ՀԵՐՄԻՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Ծիան գիւղ եկաւ գարնանը, երբ գիւղի բերքատու ծառերը ծաղկել էին: Գիւղը նրան ծաղկունքով դիմաւորեց: Ամերիկայի փոշին թափ տուեց մեր տան շեմին ու ներս մտաւ: Արդէն 20 տարի էր անցել նրա առաջին այցից, բայց նա դեռ 20 տարեկանի խանդավառութիւն ունէր: Ամեն բան նոյնն էր, ամենակարեւորը՝ ժպիտը չէր փոխուել. դա այն ժպիտն էր, որով 20 տարի առաջ նա արեւի ջերմութիւն էր պարգեւում նկուղներից նոր դուրս եկած մանուկներին եւ ստիպում հաւատալ իրեն՝ արեւին: Քսան տարի առաջ պատերազմը նոր էր լռել, ու նա ինքնակամ եկել էր հեռաւոր ափերից, որ դասաւանդի մեր գիւղի դպրոցում, նոր երազանք կառուցի, երազել սովորեցնի… Միայն մի բան էր փոխուել, այս անգամ նա մենակ չէր եկել եւ գալու նպատակն էր նաեւ փոխուել:
— Գրիգոր, — բարձրահասակ տղամարդը մեկնեց ձեռքը:
Մայրս մեկնեց ձեռքը եւ ահա ուզում էր իր անունն արտասանել, երբ տղամարդը, համբուրելով նրա ձեռքը, ասաց.
— Մարինէ՛…
Մայրս ի պատասխան ժպտաց: Նա անասելի ուրախութիւն էր զգում, որ Ծիան գտել է իր կեանքի ընկերոջը:
— Ծիան շատ է պատմել ձեր մասին, նա շատ է սիրում Արցախը, ես այդ սիրոյ հետքերով եկայ, ես էլ եմ ուզում ինձ այս հողի զաւակը զգալ, յուսամ՝ կը կարողանամ արդարացնել նրա յոյսերը:
— Անշուշտ, — ասաց մայրս, — կարեւորը առաջին անգամն է… դէ, ներս եկէք, ներս եկէք:
Բակի երեխէքը աղմուկով ներս խուժեցին: Դարպասը թրխկաց, Գրիգորը շուարած շրջուեց դէպի աղմուկը:
— Ծիա՜ն, Ծիա՜ն… երեխէքը վազեցին դէպի նա:
Բայց սա այն նոյն երեխէքը չէին, որ 20 տարի առաջ Ծիայի համար անտառից վայրի վարդ էին քաղում եւ փունջ-փունջ մանուշակներ բերում՝ իրար հերթ չտալով, սրանք նորերն էին, առաջիններից ծնուածները, որ իրենց ծնողներից հէքեաթի պէս լսել էին Ծիայի պատմութիւնը: Ծիան նրանց համար հէքեաթ էր, նրանք իրենց հէքեաթի յետեւից էին եկել:
Ի՜նչ լաւ կը լինէր, որ բոլոր բարի հէքեաթները մի օր իրականանային այս հէքեաթի պէս…
— Վայ, դու Անուշի որդին չե՞ս, դու Արմինէի աղջի՞կն ես, իսկ այս մէկը, այս մէկը Արամին է յիշեցնում…Վայ, բոլորը մեծացել են:
Ծիան տեղից թռաւ թռչունի պէս եւ նետուեց դէպի երեխաները: Գրիգորը մնացել էր նստած՝ մի քիչ քարացած, մի քիչ էլ ամօթով:
— Ուրեմն սա իրական է,— ասաց Գրիգորը քթի տակ, եւ արցունքի երկու տաք կաթիլ ընկան աչքիցը:
— Գրիգոր, բեր ճամպրուկս, բե՛ր, արագ բե՛ր, երեխէքին քաղցրաւենիք ու գունաւոր մատիտներ եմ բերել:
— Մենք նկարել շատ ենք սիրում, — ասաց աղջիկներից մէկը:
— Ուրեմն միասին կը նկարենք,— ասաց Ծիան՝ նրանց օղակելով իր ձեռքերում:Նրանք, ովքեր դուրս մնացին օղակից, կախուեցին ձեռքերից, մէկը անգամ մէջքը գրկեց եւ հասցրեց համբուրել:
— Ես քեզ համար արեւ կը նկարեմ, մեծ սիրուն արեւ,— ասաց փոքրիկ տղան:
— Իսկ ես գարուն կը նկարեմ՝ շատ ծաղիկներով:
— Ես էլ… Զատկին այստեղ կը լինես չէ՞, ես եւ քոյրս քեզ համար շատ սիրուն ձուեր կը ներկենք, գաթայ կը թխենք…
Ծիան երջանիկ էր… Գիւղում վերջապէս գարու՞ն էր, թէ՞… յամենայնդէպս գարուն էր, որովհետեւ երեխաները կարողանում էին մեծ արեւ նկարել…
Երբ խաղաղ երեկոն փռուեց գիւղի վրայ, տիրեց համընդհանուր մի ընդարմութիւն: Մէկը ձէն տուեց.
— Մարինէ, հացի փուռից հաց հարկաւո՞ր է, վերին թաղ եմ բարձրանում:
— Գիւղում հացի փուռ կա՞յ,— հարցրեց Ծիան:
— Հա, արդէն մի քանի տարի է:
— Ինչ լաւ է… բայց ես կարօտել եմ քո թոնրի գաթան ու կաթնահունցը:
— Ուրեմն թոնիրը կը վառենք…
Թոնրի տաք կրակի ներքոյ Ծիան բացեց գաղտնիքը:
— Եկել ենք Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում մեր պսակը կատարելու եւ Տիրոջ օրհնութիւնը ստանալու: Գրիգորը գիտի, որ դա իմ երազանքն է: Նա առաջին անգամ է Արցախում, բայց ինձ թւում է՝ սկսել է կամաց-կամաց հասկանալ, որ իմ երազանքները այս երկնքում են, սա իմ երկինքն է, ես ուրիշ երկինք ունենալ չեմ կարող: Դու գիտես, որ ես այս ամենը անկեղծ եմ ասում, Մարինէ: 94-ին, երբ առաջին անգամ Արցախ եկայ եւ տեսայ կիսաւեր Ղազանչեցոցը, մի երազանք ունէի, որ չգիտեմ ինչքա՞ն տարիներ յետոյ այս եկեղեցում ամուսնական օրհնութիւն ստանամ: Երբեմն քնելուց առաջ ես մտովի ստանում էի եկեղեցու վերանորոգուած տեսքը, հիանում էի նրա տեսքով, ապա Աստծոյ աջը հնչեցնում էր մարած զանգերի ղօղանջը: Ես հաւատում էի այդ ղօղանջին, Մարինէ…
Մարինէն թեքուեց դէպի նա ու համբուրեց ճակատը. համբոյրը թոնրի կրակի պէս ջերմ էր…
— Ինչ ես կարծում, պատերազմը կը լռի՞ երբեւէ, — յանկարծ Ծիան դարձաւ Մարինէին:
— Գիշերը երբեմն կրակում են, ձայները լսւում են, երկու օր առաջ էլ կրակեցին, դասամիջոց էր, վախեցած դուրս թռայ, որ երեխէքին իրար կողք հաւաքեմ, մտածեցի՝ վախեցած կը լինեն, մէկ էլ տեսնեմ հանգիստ խաղում են: Երբ վախեցած դէմքս տեսան, թէ. «Ընկեր Աւագեան, էս թուրքերը չեն թողնում նորմալ խաղանք, արդէն զահլեքս տարան»: Ասացին ու շարունակեցին խաղալ: Առաւօտեան իմացանք, որ սահմանին դարձեալ զոհ է եղել, մինուճար տղայ էր, Ծիա ջան, ախր… Ինձ թւում է՝ ամեն մի զոհուող զինուոր ինձանից մի մասնիկ է տանում…
Ծիայի աչքերը հանդիպեցին Մարինէի աչքերին եւ խօսքերի փոխարէն կիսուեցին ցաւով:
Գրիգորը, որ դրսում լուսանկարներ էր անում, ներս մտաւ:
— Իսկ սահմանն այստեղից շա՞տ է հեռու, գիշերը կրակոցները լսւո՞ւմ են, — հարցրեց նա:
Ծիան ինչ-որ անգլերէն բան ասաց, մայրս չհասկացաւ, յետոյ Գրիգորը մի պահ կանգ առաւ, ժպտաց, ապա ասաց.
— Թոյլ կը տա՞ք ձեզ հաց թխելիս լուսանկարել…
Ծիան ու Գրիգորը 2 օր մնացին գիւղում, բոլորը նրանց տեսութեան էին գալիս, տան եղած-չեղածից էին բերում, հիւրասիրում:
Ղազանչեցոց եկեղեցում կայացաւ նրանց սուրբ պսակի արարողութիւնը: Եկեղեցին իր ողջ հմայքով դիմաւորեց նրանց: Ծիան հազար անգամ խաչակնքեց ու հազար անգամ լաց եղաւ. նա չէր վախենում, որ դրանից դէմքի դիմայարդարումը կը փոխուի, ինչպէս սովորաբար հարսների մօտ է լինում: Պսակի ողջ ընթացքում արցունքները գլորւում էին, իսկ Գրիգորը սրբում էր դրանք. դա երջանկութեան ամենամաքուր արցունքներն էին, որպիսին մարդն ունենում է այն ժամանակ, երբ թուացեալ անկարելին կարելի է դառնում:
Պսակից յետոյ մի տեսակ հանգստութիւն իջաւ, այն կարծես երկնքից լինէր պոկուած՝ Երկնայինի ձեռքով ուղարկուած… Ծիայի մեծ սրտում մեծ անդորր էր…
— Ներիր ինձ, — կամաց ասաց Գրիգորը:
— Ինչո՞ւ, — Ծիան թեքուեց դէպի նա:
— Շնորհակալութիւն,— շարունակեց Գրիգորը:Ծիան միամիտ երեխայի պէս ժպտաց:
— Ես 40 տարեկան եմ, բայց երբէք Արցախը չեմ տեսել, միայն լսել եմ,— Գրիգորը նայեց նրա աչքերի մէջ,— մեծ տատս ասում էր՝ Գրիգոր, երբէք չմոռնաս, որ հայ ես, այդ խօսքերով էլ հանգաւ: Հիմա… շնորհակալութիւն, որ օգնեցիր հայ զգալ… Այն օրը, երբ դուք թոնրի մօտ զրուցում էիք, դու ինձ անգլերէնով յիշեցրիր, որ հայ եմ: Ես հիմա մայրենի լեզուով կ՚ասեմ.
— Ես հայ եմ…
Ծիան փարուեց նրան…
Արցախ