Աներեւոյթ անտարբերութիւն

ՎԱԼՏԵՐ ՊԵՐՊԵՐԵԱՆ

Գիտութիւնը բազմաթիւ հիւանդութիւնների դէմ բազմաթիւ դեղորայք է յայտնագործել, բայց չի գտել միջոց հիւանդութիւններից ամենասարսափելիի՝ անտարբերութեան դէմ:
Հելեն Քելլեր

Հեռաւոր գիւղերից մէկում է ապրում Թորոս պապը: Գիւղը տարածաշրջանում ամենափոքրն է, բնակիչները՝ վեցը: Նա հասցրել էր հիմնաւոր կրթութեան տալ զաւակներին եւ չէր խնայել իր ունեցածը լուսաւոր ապագայ հարթելու համար: Այսօր նա մենակ է: Զաւակները տարբեր աշխարհներում են. մէկը՝ Ամերիկայում, միւսը՝ Աւստրալիայում: Տեւական ժամանակ է ինչ լուր չի ստացել նրանցից եւ ժամանակ առ ժամանակ բարձր մտածում է. «Մի՞թէ ինձ վերջնականապէս մոռացան, տեսնես՝ ի՞նչ է պատահել»:
Մարդկային անտարբերութիւն. ամենամեծ վախն է ու չարիքը բոլոր ժամանակներում։ Լինել անտարբեր, չնկատել կողքիդ կանգնած իրական մարդկանց, անուշադրութեան մատնել նրանց, ովքեր անընդհատ սպասում են քեզ, մոռացութեան տալ քո մասին` արհեստական պատճառներ բերելով։ Մենք ժամանակ չունենք զանգելու, գնալու եւ տեսնելու, իմանալու որպիսութիւնը՝ անընդնմէջ զբաղուած լինելով դատարկ առօրեայով, բայց երբ նրանք չեն լինում, մենք աւելի յաճախ ենք նրանց մասին յիշում, ուզում տեսնել: Սովորաբար, մեզ ամենալաւն են ցանկանում այն մարդիկ, որոնց հանդէպ մենք քիչ թէ շատ անտարբեր ենք լինում:
Իսկապէս, Թորոս պապն ամեն անգամ քնելիս աղօթում էր զաւակների համար եւ արթնանալիս սպասում լուրի թէ՛ մէկից, թէ՛ միւսից: Տեղեկատուական այս դարաշրջանում, երբ արագ զարգացում է ապրում կեանքը, բոլոր բնագաւառները, մեզ կարծես, չի հերիքում ժամանակը, եւ մենք մոռացութեան ենք մատնում շատերին։ Իրականում զաւակները այդքան էլ բազմազբաղ չեն դրսում. ունեն սեփական գործեր, յաճախակի շրջագայում են, տարուած են անվերջանալի հաճոյքներով:
Դարի աղէտը դանդաղ քայլերով մտաւ նաեւ Թորոս պապի չքնաղ գիւղը, եւ մռայլուեց իր իսկ ձեռքով կառուցած տունը, չորացան մուտքի դռան ծառերն ու ծաղիկները… Զաւակներն անտեղեակ են այս բօթից. մէկը տարուած է հերթական բացօթեայ խնջոյքով, միւսը՝ առցանց գնումներով: Համաժամանակ, լրահոսում շտապ առաքման ծառայութիւն փնտռելիս, պատահաբար տեսան իրենց փոքրիկ գիւղի անունը եւ կարդացին. «COVID-19 visited the smallest village in the region. It is empty» (COVID-19-ը այցելեց շրջանի ամենափոքրիկ գիւղը. այն դատարկ է):
Երկուստէք պատեց անզօրութիւնը, զգացին այն սառնութիւնը, որը տեւական ժամանակ փոխանցել են ովկիանոսից այն կողմ, գիտակցեցին անտարբերութեան՝ մարդկային կեանքի ամենախոցելի երեւոյթի կործանարար դառնութիւնը: Իսկապէս, անտարբերութիւնը հոգու կաթուած է, անժամանակ մահ։ Բոլորիս կեանքում էլ լինում են դէպքեր եւ իրադարձութիւններ, որոնք հիմնովին կամ ինչ-որ չափով փոխում են մեզ։ Համավարակը յիշեցրեց մեզ այս անտարբերութեան մասին: Անտարբերութիւն բառն ունայն չէ. այն իր մէջ քօղարկում է մի շարք այլ բացասական յատկութիւններ եւս, ինչպէս՝ գոռոզութիւն, սնապարծութիւն, ինքնահաւանութիւն ևն, որոնք թագավարակից յետոյ կը գոլորշանան եւ կ՚անհետանան: COVID-19-ը ստիպեց գնահատել երէկը, դողալ այսօրուայ համար եւ չծրագրել վաղուայ օրը։ Այն ստիպեց մեզ ասկից վերջ քայլել նոյն փողոցով, օգնել միմեանց, խօսել մարդկանց հետ, յիշեցրեց մեզ, որ չկայ «իմ»-ը եւ «քոն»-ը: «Մի՞թէ այսչափ անհաղորդ ենք եղել աշխարհի՝ դարեր ի վեր մեզ աւետած տարածաժամանակային այս կոչերին», զրուցում էին զաւակները, «որ դա յանգեցրեց այս մղձաւանջին»:
Կեանքը, անկասկած, այլ է լինելու COVID-19-ից յետոյ: Փոփոխութիւններ են սպասւում տնտեսութեան, առողջապահութեան եւ տարբեր բնագաւառներում, բայց առաջինը հէնց մարդ եւ հասարակութիւն աւանդական փոխյարաբերութիւններում: Մարդիկ կ՚արժեւորեն իրենց տրուած ամեն մի վայրկեանն ու պահը, կը դառնան առաւել բարեմիտ, սրտացաւ, կարեկից մեծերի հանդէպ, կը լինեն ուշադիր հարազատների, մտերիմների նկատմամբ, կը գնահատեն հեռու-մօտիկ ընկերներին: Լինենք հաստատակամութեամբ լեցուն եւ հաւատանք համազգային ամոքիչ այն լոյսին, որը շատ շուտով ճառագայթելու է ամենուր:

Երեւան

*) Հեղինակը շրջանաւարտ է Երեւանի պետական համալսարանի հայոց լեզուի եւ գրականութեան բաժնէն, ուր եւ կը շարունակէ իր մագիստրոսական ուսումը՝ հայոց լեզու, թարգմանչական գործ եւ կրթութեան կազմակերպում մասնագիտութիւններով։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *