ԱՐՄԷՆ ՀԱՅԱՍՏԱՆՑԻ
Սկիզբը՝ նախորդ թիւով
Սովորաբար ճաշին նախորդող ազատ ժամին Ալիսան նախընտրում էր մեկուսանալ հիմնական շէնքից քիչ հեռու գտնուող գողտրիկ մի պուրակում, որտեղ կլոր աւազան կար։ Աւազանի կենտրոնում կոկորդիլոս գրկած տղայի բետոնէ արձան կար, որ իւղաներկով գունաւորած էր։ Կոկորդիլոսի բերանից շիթով ջուր էր ցայտում, իսկ նրան գրկած տղան Վերածննդի շրջանի փոքրիկ կուպիդոն էր յիշեցնում, բայց չունէր ոչ նետ ու աղեղ, ոչ էլ հրեշտակի թեւեր, պարզապէս իրենից չափերով մի քիչ մեծ կոկորդիլոսին գրկած տղուկ էր։ Ալիսան նստում էր մօտակայ փայտէ նստարանին՝ ծառի շուաքում, եւ կլանուած ընթերցում այդ ամառ իր կարդացած միակ գիրքը՝ Բուլիչովի «Сто лет тому вперёд»-ը,(«Հարիւր տարի յետոյ») որի հիման վրայ էլ նկարահանուել էր իր ամենասիրած մինի սերիալը՝ «Гостья из будущего»-ն, («Հիւրը՝ ապագայից») իսկ գիրքը, յուրախութիւն իրեն, գտել էր առողջարանի գրադարանում։
Ազատ ժամին աւազանի մօտ ընթերցելիս նա յաճախ էր տեսնում նախադպրոցական տարիքի մի տղայի, թէեւ մտքով երբեւէ չէր անցնում խօսեցնել նրան կամ առաւել եւս հետը խաղալ։ Ալիսան գիտէր, որ փոքրիկ տղան ապրում էր էստեղ՝ առողջարանի տարածքում բնակուող իր մանկավարժ տատիկի ու պապիկի հետ, քիչ մեկուսի կառուցուած միյարկանի երկար վագոն յիշեցնող անշուք շինութիւնում, որտեղ սենեակներ էին յատկացուած հեռուներից եկած որոշ աշխատակիցների։
Փոքրիկ տղան երկար-երկար նստում էր աւազանի պռնկին ու հմայուած, կախարդուածի պէս նայում էր կոկորդիլոսով արձանին, ասես ինքն էլ աւազանի մի անքակտելի մասը լինէր՝ կենդանի արձան։ Բայց ահա մէկնումէկը կանչում էր նրան, ու արձանացած տղան միանգամից դուրս էր գալիս իր հիպնոսացած վիճակից, վերածւում աշխոյժ փոքրիկի, թռչկոտելով վազում ամեն ձայն տուողի յետեւից։
* * *
Երեք ու կէս տասնամեակի հեռուից Ալիսա Մելնիկը պարզորոշ յիշում է կարմիր ժիգուլու յայտնուելն առողջարանի մեծ շէնքի դիմաց (զարմանալի էր, որ դարպասը բացել ու թոյլ էին տուել ժիգուլին մօտենայ շէնքին, որովհետեւ այցելուների մեքենաները սովորաբար կայանում էին տարածքից դուրս)։ Ազատ ժամ էր, ինքը սովորականի պէս նստած կարդում էր՝ երեւի շատ կլանուած, որովհետեւ աչքի պոչով հեռուից տեսել, բայց միանգամից գրքից չէր կտրուել։
Երեք ու կէս տասնամեակի հեռուից Ալիսայի խիղճը դեռ թեթեւակի տանջում է, սիրտը չի տանում, որ արագ չկողմնորոշուեց, որ յապաղեց, րոպէ առաջ չվազեց ու չփարուեց Սիրունին, որ չվերցրեց նրա հասցէն կամ հեռախօսի համարը, եւ շուարած, հեռուից լուռ հետեւում էր, թէ ինչպէս Սիրունը՝ մի անծանօթ տղամարդու, ընկեր Արեգի ու ընկեր Վիլսոն Թումանեանի ուղեկցութեամբ մօտեցաւ կարմիր ժիգուլուն, մի տեսակ խեղճացած, մի տեսակ այլայլուած, փնտրող հայեացքը հեռուներին՝ նստեց, ու երբ մեքենան տեղից պոկուեց, յուսահատ մի շարժումով իջեցրեց դռան ապակին, կարծես շնչահեղձ կը լինէր, տեղում կը փլուէր ու էլ երբէք-երբէք չէր հաւաքուի, եթէ հէնց էդ պահին գլուխը դուրս չցցէր ու չտեսնէր հարազատ մէկին։ Ու հէնց էդ վերջին, ամենավերջին պահին էր, որ Ալիսան գիրքը նետեց ու տեղից պոկուեց, վազեց ոտքերում ինչքան ուժ կար, ինչքան ուժ կար իր դեռահաս մարմնում, ու յընթացս ձայն տուեց, չէ՛, գոռաց թոքերում ինչքան շունչ կար, զիլ կանչեց՝ «Сирууууун․․․ Жить будем, будем дру…», («Սիրու՜ուն…ապրելու ենք, ընկեր…») եւ անգամ չիմացաւ՝ լսե՞ց Սիրունն իրեն, հասկացա՞ւ, իսկ եթէ նոյնիսկ չլսեց, հաստատ տեսաւ իրեն, որովհետեւ հէնց էդ վերջին, ամենավերջին պահին նրանց հայեացքները խաչուեցին, ու Սիրունը՝ գանգուր մազերի դէզը գլխին, արեւի պէս շողշողուն աչքերն արցունքոտած Սիրունը, դէմքից անպակաս ժպիտը ջնջուած Սիրունը, տխուր-տրտում ձեռքով արեց։
Հաշուած ժամեր անց բոլորը գիտէին. Սիրունի հայրն էր… Աֆղանստանում։ Կլորիկ Դարեան ամբողջ գիշեր լուռ հեկեկաց՝ գլուխը ծածկոցի տակ քաշած, որովհետեւ իր անուան պէս սիրուն մարդ էր Սիրունը, ու հաստատ-հաստատ շատ սիրուն մարդ էր նաեւ նրա հայրիկը, իր քեռու պէս սիրուն, իր քեռու պէս, որ նոյնպէս Աֆղանստանում էր, որովհետեւ «не должны умирать красивые» («Գեղեցիկ մարդիկ պէտք չէ մեռնեն», ռուսերէն «Ծովահարս» մանկական շարժանկարի հանրածանօթ երգ)։
Լուսաբացին, երբ Դարեան վերջապէս քնեց, Ալիսան խոր հոգոցով նստեց անկողնու եզրին, սենեակակից աղջիկները հերթով, համաժամանակեայ մի չհնչած հրահանգով վեր կացան. ամբողջ գիշեր աչք չէին կպցրել, բացի արծուաքիթ Յասմիկից, որ յետեւը տնկած՝ հանդարտ հանդիսաւորութեամբ խռռացնում էր։
Առաջիկայ շաբաթուայ պատի թերթը կախելուց յետոյ պահանջուեցին հաշուած րոպէներ, որ ամբողջ մանկավարժական կոլեկտիւը՝ ընկեր Վիլսոն Թումանեանի գլխաւորութեամբ, շուարած կանգնի պատի դիմաց, որովհետեւ Ալիսան համարձակուել էր հեղինակել «Mиру мир, НЕТ войне в Афганистане!» («Աշխարհին՝ խաղաղութիւն, Ո՛Չ պատերազմին՝ Աֆղանստանում») վերնագրով մի համառօտ նիւթ, որը նկարազարդել էին սենեակակից ուկրաինուհիներով՝ կլորիկ Դարեայի, կապուտաչեայ Օլեայի ու երկարուկ Եուլեայի հետ, ընկեր Արեգից թաքուն (Յասմիկը չէր ցանկացել միանալ)։
Ինչեւիցէ, պատի թերթն իսկոյն հանել տուեցին, ընկեր Արեգը տեղում, բոլորի ներկայութեամբ խիստ նկատողութիւն ստացաւ, չնայած հայերէն, բայց ինքնին հասկանալի էր, թէ ինչն ինչոց է։ Ապա ընկեր Վիլսոն Թումանեանը Ալիսային եւ միւս ուկրաինուհիներին հրաւիրեց իր մոտ զրոյցի, որտեղ երկար-բարակ պատմեց Հայրենական պատերազմի իր ուղին՝ չգիտես ինչու պատի քարտէզի վրայ ցոյց տալով Ուկրաինայի այն բոլոր տարածքները, որտեղ կռուել էր։ Պատերազմի հէնց սկզբում՝ 1941-ի ամռանը, Բելայա Ցերկովի մօտ ծանր վիրաւորուել, յետոյ գերի ընկել։ Երկու տարուայ գերութիւնից յետոյ՝ 1943-ի մայիսին, ընկերների հետ փախել էր գերութիւնից, միացել Սուվորովի անուան պարտիզանական ջոկատին։ 1943-ի ամռանը՝ էս պատմութիւնն անելու պահից ուղիղ քառասուներեք տարի առաջ, շարքից հանել էր Շեպետովկա-Բերդիչեւ մեկնող հակառակորդի ռազմական գնացքը, ապա եւս երկու գնացք՝ կենդանի ուժի ու տեխնիկայի հետ մէկտեղ, ինչի համար հետագայում պարգեւատրուել էր «Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի շքանշանով», «Հայրենական պատերազմի պարտիզան» մեդալով եւ նշանակուել երկրորդ վաշտի քաղղեկ (էս ասելիս ընկեր Վիլսոն Թումանեանը դարակից խնամքով հանել ու ցոյց էր տուել մեդալները, կարծես աղջիկները փաստացի ապացոյցի կարիք ունէին)։ Ապա նրանց պարտիզանական ջոկատն ազատագրել էր Բերեզնիկա, Գորոդնիցա, Մալայա Կորովնիցա եւ մի շարք այլ բնակավայրեր, պայթեցրել շատ զինապահեստներ, կամուրջներ, վառելիքով լի ցիստեռններ։ Սուվորովի պարտիզանական ջոկատը շատ ակտիւ մասնակցութիւն էր ունեցել Արեւմտեան Ուկրաինայում գործող բանդերական խմբերի ոչնչացմանը («бандеровцы» ասելիս ընկեր Վիլսոն Թումանեանը նայեց ուղիղ Ալիսա Մելնիկի աչքերի մէջ)։ Թէեւ նրա հայեացքում չարութիւն չկար, իսկ տոնը բոլորովին էլ խիստ չէր, բայց սարսափի ու ընդվզման մի խառը զգացում պատեց Ալիսային։ Սարսափը սրւում էր էն վերահաս գիտակցումից, որ տունդարձի ճամբայ չունէր, որ ծնողների ապահով գիրկն ինքնուրոյն վերադառնալու հնար չունէր՝ ոչ անվերջ քայլելով, ոչ շնչասպառ լինելու աստիճանի վազելով, ոչ էլ անգամ հազար հանրային տրանսպորտ փոխելով։ Իսկ սարսափին խառնւում էր յուսահատ ընդվզման մի զգացում էն մտքից, որ, ահա, էս ալեզարդ մազերով, բարի աչքերով ու մեղմ ժպիտով մարդը՝ Վիլսոն արտառոց անունով ու իր ականջին ոչ պակաս արտասովոր Թումանեան ազգանուամբ էս հերոս վետերանը, որ կարող էր իր պապը լինել, կարող էր նաեւ իր պապին սպանո՛ղը լինել, որովհետեւ, որքան էլ ընտանեկան տաբու էր, բայց ինքը վաղուց գիտէր, բոլորը գիտէին, բոլոր-բոլորը գիտէին, որ իր հայրը պատերազմի վերջում սպանուած բանդերականի որդի էր եւ ստիպուած էր եղել ծնողից հրաժարուել։
Ինչեւիցէ, ընկեր Վիլսոն Թումանեանն Աֆղանստանի մասին բաւարարուեց ասելով, որ հեռաւոր այդ երկրում սովետական զօրքերը հերոսաբար մարտնչում են համաշխարհային իմպերիալիզմի չարիքի դէմ, ինչպէս իրենք ժամանակին՝ ֆաշիզմի դէմ։ Ալիսային ներուեց իր չիմացութիւնը, վերջում ընկեր Վիլսոն Թումանեանը խոստացավ աֆղանական պատերազմի մասին առաջիկայում զեկուցմամբ հանդէս գալ, իր բառերով՝ «ликбез по Афганистану» («Կրթական ծրագիր՝ Աֆղանստանում») անել։
* * *
Ինչ խօսք, ընկեր Վիլսոն Թումանեանը զեկուցմամբ էդպէս էլ հանդէս չեկաւ, փոխարէնը խիստ նկատողութիւնից, թէ անարդարութեան զգացումից նեղսրտած ընկեր Արեգը մի քանի օրից դասասենեակում հաւաքեց ամբողջ ջոկատին, պատմեց Վիետնամի պատերազմի դէմ ելած հիպիների եւ ամերիկացի պացիֆիստների մասին, միացրեց «արգելուած երաժշտութիւն»՝ Jesus Christ Superstar: Էդպիսով, ընկեր Արեգը դարձաւ իրենց իսկական ընկերը, համախոհն ու յանցակիցը, կեղծ կուսակցական աշխարհից դէպի անկեղծ մանկապատանեկան զուգահեռ աշխարհ եկած ապագայի առաջին հիւրը, իսկական, բառիս բուն՝ նախնական իմաստով պիոներ, իսկ Ալիսայի աչքերում՝ մի նոր կենդանի հերոս։
Երեւի հէնց էդ օրն էլ ծնուեց ճամբարի աւարտական հանդէսին միւզիքլ բեմադրելու գաղափարը։ Մեծ իրադարձութիւն էր հանդէսը, ամեն ջոկատ իր ներկայացմամբ պիտի հանդէս գար՝ երգ, պար, ասմունք, թատրոն, ինչ ասես։ Գալու էին յատուկ հիւրեր Երեւանից եւ ճամբարականներից շատերի ծնողները։
Պարզուեց՝ երկարուկ Եուլեան իսկապէս հրաշալի դաշնամուր էր նուագում, նաեւ իմպրովիզի մեծ վարպետ էր, տղաներից մէկը բաւական յաջող շեփորահար էր, միւսը՝ կիթառահար, հարուածային գործիքների հարցը լուրջ էր, թմբուկ ու դափ զարկել ոչ մէկն առանձնապէս չգիտէր, բայց ճարուեցին սիրողական կամաւորներ, եւ ահա «Մելաֆոն» նուագախումբը ձեւաւորուեց։ Մի քանի օրում ընտրեցին երգերը, գրեցին «Չեռնոբիլ-Մեծամօր» միւզիքլի ամբողջ սցենարը։ Ալիսան գլխաւոր դերակատարն էր, մարմնաւորում էր ապագայից եկած Ալիսա Սելեզնեովայի կերպարը, որը, ըստ սցենարի, ժամանակի մեքենայով գալիս է Մեծամօր ատոմակայանի հնարաւոր պայթիւնը կանխելու առաքելութեամբ։ Ընտրուած մեթոդը շատ պարզ էր. երգում էին հանրայայտ, սիրուած ռուսական երգեր, հիմնականում «Էլեկտրոնիկի արկածները» մինի սերիալից, բայց բառերը տեղ-տեղ փոխուած էին։ Երբեմն նաեւ երգի բառերից անցում էր կատարւում ասմունքի, եւ օրինակ՝ «Крылатые качели» (Թեւաւոր ճօճանակներ) երգն աւարտում էին առաջին տողի կրկնութեամբ՝ «В юном месяце апреле․․․», (Պատանի ապրիլ ամսում) որ շարունակւում էր ապրիլի 26-ի՝ չեռնոբիլեան պայթիւնին նուիրուած մելոդեկլամացիայով։ Մասիսը մեծամօրցի դպրոցականի դեր էր խաղում, որն օգնում էր Ալիսա Սելեզնեովային իր առաքելութեան մէջ։ Նրա հերոսը սկզբում անպատասխանատու ծոյլիկ տղայ էր, որ մեներգում էր Սիռոեժկինի երգը՝ «Мы маленькие дети, нам хочется гулять», («Մենք փոքրիկ երեխաներ ենք, մենք զուարճանալ ենք ուզում») բայց Ալիսայի հետ հանդիպելուց յետոյ վերափոխւում էր ու դառնում պատասխանատու պատանի։ Մասիսը յընթացս երգչախմբի ուղեկցութեամբ կատարում էր նաեւ «До чего дошел прогресс»-ը, («Մինչեւ ուր է հասել առաջընթացը») որի ընթացքում բեմադրել էին ռոբոտների մի ինքնատիպ պարային համար։ Ներկայացումն աւարտւում էր Չեռնոբիլից դասեր քաղածների կողմից Մեծամօրի պայթիւնի կանխարգելմամբ ու «Прекрасное далёко»-ի («Գեղեցիկը հեռու է») խմբակային կատարմամբ, որի հնչիւնների ներքոյ Ալիսա Սելեզնեովան՝ նոյն ինքը՝ Ալիսա Մելնիկը, վերադառնում էր հետ՝ ապագայ։
Ընկեր Արեգի ջոկատը մեծ ոգեւորութեամբ կպել էր հանդէսի փորձերին, ամբողջ օրը դրանով էին տարուած, իսկ Ալիսան անգամ ազատ ժամին այլեւս չէր տրւում իր սիրելի ընթերցանութեանը։ Առաջիկայ շաբաթներին տարօրինակ ոչինչ չգրանցուեց։ Բայց անդորրը խաբուսիկ էր։ Շուտով փորձերից մէկի ժամանակ ընկեր Վիլսոն Թումանեանի գլխաւորութեամբ մի պատուիրակութիւն յայտնուեց։ Երեխէքը մի պահ կաշկանդուեցին, փորձեցին ընկեր Արեգի պահուածքից հասկանալ՝ ինչ անել, ի վերջոյ շրջահայեցօրէն, ներքին, անխօս մի համաձայնութեամբ կատարեցին երգերն առանց փոփոխուած բառերի։ «Чтоб никаких сюрпризов», («Անցանկալի անակնկալներ չլինե՛ն») — հեռանալիս յատուկ ռուսերէնով ասաց ընկեր Վիլսոն Թումանեանը, եւ Ալիսան հասկացաւ, որ անսպասելի այցի մէջ արծուաքիթ Յասմիկի մատը խառն էր։ Եւ իսկապէս, հէնց նոյն երեկոյեան Յասմիկը հրաժարուեց իր փոքր դերից եւ առանց որեւէ հիմնաւորման յայտնեց, թէ որոշել է ե՛ւ սենեակը, ե՛ւ ջոկատը փոխել։
Յասմիկի հեռանալը ջոկատից անհետեւանք չմնաց։ Մի քանի օր տեւած «հետաքննութեան» արդիւնքում ընկեր Արեգի գլխին վերակացու նշանակեցին, փոխել տուեցին միւզիքլի ամբողջ սցենարը, որ երեխէքի կարծիքով մի անհամ բանի վերածուեց։
Հէնց էդ շրջադարձային օգոստոսեան օրերին էր, որ Ալիսայի մէջ ներքին յուշարարի ձայնը նորից սկսեց խօսել, բայց դա այլեւս անցեալից եկող, վաղամեռիկ Սամանթայի ձայնը չէր, այլ ապագայից, հրաշալի ապագայից հիւր եկածի ձայնն էր, հա՛, ի հարկէ, Ալիսա Սելեզնեովայի՝ իր անուանակցի, իր ամենասիրած ֆիլմի ու գրքի հերոսուհու ձայնն էր, իր նորայայտ համանուն կերպարի ձայնը, որ ուրիշինի հետ չէր կարող շփոթել, որովհետեւ ինչ-որ առումով հէնց իր ամենալաւ տարբերակի ձայնն էր, կատարեալ Ալիսայի ձայնը։ Նամակնե՛ր։ Գրել նամակնե՛ր, հեղեղել նամակներով Հայաստանի պատասխանատու պաշտօնեաների գրասենեակները, դիմել բոլոր անուանի մարդկանց՝ գրողներին, ակադեմիկոսներին, մտաւորականութեան այլ ներկայացուցիչների, հեղեղել բաց նամակներով բոլոր խմբագրութիւնները՝ թէ՛ համամիութենական, թէ՛ տեղական, բարձրաձայնել Մեծամօրի հարցը եւ, ի միջի այլոց, նամակի վերջում բոլորին հրաւիրել իրենց աւարտական հանդէսին։ Իսկ մինչ այդ պիտի շարունակէին ազատ ժամերին թաքուն փորձեր անել։ Երբ ծրագիրն Ալիսա Մելնիկի սրտում ու մտքում ամբողջովին հասունացավ, երբ Ալիսա Սելեզնեովայի ներքին, այլաշխարհիկ ձայնը սկսեց աւելի բարձր ու զիլ հնչել, քան սեփական, երկչոտ ձայնը, հէնց էդ երեկոյ էլ Ալիսան գաղտնի հաւաք կազմակերպեց։ Բոլոր ջոկատակիցները հրաւիրուեցին իրենց սենեակ՝ ժողովի։ Երեխաներն անխօս բաժանում էին մի ներքին համոզմունք, որ կարմիր գիծ են հատելու եւ արածներն «անցանկալի» բան է։
* * *
Յաջորդ երեկոյ անասելի իրարանցում էր սենեակներում, երեխէքը վազում էին սենեակից սենեակ, տետրակի թղթեր բաժանում, ծրարի ու դրոշմանիշի ճար անում, փորձում ճշտել այս կամ այն գործչի, խմբագրութեան կամ հիմնարկի փոստային հասցէն։ Իսկ առաւոտեան առողջարանի մետաղական փոստարկղը լցուած էր նամակներով։ Տղաները հեռուից աչք էին դրել ու տեսել, որ փոստատարը թէեւ զարմացել էր, բայց նամակները լցրել էր պարկն ու տարել։ Ուրեմն տեղ կը հասնեն։
Ալիսա Մելնիկին վիճակուած չէր իմանալ՝ նամակներից քանիսն էին հասել հասցեատէրերին, բայց փաստը մնում է փաստ, որ դրանց մի մասը վերադարձուել էր եւ ահա բաց դրուած էր մտահոգ ու խոժոռ դէմքով նստած ընկեր Վիլսոն Թումանեանի գրասեղանին։ Երկար-բարակ «հետաքննութիւն» անցկացնելու կարիք չէր եղել, ընկեր Վիլսոն Թումանեանը միանգամից իր մոտ էր կանչել Ալիսա Մելնիկին։
Երեք ու կէս տասնամեակի հեռուից Ալիսան աղօտ է յիշում իր երկար առանձնազրոյցն ընկեր Վիլսոն Թումանեանի հետ, թէեւ մտքում վառ է մնացել յուսահատ զայրոյթով սեղանին իջած նրա բռունցքն ու խռովայոյզ, գրեթէ լացակումած «Не потерплю!»-ն («Չե՛մ հանդուրժի»)։ Յետոյ կարծես իր զայրոյթի անսպասելի պոռթկումից ամաչելով՝ ընկեր Վիլսոն Թումանեանն աչքերը կախել էր, վերածուել անյուսալիօրէն ծերացած, անհուսալիօրէն խեղճացած մի անկարող, բարի բիձուկի, որ հազիւ լսելի, գրեթէ աղաչական ձայնով հրահանգել էր Ալիսային այլեւս չմասնակցել փորձերին։
* * *
Յաջորդ օրուայ փորձի ժամին Ալիսան գիրքը ձեռքին գնաց կլոր աւազանի մօտ։ Թէեւ փորձերին չէր կարող մասնակցել, բայց նրան թոյլատրուած էր զբօսնել (երեւի սենեակում բանտարկուած պահելը չափից դուրս հակամանկավարժական կը լինէր)։
Փոքրիկ տղան, ինչպէս միշտ, կախարդուածի պէս անշարժացած, պլշած նայում էր կոկորդիլոսին գրկած անհրեշտակաթեւ, առանց նետի ու աղեղի մանչուկ կուպիդոնին։ Երկուսով երկար-երկար նստած էին՝ փոքրիկ տղան աւազանի պռնկին, Ալիսան՝ նստարանին՝ գրկին բացուած գիրքը, որ էդ օրը չէր կարդացւում։ «Мальчик как тебя зовут.» («Տղա՛յ, անունդ ի՞նչ է»), — ձայն էր տուել Ալիսան, իսկ յանկարծ աշխուժացած փոքրիկ տղան վազելով եկել էր նրա մօտ. «Арменчик, хороший мальчик», («Արմենչի՛կ, լա՛ւ տղայ») — պատասխանել էր անգիր արածի պէս, ապա բռնել Ալիսայի ձեռքն ու գրեթէ քարշ տուել իր յետեւից։ Բացուած գիրքը մնացել էր նստարանին։
Ալիսա Մելնիկն աղօտ էր յիշում, իսկ փոքրիկ տղան երբէք-երբէք չի մոռանայ, թէ ինչպէս ամուր բռնեց նրա ձեռքն ու տարաւ դէպի առողջարանի յետեւի անշուք, ժանգոտած դարպասը, դէպի աչքից հեռու, գաղտնի ելքը, որ շքամուտքի արծաթափայլ դարպասի միակ այլընտրանքն էր։ Երբէք չի մոռանայ, թէ ինչպէս Ալիսան առանց հարց տալու եւ դիմադրելու հետեւեց իրեն, դուրս եկան յետին դարպասից, քայլեցին գաճաճ փուշ ու տատասկով պատուած բլուրն ի վեր։ Պարիսպներից քիչ հեռու՝ սարի լանջին, մի սեւ խոռոչ կար, որ չէր հասկացւում՝ մարդափոր թունե՞լ է, թէ՞ բնական քարանձաւի մուտք։ Սեւ խոռոչը հրէշի կամ կէտաձկան բացուած երախ էր յիշեցնում։ Հէնց սկզբից փոսը կտրուկ իջնում էր ցած, իսկ մի երկու մետրից ընդհանրապէս վերածւում անդունդի, որից անդին անանցանելի խաւար էր, ոչինչ չէր երեւում, նոյնիսկ, եթէ արեւի շողերն ընկնեին ուղիղ սարալանջին բացուած «երախի» մէջ։ Երբ երկար ու ուշադիր ականջ էիր դնում, թւում էր, թէ խորքից ձայներ են գալիս։ Գուցէ Ալիսայի ականջին դրանք օգնութեան կանչող նուաղուն ձայներ էին թուացել, ասես անդունդի յատակում անիմանալի կենդանիների ձագուկներ էին յայտնուել, որ աղերսագին խնդրում էին իջնել ու իրենց լոյս աշխարհ հանել, գուցէ ոչինչ էլ չէր լսել, գուցէ նրա ներսում էդ պահին վերջնականապէս լռել էին բոլոր յուշարար-փրկարար ձայները՝ թէ՛ վաղամեռիկ Սամանթա Սմիթինը, թէ՛ անիրական Ալիսա Սելեզնեովայինը, ու հիմա նրա մէջ էլ էր բացուել մի անտակ, ամենակուլ սեւ խոռոչ, գուցէ հէնց էդ պահին էին ներքնայնացել դրսից եկող էդ անթափանց խաւարն ու անբարբառ լռութիւնը, որ հետագայ ամբողջ կեանքում Ալիսա Մելնիկը պիտի փորձէր ճեղքել, որպէսզի վերագտնի իր լռեցուած ձայնը։
Երեք ու կէս տասնամեակի հեռուից Ալիսա Մելնիկը բոլորովին չի յիշում, իսկ փոքրիկ տղան երբէք-երբէք չի մոռանայ, թէ ինչպէս Ալիսան ամուր-ամուր գրկեց իրեն, որ չվախենայ ու սեւ խոռոչի եզրից կախուի՝ լսելու անյատակ հորի խորքից եկող ձայները։ «Поймай меня», (Բռնել ինձ)— սխալ ռուսերէնով խնդրել էր փոքրիկ տղան, ու Ալիսան ամեն ինչ հասկացել էր։ Փորի վրայ պառկեցրել էր տղային, ինքն էլ պառկել վրան ու գօտկատեղից ամուր գրկել։ Էդպէս փոքրիկ տղան կախուել էր սեւ խոռոչից ներս, գլխիվայր կախ ընկել անդունդի եզրից ու ականջ դրել անիմանալի խորքերից եկող կախարդական, կանչող ձայներին։ Ներքեւում մի հէքիաթային ստորգետնեայ ջրաշխարհ էր բացուել՝ չգիտես որտեղից եկող թափանցիկ կապոյտ լոյսերով ողողուած։ Էդ աշխարհի կախարդական, երփներանգ ջրերում լող տուող կոկորդիլոսներին հեծնում էին իրար նման փոքրիկ տղաները, որոնք հաճոյքից բերկրալի ձայներ էին հանում, միմեանց կանչում եւ ուրախ աղաղակում, երջանիկ լող տալիս գոյնզգոյն ջրերում։ Ահա թէ ինչ էր լսել ու պատկերացրել փոքրիկ տղան այդ օրը, կամ ո՞վ գիտի, գուցէ հետագայում էր յօրինել էդ արթմնի երազը, որ իրեն ուղեկցել էր երեք ու կէս տասնամեակ։
* * *
Յաջորդ օրը Ալիսայի հայրը ժամանեց ու նրան տարաւ տուն՝ Կիեւ։ Ճամբարի աւարտին մնացել էր մէկ ու կէս շաբաթ։
Փաստօրէն, ամռան սկզբից մինչեւ գրեթէ վերջը պարսպապատ տարածքի ներսում էր եղել՝ ինքնաբաւ, «երկաթէ վարագոյրով» փակուած մի աշխարհում, եթէ չհաշուենք փախուստը փոքրիկ տղայի հետ դէպի սեւ խոռոչ եւ երկու էքսկուրսիաները՝ դէպի Սեւանի ափ ու կղզի։
Էքսկուրսիաներից առաջինի ընթացքում գնացել էին Սեւանայ լիճ` լողանալու։ Լճի ջուրը քաղցրահամ էր ու ծանր, սեւծովեան ջրերի թեթեւութիւնը չունէր, արեւն էլ՝ վառող։ Ու ինչի՞, ինչի՞ ինքը չեղաւ էդ ծանր ջրերում խեղդուողը, եւ ինչի՞ Մասիսը նետուեց փրկելու կապուտաչեայ Օլեային, ոչ թէ իրեն, իր գիրկն առած հանեց Օլեային ծանր-ծանր ջրերից, բոլորի հիացական ճիչերի ու ծափերի ներքոյ, եւ ինչի՞ ինքը չէր կարողանում Մասիսի պիրկ սրունքներից, սեւսաթ, գանգուր աղուամազերի փոքրիկ փնջով պատուած կրծքավանդակից, լճից հէնց նոր հանած ձկների պէս խլրտացող մկաններից աչքը կտրել։ Ու երբ յուզմունքը յաղթահարած, վաղուց ուշքի եկած Օլեան` ի նշան շնորհակալութեան յանկարծակի համբուրեց իր փրկչին, իսկ Մասիսի ունքը զարմանքից թռաւ վեր, ժպիտը ծռուեց, մի տեսակ նորովի, մի տեսակ ամօթխած, ոչ թէ սովորականի պէս ինքնագոհ, եւ յետոյ, յետոյ, երբ էդպէս արագ ու անսպասելի նրա կիպ ու թաց լողավարտիքի միջինը գլուխ բարձրացրեց, ինչի՞, ինչի՞ ինքն էլ բոլորի պէս չփռթկաց, ինչի՞ էնքան ուժգին սովագարի ցավ զգաց, որ առայսօր չի մոռացել… Իսկ Մասիսը, կատարուածի անսպասելիութիւնից իրեն կորցրած, հրեց Օլեային ու գլուխն առած հետ վազեց դէպի քաղցր-քաղցր, սառը-սառը, ծանր-ծանր փրկարար ջրերը։
Երկրորդ Էքսկուրսիայի ժամանակ գնել էր ճրագով աղջկայ պատկերով դրուագուած աշխատանքը («չեկանկան»), որ տարիներ շարունակ խնամքով պահում էր իր տանը՝ որպէս մի քանի լուսանկարներից ու նամակներից զատ 86-ի Սեւանից մնացած միակ առարկայական յուշ։ Արդէն թերակղզու վերածուած երբեմնի կղզում ընկեր Արեգն իրենց պատմել էր Ախթամարի լեգենդը գեղեցկուհի Թամարի մասին, որը գիշերները ճրագ էր վառում իր լողորդ սիրեցեալի համար, որպէսզի նա չմոլորուի ու լողալով գայ հասնի իր գիրկը, բայց չար մարդիկ մի օր հանգցրել էին սիրահարի փարոս-ճրագը, եւ լողորդը խեղդուել էր էդ ծանր-ծանր, սառը-սառը, սեւ-սեւ ջրերում՝ շուրթերին վերջին բառերը՝ «Ա՜խ, Թամար»։
* * *
Երբ արդէն Կիեւում էր, երբ արդէն հասցրել էր սեպտեմբերմէկեան աւանդական «Ինչպէս անցկացրի ամառը» թեմայով շարադրութիւնը ծայրից ծայր նուիրել սեւանեան իր արկածներին, երբ արդէն Մասիսի անսպասելի էրեկցիայի վերյուշից սովագարի ցաւ չէր զգում, երբ արդէն անցել էր մայրիկի նեղսրտածութիւնը, կոտրուել էր հայրիկի յամառ լռութիւնը, սպառուել էին տատիկի նախատինքի խօսքերը, Դարեայից երկար-բարակ մի նամակ ստացաւ։
Կլորիկ Դարեան նամակում պատմում էր աւարտական ցնցող հանդէսի մասին։ Իրենց ջոկատի ելոյթը վերջինն էր ու անփոփոխ խաղացել էին «Չեռնոբիլ-Մեծամօրը», մի խօսքով՝ ըստ ծրագրի ու սցենարի, առանց որեւէ փոփոխութեան։ Երեւանից եկած հիւրերից ամենատարեցը, որ երեւի կուսակցական ջոջ էր, դուրս էր եկել դահլիճից, հետեւից՝ ընկեր Վիլսոն Թումանեանը ողջ շքախմբով, դահլիճում հիւրերից մնացել էին ծնողները, մի երիտասարդ լրագրող եւ նրան ուղեկցող լուսանկարիչը, որոնք յետոյ, ասում են, թէ մի հայկական թերթում ներկայացրել էին ելոյթը։ Տղաներն ընկեր Արեգին ձեռքերի վրայ բարձրացրել էին բեմ, ու բոլորը յոտընկայս, շատ երկար ծափ էին տուել։ Եւ քանի որ յաջորդ առավոտեան ճամբարականները պիտի մեկնէին, ոչ մի պատիժ ու դաստիարակչական միջոցառում տեղի չէին ունեցել։ Իսկ Ալիսայի դերը խաղացել էր, դէ, երեւի արդէն գլխի ընկաք, կապուտաչեայ Օլեան։
* * *
Երեք ու կէս տասնամեակ յետոյ՝ 2021-ի ամռանը, Ալիսա Մելնիկը վերադարձավ 86-ի ճամբարը, ասես ապագայից հիւր էր եկել անցեալին՝ ինքն էլ չգիտէր, թէ ինչ առաքելութեամբ։
Ինտերնետում հերթական, հէնց էնպէս արուող որոնումների ժամանակ պատահաբար յայտնաբերել էր ֆեյսբուքեան մի էջ, որտեղ, այ քեզ հրաշք, իրենց ճամբարի լուսանկարներն էին։ Պարզուել էր՝ խումբը վարում է երբեմնի փոքրիկ տղան, որ մեծացել ու վերածուել էր մօրուքաւոր գրողի եւ իր մանկավարժ տատի ու պապի յիշատակին նուիրուած էջ էր բացել։ Նկարների մեկնաբանութիւններից մէկում Ալիսան տեսաւ ու միանգամից ճանաչեց Մասիսին. բժիշկ էր դարձել, սպիտակ խալաթաւոր, Օլեայի հետ չէր ամուսնացել, մեծ երեխէք ունէր, կինն էլ հայուհի էր, որի դէմքն Ալիսային չափազանց ծանօթ թուաց… անունը՝ Յասմիկ. մի՞թէ, ո՞վ իմանայ, գուցէ իրենց Յասմիկն էր, ամեն դէպքում արծուաքթի հետքը չկար, մազերը՝ կարճ, գերժամանակակից սանրուածքով, գերխնամուած տեսքով մէկն էր: Դատելով նկարներից՝ երջանիկ ամուսնական կեանքով ապրում էին Մալթայում։
2021-ի յունիսեան մի արեւավառ օր Ալիսա Մելնիկը, մօրուքաւոր գրող դարձած փոքրիկ տղայի ուղեկցութեամբ, վերստին կանգնեց ստալինեան բարոկկօ ոճի արծաթափայլ դարպասի դիմաց, որն էս անգամ գլորուելով չբացուեց։ Մի կերպ ներս սողոսկեցին։ Տխուր աւերակներ էին մի հրաշքով փարթամ ու կանաչ մնացած պարսպապատ ովազիսում։ Տարածքը հեռաւոր կերպով յիշեցնում էր ջունգլիի թաւուտում յանկարծ յայտնաբերուած երբեմնի վեհաշուք բնակավայր, բայց աւելի շատ՝ մի քանի տարի առաջ նրա այցելած ուրվական-աւան Պրիպեատը։ Շրջեցին ներսում, կոկորդիլոսին գրկած տղայի բետոնէ արձանի մեծ մասը քայքայուել էր, փոխարէնը մեծ շէնքերը դեռ կանգուն էին՝ կոտրած ապակիներով, եօթ փակի տակ։ Լուռ լքեցին տարածքը, կարծես հարազատ հանգուցեալի դագաղի մօտից էին հեռանում, որ հաստատ մեռել էր, բայց դեռ թաղուած չէր։
Սեւ խոռոչի մօտ չգնացին։ Փոխարէնն օրուայ մեծ մասն անցկացրին մօտակայ Ծաղկունք գիւղում, ձի քշեցին, այցելեցին շների ֆերմա, քայլելով հասան բլրագլխի եկեղեցին, աւանդական տեխնոլոգիայով վերականգնուած Հայաստանի ամենահին թոնրատանը լաւաշ կերան, յետոյ գիւղամիջի նորաբաց ռեստորանում իրենց մի անմահական ճաշկերոյթ թոյլ տուեցին ու մինչեւ ուշ գիշեր յուշերի գիրկն ընկան։ Երբ Ալիսա Մելնիկը պատմեց վերջացրեց 86-ի ամռանն իր գլխով անցած ամբողջ պատմութիւնը, երկար-երկար նայեց մօրուքի հետ խաղացող գրող դարձած փոքրիկ տղային ու յայտնեց իր միակ խնդրանքը. «Արմէն, թէ գրելու լինես, խնդրում եմ էս լուսանկարը կցիր»։ Այֆոնից այֆոն արագ փոխանցուեց «Սեւան» առողջարանում Ալիսայ Մելնիկի արած միակ լուսանկարը. արծաթէ դարպասն էր։
Դէ ինչ, սիրելի Ալիսա, սիրով կատարում եմ խնդրանքդ։
Երեւան, 11 յուլիս 2021