ԿԱՅԱՑԱՒ «ԱՐՑԱԽԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹԻՒՆԸ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ

ԴՐ. ԱՆԱՀԻՏ ԱՒԱԳԵԱՆ

Մաշտոցեան մատենադարան, աւագ գիտաշխատող / Այխշթեթի համալսարանի պոստդոկտորանտ

Յուլիսի 15-19-ը ընթացաւ «Արցախի մշակութային ժառանգութիւնը» միջազգային գիտաժողովը։ Այն տեղի ունեցաւ երկու տարբեր վայրերում՝ Երեւանում (ԵՊՀ Աստուածաբանութեան ֆակուլտետ) եւ Վայոց ձորում (գ. Հերմոն, Լուսիտուր հիւրանոց-հանգստի գօտի)՝ այսպիսով ներառելով նաեւ Երեւանից դուրս գտնուող համայնքը եւ նպաստելով մարզային ներգրաւուածութեանը գիտական միջոցառմանը։
Արցախի մշակութային ժառանգութեան պահպանութեան թեմայով այս գիտաժողովը համախմբւում է արդէն երկրորդ անգամ. 2021 թ. գիտաժողովը, համավարակի սահմանափակումներով պայմանաւորուած, տեղի էր ունեցել առցանց։
Գիտաժողովի կազմակերպիչներն էին պրոֆ. դր. Մարտին Թամքէն (Գէօթինգէն), պրոֆ. դր. Անդրէաս Միւլլերը (Քիլ), դր. Դագմար Հելլերը (Բենսհայմ) եւ դր. Յարութիւն Յարութիւնեանը (Երեւան), աջակիցներն ու հովանաւորները՝ ԵՊՀ-ը, Հայաստանի ամերիկեան համալսարանը, Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութիւնը, Լեպսիուսի տուն-թանգարանը, Ֆրից Թիւսէն գիտութիւնների օժանդակման հիմնադրամը եւ Գերմանիայի աւետարանական եկեղեցին:
Ինչպէս որ կազմակերպիչներն էին նշել իրենց օրակարգում. «Արցախը / Լեռնային Ղարաբաղը վերստին յայտնուեց համաշխարհային հանրային ուշադրութեան կենտրոնում 2020 թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին՝ տարածաշրջանի համար մղուող պատերազմի հետեւանքով։ Մարտական գործողութիւնների պատճառով տարբեր քաղաքական, գիտական ու եկեղեցական հաստատութիւններ սկսեցին աւելի մեծ ուշադրութիւն դարձնել տուեալ տարածաշրջանին ու նրա պատմութեանը։ Այս համատեքստում այլ երկրների հետ մէկտեղ նաեւ Գերմանիայում հրապարակուեցին կոչեր ի պաշտպանութիւն Արցախի մշակութային կոթողների։
Այս գիտաժողովի կիզակենտրոնում եւս լինելու է արցախեան տարածաշրջանի մշակութային ժառանգութիւնը։ Սա կարեւորւում է յատկապէս ներկայ իրավիճակում, քանի որ Ադրբեջանը վերջին պատերազմից յետոյ իր հսկողութեան ներքոյ անցած տարածքներում ցանկանում է վերացնել հայոց պատմութեան հետքերն իբրեւ կարծեցեալ կեղծիքներ։ Այսպիսով՝ խիստ անհրաժեշտ է դառնում տարածաշրջանի մշակութային ժառանգութեան գիտական եւ համաչափ վերլուծութիւնը, որն էլ կիրականացուի այս միջառարկայական ու միջազգային նախաձեռնութեան շրջանակում»։
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն էին հայերէնը, անգլերէնը եւ գերմաներէնը. նիւթերի ժողովածուն եւս հրատարակուելու է եռալեզու: Մասնակիցները ներկայացնում էին Գերմանիայի, Շվէյցարիայի, Բելգիայի, Ռուսաստանի, Հայաստանի եւ Արցախի տարբեր գիտական, քաղաքական եւ եկեղեցական կառոյցներ, նիստերին ներկայ էին նաեւ հրաւիրեալ հիւրեր եւ ունկնդիրներ:
Գիտաժողովն իր աշխատանքները կազմակերպել է հինգ ընդգրկուն թեմատիկ նիստերով.
Ա. Արցախի մշակոյթն ու նրա պահպանման խնդիրները,
Բ. Արցախը պատմութեան եւ աստուածաբանութեան մէջ,
Գ. Պատերազմն ու քաղաքական ընդհանուր պայմանները,
Դ. Հայաստանը, Արցախը եւ Աշխարհը,
Ե. Արցախի արուեստն ու մշակոյթը։

ԵՊՀ Աստուածաբանութեան ֆակուլտետում գիտաժողովի միջազգային մասնակիցներին ընդունեց եւ Հայաստանի Հանրապետութեան բարձրագոյն կրթական համակարգին ծանօթացրեց ԵՊՀ ռեկտոր պ. գ. դ. պրոֆ. Յովհաննէս Յովհաննիսեանը։ Այնուհետեւ միջոցառումի բացմանը ողջոյնի խօսքով հանդես եկան ԵՊՀ Միջմշակութային կրօնագիտական կենտրոնի գիտաշխատող եւ Հայաստանի Ամերիկեան համալսարանի դասախօս Դր. Յարութիւն Յարութիւնեանը, ԵՊՀ Զարգացման եւ նորարարութիւնների գծով պրոռեկտոր Միքայէլ Յովհաննիսեանը եւ ԵՊՀ Աստուածաբանութեան ֆակուլտետի դեկան Անուշաւան եպս. Ժամկոչեանը։

Ա. Արցախի մշակոյթն ու նրա պահպանման խնդիրները
Գիտաժողովի անդրանիկ զեկուցումը կարդաց Մաշտոցեան Մատենադարանի տնօրէն պ. գ. դ. Վահան Տէր-Ղեւոնդեանը, որը ներկայացրեց Արցախի եւ Ուտիքի ձեռագրական ժառանգութեան վերաբերեալ անգլերէն լեզուով Մատենադարանի վերջին հրատարակութիւնը (հեղինակներ՝ Հրավարդ Յակոբեան, Թամարա Մինասեան, Վահէ Թորոսեան):
Պրոֆ. Դր. Անդրեաս Միւլլերը (Աստուածաբան. ֆակ., Քիլի համալսարան) խօսեց գերմանական գիտական գրականութեան մէջ Արցախին վերաբերող անդրադարձերին:
Գանձասարի վանքի վանահայր Սահակ վրդ. Շաքարեանը ներկայացրեց Արցախի թեմի համառօտ պատմութիւնը, իսկ Արցախի ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Յովհաննիսեանը բարձրաձայնեց Արցախի ոչ-նիւթական մշակութային ժառանգութեան պահպանման խնդիրը:
Պրոֆ. Դր. Ալեքսանդր Թրունկը (Իրաւագիտ. ֆակ., Քիլի համալսարան) ներկայացրեց իրաւական այն փաստաթղթերը, որոնք կարող են դրուել Արցախի մշակութային ժառանգութեան պահպանութեան հիմքում:

Բ. Արցախը պատմութեան եւ աստուածաբանութեան մէջ
Պ. գ. թ. Լուսինէ Թումանեանը (Մաշտոցեան մատենադարան, աւագ գիտաշխատող) խօսեց Եղիշէ եւ Դադ առաքեալների մասին, որոնք, ըստ հայ մատենագիրների, քրիստոնէութեան քարոզչութեամբ են զբաղուել Արցախում եւ Ուտիքում:
Դր. Աբէլ քհն. Մանուկեանը (Շվէյցարիայի Կրօնների խորհրդի գլխաւոր քարտուղար, Շվէյցարիայի Աւետարանական-բարեկարգեալ եկեղեցիների գիտաշխատող) մանրամասն արխիւային տուեալներ ներկայացրեց 19-րդ դ. 20-30-ական թթ. Շուշիում կառուցուած եւ գործունէութիւն ծաւալած Բազելի միսիոներական տան մասին:
Պ. գ. թ. Հայկ Մարտիրոսեանը (Լեպսիուսի տուն-թանգարան, Պոտսդամ) ներկաեացրեց Շուշիից սերող այն ուսանողներին, որոնք իրենց կրթութիւնը ստացել էին Գերմանիայում 19-րդ դ. վերջին եւ 20-րդ դ. սկզբին:
Պրոֆ. դր. Մարտին Թամքէն (Աստուածաբան. ֆակ., Գէօթինգէնի համալսարան) ներկայացրեց Բախիմոնտների ընտանիքի ծաւալած գործունէութիւնը Հայաստանում Առաջին աշխարհամարտից յետոյ:
Պ. գ. դ., պրոֆ. Աշոտ Հայրունին (ԵՊՀ Պատմութեան ֆակուլտետ, Հայոց պատմութեան ամբիոն, Երեւան) զեկուցեց Հարաւային Կովկաս թուրքական ներխուժման եւ Բաքուի հայ բնակչութեան 1918 թ. սեպտեմբերի կոտորածի մասին:
Անահիտ Ասատրեանը (Վարչապետի աշխատակազմի Սփիւռքի գործերի գլխաւոր յանձնակատարի գրասենեակ, Երեւան) ներկայացրեց Կարապետ եպս. Տէր-Մկրտչեանի գործունէութեան էջերը նորայայտ արխիւային փաստաթղթերի հիման վրայ:
Արփինէ Շպրինգբորնը (Գէօթինգէնի համալսարան, ասպիրանտ) խօսեց Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի՝ Արցախի խնդրին մօտեցման մասին սառը պատերազմի տարիներին:
Դր. Րաֆֆի Քանթեանը , (Հայ-գերմանական թղթակցութիւն, Հանովեր) ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի համար մղուած 44-օրեայ պատերազմի նախապատմութիւնը, ընթացքը եւ առաջացած իրադրութիւնը:
Դաստին Հոֆմանը (Եւրոմիութեան խորհրդարան, Բրիւսել) խօսեց Արցախի ինքնորոշման իրաւունքի, իսկ Յարութիւն Գրիգորեանը (Արցախի մշտական ներկայացուցչութիւն, Բեռլին)՝ 2020 թ. պատերազմից յետոյ տարածաշրջանի անվտանգութեան խնդիրների մասին:
Պրոֆ. Դր. Կլաուս Կոշորկէն (Աստուածաբան. Ֆակուլտ., Միւնխեն/Թուն) ներկայացրեց Մադրասի «Քրիստոնեայ հայրենասէր» ամսագրի էջերում հնդիկ հասարակութեան արձագանքը 1895/96 թ. հայ կոտորածներին:
Պրոֆ. Դր. Թոմաս Շթերնբերգը (Գերմանիայի կաթոլիկների կենտրոնական կոմիտէ, Միւնսթեր) ներկայացրեց Գերմանիայի Կաթոլիկ եկեղեցու յայտարարութիւնները, որոնք ձեւակերպուեցին եւ հրապարակուեցին արցախեան վերջին հակամարտութեան ընթացքում եւ դրանից յետոյ:
Մարկուս Մեկելը (Գերմանիայի խորհրդարանի նախկին անդամ, Բեռլին) արտայայտեց իր մտորումները Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգավորման մասին՝ որպէս մարտահրաւէր Ուկրաինայում ընթացող պատերազմի համատեքստում:
Գիտաժողովը իր աշխատանքները շարունակեց Վայոց ձորում, որտեղ Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ արքեպս. Մկրտչեանը ներկայացրեց թեմում իրականացուող սոցիալական եւ մշակութային ծրագրերը, որոնք կոորդինացնում է Սիւնիք-Զարգացում ՀԿ-ն։ Այս պահին դրանք հիմնականում ուղղուած են արցախեան վերջին պատերազմից յետոյ եւ Ուկրաինայում ընթացող պատերազմի հետեւանքով Վայոց ձորում հանգրուանած մեծահասակների եւ երեխաների տարբեր խնդիրների (սոցիալ-տնտեսական, հոգեբանական, կրթական եւ այլն) յաղթահարմանը։
Դր. Անի Ղազարեան Դրիսին (Եկեղեցիների համաշխարհային խորհուրդ, Եկեղեցի եւ կարգ յանձնախումբ Ժնեւ) ներկայացրեց Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հրապարակած կոչերը, հարցազրոյցները վերջին արցախեան պատերազմի ընթացքում եւ դրանից յետոյ, տեղի ունեցած հանդիպումները «Արդարութեան եւ խաղաղութեան ուխտագնացութեան» ընթացքում։
Դր. Դագմար Հելլերը (Միջեկեղեցական հետազօտական ինստիտուտ, Բենսհայմ), որը գիտաժողովի կազմակերպիչներից է, ներկայացրեց Հայ առաքելական եկեղեցու մասնակցութիւնը էկումենիկ շարժմանը։
Դր. Թեսսա Հոֆմաննը (Բեռլին) խօսեց Արցախի նիւթական մշակութային արժէքների պաշտպանութեան մասին:
Բ. գ. թ. Թամարա Մինասեանը (Մաշտոցեան Մատենադարան, աւագ գիտաշխատող) իր զեկոյցում խօսեց ձեռագրական այն յիշատակարանի մասին, որը պահպանել է մեզ հասած ամենահին կիրառումը Քարվաճառ տեղանուան:
Պրոֆ. դր. Արմենուհի Դրոստ-Աբգարեանը (Մեսրոպ հայագիտական կենտրոնի ղեկավար, Հալլէ) ներկայացրեց Հալլէի Համալսարանական գրադարանում պահուող Արցախեան Քառաւետարանի իր կողմից կատարուած գրչութեան թուականի ճշգրտումը:
Պ. գ. դ., պրոֆ. Համլետ Պետրոսեանը (ԵՊՀ, Մշակութաբանութեան ամբիոն) ներկայացրեց հայ-ադրբեջանական հակամարտութեան գօտում եղած հնագիտական յուշարձանների վտանգուածութեան եւ պահպանութեան խնդիրը:
Արուեստաբանութեան դոկտոր Արմէն Կազարեանը (Մոսկուայի պետական շինարարական համալսարանի Ճարտարապետութեան եւ քաղաքաշինութեան ինստիտուտի տնօրէն) ներկայացրեց Դադիվանքի գլխավոր եկեղեցու եւ մայրաքաղաքային ճարտարապետութեան զուգահեռները:
Պ. գ. թ. Արմինէ Մելքոնեանը (Մաշտոցեան Մատենադարան, աւագ գիտաշխատող) խօսեց 18-19-րդ դարերի փիլիսոփայ, աստուածաբան եւ բանասէր Յովսէփ Արցախեցու գրական ժառանգութեան մասին:

Գիտաժողովի մասնակիցների համար առցանց միացմամբ Արցախում իրավիճակի մասին սեղմ զեկուցեց եւ եզրափակիչ խօսք ասաց Արցախի հանրապետութեան Արտաքին գործերի նախարար Դաւիթ Բաբայեանը:
Գիտաժողովի աւարտին կազմակերպիչների կողմից հրապարակուեց Արցախի մշակութային ժառանգութեան պահպանմանն ուղղուած համատեղ հայտարարութիւն, որը մասնակիցների ստորագրութիւններով ուղարկուելու է միջազգային այլեւայլ կառոյցների։

Գիտաժողովի մասնակիցները հնարաւորութիւն ունեցան նաեւ այցելելու Հայաստանի մի շարք պատմահնագիտական յուշարձաններ, եկեղեցիներ եւ թանգարաններ, ներկայ գտնուեցին Երեւան ք. Սբ. Գրիգոր Լուսաւորիչ եկեցում պատարագին, ունեցան հանդիպում-քննարկում տարբեր վանքերի վանահայրերի, ԵՊՀ-ի պրոֆեսորների եւ Մատենադարանի գիտաշխատողների հետ:

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *