Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Երեւանի գրասենեակի եւ Խաչատուր Աբովեանի անուան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Սփիւռք» գիտաուսումնական կենտրոնի համատեղ նախաձեռնութեամբ, մայիսի 24-ին կայացաւ «Պոլսահայ գրականութիւնը 20-րդ դարի կէսից մինչեւ մեր օրերը» գիտաժողովի զեկուցումների ժողովածուի շնորհանդէսը։
Բացման խօսքով հանդէս եկաւ Համազգայինի Երեւանի գրասենեակի տնօրէն Ռուզան Առաքելեանը։ Ռ. Առաքելեանը կարեւորեց նման ուշագրաւ հրատարակութեան լոյս ընծայումը, որը կարող է լուրջ աղբիւր հանդիսանալ բոլոր նրանց համար, ովքեր գիտական ուսումնասիրութիւններ են իրականացնում պոլսահայ գրականութեան ուղղութեամբ։ Նա նաեւ շնորհակալութիւն յայտնեց Համազգայինի կենտրոնական վարչութեանը՝ Հայրենիքում գիտակրթական կարեւոր ծրագրերին օժանդակութիւն ցուցաբերելու համար։
Շնորհանդէսին ելոյթներ ունեցան «Սփիւռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրէն Սուրէն Դանիէլեանը, Համազգայինի Կ.Վ. անդամ Արտաշէս Շահբազեանը, Վ. Պարտիզունու անուան հայ նոր եւ նորագոյն գրականութեան եւ նրա դասաւանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոռեկտոր Նայիրա Սաֆարեանը, ԵՊՀ բ.գ.դ., պրոֆեսոր Վազգէն Գաբրիէլեանը, պատմաբան, դոկտոր Ռուբինա Փիրումեանը (ԱՄՆ), բանասիրական բաժանմունքի դեկան, բ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Գալստեանը, ՀՀ Գ.Ա.Ա. թղթակից անդամ, բ.գ.դ., պրոֆեսոր, ակադեմիկոս Աելիտա Դոլուխանեանը, բ.գ.թ., դոցենտ (Վանաձորի պետական համալսարան) Վալերի Փիլոյեանը, բ.գ.դ., ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճեանը։
Շնորհանդէսի ընթացքում ասմունքեց ՀՊՄՀ աշխատակից Գարունա Երանոսեանը։
Ընթերցուեց Պոլսոյ Պատրիարք Սահակ Բ. Մաշալեանի ողջոյնի խօսքը:
Համազգայինի Երեւանի գրասենեակ
(«Երկիր», 24 մայիս 2023)