ԱՄԱՆՕՐԵԱՅ ԱՂՕԹՔ

ԶԱՐԻՆԷ ՍԱՌԱՋԵԱՆ

Բանասիրական գիտութիւներու թեկնածու,
Արցախի պետական համալսարանի դասախօս, լրատւութեան եւ հանրային կապերու բաժնի պետ

Այնտեղ՝ հեռաւոր այն գիւղում, մի հողաթումբ կայ, որը միշտ սպասում է խոնարհուող զոյգ ծաղիկների,
Այնտեղ՝ այն հեռաւոր գիւղում, մի այգի կայ, որի նռնենիները սպասում են սիրող ձեռքերի խնամքի,
Այնտեղ հեռաւոր լեռներ կան, որոնք սպասում են զրնգուն ծիծաղող մանուկների,
Այնտեղ մանուշակաբոյր անտառներ կան, որոնք կարօտում են սիրող զոյգերի շշուկների,
Դատարկուած բներ կան այնտեղ, որոնք սպասում են հեռացած հաւքերի վերադարձին,
Այստեղ մի երկիր կայ, խոցուած հազար անգամ, յօշոտուած, վէրքերից տանջուած,
Այստեղ մի ժողովուրդ կայ, որ ամեն օր սպասում է խաղաղութեան,
Այստեղ հնամեայ հաւատ կայ, որ վերջում բարին կը յաղթի,
Եւ երկիրն այդ նորից թևերը կը բացի, կորացած մէջքը կ՚ուղղի,
Բացիր թևերդ երկիրս՝ Արցախս, Հայաստանս,
Թռիչքիդ են սպասում զաւակներդ,
Եւ թող հողաթումբն այդ մոռացուող՝ կարօտ չմնայ խոնարհուող ծաղիկների,
Եւ թող այդ նռները ճաք տան սիրող ձեռքերի ջերմութիւնից,
Եւ թող այն լեռները արձագանգեն զրնգուն ծիծաղող մանուկներին,
Եւ թող այն մանուշակաբոյր անտառները նուաղեն սիրոյ խոստովանութիւններից,
Եւ թող բոլոր հեռացած հաւքերը դառնան իրենց բները…
Եւ թող խաղաղութիւնը թագաւորի իմ հնամենի երկրում…

 * * *

Իմ հոգում Արցախն է ապրում,
Իմ շուրթերով Արցախն է աղօթում,
Իմ թեւերով Արցախն է բալիկներին գրկում,
Իմ աչքերով Արցախն է ժպտում,
Իմ մատներով Արցախն է սիրում,
Իմ կարօտով Արցախն է երազում,
Իմ յոյսերով Արցախն է ոգեշնչւում,
Իմ յաղթանակներով Արցախն է նուաճում,
Իմ գրիչով Արցախն է մենախօսում,
Իմ սրտով Արցախն է բաբախում,
Կը պահեմ քեզ, Արցախ, եւ սրտիս, եւ հոգուս, եւ գրկիս,
Եւ աչքերիս, եւ ժպիտներիս մէջ,
Արցախս, այգաբացներդ թող խաղաղ լինեն…

* * *

Աստծուն խնդրեցի թոյլ տալ ամեն օր գեղեցկութիւն տեսնել,
— Դուստր ունեցայ,
Աստծուն խնդրեցի թոյլ տալ ամեն օր ուժեղ լինել,
— Որդի ունեցայ,
Աստծուն խնդրում եմ թոյլ տալ ամեն օր…
նայել երջանկութեան աչքերին:

Ստեփանակերտ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *