Գուրգէն Մահարին անմահացնող կոթողական գործ մը

Անուանի գրողին որդին՝ Գրիգոր Աճէմեան իր կեանքի վերջին քառասունէ աւելի տարիները նուիրած է իր հօր գրական ժառանգութիւնը հաւաքելու, ծանօթագրելու եւ ամենէն համապարփակ ձեւով հրատարակելու դժուարին ու կենսական աշխատանքին։ Այդ աշխատանքը հանգամանօրէն ներկայացնելու կը ծառայեն «Բագին»-ի 2017 յունուար-մարտ թիւին մէջ լոյս տեսած երկու յօդուածներ։

Առաջինին մէջ հեղինակը՝ Վարդան Մատթէոսեան, դիտել կու տայ.— «Գուրգէն Մահարիի երկերու լիակատար ժողովածուն՝ տասնհինգ հատորով, որոնցմէ տասը արդէն լոյս տեսած է 2014—2016-ին, վերջին տարիներու պատկառելի երեւոյթ մըն է հայ գրականութեան, ինչպէս նաեւ գրահրատարակչութեան մարզին մէջ։ Պատճառը այն է,, որ այս աշխատանքը պաշտօնական կամ ակադեմական ծագում չունի, այլ կը բխի անոնց լուսանցքէն»։

Երկրորդը Վրէժ-Արմէնի գրաւոր հարցազրոյցն է նոյն ինքն Գրիգոր Աճէմեանի հետ։ Այս վերջինը, պատասխանելով հետեւեալ հարցումին՝ «Որեւէ օգնութիւն ստացա՞ք հարազատներէ, բարեկամներէ, մտաւորականներէ», այսպէս կը գրէ.

Օգտուելով հարցից եւ առիթից` ուզում եմ յայտնել առաջին շնորհակալութիւնը Գուրգէն Մահարուն, որը վերադարձրեց ինձ գրականութիւն, բարդացրեց, բայց իմաստաւորեց կեանքս: Երկրորդ շնորհակալութիւնը, թող տարօրինակ չթուայ… Սթիւ Ջոբսին: Առանց համակարգիչի, ես կ՚ունենայի հազարաւոր գրառումներ, որոնց օգտագործումը կը լինէր անհնարին: Հիմա եմ հասկանում, թէ ինչու հնարաւոր դարձաւ մէկ մարդու կողմից իրականացնել գրողի երկերի լիակատար ժողովածուի հրատարակութիւնը, մի գործ, որով նախկինում զբաղուել են ինստիտուտներ եւ խմբագրական ծանրակշիռ կոլեգիաներ: Շնորհակալութի՛ւն «Ազգ» թերթի խմբագիր Յակոբ Աւետիքեանին: Մահարիական յօդուածների հետեւողական հրապարակումը թերթի էջերում նպաստեցին գրողի բազմակողմանի ու նորովի ընկալմանը եւ հող պատրաստեցին, որ ես բաց աչքերով տեսնեմ իմ գործի իրականացումը: Շնորհակալութիւն «Անտարես» հրատարակչութեան տնօրէն Արմէն Մարտիրոսեանին, «հայաստանեան» խմբագիր Արքմենիկ Նիկողոսեանին, «սփիւռքային» խմբագիր Վարդան Մատթէոսեանին: Եւ վերջապէս շնորհակալութիւն Նելլի Բաղրամեանին [իր կողակիցն է — Վ-Ա.], որն իր «այո»-ն ասաց քիմիագէտին [Գրիգորի սկզբնական մասնագիտութիւնը — Վ-Ա.], բայց ստիպուած եղաւ կիսել կեանքը որոնումներից անբաժան գրականագէտի հետ… Նման «թիմով» պարտութիւնը բացառւում էր…

Քիչ մը դառնութեամբ, քիչ մը երախտագիտութեամբ ու քիչ մըն ալ զուարթախոհութեամբ գրուած այս տողերը շատ բան կ՚ըսեն հասկցողին։ Մեր խնդրանքին վրայ Գրիգոր Աճէմեան ընտրեց հետեւեալ մէջբերումները տասը հատորներու իր իսկ գրած յառաջաբաններէն՝ գաղափար մը տալու համար իւրաքանչիւրի բովանդակութեան մասին։

ՎՐԷԺ-ԱՐՄԷՆ

…Շատ բան էր տեսել ճակատագրի բերումով հարստացած բանաստեղծը: Ոչ վերադարձի բերկրանքը, ոչ գրական բազմազբաղութիւնը եւ ստեղծագործական աննախընթաց յաջողութիւնները չէին կարող մոռացութեան մատնել անցեալը: Ինքն իր հետ նա ապրում էր գրական մեծերին բնորոշ մենակութիւն, զգում իրեն այլմոլորակային: Նա եկել էր մի աշխարհից, որտեղ տեսել էր «տօթակէզ ձմեռ» ու «ցրտաշունչ ամառ», «ամպէ յուշարձաններ» ու «չուգունէ հարսներ», մի խօսքով` Ես արթուն եմ տեսել, ինչ դուք երազել էք…

(«Կարճ էր իմ գիշերը…»)

…Երկերի լիակատար ժողովածուի բանաստեղծական երեք հատորները գծում են Գուրգէն Մահարու անցած ստեղծագործական բարդ ճանապարհը` որքան ուղղաձիգ ու աննահանջ քնարերգութիւնում, նոյնքան զիգզագաձեւ` պրոլետպոէզիայում: Արեւմտահայ պոէզիայի հետեւորդը ստեղծեց իր ուրոյն բանաստեղծական աշխարհը, դրսեւորեց իրեն որպէս յստակ քնարերգակ, յետխորհրդային առաջին տասնամեակների «վերջին պոէտ», երկրին, ժողովրդին ու իր կոչմանը հաւատարիմ բանաստեղծ: Քչերին է վիճակուած մաքուր խղճով ամփոփել բարդ տասնամեակներում ապրած կեանքի ճանապարհը. Ես աղաղակը եղայ իմ վառուող դարի, Ու բա՜ց եղայ երգերում ու հոգով արի… Հատուած «Սրինգ եւ… շեփոր» յօդուածէն, Գուրգէն Մահարու Երկերի լիակատար ժողովածու, հատորներ 1-3, Երեւան — 2013-2014 Պոէզիա

…Միայն ափսոսալ կարելի է, որ «Այգեստանների» դրաման կրճատեց գրողի կեանքը եւ զրկեց մեզ բարդ ժամանակաշրջանը պատկերող գլուխգործոցից, ժամանակաշրջան, որը հազիւ թէ գտնի իր մէկ այլ արտացոլումը գրականութեան մէջ: Թէ որքան ծաւալուն էր գրողի ներաշխարհում պատրաստի ասելիքը, վկայում է այն, որ գրուած մամուլները դեռ դուրս չէին եկել յետխորհրդային առաջին ամիսներից: «Երիտասարդութեան» գլուխները չափւում էին ոչ թէ էջերով, այլ արդէն մամուլներով… Անկրկնելի է իւրաքանչիւր մարդու կեանքը: Մահարին իր կեանքը, մէ՛կ մարդու կեանքը դարձրեց հայելի, որի մէջ պատկերեց ապրած ժամանակը: Սակայն գրականութիւնը ինքնանպատակ չէ եւ չի գրւում հեռու կամ մօտիկ անցեալում ընթերցողի հետ թեւանցուկ «զբօսանքներէ» կատարելու համար, այլ նպատակ ունի անցեալի փորձով ճշտել ապագան: Ամենեւին ոչ պատահականօրէն Մահարին «Գիրք ճանապարհի» մատեանում բնորոշ է համարել իր մեծ ժամանակակցի կեցուածքը` Աչքերս յառել եմ անցեալին` Ապագայի նժոյգը նստած… Մահարու ինքնակենսագրական քառագրութիւնը հայ գրականութեան մնայուն գործն է գեղարուեստական արժանիքներով ու հնարանքներով, այլեւ նրանով, որ իւրաքանչիւր սերունդ կը կարդայ այն նորովի եւ կը գտնի այնտեղ իրեն հետաքրքրող շատ հարցերի պատասխանները: Հատուած «Քառագրութիւն, որ գրուեց քառասուն տարում» յօդուածէն, Գուրգէն Մահարու Երկերի լիակատար ժողովածու, հատոր 4, Երեւան 2015 — «Մանկութիւն, Պատանեկութիւն, Երիտասարդութեան սեմին, Երիտասարդութիւն»

…Տասներորդ դարում անմահ Նարեկացին գրեց իր մարգարէական «Մատեան ողբերգութեան»-ը: Հետ այդմ մենք ունեցանք պատմիչների, բանաստեղծների, գրողների փայլուն մի շղթայ, բայց պէտք է անցնէր մի ամբողջ հազարամեակ մինչեւ սոցռէալիզմի անձուկ պայմաններում գրուէին նոր ժամանակների մարգարէական երկերը, որոնք պիտի կոչուէին «Գիրք ճանապարհի» եւ «Այրուող այգեստաններ»… Ֆրանսիացի փիլիսոփան մի առիթով ասել է` «մարդկութեան պատմութիւնը յիմարութիւնների ու սխալների կրկնութիւն է»: Մեծ ազգի մտածողի «անհոգութեամբ» նա միայն արձանագրել է փաստը, ձեւակերպել ասոյթը, չի մտահոգուել սխալների կրկնութեամբ, չի ապրել Մահարու տագնապը: Մեծ ազգի իրաւունքն է միջոցների մէջ ընտրութիւն չդնելով հասնելու իրենց նպատակին: Փոքր ազգերին պատմութիւնը կարող է այդ շռայլութիւնը չտրամադրել։ «Այրուող այգեստաններ» վիպասքը ազգային ինքնաճանաչողութեան դասագիրք է, որի էջերում ուսանելի շատ բան կը գտնի ընթերցողը, ինչ հայեացքների էլ նա պատկանի: Դժուար է ժամանակից շուտ լոյս տեսած գրքերի ճանաչման ուղին: «Այրուող այգեստանները» առաջինը չէ եւ չի՛ լինի վերջինը, այլապէս մեծ գրականութեանը մենք ստիպուած պիտի լինենք առնչուել միայն օտար լեզուներով կամ թարգմանութիւններով: Հատուած «1967-ի թէժ ամառը» յօդուածէն, Գուրգէն Մահարու Երկերի լիակատար ժողովածու, հատոր 5, Երեւան, 2015 — «Այրուող այգեստաններ»

…Վանին նուիրուած գրական յուշարձանը չէր կարող ունենալ այն «յաջողակ» գրքերի բախտը, որոնք լոյս էին տեսնում, արագօրէն սպառւում, արժանանում ընդհանուր գնահատականներով գրախօսականների` «մասնակի թերութիւնների» նշումով, եւ… քնում գրադարաններում ու գրադարակներում` առանց միտք զարթեցնելու: Ոչ էլ այն պատմավէպերի, որոնք շոյում էին ընթերցողի ազգային արժանապատուութիւնը, դաստիարակում նրան հերոսական դրուագների եւ կերպարների ոգով ու օրինակով: Այլ էր ճակատագիրն այս վէպի… …Վէպի երկրորդ տարբերակը ներկայացւում է առանձին ոչ թէ դրա «իրաւական» նշանակութիւնը մեծացնելու, այլ պարզապէս փաստելու համար: Ի վերջոյ վէպը յաւելուել է 127 էջով, որն անտեսել հնարաւոր չէ: Հազիւ թէ սոյն հատորը դառնայ հիմնական տարբերակին հաւասար սեղանի գիրք լայն ընթերցողի համար, սակայն կասկածից դուրս է, որ այն արժէքաւոր կը լինի մահարիագէտների համար եւ ուսանելի օրինակ կը ծառայի գրականութեան պատմութեանը: Հատուած »«Այգեստանների գրական հրկիզումը եւ վէպի նոր տարբերակը» յօդուածէն, Գուրգէն Մահարու Երկերի լիակատար ժողովածու, հատոր 6, Երեւան, 2015 — «Այրուող այգեստաններ». լրամշակուած տարբերակ

…[Մահարու] 20-30-ական թթ. պատմուածքները չունեն սիբիրականների անձնական-անմիջական շունչը, փորձութիւններով յղկուած գրիչը, ծայրայեղ սուր քաղաքացիականութիւնը, բայց մնում են որպէս «ձախ» ժամանակների եզակի ու համարձակ վկայութիւններ: Ստեղծագործական այդ հունում նա գործել է մենակ` առանց գրչակիցների բարոյական կամ ստեղծագործական պաշտպանութեան: Հատուած «Ես սիրում եմ արձակը, լայնարձակը, համարձակը…» յօդուածէն, Գուրգէն Մահարու Երկերի լիակատար ժողովածու, հատոր 7, Երեւան, 2016 — »Պատմուածքներ. Երգիծական պատմուածքներ. Մանկական պատմուածքներ»

…Ձնհալի եւ գուլագի թեմատիկան բնորոշ էր անցեալ դարի 50-60-ական թուականների սովետական գրականութեանը: Սակայն Մահարու սիբերգութիւնը սովետահայ շահագրգիռ ընթերցողին հասան ուշացումով, եւ աւելի մեծ ուշացումով` ռուս եւ միջազգային ընթերցողին: Երբ լոյս տեսաւ «սիբիրական» ժողովածուն (2009), մտաւորականներից մէկը կարծիք յայտնեց, որ հրատարակութիւնն ուշացած է: Մենք չենք կիսում այդ կարծիքը: Որքան էլ անցեալի գիրկն անցնի ստալինեան բռնադատութիւնների ժամանակաշրջանը, Մահարու սիբիրերգութիւնն իր խորքով եւ գեղարուեստական հնարանքներով կը մնայ որպէս աննախընթաց եւ անկրկնելի գեղարուեստական արժէք եւ միաժամանակ գործուն նախազգուշացում գալիք սերունդներին: Պատահական չի, որ վերջին երկու տասնամեակում այն թարգմանուեց ֆրանսերէն, անգլերէն, ռուսերէն, պարսկերէն: Գրողի երազանքը` հրապարակել սիբիրեան արձակը մէկ գրքով, իրականանում է միայն այսօր: Հատուած «Գուլագի եւ աքսորի կեռմաններով…» յօդուածէն, Գուրգէն Մահարու Երկերի լիակատար ժողովածու, հատոր 8, Երեւան, 2016 — «Նախօրեակին. Սիբիրական պատմուածքներ. Ծաղկած փշալարեր»

Մանրապատումների կամ «քանդակների» ժանրին Մահարին հպանցիկ դիմել է 30-ական թթ., սակայն յետսիբիրեան տարիներին էր, որ «քանդակագործութիւնը» նրա գրչի տակ ձեւաւորուեց որպէս մնայուն ժանր: Եթէ հաւատանք գրողին, ապա քանդակները գրուել են «պարապուրդի» կամ հանգստի ժամերին: Բայց դա աւելի խաղացկուն խօսք էր, քան «փորձի փոխանակում»: Գրական ոչ մի ժանր «պարապ վախտի խաղալիք» չէ: Ոչ ծաւալուն մանրապատում-քանդակների միջոցով Մահարին ասում էր այն, ինչը դուրս էր մնացել հիմնական ասելիքից կամ կրկնում ու ամրապնդում էր կարեւորն ու «տեղ չհասածը»: Ամեն դէպքում ե՛ւ անուանումով, ե՛ւ բնոյթով մենք այստեղ գործ ունենք մահարիական ինքնատիպ ժանրի հետ: …Մահարու անմիջական գրիչը չէր կարող շրջանցել խորապէս անձնական այնպիսի ժանր, ինչպիսին է յուշագրութիւնը: Որպէս կանոն գրողները դիմում են այդ ժանրին մեծ մասամբ կեանքի վերջում եւ ամփոփում ասելիքը մէկ մօտեցումով: Նման գործերում գլխաւորն ինքն է, յուշագիրը, իսկ մնացածները` «ստատիստներ», որոնք դառնում են նրա շուրջը: Մահարին այդ գրողներից չէր: Յուշագրութեան ժանրին նա դիմել է երիտասարդական տարիքից եւ գրել հիմնականում ժամանակի ու ժամանակակիցների մասին` իրեն վերապահելով երկրորդական, ստուերային դեր: …Մահարու յուշագրութիւնը յենուած է հոգեմօտ իրադարձութիւնների վրայ: Սա մեր յայտնութիւնը չէ, հարցազրոյցներից մէկում նա ասել է. «այն, ինչը մօտ է ինձ, առաջացնում է վառ տպաւորութիւններ, որոնք ես երկար եմ յիշում…»: Հնարաւոր է, որ այդ «սուբյեկտիվիզմից» յուշ-հերոսներն ինչ-որ բան կորցնում են, ինչ-որ գծեր նրանց մէջ մնում են չբացայայտուած, սակայն ստոյգ է, որ դրանով նրանք զերծ են մնում սխեմաներ դառնալու վտանգից եւ ձեռք են բերում վաւերագրական համոզչութիւն: …Յուշագրութիւնը եւ ուղեգրութիւնը գրական երկուորեակ ժանրեր են — մէկը` մարդկանց, միւսը` երկրների ու քաղաքների մասին: Առաջինը յենուած է յիշողութիւնների, երկրորդը` տպաւորութիւնների վրայ: Ժանրի բնորոշումը եւ սահմանումը գրառումներից մէկում տուել է Մահարին. «ուղեգրութիւնների ժանրը չի պատկանում գրական սիրուած ժանրերի թուին: Այստեղ յատկապէս պահանջւում է ոճի լակոնիզմ, կարեւորը ոչ կարեւորից տարբերելու ունակութիւն, սուր աչք եւ սուր գրիչ»: Մահարու ուղեգրութիւնները դուրս չեն գալիս ԽՍՀՄ սահմաններից: Նա այն գրողներից չէր, որոնք պատկան մարմինների թոյլտուութեամբ գործուղումներով կամ հրաւէրներով մեկնում էին այսօր ԱՄՆ, վաղը` արաբական երկրներ, միւս օրը` Փարիզ: Ներկայացուող գլխաւոր պահանջը գործուղուողի գաղափարական եւ քաղաքական յուսալիութիւնն էր: Հակադաշնակցական Մահարին կարծես խնդիրներ չպէտք է ունենար այդ մարմինների հետ, սակայն ազատուելով ռապպական եւ բռնադատութեան պիտակներից նա այդպէս էլ չդարձաւ այնքան «խորհրդային», որ նրան երաշխաւորուէին արտասահմանեան ուղեւորութիւնները։ Ինչպէս քանդակները, այնպէս էլ յուշագրութիւններն ու ուղեգրութիւնները հանդիսանում են «անյայտ» Մահարու բազմաժանր գրական ժառանգութեան անբաժանելի ու կարեւոր մասը եւ իրենց ամբողջական ամփոփումն են ստացել առաջին անգամ: Հատուած «Բազմաժանր գրողը» յօդուածէն, Գուրգէն Մահարու Երկերի լիակատար ժողովածու, հատոր 9, Երեւան, 2016 — «Քանդակներ. Յուշեր. Ուղեգրութիւններ»

…Շատ է գրուել Մահարու հումորի ինքնատիպութեան մասին: Դա փոքր գնահատական չէ Պարոնեանի, Օտեանի, Լեռ Կամսարի նման երգիծաբաններ ունեցող գրականութիւնում: Սակայն Մահարու հումորն ի տարբերութիւն այդ եռեակի` առաջնային չէ: Երգիծաբանի հետ մէկտեղ եւ դրանից առաջ նա բանաստեղծ է, արձակագիր, քննադատ, հրապարակախօս, յուշագիր, էսսէիստ, թատերգակ, նամակագրական ժանրի վարպետ: Եւ բոլոր ժանրերին խառն է հումորը` հայնէական նուրբ հեգնանքից մինչեւ պարոնեանական կծու երգիծանքը: …Գրողի հումորեսկները, աւելի քան նրա այլաժանր գործերը, ունեն աչքի ընկնող մի առանձնայատկութիւն եւս: Մահարին շռայլ է ժամանակակիցների յիշատակումում: Գրական այրերից քչերն են, որ չեն ընկել նրա սուր հայեացքի եւ գրչի տակ: «Գաղտնիքը» նրանում էր, որ նա ապրում էր բացառաբար գրականութեամբ… Նա գրականութեան մէջ էր ողջ էութեամբ, եւ ինչպէս սովորական մահկանացուն է առօրեայում շփւում շրջապատի հետ, այնպէս էլ նրա համար սովորական էր ժամանակակիցների յիշատակումն ամենատարբեր առիթներով: Նման «շռայլութիւնը» յատկապէս նկատելի է այն ֆոնի վրայ, որ նրա ժամանակակիցներից շատերը (Դ. Դէմիրճեան, Ս. Զօրեան, Արազի, Գ. Սարեան, Պ. Սեւակ…), որոնք ապրել են նրա կողքին երբեմն ցմրուր, իրենց գրական ժառանգութիւնում չեն թողել նրա մասին թէկուզ մէկ յիշատակում: …Միայն բռնադատութեան (այն էլ հայրենադարձի) «պարագան» չէր, որ խանգարեց պիեսին գնալ տրորուած մի ճանապարհով, որտեղ պարում էին անգամ փղերը: Այն յագեցած էր կեանքի ճշմարտութեամբ, որը դուրս էր ցցւում ամենաանսպասելի հանգամանքներում: Հայրենադարձի «անմեղ» մենախօսութիւնն աւարտւում էր կտրուկ շրջադարձով. «Եղբայր, տեղացիները կարգին փողկապ կապել չգիտէին, մեզմէ սորվեցան, աղջիկներն ու կիները մեզմէ առին նորաձեւութիւնները… սուճուխ-բաստուրմայ ուտել անգամ չգիտէին, մեզմէ սորվեցան…»: Այսքանը դեռ կարելի էր կուլ տալ, բայց շարունակութի՞ւնը… գաղափարական ճակատի ո՞ր պատասխանատու աշխատողը թոյլ կը տար, որ բեմից հնչէին խօսքերը. «Հիմա մենք էլ հայրենադարձ ենք, այս նորեկներն էլ… եկան-չեկան` բնակարան, աշխատանք… ինչ որ պէտք է. իսկ մենք եկանք, ինչպէ՜ս եկանք… մեր մայրիկները լացուցին… Մեր մայրիկները լացուցին, հետեւաբար մենք մայրենադարձներ ենք…»: …Եթէ 1925 թուականին, «Խաբսի-Կապսի ջրանցքի» բեմադրման օրերին Մահարուն ասէին, որ դա կը լինի նրա վերջին բեմադրութիւնը, նա կը ծիծաղէր այդպէս ասողի երեսին: Ճակատագիրը տնօրինեց հէնց այդպէս: Սակայն ճակատագրի նման անքննելի են եւ թատերական ճանապարհները: Անքննելիութեան այդ օրէնքով էլ բացառուած չէ, որ մեր օրերի ռեժիսորն ու հանդիսատեսը վերագտնեն անցեալ դարից մոռացուած թատերագրին: Հատուած «Հումորիստը: Թատերագիրը» յօդուածէն, Գուրգէն Մահարու Երկերի լիակատար ժողովածու, հատոր 10, Երեւան, 2016 — «Երգիծանք եւ հումոր. Թատերգութիւն»

ԳՐԻԳՈՐ ԱՃԷՄԵԱՆ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *