ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է ՄԻԱՅՆ — ԿՈՄԻՏԱՍԻ ԾՆՆԴԵԱՆ 150-ԱՄԵԱԿԻՆ ԱՌԻԹՈՎ

ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿԵԱՆ
Ա

Վերջապէս ու վերջնականապէս համոզուեցի: Այս աշխարհը չափազանց նեղ է հայերիս համար: Մենք հասնում ենք ընդհուպ Կալիֆորնիա, Ճամայքա ու քանի որ աւելի հեռու գնալու տեղ չենք գտնում, մի կերպ տեղաւորւում ենք Երկիր մոլորակում:
Առայժմ:

Բ

Դուք Քէօթահիայում՝ այլ տեղանուանմամբ Կուտինայում եղե՞լ էք, պատկերացնում ունէ՞ք, թէ որտեղ է: Ես էլ չէի եղել, ես էլ չունէի, բայց իմ մի ձեռքին ինքնաթիռների, շոգեկառքերի, անգամ փոխադրակառքերի չուացուցակ, միւս ձեռքին դիւրակիր կար, որի ճանապարհացոյցն ամեն ակնթարթ ուղղորդում էր ինձ: Այդպէս երկրներ, ծովեր, գետեր անցայ՝ մինչեւ յայտնուեցի աշխարհի հնագոյն քաղա-քներից մէկում, որն ամեն կերպ ճգնել էր պահպանել իր աւանդական նկարագիրը, բայց արդիականութեանը տուրք չտալ չէր կարողացել:

Գ

Ցղնայում գարուն է, Սուրբ Աստուածածին վանքի ժամերգութեան ղօղանջը երկնքում է։ Նոյ Նահապետը հենց նոր Արարատից իջել, Սողոմոնանց Սողոմոնենց այգում խաղողի առաջին որթն է տնկում: Ցղնացի աղջիկները շատախօս են, աղբիւրի գլխին հաւաքուել, չաչանակութիւն են անում։ Աղօթարանը չծագած նրանք Տամբրի թաղով Գոգիի լեռնալանջերից էլ վեր՝ «հարս ու փեսի» մարդակերպ, մարդահասակ քարերին են հասել, իրենց ապագայ փեսացուներին պատկերացրել, անրջել…
Ցղնայի օդը ուրիշ համ ու հոտ ունէր. ով դուրս ելնէր, էլ տուն մտնել չէր ուզում, մինչեւ թոնիրներում մոծիրը չանթեղուէր, երդիկներից ելնող արծաթաթոյր սիւները, որ պահում էին երկինքը, փուլ չգային: Յետոյ պիտի աղջամուղջը սողար հազար տարուայ բերդապարսպի կամարներից, միջնադարեան կամրջով, աղաւնիճ ու արեւքուրիկ բուրելով՝ գիւղամէջ յորդար նախիրը, մէկը միւսի ետեւից ղօղանջէին Սուրբ Գրիգոր, Սուրբ Նշան, Սուրբ Սարգիս եկեղեցիների զանգերը, որոնց վրայ փոքր-ինչ յապաղելով, տիրաբար իշխէր Սուրբ Աստուածածին վանքի կոչնականչը…

Դ

Դէ՛ արի ու իմացիր՝ ցղնացիներն ինչո՞ւ են նման բնօրրանը, երգաստեղծ ու երգառատ Գողթան գաւառը լքել, երկրներ, ծովեր, գետեր անցել, Քէօթահիա հասել, հիմնովին հաստատուել: Ընդ որում նրանք ինձ նման ինքնաթիռների, շոգեկառքերի, փոխադրակառքերի չուացուցակ, ճանապարհացոյցով ամեն ակնթարթ ուղղորդող դիւրակիր չեն ունեցել:
Կուտինա-Քէօթահիայի անունը որտեղի՞ց են լսել, տեղը ո՞նց են իմացել:

Ե

Երկար ճամբորդութիւնից յետոյ ցայւում, բայց չեմ ընթրում, մինչեւ առաւօտ չեմ համբերում, աղջամուղջին գնում-հասնում եմ Գազի-Քեմալ մահալեսին, գտնում եմ Քուրթուշ Ջադդեսի փողոցը՝ Կուտինա-Քէօթահիայի հայկական թաղամասը: Ու իսկոյն համոզւում եմ, որ ցղնացիները, նրանց հետ Սողոմոնանց Սողոմոնենք՝ մեր սրբերի սուրբ Կոմիտասի պապերը, երբ երեք հարիւր տարի առաջ Գողթան գաւառից եկել, Քուրթուշ Ջադդեսի են հասել, զարմացել, կարկամել են այնպէս, ինչպէս ես եմ հիմա զարմանում, կարկամում: Կուտինա-Քէօթահիայում նրանց, պատկերացնո՞ւմ էք, չէ՛, անպայման պիտի պատկերացնէք, հայրենակիցներ՝ ագուլեցի, ջուղայեցի զոկեր են դիմաւորում:
—Դո՞ւք էստեղ ինչ էք անում, դուք ե՞րբ, ինչի՞ էք եկել:
—Մենք ձեր նման կամովին չենք եկել, 1534-ին սուլթան Սուլէյմանը Նախիջեւանը գրաւեց, մեզ բռնի գաղթեցրեց, որ իր ամայի երկիրը շէնացնենք:
—Բա ինչի՞ էք թուրքերէն խօսում:
—Տեղացիները մեր զոկերէնը չէին հասկանում: Ստիպուած մենք իրենց լեզուն սովորեցինք:
Ցղնացիները Նոյ նահապետից միայն խաղողի որթ տնկել էին սովորել, յուսախաբ մինչեւ հորիզոն ձգուող դաշտագետնին էին նայում.
—Բայց էստեղ բերրի հող չկայ, խաղող ո՞նց պիտի աճեցնենք:
—Նոյ Նահապետին մոռացէք, թէ ուզում էք ապրել, մեզ պէս պիտի յախճաղիւս թրծէք:
—Յախճաղիւսն ի՞նչ է:
—Թուրքերն իրենց մզկիթները, գէօռերը, լոգարանները, անգամ կոյանոցները յախճաղիւսով են պատում, բայց իրենք թրծել չեն կարողանում, մեզ են պատուիրում…

Զ

Յաջորդ օրը թուրք հիւրընկալներս՝ պատմաբաններ ու արուեստաբաններ, որոնք ուզում են Քէօթահիայում Կոմիտասի տուն-թանգարանն ստեղծել, ինձ յախճաղիւսի մշտական գործող ցուցասրահը կը հրաւիրեն, ու ես կը տեսնեմ, թէ ինչպէս են գողթնեցի հայրենակիցներս մահմեդական սրբավայրերը հայկական նախշազարդերով երեսպատել, անկիւններում իրենց անուան-ազգանուան սկզբնատառերը նշագրել:
Նրանք, ովքեր գրել չեն իմացել, խաչ են նկարել:
Յախճաղիւսները կան, թրծողների գերեզմաններն էլ չեն մնացել:
Հիւրընկալներս մի քանի տապանաքար պեղել, ցուցասրահի բակում տեղադրել են՝
«Աստ հանգչի…»:
Աստ` որտե՞ղ:

Է

Հայկական թաղը զառիվեր է, ոտքերս կքոտւում, յամենում են: Արշակ Ալպոյաճեա՞նը, հայր Իգնատիոս Աքեա՞նը, թէ՞ Առնակն էր հաւաստում, որ Կուտինա-Քէօթահիայի հայերը զուարճասէր են եղել ու զուարճամոլ՝ երեկոները հաւաքուել, օղի են վայելել, նրբախորտիկներ ճաշակել, մինչեւ ուշ գիշեր դնդնացել են իրենց հայրենի երգերը: Երգեր, որ Կոմիտասը այս նոյն փողոցում լսել, երգել, աւելի յետոյ մշակել է:

Ը

Քուրթուշ Ջադդեսի փողոցի այն երկյարկանի, եռայարկ առանձնատներից, որտեղ վերաբնակուել են թուրքերը, հիմա մուղամներ են լսւում, իսկ աւելի անշուք՝ մի յարկանի լքուած տները դանդաղ փլուզւում են:
Սիրտս նման է էն փլած տներ,
Կոտրեր գերաններ, խախտեր են սներ,
Տօ լաճ տնաւեր…
Թաղի Սուրբ Թէոդորոս եկեղեցին, որտեղ Կոմիտասի հայրն ու հօրեղբայրը դպիրներ են եղել, մի ժամանակ կինոթատրոնի են վերածել, յետոյ ոմն մէկը գնել, դռանը խոշոր կողպէք է կախել: Դարձրել է անձնական սեփականութիւն:
Տօ լաճ տնաւեր…

Թ

Տխրում եմ, ի հարկէ, բայց ի վերջոյ Քէօթահիան ի՜նչ է, քարտեզի վրայ հազիւ նշմարուող բնակավայր: Իմ ու քո նախնիներն, ընթերցո՛ղ, անհամեմատ շէնշող եկեղեցիներ, պալատներ, դղեակներ են կառուցել Հնդկաստանում, Լեհաստանում, դու յիշի՛ր, թուարկի՛ր, աշխարհի քանի՜-քանի՜ երկրներում:
Ու չեն խրատւում, հիմա էլ են կառուցում Լոս-Անջելոսից ընդհուպ Բառնաուլում:
Բառնաուլի Ս. Հռիփսիմէ տաճարն այնքան վեհաշուք էր, որ բացմանը՝ 2008-ին, Վեհափառ Հայրապետն անձամբ օծեց ու օրհնեց: Փոխանակ հօտին յորդորելու, որ տուն դառնայ, տանը կառուցի հրաշակերտները: Որ վերջում ինձ պէս չտխրեն, չտեսնեն այն, ինչ ես եմ այս պահին Քէօթահիայում տեսնում:

Ժ

Հանդիպակաց առանձնատան սանդղավանդակում ալեհեր ծերունի է յայտնւում, ձայնում.
—Ի՞նչ ես որոնում, վաթանդաշ՝ հայրենակից:
—Կոմիտասի տունը:
Քուրթուշ Ջադդեսիում Սողոմոնին բոլորն էին ճանաչում: Երբ Թագուհի մայրը մահացաւ, մէկ տարեկան էլ չկար, հայրը՝ կօշկակար Գէորգը, մի քիչ խման էր, աւելի շատ՝ անօգնական, տղեկին Մարիամ տատը մեծացրեց, նրա մահանալուց յետոյ աչազուրկ հօրաքոյրը՝ Զմրուխտը (որոշ վկայութիւններում՝ Գիւլինէն): Սողոմոնը փողոցներում երգում, յաճախ սրա-նրա անդաստակում էլ կծկւում, գիշերում էր:
—Հէնց դիմացն է՝ թիւ 45-ը:
—45-ը՞:
Թակում եմ ժանգոտած ուռը…

ԺԱ

Հայրենիքդ որտե՞ղ է՝ այնտեղ, որտեղ ծնուե՞լ ես, այնտեղ, որտեղից սերո՞ւմ ես, թէ՞ այնտեղ, որտեղ ի վերջոյ հաստատուել, յարմարուել ու համակերպուել ես:
Սողոմոնանց Սողոմոնենք երեք հարիւր տարի առաջ էին լքել Ցղնան, բայց Կոմիտասը հպարտութեամբ էր խոստովանում, որ իր նախնիները «հայկական զոկ ցեղիցն են, 17-րդ դարու վերջում են գաղթել Գողթն գաւառի Ցղնայ գիւղից»: Կոմիտասն ու Էջմիածնի Գէորգեան ճեմարանի զոկ ուսանողները վանքի այգում իրենց ծաղկամարգը՝ «զոկլանդն» ունէին, որտեղ երեկոները հաւաքւում, բնօրրանն էին կարօտում, զուարճախօսութիւնները վերյիշում: Ճեմարանն աւարտելուց, երաժշտութեան ուսուցիչ կարգուելուց յետոյ Կոմիտասն ակնյայտօրէն հովանաւորում էր հայրենակիցներին: «Հայ եկեղեցու պատմութիւնը» քննութեան ժամանակ, երբ զոկ սաներից մէկը չի կարողանում պատասխանել «Ո՞վ է կառուցել Հռիփսիմէի տաճարը» հարցին, Կոմիտասը թաքուն իրեն է ցոյց տալիս: Ուսանողը սիրելի վարդապետի շարժումը նկատում, կարկամում, քննութիւնից յետոյ մօտենում, հարցնում է.
— Հա՛յր սուրբ, Հռիփսիմէի տաճարը իրօ՞ք Դուք էք կառուցել:
Չնայած այս ամենին, չնայած բազում հրաւէրներին, Կոմիտասն այդպէս էլ նախնիների բնօրրանը չայցելեց, մինչդեռ ծննդավայրն ամեն կերպ առիթն ստեղծում, վերադառնում էր: Մի տարի մինչեւ իսկ երաժշտական դասընթացներ ձեռնարկեց, երգչախումբ կազմաւորեց, համերգներ տուեց, Սուրբ Աստուածածին մայր եկեղեցում պատարագ մատուցեց:

ԺԲ

Կուտինա-Քէօթահիան գոգահովտում է, բայց շրջապատուած է կապտամշուշ ծապաններով ու դարաւանդներով, որտեղ բազում տաք, կենարար բուժաղբիւրներ են բխում:
— Ո՞ւր էք ուզում գնալ:
— Չամլըճա՝ Սոճուտ:
Հիւրընկալներս զարմանում են.
— Չամլըճայում ի՞նչ կայ:
Պարզ պատահականութեամբ տեղի թանգարանի համար բերել եմ Թերլեմեզեանի՝ այժմ արդէն յայտնի կոմիտասեան դիմանկարի վերատպութիւնը: Նուիրում, բացատրում եմ, ու հիւրընկալներս հասկանում են՝ յատկապէս այն, որ ինձ մենակ պիտի թողնեն:

ԺԳ

1912-ին Պոլսում, երբ Բերա քաղաքամասի Բանկալթի թաղամասում նոյն եռայարկ առանձնատանն էին ապրում, Կոմիտասն իր ծննդավայրն այնքան էր դրուատում, որ ի վերջոյ համոզեց՝ Փանոս Թերլեմեզեանին Քէօթահիա տարաւ, որ ամառային հանգիստը իրար հետ՝ զով զուարճավայրերում վայելեն:
Նրանք այս նոյն սոճուտում ճերմակ վրան էին խփել, ու հիւրընկալը մոռացել էր հրաւիրեալին: Ծննդավայրում ներշնչանքով էր համակուել, հաստաբուն ծառի տակ նստում, օրնիբուն խազերն էր վերծանում:
Անցել է 107 տարի, բայց ինձ թւում է, թէ լսում եմ նրանց ձայները:
Թերլեմեզեանը պարապ էր մնում, ճարահատ ընկերոջն էր գեղանկարում ու քանի որ նեղսրտած էր, հեգնում էր.
— Կուտինա՛, Կուտինա՛, մեր Վանի մօտ հէչ բան ա:
Վարդապետը տակ չէր մնում.
— Չհաւնեցա՞ր մեր Կուտինան, քեզ, քո Վանն էլ կ՚ուտի ան:
Գիշերը նրանք հաշտւում, քնում էին նոյն վրանում ու մտքներով չէին անցկացնում, որ 1915-ը մօտ է եւ իրենց միակ փրկութիւնը հէնց Կուտինա-Քէօթահիան է:

ԺԴ

1915-ին ամբողջ Օսմանեան կայսրութիւնում միայն Կուտինա-Քէօթահիայի հայերը չտեղահանուեցին ու չկոտորուեցին:
Նահանգի կառավարիչը՝ Ֆայիդ Ալի բէյը բանաստեղծ էր, ոստիկանապետ-հազարապետին՝ Մեհմէդ Ռիֆարին կարգադրել էր հայերի մազին անգամ չդիպչել: Թալէաթ փաշան իմացաւ, ցասումով նահանգապետ բանաստեղծին մայրաքաղաք կանչեց.
— Ինչո՞ւ չես կատարում գերագոյն հրամանը, ինչո՞ւ ես հայերին լաւութիւն անում:
— Ես հայերին լաւութիւն չեմ անում, բէ՛յ, թուրքերին վատութիւն անել չեմ ուզում:
— Մի՛ բանաստեղծիր, միտքդ պարզ արտայայտիր:
— Բէյ էֆենդի, Քէօթահիայում յախճաղիւսի թրծարանները, վեց գորգագործարանները, հացի բոլոր փռերը հայերն են բանեցնում: Եթէ աքսորեմ, թուրքերը ոչ միայն անգործ, անօթի կը մնան, սովամահ կը լինեն:
Թալէաթը, երբ մտատանջութեան էր մատնւում, կծոտում էր վերի ընչացքները: Մտածեց, մտածեց, անզօրութիւնից բղաւեց.
— Որ այդքան սիրում ես, գնա՛ հայերիդ գրկիր, նստիր, որ զղջաս, կախաղանի չուանը ինքդ վիզդ կ՚անցկացնես:
Չնայած սպառնալիքին՝ Ֆայիդ Ալի բէյը ուրախ-ուրախ տուն վերադարձաւ ու իմացաւ, որ ամբողջ Կուտինա-Քէօթահիայում միայն մի հայ է կրօնափոխ եղել. կարծել է գաւառական նահանգի կառավարիչը չի կարող չկատարել Մեծ Վեզիրի հրամանը, նախօրօք իրեն ապահովել է:
Ֆայիդ Ալի բէյը կարգադրեց միայն այդ հային աքսորել: Ամբողջ ընտանիքով:
— Եթէ նա իր կրօնն ուրացել է, մերը կ՚ուրանայ ու կ՚ուրանայ: Ինձ դաւաճան հպատակ պէտք չէ:

ԺԵ

Այն, ինչ չհասցրեց Թալէաթը, աւարտեց, իր եղերական աւարտին հանգեցրեց Մուստաֆա Քեմալը: Երկրի իշխանութիւնը նուաճելուն պէս, տեսնելով, որ ցեղասպանութիւնից յետոյ անգամ այստեղ-այնտեղ հայեր են մնացել, հրամայեց.
— Կամ թրքացէք կամ հեռացէք:
Կուտինա-Քէօթահիայի հայերը թուրքերէն էին խօսում, բայց թրքանալ չէին ուզում: Առան նորից աստանդականի ցուպերն ու տարտղնուեցին աշխարհում:
Սոճուտի բարձունքից ոտքով քաղաք եմ վերադառնում, որպէսզի փորձեմ գոնէ ինձ համար պարզել՝ ինչո՞ւ Քէօթահիայի հայերը օտարութիւնից օտարութիւն են գաղթել, իրենց պատմական բնօրրանը վերադառնալ չեն ուզել: Արդէն 1922-ն էր, չէի՞ն իմացել, որ ինչպէս ամբողջ Արարատեան Հայաստանը, այնպէս էլ Գողթան գաւառը խորհրդայնացել է, անհատի անձեռնմխելիութիւնն ապահովուած է: Եթէ վերադառնային, թերեւս բոլշեւիկ բռնատէրերը ազգային բնակչութեան անհամաչափութեան շինծու պատրուակով իրենց լեռնաշխարհը ոսոխին չընծայէին:
Տօ լաճ …

ԺԶ

Ի՞նչ կարող եմ անել: Նախնիներիս պատճառով ինքս ինձ պատժում եմ: Շատ դաժան եմ պատժում: Կուտինա-Քէօթահիայից Ստամբուլ վերադառնալու ճանապարհին կանգ եմ առնում նախկին հայաշատ քաղաքներում:
Ադաբազար՝ բնակչութեան կէսից աւելին հայեր էին, կառուցել էին Սուրբ Հրեշտակապետ, Սուրբ Կարապետ, Սուրբ Լուսաւորիչ, Սուրբ Ստեփանոս եկեղեցիները, ունէին տղաների եւ աղջիկների մանկապարտէզներ, նախակրթարաններ, երկրորդական վարժարան, Կրթասիրաց, Ընթերցասիրաց, Բարեսիրաց միութիւններ, գործում էին թատերախմբեր, երգչախմբեր, լոյս էին տեսնում «Երկիր», «Բութանիայ» թերթերը…
Հայութեան, հայկականութեան ոչ մի նշոյլ:
Կեսարիա՝ հայերն ունէին մանածագործարան, գորգագործարան, զբաղւում էին նաեւ ոսկերչութեամբ, կաշեգործութեամբ, կտաւագործութեամբ, ապխտագործութեամբ, առեւտրով, կառուցել էին Սուրբ Աստուածածին, Սուրբ Լուսաւորիչ, Սուրբ Սարգիս եկեղեցիները, գործում էին վեց վարժարաններ, լոյս էին տեսնում «Տիգրիս», «Նոր սերունդ», «Հայեկ», «Մաժաք» լրագրերը…
Հայութեան, հայկականութեան ոչ մի նշոյլ:
Իզմիր՝ ունէր աւելի քան 21 հազար հայ բնակիչ, որոնք հաստատուել էին Հայնոց, Գետեզերք, Քարափ թաղամասերում։ Մեծ թիւ էին կազմում վաճառականները, որոնցից շատերն առեւտրական տներ ունէին Եւրոպայում, Հնդկաստանում, Եգիպտոսում, արտահանում էին գորգ, կաշի, ներմուծում քարիւղ, շաքար: Հայերը կառուցել էին չորս եկեղեցի, Մեսրոպեան, Հռիփսիմեան իգական, միսիոներական բարձրագոյն վարժարանները, Սուրբ Լուսաւորիչ ազգային հիւանդանոցը, հիմնել էին Սիւնեաց, Արագածոտնեաց, Ուսումնասէր, Վասպուրական, Հաշտենից մշակութային ընկերութիւնները, հայկական թատրոն, ունեցել էին տպարաններ, որտեղ հրատարակուել էին գրքեր, պարբերականներ…
Հայութեան, հայկականութեան ոչ մի նշոյլ:
Իզմիթ, Պուրսա, Կեսարիա…
Իսկ ի՞նչ կը լինէր, եթէ այդ ահռելի միջոցները, ջանքերը դարերի հոլովոյթում Հայաստանում ներդրուէին:
Ինքս ինձ վարանումով եմ հարցնում, բայց վստահ պատասխանում եմ՝ նախ չէին փոշիանայ, եւ յետոյ՝ ամենակարեւորը՝ Հայաստանը դրախտ կը դառնար:

ԺԷ

Մերձփարիզեան Վիլժուիֆում Կոմիտասին բուժող հերթական բժիշկը՝ հոգէախտաբան Սալոմոն Լէօֆֆը, համոզուելով, որ անարդիւնք են մնում նախորդների համալսարանական իմացութիւններն ու ապաքինման դասական հնարաւորութիւնները, հիւանդ հոգեւորականին իր ժողովրդին վերադարձնելու նորանոր միջոցներ էր մտմտում։ Մի գիշեր՝ հերթապահելիս, մեն-մենակ թերթել էր վարդապետի ախտագրութիւնը, առանձնակի ուշադրութիւն էր դարձրել նրա՝ երգիչ, երաժշտահան, երաժշտագէտ լինելուն ու իւրօրինակ հետեւութիւն արել։ Կոմիտասին Պոլսից Փարիզ ուղեկցած հայ ուսանողին՝ հերթական այցելութեան ժամանակ, առանց բուն մտադրութիւնը պարզելու, խնդրել էր յաջորդ անգամ Բաբայեան քոյրերին՝ երգչուհի Մարգարիտին, դաշնակահարուհի Շուշանիկին էլ հոգեբուժարան բերել։
Միւս շաբաթ նախաճաշից անմիջապէս յետոյ երեքով Վիլժուիֆ հասան. այդ ժամերին Կոմիտասը սովորաբար հանդարտ էր լինում, բաց պատուհանի առջեւ կանգնում, մեղեդի էր դնդնում։ Միաժամանակ, ինչպէս դաշնամուրային ստեղները, թխկթխկացնում էր ապակին։ Լէօֆֆը քոյրերին նոյն պատուհանի տակ տարաւ ու խնդրեց փեղկը բացուելուն պէս արձագանքի նման երգել այն երգը, որ հիւանդը կը դնդնար։ Բաբայեան քոյրերը վարդապետի ամբողջ երգացանկը գիտէին, միասին հանդէս եկել էին։ Նրանք լսեցին, թէ քթի տակ ինչ էր երգում Կոմիտասն, ու պատուհանի տակից մեղմ ձայնակցեցին, կատարեցին նոյն երգը.
Հայաստան, երկիր դրախտավայր,
Դու մարդկային ցեղի…
Յորդորելով հնարաւորին չափ անաղմուկ քայլել՝ Լէօֆֆը հայ ուսանողին Կոմիտասի կեցասենեակը մտցրեց, որ ասածները թարգմանի։ Սկզբում հայր սուրբը երաժշտութիւնը կարծես չէր լսում, ինքն իր համար շարունակում էր դնդնալ, յետոյ լռեց, լարուեց։ Մէկ էլ ջղաձգուեց, պատուհանից հակուեց ցած, ինչքան ուժ ունէր գոռաց.
— Ձայներդ կտրէ՛ք, կորէ՛ք այդտեղից, ես ցաւագարութիւններ լսելու ժամանակ չունեմ։
Քոյրերը սսկուեցին։ Կոմիտասն իր մշտական անկիւնը մտաւ, կծկուեց, գլուխը ծնկին հակեց։ Մէկ էլ ուսերը ցնցուեցին, փղձկաց ու երկար չէր հանդարտւում, հեկեկում էր։ Լէօֆֆն ու ուսանողը անաղմուկ կեցասենեակից դուրս եկան։
— Ինչի՞ մասին էին երգում քոյրերը, — երբ բուժսենեակ մտան, ձեռքն իսկոյն ծխախոտի տուփին տարաւ Լէօֆֆը։
— Հայաստանի, — ասաց ուսանողը։
Բժիշկն այդպէս էլ հասկացել էր: Նա դեռ չվառած ծխախոտը ճզմեց մոխրամանի մէջ.
— Բա ինչո՞ւ էք ձեր հիւանդին էլ, մեզ էլ տանջում, տարէ՛ք Հայաստան, թող բուժուի։
Կոմիտասին բերեցին Հայաստան։ Բայց նա արդէն կենդանի չէր…

ԺԸ

Այնուամենայնիւ մեր սուրբերի սուրբը եթէ երբեւէ երջանիկ եղել է, մահուանից յետոյ է եղել:
Նա իր ճակատագրով էր համոզուել, որ Հայաստանը Հայաստանում է միայն:
Եւ հայը, եթէ անգամ հանճար է, նախ յաւերժանում է Հայաստանում:

Երեւան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *