ՊԱՏԵՐԱԶՄ… ԱԿՆԹԱՐԹՆԵՐ…

ՎՈՎԱ ԱՐԶՈՒՄԱՆԵԱՆ

Խաղաղութիւն նկարելու համար ինձ գունաւոր մատիտներ են պէտք, որովհետեւ գոյների մէջ են մնացել անմահ հերոսների դէմքերը, շունչը, այն ամենը, ինչը կապուած է իրենց հետ: Մի ուժ կայ։ Այն մեռնել չի սիրում։ Դա մեր գենն է, որ անգամ հողի տակ է մտնում մի պահ, իսկ յետոյ վեր յառնում՝ որպէս փիւնիկ։
Հողը խաղաղութեանը սպասել գիտի…

* * *

Ամենասովորական զգացողութիւնները հպարտութեամբ են լցւում, եթէ կանգնած ես զինուորի կողքին։ Կանգնած սպասում ես նրա հերթական խօսքին, շարժմանը, արձագանքին, աչքերին, ժպիտին…
Իսկ երբ հարցնում է զինուորը, թէ ինչո՞ւ են իր մասին գրում, ապա պատասխանը մէկն է լինում. իսկ հերոսների մասին չե՞ն գրում։ Ու այդտեղ հասկանում ես նրա համեստութեան ու հայրենանուիրումի չափը, այն ամենը, ինչը կա, այո, իրական է, ոչ թէ այլ աշխարհից:

* * *

Պատերազմական օրեր էին։ Հեռւում ծուխն այնքան էր տարածուել, որ մտածում էի մի քանի րոպէ յետոյ մի պայթիւն էլ իմ կողքին կը լինի, ու ես էլ չեմ լինի։ Արագ էի քայլում։ Այնքան զարմանալի էր, որ ճանապարհներին մարդ չկար։ Այս ի՞նչ ժամանակներ են։ Անգամ ապրիլեան պատերազմի ժամանակ մարդիկ իրենց դարպասների մօտ նստում էին, մի երկու րոպէ զրուցում։ Կեանք կար։
Այս պատերազմը շատ տարբերուեց։

* * *

Դիրքեր այցելելու ժամանակ զինուորներից մէկին հարցրի, թէ կարօտե՞լ է տնեցիներին։ Ասաց, որ այդ 2 տարին կարօտը Հայրենիքի հանդէպ սիրոյ միջով է անցնում եւ մի այլ տեսակ զգացում է այս պարագայում։
Իսկապէս, հիմա կարօտում եմ նրանցից իւրաքանչիւրին։ Ես զգացել ու տեսել եմ նրանց անպարտ կեցուածքը, պայքարող ոգին ու յաղթելու ուժը։ Նրանք երբեք չեն պարտուել ու չեն պարտուելու…

* * *

Ճակատագիրը կեանք է մաշում։ Նրա հետ չորս օր անհանգիստ նստած սպասում ենք, որ մի բան կը լինի ու շուտ կ՚աւարտուի նախորդի պէս։
Այդ չորս օրը…
Ցաւից փողոցներն աղմկում էին։ Չէի կարողանում քայլել, որովհետեւ կարող էի մի աղմուկի պատճառ դառնալ։ Ցաւը սիրում է ճակատագրի հետ ապրել, դրա համար ցաւին հակառակ գնացի։ Այս անգամ էլ ցաւը գրկած, ձեւացնելով, թէ ոչինչ չեմ զգում, ուշադրութիւն չդարձրի երկնքի ասելիքին։
Հեռախօսս անընդհատ զանգում էր։ Բոլորը հրաւիրում էին իրենց տները, բայց ես մեր տանը նստած նայում էի ուրիշների փլուող, աւերակ դարձած տներին։ Իսկ սա ինչպիսի՞ ճակատագիր է։
Նայում էի… մտածում…

* * *

Այս մոլորակն իմն է։ Անունը` Արցախ, որ ոչ մի բանի հետ չեմ փոխի։ Նա իմ ամենամտերիմն է։ Այստեղ արծիւները չեն քնում…
Արծիւները կենսագրութիւնն են հաստատուն պահում։
Իսկ ես կարո՞ղ եմ հեռու երկրում թողնել բոլոր գոյները։ Չէ, այդպէս չի կարող լինել։ Ասում են` ուրիշ պատի համար նախատեսուած գոյնը մէկ այլ պատի տգեղ է երեւում։ Դրա համար ամբողջ գոյները Արցախի համար ենք պահում։ Է՜հ, այստեղ կարմիրն է շատ… ամենաշատն է։

* * *

Ձեռքերս ուզում են ուրիշ տեղ հասցնել, բայց ես հրաժարւում եմ։ Աչքերի ու ձեռքերի համատեղելի կապով մոլորւում է եզերքը։ Աչքերս գտնում են Պիկասոյի գլուխգործոցներն ու ընկղմւում նրանց մէջ։
Ես էլ այստեղ չեմ…
Սա ուրիշ աշխարհ է, բայց չեմ յարմարւում ու նորից են տանս պատերը ճաքում` հեռանալու ճանապարհի կէսին։ Ուզում եմ գրկել այդ պատը, բայց վերջում պատերազմ է դառնում։ Նա էլ իմը չէ…

* * *

…Պատերազմը երբէք չի ուշանում։ Երեւի կեանքում ամենաանդաւաճան յիմարն է պատերազմը, որ մեզ շատ է սիրում ու դա փոխադարձ չէ։

* * *

Այստեղ ցաւը մի քանի ժամ կարօտի մասին է պատմում։ Ժամերը շատ արագ փլւում են կէսգիշերին ու խելագարւում են ցերեկն ու մութը` իրենց անսովոր հայեացքներով։ Ամեն բացուող լոյս մի նոր ցաւ է կիսում` հորիզոնի շուրթերին նայելով։

* * *

44 օր. ցաւի համառոտ արտացոլանք եւ սպասումի անթափանց հայելի։
Այդ օրերից աւել է, որ հողը ջուր է ուզում ապրելու համար։ Տարուայ եղանակ չմնաց։ Չարագոյժ աշունը մի գուլպայ է գործում, ու ասում է` սա էլ է հերիք։ Չմրսէք։ Պատերազմը մեր ներսում է։

* * *

Երկինքը կարծես մի անտաղանդ նկարչի ստեղծագործութիւն լինի։ Ինձ կը ներէք այս խօսքերի համար։ Հիմա ես, ինչպէս բոլոր ծառերը` նոյն ձեւ տխուր ենք։ Կարծես կեանքը կայ, բայց ապրել չգիտենք։ Ապրելը ուրիշների համար էր։

* * *

Մատներս գիշերուայ եւ ցերեկուայ տարբերութիւնը չեն զգում։ Այսպէս դեռ չէր եղել, անսովոր է։
Անսովոր է նաեւ հողը, որ անընդհատ քաջութիւն է ուզում, որ իր վրայով թողնի քայլես։ Իսկ այդ քայլերը… ինչքա՜ն պատերազմների միջով են անցել, որ արդէն խեղդում են ցաւը։

* * *

Լեռը քառասուն խոստում է տուել բոլորին։ Լեռը ամաչում է գլուխը բարձրացնել։

* * *

Պատուհանիս նայող լոյսը ցաւից մեռնում է։ Դիմանալ չկայ։ Հայելու մէջ մենք ենք` չդիմացողներս, չնայած համբերում ենք ու հանդուրժում։ Մէկս միւսի շարունակութիւնն ենք, մէկս միւսի կտրուած մասը։

* * *

Մառախուղը չի դադարում ծածկել մեզ։ Ինչքան դժուար լինի` դիմանում ենք, չնայած մառախուղի մէջ էլ կայ պատերազմի հոտը։

* * *

Ծանր եղանակ է եւ դրսում, եւ ներսում։ Եղանակի միջից ստուեր է դուրս գալիս ու կեանք է առնում։ Նա շարունակում է քայլել մի արահետով, որն արդէն մերը չէ, բայց մերն է եղել։ Անձրեւը թաքուն ջրում է այդ արահետը։

* * *

Մի տեսակ անշօշափելի են աշունը, ձմեռը։ Անշուք օրերի շքեղութեան մէջ ե՞րբ է մոլորակը (կամ կեանքը) թոյլ տալու, որ յաղթանակի համար արիւն չթափուի։

Արցախ
(սահմանամերձ Ճարտար)

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *