ԻՄ ԸՆԿԵՐ ԳԵՒՈՐԸ

ՊԵՏՐՈՍ ԱԲԱՋԵԱՆ

Մեր տան դիմաց՝ Ղուկասեան թիւ 9 շէնքի բակում մէկ յարկանի ախոռատիպ երկու կառոյց կար, որտեղ «Սանբակ» կոչուող ինստիտուտի լաբորատորիայի փորձերի համար ճագարներ և ծովային խոզուկներ էին աճեցնում: Տատիկս, որ մինչև Հայաստան ներգաղթելը իր ամբողջ կեանքում անասուններ էր պահել, ընդունուեց այնտեղ որպէս այդ կեդանիներին խնամող: Կենդանիները պահւում էին երկու յարկով շարուած վանդակների մէջ: Ինչքան յիշում եմ, այդ խեղճ կենդանիների արիւնն էին վերցնում դեղեր պատրաստելու կամ փորձեր դնելու համար: Տատիկս իր աշխատանքին շատ պատասխանատու և բարեխիղճ էր վերաբերւում: Երբեմն որպէս խրախուսանք, նրան տալիս էին մէկ երկու մորթած ճագար: Դա քառասունական թուականների վերջին տարիներին մեր եօթ հոգիանոց ընտանիքի համար տօնակատարութեան նման մի բան էր դառնում: Բացի այդ, «Սանբակ» ինստիտուտի Նոր տարուայ տօնածառի հանդէսներում, մենք՝ չորս երեխաներս թղթի տոպրակներով մանդարին, չամիչ, փշատ և կոնֆետ էինք ստանում: Այնպէս որ տատիկիս այդ հիմնարկի աշխատանքը շատ օգտակար և տեղին էր մեզ համար: Այդ նոյն ինստիտուտին Ծաղկաձորի Տանձաղբիւր կոչուող մասում պիոներական ճամբար հիմնելու տեղ էին յատկացրել: Քանի որ դրամը չէր հերիքում, միայն մեծ եղբօրս համար այդ ճամբարի երեք շաբաթ տևողութեան ուղղեգիր գնեցին: Ծնողներս խոստացան յաջորդ հերթին էլ՝ ինձ ուղարկել այնտեղ:
Շէնքի երրորդ յարկում ապրող դանիէլեանների՝ մեզ հասակակից երկու աղջիկները այդ ամառ նոյնպէս Ծաղկաձորի ինչ որ ճամբարում հանգստանում էին: Ընդունուած էր, որ կիրակի օրերին ծնողները այցելէին պիոներական ճամբարներում գտնուող իրենց թանկագին ժառանգներին: Դանիէլեանների հայրը ինչ որ պաշտօն ունէր և կիրակի օրը ծառայողական «Պոբեդայով» պատրաստւում էին Ծաղկաձոր գնալ աղջիկներին տեսնելու: Մայրս իմանալով այդ մասին, խնդրեց նրանց, ինձ էլ վերցնեն իրենց հետ: Ես եղբօրս մի քիչ միրգ ու տնական թխուածք պիտի տանէի: Նրանք սիրով համաձայնեցին: Այսպիսով կեանքումս առաջին անգամ այդ շքեղութեան մարդատար ավտոմեքենայ նստեցի:

* * *

Ծաղկաձորի մասին շատ էի լսել: Այն պատկերացնում էի ծաղիկների մէջ կորած մի տեղ: Ծաղիկներ առանձնապէս չտեսայ, բայց շուրջը ամբողջովին պատած էր փարթամ անտառներով: Անտառներից վեր բարձրանում էր Ալիբեկի փառահեղ, տեղ-տեղ ձիւնապատ գագաթը: Այն ժամանակ Ծաղկաձորը իսկապէս գիւղ էր: Միայն մի քանի երկու յարկանի շէնքեր և շրջակայ այս անտառապատ բարձրունքները կարող էին տարբերել նրան մօտակայ Ռնդամալ և Ճատղրան թուրքերէն հնչող տարօրինակ անուններով գիւղերից: Ճշտութեանը չմեղանչելու համար պէտք է ասել, որ այն ժամանակ յաճախ, Ծաղկաձորն էլ կոչում էին Դարաչիչակ: Ի լրացում՝ այստեղ էին գտնւում հինաւուրց Կեչառիս վանքի բաւական լաւ պահպանուած, բայց այն ժամանակների համար բնականօրէն չգործող եկեղեցիները:
Մեր սիրալիր հարևանները, ինձ հասցրեցին, գիւղից բաւական դուրս գտնուող ճամբարը: Յետոյ, խոստանալով որ երեկոյեան կը գան իմ ետևից, գնացին իրենց գործերով:
Տանձաղբիւրում երկու ճամբար կար: Երկրորդը՝ մեր Սանբակն էր: Մօտ քսան վրանները կազմել էին բաւական ընդարձակ մի ուղղանկիւն հրապարակ, որի մէջտեղում կայմի վրայ կարմիր դրօշակ էր բարձրացուած: Կամարապատ մուտքից ինձ ներս չթողեցին: Կանչեցին եղբօրս: Քիչ յետոյ երևաց ինքը՝ մէկ շաբաթում կանոնաւոր սնունդից բոյ քաշած: Դա հնարաւոր է միայն ինձ էր թւում: Մենք մեծավարի իրար ձեռք սեղմեցինք: Դեռ չէինք հասցրել ճամբարը շրջապատած անտառի ծառերի ստուերի տակ տեղաւորուել, երբ իրեն ետ կանչեցին: «Մեռեալ»՝ վախենալու չափ տհաճ հնչող, ժամ էր յայտարարուել: Եղբայրս խոստացաւ մէկ ժամից նորից դուրս գալ:
Չգիտէի ինչ անել: Միևնոյնն է՝ մինչև երեկոյ այստեղ էի մնալու: Որոշեցի գնալ գիւղի կողմերը ժամանակ սպառելու: Ըստ երևոյթին կողքի ճամբարում էլ մեռեալ ժամ էր, այդ պատճառով, շրջապատում մարդ չէր երևում:

* * *

Դէպի գիւղ գնացող բաւական դիք ճանապարհն անցնելով հասայ վանքին: Քիչ այն կողմ, ճամբեզրի քարէ կիսաքանդ պատի վրայ, իմ տարիքի՝ այսինքն մօտ տասներկու տարեկան մի տղայ էր նստած: Նա ուշադիր ինձ էր նայում:
— Ո՞ր ճամբարից ես, — անսպասելի հարցրեց: Ես նոր ծանօթութեան պատրաստ չէի և չպատասխանեցի:
— Ի՞նչ ա, վախենո՞ւմ ես: Էրևում ա փախել ես:
Ես վիրաւորուած պատասխանեցի.
— Ճամբարից չեմ: Ումի՞ց պիտի վախենամ:
— Բա ի՞նչ ես անում էստեղ:
— Եղբօրս մօտ եմ եկել Երևանից, — շեշտելով Երևանը հակայարձակման անցայ: — Յաջորդ ամսին էլ ես եմ գալու:
— Հա՜ա… — հաշտուողաբար ձգեց նա:
Սկսեցի աւելի ուշադիր նայել նրան: Մի քիչ երկարաւուն, գունատ դէմքով, խաժ աչքերով տղայ էր: Մազերն էլ արևից շիկաւուն դարձած, խանձուած տեսք ունէին: Պատի վրայից իջնելով կանգնեց: Տեսայ, որ անդրավարտիքը փոքր էր իր համար և փողքերը մինչև կոճերն էին հասնում: Վերնաշապիկը ճմրթուած, բայց նոր էր:
— Երբ որ գաս, ընկերութիւն կ՚անե՞ս ինձ հետ:
— Դու այստե՞ղ ես ապրում, — մի քիչ հարցից զարմացած՝ հետաքրքրուեցի ես:
— Էստեղի մանկատնից եմ, — ձեռքով ցանկապատից բաւական ներս ընկած մէկ յարկանի երկար շէնքը ցոյց տալով ասաց նա:
Յանկարծակի եկայ, սիրտս ճմլուեց խղճահարութիւնից: Ես կեանքումս որբ չէի տեսել: Միայն գրքերից գիտէի: Չիմանալով ինչ ասել, լռել էի:
— Հը, ընկերութիւն չե՞ս անի:
Ես շտապեցի պատասխանել. — Կ՚անեմ, երբ որ գամ ճամբար, ընկերութիւն կ՚անեմ:
— Դու ի՞նչ է, ծնողներ չունե՞ս, — մի քիչ քաշուելով հարցրեցի:
— Ընչի՞ չունեմ՝ մէր ունեմ: Հէրս մեռել ա, բայց մէր ունեմ։ — Մի տեսակ հպարտութեանը խառնուած դառնութիւն և քամահրանք կար ձայնի մէջ: — Փոքր քուր էլ ունեմ. Ինձնից հինգ տարով փոքր ա: — Այս ասելիս դէմքը կարծես փոխուել էր: — Երբ ինձ տանում էին, լաց էր ըլնում:
Ես ինձ վատ զգացի: Մի րոպէ ինձ պատկերացրեցի իր տեղը և փոքր քրոջս լաց լինելիս:
— Էստեղ դպրոց կա՞յ, դաս անո՞ւմ էք, — ուզենալով փոխել խօսակցութեան նիւթը՝ հարցրեցի ես:
— Բա ի՞նչ, դպրոց կայ: Հիմա արձակուրդ ա: Չորրորդ դասարան փոխուեցի:
Տեսնելով իմ զարմանքը, շարունակեց. — Երկու տարի ուշ եմ գնացել, շոր չկար:
Այս բոլորը ասում էր շատ բնական ու հանգիստ:
Արդէն ժամանակն էր եղբօրս մօտ վերադառնալու: Գևորը՝ ինչպէս ինքն էր ներկայացել, ուղեկցեց ինձ մինչև ճամբար: Երբ բաժանւում էինք, յանկարծ մի բան յիշելով, խորամանկ ինձ նայելով հարցրեց;
— Դէ երդում կեր, որ երբ գաս ընկերութիւն կ՚անես հետս;
Ես մի քիչ զարմացած ասացի. — Մօրս արև, երբ գամ՝ ընկերութիւն կ՚անեմ:
Նա ուրախացած, որ բռնացրել է ինձ՝ ասաց.
— Էդ չանցաւ, մօրդ արևով Ամերիկայում ք… են չորացնում:
Չվիրաւորուեցի, հասկացայ՝ իրենց մօտ ընդունուած մանկատնային «սրամտութիւնն» է փորձարկում ինձ վրայ և որ մայր հասկացողութիւնը իրենց մօտ սրբութիւն չէ: Զգացւում էր իրենց լքած մայրերի նկատմամբ ունեցած վիրաւորանքի ու չարութեան խորութիւնը:
Եղբօրս պատմեցի այս տղայի մասին: Ասաց, որ տեսել է նրան և գիտէ, որ ընկեր է փնտռում: Մանկատանը իրեն հասակակից երեխաներ չկան:
Յաջորդ ամսին, վերջապէս, ես էլ Ծաղկաձոր՝ ճամբար գնացի: Գևորը մի քանի օր չկար: Կարծում էի ինձ բոլորովին մոռացել է: Մի օր, յանկարծ, տղաներն ասացին, որ գիւղից մի տղայ Լևոն անունով մէկի մասին է հարցնում: Անմիջապէս մուտքի մօտ վազեցի: Գևորը մի տասը քայլ հեռու, կանգնած էր: Ճամբարի մեր պահակ Հրանդ դային ինձ չթողեց դուրս գալ. — Ի՞նչ գործ ունես մանկատան էրեխէքի հետ: Դրանք խուժաններ են: — Ինքը հպարտութեամբ, իր կարևորութիւնը վայելելով, բարեխղճօրէն կատարում էր խստութիւններ և կարգ ու կանոն հաստատելու պարտականութիւնը:
Ես ինձ չէի կարող թոյլ տալ նահանջել: Մեր վրանի ետևում, դեռ նախորդ հերթի տղաները ցանկապատի մէջ գաղտնի անցք էին բացել, որից օգտուելով դուրս եկայ: Գևորը արդէն սպասում էր: Հասկացել էր մուտքից անսպասելի հեռանալուս խորամանկութիւնը:

* * *
Խօսելու առանձնապէս բան չէինք ունենում, բայց գրեթէ ամեն օր մի քանի րոպէով հանդիպում էինք: Ես մեզ տուած քաղցրաւենիքներից փորձում էի իրեն հիւրասիրել: Չէր ուզում ընդունել, միայն ինձ չնեղացնելու համար էր վերցնում: Մի օր ինձ հարցրեց.
— Դու սիրած ունե՞ս:
Ես ամաչում էի այդ թեմայով խօսել, թէև ժամանակ առ ժամանակ սիրահարուած էի լինում մեր շէնքի և 9-ը շէնքի երկու տարբեր աղջիկների՝ Մերիի և Վիոլայի վրայ:
— Դու ունե՞ս, — հարցը ինձանից հեռացնելու համար ասացի ես:
— Հա, ունեմ, — հպարտօրէն պատասխանեց Գևորը: — Կողքի «Ծաղիկ» ճամբարից ա:
Ինձ դա շատ հետաքրքրեց:
— Հանդիպու՞մ ես հետը:
— Չէ՛, ի՞նչ ես ասում: Մէկ մէկ տեսնում եմ: Ուրբաթ օրը իրանց մօտ «խարոյկ» ա լինելու՝ կը գնամ կը տեսնեմ: Անունը Արփենիկ ա:
«Խարոյկը» ճամբարներում ընդունուած երեկոներն էին որոնց ժամանակ մեծ կրակի շուրջ հաւաքուած երեխաները երգում, պարում, արտասանում էին: Դա իրադարձութիւն էր համարւում: Այս անգամ մեր հարևան «Ծաղիկ» ճամբարը մեզ հրաւիրել էր իրենց խարոյկին: Ես շատ ուրախացել էի, որ կարող եմ տեսնել Գևորի սիրածին:
Այդ օրը, ընթրիքից յետոյ, մեր ջոկատավարները կանոնաւոր շարքերով մեզ ուղեկցեցին հարևանների մօտ: Այստեղ աղջիկները աւելի շատ էին և այսքան անծանօթ աղջիկների ներկայութիւնը ինձ շատ շփոթեցնում էր: Ես նոյնիսկ մոռացել էի Գևորի մասին: Վերջապէս հսկայական խարոյկը վառեցին և կրակի շէկ բոցերը բարձրացան ծառերի գագաթներից աւելի վեր: «Սովետական ազատ աշխարհ Հայաստան…» երգելուց յետոյ իրար յաջորդեցին պարերը, արտասանութիւններն ու այլ ելոյթները: Յանկարծ ուսիս դիպչելով կողքիս յայտնուեց իմ ընկեր Գևորը: Նա հայեացքով մէկին էր փնտռում: Յանկարծ քարացաւ տեղում:
Մեզանից մի քանի տարով մեծ, ոչ բարձրահասակ մի աղջիկ՝ Չարենց էր արտասանում: Այդ տարիներին Չարենցը դեռ արգելուած էր, բայց արդէն գիտէինք «Ես իմ անուշ Հայաստանին» և կարծեմ «Լենինն ու Ալին»:
Աղջիկը անբնական բարձր ձայնով արտասանում էր.
Ես եմ հիմա — մի պոետ. և իմ անունը Չարենց —
Պիտի վառուի դարերում, Պիտի լինի բարձր ու մեծ…

Յետոյ դարձեալ աւելի յուզուած.
Ինչքան որ հուր կայ իմ սրտում — բոլորը քեզ.
Ինչքան կրակ ու վառ խնդում — բոլորը քեզ.
Բոլո՜րը տամ ու նուիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնայ՝
Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում, — բոլո՜րը քեզ…

Բոլորը զարմանալի լռութեամբ, լսում էին:
Եւ այսպէս, գրեթէ առանց ընդմիջման արտասանում էր աղջիկը: Արցունքները հոսում էին դէմքի վրայ…

Իմ մահուան օրը կ՚իջնի լռութիւն,
Ծանր կը նստի քաղաքի վրայ,
Ինչպէս ամպ մթին, կամ հին տրտմութիւն…

Բարձր հեկեկալով աղջիկը փախաւ… Ոչ ոք չէր ծափահարում:
Կողքից լսեցի Գևորի ծանր շնչառութիւնը: Ինքն էլ էր լաց լինում: Այդ աղջիկը՝ Գևորի սիրածն էր, Արփենիկ Չարենցը:
Հերթափոխի աւարտին, Գևորը եկաւ ինձ ճամբու դնելու:
— Մի բան խնդրեմ, եթէ նորից գաս, կ՚անե՞ս, — հարցրեց խեղճացած:
— Կ՚անեմ, — ասացի վստահ ձայնով:
— Ինձ մի խաղալիք ատրճանակ կը բերե՞ս:
Հասկացայ, որ Գևորը՝ միևնոյնն է դեռ ինձանից աւելի փոքր երեխայ է:
Յաջորդ ամառ մեր «Սանբակ» ճամբարը փակել էին: Ծաղկաձոր գնալու հնարաւորութիւն չկար: Բայց ես ամեն կերպ պիտի գնայի և Գևորին տանէի ատրճանակ, որը ռեզինէ ծայրապանակներով փայտէ ձողիկներ էր կրակում: Մի գեղեցիկ օր, իմ բակի ընկեր Եուրիկի հետ որոշեցինք առանց որևէ մէկին ասելու գնալ Ծաղկաձոր: Ինքը ինձանից աւելի աչքաբաց էր: Կանոնաւոր գործող փոխադրամիջոց չկար: Բեռնատար մեքենաների վարորդները մեզ խղճալով վերցնում էին, պայմանով, որ թափքի վրայ չցցուենք՝ նստենք յատակին: Մեքենաները փոխելով հասանք Ծաղկաձոր:
Որբանոցի պահակը նոր էր և ասաց. — Մեզ մօտ Գևոր կամ Գէորգ անունով երեխայ չկայ:
Յետոյ եկաւ ծեր դաստիարակչուհին: Նա յայտնեց, որ Գևորին անցեալ աշնանը մայրը տարել է: Ինքը չի ուզեցել գնալ, բայց երբ մայրը լաց է եղել՝ համաձայնուել է: Եուրիկի հետ մենք որբանոցում փնտռեցինք, գտանք մի տղայ, որին տուեցինք ատրճանակը: Յետոյ նոյն ձևով, բեռնատարներ փոխելով, վերադարձանք տուն:

Երեւան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *