Վերջին Վարդավառը

Վարդան Յակոբեան

Բահուորի դէմքից հոսող քրտինքին զուգահեռ,
իմ հարցին ի պատասխան,
բառերն ընկան շաղախի մէջ.
— Մեր շէնում դպրոցի տնօրէն էի։ Հադրութցի եմ։
Շոգը թանձրացնում է մեղքերը ժամանակի։
Աղաւնոն քանի կար, Հաքառուն ինքն իրեն
արդէն գտել էր,
հաճելի էր կողքով գնալ Երեւան, վերադառնալ։
Խաղաղաւետ օրերը մէկ-մէկ յանձնում են
մեր շէները՝ բարձր հովանու ներքոյ։ Ձեռքս
չի գտնում գրպանս, որի մէջ
ոչ մի զէնք չկայ։
Վերջին Վարդավառից մնացած մի ծաղկեփունջ
դեռ չի հասցրել գետաջրից ուշքի գալ։
Փշրուած Բայրաքթարի բեկորներ են, ահա,
իրենց երազը տնաւորած երեխաների առաջ,
որոնք հաւատում էին,
որ իրենք դեռ երեխայ են։
Արքայական հրովարտակներն ուտում են
երկիրը՝ ոսկորները մինչեւ վերջ լիզելով։
Արցախի հաշիւը մաքուր է։
Գլխից որդնած ձկներ են լողում գետերում։
Դէր-Զօրի անապատների աւազներից
լեռներ են յօրինել
երկրի իշխանները։
Տուն-տուն, թաղ-թաղ, շէն առ քաղաք չւում են
մարդկանց երամները,
մէկի ոտքը չկայ, մէկի ձեռքը, մէկի կէսը, մէկի…,
բայց իրար լրացնելով ուզում էին Արցախը
պահել ամբողջական,
քշեց-տարաւ Հաքառուն Աղաւնոյի ճրագը։
Քարերն իրենց թեւերն արդէն չեն բացում։
Մեր աշխարհը ոնց է հեռանում մեզանից
խաղաղապահների
հանդիսաւոր արարողակարգում։
Խիստ խաղաղ գործընթացներում։
Ծոցագրպանիս ռուսական տառերով անձնագիրը
չմոռանամ յանկարծ՝
ինձ գետ նետելիս, թողնել դուրս։ Ի սէր խաղաղութեան։
— Սրիկաներ,դաւաճաններ, — ասում են բոլորը բոլորին,
եւ բոլորն, առանց բացառութեան, ճշմարիտ են։
Խեղդամահ են լինում օրերը։ Իսկ ովքեր
չմեռնելու ըմբոստութեան նշաններ են ցոյց տալիս,
նրանց համար աշխարհի
բոլոր երկրները դռնբաց որբանոցներ են։
Ատում եմ բոլոր ժողովուրդներին,
ատում եմ նրանց բանաստեղծութիւնները,
ատում եմ նրանց երաժշտութիւնը,
ատում եմ նրանց գեղանկարչութիւնը,
եթէ նրանց յանցաւոր լռութեան շուքում
ոչնչացւում է իմ ժողովուրդը։

Արցախ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *