ԴՈԿՏ. ԱԲԷԼ ՔՀՆ. ՄԱՆՈՒԿԵԱՆԻ «ՀԱՅ ԵԿԵՂԵՑՒՈՅ ՍԱՐԿԱՒԱԳՈՒՀԻՆԵՐԸ» ԳԻՐՔԸ

ԴՈԿՏ. ԹԱՄԱՐԱ ՄԻՆԱՍԵԱՆ

Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անուան մատենադարանի աւագ գիտաշխատող

Մեծապէս գնահատելի պէտք է համարել աստուածաբանութեան եւ փիլիսոփայութեան դոկտ. Աբէլ քհն. Մանուկեանի «Հայ եկեղեցու սարկաւագուհիները» գրքի հրապարակումը: Այն Հայ եկեղեցու սարկաւագուհիների ձեռնադրութեան վերաբերեալ արժէքաւոր եւ ամփոփ աշխատանք է եւ լրացնում է մեր եկեղեցու պատմութեան մէջ եղած մի մեծ բաց: Գիրքը լոյս է ընծայուել տէր եւ տիկին՝ Մհեր եւ Նինա Պապեանների մեկենասութեամբ (Պէյրութ, Լիբանան, 2022):
Ուսումնասիրութեան հեղինակը գիտական շրջանակներին յայտնի է հայերէն, անգլերէն, գերմաներէն, ֆրանսերէն լեզուներով հրապարակուած բազմաթիւ գրքերով ու յօդուածներով: Հայ սարկաւագուհիների թեմային դոկտ. Աբէլ քհն. Մանուկեանն անդրադարձել է դեռեւս 1980-ական թուականներին՝ Վիեննայի Պետական համալսարանի արեւելեան եկեղեցիների բաժանմունքում ներկայացնելով «Սարկաւագուհին Հայ Եկեղեցւոյ աւանդութեան մէջ» աշխատանքը: Այդ աշխատանքը Նիւ Եորքում Հայաստանեայց Եկեղեցու Հիւսիսային Ամերիկայի արեւելեան թեմի հովանաւորութեամբ առանձին հատորով տպագրուեց նախ 1991 թ. (Աբէլ Աբեղայ, «Հայ եկեղեցու սարկաւագուհիները», Նիւ Եորք, 1991), ապա 1994 թ.՝ դոկտոր պրոֆեսոր Փիթըր Քաուիի անգլերէն թարգմանութեամբ եւ Նիւ Եորքի Ս. Ներսէս Ընծայարանի նախաձեռնութեամբ (Oghlukian (AKA: Manukian) A. «The Deaconess in the Armenian Church, A Brief Survey», Trans. Peter Cowe, New York, 1994):
Ներկայ աշխատութիւնը նախորդի վերալրացուած հրատարակութիւնն է, եւ ըստ էութեան, Հայ եկեղեցում սարկաւագուհիներին նուիրուած առաջին համալիր գիտական ուսումնասիրութիւնը, որտեղ հեղինակը մատենագրական բազմաթիւ նոր տեղեկութիւնների հաղորդմամբ ցոյց է տալիս, որ Հայաստանեայց առաքելական եկեղեցում հնագոյն ժամանակներից ի վեր կանանց սարկաւագութեան աստիճան շնորհելու աւանդոյթը քրիստոնէական հայադրոշմ հաւատքի նուիրական արդիւնք է, որի պահպանումն ու զարգացումը մեր եկեղեցու իւրաքանչիւր հաւատացեալի, յատկապէս եպիսկոպոսական դասի առաջնակարգ պարտականութիւններից մէկը պէտք է լինի:
Կանայք կարեւոր դեր են ունեցել դեռեւս առաքելական եւ վաղ քրիստոնեական շրջանում, ինչի մասին վկայութիւններ կան Նոր Կտակարանում եւ Եկեղեցու հայրերի ու վարդապետների երկերում: Կանանց սարկաւագութեան աստիճան շնորհելու իմաստով բերելով աւետարանական բոլոր երեք վկայութիւնները (Հռոմ. ԺԶ, 1-2, Ա. Տիմ. Գ, 1, Ա. Տիմ. է, 3-16)՝ հեղինակը մէկ առ մէկ ներկայացնում է դրանք՝ տալով նաեւ աստուածաբանութեան մէջ եղած թեր եւ դէմ կարծիքները: Արեւելեան եկեղեցու ամբողջ աւանդութիւնը, ինչպէս նաեւ Որոգինէս եւ Կղեմէս Աղեքսանդրացի, Յովհան Ոսկեբերան հայրապետները` Նոր Կտակարանի վերոյիշեալ երեք վկայութիւններում տեսնում են կանանց սարկաւագութեան ծագումը (Յիսուս եւ ժամանակակից կանայք, էջ 16-18, Վկայութիւններ Նոր Կտակարանին մէջ, էջ 19-21):
Յաջորդ գլուխը վերնագրուած է «Վկայութիւններ առաջին երեք դարերէն» (էջ 22-23): Քրիստոնեութեան առաջին երեք դարերում կանանց սարկաւագութեան մասին ուղղակի վկայութիւններ չկան: Հեղինակը բերում է Պլինիոս Կրտսերի (քրիստոնեաների մօտ «ծառայ» երկու ստրկուհիների), Իգնատիոս Անտիոքացու (եկեղեցում ծառայող այրիների) եւ Պողիկարպոս Զմիւռնացու (այրիների պարտաւորութիւնների) այս դարերում կանանց ունեցած դերի մասին անուղղակի վկայութիւնները, որոնք, սակայն, սարկաւագուհիների ունեցած եկեղեցական կարգի մասին բացայայտ տեղեկութիւններ չեն հաղորդում: Նոյն դարերից Տերտուղիանոսի հաղորդած տեղեկութիւնների համաձայն՝ այրիները պատկանում էին եկեղեցականների դասին, սակայն չունէին մասնաւոր պաշտօն եւ քարոզելու իրաւունք: Կղեմէս Աղեքսանդրացի եւ Յովհան Ոսկեբերան հայրապետներին եւս ծանօթ են քարոզելու իրաւունքից զուրկ եւ եկեղեցականների դասին պատկանող այրիներ: Չնայած այս հեղինակները խօսում են սարկաւագուհիների մասին, սակայն մերժում են կանանց վարդապետական եւ ծիսական իշխանութիւններ շնորհելը: Հռոմի Հիպոլիտ եպիսկոպոսը իրարից տարբերում էր այրիներին եւ կուսաններին նրանով, որ այրիները չէին ձեռնադրւում:
«Սարկաւագուհիներու դասական ժամանակաշրջանը (Գ.-Զ. դար)» գլխում խօսւում է կնոջ սարկաւագութեան եւ նրանց պարտականութիւնների վերաբերեալ յստակ վկայութիւնների մասին, որոնք ձեւաւորուել են Գ. դարում եւ պահպանուել են «Առաքելական կարգադրութիւններ» ժողովածուի մէջ:
Բիւզանդական եկեղեցում կանանց սարկաւագական ձեռնադրութիւն շնորհելու աւանդոյթը սկսւում է Դ. դարից եւ հասնում մինչեւ Ժ.-ԺԱ. դարերը, որից յետոյ աստիճանաբար սկսում է մարել: Հեղինակը, իբրեւ ասուածի վկայութիւն, հիմնւում է 780 թ. Իտալիայում կոստանդնուպոլսական բնագրից օրինակուած մի գրչագրի հաղորդած տուեալների վրայ, որտեղ խօսւում է Գ.-Ը. դարերում Բիւզանդական եկեղեցում սարկաւագուհիների ձեռնադրութեան մասին (Սարկաւագուհիները բիւզանդական աւանդութեան մէջ, էջ 35-38): Իսկ ասորական, Յակոբիկեան եւ Նեստորական եկեղեցիներում սարկաւագուհիների ձեռնադրութեան աւանդոյթը շարունակուեց մինչեւ ԺԱ. դարը: Այս եկեղեցիներում սարկաւագուհիները հանդէս էին գալիս զանազան պարտականութիւններով եւ պաշտօններով: Այստեղ նրանք եպիսկոպոսից ոչ միայն ձեռնադրութիւն էին ստանում, այլեւ պատարագի ընթացքում վերաբերում էին կատարում եւ ընթերցում աւետարան: Դ.-ԺԱ. դարերի եկեղեցու պատմութեան շրջանը համարւում է կանանց սարկաւագութեան դասական շրջան: ԺԱ. դարից յետոյ այն աստիճանաբար սկսեց ամլանալ: Այս իմաստով բացառութիւն կազմեց Հայ եկեղեցին (Սարկաւագուհիները ասորական եղեցիներուն մէջ, էջ 39-41):
Հայ Եկեղեցու սարկաւագուհիների ծառայութեան ու պարտականութիւնների վերաբերեալ առաջին տեղեկութիւնները պահպանուել են Մխիթար Գոշի եւ Սմբատ Սպարապետի «Դատաստանագրքերում», Ստեփանոս Օրբելեանի «Պատմութիւն նահանգին Սիսական» երկում: Ընդ որում՝ բոլոր այս հեղինակների գործերում սարկաւագուհիները սարկաւագների հետ մէկտեղ դասւում են եկեղեցական նուիրապետութեան 6-րդ աստիճանին: Ձեռագիր Մաշտոցների հաղորդած տեղեկութիւնները հիմք ընդունելով՝ կանանց սարկաւագ ձեռնադրելու աւանդոյթը մեր եկեղեցում սկսում է Թ.-Ժ. դարերից: Այս առումով հեղինակը յղում է Վենետիկի Մխիթարեան Մատենադարանի թ. 199 եւ Մաշտոցեան Մատենադարանի թ. 2787 Մաշտոցները (Սարկաւագուհիները Հայ Եկեղեցւոյ մէջ, էջ 43-68):
Կանանց սարկաւագութեան վերազարթօնք է սկսւում ԺԷ. դարում, երբ բացւում են կուսանոցներ: Յայտնի էին Շենհերի, Շոռոթի եւ Արցախի աւետարանոց աւանի կուսանաց անապատի սարկաւագուհիները, որոնք նաեւ ձեռագիր մատեաններ էին ընդօրինակում։ ԺԹ. դարում յայտնի էին նաեւ Նոր Ջուղայի Ս. Կատարինէ, Թիֆլիսի Ս. Ստեփանոս եւ Կ. Պոլսի Գալֆայեան կուսանոցները: Հեղինակը այս բոլոր հաստատութիւններին անդրադառնում է առանձին-առանձին, կից ներկայացնում է նաեւ Նոր Ջուղայի Ս. Կատարինէ մենաստանի կանոնները եւ Գալֆայեան միաբանութեան ազգային-եկեղեցական առաքելութեան ծրագիր-կանոնագիրքը (Կանանց սարկաւագութեան վերազարթօնքը, էջ 71-83, Հայ կուսանոցները Հայաստանի սահմաններէն դուրս, էջ 86-134):
Առանձին հետաքրքրութիւն է ներկայացնում սարկաւագուհիների հանդերձանքը, որին հակիրճ անդրադառնում է հեղինակը (Սարկաւագուհիներու զգեստաւորումը, էջ 85): Սարկաւագուհիների զգեստաւորմանը վերաբերող առաջին վկայութիւնները ԺԲ.-ԺԳ. դարերից են: Ըստ մատենագրական աղբիւրների՝ սարկաւագուհիները ճակատներին կրել են մետաղեայ փոքրիկ խաչ, իսկ ուսերին՝ ուրար: Իսկ արդէն ԺԹ.-Ի. դարերում սարկաւագուհիներն զգեստաւորուած են շապիկով եւ մինչեւ գետին հասնող սպիտակ շղարշով:
Գրքի վերջին գլուխը վերնագրուած է «Արեւագալի նոր յոյսեր» (էջ 135-176), որին կից հեղինակը ներկայացնում է Մեծի Տանն Կիլիկիոյ միաբանութեան անդամ, երջանկայիշատակ Զարեհ արք. Ազնաւորեանի Գայանեանց քոյրերի միաբանութեան համար 1989 թ. Անթիլիասում պատրաստած եւ չվաւերացուած «Նախագիծ կազմութեան եւ կազմակերպութեան կրօնաւորուհեաց կարգի» աշխատութիւնն ամբողջութեամբ՝ առաջին անգամ գիտական շրջանառութեան մէջ դնելով այն (էջ 136-157):
Գրքում մեծապէս արժեւորւում է այն անհերքելի իրողութիւնը, որ Հայաստանեայց առաքելական սուրբ եկեղեցին իր պատմութեան դարաւոր հոլովոյթում երբեք չի եղել «արական-շովինիզմ»-ով կաշկանդուած հաստատութենական մի կառոյց, այլ, ընդհակառակը, իր կեանքում լիարժէք գնահատել է կանանց ծառայական ներկայութիւնը՝ շնորհելով նրանց տղամարդկանց հետ իրաւահաւասար սարկաւագական աստիճանի կոչում։ Այսպէս, առաքելական եկեղեցիների ընտանիքում Հայ եկեղեցին գրաւում է առաջատար եւ կարեւորագոյն նշանակութիւն ունեցող դիրք՝ կանանց նկատմամբ ցուցաբերելով օրինակելի լայնախոհութիւն՝ ներգրաւելով նրանց եկեղեցու նուիրապետական կարգում։
Դոկտ. Աբէլ քհն. Մանուկեանը իր աշխատասիրութեան մէջ նշում է, որ մեր օրերում ամբողջ Հայ եկեղեցում տակաւին գոյութիւն ունի ընդամենը մէկ ձեռնադրուած սարկաւագուհի Թեհրանում եւ մէկ կիսասարկաւագուհի՝ Կ. Պոլսում։ Հետեւաբար, հեղինակը կոչ է անում մեր եկեղեցու հաւատացեալներին, մասնաւորաբար եպիսկոպոսներին՝ զարկ տալու այս նուիրական աւանդութեան վերածաղկմանը Հայաստանեայց առաքելական եկեղեցու սաղարթագեղ անդաստանում։ Սակայն նորընծայ սարկաւագուհիների թուային պակասի բուն պատճառներից մէկը պայմանաւորուած է այն կարծր պահպանողականութեամբ, որ ուղղակի արգելակում եւ կաշկանդում է որոշակիօրէն ժամանակահունչ դարձնելու հարուստ աւանդութիւններով ու արեւելեան շքեղ ծիսակարգ ունեցող մեր եկեղեցին։ Եկեղեցու թշնամին նա չէ, ով բարեկարգումների անհրաժեշտութիւն է զգում եւ այն պահանջում, այլ նա, որ անշարժ ու անփոփոխ կանգնած թէկուզ ակամայ ճահճուտի է վերածում եկեղեցու հայրերի աւանդոյթները՝ անդամալուծել կամենալով մարդկային մտքի ու զարգացման առաջընթացը։ Արդարեւ, Ս. Հոգին չի գործում գարշահոտ ճահճուտներում եւ կորդացած դաշտերում, «այլեւ Աստուած՝ ասէ, կենդանեաց եմ, եւ ոչ մեռելոց» (Մտ ԻԲ, 32)։ Ուստի՝ Եկեղեցին մի՛շտ պէտք է բարեկարգուի, լինի ժամանակահունչ եւ բաց՝ մարդկանց ու Ս. Հոգու ներգործութեան համար։
Դոկտ. Աբէլ քհն. Մանուկեանի հայ սարկաւագուհիներին նուիրուած այս գիրքն ունի գիտական արժէք: Շարադրանքը յստակ է, գրուած գեղեցիկ եւ մաքուր արեւմտահայերէնով: Իբրեւ սկզբնաղբիւրներ հեղինակն օգտուել է Հայաստանի ազգային արխիւի ֆոնդերից, Մ. Մաշտոցի անուան Մատենադարանի եւ Վենետիկի Մխիթարեան միաբանութեան մատենադարանի ձեռագրաց ֆոնդերից, մատենագիր աղբիւրներից, «Կանոնագիրք Հայոցից»: Հարուստ է նաեւ տպագիր գրականութեան ցանկը. ձեռագրացուցակներ, հանրագիտարաններ, բառարաններ, 59 միաւոր հայ եւ օտարալեզու հեղինակների մենագրութիւններ եւ յօդուածներ, ինչպէս նաեւ համացանցային գրականութիւն: Աշխատանքի գիտական կողմն ամբողջացնում են խնամքով կատարուած յղումները, անձնանունների եւ առարկայական հարուստ ցանկերը եւ Նոր Ջուղայի Ս. Կատարինէ կուսանաց վանքի, Թիֆլիսի Ս. Ստեփանոս վանքի սարկաւագուհիների եւ Գալֆայան միաբանութեան որբասէր քոյրերի մօտ 50 վաւերագրական լուսանկարները: Գիրքը արժեւորւում է նաեւ իր արտաքին տեսքով: Տպագրուած է լաւ եւ բարձրորակ թղթի վրայ, գեղեցիկ ձեւաւորմամբ եւ ամուր կազմով:
Դոկտ. Աբէլ քհն. Մանուկեանի «Հայ եկեղեցու սարկաւագուհիները» գիրքը շահաւետ հրատարակութիւն է սարկաւագուհիների կեանքով ու գործունեութեամբ հետաքրքրուողների համար, ինչպէս նաեւ օգտակար կարող է լինել ազգագրագէտներին, եկեղեցու պատմութեան ու մշակութային հարցերով զբաղուող մասնագէտներին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *