* * *

ՆԵՄՐՈՒԹ

* * *

Ճղուած շորերի
գոյնն ամենալաւն է.
հագիդ,
թէ պահարանում:

Ամենաանկեղծ զգացողութիւնը,
միլիոն տարի յետոյ էլ
կը գտնուի
ծածկուած շորերի գրպաններում:

Երբեք
փախուստի չի դիմում այն,
ինչ յղկուած է ցաւից։

Նայէք աշխարհի
ճանապարհներին եւ կը համոզուէք:

Լեռ բարձրանալն է
նպատակ,
գագաթն ընդամենը միջոց է:

Երեւի աշխարհը
մէկի փոխարէն
ապրող ցանկութիւն է,
կամ էլ Հայկի նետն
իմ ձեռքում է (չերեւացող մի տեղ)…

Որովհետեւ
իմ մանկութեան
ամենավերջին օրը
ես այդպէս էլ չտեսայ։

Լեռներում էի:
Լեռներում եմ:

* * *
Մըր էրգրի
կռունկներին
երեկ տեսել եմ.

երգում էին
ծիծեռնակ,
ծիծեռնակ,
դու գարնան
սիրուն թռչնակ:
* * *
Ես նոյն փողոցի տղան եմ.
ու կապ չունի,
որ հիմա քաղաքը
փողոց չունի:

* * *
Եւ որքան կ՚ուզէք
աղաւնիներ
բաց թողէք,

միեւնոյնն է
խաղաղութիւնը
բերում են արծիւները։
* * *
Աչքեր,
միթէ նրանք կան,
երբ երկինքը
թաց է ծովից:

Ով է յաջորդ խելագարը,
վարդապետին համոզել եմ ես…
* * *
Հողը
ծաղիկների մէջ շփոթուել,
եւ հիմա
քարերն են
երկրի գարունը։

* * *

Ձեռքերիս մէջ
քաղաքն է,
անտուն մնացած
մի քանի փողոցների.
բոլորը
քայլելու ցանկութիւն ունեն.
եւ նոյնիսկ հողը,
որ սայլակին գամուած
դողում է
մի վիրահատարանից միւսը տանող
ճանապարհից։

Իսկ երկինքը…
երկինքն հիմա
խխունջուած ամպերից
եւ անձրեւ,
եւ ապրել է պահանջում։

Նայում ես վերեւ
ու չես հասկանոմ
մշուշ է,
թէ օջախի ծուխ։

* * *
Զուսպ
անհետանում եմ
երկրի ուղեծրից.

ինձ համար այդպես էլ
անհասկանալի մնաց,
թէ դէպի ուր
այդքան շատ ճախրեցին
մարդիկ։

Չի բացառւում,
որ Աֆրոդիտէն
բոլորովին մերկ յայտնուել
եւ հաշուել է սկսել
սիրահարներին։
(Հողն էլ է սէր) …

* * *
Երեկ,
Գողգոթայից
իջնող մէկը,
շիկացած հողին երկար նայեց
ու անրջացաւ
մեղքերի խորանին։
յետոյ
տուն առ տուն
սկսեցին ներկել
բոլոր տանիքները,
եւ այդպէս ուշացաւ
հանդերձարանում
կերպարանափոխուած աշունը։

Անտանելի ծանր գոյն է
սպասումը,
ու մանաւանդ,
որ բոլորը յոգնած որոնում են
նրա ճիշտ հակառակ կողմը։

Ոչ մի տապանաքար,
մինչեւ հիմա
չի ծանրացրել հողի
կարկատուած ծանրութիւնը,
նոյնիսկ իմը,
որ քարշ եմ տալիս
արդէն մի քանի միլիոն տարի։

Բայց,
բայց թռչուններին
կերակրող ձեռքեր կան,
որ հաւատում են,
թէ երկինքն հողից հեռու մի տեղ է…

Մտածում եմ ,
ով մեզնից յետոյ կը հաւաքի
չգտնուած ծաղիկների կիսատպռատ
բեկորները,
եթէ հիմա մեր աչքի առաջ,
ամենաճոխ մահախօսականը՝
անշուք ծափահարութիւնն է
մի զարկուած,
զրկուած վարդապետի։

Ինչ եղաւ
գոյութեան ծիսակարգին,
որտե՞ղ առիւծը
արծուի չափ նայեց երկնքին…

Արցախ

ՀԵՂԻՆԱԿԻՆ ՄԱՍԻՆ. Նեմրութ գրչանունն է «Ազատ Արցախ» թերթի երիտասարդ լրագրող-խմբագիր Սերգէյ Սաֆարեանին որ, ինչպէս ինք կ՚ըսէ. »արդէն քառորդ դար է ինչ ապրում, ստեղծում ու ստեղծագործում եմ Հայոց Մեծ Հայքի 10-րդ նահանգում«։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *