Երեւանի հ.180 հիմնական դպրոցն այսուհետ պաշտօնապէս կրելու է նշանաւոր արձակագիր, հրապարակախօս, գրականագէտ Զապէլ Եսայեանի անունը: Նախագիծն աւելի վաղ ներկայացուել էր աւագանու քննարկմանն ու հաւանութեան արժանացել: Այս մասին տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանը։
Կրթօջախի անուանակոչութեան հանդիսավոր միջոցառմանը ներկայ էին Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Աւինեանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրէասեանը, քաղաքապետարանի հանրակրթութեան վարչութեան պետ Մարգարիտ Խաչատրեանը, Աւան վարչական շրջանի ղեկավար Վահէ Յակոբեանը, Երեւանի աւագանու անդամներ, գրականագէտներ:
Միջոցառմանը ներկայացուել է «100 տարի անց» խորագրով բեմադրութիւնը, պատմելով ուշագրաւ դրուագներ Զապել Եսայեանի կեանքից, նաեւ հատուածներ 20-րդ դարի հայ բանաստեղծ Շուշանիկ Կուրղինեանի ու պետական գործիչ, Հայաստանի առաջին հանրապետութեան խորհրդարանի 2-րդ գումարման պատգամաւոր Կատարինէ Զալեան-Մանուկեանի հետ առանձնազրոյցներից՝ այդ կերպ ընդգծելով հայ կանանց կարեւոր դերը երկրի կեանքում:
Զապել Եսայեանը աշխարհի ամենախիզախ կանանցից մէկն է: Նա ծնուել է 1878 թուականին Կ. Պոլսում։ Տեղի Սուրբ խաչ վարժարանում ուսանելուց յետոյ 1895-ին մեկնել է Փարիզ, որտեղ իբրեւ խմբագիր-սրբագրիչ մասնակցել Լուսինեանի բառարանի կազմմանը, ունկնդրել Սորբոնի համալսարանի եւ Քոլէժ դը Ֆրանսի գրականութեան ու փիլիսոփայութեան դասընթացները։
1909թ. ապրիլին երիտթուրքերի՝ Ադանայում կազմակերպած հայերի կոտորածից յետոյ հայ մտաւորականների հետ մեկնել է աղէտի վայրեր։ Շուրջ երեք ամիս շրջել եւ լսել է կոտորածների ականատեսներին, այնուհետ դրանք շարադրել իր պատմուածքներում: 1915թ. ապրիլի 24-ի գիշերն աքսորի ենթակայ հայ մտավորականներից միակ կինը, ում անունը գրուած է եղել նախապէս կազմուած ցուցակում, Զ. Եսայեանն է։ Հայոց ցեղասպանութիւնից մազապուրծ՝ նա մեկնել է Բուլղարիա, ապա Ռումինիա, իսկ 1915թ. վերջին՝ Կովկաս։ Այս ընթացքում ու նաեւ յետոյ նրա շնորհիւ փրկվել ու ապաստան են գտել բազմաթիվ որբեր:
1933թ. Զապել Եսայեանն աշխատանքի հրաւէր է ստացել Երեւանի պետական համալսարանից: Ստալինեան բռնապետութեան տարիներին Գրողների միութիւնում ելոյթից յետոյ նրան ձերբակալում են։ Նրա ողբերգական մահուան հանգամանքները մինչ այժմ անյայտ են։ Որոշ տուեալներով՝ նա մահացել է 1943թ.։
Դպրոցի աշակերտները նշել են, որ ոչ միայն հպարտ են անվանակոչութեան համար, այլեւ հնարաւորինս հանրահռչակելու են Զապել Եսայեանի հայրենանուէր գործունէութիւնը:
(«Երկիր», 22 մայիս 2023)