ՄՀԵՐ ԻՍՐԱՅԷԼԵԱՆ
Արդէն թւում էր թէ մուսաս անյոյս խռովել է ինձնից, երբ մայրաքաղաք Երեւանի երկնքում պայթած կայծակի հետագիծը ուրուագծեց մեր աւետեաց երկրի իրական սահմանները, վերջապէս յոյսի մի շող սփռելով յուսահատ ժողովրդի ընկճուած հոգիներին։
— Ասում էինք չէ, կայ ապագայ, — բացականչեցին ոմանք՝ նրանք, որ ուսապարկ էին կրում։
— Բա որ ասում էինք այլընտրանք կայ, չէիք հաւատում, — ձայնակցեցին այլոք՝ նրանք, որ ուսապարկ չէին կրում։
— Ընդամենը 5165 քայլ, եւ մենք փրկուած ենք, — ասացին ուրիշները, որ լեռնագնացի հագուստով էին։
— Ափսոս, եթէ կայծակը մի քիչ էլ ձգուէր, ուրուագիծը կը տանէր կը հասցնէր ծովից ծով, — հոգոց հանեցին առաւել երազկոտները։
— Վերջապէս մեր անդունդը այլեւս չի խռովուի, — եզրակացրեց ամենաիմաստունը, որ բռնցքամարտի նախկին չեմպիոն էր, ու գլխին ստացած հուժկու հարուածները մի թեթեւ մթագնել էին մտքի կայտառ-ութիւնը։
— Բաբելոնի աշտարակ էք ցանկանում կառուցել, չէք կարող, իջէք հողի վրայ, — հատու զգուշացրեց առաջին ու վերջին մոհիկանը։
Ցաւօք, կայծակի շունչը, ինչպէս յաճախ պատահում է հայի բախտի հետ, չէր հերիքել, եւ սպառուած շնչի հետ հետագիծը կտրուել ու տարրալուծուել էր տիեզերական անսահմանութեան մէջ։ Ամեն դէպքում, ազդակը, որ յղել էր ինձ բնական այդ երեւոյթը՝ յստակ էր, եւ աներկբայօրէն յուշում էր, թէ եկել է այն պատեհ ակնթարթը, երբ նախախնամութիւնը տարիներիս չարչարանքին ապաշխարանք կը բաշխի։ Այլ կերպ ասած՝ վերջապէս կը գտնեմ ազգի այն առաջնորդին, այն իմաստուն ու զօրեղ փրկչին, որ չգիտի այդ մասին եւ անիմաստ դեգերում է աշխարհի քունջուպուճախներում։ Կը գտնեմ, մեծահոգաբար կ՚աւետեմ այդ մասին ու կը հանեմ անյոյս ընդարմացումից։ Եթէ ի հարկէ հաւատայ խենթին յարիր մարգարէութեանը։
Բայց ամեն ինչ սկսուել էր դեռ այն անյիշելի ժամանակներից, երբ մարդիկ որոշել էին իրենց գլխից բարձր թռնել ու երկնահաս աշտարակ կառուցել։ Հին կտակարանը վաղուց եմ կարդացել ու հիմա չեմ յիշում, թէ երբ Երկնաւորը լեզուներ բաժանեց ժողովուրդներին, ինչ հետին միտք էր լեզուի տակ թաքցրել, բայց դա էական չէ։ Էականն այն է, որ ինչքան էլ գերբնական ուժերը փորձեն խառնշտորել մարդկանց ու լուալ ուղեղները, գալիս է մի պահ, երբ մի խումբ մարդիկ ոտքը խփում են գետնին ու ասում՝ վերջ, էլ չենք ուզում խառնուել, չենք ուզում տրուել գայթակղութիւններին կամ խաբուել դաւադրապաշտական ծուղակների խայծին։ Վերջ խառնակութեանը։ Այդ խումբը լինի մէկուկէս միլիարդ մարդ, թէ մի քանի միլիոն, նոյն ցանկութիւնն ունի՝ պահել էս պահին տրուածը, պահել ու պահպանել ու թէ բախտները մի քիչ բերի՝ կառուցել ի վերջոյ կիսատ մնացած Բաբելոնի աշտարակը։ Աւելի հաճելի բան, քան այն գիտակցութիւնը, թէ քո նման մի մահկանացու նոյն բանն է զգում ու հասկանում, չկայ։ Թող ինձ ասեն ազգայնական, թող ասեն յետամնաց, հանդուրժողականութեան ու բազմազանութեան անվերապահ պահապաններն էլ թող գանահարեն ու քարկոծեն, միեւնոյն է պիտի խոստովանեմ, որ զզուել եմ բոլոր օտար լեզուներից։ Իսպանացի գործընկերս օրերն էր հաշւում, թէ երբ է երկարատեւ գործուղումից վերադառնալու Իսպանիա, պարզերես նայելու շողշողուն արեւին ու առանց ճգնելու սրճարանի մատուցողուհուն մաքուր իսպաներէնով պատուիրելու սեխով խամոն ու մի գաւաթ սանգրիա։ Նա էլ առանց դէմքը ծամածռելու, լայն ժպտալու է ու իր «գրասիաս»-ին պատասխանելու «կէ ապրովեչէ, սենիոր»։ Չաղ, ուրախ ու բախտաւոր։ Ճիշտ է, բարեհամբոյր մատուցողների հաշուով մեր բախտն այդքան էլ չի բերել, բայցեւայնպէս կարօտելու շատ բան կայ։ Կորչեն թարգմանիչները, կրակի բաժին դառնան գլոբալիստներն ու աշխարհի քաղաքացիները, մենք մեր հարիսայի տէրն ենք, խառնում ենք խառնում, մինչեւ ամեն ինչ մերւում է իրար։ Բա չէ, աւստրիացի գնդապետը, որ կնոջ հետ ետնաբակում մերկ արեւայրուք էր ընդունում ու խտտում ալբանացի հարեւանի բաց նեարդը, որ բողոքում էր թէ այդ այլասերուած գործողութիւնը ցնցել է իր մատաղ աղջիկների նուրբ զգացմունքները ու ստիպել հոգեբան հրաւիրել, այնինչ ինքն աչքը չէր կտրում աւստրուհու կարմրաթուշ մարմնամասերից։ Աւստրիացին էլ իբր ապշում էր? բայց չէ որ աստուած մեզ մերկ է ստեղծել, բացարձակ մօրէմերկ։ Նոյն աւստրիացին իմ խանդն էլ էր շարժել մէկ-երկու տիեզերական հաճոյախօսութիւն շռայլելով սիրասուն ընկերուհուս շքեղ տեսքի առիթով, բայց օտարազգի լինելու հանգամանքը ու քաղաքական զսպուածութիւն ցուցաբերելու տուած խոստումս փրկել էր նրան իմ անողոք վրէժխնդրութեան ճիրաններից։
Այդպէս Եւրոպայի կենտրոնում օտար ցաւուհոգսի մէջ թաթախուած ապրում էի, երբ մի սովորական օր, որ սովորական էլ կը մնար, եթէ մայրաքաղաք Երեւանի երկնքում չժայթքէր արտասովոր կայծակը, Վիեննայի ամենաշքեղ հիւրանոցի նախասրահում ականջս շոյեց մայրենի լեզուի այնքան քաղցր բառն ու հնչիւնը։ Միշտ է այդպէս, հազար հոգու միջից էլ, ինչքան էլ ցածր խօսեն, հնչիւնները մաշտոցեան տառերի կերպարանք առած ճեղքում են սառը, օտարոտի օդը ու երկնային մանանայի պէս գալիս մեղմիկ թառում են ունկերիս։
Նման դէպքերում միշտ մօտենում էի ու խառնւում հայրենակիցներիս զրոյցին, բայց այս անգամ յիշեցի կայծակի բախտորոշ նշանը ու որոշեցի ծպտուել հետախոյզի դիմակի տակ։ Պարզապէս տեղաւորուեցի նախասրահի սրճարանում եւ սկսեցի իբր ագահօրէն կարդալ նախընտրական թոհուբոհի առաւել նշանակալի անցքերի մասին ֆեյսբուքի բերած տեղեկատւութիւնը, աչքի պոչով ու ականջի ծայրով էլ ըմբոշխնել մայրենի լեզուիս մեղրածոր գոհարները։ Հէնց այդ վայրկեանին էլ յիշեցի յոյն ընկերոջս այն միտքը, որ ասում էր, թէ հայերը իրար հետ խօսելիս կարծես կռիւ անեն։ Չինացի ընկերս ասում էր, որ կարծես թէ ուզենան երգել, սակայն մի բան վերջին պահին չստացուի, կամ ձայնի հզօրութիւնը չհերիքի կամ լսողութիւնը։ Չգիտեմ, տասը-տասնհինգ հոգին, որ շրջապատել էին մի մարդու, կռի՞ւ էին անում, թէ՞ պարզապէս ուզում էին երգել, բայց որ այդ մարդամէկը ճարտասանութեան մի դասական հրավառութիւն էր սփռում, հաւաքի ականատեսները կարող են վկայել։ Քանի որ այդպէս էլ չյաջողուեց անունը ճշտել, ինձնից չի նեղանայ, եթէ պատմուածքում նրան կոչեմ Մարդամէկ։
— Եթէ հետեւողականութիւն լինի եւ յամառ աշխատանք, մենք անպայման կը հասնենք մեր ուզածին, — ասում էր Մարդամէկը։
— Շատ ճիշտ ես ասում, 2050 թուականին կը լինենք հինգ միլիոն, — ոգեշնչում էր մի աշխոյժ ունկնդիր, — պարզապէս պէտք է համարակալել բոլոր հայերին ու ժամանակին կատարել նշանակուած բոլոր պատուաստումները։
— Իմ անձնական օրինակը կարող է փարոս դառնալ էն յուսահատ մարդկանց համար, ովքեր կորցրել են հաւատը ապագայի հանդէպ, — շարունակում էր Մարդամէկը։
— Իրօք, քո օրինակը որպէս յաջողակութեան դասական պատմութիւն ապշեցուցիչ խթան կարող է լինել, — գլուխը տմբտմբացնում էր մի` մինչ այդ անտարբեր թուացող ունկնդիր, — միայն համախմբուել է պէտք քո շուրջը։
— Ես էլ վատ օրինակ չեմ, ո՞վ կարող է օտար երկրում մի քանի տարուայ մէջ դառնալ թաղամասի երեխաների ամենասիրուած մարդը, — պարծենում էր մէկ այլ թեկնածու։
— Պահօ, իսկ ի՞նչ ես անում, որ արժանացել ես այդ պատուին, — հարցնում էր հետաքրքրասէր մէկը։
— Պարզ չի՞, շրջիկ մեքենայով պաղպաղակ եմ ծախում։ Վատն այն է, որ ձմռանը ինձ մոռանում են։
— Տեսնո՞ւմ ես, դու պէտք է իմ հետքերով գնայիր, որ ոչ մի ձմեռ ի զօրու չլինէր խանգարել այն առաքելութեանը, որ մեծահոգաբար կատարում եմ այս վիկինգների համար, — շարունակում էր Մարդամէկը։
— Եղբայր, հազար ասեցի, սրանք վիկինգ չեն, սկիւթ են կամ, հազար ներողութիւն` գոթ, — պարզաբանում էր նախկին մի բռնցքամարտիկ։
— Սրանք միայն խօսել գիտեն, երգել-նուագել չգիտեն, նկարել չգիտեն, ես եմ լուսաւորում իրենց արուեստի դպրոցներում, թէ չէ կորած էին, — ծղրտում էր զրնգուն ձայնով մի լուսաւոր աղջիկ, որ ինչպէս պարզուեց՝ նկարչութեան դասերից ազատ ժամերին շաբաթ-կիրակի համատեղութեան կարգով մատուցող էր աշխատում ու գիշերները երկնքում համաստեղութիւններ պեղում։
— Մեր աշտարակի կառուցմանը դու կարող ես արուեստագէտի քո նպաստը բերել, — միանգամից զգում էր Մարդամէկը, — մանաւանդ, երբ կերտուի յաղթանակը, նկարելու առիթ դեռ շատ ենք ունենալու։
Այ քեզ բան, առաջին ու վերջին մոհիկանը փաստօրէն ճիշտ էր գուժում, սրանք Բաբելոնի աշտարակն էին ուզում կառուցել, հէնց Եւրոպայի կենտրոնում։ Ուզում էին մագլցել, հասնել երկինք ու բաւարարել իրենց փառասիրութիւնը։ Պէտք էր ընդամենը ընտրութիւն կատարել։ Այդ գիշեր երազ տեսայ, բոլոր թեկնածուները մօրէմերկ, ինչպէս աշխարհ էին եկել, հարիսայ էին եփում։ Երգում էին, բայց ձայնը չէր լսւում, ասես համր կինոնկար լինէր, մնջախաղ։ Ազգային առանձնայատկութիւն է, հարիսան այնքան պիտի հարէին, որ դառնար միասեռ զանգուած։ Հարում էին, հարում, բայց վերջը չէր երեւում, ես էլ մոռացած երազիս բուն նպատակը եթերային նկարչուհուն էի փնտռում՝ գոնէ մի օգուտ քաղելու մարդկային թուլութեամբ համակուած։ Այ թէ հարիսան հարելիս ինչպիսի զուարթութեամբ կը թրթռային խնձորիկները։ Եթէ ընտրեմ պաղպաղակ ծախողին, ազգը ձմռանը առանց առաջնորդ կը մնայ։ Եթէ ընտրեմ պատուաստումների ջատագովին, կը դառնանք համաշխարհային դաւադրութեան զոհ։ Գուցէ հէնց լուսաւոր աղջկայ ձեռքից էլ բռնեմ ու խնդրեմ առաջնորդել ազգը, գուցէ միայն նա կարող է մեկնել կայծակի հետագիծը, բայց վախենամ մոլորուենք աբստրակտ նկարների ու համաստեղութիւնների եթերային օրօրոցում։
Մինչ փորձում էի երազահանները քրքրելով մեկնել երազիս իմաստը, հասկացայ մի կարեւոր բան՝ մուսաս վերադարձել էր։ Մուսաս ի հարկէ փախած էլ կը մնար, եթէ չժայթքէր կայծակը ու սթափութեան կոչ անէր։ Եթէ չլսէի առաջին ու վերջին մոհիկանի խորհուրդը ու երկնքից իջնէի հողի վրայ։
Հիմա, երբ կծիկը քիչ թէ շատ քանդուել է, մի գաղտնիք պիտի բացեմ. արտահերթ ընտրութիւնների նախաշեմին առաջադրանք էի ստացել աշխարհի անդաստաններում փնտռել այն հնարաւոր փրկչին, որ կարող էր առաջնորդել մեր բազմաչարչար ազգը այս դժուարին պահին։ Հիմա, երբ ականատես ու ականջալուր եղայ նախասրահի զրոյցին, ու երազն էլ հասաւ օգնութեան, կասկածներս փարատուեցին։ Նախասրահի մարդը հէնց նա էր, ում փնտռում էի։ Ախր ինչպէս գլխի չէի ընկել, չէ որ երազիս մէջ հարիսայի շերեփը նրա ձեռքին էր։ Փորձեցի յիշել, թէ արդեօք շերեփը թղթից էր, թէ երկաթից, բայց չյաջողուեց, յիշում էք` ուշքումիտքս մերկ նկարչուհին էր։ Մարդամէկը այն մոլորուած հայն է, որ կը շարունակի աւերուած Բաբելոնի աշտարակի շինարարութիւնը։ Որեւէ կասկած չունեմ, որ մենք նրա առաջնորդութեամբ կը կարողանանք աշտարակի վրայ մագլցել երկինք ու բաւարարել մեր փառասիրութիւնը։ Եթէ ի հարկէ Երկնաւորը նորից չխանգարի։
Եթէ չպարզէի այն խորհրդաւոր առաքելութեան մանրամասները, որի միջոցով Մարդամէկը ուզում էր վերականգնել Բաբելոնի աշտարակը, սիրտս կը պայթէր։ Էլ չեմ ասում գաղտնիքը մայրաքաղաք փոխանցելու անվերապահ վճռականութեան մասին, մի վեհ արարք, որ նաեւ սփոփանք կը բերէր նախկինում չարածներիս պատճառով ճմլուող սրտիս, էլ չասած հնարաւոր պարգեւների ու մեդալների մասին։
Ես այդպէս էլ խաւարի մէջ կը խարխափէի, եթէ գործի չդնէի հետախոյզի հմտութիւններս։ Պէտք էր ամեն ջանք թափել հաւաքագրման գործը գլուխ բերելու ու նրան համոզելու համար։ Ընդամենը մէկ մատնազարկ եւ հայրենիքը փրկուած է։ Մարդամէկի տունը տեղորոշելուց յետոյ դիրքաւորուեցի այնպէս, որ արտաքին դիտարկումը կատարեալ լինի ու չմատնի իմ ծածուկ մտադրութիւնը։ Ենթադրութիւնս թէ նման յոյժ կարեւոր սխրանքները առաւօտ կանուխ են արարւում, արդարացաւ։ Օղակը աստիճանաբար սեղմւում էր նրա պարանոցին։ Լոյսը դեռ չբացուած Մարդամէկը յուշիկ քայլերով դուրս եկաւ տնից եւ կոպիտ ձեռնոցներն ու վառ դեղին անվտանգութեան ժիլետը հագին աննկատ բարձրացաւ աղբատար մեքենայի թափքին։ Շարժիչի տպաւորիչ հռնդիւնը յուշեց, որ չէի սխալուել։
Երեւան
(Գրանիշ)