ԱԿՆԱՅ ՀԱՅՐԷՆՆԵՐ

ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿԵԱՆ
Այբ

Դուք ինձ հետ ոչ մի անգամ Ակն չեկաք, Ժամու աղբիւրից ջուր չխմեցիք: Սրբուհի մեծ մայրս մինչեւ մահը պնդում էր, թէ Նոր Տարուայ գիշերը, ով առաջինն է Ժամու աղբիւրից կուժը լցնում, աղբիւրը ջրի հետ ոսկի է տեղում:
Նա այնքան հաւատացած է եղել նախախնամական աւանդութեանը, որ ամեն Նոր Տարուայ գիշեր, սուրբ Նարեկայ եկեղեցու զանգերը ղօղանջելուն պէս, միջանցք է ելել, կուժը վերցրել, աղբիւր է փութացել: Չի նկատել, որ Գրիգոր պապս եկեղեցու զանգերը չղօղանջած է միջանցք ելել, տատիս դատարկ կուժը բռով ոսկեդրամ լցրել:
Սրբուհի տատս գնում է աղբիւր, լիքը կժով վերադառնում, պաղ ջուր է հրամցնում Նոր Տարին շնորհաւորելու եկած թաղեցիներին՝ Գրիգոր Զոհրապի, Սիամանթոյի, Միսաք Մեծարենցի իւրայիններին ու նրանց փարչերի մէջ իրօք ջրի հետ ոսկեդրամ է լցւում, զնգում:
Նրանցից ամենաերջանիկն ո՞վ է եղել: Ի հարկէ, Գրիգոր պապս: Նա ձեւացնում է, թէ չի նկատում շո-ւրջն ինչ է կատարւում, թթի օղի է խմում, բեղի տակ ժպտում: Գրիգոր պապս մեծագոյն երջանկութիւնը մարդկանց երջանկացնելն է համարում:
— Հէ՜յ գիդի օրեր, — հետագայում ինձ հանդիպելիս փաթաթւում, լալիս ու ծիծաղում էին ծեր ակնցիները:

Բեն

Ամբողջ Ակնում յայտնի կրթական ու գրական մշակ, միանգամայն հրապարակագիր ու հոգաբարձու տիար Արփիար Ակնունին դարձեալ մտահոգ էր: Աշխարհագրութեան դասերին նա Նարեկեան վարժարանի քարէպատով մէկ ծաւալում էր պաստեղի պէս հարթ քարտէզն ու որքան էլ համոզիչ բացատրում էր, սաները չէին պատկերացնում, որ երկրագունդը տափակ չէ, կլոր է: Չէին էլ հաւատում:
Ճարահատ տիար Արփիարը խնդրեց Գրիգոր Զոհրապի պապի պապին՝ ակնցի մեծատուն Խաչատուր ամիրային, ու նա իր միջոցներով Եւրոպայից աշխարհագունդ բերել տուեց, վարժարանին նուիրեց: Առաջին գնդաձեւ քարտէզը Ակնում: Երբ նուիրատւութիւնը տեղ էր հասել, աշակերտների զարմանքն ու հիացմունքը յարուցել, տիար Արփիարը Խաչատուր ամիրային վարժարան էր հրաւիրել ու երախտիքն ա՛յդ կերպ գոնէ արտայայտելու համար ամենաուշիմ սանին կանչել, հրահանգել էր.
—Ցուցո՛ւր Միջերկրական ծովը:
Սանը, բարերարի ինքնապարծ հայեացքի ներքո աշխարհագունդը պտտել, ցոյց էր տուել:
— Հիմա Հիմալայեան լեռները:
— Բարիզը…
— Պերլինը…
— Պոլիսը…
Ամիրան իր ընծայով զմայլուել, կորովամիտ սանին խրախուսել էր.
— Ապրի՛ս, մանչս, Ակնն ալ ցուցուր, լմնցուր:
Սանը տատամսել, վարժապետին էր նայել, տիար Արփիարը ճարահատ միջամտել էր.
— Աշխարհագունդին վրայ Ակնը չկայ, ամիրայ:
— Չկա՞յ, — սրդողել, ապա զայրացել էր գերունեւոր ակնցին, — ծօ, ես թքեր եմ այդ տեսակ քարտէսին վրայ, մե՛ղք տուած դրամիս:
Ու աշխարհագունդը հնարողին անիծելով՝ վարժարանից դուրս էր եկել:

Գիմ

Հին ու Նոր կտակարանների աւետարանագիրներն այդպէս էլ չտեսան, չիմացան, որ այդ տարի Եփրատը ոչ թէ դրախտից, դժոխքից էր սկիզբ առնում, օրեր շարունակ արեան ճապաղիքների հետ մարդկային մարմիններ, մարմինների մասնատուած անդամներ՝ գանգեր, բումբեր, երանքներ էր բերում: Ակնի վերին հոսանքում երեք հարիւր հայկական գիւղ կար, Եփրատը, որքան էլ ապրիլեան ձնհալից յորդացած լինէր, այդքան դիակ բերել չէր կարողանում, ո՞ւր տանէր-հասցնէր՝ չէր կողմնորոշւում: Գետափի Իզօղլի թուրքական գիւղի ձկնորսներն արագաշարժ էին դարձել՝ տկալաստերով նաւարկում էին արնոտ կոհակներում, իրենց կեռ, կարթանման ձողերով անձրուկի, կեփաղի փոխարէն մարդկային մարմիններ էին որսում: Երբ տկալաստը լցւում էր, վերադառնում էին ափ, դիակները դիզում էին, այրում: Յետոյ այդ նոյն՝ կարթանման ձողերով մոխիրը խառնշտում, ակնցիների կուլ տուած կամ երաստանում, ցայլքում թաքցրած ոսկիններն էին որոնում: Երբեմն գտնում էին, ու մէկը միւսի ձեռքից խլելու համար կարթանման ձողերն իրար փոր էին խրում:

Դա

Առաջին անգամ, երբ շարժակառքը իմ բնօրրանը՝ Ակն մտաւ, տեսայ Եփրատը, Խնկաձորը, Սիամանթոյենց Վերի թաղը, Զոհրապենց Վարի թաղը, Մեծարենցենց Բինկեանը, չէի ուզում, բայց արցունքներն իրենք իրենց հոսում էին այտերովս:
Ջահել կառավարը սրտաշարժուեց.
— Ինչի՞ ես լալիս, բարեկամ, — ասաց, — արի տանեմ մեր տուն, ինչքան ուզում ես ապրի, էս դրախտը վայելի:
— Ես մե՛ր տունն եմ ուզում, — ասացի:
Շշմած՝ հետ շրջուեց.
— Ինչի, էստեղ հայե՞ր են ապրել:

Եչ

Բուլղարիայից բօթ ստացանք՝ մահացել է մօրաքոյրս: Տեղանունը ձեզ ոչինչ չի ասի՝ ազգասպանդից յետոյ Գրիգոր պապս հաստատուել է այդ աննշան բնակավայրում, որպէսզի սիրած գործով՝ հողագործութեամբ զբաղուի: Նա Ակնից հետը սմբուկի, ստեպղինի, ազատքեղի սերմեր է բերել, բայց ինչքան տանջուել-չարչարուել է, բերք չի ստացել: Երկրի սերմերը օտար հողում ծիլ չեն տուել:
Բուլղարիայում մահացել է մօրաքոյրս: Հարիւրն անց կնոջ համար դա շատ բնական կը թուար, եթէ չլինէր մի հանգամանք. երկար ժամանակ անկողնուն գամուած ծերուհին, որ յիշողութիւնը կորցրել, խնամակալներին անգամ չի ճանաչել, ամեն այցելողի ձեռքը բռնել, աղաչել-պաղատել է.
— Ինձ մեր տունը տարէք…
Տարագրութեան ճանապարհին մեր գերդաստանը տարբեր բնակավայրերում տարբեր տներ է փոխել, երբ այցելուները ցանկացել են իմանալ, թէ ո՞րը նկատի ունի, նա ամենայն մանրամասնութեամբ նկարագրել է Ակնի մեր փողոցը, քաղաքի միջով Եփրատ գահավիժող ջրվէժը, ձիթենիները, նշենիներն ու նորից թախանձել է.
— Ինձ մեր տունը տարէք…
Հիւանդտեսի եկածներն իրենց լսածին չեն հաւատացել: Բռնագաղթին մօրաքոյրս հինգ տարեկան է եղել, հարիւր տարի է անցել, հարիւր…
Ի հարկէ՝ այս ամենը ես մօտաւորապէս իմացայ: Լուսին զարմուհիս նամակը գրել էր բուլղարերէն տառերով, արեւմտահայերէն բառերով, եւ ես կարծում եմ սա նրա առաջին ու վերջին նամակն է: Լուսինից բացի ոչ ոք նրանց տանը հայերէն չգիտի, եւ երբ մենք ազգականներով դէպքից դէպք հանդիպում ենք, իրար գրեթէ չենք հասկանում: Չնայած դրան, ես համոզուած եմ՝ իմ զարմիկները, նրանց զաւակներն ու թոռները, եթէ ոչ միայն Հայաստանի տեղը, անունն անգամ մոռանան, մահուան մահճում կրկնելու են.
— Ինձ մեր տունը տարէք…

Երեւան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *