Յակոբ Կարապենցի ստեղծագործութիւնը — 1

ՆԱՆԱՐ ՍԻՄՈՆԵԱՆ

Արցախի Գրիգոր Նարեկացի համալսարանի դասախօս

Ծանօթ. խմբ. — Այս տարի լրացաւ 20րդ դարու երկրորդ կէսի մեր գրականութեան ամենայատկանշական դէմքերէն Յակոբ Կարապենցի մահուան 25-ամեակը։ Ստորեւ կը ներկայացնենք Յակոբ Կարապենցի ստեղծագործութեան մասին Արցախի Գրիգոր Նարեկացի համալսարանի դասախօս Նանար Սիմոնեանի ընդարձակ աշխատասիրութեան ներածականը։ Յաջորդական թիւերով պիտի տանք աշխատասիրութեան շարունակութիւնը՝ գլուխ առ գլուխ։

ՆԵՐԱԾՈՒԹԻՒՆ

Քսաներորդ դարի երկրորդ կէսի սփիւռքահայ արձակը դժուար է պատկերացնել առանց Յակոբ Կարապենցի գրական հարուստ ժառանգութեան։ Նա պատմուածքի, վիպակի, վէպի, փորձագրութեան ժանրային սահմաններում վերակառուցել է իմացական խօսքի սրութիւնն ու նպատակասլաց ընթացքը։ Նրա ստեղծագործութիւնն ամբողջապէս փիլիսոփայական հարցումների պատասխանների փնտռտուք է, ինչպէս խոստովանում է ինքը «Բառի փրկութիւնը» կարճառօտ փորձագրութեան մէջ, 1986-ի սեպտեմբերին. «Գրում եմ, որովհետեւ կեանքը ո՛չ կատարեալ է, ո՛չ էլ արդար։ Գրելով փորձում եմ գտնել ճիշդ հարցումը, երբեմն էլ՝ պատասխանը։ Գրելով ջանում եմ փրկել ինձ, ապա՝ մարդուն»(1)։
Յակոբ Կարապենցը (իսկական ազգանունը՝ Կարապետեան) ծնուել է Իրանի հիւսիս-արեւելքում գտնուող, դեռ Սասանեանների ժամանակներից յիշատակուող Թաւրիզ (յայտնի է նաեւ Թաւրէզ, Դաւրէժ անուններով) քաղաքում, 1925 թուականի օգոստոսի 9-ին: Այն Արեւելեան Ատրպատականի նահանգի վարչական կենտրոնն է, այստեղ է գտնւում Գոլեստանի նշանաւոր այգին։ Անցեալ դարի 10-20-ական թթ. այստեղ ապրել է հինգ-վեց հազար հայութիւն, որոնք կենտրոնացել են հիմնականում Բարոն Աւագ, Լիլաւայ եւ Ղալայ թաղերում։ Նրանց ազգային կեանքի կազմակերպիչն առայսօր Ատրպատականի Հայոց թեմն է, որը գործում է Մեծի Տանն Կիլիկիոյ ենթակայութեան տակ։
Մանուկ Յակոբի մանկութեան տարիների տպաւորութեամբ՝ այն խառնակ, կեղտոտ քաղաք էր, որն ինքը կոչում էր, գուցէ եւ հեգնախառն, «աշխարհի կենտրոն»։ «Այդ աշխարհը, — ութսունականներին գրում էր նա, — Լիլաւայ թաղի ծուռումուռ փողոցներն էին` իրենց ցեխածեփ կքած պատերով, ուր ամբողջ օրը յամառ էշերի կարաւանների հետ կռիւ էին մղում թուրք իշապանները: Մածունի կարասները փոշի էին հաւաքում նպարավաճառ Հասանի բացօթեայ կրպակի առջեւ: Պատերի անկիւնների տակ մարդիկ կանգնում միզում էին, մէզը թափւում էր առուն, ջուրը գնում տները: Վազող ջուրը մաքուր է, ասում էին ու կուշտուկուռ խմում: Այդուհանդերձ, Թաւրիզը տիեզերքի մի կէտն էր, եթէ ոչ կենտրոնը, Թաւրիզում սկսում էր ամեն ինչ, յատկապէս արբունքը, խելագար ձիերը, բաշերը ցցած, արշաւում էին լեռներն ի վեր` դէպի ամպերը, դէպի աստղերը»(2)։
Այդ շրջանի ազգային-քաղաքական թոհուբոհին եւ սոցիալ-տնտեսական խառնակ իրավիճակներին նա անդրադարձել է բազմիցս։ Մասնաւորապէս, «Ո՞ւր մնացին 1925 թուականի ծնուածները» փորձագրութեան մէջ ազգային ողբերգութեան տեսանկիւնից արձակագիրն ամփոփ բնութագրում է իր գիտակցութեան արթնութեան դանդաղ, ներհակ ու դերբուկ ժամանակաշրջանը. «Հինգ տարի առաջ ընկել էր Հայաստանի Հանրապետութիւնը, եւ հայերը մտամոլոր քայլում էին նեղ փողոցներով: Յայտնի չէ՝ ո՞ւր էին գնում այդ նախկին զինուորականներն ու նախարարները: Մէկ տարի առաջ մահացել էր Լենինը, հեղինակութիւնը կորցրել Տրոցկին, եւ իշխանութեան գլուխ անցել Ստալինը: Բռնապետի ստուերը տարածուել էր նաեւ մեր քաղաքի վրայ: Այդ տարի զարմանալի խաղեր են խաղացել մանուկները: Փոխանակ գնդակ խաղալու, խռնուել են անկիւններում եւ միմեանց հարց տուել:
— Հայաստա՞ն թէ Վայաստան:
Վա՛յ Վայաստան ասողին:
Այդ մանուկները զաւակներն էին մանուկ (Հայաստանի — Ն.Ս.) Հանրապետութիւնը կերտած մարդկանց, ոմանք՝ ընկած ռազմադաշտում, ոմանք՝ խողխողուած բանտերում, ոմանք գնդակահարուած անանուն գիշերում: Նրանք՝ այդ զաւակները, նիհար, գունատ, սեւաթոյր բաներ էին, որոնք ժպտալ չգիտէին: Գաղթականներ էին գաղթական աշխարհում: Հնոտիների մէջ կորած՝ սառում էին ցեխակերտ պատերի տակ եւ եռանդով կոճ էին չրթում: Երբ ես հասայ նրանց տարիքին, նրանք արդէն փողոցային էին դարձել: Ես էլ միացայ նրանց» («Ամերիկեան շուրջպար», էջ 238-239)(3):
Իր տոհմի ծագումնաբանութիւնը ներկայացնելիս, գրողը նախ յիշատակում է ապուպապին՝ շուշեցի Կարապետին, որի որդի Սիմոնը եւս ծնուել էր Շուշիում, ապա տեղափոխուել Գանձակ, այնուհետեւ յայտնուել Մեղրիում, ուր եւ ծնուել էր Յակոբ պապը։ Վերջինս էլ իր հերթին տեղափոխուել է Թաւրիզ, ուր աշխարհ էր եկել իր որդին, այսինքն՝ Յակոբի հայր Սիմոնը: Հայի՛ ճակատագիր։ Հայրը եղել է արուեստագէտ. նկարիչ էր, բուռն սէր ու հետաքրքրութիւն էր ցուցաբերում երաժշտութեան ու թատրոնի նկատմամբ։ Իսկ ահա ուսուցչուհի մայրը՝ Անահիտը, 1918-ի Ուրմիայի ջարդերից առաջ կարողացել էր փախչել ու հաստատուել Թաւրիզում: Նախապէս ամուսնացել էր, ունեցել երեք որդի: Անահիտի եւ Սիմոնի այս ամուսնութիւնից ծնուել է Յակոբը կամ Յակոբիկը, ինչպէս դիմում էին նրան մանկութեան շրջանում: Մայրը եւս անտարբեր չէր արուեստների հանդէպ: Թաւրիզում դերձակուհի էր, իսկ ռուսական թատրոնում՝ ոչ երկրորդական կարգի դերասանուհի:
Ապագայ գրողն ապրել է, յիրաւի, տխուր մանկութիւն. երեք տարեկան էր, երբ ծնողներն ամուսնալուծուեցին: Կանխահաս թափառաշրջիկութիւնը, ինչի մասին պատկերաւոր ակնարկում էր ինքը, մանկութեան օրերի յետահայեաց յիշողութիւնների մէջ պիտի վերարթնանար՝ դառնալով ստեղծագործական յուզական, կենսական եւ մնայուն ատաղձ։ Մանկութիւնն անցել է հօրաքոյրերի, մօրաքոյրերի, քեռիների տանը: «Հայրս ինձ մի բան պիտի ասէր» պատմուածքում տասնեակ տարիներ անց Կարապենցը պիտի գրէր. «Հայրս ու մայրս… այդպէս էլ, քաղաքից քաղաք, տնից տուն էին նետում ինձ: Հօրաքոյր-մօրաքոյր, քեռի-մեռի շատ ունէի, բոլորն էլ բարի, գթառատ մարդիկ, սակայն նրանք էլ ունէին իրենց զաւակները, իրենց հոգսերը: Հեշտ չէր յաւելեալ բերան կերակրելը: Ես այդ զգում էի եւ ամաչում» («Ամերիկեան շուրջպար», էջ 132)։
Այդ զգացողութիւններն ուղեկցում էին նրան արդէն նախադպրոցական տարիքից, երբ յաճախում էր ռուսական մանկապարտէզ, ապա ֆրանսիական գիշերօթիկ դպրոց, իսկ ազգային կրթութեան նախահիմքերը հարազատները ձեւաւորել են ծննդավայրի Հայկազեան-Թամարեան դպրոցում: Պատանութեան շեմին նրա հասունացման եւ ազգային նկարագրի խմորման մէջ ուսուցիչների կողքին մեծ դեր է խաղացել հօրաքոյրերից` երկարամեայ մանկավարժ Աստղիկ Կարապետեան-Բեգլարեանը, ում հոգածու վերաբերմունքն զգալիօրէն մեղմացրել է Յակոբիկի մանկական դառնութիւնները. ուսուցիչները եւ հօրաքոյրը, իր տեսողութեամբ, եղել են մի-մի «քուրմ» ու «կիսաստուած»:
Պատանի Յակոբը կրթութիւնը շարունակել է Թաւրիզի «Մեմորիալ» դպրոցում, սակայն 1939 թուականից՝ երկրորդ աշխարհամարտի դժնդակ տարիներից, ցնցուել է նաեւ հինաւուրց այդ քաղաքը: Բազում հայ այլ ընտանիքների հետ Թեհրան է տեղափոխուել նաեւ իրենց ընտանիքը. տղան ուսումը շարունակել է Թեհրանի ֆրանսիական Սեն-Լուի ճեմարանում:
Թեհրան ժամանումի առաջին տարուանից իսկ համախոհների հետ նա բերում է իր մասնակցութիւնը «Լոյս եւ միտք» պատանեկան մշակութային միութեան աշխատանքներին: Նրան նկատում եւ ներգրաւում են «Քրիստափոր Միքայէլեան» խմբակի գործունէութեանը, որը, բնականաբար, ոչ այնքան ազգային-քաղաքական, որքան գրամշակութային գործունէութիւն էր ծաւալել: Տարիներ անց Յակոբին մի քանի այլ երիտասարդների նախաձեռնութեամբ վստահեցին 1944-ին ստեղծուած Թեհրանի հայ պատանեկան մշակութային միութիւնը, որի նախագահ դարձաւ ինքը՝ դեռ 20 տարին չբոլորած։ Հետագայում, իր մեկնումից յետոյ, 1950-ի աշնանից ի վեր, այդ կազմակերպութիւնը զօրացաւ ու վերաճեց Թեհրանի հայ մշակութային եւ մարզական խոշորագոյն «Արարատ» միութեան, որը տասնամեակների ընթացքում ընդարձակուեց ու դարձաւ իրանահայ փառահեղ, իսկ այժմ արդէն Սփիւռքի տարբեր համայնքներում խոր ճանաչում բերած գործուն գրամշակութային մարմին:
Յ. Կարապենցի պապենական օճախում պահպանուել են հայկական ամբողջական հաւաքածոյ լրագրեր, որոնք հաւաքուել էին ընդյատակեայ տքնաջան աշխատանքի շնորհիւ: Դա վերաբերում էր այն ժամանակահատուածին, երբ Ռեզա Փեհլեւի շահի հրամանով յաջորդաբար փակւում էին Պարսկաստանի հայկական դպրոցներն ու հրատարակչութիւնները, նաեւ իրանահայ մամուլը (Թեհրանի «Արուսեակ», «Լոյս», «Էրոս» պարբերաթերթերը, «Ալիք» օրաթերթը): Դրանց էջերում Յ. Կարապենցի առաջին գրչափորձերն էին՝ բանաստեղծութիւններ, կարճ յօդուածներ, լրագրութիւն, որոնք անակնկալներով լի գրական սկիզբ էին խոստանում։
Իսկ ահա 1947 թուականին Յ. Կարապենցը թողնում է հարազատ Թաւրիզն ու Թեհրանը եւ մի որոշ ժամանակ Ֆրանսիա ու Անգլիա մնալուց յետոյ էլ մէկընդմիշտ մեկնում է Ամերիկայի Միացեալ Նահանգներ: Իր հեռանալուց մի քանի ամիս առաջ հայրենիք էր ներգաղթել երիտասարդական տարիների առաջին սէրը՝ Սեդան: Եւ որքան էլ Յակոբի համար ծանր լինէր այդ բաժանումը, նա չէր համաձայնել մեկնել ստալինեան ամբողջատիրութեան տակ հեծող «օտար» դարձած հայրենիք:
Թանկ ու մխացող այս սիրոյ պատմութիւնը, ներքին ողբերգական արձագանգի խորը բնութագրումով, Յ. Կարապենցը տալիս է շատ աւելի ուշ՝ «Վերջերս ո՞վ է գնացել Հալիֆաքս» այլաբանական խաղով բացուող պատմուածքում։ Անցեալի ներանձնական լռիկ-մնջիկ յուշերը հմտալի ոճաւորումով վերարթնանում են նոր ժամանակներում, արդէն ամերիկեան առօրեայ երեւոյթների ընդհանուր խորքի մատուցմամբ, ուր սիրոյ մնացած մանրամասները յուշում են կենսագրական ու երկրորդական անցումները՝ աղջկայ անուան բառային խաղը (իրական Սեդան պատմուածքում դարձել է պարզապէս Մեդա), նրա՝ Հայաստան ներգաղթը, հերոսի՝ Ամերիկա տեղափոխուելը: Համընդհանուր է իր եւ Արմէնի արդար ընդվզումը խորհրդային վարչակարգի դէմ:
Տարբեր ճակատագրեր ունեն նաւի վրայ իրար հանդիպած ճանապարհորդները, որոնցից երկուսը հայեր են՝ վաճառական Ջորջ Բոյաճեանն ու ջութակահար Արմէն Ղուկասեանը, որի նախատիպը հէնց հեղինակն է: Նրանք ինքնամփոփ, մեկուսի անհատականութիւններ են։ Բայց դա չի խանգարում, որ Արմէնը բարձրաձայնի իր սիրոյ մասին, վիճարկի պարտադրուած միջավայրի ու սիրոյ ազատ ընտրութեան պատճառած տառապանքը։ Սիրած աղջիկը` Մեդան, 1946-ին հօր բռնի թելադրութեամբ հրաժարուել է սիրուց՝ հայրենադարձուելով Հայաստան, իսկ ինքը մէկ տարի անց հասել է ամերիկեան ափեր՝ չհետեւելով սիրոյ յամառ կանչին, քանի որ չէր հանդուրժել Հայաստանի խորհրդային կարգը: Ջորջի եւ Արմէնի երկխօսութիւնը ծաւալւում է մարդու բնական ազատութեան ու հայրենիքի համայնավար վարչակարգի անընտելութեան շուրջ։ Ջորջը, թէեւ «նիւթի» մարդ, գտնում է, որ սէրն աւելի կենսական է մարդու համար: Եւ «Հալիֆաքսի փոխարէն Երեւան պիտի գնայիր» կշտամբանքին ի պատասխան հնչում է Արմէն-Յակոբի անզիղջ հեգնանքը՝ «Մի՞թէ Երեւանն արուեստի Մէքքան է» («Անծանօթ հոգիներ», էջ 38):
Իրականում Արմէնը հեղինակի երկրորդ եսն է: Յուզականութիւնն իր ընտրած ճամբան չէ, ինքը դիմակայել գիտի, ինքնասպան լինելը կամազրկութեան նշան է։

* * *

Ծննդավայրից հեռանալուց յետոյ Յ. Կարապենցն այլեւս այդտեղ չի վերադառնում՝ իր մէջ խեղդելով ծնողների հանդէպ կարօտը, մանկութեան ու պատանեկութեան առաւօտների կանչը: Այդ կարօտն էլ բիւրեղացել ու դարձել էր նոր շրջանի նրա ստեղծագործութեան ներքին բովանդակութեան պարարտ հող (վերը նկատած «Վերջերս ո՞վ է գնացել Հալիֆաքս» պատմուածքից զատ՝ հարկ է ընդգծել յատկապէս արձակագրի սիրոյ ծնողական բեւեռը: «Հօրս՝ Սիմոն Կարապետեանին, որի կեանքը շարունակում է ճառագել իմ եւ այլոց կեանքում» փորձագրութիւնը ժամանակին դիտել էր որպէս ուղերձ «Կարթագէնի դուստրը» վէպի համար), նոյնը նաեւ «Ամերիկեան շուրջպար» գիրքը բացող «Հայրս ինձ մի բան պիտի ասէր» պատմուածքը):
Ամերիկեան նոր միջավայրն ապրում էր երկրորդ աշխարհամարտի աւարտից յետոյ ձեւաւորուած` պատմական վերակերտման հրաշալի ժամանակաշրջան: Երկրի տնտեսութիւնը քայլ առ քայլ վերելք էր ապրում եւ խոստանում ամերիկեան ժողովրդին ապահովութիւն ու բարեկեցիկ կեանք, թէեւ տքնումով ու քրտնաջան աշխատանքով: Նոր Աշխարհը, քաղաքական նպատակադրումներին համահունչ, գրկաբաց էր ընդունում նորեկներին՝ երաշխաւորելով նրանց «երազների» իրականացումը։ Այդուհանդերձ, դժուարին էր միայնակ տարագիր հայի առօրեան: Արփիար Արփիարեանի բնութագրումով՝ «ասպնջական» երկրում հաստատուած երիտասարդին սպասում էր յուսախաբութիւններով ու յաղթահարումների անակնկալներով լի դժուարին կեանք:
1949-ին Կարապենցն ամուսնանում է սեբաստացի ընտանիքից գաղթած Ալիս Մինասեանի հետ, ունենում զաւակներ` Քրիստինէն եւ Սթիւը: Երկուսն էլ իրենց կեանքը նուիրեցին արուեստին՝ տղան՝ խեցեգործ եւ դաշնակահար, աղջիկը՝ նկարչական ակնյայտ ձիրքերով: Երկու տարի Կալիֆոռնիայում ապրելուց յետոյ (1951-1953 թթ.) երիտասարդ ընտանիքը տեղափոխւում է Նիւ Եորք, որտեղ Յակոբն ուսմանը զուգընթաց մէկ տարի դասաւանդում է Քորնել համալսարանի լեզուաբանական բաժնում:
Ապրուստի եւ ուսումնառութեան ծախսերը հոգալու համար ամերիկեան կեանքի առաջին տարիներին ապագայ արձակագիրը կատարել է ամեն կարգի սեւագործ աշխատանք: Ինքնակենսագրական շաղախով յատկանշուող «Ադամի գիրքը» վէպում, անդրադառնալով իր երեսնամեայ հեռաւորութեան ամերիկեան առօրեային, դառնութեամբ խոստովանել է, որ յարաբերականօրէն կարճ միջոցում, Կանզասում, Կալիֆոռնիայում թէ Նիւ Եորքում, փոխնիփոխ 27 տեղ էր աշխատել՝ աման էր լուացել, յատակ մաքրել, գործարանում մետաղ խարտել, փորձել ուժերը կրկէսում, թղթակից-խմբագրի դերում, եղել «Բրիտանիկա» հանրագիտարանի շրջիկ գրավաճառ, օդանաւային գործակալի պաշտօնեայ, փորձել է անգամ՝… դագաղ վաճառել: Եւ այս ամենը՝ Նոր Աշխարհում գոյատեւելու, աւելին՝ կեանքում իր տեղը նուաճելու համար:
Յակոբ Կարապետեանը բարձրագոյն կրթութիւն է ստացել, նախ, ԱՄՆ Միսսուրի նահանգի Կանզաս քաղաքում, որն աւարտելուց անմիջապէս յետոյ սովորել է Նիւ Եորքի «Կոլումբիա» համալսարանում: Սկզբում խորացել է բիւզանդագիտութեան ասպարէզում, ապա՝ Նիւ Եորքում ուսումնասիրել է լրագրութիւն եւ հոգեբանութիւն։ Թղթակցել է Սփիւռքի մերձաւորարեւելեան, իրանահայ, ամերիկահայ եւ զուտ ամերիկեան մամուլին, ի շարս որոնց՝ «Հայրենիք» օրաթերթին, «Բագին» ամսագրին, «Ամենուն տարեգիրք», «Րաֆֆի տարեգիրք» պարբերականներին, Արփիկ Միսաքեանի «Յառաջ» օրաթերթին, «Արմինիէն Րիվիւ» հանդէսին, «Լիչֆիլդ քաունթի թայմս» օրաթերթին:
1954-1979 թուականներին նա վարել է Վաշինգտոնի «Ամերիկայի ձայն» մեդիա հաստատութեան հայկական հաղորդումները, իսկ 1964-ից եղել է հաստատութեան հայկական բաժնի վարիչը: Այս ամենի կողքին նրան յաճախ կարելի էր տեսնել սփիւռքահայ ճանաչուած այլ թերթերի ու հանդէսների էջերում («Ալիք», «Ասպարէզ», «Հորիզոն»-ի գրական յաւելուած եւ ուրիշներ): Նա ունէր քաղաքական որոշարկուած համակարգ, որը կարելի է ասել` երկշերտ էր. զուտ ամերիկեանը՝ դասական ու կատարեալ, եւ հեռաւոր-մօտիկ հայկականը՝ անկատար ու խախուտ, խիստ ազգային ու ենթակայական: Նրան, բնականաբար, հոգեհարազատ էր ԱՄՆ-ի քաղաքական աստիճանակարգը, յարում էր դեմոկրատներին, իսկ մեր ազգային շարժումների պատմութեան մէջ նախընտրում էր Դաշնակցութեան քաղաքական կողմնորոշումները։
«Գարուն» ամսագրին տուած հարցազրոյցներից մէկի ժամանակ Յ. Կարապենցը խոստովանում էր, որ որպէս հայ` բաժանում էր Հայ Յեղափոխական Դաշնակցութեան աշխարհընկալման գաղափարաբանութիւնը. «Ըստ իս` Դաշնակցութիւնն իր մէջ մարմնաւորում է հայ ժողովրդի ազգային իդէալները, այն է` ազատութիւն, անկախութիւն եւ ժողովրդավարութիւն: Եւ որովհետեւ Դաշնակցութեան գլխաւոր նպատակը Հայաստանի հողային ամբողջականութիւնն ու քաղաքատնտեսական ինքնավարութիւնն է, ահա թէ ինչու այդ կուսակցութիւնն արտացոլում է հայ ժողովրդի բոլոր տարրերի իղձերն ու երազները: Դաշնակցութեան ազատագրական գաղափարներով տոգորուած են թէ՛ գիւղացին ու աշխատաւորը, թէ՛ մտաւորականն ու արդիւնաբերողը: Քաղաքական ծրագիր լինելու հետ զուգընթաց, Դաշնակցութիւնը նաեւ հաւատք է ու կամք»(4), — գրում է նա հարիւրամեայ արդիւնաւոր ուղի անցած կուսակցութեան յոբելեանական օրերին: Չմոռանանք, որ նոյն ոգեպնդիչ տեսլականը նա դրանից գրեթէ մէկ տասնամեակ առաջ հաստատում էր «Ադամի գիրքը» վէպում, երբ Նուրիջանեան հերոսի գեղարուեստական մեկնակէտերում հեղինակը ներկառուցում է հրապարակախօսի շունչը՝ հաստատելու համար, որ Սարդարապատի եւ Բաշ Ապարանի հերոսամարտերի կազմակերպիչ ուժը Դաշնակցութիւնն էր: Ահա թէ ինչու անկախութեան վերջին շրջանի՝ իննսունականների խառնակ ամիսներին, երբ այցելել էր սահմանապահ դիրքեր, անասելի յուզումով ու հպարտութեամբ համբուրում էր կամաւորական ջոկատների տղաների «ձեռքերն ու բռնած զէնքերը՝ զարմանք պատճառելով շուրջիններուն»(5), — ինչպէս իր յուշերում տպաւորուած շարադրում էր գրող Մարգար Շարաբխանեանը։
1979-ին «Ամերիկայի ձայն»ում իր ծառայութիւնն աւարտելուց յետոյ Յ. Կարապենցը հաստատուեց Քընեկթիքութի լեռնային գողտրիկ բնակավայրում, իսկ 1989-ից նա այլեւս Բոստոնում էր՝ նուիրուած ստեղծագործական, ինչպէս նաեւ գիտական ճանաչողութեան հիմնախնդիրներին: Այստեղ է նա հրատարակել իր վերջին երկու ամփոփ ժողովածուները՝ «Երկու աշխարհ. գրական փորձագրութիւններ» եւ «Մի մարդ ու մի երկիր եւ այլ պատմուածքներ» գրքերը:
Արձակագիրը մահացել է 1994-ի հոկտեմբերի 19-ին, քաղցկեղից: Թաղուած է Բոստոնի Քեմբրիջ աւանի Մաունթ Աբըրն գերեզմանատանը. քաղաք, ուր տեղափոխուել էր ընտանիքով մահից ընդամենը մի քանի տարի առաջ:

Նոյն թուականի նոյեմբերին Թաթուլ Սոնենց-Փափազեանի թարգմանութեամբ առաջին անգամ անգլերենով լոյս է տեսել Յ. Կարապենցի պատմուածքների ընտրանին՝ “Return & Tiger and Other Short Stories” («Վերադարձ եւ վագր ու այլ կարճ պատմուածքներ») խորագրով, որոնց մի զգալի մասն ընդգրկուած էր նոյն տարին Ուոթերթաունում հրատարակած «Մի մարդ ու մի երկիր եւ այլ պատմուածքներ» գրքում, ուր նա վերախմբագրած զետեղել էր նաեւ դեռ յիսնական թուականներից մնացած գործեր, այդ թւում՝ «Սկիզբն երկանց» (ինչպէս կոչում է ինքը)՝ «Օմար Խայեամի ստուերը» պատմուածքը եւ ուրիշ ստեղծագործութիւններ։ Անգլերէն գիրքը մահուանից առաջ խնամքով կազմել ու նախապատրաստել էր ինքը՝ գրողը, անգլիախօս համայնքին եւ ամերիկահայ սերնդին իր գրականութեանը ծանօթացնելու նպատակով:
Յ. Կարապենցի գործերն անգլերէն թարգմանելու նպատակադիր ցանկութիւնը խորացաւ նաեւ այս դարասկզբին. 2007-ին Բոստոնում գրողի կենսագիր եւ մատենագիր Արա Ղազարեանի անմիջական ջանքերով եւ առաջաբանով լոյս է տեսել արձակագրի “The Widening Circle and Other Early Short Stories” պատմուածքների ժողովածուն։

Յ. Կարապենցն ունէր հարուստ գրադարան, որն իր ցանկութեամբ փոխադրուեց Արլինգթոնի Հայ մշակութային հիմնարկութեան թանգարան: Թանգարանի այս բաժինը, ուր զետեղուած է նրա աշխատասենեակն ամբողջութեամբ, կոչւում է «Յակոբ Կարապենցի հաւաքածու», որում ընդգրկուած են հայագիր եւ օտարագիր հազուագիւտ գրական հատորներ, լուսանկարներ: Դրանց գերակշիռ մասը տարբեր ժամանակներում կատարել է նուիրեալ բարեկամներից Գալուստ Պապեանը: Հարուստ գրադարանի բացումը կատարուեց գրողի մահուան երկրորդ տարելիցի օրերին: Գրադարանին կից պահպանւում է հեղինակի մշակուած արխիւը, որի ցանկագրման եւ հրատարակման աշխատանքը նա ժամանակին վստահել է բոստոնաբնակ Արա Ղազարեանին, ով դրան զուգընթաց կազմել է ինքնատիպ մատենագիտութիւն, իսկ 2009-ին հրատարակել «Մտորումներ» ամփոփ գրական-հրապարակախօսական հատորը, եւ որը բոլորովին վերջերս, 2017-ին, լոյս տեսաւ նաեւ Երեւանում՝ «Համազգայինի» ջանքերով։ Այն ամփոփում է Սփիւռքի մամուլում, յատկապէս «Հայրենիք», «Նոր կեանք», «Հորիզոն» պարբերականներում հրապարակուած նիւթերն ու յօդուածները:
Գրողի ծննդեան 70-ամեակի առթիւ, 1995-ին, Երեւանի կայարանամերձ դպրոցը կոչուեց ամերիկահայ գրող եւ հրապարակախօս Յակոբ Կարապենցի անունով(6): Նոյն օրը դպրոցում բացուեց գրողի թանգարանը(7), որտեղ այցելուները հնարաւորութիւն ունեն մօտիկից ծանօթանալու Կարապենց արձակագրի կեանքին ու գործունէութեանը:

* * *

Ատենախօսութեան մէջ անդրադարձել ենք գրականագիտական այն դիտարկումներին, որոնց հեղինակները տարբեր դիտանկիւններից ներկայացրել են Յակոբ Կապարենցի ստեղծագործութեան բնութագրական կողմերը, նրա գաղափարական ու գեղարուեստական առանձնայատկութիւնները, պոէտիկան եւ այլն: Մեր հետազօտական վերլուծութիւնները փորձել ենք կատարել ինչպէս սփիւռքահայ, հայ, այնպէս էլ ռուս եւ համաշխարհային գրականութեան ընդհանուր համատեքստում: Գրականագիտական հետաքրքրութիւնների բազմազանութիւնը թոյլ է տալիս ասելու, որ Յ. Կարապենցի գրականութիւնը նոր արժեւորումների դուռ է բացում ինչպէս «դուրսի», այնպէս էլ հայկական շրջանակների համար: Գրողի ազգային-քաղաքացիական կերպարն ու նրա ստեղծած գրականութիւնն այսօր էլ շարունակում են պահպանել իրենց արդիականութիւնը:
Մեր ուսումնասիրութեան առարկան Յակոբ Կարապենցի գրական-գեղարուեստական ժառանգութիւնն է, նպատակը՝ ատենախօսութեան առանցքը կազմող պատմուածքների ժողովածուների եւ վէպերի գիտական հետազօտութիւնը:
Ըստ այդմ մեր խնդիրներն են դարձել.
—ուսումնասիրել գրողի գեղագիտական ըմբռնումների իւրայատկութիւնները.
—վերհանել օտար միջավայրում սփիւռքահայութեան հոգեւոր կեցութեան տեղաշարժերն ու գոյաբանական խնդիրները.
—քննութեան առնել Կարապենցի ստեղծագործութեան գաղափարական ընդգրկումները:
Սոյն աշխատանքը փորձ է ամբողջացնելու Յ. Կարապենցի շուրջ ստեղծուած գրականագիտական քննութեան սահմանները, ներկայացնելու նրա հերոսների տիպաբանական քննակարգը, բացայայտելու գրողական կենսահատուածի սոցիալ-հոգեբանական յարմարուողականութիւնը։ Աշխատութիւնը փորձ է նաեւ իւրովի արժեւորելու գրողի գեղարուեստական եւ գրական փորձագրութիւնների, դիմանկարների մատուցման, ոճի եւ կառուցողական եղանակների առանձնայատկութիւնները:
Աշխատանքում փորձ է արուել առաջադրուած հարցերը մեկնաբանել` համադրելով հայ եւ համաշխարհային գրականագիտական միտքը: Վերլուծական մօտեցումներում առաջնորդուել ենք պատմահամեմատական եւ մեթոդաբանական փորձառութեան սկզբունքներով, առանց որոնց, թւում է, դժուար է ճշտորոշել գրողի տեղն ու դերը գեղարուեստական մտածողութեան ընդհանուր դաշտում: Աշխատանքում փոխնիփոխ քննուած են հայ եւ համաշխարհային գրական փորձի տիպաբանական օրինակներ, ինչն ուսանելի է գեղարուեստական չափանիշների գնահատման տեսանկիւնից, ինչի համար մենք լայնօրէն օգտուել ենք տարբեր համադրական, համեմատական մեթոդների զինանոցից:
Ատենախօսութիւնը բաղկացած է ներածութիւնից, երեք գլուխներից, եզրակացութիւնից եւ օգտագործուած գրականութեան ցանկից: Աշխատանքը շարադրուած է 116 էջի վրայ՝ ներառեալ օգտագործած գրականութեան ցանկը:
Ներածութեան մէջ անդրադարձել ենք կարօտների ու որոնումների, աշխատանքի ու հոգեկան լարումների մէջ ձեւաւորուած գրողի անցած կենսագրական ուղուն, այն փորձել ենք ներկայացնել ստեղծագործութեան հետ միաձոյլ։ Ընդգծել ենք, որ Յակոբ Կարապենցը, որպէս հայ, բաժանում էր Հայ Յեղափոխական Դաշնակցութեան գաղափարաբանութիւնը։ ԱՄՆ-ում հաստատուած գրողին սպասում էր յուսախաբութիւններով ու յաղթահարումների անակնկալներով լի դժուարին կեանք:
Առաջին՝ «Ստեղծագործական որոնումներ։ Աշխարհայեացքի եւ մտածողութեան ձեւաւորումը, կամ՝ գրողի յայտնութեան խորհուրդը» գլխում տուել ենք արձակագրի քաղաքական հայացքների ամփոփ բնութագրերը, որոնցով նա բացում է յատկապէս Հայաստանի մտաւորականութեան, գրողների ընկալումների յարաբերական խեղճութիւնը, գաղափարական նստուածքներից մնացած կաշկանդումները:
Առաջին գլխի մէջ միաժամանակ անդրադարձել ենք 1981 թուականին Նիւ Եորքում հրատարակուած «Միջնարար» պատմուածքների ժողովածուին։ Այս ժողովածուն խտացնում է «մարդու մենութեան» շուրջ գրողի փիլիսոփայական իւրայատկութիւնները («Դղեակը», «Աթալայայ», «Անտառում», «Աքսորը», «Միջնարար», «Ո՞վ ասաց, թէ քաղաքները չեն մեռնում», «Հաղորդութիւն», «Հում նիւթ՝ դասական կառոյցով գրուելիք մի սովորական պատմութեան համար», «Այսօր մի մարդ սպանեցին այգում», «Ուշացած ալբատրոսը», «Ամեն ոք ինձ փրկել է ուզում», «Մարգարիտ»)։
Երկրորդ՝ «Յակոբ Կարապենցի արձակը, նրա նորարարական միտումները եւ գեղարուեստական առանձնայատկութիւնները» գլխում վերլուծութեան ենք ենթարկել Բեյրութում 1970-ին լոյս տեսած առաջին՝ «Անծանօթ հոգիներ» պատմուածքների ժողովածուն («Վերջերս ո՞վ է գնացել Հալիֆաքս», «Փայտէ նժոյգը», «Հրեղէն ձին», «Մի այլ քաղաքում», «Անծանօթ հոգիներ», «Կարմիր շրջազգեստով կինը», «Արեւադարձային թռչունը», «Այստեղից մինչեւ յաւիտենականութիւն», «Մի մարդ եւ երկու շիրիմ», «Վերջին կայարանը» եւ այլն), որտեղ զետեղուած է 13 պատմուածք։ Այն Յ. Կարապենցը որակում է որպէս քսան տարիների ընթացքում իր մէջ կուտակած գրական փորձառութեան անմիջական արդիւնք: «Անծանօթ հոգիներ» պատմուածքների ժողովածուն գերազանց մեկնարկ էր, հզօր սկիզբ 20-րդ դարի երկրորդ կէսի հայ արձակում։ Յատկանշական է, որ գրողը հակուած չէր նկարագրելու անցեալի եղերական սարսափները, սակայն 40-60-ականների սերնդի՝ ամերիկեան նոր բարքերին աստիճանաբար մերուող, ազգային նստուածքները խորքում անթեղած տարբեր սերունդների ամերիկանացումի դանդաղ ընթացքը, նրա վայրընթաց զարգացումները Յ. Կարապենցը նախ ներկայացնում է իբրեւ պատմական-վաւերագրական, ապա արդէն՝ գեղարուեստական գրական իրողութիւններ։
Երկրորդ գլխում վերլուծութեան ենք ենթարկել նաեւ «Նոր աշխարհի հին սերմնացանները» ժողովածուի մէջ ամփոփուած «Իշխան Փիլիպոսի վերջին բաղձանքը», «Աբգար ամու օտար հարսը», «Յովնանի չորս որդիները», «Արեւոտ առաւօտների կարօտը», «Ո՞ւր մնացին սասունցիները», «Գոնսուլ Առաքել», «Սոսկալի Սահակ», «Օրիորդ Անթառամ» եւ այլ պատմուածքներ։ Հեղինակն այս ժողովածուն համարում է սիրոյ մատեան, «ընդհանուր զարկերով բաբախող հաւաքական սիրտ», արեան ձայն ու հոգու տուրք։ Կարապենցը ցոյց է տալիս, որ ընդվզումի ջիղը հայ մարդուն տանում հասցնում է ամերիկանալու, օտարի մէջ նոյն օտարին գերազանցելու պահանջին, որը փաստացի ներքին տառապանքի ձուլման ճանապարհն է։
Երրորդ՝ «Սփիւռքահայ իրականութեան թեմատիկ-բովանդակային արծարծումները եւ ներքին մարդու պրոբլեմը գրողի վէպերում» գլխում քննութեան ենք առել «Կարթագէնի դուստրը» եւ «Ադամի գիրքը» վէպերը։ «Կարթագէնի դուստրը» ամերիկահայ արձակագրի լայն կտաւի առաջին նշանակալից գործն էր եւ անմիջապէս գրական աշխարհում բուռն հետաքրքրութիւն առաջ բերեց, նախ, ժանրի անակնկալ թուացող ընտրութեամբ եւ պատմուածքների մէջ ստեղծագործական հիմնաւոր փորձառութիւն ձեռք բերելուց յետոյ, ապա օտար միջավայրի մէջ իբրեւ «իւրային», այսինքն՝ իբրեւ զտարիւն ամերիկացի թափանցելու համարձակութեամբ, որն, անշուշտ, ընդգծելու էր ամերիկեան միջավայրն ու հոգեբանութիւնը «ներսից» ճանաչելու եւ ներկայացնելու իր խիզախութեամբ։ Վերլուծաբար այն շեշտումն ենք արել, որ «Կարթագէնի դուստրը» վէպում Կարապենցը խորքով ու համամարդկային ազնիւ անհանգստութեամբ է անդրադարձել վիետնամական պատերազմի հետեւանքներին, հոգեբանական այն բարդոյթներին, որ ապրել են պատերազմի մղձաւանջի միջով անցածներն ամերիկեան պատուհաններից այն կողմ:
Միաժամանակ յատկանշել ենք, որ առաջին վէպից աւելի քան տասը տարի անց Յակոբ Կարապենցը գրել, եւ արդէն 1983 թուականին Նիւ Եորքի «Ոսկետառ» հրատարակչատունը լոյս է ընծայել Սփիւռքի մէջ ազգային կեցութեան բովանդակութեամբ առանձնացող երկրորդ վէպը՝ «Ադամի գիրքը» խորագրով, որը, հեղինակի բնորոշմամբ, հայի հոգու պատմութիւնն է: Խորքի մէջ նիւթը բացելու եղանակը կրկնում է «Կարթագէնի դուստրը» վէպի հարցադրումները՝ միայն թէ արդէն զուտ ազգային պատուհանից։
(Շարունակելի)

ՅՂՈՒՄՆԵՐ ԵՒ ԾԱՆՕԹԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ
1) Կարապենց Յ., Երկու աշխարհ / գրական փորձագրութիւններ, Ուոթըրթաուն, Blue Crane Books, 1992, էջ 139:
2) Կարապենց Յ., Ադամի գիրքը, Նիւ Եորք, «Ոսկետառ», 1983, էջ 21։
3) Այսուհետ գրողի բնագրերից, գրքերից կատարուող բնագրային յաջորդական մէջբերումները կը տրուեն յղումից անմիջապէս յետոյ՝ տեղում, փակագծի մէջ, ընդհանուր թուակալումով, հատորի խորագրի բառային ցուցիչներով եւ էջերով, իսկ այլ հեղինակների հատորներից եւ պարբերականներից արուած յղումները կը ներկայացուեն աւանդական ձեւով՝ գրութեան վերջում։
4) «Գարուն», գրական-գեղարուեստական, հասարակական-քաղաքական ամսագիր, Եր., 1990, թիւ 1-2 (7-8):
5) «Հորիզոն գրական», Մոնթրէալ, 2017, թիւ 5 (393), ԼԳ. տարի, Մայիս, էջ 12։
6) 1936 թուականին Երեւանի կայարանամերձ հրապարակից դէպի Թոխմախ լճի եզրը տանող ճանապարհի մի փոքրիկ բլրի վրայ բացուեց թիւ 6 հանրակրթակական դպրոցը: Այն արական էր, եւ հիմնականում յաճախում էին երկաթուղայինների երեխաները: Հայրենական մեծ պատերազմի տարիներին այն դարձաւ զինուորական հոսպիտալ, իսկ ուսուցիչներից շատերը մնացին աշխատելու որպէս կրտսեր բուժանձնակազմ: 1946-ին դպրոցը կրկին ստացաւ նոր կարգավիճակ եւ դարձաւ երկսեռ: Մի քանի անուանակոչութիւն է ունեցել դպրոցը, ապա՝ 30 տարի մնացել անանուն: 1995-ին նրան շնորհուեց Յակոբ Կարապենցի անունը:
7) Հանրակրթական այս դպրոցը սերտ կապերի մէջ է Յ. Կարապենցի լոնտոնաբնակ քրոջ` Նայիրի Սահակեանի հետ, ում անմիջական օգնութեամբ եւ Բոստոնի Արլինգթոնի գրադարանի տնօրէն Արայ Ղազարեանցի եւ իրանահայ մի շարք նուիրեալների աջակցութեամբ ստեղծուել է դպրոցի թանգարանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *