ԲԱՌԸ

ՌԱԶՄԻԿ ԴԱՒՈՅԵԱՆ (1940-2022)

Ինչպէս արեւի շողը բռնելով,
Կենդանանում է թրթուրը քնած
Եւ խլրտում է տաքուկ փոշու մէջ,
Այդպէս Հանճարի ճառագայթի տակ
Արթնանում Բառը
Եւ տաք խլիրտով
Շարժւում է դեպի յաւիտենութիւն:

Զգացմունքների խեղդող ալիքից
Բառն ինքը, ահա,
խոստովանանքի համար է ծնւում,
Ու թէեւ նրան մանրում են մարդիկ
Շահատակութեան շուկաների մէջ,
Սակայն ինչ-որ տեղ՝
Հոգու ծալքերում իմաստունների,
Ապրում է Բառը եւ անվերջ թրծւում:

Հաւատամքը — Սէր,
Տառապանքը — Սէր…

Ես նստել էի
Բառի մենաւոր քարանձաւի մէջ,
Եւ Բառը հազար տխուր աչքերով
Լալիս էր վրաս, —
Ես չգիտէի,
Որ դու մոմերդ կը վառես մի օր՝
Բառի խորքերը լուսաւորելու,
Ես լռութեան մէջ կը թողնես, գնաս:
Ես չգիտէի…
Եւ Բառը հիմա քայլում է յոգնած
Բառերի անծայր քարաւանի մէջ,
Եւ տխուր է նա, ձանձրացած մի քիչ
Եւ աննուաճ է, եւ քնքշօրէն խեղճ:

Եւ ինձ թւում է՝ նրայ ստուերը
Բոլոր կողմերից
Քշում են վայրի ուրուրներ հազար. —
Գիշակերների՜, անտաղանդների՜ ստրուկն է Բառը,
Նա Հանճարին է միայն հաւասար:

Եւ քանի դու կաս, ամեն գարնան հետ,
Ինչպէս արեւի շողը բռնելով
Կենդանանում է թրթուրը քնած,
Եւ խլրտում է տաքուկ փոշու մէջ,
Այդպէս Կարօտիս ճառագայթի տակ
Արթնանում Բառը
Եւ տաք խլիրտով
Շարժւում է դէպի յաւիտենութիւն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *