ՅՈՎՀԱՆՆԷՍ ԵՐԱՆԵԱՆ
Թէեւ հազար անգամ անցել էր այդ ճանապարհը, ու թէեւ աստիճանները լուսաւորուած էին, բայց այդ օրը Աննան շտապում էր բարձրանալ, քանի դեռ կիսամութ էր։ Ինչու կամ ուր էր շտապում, ինքն էլ չգիտէր։ Կասկադի աստիճանները մինչեւ վերջ չբարձրացած՝ կը թեքուէր աջ, ու նեղ արահետով կը գնար դէպի Մատենադարան, որին չհասած իր հին ու փոքր տունն էր։ Բաժանուելիս Անդրէին խնդրեց, որ իրեն թողնի այն։ Երբ ասաց, թէ կը հրաժարուի ունեցուածքը կիսելուց, նիւթական որեւէ այլ պահանջից, միայն թէ բարձունքին, նման տների միջեւ թառած մէկ ընդարձակ ու երկու նեղլիկ սենեակներով տունն իրեն թողնի, ամուսինը միայն քմծիծաղեց։ Հիմա` Սուրբ Ծննդեան տօնին նախորդող այդ օրը, ուզում էր շուտ հասնել, նստել հարազատ կիսաթոռին, գործի գցել չարխը, ձեռքերը խրել թաց կաւի մէջ ու անշարժանալ։ Ոչինչ չծեփել, լսել ու լսել պտտուող անիւի ներդաշնակ ձայնը։ Անշարժ լսել այնքան, մինչեւ որ կը ջնջուէին մնացած բոլոր ձայները՝ աղմուկն ու ազդանշանները, գոռոցներն ու շշունջները, հոգոցներն ու տնքոցները, լացն ու ծիծաղը, օրհնանքն ու անէծքը եւ երաժշտութիւնը՝ իր բոլոր հնչիւններով։ Առաջ սիրում էր աշխատելիս ցածր երաժտութիւն միացնել։ Բայց յետոյ հրաժարուեց այդ սովորութիւնից, որովհետեւ նրան թուաց, թէ սափորի կամ թասի կաւն իր մէջ է առնում, ներծծում երաժշտութեան հնչիւնները, ծորուն կամ կտրուկ ելեւէջներով մեղեդին իր ձեւն է թելադրում։ Նա չէր ուզում ինչ-որ մէկին համահեղինակ դարձնել։ Իսկ դուրգի պտոյտի պարբերական, համաչափ կտտոցները իմաստ ու յոյզ չէին ծնում, անմեղ էին, անյաւակնոտ։
Շտապում էր տուն հասնել, առաջ թեքուած նստել անթիկնակ աթոռին, ձեռքերը խրել կաւի մէջ ու անշարժանալ։ Նայել ու նայել պտտուող անիւին։ Նայել այնքան, մինչեւ կը մշուշուէր տեսողութիւնը, բոլոր պատկերները կը ջնջուէին ու կը մնար միայն չարխի արբեցնող պտոյտը, որը երբեմն կորցնում էր կլորութիւնը, ձուաձեւ տեսք ստանում։ Ոտքերի արանքում պտտուող սկաւառակը նրան մարմնական հաճոյք էր պատճառում։ Յատկապէս եթէ դուրգը ոտքով էր աշխատեցնում։ Աջ ոտքի համաչափ վերուվարումով պտտուող անիւն իր շարժումով ասես անյիշելի ժամանակների՝ դարերի ու հազարամեակների յուշեր էր արթնացնում։ Այդ ժամանակն անցնում էր նրա միջով։ Մտնում էր ոտքերի արանքից, մկանաթելերով վեր բարձրանում, շրջանցում սիրտը, հասնում ուղեղին ու մթագնում այն։ Յետոյ թուլանում էր, ոտքն աւելի դանդաղ էր վերուվարում, կտկտոցն աւելի ուշ-ուշ էր լսւում, մինչեւ որ անիւը կանգ էր առնում։ Նա արթնանում էր, նայում կաւոտ ձեռքերին ու գնում լուացուելու։ Իրեն այնքան թարմացած էր զգում, ասես կազդուրիչ քնով գիշեր էր լուսացրել։
Կասկադի աստիճաններով բարձրանալիս թէեւ շտապում էր, բայց մի պահ կանգ առաւ, շրջուեց ու նայեց ձեանը, որ սկսել էր ծածկել տանիքները, այգիների դեղնականաչ սիզախոտն ու ծառերի ճիւղերը, կայանած մեքենաներն ու փողոցների մայթերը։ Եւ այդ ճերմակութիւնը թոյլ չէր տալիս, որ մութը վերջնականապէս հաստատի իր իշխանութիւնը։ Առաջին ձիւնն էր։ Յիշեց իր մի գրառումը հէնց առաջին ձեան առիթով։ «Անբիծ ու մաքուր ձիւնը եկաւ, որ ծածկի բոլորի բոլոր մեղքերը»։ Երկու տարի էլ չէր անցել, բայց թուաց այնքան վաղուց էր, որ ասես նախորդ կեանքում մնացած լինէր։ Զզուանք զգաց իր սրտաճմլիկ այդ տողերից։ Մտածեց, որ հիմա հազարավոր մարդիկ ճիշտ այդպիսի կամ նման գրառումներ կ՚անեն։ Որ ճերմակ ձիւնը անմեղութիւն է բերում, որ քաղաքը սպիտակ հագած հարսնացուի նման է եւ լիքը այդպիսի անկապ մտքեր։ Մարդիկ այնպէս են ուրախանում ձեան կեղծ գեղեցկութեամբ, ասես մի քանի օրից ցեխ ու ապականութիւն չի դառնալու։
Նեարդաբան Սառա Գուրգէնեանը մի քանի բան առաջարկեց, ընտրութիւնը թողնելով Աննային` ձիերի հետ շփում, շուն կամ կատու պահել, նկարչութիւն, կաւագործութիւն։ Չորս տարուայ տարբերութեամբ նոյն բլուրի համար որդուն ու ամուսնուն կորցրած տիկին Մարինէն ասաց, որ փորձել է բոլորը, եւ միայն կաւն ու դուրգն են օգնել։
Աննան սկզբում լուրջ չվերաբերեց՝ ինչի՞ն օգնեն…որ մոռանա՞մ։ Ինչո՞ւ են բոլորը կարծում, թէ ուզում եմ մոռանալ։ Ո՞նց կարող եմ մոռանալ։
Բայց Սառա Գուրգէնեանը յամառ գտնուեց. մի օր բռնեց Աննայի ձեռքն ու ասաց՝ «արի, տեղ ենք գնում»։ Քաղաքի մէկյարկանի տների թաղամասի նկուղներից մէկում երեք բրուտ էին աշխատում՝ երկու աշակերտներն ու վարպետը։ Երբ նա ու նեարդաբանը համոզում էին նստել չարխի առջեւ, Աննան երկար ու լուռ նայում էր պտտուող անիւին, եւ դեռ այդ օրը զգաց, որ մոգական բան կայ նրա պտոյտների մէջ; Երկու օր անց անծանօթ մարդիկ իրենց տուն բերեցին այդ սարքից, կաւ, թրծող վառարան ու տարբեր գոյնի ջնարակներ։ Մեծ սենեակի մի անկիւնում տեղաւորեցին ու հեռացան։ Երկու շաբաթ Աննան դրանց չմօտեցաւ, որոշել էր դուրս հանել, որ սենեակում նեղուածք չլինի, սակայն բժշկուհին սպառնաց, որ ստիուած կը լինի նրան կլինիկական ստացիոնար բուժում նշանակել, որովհետեւ պրոգրեսիւ դեպրեսիան կարող էր մտագարութեան հասցնել։ Աննան նախ հոսանքին միացրեց անիւն ու առանց կաւին դիպչելու դէմը նստած այնքան երկար նայեց պտտուող սկաւառակին, որ գլխապտոյտ ունեցաւ։ Մէկ օր անց փորձեց կաւը տրորել։ Նրա առաջին ստեղծագործութիւնն անճոռնի էր՝ պատռուած շրթունքով, հաստ ու բարակ կողերով մի ծուռտիկ բաժակ։ Նրան օգնելու եկաւ այն երկու աշակերտներից մէկը, որին տեսել էր արդէն նկուղի բրուտանոցում։ Երիտասարդ, ամրակազմ տղան նստեց Աննայի թիկունքում։ Այդպէս երկու հոգի նստում են մոտոցիկլի վրայ։ Դուրգը Աննայի ոտքերի արանքում էր, իսկ նրա կոնքերը երիտասարդի ծնկների միջեւ։ Տղան երկար թեւերով գրկել էր դիմացինի ոչ թէ որովայնը կամ կրծքվանդակը, ինչպէս մոտոցիկլի վրայ նստածը, այլ կնոջ ուսերը, որպէսզի ձեռքերը հասնեն նրա մատներին. օգնում էր յղկել կաւը։ Հէնց առաջին վայրկեանից նա ասաց, որ իրեն էլ այդպէս վարպետ Յովսէփն է սովորեցրել։
Աննան, որ վաղուց, դեռ մինչ Անդրէի հեռանալը, տղամարդու հպում չէր զգացել մարմնին, նախ ցանկութիւն ունեցաւ շրջվել եւ ապտակել բրուտի աշակերտին, բայց մնաց նստած, եւ վայրկեաններ անց թուլացած մտածեց, որ դէմ չի լինի այն ամենին, որ տղան կ՚ուզենայ իր հետ անել։ Յետոյ երիտասարդը վեր կացաւ, հոսանքից անջատեց անիւի էլեկտրական սնուցումը, առաջարկեց ոտքով պտտել դուրգը եւ աւելի կիպ նստեց՝ աւելի ամուր գրկելով իր սանի կոնքերը։ Այնքան ամուր, որ Աննայի ոտքի թեթեւ շարժումն իսկ արդէն ոչ թէ մարմինների հպում էր, այլեւ շփում։ Սկզբում միասին մի թաս դուրս բերեցին, յետոյ՝ երկրորդը։ Երբ դրանք դրեցին վառարանի մէջ, տղան հրահանգեց կէս ժամից հանել իրերը, խոստացաւ յաջորդ օրը գալ նոյն ժամին ու հեռացաւ։
Յաջորդ օրը, երբ պայմանավորուած ժամին մնացել էր տասնհինգ րոպէ, Աննան կողպեց դուռն ու փախաւ տնից։ Առաւօտեան ուշ էր արթնացել եւ մեքնաբար արուած հիգիէնայի ու տնային գործերից յետոյ յետուառաջ էր անում սենեակում, դուրս գալիս բակ, յետոյ ննջարան մտնում, օրեր առաջ սկսած ճապոնացի հանրայայտ վիպասանի գիրքը ձեռքին մեկնւում անկողնում, բայց րոպէներ անց, նորից ելնում էր, կրկնում ամբողջն ու նորից պառկում։ Նա վախենում էր խոստովանել, որ անհամբեր է, սպասում է բրուտի աշակերտին։ Վճռեց ինքնուրոյն ինչ-որ բան փորձել, հունցեց կաւը, այնքան տրորեց, մինչեւ փափկեցրեց, բայց դուրգը մի քանի րոպէ պտտելուց յետոյ լուաց ձեռքերն ու դուռը փակելով՝ հեռացաւ տնից։ Իջաւ Մատենադարանի կողմից, Կորիւնի փողոցով հասաւ Նալբանդեանին, յետոյ այդ փողոցով էլի իջաւ կէս կանգառ, բարձրացավ շէնքերից մէկի երրորդ յարկ ու թակեց աջ կողմի բնակարանի դուռը։ Որոշել էր տիկին Մարինէին հարցուփորձ անել դիմանալու մասին։ Յետոյ զանգի կոճակը երկար սեղմած պահեց, բայց արձագանք չստանալով՝ շրջուեց ու հեռացաւ։ Սրճարաններից մէկում կանաչ թեյ խմեց, ծխախոտ խնդրեց կողքի սեղանին նստած երկու տղամարդկանցից, ծխեց ու դուրս ելաւ։ Մտածեց՝ մինչեւ տուն հասնի, պայմանաւորուածից արդէն մէկ ժամ անցած կը լինի, բրուտի աշակերտն էլ՝ հեռացած։
Աննան գիտէր, որ եթէ երեկուանը կրկնուի, իր կիրքն անկառավարելի կը դառնայ, եւ առանց բրուտի նախաձեռնութեան էլ մերձեցումն անխուսափելի կը լինի։ Նրան Անդրէն չէր, որ խանգարում էր, թէեւ նրա հեռանալուց վայրկեաններ անց հասկացաւ, որ դեռ սիրում է։ Սիրել էր միշտ։ Նոյնիսկ երկուսին էլ խելագարութեան հասցնող աղմկոտ վէճերից ժամեր անց, արդէն ներած էր լինում, կարօտում էր նրա փաղաքշանքին, կոկորդը սեղմւում էր զգացումից, որ ինքն աւելի անարդար եղաւ ամուսնու հանդէպ։ Կարծում էր, որ Սեթից յետոյ իր նկատմամբ աւելի ուշադիր պիտի լինէր, աւելի կարեկցող ու սիրող։
Տղան էլ դէմ չէր, բայց յատկապէս հայրը պնդեց, որ բանակ գնայ, թէեւ կարող էր ազատուել սրտի անկանոն աշխատանքի պատճառով։ Թողեց ուսումը թաւջութակի բաժնում ու բանակ գնաց։ Աննան դեռ չէր ներել ամուսնուն, երբ պատերազմը սկսուեց, բայց այդ օրուանից նա աւելի ու աւելի յաճախ էր պահանջում նրանից, որ վերադարձնի որդուն, դուրս բերի պատերազմի բոցերի միջից։ Մէկ ամիս նրանք թէեւ դեռ միասին էին անկողին մտնում, բայց երկուսն էլ սիրտ եւ ուժ չունէին սիրոյ ու քնքշանքի համար: Սակայն լուրն առնելուց յետոյ Աննան լրիւ կորցրեց իրեն։ Բօթն առնելուց եօթ օր անց հեռուստացոյց նայելիս նա յանկարծ յիշեց։ Ինչո՞ւ յիշեց, ինչո՞ւ կարեւորեց, չէ՞ որ երբեք մտքով չէր անցել ազգութիւնը։ Նա իրեն աւելի շատ հայի եւ ռուսի զաւակ էր զգում։ Եբրայերէն ոչ մի բառ չգիտէր, ինքն էլ, հայրն էլ մկրտուած քրիստոնեաներ էին։
Կասկադի աստիճաններով բարձրանալիս յանկարծ յիշեց Մուրակամիի «Նորվեգական անտառի» այն դրուագը, որը մինչեւ տնից դուրս գալը թերթեց մի քանի անգամ։ Շաբաթների ընթացքում ընդամենը տասը-տասնհինգ էջ էր կարդացել։ Յանկարծ անգիր յիշեց հատուածը, որն առաւօտեան էր մի քանի անգամ ընթերցել։ Զարմացաւ, որովհետեւ կարծում էր, թէ ուղղակի հայեացքով անցել է տողերի վրայով։
« — Վատանաբէ, դու ինձ սիրո՞մ ես։
— Ի հարկէ։
— Ուրեմն կը կատարե՞ս իմ երկու խնդրանքը։
— Թէկուզ երեքը։
— Երկուսը լաւ է։ Հերիք է։ Մէկը, որ ուզում եմ հասկանաս, անչափ շնորհակալ եմ ինձ տեսակցութեան գալու համար։ Շատ ուրախ եմ, շատ… Փրկւում եմ, եթէ նոյնիսկ էդպէս չի թւում, էդպէս է։
— Ես նորից կը գամ։
— Ուզում եմ, որ ինձ յիշես։ Միշտ կը յիշե՞ս, որ ես գոյութիւն եմ ունեցել ու էսպէս քո կողքին եղել»։
Նոր միայն հետաքրքիր թուաց, որոշեց տուն հասնելուն պէս շարունակութիւնը կարդալ։ Նրան այդ գիրքը նեարդաբանն էր տուել։
— Տխուր գիրք է, — ասաց Սառա Գուրգէնեանը, — քեզ դուր կը գայ։
— Ես տխրութեան պակաս չունեմ, — չուզեց գիրքը վերցնել Աննան։
— Տխրութիւնը, վիշտն ամենուր են։ Քեզ պէտք է ինչ-որ մէկին կարեկցել, այդպէս սեփական վիշտդ է մեղմանում։ Հիմա քո հոգին կարծր ապառաժ է։ Երբ ուրիշի ցաւն ես զգում, հասկանում ես, որ միայն դու չես այս աշխարհում, ում համար անտանելի ծանր է ապրելը։ Դու կենդանի մարդկանց չես նկատում, չես կիսում նրանց վիշտը, որովհետեւ սեփականդ աւելի մեծ է։ Եթէ էս տխուր գրքի աւարտին հերոսներից մէկի համար աչքերդ թացանան, կամ գոնէ կարեկցանք զգաս, թէկուզ՝ ափսոսանք, ուրեմն ես լաւ բժիշկ եմ, իսկ դու կեանք վերադառնալու ճանապարհին ես։
Աննան տուն մտաւ թէ չէ, դուռը թակեցին։ Բրուտի աշակերտը ներողութիւն խնդրեց ուշանալու համար։ Նա հեւում էր? ամեն ինչից երեւում էր, որ Կասկադի կամ Մատենադարանի աստիճանները վազքով է յաղթահարել։ Տղան օգնեց, որ Աննան ազատուի անձրեւանոցից, հայեացքով փնտրեց կախիչը, յետոյ իր կաշուէ կիսաբաճկոնը հանեց ու կախեց անձրեւանոցի վրայ։ Աննային դա ակնարկ թուաց, որովհետեւ կողքին ազատ կախիչներ կային։ Նա իր երիտասարդ վարպետին ասաց, թէ շատ է յոգնել եւ այսօր մտադիր չէ կաւի հետ գործ ունենալ։ Տղան նեղացկոտ տոնով շշնջաց, թէ այստեղ գալու համար հազար գործ է Սարի թաղում կիսատ թողել։ Աննան պնդեց, որ չեն աշխատի, եւ տղան ժպտալով ասաց.
— Լաւ, թող մնայ ուրիշ օր։
Վերցրեց բաճկոնը, առանց հագնել ուզում էր հեռանալ, բայց Աննան նրան կանգնեցրեց.
— Սպասիր, մի բաժակ ջուր խմիր, շունչդ բերանդ գայ։
— Հա, կոկորդս չորացել ա։
Տանտիրուհին գնաց նեղլիկ սենեակներից մէկը, որ խոհանոցն էր, ու բաժակով ջուր բերեց։ Տղան մի քանի կում արեց, բաժակը դրեց դռան կողքի պատուհանի գոգին ու ասաց.
— Դէ լաւ, վարպետի համարն ունէք, երբ յարմար լինի՝ մէկ օր առաջ նրան զանգէք։
Բացեց դուռը, որ գնայ, սակայն Աննան նրան երկրորդ անգամ կանգնեցրեց.
— Կ՚ուզե՞ս միասին սուրճ էլ խմենք, բայց իսկապէս յոգնած եմ, աշխատել չեմ կարող։
— Ոնց ասէք, — հնազանդուեց տղան, — միայն թէ արագ, լա՞ւ։ Յետ կը գնամ արհեստանոց, էսօր դեռ ահագին բան կը հասցնեմ։
Երբ Աննան նորից խոհանոց գնաց, տղան դեռ չհագած բաճկոնն այս անգամ անձրեւանոցի կողքին կախեց ու բարձրաձայն հարցրեց.
— Որտե՞ղ են երեկուայ թասերը։
Աննան ոչինչ չպատասխանեց, բայց երբ սուրճի մատուցարանը ձեռքին խոհանոցից դուրս եկաւ, ասաց.
— Մոռացել էի անջատել։ Կէս գիշերին յիշեցի, բայց արդէն ուշ էր, այրուել էին, փշուր-փշուր եղել։
— Ոչինչ, նորից կը սարքենք, մենակ թէ զգոյշ եղէք, տունը պաժառ(*) չտաք, վառարանը ութ հարիւր աստիճան տաքանում ա։
— Կարո՞ղ ենք էսօր սարքել, սուրճը կարծես թարմացրեց, — մի ումպ անելուց յետոյ ասաց Աննան։
Տղան տարակուսած ուսերը թոթուեց։
— Ես մի քիչ տարօրինակ կին եմ, ներող եղիր։
— Ոչինչ, ինձ ասել են։
— Ասել են՝ խելա՞ռ է։
— Չէ, ասել են՝ շատ տխուր է, — կմկմաց երիտասարդ վարպետը։
— Ես հիմա կը գամ, դու կաւը սարքին մօտեցրու, — ասաց Աննան, մտաւ ննջարան, հանեց շրջազգեստը, մահճակալի վրայից վերցրեց ջինսէ տաբատն ու նայեց մարդահասակ հայելու մէջ։
Յիշեց օրը, երբ այլ հայելու առջեւ զգեստափոխուելիս տեսաւ փորի փոքրիկ ուռուցիկութիւնն ու հիւանդանոց գնաց։ Նոր-նոր էր չափահաս դարձել։ Անդրէի հետ ծանօթացաւ փաստաթղթերը պոլիտեխնիկ յանձնելու օրը։ Նա քրոջը՝ Ռուզանին էր ուղեկցում։ Անդրէն արդէն դասաւանդում էր, իսկ քոյրն էլ ուզում էր եղբօր ուսանողը դառնալ։ Գործերը յանձնելուց յետոյ նրանք սրճարան գնացին, եւ երկու դեռատի աղջիկները մէկ ժամից աւել կչկչում էին իրենց ապագայ դասախօսի կատակներից։ Նոյնը կրկնուեց նաեւ առաջին քննութիւնից յետոյ։ Նրանց տունը շատ մօտ էր, եւ յաջորդ օրը ընկերուհիներ դարձած աղջիկներին Անդրէն առաջարկեց տանը նշել քննութեան բարձր գնահատականները։ Մինչ յաջորդը եօթ օր կար, եւ Անդրէն ոչ միայն քրոջ հետ էր պարապում, այլ նաեւ՝ Աննայի։ Նրանց ծնողները Սանկտ Պետերբուրգում էին արդէն երկու տարի։ Երբեմն Ռուզանը միանում էր եղբօրը՝ Աննային տուն ճանապարհելիս, երբեմն՝ հրաժարւում։ Ոտքով կէս ժամուայ ճանապարհ էր։ Աննան զգում էր՝ երբ մենակ են, Անդրէն չի շտապում, տեղ հասնելուց յետոյ երբեմն էլի կէս ժամ էր անցնում, մինչեւ որ աղջիկն ասում էր.
— Գնամ, մաման կ՚անհանգստանայ, — ու հէնց այդ պահին լսւում էր բջջայինի զանգը։
Առաջին համբոյրը եղաւ մօր հետ ծանօթացնելուց մէկ օր անց։ Երկու ամիս էր, ինչ ուսանող էր, որ չդիմացաւ իր դասախօսի հմայքին ու անկողին մտաւ նրանց տանը։
Հայելու դէմ կանգնած, Աննան լսեց պտտուող սկաւառակի ձայնն ու տափատը վրան քաշելով՝ հիւրասենեակ վերադարձաւ։ Տղան զիջեց իր աթոռը, բայց այս անգամ ոչ թէ թիկունքում նստեց, այլ դիմացը։ Նա ափերով գրկել էր կնոջ ձեռքերն ու նրա մատները շարժելով՝ ձեւ էր տալիս կաւին, ձգում, բարձրացնում, յղկում։ Այս անգամ համատեղ ստեղծածը փոքրիկ ծաղկաման էր։ Երբ կնոջ մատները, վարպետօրէն ու նուրբ շարժելով, սկիհի շրթունքն էլ կախեցին, տղան նրա ձեռքերը հետ քաշեց, սրբեց կաւը, յետոյ իր ձեռքերը մաքրեց եւ կաւի մնացորդները գցեց տաշտի մէջ։ Աննան, որ հիանում էր ծաղկամանի նրբութեամբ, յանկարծ նայեց նրա մատներին, ու խայթուածի պէս վեր թռաւ։ Ուսուցչի ձախ ձեռքի վրայ, բութից փոքր ինչ վեր, դէպի ցուցամատը փոքրիկ խաչ էր դաջուած եւ Ս տառը։ Ճիշտ ինչպէս Սեթի դաջուածքն էր ու նոյն տեղում։ Քանի անգամ էր երազում հատ-հատ համբուրել որդու մատները։ Նոր միայն նկատեց, թէ ինչքան նման են նրանց ձեռքերն ու մատները, հասակը, ուսերը, գլուխը, աչքերը։ Աննան նետուեց դէպի տղան, գրկեց նրան ու սկսեց համբուրել այտերը, ճակատը։
— Սեթ, տղաս, իմ բալիկ, իմ միակ զաւակ, — կրկնում էր համբոյրների արանքում։
Տղան Աննայի ուսերից բռնած մի փոքր հեռացրեց իրենից ու արտասուելով՝ կմկմաց.
— Ես Սեթը չեմ, իմ անունը Սամուէլ ա։
Աննան քարացել էր։ Տղան պատուհանագոգից նրան տուեց իր կիսատ թողած ջրի բաժակը, բայց կինը չէր կարողանում այն բռնել, մատները դողում էին։ Սամուէլն ինքը բաժակը մօտեցրեց նրա շուրթերին։
— Ասել են, տխո՞ւր եմ, թէ՝ խելառ, — վերջապէս հարցրեց Աննան ջուրը խմելուց յետոյ։
— Այս անգամ սուրճը ես կը դնեմ, լա՞ւ, — որպէս պատասխան ասաց տղան, — մինչեւ խմենք, մի քիչ կը չորանայ։ Էս անգամ միասին վառարան կը դնենք, ափսոս ա, ես էլ հազուադէպ եմ էսքան սիրուն ծաղկաման ծեփում։
Յաջորդ ամբողջ շաբաթ Աննան միայնակ էր աշխատում։ Առաջին օրը երրորդ փորձից մի մոխրաման ստեղծեց, յետոյ թասեր։ Թրծել ու շարել էր պատուհանագոգին։ Սպասում էր, որ ցոյց տայ Սամուէլին ու հպարտանայ, բայց նա չկար ու չկար։ Մէկ շաբաթ անց եկաւ առանց նախապէս պայմանաւորվելու։ Գովեց աշխատասիրութիւնը։ Նա առանց թոյլտւութիւն հարցնելու միացրեց սեղանի մի անկիւնում դրուած ու փոշոտուած համակարգիչը։ Աննան անպայման ուզում էր բռնել ձեռքն ու դաջուածքին նայել, բայց ռիսկ չէր անում դիպչել նրան։ Սամուէլն էկրանին կաւագործութեան դասընթացի մի քանի յղումներ գցեց ու բացատրեց, որ այսուհետ կարող է դրանց հետեւելով աշխատել։ Երբ հրաժեշտ տուեց ու գնաց, Աննային թուաց, թէ նա ձախ ձեռքն ամբողջ ժամանակ թաքցնում էր թիկունքում։ Մի քանի օր Աննան չմօտեցաւ համակարգչին, հեռուստացոյցն էլ չէր միացրել այն օրից, ինչ ցոյց տուեցին, թէ ինչպէս է իսրայելական Orbiter 1K անօդաչուն մոխիր դարձնում բեռնատարը, որի մէջ քսան զինուոր կար, եւ նրանց հետ իր մինուճարը։
Հէնց այդ ժամանակ՝ որդու չայրուած ոսկորները հողին յանձնելուց երեք օր անց, երբ դողդողալով նայեցին տեսանիւթը, ասաց Անդրէին, թէ ինքը հրէական արիւն ունի, որ հայրը ոչ թէ ռուս է, այլ՝ հրեայ։
Անդրէն չհաւատաց ականջներին, կռացաւ, նայեց դէմքին, նկատեց աչքերի տարակուսելի փայլը ու ասաց.
— Էլի գժուեցի՞ր։
— Չէ, հայրս իսկապէս հրեայ էր։
— Ի՞նչ, բայց ինչի՞ ես հիմա ասում, ամուսնութիւնից տասնութ տարի յետոյ։
— Որովհետեւ նրանք սպանեցին մեր տղային։
Անդրէն մի քանի պտոյտ գործեց սենեակում ու ասաց.
— Մոռացիր, նա քեզ հայրութիւն չի արել, չի տեսել քեզ երեք տարեկանից յետոյ։ Համ էլ՝ ինչ տարբերութիւն՝ հայ, ռուս, թէ հրեայ։
Աննան այլեւս ոչինչ չասաց, բայց օրեր անց, երբ կրկին մեղադրեց ամուսնուն, որ կարող էր որդուն հետ պահել բանակից, Անդրէն ասես պայթելու առիթի էր սպասում.
— Հերիք է, կշտացել եմ կշտամբանքներից, ես չեմ սպանել Սեթին, այլ քո ազգակիցները։
Էլի մէկ-երկու այդպիսի վէճից յետոյ ամուսինները համաձայնեցին, որ այլեւս չեն կարող միասին ապրել։ Անդրէն, որ մինչ այդ էլ ձգտում էր հնարաւորինս ուշ տուն գալ, քիչ շփուել կնոջ հետ, որոշեց հեռանալ նաեւ հայրենիքից։
— Ես էլ երբեք ոտք չեմ դնի էս երկիր, — հայտարարեց ծնողների մոտ՝ Սանկտ Պետերբուրգ մեկնելուց առաջ։
Մինչ այդ վաճառեցին բնակարանը, որը վարձակալութեան էին տուել Հայաստան աշխատանքի գործուղուած գերմանացի ամուսինների։ Մօր մահուանից յետոյ իրենց տունն էլ վարձով էին տալիս, բայց տեղացիների։ Անդրէն իրենց տան վաճառքի գումարից ոչ մի լումայ չվերցրեց։ Մի մասն ամուսնու եւ երկուորեակ աղջիկների հետ Գիւմրիում ապրող Ռուզանին յանձնեց, մնացածը տարաւ բանկ ու փոխանցեց կնոջ հաշուին։ Այդ մասին Աննան իմացաւ նրա հեռանալուց շաբաթներ անց, բայց մինչ այդ խնդրեց իրեն թողնել Կասկադի ու Մատենադարանի միջեւ գտնուող փոքրիկ տունը, որը մէկ տարի առաջ գնել էին Անդրէի՝ Նահանգներ մեկնող ընկերոջից, նրան օգնելու համար միայն։ Աննան սիրեց այդ փոքր տունը, բակից երեւացող երեւանեան խայտաբղետ կտուրների ու փողոցների համայնապատկերը։ Նրան հաճելի էր նաեւ ոտքով բարձրանալու դժուարութիւնը։
— Ուխտագնացութեան նման է, — ասոմ էր` հրաժարուելով Անդրէի հետ մեքենայով տուն հասնել։
Սուրբ Ծննդեան Ճրագալոյցի պատարագից տուն վերադառնալիս նա շտապում էր, ու չգիտէր, թէ ինչու։ Ինքն իրեն համոզեց, թէ պարզապէս ուզում է պարապ նստել չարխի առջեւ ու երկար-երկար նայել պտտուող սկաւառակին։ Միայնակ, լոկ համացանցի տեսանիւթերով ամիսների ընթացքում այնքան էր յղկել վարպետութիւնը, որ բացի տարբեր անօթներից, նաեւ արձանիկներ՝ մանկական խաղալիքներ ու հրեշտակներ էր ստեղծում, թրծում ու ներկում։ Սամուէլն այլեւս չէր երեւացել։ Ամեն շաբաթ ինքն էր գնում Սարի թաղի արհեստանոց, տալիս ամբողջ շաբաթուայ ընթացքում թրծած իրերը, որոնք վարպետները վաճառում էին իրենց արտադրածի հետ, վերցնում էր նախորդ շաբաթ յանձնածի գումարն ու վերադառնում։ Սառա Գուրգէնեանը գոհ էր։ Աննան այդպէս էլ չաւարտեց նրա տուած գիրքը։ Երբ Նաոկոն վերջ տուեց իր կեանքին, Աննան թէեւ կանխատեսում էր դա, բայց էլ ռիսկ չարեց շարունակել։ «Միթէ նա ուզում է, որ ես էլ այդպէս վարուեմ», — մտածում էր բժշկուհու մասին։ Արհեստանոցից վերադառնալիս նա երբեմն տիկին Մարինէին էր այցելում։ Ուրիշ գնալու տեղ չունէր։ Երկու-երեք անգամ Ռուզանն էր Գիւմրիից եկել իրեն տեսակցելու, բայց նրանց զրոյցը ոչ մի կերպ չէր ստացւում, որքան էլ նախկին ամուսնու քոյրը փորձում էր իր աղջիկների չարաճճիութիւնների մասին զուարթ պատմութիւններով ընկերուհուն հանել մռայլ միայնութեան վիհից։ Որդու նահատակութիւնից յետոյ Աննան թողել էր տեխնոլոգիական հիմնարկում մենեջերի աշխատանքը, Ռուզանը նոյն գործն անում էր սերբական մի ընկերութեան համար Գիւմրիի իրենց տանը նստած։ Նա տալին փորձում էր նաեւ մասնագիտական թեմաներով զրոյցի մէջ ներքաշել, բայց այդ ջանք էլ էր ապարդիւն ստացւում։
— Անցած, գնացած բաների մասին չեմ ուզում խօսել, — ընդհատում էր նրան Աննան թախծոտ ժպտալով, եւ Ռուզանը, գիտակցելով, որ այս անգամ էլ ձախողել է իր առաքելութիւնը, յուսահատ հեռանում էր։
Այնքան սակաւապետ էր դարձել, որ մօր բնակարանի վարձակալութեան գումարը հերիքում էր, մի բան էլ աւելանում, խեցեգործութեան եկամուտն էլ չէր հասցնում ծախսել։ Այնպէս որ իր հաշուի վրայ Անդրէի թողած հսկայական գումարի ոչ մի ցենտի կարիքը չէր զգացուել։
Հայելու մէջ որովայնի փոքրիկ ուռուցիկութիւնը նկատելուց յետոյ հիւանդանոց շտապեց, այնուհետ պոլիտեխնիկի միջանցքում բռնեց դասախօս Անդրէաս Մազմանեանի թեւը ու շշուկով յայտնեց լուրը։ Անդրէն առանց ամաչելու ներկաների հայեացքներից, գրկեց նրան ու ասաց.
— Կ՚ամուսնանա՞ս ինձ հետ։
Աննան դուրս փախաւ, եւ մինչեւ երեկոյ թափառեց քաղաքում, երբ տուն վերադարձաւ, տեսաւ, որ Անդրէն ու Ռուզանը զրուցում են մօր հետ։ Նրանք Աննայի ձեռքն էին խնդրել մօրից։ Նա ընդամենը տասնեօթ տարեկան էր, եւ ողջ օրը մտածելով՝ որոշել էր ազատուել երեխայից։ Մայրը թէեւ Անդրէին շատ էր հաւանում, բայց պատասխանել էր.
— Ի՞նչ ամուսնութիւն, նա դեռ երեխայ է։
Անդրէն խնդրեց Աննային, որ առանձնանան ու պատմեց, որ ինքն արդէն ամուսնացած եղել է, բայց երեք տարի միասին ապրելուց յետոյ պարզել են, որ անհամատեղելի են, ու զաւակ չեն կարող ունենալ, որ հիմա ինքը երջանիկ է Աննայի յղիութեան մասին իմանալով։ Ասաց, որ եթէ համաձայնի, կ՚ամուսնանան մի քանի օրից, որպէսզի ոչ մէկը՝ ոչ մայրը, ոչ համալսարանում չիմանան, թէ մինչ ամուսնութիւնը աղջիկը յղիացել է։
Աննան տեսաւ, որ իր սիրած տղամարդու այտերը թրջուել են արցունքներից։
Ճրագալոյցի պատարագի ողջ ընթացքում, Սուրբ Աննա եկեղեցում կանգնած, Աննան վերարկուի գրպանում ձեռքի մէջ սեղմում էր կաւէ հրեշտակի արձանիկը ու մտածում Սառա Գուրգէնեանի ու Նաոկոյի մասին։ Կասկադի աստիճաններով բարձրանալիս նա իրեն խաբում էր, թէ բրուտի դուրգի առաջ պարապ նստելու համար է շտապում։ Ճանապարհին դեղատուն էր մտել, առել ինչ պէտք էր, վճարել, բայց դուրս գալուց առաջ աշխատակցուհուն նուիրել հրեշտակի արձանիկն ու ասել.
— Շնորհավոր Սուրբ ծնունդ։
Միայն դրանից յետոյ սկսեց շտապել, քանի դեռ վճռականութիւնը չէր կորցրել։ Կասկադի աստիճանների վրայ շրջուեց, նայեց ներքեւում մնացած քաղաքի՝ ուշացած առաջին ձեան փաթիլների տակ սպիտակող տանիքներին, սիզամարգերին, ու մայթերին եւ յիշելով առաջուայ իր գրառումը` ամաչեց ու քրթմնջաց.
— Ի՜նչ էլ սենտիմենտալ եմ եղել։
Հասաւ տուն, վերարկուն կախեց, գրպանից հանեց դեղն ու գնաց խոհանոց։ Երբ վերադարձաւ, միացրեց չարխն ու ոտքերը սովորականից աւելի լայն բացած նստեց նրա առաջ։ Հինգ րոպէ առանց աչքը կտրելու նայեց դուրգին, բայց ամեն անգամուայ պէս աչքերի առաջ չէր մշուշւում, գլուխը չէր պտտւում, ոչ մի մոգական ուժ չկար այդ պտոյտների մէջ, ժամանակը կանգ էր առել, ոտքերի արանքով չէր թափանցում իր մէջ, սիրտը շրջանցելով չէր հասնում ուղեղին, չէր թմրեցնում այն։ Վճռականութիւնը ճաքեր էր տալիս։ Նորից յիշեց իր գրառումը ձեան մասին։
«Ձիւնն, իմ այս մեղքն էլ կը ջնջի», — մտածեց ինքնահեգնանքով։
Որոշեց ջնջել տարուկէս առաջվայ իր սրտաճմլիկ գրաումը։ Մտաւ Ֆեյսբուք, ու տեսաւ, որ Անդրէն տասը անգամ տեսազանգ անելու անյաջող փորձից յետոյ նամակ է գրել։ Հեռանալուց յետոյ չէին շփուել։ Սկզբում որոշեց չկարդալ։ Բայց հասկացաւ՝ զանգելու նրա յամառութիւնը նշանակում է, որ կարեւոր բան ունի ասելու։
«Արդէն քանի ժամ է, փորձում եմ կապուել հետդ, հեռախօսդ էլ անջատուած է»։ Աննան կիսատ թողեց, արդէն երերալով հասաւ վերարկուին, գրպանից հանեց բջջայինն ու տեսաւ, որ պատարագի աւարտին մոռացել է միացնել։ Վերադարձաւ դժուարութեամբ, ու փորձեց շարունակել։ Տառերն ու տողերը փախչում էին, գլուխկոնծի տալիս, բայց հասցրեց կարդալ. «Ցուցակը տեսե՞լ ես։ Հռոմի պապի միջնորդութեամբ տուն եկող տասնչորս գերիների ցուցակը տեսե՞լ ես։ Նրանցից մէկի անունը Սեդրակ Անդրէասի Մազմանեան է։ Չեմ հաւատում, որ այդպիսի անուն, ազգանուն եւ հայրանուն ունեցող ուրիշ մէկն էլ լինի։ Վստահ եմ, որ մեր Սեթն ա։ Աննա, ներիր ինձ, ներիր, ներիր։ Թոյլ տուր հետ գամ ու շտկեմ սխալս։ Չեմ հաւատում զուգադիպութիւննների, թոյլ տուր գամ, մենք մեր տղային միասին ենք պէտք»։
Աննայի ծնկները ծալուեցին ու փռուեց յատակին։ Նա հասցրեց լսել դռան թակոցը եւ մեծագոյն ճիգով բաց պահեց դռանը յառած աչքերը: Էլի երկու անգամ թակելուց ու պատասխան չստանալուց յետոյ եկուորը բացեց դուռն ու ներս մտաւ։ Աննան տեսաւ նրա ձախ ձեռքին դաջուած խաչն ու Ս տառը։
— Սեթ, եկա՞ր, — շշնջաց ու փակեց աչքերը։
Իսկ նա պարզապէս երկու շաբաթում վաճառուած հրեշտակների փողն էր բերել։
Երեւան
*) Պաժառ (ռուս.) — Հրդեհ