ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿԵԱՆ
Պատերազմն սկսուելուց՝ աւելի ճիշտ վերսկսուելուց յետոյ Աջափնեակի նորահաս հարեւանուհիները՝ Ցոլինէն ու Նռանէն, իրենց լքուած էին զգում: Քաղաքում հասակակից տղայ չէր մնացել: Ամենաճարպիկները ճակատ չգնալու-չզոհուելու համար ժամանակին արտասահման ու Ռուսաստան էին ճողոպրել, առողջական խնդիրներ չունեցողները զօրակոչուել էին. Երեւանում մնացել էին ակնոցաւոր հիւանդկախները: Հակառակի պէս Փարիզը, որ ոչ այնքան հեռաւոր տարիներին, նորաձեւութեան գունափայլ պարբերականներ թերթելիս անասելի հեռու էր թւում, անսպասելի մօտեցել, մերձեցել էր: Աջափնեակի հարեւանները բնակարանները վաճառում, ամբողջ գումարը ներդնում, իրար հետեւից Փարիզ էին մեկնում: Չէին մեկնում, փախչում էին Հայաստանից: Նոյնը դեռահաս հարեւանուհիներին էին յորդորում, հաւատացնում էին, որ եթէ երկուսով Շան զ՚Էլիզէում յայտնուեն, աշխարհի ամենագեղեցիկ ճեմափողոցն աւելի կը գեղեցկացնեն:
Ցոլինէն ու Նռանէն որոշեցին գեղեցկացնել Փարիզը:
Մինչդեռ Հայաստանի ֆրանսիական դեսպանատան համապատասխան բաժնի աշխատակիցները օծանելիք բուրող մարմարէ կիսանդրիներ էին, ոչ մի հարց չէին տալիս, ոչ մի հարցի չէին պատասխանում, ամեն անգամ յետ էին վերադարձնում հարցաթերթիկները, մարմարէ շրթունքները դժուարութեամբ շարժում.
—Նպատակայարմար չենք համարում…
Նրան առաջինը Նռանէն դեսպանատան առաջ, այրող արեւի տակ ժամերով հերթի սպասելիս նկատեց: Միջին տարիքի, վայելուչ տեսքով, վայելուչ ակնոցով, վայելուչ թղթապանակով տղամարդ էր, հերթի երկարութեամբ քայլում, ուշադիր դեսպանատուն մտնող ելլողներին էր զննում:
Երբ երրորդ, ինչպէս աղջիկներին թուաց, վերջին անգամ ու վերջնականապէս բացասական պատասխան ստացան, դեսպանատան դիմացի բազմայարկը բարձրացան, սրճարանի ապակեծածկ բացօթեակը մտան: Պատրաստ էին ոչ թէ սուրճ պատուիրել, եօթերորդ յարկից ցած նետուել, դեսպանատան ճաղաշարի առաջ ջախջախուել, օծանելիք բուրող մարմարէ կիսանդրիներից այդպէս վրէժխնդիր լինել:
Վայելուչ տեսքով, վայելուչ ակնոցով ու թղթապանակով տղամարդը, ասես ի միջի այլոց, պատահաբար յայտնուեց: Նախ նրանց սեղանին մօտենալու թոյլտւութիւն խնդրեց, երբ չմերժեցին, այցետոմսը մեկնեց, դեռատի դիցուհիների դիմաց տեղաւորուելով՝ մտերմի հոգածութեամբ հարցրեց: Իբր չգիտէր.
—Ի՞նչն է այդպէս վշտացրել գեղեցկուհիներին:
Աղջիկները նողկանքով հանդիպակաց շէնքը ցոյց տուին: Իրենք չէ, դեսպանատան ճաղաշարի առաջ ջախջախուել էր Փարիզի Շան զ’Էլիզէ ճեմափողոցը, որտեղ իրենց ֆրանսիական հանրահռչակ կինոբեմադրիչներ պիտի մօտենային, առաջիկայ ֆիլմաշարում նկարահանուելու հրաւիրէին:
—Իսկ ինչո՞ւ էք Ֆրանսիա մեկնելու համար ֆրանսիական դեսպանատանը դիմում,— զարմացած թուաց տղամարդն ու սուրճ առաջարկեց:
—Բա ո՞ւմ դիմենք,— տարակուսեցին աղջիկները:
Տղամարդն աչքն անգամ չթարթեց.
—Ի՛նձ:
Ցոլինէն ու Նռանէն հայեացք նետեցին անծանօթի այցետոմսին, գլխի ընկան, որ միջազգային կարեւոր ճամբորդական ընկերութեան պատասխանատու է:
—Եթէ ուզում էք Ֆրանսիա մեկնել,— յածող հայեացքով շարունակեց պատասխանատուն,— առանց որեւէ արտօնագրի կամ ուղեթղթի, ձեր ցանկացած առաւօտն ինձ հետ նստում էք Թուրքիա մեկնող շարժակառքը, երեսունվեց ժամից անարգել հասնում ենք Ստամբուլ: Ստամբուլի օդանաւակայանում ես ձեզ ինքնաթիռ եմ հասցնում, ու նոյն օրը երեկոյեան վայրէջք էք կատարում ձեր երազած մայրաքաղաքում:
Շան զ’Էլիզեն, ֆրանսիական ֆիլմաշարերում նկարահանուելու հեռանկարը, որ ջախջախուել էին դեսպանատան ճաղաշարի առաջ, յարութիւն էին առնում:
Այնուամենայնիւ երկու դեռահասներն էլ խուզարկուի գործիմացութեամբ աւելի ուշադիր քննեցին պատասխանատուի այցետոմսը, բնակավայրի ու աշխատավայրի հասցէները, հեռախօսահամարները, բազում այլ տուեալները, համոզուեցին, որ կասկածելու պատճառ չունեն։
—Իսկ ինչով ենք մենք փոխհատուցելու այդ հաճոյքը:
—Եթէ կանխիկ ի վիճակի չէք,— ապահովեցրեց,— կարող էք Փարիզ հասնելուց, աշխատանք գտնելուց յետոյ դրամն իմ գործակալութեանն առաքել: Ես ձեզ վստահում եմ, կ՚ուզէի, որ դուք էլ ինձ վստահէիք:
Նռանէն, սակայն, ի տարբերութիւն Ցոլինէի, միամիտ չէր, մտածելու համար մի շաբաթ ուզեց:
—Խնդրե՛մ, խնդրե՛մ, խորհրդածէք, խորհրդակցէք ինչքան ուզում էք, ում հետ ուզում էք,— իսկոյն ընդառաջեց պատասխանատուն ու աղջիկների անձնագրերը վերցրեց:
Նախնական ձեւակերպումների համար:
* * *
Այդ մի շաբաթուայ ընթացքում աղջիկները խորհրդածելու կամ խորհրդակցելու փոխարէն՝ է՛լ աւելի էին սիրունանում: Ապագայ փարիզուհիներն արագ-արագ լցնել տուին շրթունքները, ուռճացրին ստինքները, նոսրացրին յօնքերը, թանձրացրին արտեւանունքները: Ուզում էին հայկական քթերն էլ կրճատել, չհասցրին: Գեղագիտական վիրահատարանում ամիսների, ոմանք հաւատացնում էին՝ տարիների հերթ էր:
Մեկնելու առաւօտը, ինչպէս եւ նախօրոք պայմանաւորուել էին, որպէսզի ծնողներին չարթնացնեն, շատ շուտ դուրս եկան տնից: Երկուսն էլ խոհանոցի սեղանին գրութիւն էին թողել՝ «Մենք մեկնում ենք, մեզ մի՛ որոնէք, հէնց տեղ հասնենք, կը յայտնենք»:
Վայելուչ տղամարդն իրենցից շուտ էր եկել, երաժշտանոցի պուրակում՝ Կոմիտասի արձանի մօտ, յետ-առաջ սպասում էր: Հարեւան կայանատեղիում կառանել էին Երեւանից Ստամբուլ ուղեւորուող շքեղ շարժակառքերը: Ցոլինէն ու Նռանէն զբաղեցրին իրենց տեղերը, ուղեճամպրուկները տեղաւորելուց յետոյ, երբ շուրջբոլորը նայեցին, իրենք իրենց աչքից ընկան: Չէին իմացել, որ Երեւանում այդքան հմայիչ, առինքնող կին ու աղջիկ կայ: Ընդ որում ոչ մէկը միւսին չէր ասում, թէ ո՛ւր, ինչո՛ւ է գնում, նայում էին իրար, յուսադրող ժպտում:
Ճանապարհին պարզուեց, որ վայելուչ տղամարդը նաեւ կնամեծար է: Կէսժամեայ դադարներին նա Ցոլինէին ու Նռանէին հերթական հանգստարանն էր հրաւիրում, նրբանկատօրէն ցոյց էր տալիս զուգարանը, լուացարանը, ապա արեւելեան նրբընտիր թխուածքներ էր հիւրասիրում, իսկ ինքը նամազի համար անհետանում էր հանգրուանների աղօթասենեակներում: Նա, չնայած հայաստանեան սահուն հայերէն էր խօսում, ըստ երեւոյթին հաւատացեալ մահմեդական էր:
Ստամբուլն անսպասելի յայտնուեց, քնից զարթնող պչրուհու պէս ձգուեց, գլուխը հանգչեցրեց եւրոպական ափի զով բարձունքին, զիստերը ասիական ափի հովիտները մեկնեց: Նրա մեղկ մարմինն օրորւում էր Մարմարայի ալիքների վրայ, ու որքան շարժակառքը մօտենում էր, այնքան սուլթանական հարեմում հեծող յունական դիցուհու էր նմանւում: Ճամբորդական ընկերութեան պատասխանատուն վարձակառքով աղջիկներին հիւրանոց հասցրեց, վերին՝ 13-րդ յարկի շքեղ յարկաբաժինն առաջնորդեց: Նորից յարդարանքի ժամանակ յատկացնելով՝ համադամ ընթրիք պատուիրեց: Բնական համարեց, որ աղջիկները չեն խմում, պարպեց ուիսկիի առաջին, երկրորդ, երրորդ բաժակը, ապա յարկաբաժնի դուռը ներսից կողպեց, «Չեմ ուզում մեզ խանգարեն»՝ տեղը վերադառնալով աչքերով ժպտաց, դեռեւս Երեւանում առինքնած բարեհնչիւն ձայներանգով շարունակեց.
—Կարծում եմ՝ ժամանակն է, որ մենք մօտիկից ծանօթանանք: Ուզում եմ ինձնից սկսել: Ես վարժ հայերէն եմ խօսում, որովհետեւ Հայաստանում ծնուած, մեծացած ադրբեջանցի եմ: Մեր գիւղը՝ Ախնաբադը, հայերը հիմա Աղաւնավանք են վերանուանել, Դիլիջանի անտառներում էր, ամպերին քսուող կենիներ, լեռներից բխող աղբիւրներ, Անապատի Սուրբ Աստուածածին անունով միջնադարեան վանք ունէր: Բայց ձեր ֆիդայիները խլեցին մեր ջեննեթը, Հայաստանից քշեցին, անտուն ու անտէր թափառական դարձրին: Տատս Ախնաբադի սառը ջրին կարօտ՝ ծարաւ մեռաւ: Ես էլ վրէժս էսպէս եմ լուծում՝ ձեզ նման մանկամարդ աղջիկներին բերում եմ Ստամբուլ, թուրքերի կրքերին եմ յանձնում, փչացնում, յետ եմ ուղարկում…
Նա ոսկեշար ատամների նենգաբարոյ փայլով քռքռաց, հրճուեց աղջիկների ահաբեկութեամբ, աւելի դաժանացաւ.
—Արդէն ուշ է, չգոռաք, չճչաք, աղմուկ չբարձրացնեք, անձնագիր, ինքնութեան ոչ մի վկայական չունէք, էստեղ դուք ոչ ոք էք, աւելին ասեմ՝ ոչնչութիւն էք: Սուսուփուս էս հիւրանոցում կ՚ապրէք, հիւրանոցի հանրատանը կը ծառայէք: Թէ որեւէ յաճախորդի մերժել կամ ասածը չէք արել, ոնց որ հէրս ռամադանին գառների վիզն էր կտրում, տանջելով, չարչարելով, երկուսիդ վիզն էլ կը կտրեմ:
Հաեաստանցի ազերին վիսկիի կիսատ բաժակը պարպեց, ոտքի ելավ.
—Իմացէ՛ք, ես մի ուխտ էլ ունեմ՝ իմ բերած կոյսերին սրա-նրա ռեխը գցելուց առաջ, նախ ինքս պիտի վայելեմ:
Պիջակի կոճակը քանդեց, փողկապը թուլացրեց, հայեացքով մերկացրեց դրացուհիներին, Նռանէին ընտրեց.
—Քեզնից սկսենք, Երեւանում շատ էիր ճտպտում:
—Անասուն,— վրան ծանրացող փքուած որովայնը սուրսայր կրունկով մի կողմ հրեց, թուաց պայթեցրեց Նռանէն,— Արցախում կռուող եղբօրս գլուխը քո պէս հրէշը… բա ես իմ պատուին թոյլ կը տա՞մ, որ մատով դիպչես…
Մտածելու ժամանակ չեղաւ: Չէր կարող լինել: Բաց պատուհանի գոգին աղջկական կիսամերկ կերպարանք յայտնուեց, սուր ճիչ լսուեց, որը տասներեք յարկերի արանքում դանդաչեց, հեռւում ինչ-որ տեղ մարեց:
Մինչ հայաստանցի ազերին անակնկալի եկած, այլայլուած, անելիքն էր որոշում, դուռը բռունցքներով բախեցին, ու քանի որ չէր բացում, խորտակեցին: Ներս խուժեց ահեղատեսիլ մի տղամարդ: Նա խոյացաւ ազերիի վրայ, ճերմակ վերնաշապիկը, թուաց, կրծքի մսերի հետ բռան մէջ ճմրթեց, մռնչաց.
—Ստամբա՛կ, քեզ չասի՞նք Հայաստան քիչ գնաս-գաս, կաւատութեանդ վերջ տաս: Ո՞ւր են անձնագրերը… Չսպասեց, որ տայ, բռունցք արած մատներով գետին շպրտեց ազերիին, թղթապանակը բացեց, անձնագրերը գրպանեց: Այդ ժամանակ էլ նկատեց պատին փակած, պատի գոյն դարձած Ցոլինէին:
Ձեռքը բռնեց, տարաւ:
* * *
Հիւրանոցի անդաստակում անցորդ թուրքերն ու տարբեր յարկերի կենուորները խռնուել, խառնուել էին իրար: Ցոլինէն նրանց կողմը չնայելով հանդերձ գլխի էր ընկնում, որ Նռանէի մարմինն են շրջապատել, առանց ճանաչելու նրա մասին վարկաբեկող դատողութիւններ են անում, վիճում: Դեռ հեռուից կաղկանձելով՝ տեղ հասաւ ոստիկանական ծառայողականը, ապա եւ բժշկականը:
Ահեղատեսիլ տղամարդը հիւրանոցային սպասարկուի արտազգեստով էր, պինդ բռնել էր Ցոլինէի դողդողացող մատները, թոյլ չէր տալիս, որ մօտենայ, գոնէ իմանայ՝ ընկերուհին ո՞ղջ է: Նա հաստատ հօր տարիքին կը լինէր, հայեացքը խիստ, խոժոռ էր, Ցոլինէին փողոցն անցկացրեց, հանդիպակաց շէնքը տարաւ: Առմուտքում կանգնեց, իրեն ցոյց տուեց՝ «Մէհմէդ» ասաց: Ցոլինէն «Ցոլինէ» ասաց, տղամարդն ուզեց կրկնել, չկարողացաւ, ձեռքը թափ տուեց, աստիճաններով վեր բարձրացրեց: Նա բանալին ունէր, բացեց 4-րդ, թէ՞ 5-րդ յարկի միակ դուռը, հայ աղջկան մի ընդարձակ սենեակ մտցրեց, որի յատակին ծայրեծայր գորգ էր փռած, պատերի տակ բարձեր էին շարուած: Մի խումբ կանայք, մէկը աւելի տարիքով, միւսները՝ ջահել, գորգին ծալապատիկ նստել, իրար շատ ծիծաղելի բան էին պատմում, քրքջում: Ներս մտնողներին տեսնելով՝ իսկոյն լրջացան, վարշամակները գլխներին քաշեցին, պատին կպան: Նա, որ աւելի տարիքոտ էր, ոտքից գլուխ նախ Մէհմէդին չափեց, յետոյ Ցոլինէին, տեղից կտրուկ ելաւ, աղջկայ թեզանիքից բռնելով՝ խիստ շարժումով լոգասենեակը ցոյց տուեց: Ցոլինէն ցայւում, տաք ջրի շիթերի հետ աւելի տաք՝ արցունքներն էին հոսում: Չէր հասկանում, թէ ահեղատեսիլ տղամարդն իրեն ո՞ւր, ինչո՞ւ է բերել: Կարգին չլողացած՝ նախասրահ ելաւ, հայեացքով շորերը որոնեց, չգտաւ: Ցածրիկ աթոռակին իրար վրայ դարսուած էին մարմնի, ոտքի զատ-զատ սրբիչներ, ամենայն հաւանականութեամբ ներսի ջահել աղջիկների չհագած ներքնազգեստներ, տնազգեստներ, գիշերազգեստներ… Ո՞վ գիտէ ցայուելու ընթացքում ահեղատեսիլ տղամարդն ինչ էր պատմել, հէնց զգեստափոխուեց, նստասրահ վերադարձաւ, բոլորն սկսեցին ժպտալ իրեն, տարիքոտ կինը փարուեց, թշերը պաչեց, աղջիկները խոհանոց տարան, որ կերակրեն: Ուտելիք տեսաւ, նորից լաց եղաւ, ձեռք տալ չկարողացաւ: Մէհմէդը բարկացաւ աղջիկների վրայ, Ցոլինէին նստասրահից բացուող բազմաթիւ դռներից մէկը տարաւ, ներս մտցրեց, ետեւներից փակեց: Խորդանոցի նման նեղլիկ սենեակում հազիւ մի մահճակալ էր տեղաւորուել ու նախշազարդ սնդուկ, որից Աջափնեակի հայրենադարձ պառաւների հոտն էր գալիս: Ցոլինէն կարծեց՝ Մէհմէդն իրեն այս խուցն է բերել, որ ինքն իր հետ մենակ մնայ, քնի, հանգստանայ, հայեացքը մահճակալին շրջեց, վերմակի տակ շուշանի նման ճերմակ դեմքով, փակ աչքերով մի ծերուհի նկատեց: Նա չէր շարժւում, թւում էր՝ չի էլ շնչում: Մեհմեդը կռացաւ, միայն մի, ինչպէս Ցոլինէին թուաց, գաղտնաբառ ասաց, աւելի շուտ շշնջաց, Ցոլինէին թողեց, ինքը ոտքի մատների վրայ, փախչելու պէս դուրս գնաց:
Ծերուհին շարժուեց, ուզեց աչքերը բացել, չկարողացաւ, կոպերը հազիւ թրթռում, երեւի իրեն չէին ենթարկւում:
Մէկ էլ գերեզմանային, աւելի հեռաւոր՝ անդրաշխարհային ձայն լսուեց.
—Հա՞յ ես, աղջիկս:
Ցոլինէն չկողմնորոշուեց՝ իրեն թուա՞ց, թէ՞ իրօք այդ հարցը՝ հայերէն լսեց, խեղդուկ կմկմոցով արձագանքեց: Ծերուհին վերմակի տակից հանեց դիակի պէս պաղ, հողագոյն, արդէն հող բուրող մատները, որոնեց, գտաւ Ցոլինէի ձեռքը, դէմքին մօտեցրեց, ճերմակ ճակատին, այտերին քսեց: Արցունքները փակ կոպերի տակից հոսում, ներծծւում էին թշկալի ծալքերում:
Ու յանկարծ շրթունքները շարժուեցին: Ծերուհուն թւում էր, թէ խօսում է, բայց քանի որ ուժ չունէր, աւելի շուտ մտքում, առաջին անգամ հայերէն պատմում էր այն, ինչ ամբողջ կեանքում խոստովանանքի պէս ուզել էր պատմել ու խոստովանահայր չէր գտել:
Ցոլինէն այդ պատմութիւնը գիտէր: Մինչ այդ մէկ միլիոն հինգ հարիւր հազար հոգի պատմել էր: Դու Չնքուշում եղե՞լ ես, աղջիկս: Ափսո՜ս, խոստացիր, որ անպայման կը լինես, Ծովառ լեռը, Եփրատի խնձահովիտը կը տեսնես, կը հասկանաս, թէ ինչու չնքուշցիները բռնագաղթի հրամանն ստացել, բայց չէին կարողանում իրենց լեռնաշխարհից բաժանուել: Երբ գաւառապետը տարհանելու համար զօրք ուղարկեց, տղամարդիկ ըմբոստացան, զէնքերն առան, լեռ բարձրացան: Չնքուշ ներխուժած ասկեարները մոլեգնեցին, 5700 անպաշտպան կանանց, երեխաների ոչ թէ մորթեցին, Տիտանի քարակարկառներից վիհը նետեցին: Մայրիկս փաթաթուել է ինձ, մարմինը սուրսայր ժայռերից ջախջախել, բայց ինձ անվնաս հովիտ է հասցրել: Ես այդ ամենը չեմ յիշում, յետոյ, երբ ողջ մնացած կանանց, երեխաներին հաւաքեցին, որ Դէյր-էզ Զօր աքսորեն, Եփրատի ափին, դադարի մեր հանգրուանում Չնքուշի դրացուհին պատմեց: Մայրս սալջարդերից տնքում, բայց ինձ յուսադրում, հաւատացնում էր, որ հայրիկը զէնքը ձեռքին գալու, մեզ ազատելու, ետ՝ տուն է տանելու: Ես Եփրատի աւազափին խաղում էի ինձ հասակակից աղջիկների հետ, հայրիկիս սպասում: Մի օր էլ գետի ալիքները Չնքուշի մեր տղամարդկանց բերեցին: Նրանց, որ զէնքերն առել, լեռ էին ելել: Ուշադիր նայեցի, հայրիկիս գտայ:
—Մամա, մամա, — բղաւեցի, — շո՛ւտ արա, արի՛, հայրիկը եկաւ:
Մայրիկը վազէվազ մօտեցաւ, հայրիկին նկատեց, չհամբերեց, գետը նետուեց: Ես տեսայ, թէ ինչպէս լողալով մոտեցաւ, մազերից բռնեց, բարձրացրեց, ճչալով ձեռքից թողեց: Հայրիկի մարմինը չկար, գետը միայն անճիտուած գլուխն էր բերել: Մայրիկը ահագարուել էր, ինձ գրկած քայլում, անընդհատ խօսում էր.
—Ես չեմ դիմանալու, մեռնելու եմ, շուշանի պէս աղջկաս ո՞ւմ եմ թողնելու:
Երբ Յաղթուկ գիւղը հասանք, նա արդէն քայլել չէր կարողանում, չոքեչոք աղբիւրին մոտեցաւ, կուժը լցնող մի ջահել թրքուհու աղերսեց.
—Բաջի, էլ տանելու ուժ չունեմ, ինչ կը լինի, մի հատիկիս քեզ թողնեմ, թէ ողջ մնացի, ետ եկայ, չարչարանքդ ապաշխարանք կը համարեմ, կը վերցնեմ, թէ չեկայ, դու Աստծո պարգեւը կը համարես, քո զաւակի պէս կը մեծացնես, տուն-տեղ կը դարձնես, կը վայելես:
Թրքուհին համաձայնւում է, որովհետեւ մանկուց երազել էր աղջիկ ունենալ, բայց ամուսնացել, եօթ տղայ էր ունեցել: Երեւի կարծում է Ալլահը վերջապէս կատարել է նուիրական փափագը, առջեւը չոքած հայուհու միջոցով ջէննէթից ճերմակերես հրեշտակ է ուղարկել. որբուկին վերցնում, անունը հէնց այդպէս՝ Բեյազիւզ՝ Լուսերես էլ դնում է:
Հոգեմայրս, հոգեհայրս, նրանց եօթ տղաներն ինձ շատ էին սիրում, ճաշի ամենահամեղ պատառներն էին պնակս դնում, բայց, միեւնոյնն է, ես մայրիկիս կարօտում, անհամբեր վերադարձին էի սպասում: Խոստացել էր: Ի՜նչ իմանայի, որ ինձ յանձնելուց յետոյ աքսորի քարաւանին էլ չի հասել, գիւղի հանդերում ուժասպառ ընկել ու հոգին չաւանդած՝ գիշանգղներին կեր է դարձել: Տարիներ անց հոգեմայրս ինձ ցոյց տուեց նրա հագուստի ծուէնները. քաղցրարմատ հաւաքելիս էր գտել… Ես ապահով մեծանում ու որքան մեծանում, երեւի այնքան սիրունանում էի. նկատում էի՝ գիւղի տղաները ժամերով սպասում էին, որ ջրի գնամ, հեռուից գոնէ դէմքս տեսնեն: Հոգեհայրս, հոգեմայրս վախեցան, որ բէկերն ու բէյերը մի օր ինձ կը փախցնեն, իրենց հարճը կը դարձնեն, արբունքի չհասած՝ ամենամեծ տղայի՝ Մէհմէդի հօր հետ ամուսնացրին: Յաղթուկ գիւղում ճերմակ աղիճ էի, ճերմակ հարսուկ դարձայ: Մեր Չնքուշը մեզնից խլած, հօրս գլխատած, մօրս մարմինը ջախջախած, ողջ-ողջ վայրի գազաններին կեր դարձրած ազգի երիտասարդի հետ ամուսնանալիս ես խղճի խայթ չզգացի, այն ժամանակ ուրիշ միջոց չունէի, բայց մի մեղք գործեցի, որի համար մինչեւ հիմա Աստուած ինձ չի ներում:
—Ի՞նչ մեղք, տատի ջան, ինչի՞ համար չի ներում :
—Ես մզկիթում ամուսնացայ ու իմ ազգութիւնը, կրօնն ուրացա, մահմեդական թրքուհի դարձայ. իմամը համոզեց: Տե՛ս, հրեշտակները որքան ժամանակ է շուրջս պտտւում, բայց հոգիս չեն առնում-տանում, ինձ դրուժան են համարում:
Միջանցքում ոտնաձայներ լսուեցին, ապա հրահանգներ հնչեցին: Այս անգամ տանտիրուհին յայտնուեց, Ցոլինէին ձեռքով դուրս կանչեց: Երկու ոստիկան եկել, հետները Աջափնեակի պարոն Յարութիւնին շատ նման թարգման էին բերել: Առաջինը նա՝ հէնց պարոն Յարութիւնի պէս էլ խօսեց:
—Աղջիկս, — կողքին նստեցնելով՝ յորդորեց հայրաբար, — հոս Հայաստան չէ, ոստիկանները ինչ որ հարցնեն, պէտք է ճիշդը պատասխանես, դուն վախնալու պատճառ չունիս, ձեզի բերողին մեծ պատիժ կը սպասէ:
Ոստիկաններից մէկը Ցոլինէին խօսեցնում, միւսը գրառում էր: Երկուսն էլ մերթ զարմանքով, մերթ զայրոյթով թարթում էին աչքները:
—Վերջին հարցը, օրիորդ, Դուք ցանկանում էք մեր երկրո՞ւմ մնալ, թէ՞ Հայաստան վերադառնալ:
—Հայաստա՛ն, Հայաստա՛ն, — այնպիսի ձայներանգով աղերսեց Ցոլինէն, որ թարգմանելու հարկ չեղաւ:
—Հայաստա՛ն, — գլխով հաստատեց Մէհմէդը:
—Բայց մենք ձեր երկրի հետ դիւանագիտական յարաբերութիւններ չունենք, Ձեր ընկերուհու մարմնի տեղափոխման, ձեր ուղեւորութեան ծախսերը հոգալ ի վիճակի չենք:
—Ես կը հոգամ, — նորից գլխով միջամտեց Մէհմէդը:
Ոստիկանները կասկածով նրան նայեցին:
—Դուք անծանօթ աղջիկների հետ ի՞նչ կապեր ունէք, որ մեզնից թաքցնում էք, ինչո՞ւ էք նման ծախսեր անում։
—Ոչ մի կապ էլ չունեմ, — այս անգամ ուսերը թօթուեց Մէհմէդը, — մօրս հոգու համար եմ անում։
—Մայրիկդ մահացա՞ւ, — անակնկալի եկաւ պարոն Յարութիւնը, — ե՞րբ:
Մէհմէդը ոտքի ելաւ:
—Հինգ երկվայրկեան առաջ, — նա մօր սենեակն ուղղուեց, ձայնն արդէն այնտեղից լսուեց, — չմեռաւ, վերջապէս հոգուն հանգստութիւն իջաւ…
Երեւան
2020 թ.