադարձ դէպի Հայաստան)

— Մարգար Շարապխանեանի յիշատակին

Սուրէն ԴԱՆԻԷԼԵԱՆ

Յաճախ ենք լսում դժգոհութիւն Հայաստանից, թէ ինչ անում ես, հայրենադարձութեան հոսք չկայ, մեղմ ասած՝ այնքան էլ փութաջան չեն Սփիւռքի հայերը վերադարձի հարցում: Յաճախ կողքից լսում ես նաեւ քաղաքակրթական ընդդիմադիր կեցուածք, թէ ո՜ւր գան, երբ արեւմտահայերէնի պահանջուած ուշադրութիւնը եւ ազգային կրթական հեռանկարը շրջանցուած են։
Մեզանում վիճաբանութիւնների նման ալիքը այս անգամ ծաւալւում է տխուր առիթով. ս.թ. օգոստոսի 19-ին մահացաւ Մարգար Շարապխանեանը, արեւմտահայ եզակի մի մտաւորական, որը մինչեւ 2007-ը ապրում էր օտար ափերում, բայց վերջնականապէս հանգրուանեց իր երազած իրական Հայաստանում, արեւմտահայի՛ ճակատագրի՝ դէպի երկիր անվերջ վերադարձի քայլերով, որոնումի ճամբէքով, երկիր կառուցելու անյագ ձգտումով։
Եկաւ, թէեւ քանիցս էր հասցէ փոխել երկու աշխարհամասերում՝ հարաւային յունական ծովեզրեայ ծննդավայր Գալամաթայից, նախ, անցնելով Վենետիկ՝ Մուրատ-Ռափայէլեան նշանաւոր վարժարան, ուր ստացել էր հայկական հիմնաւոր կրթութիւն, ապա մի ամբողջ տասնամեակ դասաւանդել Աթէնքի ազգային վարժարանում։ Անսովոր ճակատագրի տէր մտաւորականի պատմութիւն է սա, որ որոնում էր ազգային լինելութեան բանաձեւերը՝ իբրեւ ճշմարտութիւն, իբրեւ կեցութիւն, իբրեւ տառապանք։
Համազգայնական էր Մարգար Շարապխանեանը, երբ գաղթեց Թորոնթօ, հանդիպեց կեանքի ընկերուհուն՝ Էլիզին, միասին կրթական ասպարէզում էին, որն ապրելակերպ էր եւ նուիրում։ 1979-ին իր եւ իր ընկերների ջանքերով հիմնուեց Թորոնթոյի ՀՕՄ-ի ամենօրեայ վարժարանը, որի տնօրէնը հանդիսացաւ շուրջ քսան տարի։ Նրա մէջ մշտապէս տիրական էին ուսուցիչը, տնօրէնը, գրողը, թարգմանիչը, հրապարակագիրը, հա՛յը պարզապէս։
Հայրենադարձութիւնը Շարապխանեան ամոլի բաղձանքն էր, նոր ապրելակերպի բարձրագոյն ընտրութիւն։ Դա միայն անցեալի ու ներկայի սոսկական համադրումի գիտակից վկայութիւն չէր։ Վաթսուն տարի երկրիս վրայ ապրել էր Երկրի՛ սպասումով։ Ի՜նչ յուզումով Մարգարն ընդառաջ եկաւ երկրին՝ դառնալու նրա հպատակ զաւակը, կեանքի մնացորդացը իմաստալից ապրելու նպատակով։
Որոշեց ու եկաւ, բայց ոչ ինչպէս շատերը, որոնք պարտադրաբար նախընտրում են երեւանեան հեւքն ու ժխորը, այլ Արագածոտնի Ուշի գողտրիկ գիւղը՝ Երեւանից ընդամէնը 28 կմ հեռու, Մուղնուն մօտ, ուր շուրջբոլորը, ինչպէս նկատել էր, վանեցիներ էին։ Կարող էր հայրենիքում տեղի ընտրութեան մէջ պահանջկոտ լինել, սակայն բնաւորութեան հարց էր. գնաց Ուշի, ինչը մի փոքր էլ Հայաստանի մէջ արեւմտահայ ոգին ու լեզուն արթմնի պահելու ռոմանտիկ եղանակ էր։ Աւելին, այն դիտում էր առաքելութիւն, ինչը խորութեամբ որսացել էր կինը, երբ կազմում ու Սփիւռքի եւ Հայաստանի մամուլում շարունակաբար հրատարակում էր «Ուշիի օրագրութիւնները»։ Վստահաբար, «…օրագրութիւնները» բացում էին «դուրսի» աշխարհին Ուշիի աշխարհը՝ անկրկնելի բնութիւն, հոգեբանութիւն, այն, ինչ կազմում էր արեւմտահայի ու արեւելահայի ներքին շաղախ՝ Մարգար Շարապխանեանի ամենատես աչքերով։
Իւրատեսակ վճռից առաջ վերջինս գրողի իր յայտը հաստատել էր դեռ 2003-ին, երբ Երեւանում տպագրեց յուշագրութիւնների գիրքը, որը կոչեց նոյնքան անպաճոյճ ու բովանդակային՝ «Դարձ դէպի հայրենիք», ուր չէր մոռանում Հայաստան իր առաջին այցը 1977-ին՝ սիրոյ աննահանջ վկայութիւնը։
Նոր անուն չէր այդ ժամանակ Մարգարը գրամշակութային աշխարհում։ Նրան լաւ էին ճանաչում Սփիւռքում եւ երեւանեան շրջանակներում։ Դեռ երեւանեան այս գրքից 40 տարիներ առաջ նա տուրք էր տուել խոշոր վիպասան Նիկոս Կազանձակիսին՝ յունարէնից հայերէն թարգմանութեան համար ընտրելով «Ճգնութիւն. Աստուծոյ փրկարարները» խռովիչ գիրքը, որը յոյն հեղինակը աւարտուն տեսքի էր բերել 1929-ին: Անբացատրելի էր, որ 1954-ին «Ճգնութիւնը» բանադրեց Հռոմի Պապը՝ դիտելով այն «անաստուած եւ հակաքրիստոնէական»։ Ողբերգական ճակատագիր, որ շատ գծերով նման էր Դ. Հ. Լոուրենսի, Յ. Օշականի գրական ճանաչողութեան ընթացքներին՝ ըստ էութեան՝ նրանց անմահութեան գաղտնիք ամրագրելով, այնպէս, ինչպէս Մարգար Շարապխանեանին։
Այսօր, մահից յետոյ, աւելի է ամբողջանում մաքրամաքուր հայորդու դիմագիծը, որ այլեւս վերեւից է նայելու Հայաստանի վաղուայ օրուան:

Երեւան
(«Գրական թերթ», 1 սեպտեմբեր 2023)

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *