Ես քեզ ներում եմ

ԱՐՄԷՆ ԱՒՕ

Ես քեզ ներում եմ
մի վերջին անգամ,
Մի վերջին անգամ
ես քեզ եմ յիշում,
Ես քեզ գրում եմ
մի վերջին անգամ
ահեղ սահմանի
խելառ մշուշում։

Գուցէ սրտիդ պէս
քեզ էլ է տանջում
մի անհաս կարօտ,
սիրելի Նոնա,
գուցէ ուրիշն է
քեզ հիմա կանչում
եւ ունայն են իմ խօսքերը հիմա։

Գուցէ թերթում ես ամեն իրիկուն
մեր նամակները մեռած ու մարած,
եւ մի թախիծ է իջնում քո հոգուն,
մի անանց կարօտ, մի անհաս երազ։
Ախ, ես անզօր եմ
եւ մենակ կրկին
եւ քեզնից զատուել չեմ կարողանում,
Լուսաբացը ինձ քեզ մօտ է տանում,
իսկ դու տենչում ես ուրիշի ոգին։

Ես քեզ գրում եմ մի վերջին անգամ ,
«Մնաս բարովի» նամակով այս նուրբ,
ահեղ սահմանի դիրքերից դժկամ,
ուր կեանքն անտուն է, պատերազմը՝ սուրբ։

 * * *

Ինձ հետեւող յուշերից
ես ո՞ւր թողնեմ ու գնամ,
Մռաւի սարի փէշերից
ես ո՞ւր թողնեմ ու գնամ։
Այս քարակուռ ձորերից,
երազներից իմ վսեմ,
կանաչ-կարմիր օրերից
ես ո՞ւր թողնեմ ու գնամ։
Մէջքը ջարդուած մեր գիւղից,
բորբ արեւից երազուն,
սիւնը ծռուած մեր հիւղից
ես ո՞ւր թողնեմ ու գնամ։
Ձմռան կարօտ այս դաշտից,
առուակներից պաղաշունչ,
Ազատութեան սուրբ մարտից
ես ո՞ւր թողնեմ ու գնամ։

* * *

Ես սիրում եմ քեզ,
հայրենի իմ տուն,
հայրենի իմ հող՝
օրրանը Հայկի:
վիրաւոր, անխօս
ես կ՚ընկնեմ մարտում,
միայն գարունդ նոր ոգով ծաղկի։
Ես քո վիրաւոր որդին եմ, Արցախ,
քո ժայռից պոկուած քարէ մի մասունք,
քո հողից ծնուած աղբիւրն եմ խաղաղ,
հայրերիդ աչքից ընկած մի արցունք։
Ես քո շուաքի ակացիան եմ հեգ,
լռած քարերիդ մամուռն եմ կանաչ,
քո խոնաւ հողի բուրմունքն եմ աննենգ,
ձորերիդ միջին բացուած մի կակաչ։
Անտառում հոսող ալիքն եմ գետի
արդարութեան դէմ քո սիրտն եմ բացուած,
ոսոխին զարկած շուրթն եմ փամփուշտի
եւ քո երազն եմ եւ բախտդ խոցուած։
Ես սիրում եմ քեզ,
հայրենի իմ տուն,
հայրենի իմ հող՝
օրրանը Հայկի,
վիրաւոր, անխօս ես կ՚ընկնեմ մարտում
միայն աշունդ գարնան պէս ծաղկի։

Արցախ

ՀԵՂԻՆԱԿԻՆ ՄԱՍԻՆ.
Արմէն Լեւոնի Միքայէլեանը (գրական ծածկանունը՝ Արմէն Աւօ) ծնուել է 2002 թուականի մարտի 28-ին պատմական Արցախ աշխարհում՝ Մարտակերտի շրջանի Վաղուհաս գիւղում։ 2007 թուականին ընդունուել է տեղի միջնակարգ դպրոցը, որն աւարտել է 2019 թուականին։Նոյն թուականին էլ ընդունուել է ԱրՊՀ բանասիրական բաժինը։ Աւարտելով առաջին կուրսը՝ զօրակոչուել է բանակ, մասնակցել արցախեան պատերազմին…
Մանկութեան տարիներին նրա հոգեւոր աշխարհի հարստացման գործում մեծ դեր է խաղացել մանկավարժ պապը. նա է մանկան մէջ յատուկ սէր արթնացրել գրականութեան, հայրենի բնաշխարհի, ազգային արժէքների հանդէպ…
Արմէն Միքայէլեանը գրական առաջին քայլերն արել է 2018 թուականին։ Աւօ ծածկանունով (Աւետիք Իսահակեանի անուան կրճատ ձեւն է) նրան կնքել է գրականութեան ուսուցիչը, քանի որ գրել սկսել է Աւետիք Իսահակեանի ստեղծագործութիւններից ոգեշնչուած։ Բայց նա բացատրում է այսպէս՝ Արցախի Վիրաւոր Որդի…

Հերմինէ Աւագեան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *