ՊԵՏՐՈՍ ԱԲԱՋԵԱՆ, ճարտարապետ
Պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական բաժնի առաջին կուրսում մեր լսարան մտաւ բարձրահասակ, համակրելի, գեղեցիկ կեցուածքով մի երիտասարդ եւ փոքր ինչ ռնգային, հաճելի բարիտոնով ասաց. «Ես ձեզ պատմելու եմ իտալական վերածնունդի ճարտարապետութեան մասին»: Ինչպէս հարկն է առաջին կուրսում, մենք պատրաստել էինք տետրակներ եւ մատիտներ դասախօսութիւնը սղագրելու համար, բայց մեզ վիճակուած չէր օգտագործելու դրանք: Առաջին իսկ խօսքերից հմայուած եւ կախարդուած յայտնուեցինք իտալական վերածնունդի հրաշալի իրականութեան մէջ:
Այդ երիտասարդը Ջիմ Թորոսեանն էր: Նա կարողանում էր ճարտարապետութեան օրինակների յստակութիւնը եւ մաքրութիւնը համեմատել մոցարտեան երաժշտութեան հետ: Պատմում էր այն ժամանակների ստեղծագործական միջավայրի մասին այնպէս, կարծես ապրել էր իրենց հետ: Ջիմ Թորոսեանի արտիստիզմը եւ գիտելիքների լայն դիապազոնը, մեզ բոլորիս ընդմիշտ կապեց իր անձնաւորութեանը հետ: Ամբողջ ուսանողութիւնը կարծես սիրահարուած էր իրեն: Բարձր կուրսի աղջիկները գալիս էին լսարանի դռան բացուածքից թաքուն նայելու նրան:
Մեր առաջին ուսումնական նախագծի, ինչպէս նաեւ հետագայ գրեթէ բոլոր աշխատանքների ժամանակ ինձ բախտ վիճակուեց աշխատել նրա ղեկավարութեամբ: Առաջին անգամ, երբ նրան ցոյց տուեցի իմ արած նաիւ եւ միօրինակ էսքիզները, նա ասաց.
—Պետրոս, պատկերացրու, թէ որտեղ է նախատեսւում կառոյցը. անտառի եզրին, լեռան ստորոտում, ճանապարհի խաչմերուկում, գետի ափին, քաղաքային բանուկ փողոցի վրայ եւ այլն, այդ բոլորը քեզ կը թելադրեն ստեղծվելիք շէնքի կերպարը եւ ճարտարապետական ձեւերը:
Դա ես ընդունեցի որպէս ճարտարապետութեան առաջին կանոնը՝ այն է կառոյցը պէտք է լինի միջավայրի ծնունդը եւ նրա մասնիկը: Նա իր զրոյցների ընթացքում մեր գիտակցութեանն էր հասցնում, որ ճարտարապետութիւնը մարդկային որեւէ գործունէութեան համար միջավայրը ստեղծելու արուեստն է, որը կարող է իրականացնել ոչ միայն կառոյց, շէնք, կոթող, այլեւ հրապարակ, պարտէզ, ամփիթատրոն եւ այլն:
Մեր ծանօթութիւնը եւ կապը ինստիտուտից յետոյ երբեք չընդհատուեց: Ես կարիք ունէի ժամանակ առ ժամանակ լինել իր ղեկավարած արուեստանոցում, որտեղ տիրող ստեղծագործական բարձր մթնոլորտը մշտապէս հրապուրում էր ինձ: Իր արուեստանոցում աճեցին եւ այնտեղից դուրս եկան բազմաթիւ տաղանդաւոր ճարտարապետներ՝ Ռոմիկ Ջուլհակեանը, Իզա Չոլախեանը, Գէորգ Արամեանը, Ռազմիկ Մինասեանը, Օլեգ Շոկորեւը, Ասլան Մխիթարեանը, որոնք իր հետ իրականացրեցին բազմաթիւ աչքի ընկնող ճարտարապետական գործեր:
Մի անգամ յիշում եմ, հաւանաբար 70-ական թուականներին. «Երեւաննախագիծ» ինստիտուտում մինչեւ ուշ երեկոյ աշխատելուց յետոյ, դէպի տուն էի ուղեկցում մեր արուեստանոցի ճարտարապետ Ժաննա Մեշչերեակովային: Այդ ժամին աւտոբուսի կանգառի մօտով տուն էր գնում Ջիմ Թորոսեանը: Մեզ տեսնելով մօտեցաւ: Մի փոքր զրուցելուց յետոյ հարցրեց. «Պետրոս, իսկ դու ի՞նչ ես անում»: Հաւանաբար նկատի ունէր թէ ինչի՞ վրայ եմ աշխատում: Ես կատակով պատասխանեցի, որ Ժաննային տուն եմ ուղեկցում: Նա ընդունելով կատակը ասաց, թէ ինքն է Ժաննային ուղեկցելու: Մտնելով դերի մէջ, մենք շարունակեցինք վիճել: Ժաննան հաշտեցրեց մեզ, երկուսիս հրաւիրելով իր տուն թէյ խմելու: Այդ անմոռանալի երեկոյին ուսուցիչը այնպիսի հրաշալի պատմութիւններ պատմեց մեզ Իտալիայում ապրած տասը ամիսներից, այնպէս կենդանի եւ գունեղ նկարագրեց Իտալիայի մեծ ու փոքր քաղաքները, մարդկանց եւ միջավայրը, որ կարծես արդէն եղել էինք այնտեղ:
Շատ տարիներ յետոյ ինձ վիճակուեց մի քանի անգամ լինել Իտալիայում: Ինձ թուաց, թէ այնտեղ ամեն ինչ — Ֆլորենցիայի նեղլիկ փողոցների վրայ բարձրացած Սանտա Մարիա Դել Ֆիորէ եկեղեցու արտաերկրային թուացող գմբեթը, Անունցիադա հրապարակի Բռունելեսկիի կամարաշարը, Պալացո Մեդիչի Ռիկարդին, Պոնտեվեգիօ կամուրջը, վաղուց արդէն տեսել եմ իր հետ միասին եւ իր աչքերով:
Տարիների ընթացքում մեր կապը իմ ուսուցչի հետ աւելի ջերմացել եւ մտերիմ էր դարձել: Վերջին տասը տարիներին ես աշխատում էի Մոսկուայում եւ յաճախ լինում էի Սովետական Միութեան, Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովրդական նկարիչ, Ռուսաստանի Գեղարուեստի ակադեմիայի ակադեմիկոս Նիկոլա Նիկողոսեանի արուեստանոցում: Մեծ քանդակագործը եւ արուեստագետը ջերմ ու խանդաղատանքով էր վերաբերւում իր վաղեմի ընկերոջ՝ Ջիմ Թորոսեանին: Նրանք միասին Երեւանում իրականացրել էին Միքայել Նալբանդեանի, Եղիշէ Չարենցի, Գիւմրիում՝ Աւետիք Իսահակեանի յուշարձանները, որոնց համար ստացել էին պետական մրցանակներ: Մեծ քանդակագործը պատմում էր իրենց համատեղ աշխատանքների մասին. այն մասին, թէ ինչպէս ամեն անգամ, միասին փորձում էին հասնել քանդակի եւ ճարտարապետութեան լիակատար միասնութեան եւ միջավայրին լաւագոյն ձեւով համապատասխանելուն:
Ես ամեն տարի երկու անգամ Մոսկուայից գալիս էի Երեւան եւ առաջինը այցելում էի իմ ուսուցչին, սկզբում արուեստանոցում, իսկ հետագայում իր տանը: Պէտք է ասեմ, որ այդ տունը, Թամանեանների եւ Ռաֆայել Իսրայէլեանի տների հետ միասին, ինձ համար եղել են ու կը մնան պարզութեան եւ կատարելութեան օրինակներ, որտեղ տիրում է հոգու ազնուականութեան եւ արուեստի բարձր, այլուր բացակայող, մթնոլորտ:
Ինձ համար անմոռանալի՝ յունուարեան զարմանալիօրէն տաք մի օր, մենք նստել էինք իր բնակարանի պատշգամբում եւ վայելում էինք տիկին Մարգոյի հիւրասիրութիւնը: Ուսուցիչը խօսեց Էջմիածնում իր կառուցած եկեղեցու մասին, եւ երբ ես ասացի, որ ծանօթ եմ միայն նախագծին եւ տաճարը տեսել եմ հեռուից, նա առաջարկեց անմիջապէս գնալ եւ տեղում տեսնել: Մենք, տղայիս հետ, գնացինք Էջմիածին: Ճանապարհին նա պատմեց տաճարի տեղի ընտրութեան մասին, թէ ինչպէս Գարեգին Բ. Կաթողիկոսը զինք տարել է դէպի այդ տեղը եւ առաջարկել. «Այստեղ կարող է լինի»: Երբ ինքը կարկամած լռել է, Վեհափառը ասել է.« Ինչ է, տեղը չե՞ս հաւանում»։ Իսկ ինք պատասխանել է. «Հազարամեակով Էջմիածնի վանքի հողի վրայ ուրիշ տաճար չի կառուցուել, միթէ այդ պատիւը ինձ է տրուելու»:
Ջիմ Թորոսեանը շինարարութեան ընթացքի մասին խօսելիս անընդհատ յիշատակում էր Գագիկ անունով մէկին: Միայն հետագայում ես իմացայ, որ Գագիկ Գալստեանը այս եկեղեցու միանձնեայ բարերարն է եւ եկեղեցին իր շինարարական կազմակերպութեան միջոցով կառուցել է հիմքից մինչեւ վերջին քանդակը: Նա, ճարտարապետի պատմածով, անտրտունջ կատարել է ընթացքում առաջացած բոլոր փոփոխութիւնները, որոնք բերում էին նիւթական եւ դրամական գերածախսերի: Այդ նա անում էր ընդառաջելով եկեղեցին կատարելութեան հասցնելու ճարտարապետի ցանկութեանը: Յետոյ ես իմացայ նաեւ, որ Գագիկը վարպետի վերջին տարիների բոլոր կառոյցների շինարարն է եղել, — Երեւանի քաղաքապետարանի շենքը, Էջմիածնի մուտքի կոթողը. բաց խորանը, մկրտարանը եւ այլն:
Երբ տեղ հասանք, Ջիմ Թորոսեանը հաճոյքով ցոյց տուեց մեզ իր շրջանաձեւ յատակագծով եկեղեցին, որը, չհակասելով եկեղեցու աւանդական կանոններին, անշուշտ նորութիւն է հայկական ժամանակակից եկեղեցաշինութեան մէջ եւ տարբերւում է դասական օրինակներից: Թերեւս այդ պատճառով է, որ ոմանց հասկանալի չէ եւ այնքան էլ դուր չի գալիս: Բայց շատերին, ըստ եկեղեցում աշխատող տիկին Ազնիւի ասածի, հիացմունք է պատճառում: Այդ հրաշալի օրը մենք այցելեցինք նաեւ իր եւ իմ բարեկամ, աւելի քան նշանավոր Ռ. Ջուլհակեանի հեղինակած տաճար-մկրտարանը: Այդ եւս, ես համարում եմ մեր ճարտարապետութեան գլուխգործոցներից մէկը: Գարեգին Վեհափառը այս երկու տաճարները համարում է իր հայրապետութեան զարդը:
Ջիմ Թորոսեանը բազմակողմանի հետաքրքրութիւններ ունէր: Բոլորին յայտնի են Իտալիայում եւ այլուր արուած նրա հրաշալի ջրաներկ եւ գրաֆիկ աշխատանքները: Գիտէր եւ սիրում էր դասական երաժշտութիւնը: Կեանքի ամենանշանակալից եւ երջանիկ դէպքերից մեկը համարում էր ռուս մեծ երգահան Պրոկոֆեւի հետ իր պատահական հանդիպումը եւ շարունակուած բարեկամութիւնը:
Ջիմ Թորոսեանն ունէր մտաւորականներից եւ տաղանդաւոր արուեստագէտներից բաղկացած մտերիմների մի շրջանակ, ինչպիսիք են ճարտարապետ Սարգիս Գիւրզադեանը, նկարիչներ Յակոբ Յակոբեանը, Բագրադ Գրիգորեանը, Սարգիս Մուրադեանը, գրող ու հրապարակախօս Վարդգէս Պետրոսեանը եւ այլն, որոնք կիսում էին իր հայեացքներն ու համոզմունքները: Նա մեծահոգի էր եւ պատրաստ էր օգնելու բոլորին, ով դիմում էր իրեն: Ունէր որոշակի կարծիք մարդկանց մասին, բայց ես երբեք չեմ լսել նրա կողմից որեւէ մէկի հասցեին ասուած վատ խօսք:
Նա արտակարգ ջերմութեամբ էր խօսում իր մեծ ուսուցիչների մասին: Նրա հայրը՝ Պետրոս Թորոսեանը, 1937 թուականին ստալինեան տեռորի ժամանակ ձերբակալուել եւ սպանուել էր Կա.Գէ.Բէ.—-ի նկուղներում: Լինելով այսպէս ասած Ժողովրդի թշնամու զաւակ, Ջիմը իրաւունք չունէր ուսումը շարունակել Մոսկուայում: Լինելով մեծ ուսումնածարաւ, թաքուն, որպէսզի Հայաստանից մատնութիւն չգնայ յետեւից, եկել էր Մոսկուա: Այստեղ նրան չճանաչելով ընդունել էին ասպիրանտուրա: Ջիմը դիմել էր այն ժամանակների Սովետական ամենամեծ Ճարտարապետներից մեկին՝ Հալաբեանին: Հալաբեանը Մոսկվայի գլխավոր ճարտարապետն էր: Նրա գլխին նոյնպէս վտանգ էր կախուած, այդ պատճառով սկզբում հրաժարուել էր: Յետոյ հարցրել էր. «Դու Պետրոսի տղա՞ն ես»: Դրական պատասխան ստանալով՝ յուզուել էր եւ համաձայնուել: Միշտ գտնում էր ջերմ խօսքեր նաեւ Գրիգոր Աղաբաբեանի մասին, որը Երեւանում, հովանաւորել եւ օգնել էր իրեն:
Մեր վերջին հանդիպումների ժամանակ ցաւով տեսնում էի, որ վարպետը օրէցօր թուլանում է: Աչքերը գնալով աւելի ու աւելի վատ էին տեսնում: Սիրտս ճմլւում էր, երբ տեսնում էի, թէ ինչպէս աչքերին մօտեցնելով փորձում էր նայել որեւէ գծագիր կամ էսքիզ: Ցաւալի եւ յուզիչ էր տեսնել, թէ ինչպէս է շարունակում աշխատել վարպետը: Առանց իր աշակերտ Էրիկի օգնութեան նա այլեւս գծագրերը չէր կարողանում աւարտել:
Ջիմ Թորոսեանի աւանդը շատ մեծ է Հայաստանի եւ յատկապէս Երեւանի ճարտարապետական կերպարի ստեղծման գործում: Ալեքսանդր Թամանեանից եւ Ռաֆայէլ Իսրայէլեանից յետոյ, նա իրապէս ամենամեծ վաստակն ունի Հայրենիքում: Զարդանկար ստեղծելու գործում, նա իր հաւասարը չունի: Չափի եւ գեղեցիկի զգացումը երբեք չի դաւաճանել իրեն: Հիւսիսային պողոտայի աւարտը հանդիսացող կասկադը եւ Երեւանի քաղաքապետարանի շէնքը կարծես աւարտում են Թամանեանական Ոսկեդարը: Դա ակնառու երեւում է վերջին տարիների, Ժամանակակից կոչուող, կոսմոպոլիտ, անդէմ, անպատասխանատու եւ անտաղանդ կառոյցների դիմաց:
Նա ունէր մի քանի, մտերիմներին միայն յայտնի, մի վերջին նուիրական ցանկութիւն, այն է՝ Վան քաղաքում կառուցել եկեղեցի: Այդ գաղափարը Վեհափառի կողմից ընդունուել եւ խրախուսուել էր: Դժբախտաբար նախագիծը չաւարտուեց:
Այսօր Ջիմ Թորոսեանի աճիւնը, ըստ արժանւոյն, ամփոփուած է Երեւանի հայկական պանթէոնում, մեր ազգի մեծերի կողքին:
(Երեւան)