ԱԳՌԱՒԱՔԱՐԻ ԴՌՆԵՐԸ ԹԱԿԵԼՈՎ — ԷՊՈՍԸ ՅԵՏԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ ՇՐՋԱՆԻ ՊՈԵԶԻԱՅՈՒՄ

ՀԱՅԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ(*)

Հայ պոեզիան էպոսի գրական-բանաստեղծական մշակումների ու անդրադարձների մեծ փորձառութիւն ունի։ Էպոսի առաջին պատումի գրառումից ի վեր տասնեակ պոետիկ մշակումներ են եղել՝ ստեղծուած տարբեր նպատակներով, նախատեսուած ընթերցողական տարբեր շրջանակների համար, գաղափարական տարբեր ուղղուածութեամբ։ Բանաւոր էպոսի այդ գրական մշակումները մեծապէս նպաստել են «Սասնայ ծռերի» հանրային ճանաչմանը։ Մասնաւորապէս Յովհաննէս Թումանեանի «Սասունցի Դաւիթ» պոեմը (1903 թ.) մեր էպոսի ամենից յայտնի տարբերակն է եւ իր ձեւաբովանդակային ամբողջականութեամբ, գաղափարի եւ իրացման, ներդաշնակութեամբ անգերազանցելի է մնում մինչ օրս։ Թէեւ ինքը՝ Յովհ. Թումանեանը այդքան էլ գոհ չէր այդ մշակումից եւ ծրագրում էր եւս մէկ անգամ մշակել էպոսը, այս անգամ արդէն՝ ոչ միայն երեխաների համար։ Սակայն հէնց այս մշակման միջոցով են մեծապէս ձեւաւորուել «Սասնայ ծռերի» մասին լայն հանրութեան պատկերացումներն ու ընկալումները, որոնք գերիշխող են մինչ օրս։
Բացի գրական ամբողջական կամ մասնակի մշակումներից, խորհրդային տարիներին, յատկապէս 1-939 թուականին՝ էպոսի 1000-ամեակի յոբելեանական միջոցառումների շրջանում բազմաթիւ են եղել «Սասնայ ծռերով» ներշնչուած, կամ էպոսի հերոսներին բանաստեղծական անդրադարձները, առանձին մոտիւների ու գաղափարների իրացումները։

* * *

Արդէն խորհրդային վերջին տարիներին, արմատներին վերադարձի, ազգային ինքնագիտակցութեան զարթօնքի պայմաններում էպոսն իր տարբեր մոտիւներով, խորհրդանշաններով, գաղափարներով վերադառնում է գրականութիւն։ Այս շրջանում հրատարակուած գործերից յիշատակելի է մասնաւորապէս բանաստեղծ, թարգմանիչ Հրաչեայ Բեյլերեանի «Մհերի դուռ» բանաստեղծութիւնների ժողովածուն (1988 թ.)։ Այստեղ թէեւ էպոսից մէջբերումներ, կամ ուղիղ յղումներ չկան, սակայն բանաստեղծութիւնների ընդհանուր տրամադրութիւնները, քնարական հերոսի ներամփոփ, օտարուած տիպը, յիշեցնում է էպոսի Փոքր Մհերին։ Ուշագրաւ է, որ աւելի ուշ՝ 2011թ. Հր. Բեյլերեանը «Նարցիս» գրական հանդէսում հրատարակում է Փոքր Մհերին նուիրուած չորս փոքրիկ պոեմ, իսկ առաջաբանում նշում է, որ դրանք գրել է 20-21 տարեկան հասակում, սակայն ինչ-ինչ պատճառներով հրատարակել է միայն հիմա։ Նոյն առաջաբանում Հր. Բեյլերեանը չափազանց ուշագրաւ մի միտք է յայտնում էպոսի մշակումների մասին. «…էպոսը չի տրւում «մշակման». այն կարող է ժողովրդին դիւրահաս լեզուով վերապատմուել, ինչպէս փորձել է անել Թումանեանը, կամ կարող է «հաւաքական տեքստի» բերուել, ինչպէս Մանուկ Աբեղեանն է «գաղափարախօսաբար» արել` ըստ իր ճաշակի…»(էջ 64)[1]։
Հր. Բեյլերեանի այս միտքը փաստւում է «Սասնայ ծռերի» հետ թեմատիկ ու մոտիւային ընդհանրութիւն ունցող մեծ ծաւալի բանաստեղծական գործերի՝ պոեմների ուսումնասիրութեամբ: Ի տարբերութիւն առանձին բանաստեղծութիւնների, նաեւ արձակի իրացումների էպոսի մոտիւներով գրուած պոեմները, գեղարուեստական իրացման բարձր մակարդակով աչքի չեն ընկնում։ Որպէս կանոն այս գործերում առաջնահերթ կարեւորւում է թեմատիկ-գաղափարական նպատակադրումը, իսկ գեղարուեստական իրացումը զիջում է։
Հեղինակները մեծ մասամբ չեն կարողանում գեղարուեստական համապատասխան լուծումներ գտնել, հիմնաւորել էպոսին անդրադարձի իրենց նպատակները։ Ընդհանրապէս մեծ ծաւալի էպիկական կամ քնարաէպիկական պոեմը որպէս ժանր որոշակիօրէն սպառել է իրեն։ Եւ այս պարագայում այս ստեղծագործութիւնները անխուսափելիօրէն յիշեցնում են այս ժանրի նախորդ՝ հայ դասական գրականութեան մէջ իրացումները, մասնաւորապէս Յ. Թումանեանի, Ա. Իսահակեանի, Յովհ. Շիրազի, Ս.Կապուտիկեանի, Պ.Սեւակի պոեմները, նաեւ դրանց որոշակի ազդեցութիւնն է նկատելի։ Ժանրը, թեման նաեւ էպիկական սիւժէներն ու մոտիւները պարտադրում են որոշակի բառապաշար ու ոճ, պաթետիկ տոնայնութիւն, համապատասխան արտայայտչամիջոցներ ու տիպականացում։ Ի հարկէ, ոչ բոլոր հեղինակներն են պահպանում այս սկզբունքները կամ տեղեակ են դրանցից ընդհանրապէս, սակայն նոյնիսկ կիրառութեան դէպքում ստեղծուած գործերը ժամանակավրէպ ու շինծու են թւում։
Այսպիսի տպաւորութիւն կարող ենք ստանալ ընթերցելով Արթուր Արմինի (Բաբայեան) «Փոքր Մհեր»[2], Դերենիկ Գէորգեանի «Ագռաւաքար»[3], Դաւիթ Յովհաննէսի՝ «Փոքր Մհեր եւ Դաւիթ Տարեգիր»[4] պոեմները, Ռազմիկ Դաւոյեանի «Ծովինար. հայոց հնագոյն նախապատմական էպոսը»[5] չափածոյ հատուածներով արձակ գիրքը:
Այս պոեմների մի մասում հեղինակները ձգտում են հարազատ մնալ էպիկական աշխարհի կառուցման սկզբունքներին, միւսներում էպոսն ու էպոսի հերոսներն արդիականացւում են, բերւում նոր ժամանակներ՝ կորցնելով իրենց գեղարուեստական ամբողջականութիւնը:
Շատ դէպքերում հեղինակները ոչ թէ ներշնչւում են էպոսով, այլ փորձում օգտուել «Սասնայ ծռերի» հանրաճանաչութիւնից՝ ենթադրելով, որ հեշտութեամբ կարող են էպոսի ինչ-որ մոտիւի կամ հերոսի շուրջ նոր ու արդիական պատում ստեղծել։ Սակայն մեր ազգային էպոսն իր խորութեամբ, գաղափարական բազմաշերտութեամբ, մոտիւային հարստութեամբ իր նկատմամբ համապատասխան ակնածանք ու վերաբերմունք է պահանջում եւ ձախողւում են պարզունակ ու շահադիտական մօտեցումները։
Էպոսի կերպարների արդիականացման այս փորձերը հիմնականում կարելի է անյաջող համարել։ Այստեղ թեմատիկ-գաղափարական առանցքը՝ մեր գրականութեան մէջ եւ հանրային դիսկուրսում անընդհատ կրկնուող գաղափարներն են, արտայայտութեան հիմնական ձեւը՝ մեծ մասամբ պարզունակ հայրենասիրական հռետորաբանութիւնը, գերիշխող տոնայնութիւնը՝ կարօտը, դժգոհութիւնը, ապա նաեւ հպարտութիւնը: Ներկայացուող գաղափարները շինծու են թւում: Յաճախ դրանցում նկատելի է, որոշակի պետական պատուէր, գուցէ ոչ ուղղակի, սակայն օրուայ իշխանութիւնների քաղաքական դիսկուրսի որոշակի արձագանքների ձեւով։
Այս տեսանկիւնից բնութագրական է ժամանակակից յայտնի բանաստեղծներից մէկի՝ Արտեմ Յարութիւնեանի օրինակը. 1998 թուականին ասուլիսներից մէկում նշում է, որ նոր էպոս է գրում՝ «Ռոբերտ Քոչարեան» անունով եւ աւելացնում. «Մեծ սպասումներ ունեմ Ռոբերտ Քոչարեանից, որովհետեւ նա իր ժամանակի հրամայականն է… Պէտք է ճշմարիտ, լաւ, Սասունցի Դաւթի պէս մի տղայ գար, որպէսզի զգար պահի կարեւորութիւնը…»:[6]
Բարեբախտաբար կամ դժբախտաբար Արտեմ Յարութիւնեանն այդ պոեմը չի գրում, կամ հրատարակում: Այստեղ կանգ չենք առնի պոեմների մանրամասն քննութեան վրայ, դա թողնելով մէկ այլ առիթի. աւելի հետաքրքիր ու բազմազան են էպոսին՝ բանաստեղծական անդրադարձները:

* * *

Յետանկախութեան շրջանում էպոսի բանաստեղծական ընթերցումները համապատասխանում են ժամանակաշրջանի հասարակական տրամադրութիւններին ու ընկալումներին, արտացոլում են իշխող գաղափարական մտայնութիւնները։ Ինչպէս արձակի դէպքում է, պոեզիայի պարագայում նոյնպէս, էպոսի նկատմամբ վերաբերմունքը տատանւում է պաշտամունքի հասնող ակնածանքից, մինչեւ նուազաբերութիւնը, հեգնանքն ու սարկազմը։ Էպոսի հերոսները շարունակում են ոգեշնչել ժամանակակից բանաստեղծներին, ընկալւում են որպէս ազգային զարթօնքի, ժողովրդական երազների ու սպասումների խորհրդանիշեր կամ ընդհակառակը՝ մերժւում, ծաղրւում, դիտարկւում որպէս խունացած անցեալի ստուերներ ու զարգացումն արգելակող մտածողութեան կաղապարներ, որոնցից պէտք է ազատուել։
Յետանկախութեան շրջանի գրական մամուլում եւ բանաստեղծական ժողովածուներում կարելի է հանդիպել էպոսի հերոսներին ու նշաններին տարբեր անդրադարձներ՝ տարբեր սկզբունքներով։ Օրինակ, 1990-ականների սկզբի համար բնութագրական է իրականութեան ու էպիկական աշխարհի հակադրութեան մոտիւը։ Այն գտնում ենք Սասուն Գրիգորեանի «Մենք լաւ տղերք» ենք բանաստեղծութեան մէջ, որն արձագանքում է պատերազմական իրավիճակում գտնուող երկրի հոգսերին ու մտահոգութիւններին.

Իմ թուր-կեծակին որտե՞ղ է, տուէք.
Մենք թշնամու դէմ թղթով ենք կռւում
Մարտը չշահած, ախ, շուտ ենք մեռնում
Մենք լաւ տղերք ենք, ափսոս ձի չունենք[7]։

Ինչպէս արձակում էր, պոեզիայում նոյնպէս գերիշխող են էպոսի ամենից հակասական հերոսին՝ Փոքր Մհերին եւ այս կերպարի իմաստաբանական դաշտում ընդգրկուած նշաններին ու մոտիւներին անդրադարձները։ Մհերը կրկին երկակի ընկալում ունի՝ որպէս սպասուող ու երազելի փրկիչ, կամ որպէս հնացած արքետիպ-կաղապար։ Օրինակ, Սիլվա Կապուտիկեանի ուժեղ ու տպաւորիչ «Ադամամութ» շարքի «Ներհակութիւն» բանաստեղծութեան մէջ Փոքր Մհերը պայքարի խորհրդանիշ է.

Ահա փողփողում է հայաշխարհի վրայ
Անկախութեան դրօշն երազելի,
Ու դարերի իղձը կարծես դարձել իրաւ,
Ներշնչում է բերկրել ամեն հայի։
Ուրեմն ինչո՞ւ եմ ես կանգնել այսպէս հեռու,
Չեմ խառնւում յախուռն այս ցնծութեան,
Այդ ես չէի՞ միթէ դժնի տարիներում
Իմ երգերով, խօսքով, իմ էութեամբ
Ուզում էի ճեղքել՝ Մհերի պէս խռով,
Քարանձաւի մութն ու ժայթքել դուրս,
Փշրել կապանքները՝ խրուած հազար տեղով
Իմ աշխարհին, հողին, խրուած հոգուս[8].

Պայքարի ու ընդվզման հետ միասին Մհերը այստեղ թերեւս ինչ որ չափով արտայայտում է բանաստեղծութեան քնարական հերոսի կասկածն ու վախը՝ ծնուած նոր իրականութեան անորոշութիւնից։ Հերոսուհին մտավախութիւն ունի, որ հայ ժողովրդին այս ազատութիւնը դեռ շատ փորձանքներ է բերելու։
Տարբեր ընթերցումների է ենթարկւում յատկապէս Մհերի փակման վայրը՝ Ագռաւաքարը։ Քարայրի մոտիւը կամ քրոնոտոպը յետանկախութեան շրջանի պոեզիայում դառնում է մի ընդգրկուն խորհրդանշան, ամենատարբեր, երբեմն իրար հակասող իմաստներով՝ ազգային բարդոյթների հաւաքատեղիից մինչեւ իմաստութեան ու արժէքների գանձարան։ Ժամանակի հետ որոշակիօրէն փոխւում են անդրադարձի երանգները, գերիշխող են դառնում հեգնանքն ու սարկազմը։ Օրինակ, Էդուարդ Միլիտոնեանի «Ագռաւաքարը» բանաստեղծութիւնը, հայ ժողովրդի մշտական սպասումների ու վախերի մի ցայտուն պատկեր է։ Հեղինակը հեգնում է թէ՛ սպասողներին եւ թէ՛ քարայրը, տալիս է Մհերի կերպարի մի նոր մեկնաբանութիւն.

Մարութայ սարի գագաթին կանգնած այս էլ քանի դար
Ձէնով Օհանը, Քեռի Թորոսը,
Նաեւ այն խղճուկ պառաւը, անգամ Խանդութ Խաթունը
Քառաձայն երգչախմբի յանգով գոռում են,
Գոչում, ճչում են, պաղատում`
Դուրս արի, Փոքր Մհեր, դուրս արի Ագռաւաքարից,
Դուրս արի, բալա, ախր պաղ քարանձաւում
Էլ յօդացաւ, էլ ռադիկուլիտ, էլ չգիտեմ ինչ կը վաստակես:
Քարը փէշիցդ թափի, դուրս արի, բալա,
Մէկ է, ոչ ցորենը քանց մասուր կը դառնայ, ոչ էլ մասուրը` ցորեն:
Դառնանք ասենք, որ նրանց միացաւ Էդգար Պոյի ագռաւը,
Դառնանք ասենք ապա, որ նրանց ձայնակցեց
Նոյնիսկ մի հասարակ քար:
Սասունցու կողով այս Փոքր Մհերը իր էշն է քշում:
Այդ ընթացքում Ագռաւաքարը դանդաղ, ծանր բարձրանում է
Լեռը,
Ապա թաւալգլոր` մինչեւ լեռան ստորոտ:
Ել ու վար,
Վար ու ել:
Այս էլ քանի դար:
Մեզ մնում է արձանագրել` Փոքր Մհերը մեր Սիզիփոսն է,
Բայց Ագռաւաքարի ներսում:
Ագռաւի պէս վեր է ելնում:
Քարի պէս գլորւում է վար[9]:

Էպոսի ոճաւորմամբ, սակայն խորհրդաւոր պատկերների ու խորհրդանշանների նուազաբերութեամբ, կենցաղայնացմամբ բանաստեղծն արձանագրում է հին կաղապարների ու գաղափարների անընդհատական ու անիմաստ շրջանառումը, դրանց վնասակարութիւնը։ Փոքր Մհերի առասպելը զուգահեռում է էքզիստենցիալ գրականութեան սիրելի Սիզիփոսի առասպելի հետ: Էպոսի կրտսեր հերոսի ու նրա իմաստաբանութեան այսպիսի ընկալումը հետագայում տարբեր կերպ իրացւում է այլ բանաստեղծների ստեղծագործութիւններում նոյնպէս։
Մասնաւորապէս, Կարէն Անտաշեանի «Հայրենասիրական բնոյթի ճամբորդական նոթագրումներ» շարքում կարդում ենք.

Մենք շարունակում ենք հաւատալ մեր հերոսական կռուին,
իսկ այդ ընթացքում
պզուկոտ տարիքի մի սիրահարուած թուրք
«Մհերի դռան» վրայ կարմիրով գրում է
“Atatürk+Akgül=Sevmek”
եւ դաժանօրէն անմեղ ժպտում աշխարհին[10]։

Զբօսաշրջիկի ուղեգրական նոթերի միջոցով հեղինակը շօշափում է հայ հասարակութեան համար ցաւոտ եւ այդ շրջանում լայնօրէն քննարկուող հարցեր՝ անցեալի հետ առերեսում, իրականութեան սթափ գնահատական, անցեալի գաղափարական կաղապարների յաղթահարում, ցեղասպանութիւն, հայ-թուրքական յարաբերութիւններ։ Կարէն Անտաշեանի «Անտաշատ» գրքում, որտեղ ընդգրկուած է նաեւ վերեւում բերուած բանաստեղծութիւնը, մի ամբողջ գլուխ կայ «Ագռաւաքար» վերնագրով։ Այն բացւում է մի շարք հասկացութիւնների թուարկմամբ ու ներկայացմամբ, որոնք ըստ հեղինակի պայմանաւորում են մեր ազգային էութիւնը։
Աւանդական, քարացած պատկերացումների թուարկումը կատարւում է ընդգծուած սարկազմով եւ բնութագրւում որպէս «ազգային հոգեվերլուծութեան սեանս»։ Թուարկուող հասկացութիւնների մէջ ի հարկէ կարեւոր դեր ունեն էպոսի որոշ յայտնի մոտիւներ. «Հերոս — Վաղինակ Ճպուռեանի օրգանիզմ + Սասունցի Դաւթի երեւակայութիւն»(էջ 47)։ Կամ «Ճակատագիր — Դուբլ N 4499. տեսարան «Ծննդոց», էպիզոդ «Բուռ ու կէս ջուրը»… 3-4` գնա՛ց… թուու… ամբողջական բուռը թափւում է հրմշտոցի մէջ, կէս բուռը հասնում է ինչ-որ մէկին, ով կորչում է ամբոխում…» (էջ 47)։
Ըստ բանաստեղծի կամ նրա քնարական հերոսի, Ագռաւաքարը մի վայր է, գուցէ հանրագիտարան, որտեղ հաւաքւում են ազգային բոլոր մտասեւեռումները, աւանդական հասկացութիւնները, ինքնութիւնն արտայայտող տարբեր յատկանիշներ, բարդոյթներ, որոնք պէտք է յաղթահարուեն, քանի որ խանգարում են ապրել։ Քնարական հերոսի վրայ ծանրացող անցեալի հերոսական պատմութիւնները համեմատւում են «Պապենական գլխացաւի» հետ եւ աւարտւում անցեալին ուղղուած՝ հանգիստ թողնելու խնդրանքով ու իրականութիւն վերադարձով.

— Պա՛պ, ա՛յ պապ,
գիտեմ, յիշում եմ, կանգնիր,
մենակ եմ յետ դառնալու,
մութ է…
………………………………………………
Առաւօտեան յետ եմ վերադառնում
սուս ու փուս… հազար ու մի գործ կայ… զզուել եմ,
մինչ նա իր հայրենի գիւղում թաղուած է իր համար —
այնքան հեշտ, որ նախանձից ապրել չի լինում (էջ 53):

Անցեալի պատմութեան ծանր բեռից ազատուելու մոտիւը հակադրւում է հերոսական անցեալն ու այն խորհրդանշող էպիկական հասկացութիւնների ընդունուած ընկալմանը։ Անցեալին ու այն խորհրդանշող էպոսին այսպիսի անդրադարձները իրենց արտայայտութեան սրութեամբ ու բանավիճայնութեամբ կա՛մ հասարակութեան մի մասի կողմից ընդունւում էին զայրոյթով ու քննադատութեամբ կա՛մ ուղղակի անտարբերութեան մատնւում։ Սակայն պէտք է գնահատել բանաստեղծների խիզախութիւնը՝ այս խնդիրները գրականութիւն բերելու առումով։ Մանաւանդ եթէ հաշուի առնենք, որ փոքրաթիւ են էպոսի այսպիսի ընթերցումները։

Ագռաւաքարի՝ որպէս ազգային անլուծելի խնդիրների շտեմարանի ընկալումը, ի հակադրութիւն այն գաղափարի, որ Մհերի քարայրը հայոց ինքնութեան ու արժէհամակարգի պահպանութեան վայրն է, իրացւում է բանաստեղծ Յովհաննէս Գրիգորեանի ակնարկների ու յօդուածների՝ «Բաց դռների օր Մհերի քարայրում» ժողովածուում:[11] Այս նիւթերում թէեւ էպոսին ուղղակի յղումներ ու յիշատակութիւններ չկան, սակայն այստեղ քննարկուող մշակութային ու հասարակական խնդիրները կրկին յանգում են ազգային մտասեւեռումներին, որոնք խանգարում են ժամանակակից քաղաքակիրթ հասարակութեան ձեւաւորմանը:
Կնճռոտ ու մութ անցեալի, հայ-թուրքական չկարգաւորուող յարաբերութիւնների թեմաներն են իրացւում Աշոտ Գաբրիէլեանի «Ագռաւաքարից մինչեւ իմ ծնունդը» եւ «Փոքր Մհերը Ագռաւաքարում» բանաստեղծութիւններում։ Սակայն ի տարբերութիւն վերեւում բերուած բնագրերի, այստեղ առաջնային է ոչ թէ անցեալը մոռանալ-յաղթահարելու, այլ յիշելու բանաստեղծական մոտիւը.

Թալէաթի ներբանները հագած
Գիւլի քաղաքակիրթ ոտքերն են
Կէսհայրենիք մտնում…
Եւ կէս եղած մի ժողովուրդ
Հայ-թուրքական սահմանի բացմամբ
Փոքր Մհերի վերադարձն է ուրուագծում
Ցորենով բեռնուած վագոնների տեսքով…
Ես ոչինչ չունեմ յիշելու.
Ագռաւաքարից մինչեւ իմ ծնունդը
Եղեռն է եղել…[12]։

Այստեղ էլ Փոքր Մհերի փրկչական առաքելութիւնը կրկին որոշակիօրէն կենցաղայնանում է՝ հասարակական ակնկալիքներին համապատասխան, եւ նոյնանում Թուրքիայից Հայաստան եկող հացահատիկի վագոնների հետ։ Բանաստեղծութեան հերոսը չի հաւատում հայ-թուրքական համաձայնագրերի հեռանկարին, քանի որ թշնամին նոյնն է, պատմութիւնը կրկնւում է միշտ, իսկ հայ հանրութիւնը խնդիրներ ունի յիշողութեան հետ։
Ժամանակների անփոփոխութեան, հերոսի օտարման ու ընտրութեան անորոշութեան մոտիւները, սակայն արդէն մարդու ճակատագրի մակարդակում իրացւում են Թադեւոս Տոնոյեանի «Ագռաւաքարի երկու կողմում» բանաստեղծութեան մէջ.

Դեռ նոյնն է ցորենն, ու նոյնն է գարին,

Ու ոտքերիս տակ` դարձեալ փլուզում,
Երկու կողմում էլ Ագռաւաքարի
Ես եմ, ե՛ւ ներս, ե՛ւ…
Դուրս գալ եմ ուզում[13]։

Այս թեմային անդրադարձող այլ բանաստեղծների գործերում հիմնական մոտիւները կրկնւում են։ Փոքր Մհերը մէ՛կ նոյնացւում է ազգային ճակատագրին, դիտարկւում որպէս հայ ժողովրդի ինքնամեկուսացման, առասպելական-գաղափարական նոյն շրջագծի մէջ անընդհատ պտոյտի ու վերադարձի խորհրդանիշ, մէ՛կ որպէս զարթօնքի ու յաղթանակի խորհրդանիշ՝ զուգահեռուելով նոր իրականութեանը, մասնաւորապէս Արցախեան հերոսամարտի յաղթանակին (Վարդան Յակոբեան)[14]։
Մհերի կերպարի կամ Ագռաւաքարի մոտիւների որոշ իրացումներում գերիշխում են մարդու ճակատագրի, աշխարհի ու Աստծոյ հետ յարաբերութեան էքզիստենցիալ մօտեցումները։ Դրանք էլ արտայայտւում են որբութեան, օտարման, մերժուածութեան անէծքի բանաստեղծական մոտիւներով (Հրաչեայ Բեյլերեան, Աւագ Եփրեմեան, Վաչէ Եփրեմեան, Թադեւոս Տոնոյեան)։

* * *

Գրողներից շատերն ուղղակի վերարտադրում են եւ էպոսը գիտեն խորհրդային շրջանի կաղապարներով։ Այս դէպքում այդ անդրադարձները ոչ միայն ձեւաբովանդակային նորութիւններ չեն բերում, այլեւ յաճախ չեն ամբողջանում, թւում շինծու եւ ժամանակավրէպ։
Պատճառն այն է, որ էպոսի տարբեր հասկացութիւններ, յատկապէս Փոքր Մհերի կերպարը եւ նրա փակման վայրը չափազանց տարողունակ խորհրդանիշ-արքետիպեր են, որոնք համեմատելի-համադրելի են շատ տարբեր գաղափարների, տարբեր ժամանակների իրողութիւնների հետ, ունեն գրական, հասարակական, քաղաքական ընթերցման լայն հնարաւորութիւններ։
Նկատւում է էպոսում արծարծուող գաղափարները համահայական դարձնելու, էպոսը արեւելեան Հայաստանի, Արարատ լեռան ու համանուն դաշտավայրի հետ կապելու ձգտումներ: Ինչը տրամաբանական է, քանի որ անկախութեան շրջանում զգացւում է համազգային, ընդհանրական գաղափարաբանութեան կարիք։
Կենտրոնական է դառնում Ագռաւաքարի՝ Մհերի քարայրի արքետիպ-խորհրդանիշը՝ երկակի ընկալմամբ. որպէս ազգային ինքնութեան, արժէհամակարգի պահպանութեան վայր եւ որպէս ազգային հիւանդագին մտասեւեռումների, բարդոյթների, հասարակութեան զարգացումը խոչընդոտող գաղափարների յաւերժական հանգրուան:

Երեւան

*) Հեղինակին մասին. — Գրականագէտ, էպոսագէտ, բանասիրական գիտութիւններու թեկնածու Հայկ Համբարձումեան ծնած է Երեւան՝ 1982-ին։ Բանասիրական կրթութիւնը ստացած է Երեւանի պետական համալսարանէն եւ 2008-ին ՀՀ ԳԱԱ Գրականութեան ինստիտուտէն ստացած է բանասիրական գիտութիւններու թեկնածուի աստիճան։ 2007-էն ի վեր կը դասաւանդէ ԵՊՀ-էն ներս «Հայ ժողովրդական բանահիւսութիւն», «Հայ գրականութեան պատմութիւն» եւ «Գրական տեքստի մեկնութեան հիմունքներ» առարկաները

Ծանօթագրութիւններ

1] Տե՛ս «Նարցիս» հանդէս, թիւ 4, 2011, էջ 64-68։

2] Արմին Ա., Փոքր Մհեր, Լոս Անջելես, 1992, 1996։

3] Գէորգեան Դ., Ագռաւաքար, Երեւան, 2012: Յետայսու այս գրքից կատարուող մէջբերումների էջերը կը նշուեն տեղում՝ փակագծերի մէջ։

4] Յովհաննէս Դ., Փոքր Մհեր եւ Դաւիթ Տարեգիր (պոեմ նէոդիւցազնական), Երեւան, 2016։ Յետայսու գրքից կատարուող մէջբերումների էջերը կը նշուեն տեղում՝ փակագծերի մէջ։

5] Դաւոյեան Ռ., Ծովինար. Հայոց հնագոյն նախապատմական էպոսը, Երեւան, 2015: Յետայսու գրքից կատարուող մէջբերումների էջերը կը նշուեն տեղում՝ փակագծերի մէջ։

6] Տե՛ս «Առաւօտ» օրաթերթ, 06.05.1998 թ.

7] «Գրական թերթ», թիւ 24, 1991, էջ 3։

8] «Գրական թերթ» թիւ 31, 1991, էջ 1։

9] Միլիտոնեան Է., Այս պահին, Երեւան, 2003, էջ 24։

10] Անտաշեան Կ., Անտաշատ, Երեւան, 2009, էջ 48։ Յետայսու այս գրքից կատարուող մէջբերումների էջերը կը նշուեն տեղում՝ փակագծերի մէջ։

11] Գրիգորեան Յ., Բաց դռների օր Մհերի քարայրում, Երեւան, 2008։

12] Գաբրիէլեան Ա. , Գրպանի բանաստեղծութիւններ, Երեւան, 2012, էջ 16-17։

13] Տոնոյեան Թ., Երկնքից առաջ, Երեւան, 2010, էջ 84։

14] Յակոբեան Վ., Ջրի յիշողութիւն, Ստեփանակերտ, 2013։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *