ՆԱՆԱՐ ՍԻՄՈՆԵԱՆ
Արցախի Գրիգոր Նարեկացի համալսարանի դասախօս
ԳԼՈՒԽ ԵՐՐՈՐԴ
(Բ.)
ՍՓԻՒՌՔԱՀԱՅ ԻՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԹԵՄԱՏԻԿ-ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ԱՐԾԱՐԾՈՒՄՆԵՐԸ ԵՒ ՆԵՐՔԻՆ ՄԱՐԴՈՒ ՊՐՈԲԼԵՄԸ ԳՐՈՂԻ ՎԷՊԵՐՈՒՄ
Եթէ երկու վէպերի միջեւ զուգահեռներ տանենք, ակնյայտ կը դառնան ոչ երկրորդական կարգի կառուցողական ընդհանրութիւնները։ Գլխաւոր հերոսներ «օտար» Հոմերը եւ զտարիւն հայ Ադամը վիպական երկու գործողութիւնների աւարտին կորցնում են իրենց բացարձակ սէրերը՝ Ալմիրային ու Զելդային։ Արտաքնապէս դա անակնկալ է երկու տղամարդկանց համար, իրականում այստեղ գործում է մի ուրոյն օրինաչափութիւն. հերոսի ինքնակենսագրական, տիրական ու տիպաբանական խառնուածքը մեզ թոյլ է տալիս նկատել, որ «լուծումը» մէկն է ու միակը՝ սիրոյ զօրակցութիւնից նրանք անպայման զրկւում են: Ալմիրան ընտրում է ես-ի ինքնազոհութեան անհաւատալի թուացող ուղին. պէտք է լքել սեփական անձը, պէտք է հեռանալ մերձաւորներից ու մարդկանցից առհասարակ, պէտք է լցուել նուիրումի շնչով։ Սա է կեանքի խորհուրդը, որը բանաձեւում է Ալմիրան, եւ դա անխօս ընդունում է Հոմերը՝ ընդմիշտ հեռանալով կնոջ կեանքից:
Իսկ ահա Զելդայի անակնկալ մահը, իբրեւ հեռացումի եղանակի ընտրութիւն, վիպական տրամաբանութեան չի ենթարկւում։ Ադամը եւ Զելդան որոշել են գնալ Հայաստան, միասին ապրել, երեխաներ ունենալ, ու յանկարծ՝ անբացատրելին։ Առաւօտեան կինը գնում է անտառակի դիմացի ժայռից մագնոլիաներ բերելու, որը խորհրդանշելու էր իրենց անմնացորդ սէրը։ Անտառապահները նկատում են կնոջ գահավիժումը, բայց չեն հասցնում փրկել։ Յ. Կարապենցը կարող է ընթերցողին բացատրել, թէ, ի՜նչ արած, այդպիսին է մեր կեանքը, բայց ակնյայտ է, որ ինքը երբեմն միջամտում է նոյն կեանքի բնականոն ընթացքին` հաստատելու համար գրողական իւրատիպ կողմնորոշումը: Հեղինակն ու հերոսը նոյնանում են. նրանք նոյն խորագրով, ըստ էութեան, նոյն գիրքն են գրում, իսկ Զելդան մագնոլիաներով ուզում է զարդարել տօնական այն սեղանը, որը երեկոյեան բացելու է սիրելիի գրքի աւարտի կապակցութեամբ։
Վէպում հեղինակ-հերոսի հայեացքի մէջ արձակագրի ինքնակենսագրական տարրերի ներկայութիւնը, սակայն, անակնկալ կերպով չի ծաւալւում: Ադամ Նուրեանի տոհմածառի պատումի թեթեւասահ մատուցումն իրեն ծնող ժողովրդի պատմութիւնն է, եւ կարեւոր էլ չէ` յայտնի թէ անյայտ, առասպելախառն թէ խիստ իրական պատմական ճանաչողութեան շրջանակում։ Աւելի կարեւորն այն է, որ Նիւ Հեյվընում ծնուած որդին աչքի լոյսի պէս պահում է սերնդից սերունդ եկող ղարաբաղեան «յամառութիւնը»: Այն որդին, ով յոգնեցնելու չափ կրկնում է՝ «Ես Ղարաբա՛ղն եմ ուզում», «Ես Ղարաբաղի լեռնե՛րն եմ ուզում» («Ադամի գիրքը», էջ 245)։
Ի՜նչ իմանային իրենց երակներում ղարաբաղեան արեան ըմբոստ խաղի յորձանքով հպարտացող Ադամ Նուրեանն ու նրան հոգեկից Յակոբ Կարապենցը, որ ընդամենը եօթ-ութ տարի անց մի ողջ ժողովուրդ պիտի կանգնէր, մարտնչէր ու աշխարհին պարտադրէր ինքնորոշման իր անբեկանելի իրաւունքը. «Ես Ղարաբա՛ղն եմ ուզում»։ Դա ամերիկահայ արձակագրի` գեղարուեստական հարցադրման խորքում ղարաբաղեան զարգացումներից առաջ ընկնելու գրողական հեռատեսութիւնն է։ Պատահական չէ, որ նոր սերնդին է տրուած պայքարի գլուխ կանգնելու պարտականութիւնը, իսկ հարց բարձրացնողն Ադամի որդին է՝ Վահէն։ «Նոյն ժայռի (իմա՝ «յամառութեան» – Ն.Ս.) կտորն է, _ հաստատում է հայրը։ _ Ոչինչ գլուխը չի մտնում։ Նրա մօտ երկուութիւններ գոյութիւն չունեն։ Կամ այս, կամ այն։ Դանդաղ է որոշում, բայց երբ հասնում է եզրակացութեան, ոչ ոք չի կարող փոխել նրան իր ընթացքից։ Ծայրայեղութիւնների տոպրակ է» (Նոյն տեղում, էջ 246)։ Այս ամենին հետեւում է իմաստնացող ժողովրդին տրուած բնութագրի փիլիսոփայական նոր ձեւակերպումը՝ «եւ ամենայատկանշականը։ Նրա համար յետադարձ չկայ։ Գերադասում է վարար գետը ցատկել, քան սպասել ջրերի խաղաղմանը» (Նոյն տեղում, էջ 247)։ Գրքի վերջին գլուխը գրողը ոչ պատահականօրէն կոչում է «Վերադարձ», որը երբէք չես շփոթի «յետադարձի» հետ։ Դա վերադարձն է դէպի Հայաստան՝ շատ աւելի հեռուն գնացող նշանառութեամբ՝ վերադարձ դէպի պատմութեան մէջ ինքնութեան, հերոսականութեան բարձրակէտը։
Հրաշալի գտնուած պատկեր է մեր առջեւ. ղարաբաղեան պատերազմը պատմութեան վարար գետը նետուելու պատմական քայլն էր։ Պատահական չէ նաեւ այն, որ գրողն՝ իր հերոսական նախնիների օրինակով իրեն տեսնում է նոյն այդ պատմութեան հանգոյցներում: Իր գերդաստանի հարուստ պատմութիւնն է՝ ազգային ուրուագծով. «Այստեղ այլեւս հերոսական տարածք են ստանում իրադրութիւնները։ Ամեն ինչ ցցուն է, գրեթէ Հոմերոսական։ Ժողովրդի առաջն անցած անմահութիւն է կերտում Վայրենի Յակոբը՝ իր ամեն մի քայլը՝ մի մի լեգենդ…։ Ջրերից վեր, մռայլ հորիզոնում կանգնում է Մարիամը, իսկ նրա փէշից կառչում են մանուկները՝ Վարդանոյշ, Սաթենիկ, Աստղիկ ու Սիմոն։ Եւ յետոյ ամբողջ Մեղրին ու Մեղրիի հետ ամբողջ ազգն ու ցեղը» (Նոյն տեղում, էջ 248)։
Սա վէպի աւարտական հատուածներից է: Մինչդեռ սկզբնական հատուածներում Յ. Կարապենցը տալիս է իր ու Վայրենի Յակոբի աղերսների, ստեղծագործական ուղիղ կապի սահմանը, որտեղ կարեւորը հերոսի ու իր ես-ի ներքին լուծումն է. «Գնացքի պատուհանի վրայ նա տեսաւ իր նոր սափրուած կապտաւուն երեսի արտացոլումը` մութ խոշոր աչքեր` թաւ յօնքերի տակ ապաստանած, Նուրեանների յունա-հայկական քիթը, որը, 19-րդ դարի վերջերին Ղարաբաղի լեռներից իջնելով Թաւրիզ, հասել էր Նիւ Եորք, ապա տարածուել աշխարհի չորս բոլորը» (Նոյն տեղում, էջ 11)։
Պատմութեան հերոսական էջերին մեր արձակագիրն ընդգծուած միտումով միախառնում է առասպելականն ու վաւերականը՝ վրայ բերելով Խաչիկ Դաշտենցի ոճաւորման յայտնի եղանակը «Ռանչպարների կանչ»-ից. «Մեր գերդաստանի դիտապակուց նայելով՝ այդ շարժման գլուխն է կանգնած լինում Վայրենի Յակոբը։ Բայանդուրին ու Ստեփանոս Շահումեանին օժանդակ դերեր են վիճակուած, չնայած նրան, որ ասողներ կան, թէ առանց յիշեալ զօրավարների անվեհեր ջոկատների՝ հրոյ ճարակ դարձած կը լինէր Մեղրին» (Նոյն տեղում, էջ 249)։ Զուգահեռի մէջ Յ. Կարապենցն աւելի հեռուն է գնում՝ ընդգծելու համար հեքիաթայինն ու իրական գոյները. «Վայրենի Յակոբն այնքան կենդանի է, որքան կենդանի են Սասունցի Դաւիթն ու Դաւիթ-Բեկը» (Նոյն տեղում, էջ 248)։
Յիրաւի, «Ադամի գիրքը» ինքնակենսագրական տարրը շաղախում է պատմական հաւաքական ամբողջութեան հետ, ինչը վէպի կառոյցի առանձայատկութիւնն է։ Այս սիւժետային նախապատմութեան հիւսուածքի վրայ մենք կարող ենք տեսնել գործողութիւններին հիմնականում փոխարինելու եկած հերոս-հեղինակի բազում մտահոգութիւնների հայկական հիմքերն ու նախահիմքերը, ներկայ մտածումների հրապարակագրական շեշտադրումով ուղեկցուող մերձգրական դատողութիւնները, որոնք շատ յաճախ հեռանում են նիւթի հիմնակառոյցից։ Դրանց մէջ կարող են ներառուել նաեւ, ինչպէս հասցնում է նկատել գրականագէտ Սեյրանուհի Գեղամեանը, բազմադէմ «ճշմարտութեան» «փնտռտուքների, յոյսերի ու յուսախաբութիւնների պատմութիւնը»: Հերոսն ու հեղինակն արծարծում են, բնականաբար, ոգու եւ լեզուի, ազգային յիշողութեան եւ պատկանելութեան կենսական հարցեր, որոնք գալիս են լցնելու գրական ատաղձի կենսունակութեան շերտերը, դառնալու անգամ «մարդ էակի գոյատեւման հիմք»։ Այնուհանդերձ, պէտք է նկատել, որ հիմնականում ճիշտ ուրուագծերով տրուած վիպական մեկնակէտերը՝ ոգի եւ լեզու, հող եւ հայրենիք, այդուհանդերձ սիւժէի համար «մասնաւոր» հիմք չեն դառնում, մեր տպաւորութեամբ մնում են իբրեւ ազգային թեմայի յայտնի մանրամասներ:
Յ. Կարապենցը վիպական հիւսուածքում փորձում է ձեռք զարկել Սփիւռքի մէջ անցեալ դարի 70-80-ական թուականներին առկայ ազգային-քաղաքական զարթօնքի ընկալմանն ու գնահատումներին՝ արտայայտելու համար հայ-թուրքական յարաբերութիւնների քաղաքական բնոյթը։ Թուրքերի դէմ հայերի վրէժխնդրական գործողութիւններն աշխարհի տարբեր կէտերում, այդ թւում՝ Թուրքիայում, դրսի աշխարհը բնութագրում է որպէս ահաբեկչութիւնների շարան։ Յ. Կարապենցը հայ վրիժառուների ծրագրած եւ նախաձեռնած նիւեորքեան միջադէպը գործածում է երեւոյթի վերաբերեալ հակադիր հայեացքները ներկայացնելու նպատակով: Յ. Կարապենցի ցանկութիւնը պարզից պարզ է. հեղինակը գտել է իր հայկական լսարանը՝ մերժելով ու հերքելով հայկական «ահաբեկչութիւն» եզրոյթը, պատմութեան մէջ բարձրացնելով երկու ժողովուրդների հաւաքական պատասխանատուութեան ու հայի պահանջատիրութեան իրաւունքը։
Ադամը շտապում էր ՄԱԿ-ի շէնքը` հանդիպելու լրագրող Վարուժան Լեւոնեանին եւ թուրքական զբօսաշրջութեան գրասենեակի մօտ թեթեւ վիրաւորւում է հայերի նետած ռումբից: Արդէն ոստիկանատանը լարուած երկխօսութիւն է ծաւալւում նրա եւ ամերիկացի քննիչի միջեւ: Հայ հերոսը գիտակցում է, որ աշխարհի որ ծայրում էլ լինես, արեան փոխկանչից փախուստ չունես: Նա ժողովրդի պատմական արդար բողոքի ձայնն է բարձրացնում՝ աշխարհի միտումնաւոր լռութեան դէմ միակ զէնքը համարելով ահաբեկչութիւնը. «Ահաբեկչութիւն յանուն ահաբեկչութեան ոճրագործութիւն է։ Ահաբեկչութիւն յանուն ազգային ազատագրման, առաքինութիւն է» (Նոյն տեղում, էջ 92)։
Մէկ տասնամեակով կանխելով ժամանակը՝ Յակոբ Կարապենցը կատարում է մարգարէական գուշակութիւն. «Եթէ վեց հարիւր տարուայ գերութիւնից հայերը կարողացան անկախութիւն ստեղծել, ապա ամեն երաշխիք կայ, որ նորից կը կերտեն իրենց անկախութիւնը, երբ այդ գաղափարն ամենօրեայ մտասեւեռում է` ազգային ձգտում: Իսկ ինչ վերաբերում է աշխարհաքաղաքական պայմաններին, նրանք մնայուն չեն, ենթակայ են փոփոխութիւնների: Երբ մեծ ալիքը գայ, հայերը պատրաստ կը լինեն: Վստահեցնում եմ ձեզ» (Նոյն տեղում, էջ 93)։
Եւ ի՞նչն է զարմանալին. մահից անմիջապէս առաջ Յ. Կարապենցը ոչ այնքան տեսաւ, որքան խորը հաւատքով ապրեց այդ «մեծ ալիքը»։ Իսկ «հաւատքը» իր ընտրած բառ-պատկերն է, սակայն աւելի ծանրակշիռ, քան լաւատեսութիւնն է, աւելի խորունկ, քան՝ տրամաբանութիւնը։
Հեղինակի քննած ազգային սուր, քաղաքական մեկնութեան տեսանկիւնից արտաքնապէս չմարսուած, ինչ-որ տեղ դժուարագնայ հարցադրումների կողքին մենք տեսնում ենք նաեւ լիարժէք «ամերիկացի» Նուրեանի շերտը՝ իբրեւ հայեացք-պատուհան, որից գրողը չի էլ ցանկանում խուսափել: Դա վերաբերում է յատկապէս համընդհանուր քաղաքակրթական խնդիրների նկատմամբ գրողի մօտեցումներին, երբ իր լրագրող հերոսը «Նիւ Հեյվըն Ռեգիստըր»-ի ու այլ թերթերի անգլերէն խմբագրականների մէջ առանձին կրքոտութեամբ արձագանգում է իր ժամանակի ամերիկեան կեանքի հրատապ ու կենսական հիմնահարցերին, որոնց մէջ բացայայտւում են «սպառողական հասարակութեան հիւանդ» կողմերը, ինչի հետեւանքով համաշխարհային շուկաներ տնօրինող մարդը կորցրել է իր անհատականութիւնը։ Վէպում Յ. Կարապենցը ժամանակ առ ժամանակ մէջբերում է իր հերոսի՝ հրապարակախօս Ադամ Նուրեանի խմբագրականները, որոնք խոհափիլիսոփայական խորհրդածութիւններ են, ժամանակի տագնապն ու շունչը լաւագոյնս ներկայացնող դիպուկ բնորոշումներ, երբ նկատելի է մարդու էութեան, նրա խօսքի անվրէպ նահանջը, հասարակարգի բարոյախեղդ ընթացքը: Եւ Նուրեանը նկատւում է, գնահատւում. Եյլի համալսարանի հրատարակչութիւնը, օրինակ, պատրաստ է որոշ խմբագրական, իմաստային փոփոխութիւններ կատարելու պայմանով հրապարակել իր՝ դեռեւս անաւարտ «Զանգուածային տեղեկատուութեան միջոցների մեքենայացումը եւ գաղափարների տագնապը» աշխատութիւնը։
Բայց երկփեղկ հերոսը մենակ է հոգեպէս, նա տուայտանքների մէջ է, օտարութիւն է զգում միջավայրում, անգամ ուզում է լքել խմբագրական աշխատանքը ներքին անբաւարարութեան պատճառով, որը չի մեղմանում նոյնիսկ 1973-ին, երբ այլ խմբագիրների հետ Խորհրդային Հայաստան է այցելում։ Ի դէպ, թուականը յուշում է գրողի կենսագրական ներապրումի եւ տառապանքի յորձանքում իրեն չգտնող հերոսի զգացումների նոյնականութիւնը։ Փաստօրէն «հայ գրող եւ ամերիկացի խմբագիր» երկուութիւնն ապրում էր ե՛ւ Նիւ Հեյվընի կենտրոնական զբօսայգում, ե՛ւ Երեւանի կենտրոնական հրապարակում։ Իսկ դա նշանակում է, որ հասարակութիւնն ու անհատականութիւնն անընտել, ամբարիշտ սահմաններում են աշխարհի բոլոր միջօրէականներում՝ Քընեկթիքուտ թէ Փարիզ, Պարսկաստան թէ Երեւան։ Եթէ միայն հեղինակն ու հերոսը կարողանային «Ֆլոբերի պէս քաշուել հրապարակից ու պայքարել հասարակարգի նեխուածութեան դէմ։ Ստեղծել ուրոյն տիեզերքը» (Նոյն տեղում, էջ 14)։
Մէկ այլ հետեւութիւն. մարդու ողբերգութիւնը, ըստ հայ արձակագրի, աւելի խորն է ազգային մաքառումի դիմաց։ Ասել է թէ՝ ամերիկացին, այսինքն՝ աշխարհաքաղաքացին ամուր է նստած գրողի իմացական շերտերում։ Եւ «մեղքը» չի կարելի թողնել «դրսի» վրայ։ Քաղաքական, լեզուական եւ մշակութային յաճախ գլուխ բարձրացնող անհանդուրժողութիւնն իր հետագիծը թողել է անցած տասնամեակների մէջ:
Տարիներն անցնում են, անցնում է նաեւ, իր իսկ խոստովանութեամբ, հայրենասիրութեան հպանցիկ ոգեւորութիւնը։ Աւելի ուշ, այս անգամ «Ադամի գիրքը» վէպում, հեղինակը վերադառնում է զաւակների հանդէպ խորթութիւն պահած Հայաստանի ափսոսանքին, սակայն «ափսոսանքը» կամ Աստծուն փա՜ռք տալը, պարզւում է, դեռ վաղաժամ է, դեռ փշոտ է դարձի ճանապարհը։
Կեանքը վաղանցիկ է, իսկ աշխարհով մէկ ցրուած սփիւռքահայի անկանխատեսելի ճակատագրի վայրիվերումը՝ շարունակական։ Վէպում Ադամ Նուրեանը մտահոգւում է, թէ որտեղ պիտի թաղեն իրեն մահից յետոյ, մտովի թուարկում երկրներ ու քաղաքներ, ցաւով խոստովանում, որ բոլորն էլ խորթ ու օտար են իրեն: Տո՜ւն չունի ինքը։ Մերժում է «թեկնածու» քաղաքներն ու երկրները՝ Ամերիկայի արեւելեան կամ արեւմտեան ափերը, անհաւանական Ցինցինատին, Կանզաս Սիթին, Թեհրանն ու Թաւրիզը, մինչեւ Սան Ֆրանցիսկօ, նաեւ հայրենիքի ընտրութիւնը. «Երբ մեռնեմ, ո՞ւր պիտի թաղեն ինձ, Նիւ Եորքո՞ւմ, Նիւ Եորքում, այսինքն՝ Մանհաթանում գերեզմանոց չկայ, հաւանաբար Լոնգ Այլընդ տանեն եւ դիս նետեն երկու կառուղիների արանքում ընկած բազմայարկ գերեզմանների մի անկիւնում, բազմացեղ ոսկորների միջեւ» («Ադամի գիրքը», էջ 33)։
Մնաց թերեւս այս «յիմա՜ր, ազգուրաց» հայի համար Երկիր Դրախտավայրը. «Բայց մի՞թէ Հայաստանը գերեզմանոց է, որ ինձ տանեն, ես ի՞նչ եմ տուել Հայաստանին, որպէսզի Հայաստանն ամփոփի իմ դին, փաստօրէն աշխարհում տեղ չունեմ հանգչելու, լաւագոյնը թերեւս միջմոլորակային տարածութիւնն է` կախուած անջրպետից` որպէս ասուպ ու փոշիացած աստղ, յաւիտենական ճամբորդ, մոլորակից մոլորակ, համաստեղութիւնից համաստեղութիւն, վկան՝ տիեզերքի իմ տունը, իմ միակ հասցէն, Ադամ Նուրեան, մշտնջենական բնակիչը մեր ճանաչած տիեզերքի…» («Ադամի գիրքը», էջ 34):
Իրանահայ նոր սերնդից՝ Սեդրակ Գոճամանեանի ջանքերով 2005 թուականին կեանքի է կոչւում «Ո՞ւր պիտի թաղուենք» թատերական մինիատիւրը` նուիրուած Յ. Կարապենցի 80-ամեակին։ Բեմադրութեան հեղինակը Թեհրանի Հայ Մշակութային «Արարատ» կազմակերպութեան նախաձեռնութեամբ հիմնուած «Մեր անկիւն» գրական խմբակի գործուն անդամներից էր, Յ. Կարապենցի ստեղծագործական աշխարհի գիտակներից:
Ինքնաքննութեան ճանապարհին Նուրեանը յաճախ է կանգնում մտքի բերած փակուղիների առջեւ: Աւելորդ չէ յիշեցնել, որ երկուութեան բարդոյթներում նա իրեն ո՛չ ամբողջովին հայ է զգում, ո՛չ ամերիկացի, ո՛չ Արեւելքից, ո՛չ էլ Արեւմուտքից: Շուրջ 30 տարի Ամերիկայում ապրելուց յետոյ անգամ նա իրեն «դրսեցի» է համարում` նոր գաղթական, նոր սփիւռքահայ: Հայ մարդու հոգին չի խաղաղւում: նա դառնացած բացականչում է. «Նիւ Եորքն այլոց համար է, Ամերիկան այլոց համար է, ես չունեմ իմ տունը, ես փաստօրէն ոչինչ ունեմ…։ Պարսկաստանում` խորթ, Եւրոպայում` խորթ, Ամերիկայում` խորթ, Հայաստանում` խորթ: Ի՞նչ ես ուզում, սրիկա՛յ» («Ադամի գիրքը», էջ 42):
Մեր կարծիքով, Յ. Կարապենցը փորձում է խաղարկել նախանցեալ դարավերջին եւ յաջորդող տասնամեակներին արեւմտահայ իրականութեան մէջ լայն տարածում գտած «դուրսեցի» արտայայտութիւնը՝ ընդգծելու համար «սփիւռքացման» միտումները, որն անտեսւում է հայրենի գրականագիտութեան շրջանակներում։ Ուծացման գահավէժ ճանապարհ է սա, որ վերջին տասնամեակներին երբեմն ստանում է «սփիւռքացումի» հանդերձ, ինչն աւելի համարձակները բնականոն վիճակ են համարում։ Ուծացման վտանգը դամոկլեան սրի նման կախուած է արեւմտահայի եւ առհասարակ հայրենի տանիքը կորցրած սփիւռքահայի գլխավերեւում: Աւելի սարսափելին էլ կայ. նրա Ադամն այցելում է «Նիւ Եորքի անէծք» Հարլեմում բնակուող մանկութեան ընկերոջ` Վահանի ընտանիքին, ով նորից բռնել է արտագաղթի տառապալից ուղին, այս անգամ արդէն Հայաստանից: Վահանն ու Ադամը փափուկ հայեացքներ են փոխանակում, լա՜ւ են հասկանում իրար։ Վահանն ակամայ կրկնում է Ադամի պարսկական կեանքի անգոյն առօրեան, բայց արդէն ամերիկեան գետնաքարշ Հարլեմում։ Եւ թւում է՝ Հարլեմի ընտրութիւնն էլ պատահական չէ։ Ուծացման ստուերը հետապնդում է հերոսին, երբ նա Հարլեմից յետոյ այցելում է հօրաքրոջը, ում համարում էր Նուրիջանեանների ցրիւ գերդաստանի «վերջին կաղնին»:
Հարցազրոյցներից մէկի մէջ, անդրադառնալով արեւմտահայերէնի անկումային վիճակին, լեզուի նահանջից բխող «անիշխանութեանն ու անստուգութեանը», Յ. Կարապենցն արձանագրում է. «Գնալով խաթարւում է լեզուն: Պէյրութի Փալանճեան ճեմարանից զատ հայերէնագիտական այլ լուրջ հաստատութիւն չունենք: Պէտք է վերակառուցել Կալիֆորնիայի Լա Վերն քոլէճում գտնուող Հայկական Միջազգային ճեմարանի կրթական ծրագիրը՝ հայեցի դաստիարակութիւն ջամբելու համար: Անհրաժեշտ է նաեւ Միացեալ Նահանգների արեւելեան ափում հայկական մի ճեմարանի հիմնադրումը՝ սպասարկելու համար Ամերիկայի ու Կանադայի հայ սերունդներին: Ամերիկահայ դպրոցներն աւելի քան 25-ամեայ գործունէութիւնից յետոյ տակաւին ոչ մի գրող, ուսուցիչ, լրագրող կամ խմբագիր չեն տուել: Պատնէշի վրայ գտնուող մտաւորական ներկայ սերունդը մնալու է որպէս վերջին մոհիկանը, եթէ համընդհանուր ծրագրուած ջանքեր չթափուեն»(86):
Քառորդ դար յետոյ` մի պարզ հարցում. արդեօ՞ք խիստ են հնչում նման խօսքերը։ Այն ժամանակ գուցէ այո ասէինք, այժմ նման գնահատականն իր ձեւակերպման մէջ խիստ զսպուածութիւն ունի:
Վէպի սիւժետային գործողութիւնների ժամանակ հեղինակը յաճախ է տրւում իր մանկական յիշատակներին՝ ներկայի խճապատկերին աւելացնելով անցեալի դրուագներ: Այսպէս, օրինակ, Ադամը վերյիշում է Թաւրիզի նեղլիկ փողոցներում կիսամանկական կռիւներից ստացած ուսանելի դասը, երբ հայ աղջկայ պաշտպանութեան խնդիր էր բացուել, ու հերոսամարտերի ոգով սնուած մանուկները «բանակ կազմած» «ապստամբութեան դրօշ էին» բարձրացրել: Այդտեղ էր, որ ընկերներից մէկն ընկաւ թուրք լամուկի արձակած քարից։ Փոքրիկ Ադամը, երկար օրեր անկողնուն գամուած, հոգեկան ծանր տուայտանքների մէջ էր։ Դա իւրատեսակ հրաժեշտ էր մանկութեան երազներին, հեքիաթի աւարտը, եւ երեխաները գիտակցում էին, որ իրենց մանկութիւնը սնուցող պատմուածքներից յայտնի «հրեղէն ձին» մէկընդմիշտ լքում էր երազի ու իրականութեան սահմանները։ Մինչդեռ թւում էր, թէ ընկած ընկերը կամ երազի ըմբոստ ձիերն անպայման ելնելու են եւ արշաւախմբի տղաներին «պայմանաւորուածութեան համաձայն» առաջնորդելու են երազի երկիր Հայաստան։ Ադամի, ասել է թէ Յ. Կարապենցի, մանկութիւնը հէնց այդտեղ էլ ընդհատուել է, քանի որ փշրուել են երազները։
Լեզուի եւ ազգային մտածողութեան շնչին «անէծքի պէս» կառչած ոգին խանգարում է թոյլ ու անկար հայերին, ովքեր ամեն կերպ ջանում են ազատուել իրենց պարտադրուող ազգային բարդոյթներից, երբեմն գլխապատառ փախչում են էթնիկ «ցուցիչներից», անգամ ցեղային ծագումից եւ աւանդական վարքուբարքի կեցութիւնից:
Այսպէս` Ադամից եւ կեցութեան հայկական ձեւերից փախչում է կինը` Մելինէն, երբեմնի հայուհին։ Նա ամուսնուն պարզ ու որոշակի յայտնում է իր դժգոհութիւնը՝ արդարացնելու համար իր եսակենտրոն ու ամերիկեան գահավէժ տարուբերումները. «Մենք տարբեր աշխարհների ծնունդ ենք: Դու ինձ շարունակ երկընտրանք ես պատճառում: Չգիտեմ ո՞րն է հայը, ո՞րն ամերիկացին: … Քո հայութիւնը խեղդում է ինձ…, ես ազատութի՛ւն եմ ուզում քո կապանքներից» («Ադամի գիրքը», էջ 31): Ուրիշ ի՞նչ կերպ կարող է լինել ամերիկացումը Մելինէի եւ նրա պէս հազարաւոր հայերի համար։ Ադամն զգում է, որ դաշոյնը խրուել է իր անպաշտպան սրտի մէջ։ Ինքը, որ հայութեան ու մարդկութեան դատին լծուել է անմնացորդ, չի կարողանում պաշտպանել իրեն։ Սա շահնուրեան ահազանգ դարձած նահանջի նոր ու ամենից ահաւոր տեսակն է։ Ինչպէ՞ս պատահեց։ Մելինէն ծնուել ու մեծացել էր Ամերիկայում, հարստութեան մէջ, Քենեդիների եւ այլոց մեծատունների դուստրերի հետ յաճախել նոյն վարժարանը։ Նա այլեւս խուլ է արեան կանչի հանդէպ, եւ անդառնալիօրէն նրա մէջ թագաւորելու է ամերիկուհին։ Սա առաջին հերթին Ադամ Նուրեանի պարտութիւնն է։ Նա` ամերիկեան գաղափարներին միշտ ընդառաջ նետուող հայ հերոսը, շտապում է ենթագիտակցօրէն հրաժեշտ տալ խաբկանքների մէջ թաւալուող, արիւն փոխած կոյր հայուհուն։
Նման պարագայում ամերիկեան աշխարհը դուռ ու պատուհան չունի, անղեկ է, կլանել ու խժռել գիտի միայն։ Ոչնչացնում է էութեան ամենաթանկ մասնիկները։ Վաղ թէ ուշ, յիշենք մէկ անգամ եւս Շահնուրի բանաձեւումը, «գիտութեամբ թէ անգիտութեամբ», երկփեղկուած կեցութեան այս ճանապարհը յանգեցնելու է օտարացումի, «կոսմոպոլիտ քաղաքակրթութեան»: Այդ ճանապարհին մաքառում եւ նոյն ճանապարհի գայթակղութեան փորձաքարը յաղթահարում են բոլորը՝ Ադամը, ինքը՝ վիպասանը, մեր աշխարհի վառ անհատականութիւնները։
Յ. Կարապենցը վէպում հրապարակախօսական եւ գրականագիտական բաւարար շնչով բացում է Սփիւռքի գրականութեան ուղղութեան բովանդակային իւրայատկութիւնը, երբ ընդգծում է այդ գրականութեան վաղուայ անհեռանկարայնութիւնը, անխարիսխ ապագան։ Այսօր թերեւս նրա առժամեայ կենսունակ, գործնական «առաւելութիւնները» բացատրւում են անցեալի յուշերին, անհատական յուզապրումներին, օտարաշունչ բազմատարր աշխարհում ազգային ու կենցաղային երեւոյթներին կառչած մնալու հանգամանքներով, բայց դրանք խորքի մէջ ցաւագին հայացքի շերտերն են, որոնք ժամանակի ընթացքում թուլացնում են գեղարուեստական ընկալումը։
Կարապենցը խոստովանում է, որ իր վէպերում եւ պատմուածքներում գեղարուեստական տարրերը հպատակւում են բաց խոհի, նոթագրութեան ընթացքին, ինչն արձակագրի ապրած ջղաձիգ վիճակների վկայութիւնն է։ Գրական նիւթերի մէջ նրան ստեղծագործական իմաստով բաւարարութիւն են պատճառում սիրոյ, ազատ ընտրութեան, ընտանիքի եւ տոհմի խնդիրներին անդրադառնալը: «Դարձել ենք մենաւորների հասարակայնութիւն։ Ես, սիրելի՛ս, _ խոստովանում է Զելդան Ադամին, _ որ ինչպէս գիտես, նիւթապէս ապահով մէկն եմ, ինչո՞ւ եմ մխրճուել աշխատանքի տենդոտ հոսանքի մէջ, եթէ ոչ` մի կերպ գոցելու մենութեան պղտոր տաղտուկը: Միայն ես չեմ: Ժողովրդի մէկ քառորդն առանձին է ապրում, մեն-մենակ, յատկապէս` կանայք, որոնք ամուսնանալու փոխարէն, ամուսնացել են իրենց ընտրած ասպարէզի հետ` իրենց բաւարարութիւնը գտնելով գործի մէջ» (Նոյն տեղում, էջ 93)։
Վէպում հեղինակն առանց վերապահման դնում է լեզուի բացարձակութեան հարցը: Իր հերոսի միջոցով նա ուղղաձիգ հարց է առաջադրում, միեւնոյն ժամանակ, իւրակերպ լուծման յանգում «Այո՛, ես պիտի վերադառնամ հայերէնին, որի ամեն մի բառն արիւն է` բազում նահատակների զոհողութեամբ սրբագործուած, եւ ես զարմանում եմ, թէ դու, Զելդա՛, ինչպէս կարողացար թափանցել այս ճշմարտութեան մէջ ու գտնել իմ էութեան հիմնական լարը, որը գիտակցաբար ու յիմարօրէն փորձել էի կտրել տարիներ շարունակ, հէնց այսօրուանից պիտի սկսեմ, քանի դեռ ուշ չէ…» (Նոյն տեղում, էջ 218):
Ադամի որդին` Վահէն, ամերիկեան հասարակութեան բարոյական վարքագծի պայմանականութիւններից ձերբազատուած եւ հակառակ հայ ընտանիքի աւանդական կաշկանդուածութեան, վէպի «Հայրեր ու զաւակներ» գլխում ընթերցողի համար անսպասելի պաշտպան է կանգնում հօր հայեացքներին` յարաբերութիւն պարզող երկխօսութեան մէջ պահանջելով շիտակութիւն, իսկ հաղորդակցութեան մէջ` բացառիկ ազնւութիւն։ Ադամը վստահ է՝ որդին այդ ճանապարհի ընտրութեամբ միայն կը կարողանայ ընդառաջ գնալ ճշմարտութեանը:
Վէպում, հետեւելով յոյն փիլիսոփայ եւ գրող Նիկոս Կազանձակիսի խոհագրութեան սկզբունքներին, Յ. Կարապենցն ու իր ես-ը կրող Ադամ Նուրեանը աստուածայինի է հասցնում գեղագիտական հաւատամքը, հակառակ դէպքում նոր մարդու համար ազատութիւնը՝ «անհասանելին», կը դառնայ անգտանելի մի բան. «Այլապէս ինձ պէտք չեն ձեր գեղաոճ տափակ գրքերը, ձեր գեղատեսիլ անկիրք պաստառները, ձեր շողշողուն անկեանք բեմերը, ձեր ճշգրիտ, անհոգի երգերը, ժողովրդականութիւն վայելող, սակայն միտքը բթացնող ձեր շարժանկարները» (Նոյն տեղում, էջ 197): Վիպագիրը մերժում է բարձր արուեստի իւրացման էժանագին ուղին. «Պատրաստէ՛ք խարոյկը: Առաջին լուցկին վառողը ես կը լինեմ: Թերեւս մոխիրների տակ գտնէք Միքելանջելոյի մուրճը: Դոստոյեւսկու գրիչը կամ գուցէ Դուրեանի մխացող սիրտը» (Նոյն տեղում):
Հէնց այստեղ է իմաստաւորւում Յակոբ Կարապենցի գրականութիւնը, որովհետեւ ինչպէս ինքն է գտնում, մի պուտ գութն աւելին արժէ, քան հին ու նոր քաղաքակրթութիւնները: «Ստեղծագործական ամեն մի հեւքի խորքում մարդու յարատեւ պայքարն է Աստծոյ հետ, Աստծոյ դէմ՝ աստուածանալու, մարդանալու, ազատագրուելու, կամ, ինչպէս Քրիստոսն է ասում՝ պարտութեան մատնելու մահը։ Որովհետեւ նա, ով չի վախենում մահից, ազատ է» (Նոյն տեղում, էջ 196)։
Յ. Կարապենցի գրական նկարագիրը հզօր ենթախորք ունի, որը ներքին ծաւալումներով կարողանում է ճշգրտօրէն բացայայտել օտարութեան մէջ ապրող հայկական ուրոյն աշխարհը` իր անպարփակելի հոգեւոր ու աշխարհագրական սահմաններով, վաղուայ հանդէպ ունեցած շօշափելի լաւատեսութեամբ: Դրանով է Կարապենցի տեղը միշտ մնայուն նորագոյն շրջանի արձակում։
ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆՆԵՐ
1. Սփիւռքահայ գրականութիւնը հանդիսանում է հայոց ազգային հոգեւոր մշակոյթի անբաժանելի մասը եւ իր մէջ կրում է թեմատիկ-գաղափարական, իմաստասիրական ու լեզուաոճական բոլոր այն առանձնայատկութիւնները, որոնք բնորոշ են մեր գեղարուեստական խօսքին։
2. Արձակագիր Յակոբ Կարապենցի ստեղծագործութեան մէջ՝ լինի պատմուածք, վէպ, թէ հրապարակախօսութիւն, ներկայացւում է աշխարհի տարբեր միջօրէականներում մաքառող, իր ինքնութեան հաստատման համար պայքարող հայի կերպարը։
3. Յակոբ Կարապենցի արձակը, որը բնականաբար, սնունդ է ստանում ազգային ակունքներից, իր վրայ որոշակիօրէն կրում է նաեւ համաշխարհային գրական պրոցեսների ու հանրահայտ գրողների (Սարոյեան, Ֆոլքներ, Ջոյս եւ այլն) բարերար ազդեցութիւնը, ի հարկէ՝ պահպանելով հաւատարմութիւնը հայրենի գրականութեան զարգացման թէ աւանդական եւ թէ, մանաւանդ, նորարարական միտումներին։
4. Հայրենիքի գաղափարը /ներառեալ՝ Էրգիրը/ ամենուրեք, աշխարհի բոլոր ծագերում ուղեկցում է Կարապենցի հերոսներին («Նոր աշխարհի հին սերմնացանները», «Կարթագէնի դուստրը», «Ադամի գիրքը»), նրանց ուղղորդում ամենատարբեր իրավիճակներում, գաղափար, որի մէջ գրողը՝ գեղարուեստական հարուստ միջոցներով, մարմնաւորում է մայր Հայաստանի ամբողջական կերպարը:
5. Սփիւռքահայ գրականութիւնը (տուեալ պարագայում՝ Կարապենցի ստեղծագործութիւնը) ոչ միայն դուրս չի մնում մայր ժողովրդի հիմնախնդիրների լուծման գործընթացներից, այլեւ կարեւոր դերակատարութիւն է ստանձնել արտերկրում մայրենի լեզուի ու հայապահպանութեան գործում՝ նպաստելով ազգային միաբանութեանն ու միասնութեանը:
6. Յակոբ Կարապենցի ստեղծագործութիւնը՝ նորարարական մտածողութեամբ ու լեզուական միջոցներով, ոճով, բովանդակային բազմաբնոյթ հարցերի արծարծումներով, ազգային ոգու կերպաւորման գեղարուեստական բարձրակարգ արտայայտութեամբ, հանդիսանում է ժամանակակից հայ արձակի ամենահետաքրքիր ու հարուստ էջերից մէկը:
7. Կարապենցի ստեղծագործութիւնը հիմնականում նորարարական է՝ ոչ միայն իր բերած աշխարհով (ամերիկեան միջավայրը նրանից առաջ ներկայացրել է Ո. Սարոյեանը), ոչ միայն գեղարուեստական թարմ միջոցներով, էկզիստենցիալիզմի կամ արդիապաշտութեան ընդգծուած դրսեւորումներով, այլ իր գեղագիտական եւ փիլիսոփայական ինքնատիպ համակարգով:
8. Որքան ազգային, նոյնքան էլ համամարդկային է Կարապենցի արձակը, առաջին հերթին՝ բարձր արուեստով, կարծրատիպերից հեռու նոր ու անսովոր լուծումներով: Գրողի ստեղծագործութիւններում առանձնակի տեղ ունի արդի ժամանակների մէջ «մենութեան գնացող», մենակ մարդու դրաման («Ադամի գիրքը», «Դղեակ», «Աքսոր», «Միջնարար» եւ այլն), եւ այստեղ է «մենութեան դիալեկտիկայի» փիլիսոփայական մեկնակէտը: Կեանքի ցանկացած իրավիճակում Կարապենցի հերոսն իր մէջ «յայտնաբերում» է ներքին մարդուն, որը թէեւ ամերիկեան միջավայրում է, բայց նրա առարկայական աշխարհը, «յենման կէտը» հայ գեղարուեստական գրականութեան ծիրում է:
9. Յակոբ Կարապենցի հերոսները մերօրեայ մարդիկ են՝ հայոց ազգային հիմնախնդիրների, ինչպէս եւ հայկական դատի պաշտպանութեան «դիրքերում» ամուր կանգնած: Նրանք աշխարհով մէկ սփռուած հայեր են, ինչպէս ասում են, ովքեր ընդլայնում են հոգեւոր Հայաստանի սահմանները՝ իրենց ներքին տարածքների հաշուին։
10. Սփիւռքահայ գրականութիւնը, անշուշտ, հայոց բազմադարեայ դպրութեան ներկայութիւնն է արտերկրում, որը մշտապէս գտնւում է ժողովուրդների քաղաքակրթութիւնների ժամանակակից բուռն պայքարի առաջին գծում՝ հայկական ոգու ամենաբարձր արտայայտութեամբ:
(Շար. 7 եւ վերջ)
ՅՂՈՒՄՆԵՐ ԵՒ ԾԱՆՕԹԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ
86 «Սփիւռքահայ արդի գրականութիւն», հատոր Բ., «Ռօյըլ Օք, Միշիկըն» հրատ., 1994, Կազմեցին՝ Սեդա եւ Սարգիս Դէմիրճեանները, էջ 679:
ՕԳՏԱԳՈՐԾԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՑԱՆԿ
ԳՐՔԵՐ
1. Աբովեան Խ., Երկեր, Եր., «Սովետական գրող», 1984, 720 էջ:
2. Ահարոնեան Ա., Երկերի ժողովածու 10 հատորով, հ. Զ., Բոստըն, «Հայրենիք», 1948, 389 էջ:
3. Անդրէասեան Ա., Երկար գիշերին մէջէն, Լոս Անճելըս, «Ատլաս», 1974, 399 էջ:
4. Արզուեան Կ., Հայելիներ, Եր., Հեղինակային հրատարակութիւն, 2010, 317 էջ։
5. Գաբրիէլեան Վ., Սփիւռքահայ գրականութիւն / հայ նորագոյն գրականութիւն, Եր., ԵՊՀ հրատ., 2-րդ հրատ., 2008, 424 էջ։
6. Գասպարեան Դ., Հայ գրականութիւն, հատոր երկրորդ, Եր., «Զանգակ 97», 2002, 704 էջ։
7. Դանիէլեան Ս., Արեւմտահայ գրականութիւն. Տիտանիկ թէ շարունակականութիւն, Երեւան, Գասպրինտ, 2014, 324 էջ։
8. Դանիէլեան Ս., Սփիւռքահայ վէպը, գիրք Ա., Ժանրը, աւանդոյթները, պատմութեան փիլիսոփայութիւնը, Անթիլիաս, տպ. Կաթողիկոսութեան Մեծի Տանն Կիլիկիոյ, 1992, 366 էջ։
9. Զահրատ, Բանաստեղծութիւններ, հատոր Ա., (1960-1990), Ստամպուլ, «Արաս», 2006, 534 էջ:
10. Զօրեան Ստ., Երկերի ժողովածու 12 հատորով, հատոր երրորդ, Եր., «Սովետական գրող», 1979, 588 էջ։
11. Թամրազեան Հր., Գրական դիմանկարներ / յօդուածներ, հատոր երկրորդ, Եր., «Նաիրի», 1998, 420 էջ։
12. Թամրազեան Հր., Երկեր, Դ. հատոր, Եր., «Նաիրի», 2013, 1008 էջ։
13. Թեքեան Վ., Խօսող լերան պատմութիւնը, Նիւ Ճըրզի, «Վեհարթ», 2015, 204 էջ։
14. Թէօլէօլեան Մ., Դար մը գրականութիւն (1920-1980) / երկրորդ հատոր, Նիւ Եորք, «Ոսկետառ», 1980, 657 էջ։
15. Թորանեան Թ., Հայ գրականութեան խշշացող բարտին՝ Յակոբ Կարապենց / ձօն իրաւ արձակագիրի ծննդեան 80-ամեակին, Հալէպ, 2006, 240 էջ։
16. Թոփչեան Ստ., Կերպ եւ իսկութիւն / Գրականագիտական յօդուածներ։- Եր., «Սովետական գրող», 1987, 488 էջ։
17. Թումանեան Հովհ., Երկերի լիակատար ժողովածու տասը հատորով, հատոր երրորդ / Պոեմներ, Եր., ԳԱԱ հրատ., 1989, 544 էջ:
18. Խրախունի Զ., Ես եւ ուրիշներ, Իսթանպուլ, «Մխիթարեան» Սանուց Միութեան հրատ.,1964, 72 էջ։
19. Խրախունի Զ., Տօնազանգ, Եր., Զանգակ, 2007, 300 էջ ։
20. Կարապենց Յ., Ադամի գիրքը, Նիւ Եորք, «Ոսկետառ», 1983, 255 էջ։
21. Կարապենց Յ., Ամերիկեան շուրջպար, Նիւ Եորք, «Ոսկետառ», 1986, 250 էջ։
22. Կարապենց Յ., Անծանօթ հոգիներ, Ուաշինգթոն, «Ատլաս», 1970, 382 էջ։
23. Կարապենց Յ., Անկատար եւ այլ պատմուածքներ, Նիւ Եորք, «Ոսկետառ», 1987, 250 էջ։
24. Կարապենց Յ., Երկու աշխարհ / գրական փորձագրութիւններ, Ուոթըրթաուն, Մասաչուսեթս, Blue Crane Books, 1992, 403 էջ։
25. Կարապենց Յ., Կարթագէնի դուստրը / ժամանակակից վէպ, Ուաշինգթոն – Պէյրութ, «Ատլաս», 1972, 219 էջ:
26. Կարապենց Յ., Մի մարդ ու մի երկիր եւ այլ պատմուածքներ, Ուոթերթաուն, Մասաչուսեթս, Blue Crane Books, 1994, 257 էջ։
27. Կարապենց Յ., Միջնարար, Նիւ Եորք, «Ոսկետառ», 1981, 284 էջ:
28. Կարապենց Յ., Նոր աշխարհի հին սերմնացանները, Վաշինգտոն, «Ատլաս», — Պէյրութ, 1975, 272 էջ:
29. «Կարապենց» / մատենագիտութիւն, կազմեց եւ խմբագրեց՝ Արա Ղազարեանց, Մասաչուսեթս, 1999, 139 էջ։
30. Հայկազ Ա., Չորս տարի Քիւրտիստանի լեռներուն մէջ, Պէյրութ, Անթիլիաս, 1972, 510 էջ։
31. Ղազարեանց Ա., «Մտորումներ» / Յակոբ Կարապենց, Առլինգթոն, Հայ մշակութային հիմնարկութեան գրադարան-թանգարանի հրատ., 2009, 262 էջ:
32. Մատթէոսեան Վ., Կոստան Զարեանի շուրջ / ուսումնասիրութիւն։- Անթիլիաս-Լիբանան, տպ. Կաթողիկոսութեան Մեծի Տանն Կիլիկիոյ, 1998, 468 էջ։
33. Շիրվանզադէ Ալ., Երկերի ժողովածու տասը հատորով, հ. 3-րդ, Եր., Հայպետհրատ, 1959, 534 էջ։
34. Պիպէռեան Զ., Լկրտածը / վէպ, Իսթանպուլ, «Տօգայ», 1959, 204 էջ։
35. Սարինեան Ս., Հայոց գրականութեան երկու դարը / գիրք երրորդ, Եր., «Զանգակ 97», 2002, 652 էջ։
36. Սարինեան Ս., Հայ գրականութեան երկու դարը / գիրք չորրորդ, Եր., «Տիգրան Մեծ», 2004, 636 էջ։
37. Սարոյեան Ո., Ընտիր երկեր չորս հատորով, հ. 2-րդ / պիեսներ, պատմուածքներ, Եր., «Սովետական գրող», 1987, 395 էջ։
38. Սուրեան Փ., Ընթրիք օտարների հետ, Եր., «Լուսակն», 2010, 110 էջ։39. Սեւակ Պ., Երկեր երեք հատորով, հ. 1, կազմեց` Հ. Ֆելեքեան, Եր., «Սովետական գրող», 1982, 672 էջ։
40. «Սփիւռքահայ արդի գրականութիւն վերջին կէս դարու / հատընտիր բանաստեղծութիւններ եւ պատմուածքներ, կենսագրական գիծեր եւ հարցազրոյց»։ Հատոր Բ., Սփիւռքահայ գրողներ, կազմեցին՝ Սեդա Զ. Ծաղիկեան-Դէմիրճեան եւ Սարգիս Դէմիրճեան, Ռօյըլ Օք, Միշիկըն, 1994, 785 էջ։
41. Քեշիշեան Ա., Յակոբ Կարապենց. աշխարհընկալումը եւ արուեստը, Եր., ԳԱԱ Եր., ՀՀ ԳԱԱ «Գիտութիւն» հրատ., 1999, 243 էջ։
42. Օշական Յ., Հայ գրականութիւն, Երուսաղէմ, «Ս. Յակոբեանց» տպ., 1957, 688 էջ։
ՄԱՄՈՒԼ
1. «Ազդակ» / օրաթերթ, Պէյրութ, 2016, Մայիս 6։
2. «Ալիք» / օրաթերթի յաւելուած, Թեհրան, Նոյեմբեր, 2010:
3. «Ասպարէզ» / օրաթերթ, Լոս Անճելըս, 1982, 4 յունուար:
4. «Գարուն» / գրական-գեղարուեստական, հասարակական-քաղաքական ամսագիր, Եր., 1990, թիւ 1-2 (7-8):
5. «Լուրեր Արարատից», Թեհրան, 2011, թիւ 99, Փետրուար:
6. «Հայաստանի Հանրապետութիւն» / օրաթերթ, Եր., 1993, թիւ 15 եւ 16 յուլիս։
7. «Հայոց լեզուն եւ գրականութիւնը դպրոցում» / գիտամեթոդական ամսագիր, Եր., 2002, թիւ 3-4։
8. «Հայրենիք» / օրաթերթ, Բոստոն, 1983, 8 հոկտեմբեր:
9. «Հորիզոն գրական», Մայիս 2017, թիւ 5 (393), ԼԳ. տարի։ Մոնթրէալ։
10. «Մեհեան», Կ. Պոլիս, 1914, թիւ 1-7։
11. «Յառաջ» / օրաթերթ, Փարիզ, 1979, 4 Մարտ:
12. «Նորք» / ՀԳՄ գրական-գեղարուեստական, հասարակական-քաղաքական հանդէս, Եր., 1998։