Թո՛ղ սէրն աշխարհում երբեք չմարի

ԱՆԱՀԻՏ ՉՈՐՊԱՃԵԱՆ

Սէրը Աստուածային շնորհ է, նաեւ տառապանք, ճիչ, ընդվզում աշխարհի, մարդու, ինքն իր դէմ, բոլորի…
Սէրը մի զգացմունք է, երբ զգում ես, որ զգում ես, եւ երբ զգում ես, որ նման զգացում երբեք չես ունեցել: Սէրն է դէպի գեղեցիկը տանող ճանապարհը, նաեւ ճանապարհն այդ անցնում են սիրելով:Ում ծանօթ է սիրոյ բնոյթը, էութիւնը, մեծամասամբ համամիտ կը լինեն ինձ հետ: Ես հաւատում եմ սիրուն եւ ապրում խորութեամբ.

«Դու ինչե՜ր գիտես,
Նուաճե՜լ գիտես,
Չարչարել, տանջել, մերժել ե՛ւ ատել,
Անտարբեր նայել եւ չնկատել:
Ամեն, ամե՜ն ինչ աշխարհում գիտես,
Միայն թէ ափսոս, սիրե՛լ չգիտես,
Ուրեմն՝ ինչե՜ր, ինչե՜ր չգիտես»:
Ա. Սահակեան

«Սիրելը» եւ «համակրելը» հոմանիշներ չեն, այլ հականիշներ. «համակրելը» պահանջում է ամեն ինչ, «-սիրելը» տալիս է ամեն ինչ: Դարեր շարունակ Սէրը եղել է արուեստագէտների ոգեշնչման աղբիւրը. Համաշխարհային մշակոյթի նշանաւոր շատ արժէքները հասցէատէրը՝ Սէրն է:
Եւ ինչ է սէրը, այն ամենը, ինչ գիտակցում ենք, սիրոյ շնորհիւ է: Սէրն անգին կարողութիւն է, այն միակն է, որ կարող ես նուիրել ուրիշին, բայց այն կը շարունակուի լինել նաեւ քոնը: Ամեն ինչից անկախ, գերագոյն հաճոյքը սիրուած լինելն է. եւ պարտադիր պայմանով յիշե՛նք, որ ամեն մարդ իրաւունք ունի երջանիկ լինելու, սիրելու եւ սիրուելու:

«Սիրոյ ծաղիկ
Ամեն ծաղիկ աշխարհ գալիս,
Ծաղկում է ու բոյր տալիս,
Ձնծաղիկն ու մանուշակը, վարդը,
Յասմիկն ու անմոռուկը…
Չեն դիմանում շոգին, քամուն,
Ապրում են կարճ ու թառամում:
Բայց անթառամ մի ծաղիկ կայ,
Սիրոյ ծաղիկ է կոչուում նա,
Որ ծաղկում է, յաւերժ ժպտում,
Ջահելների վառուող սրտում,
Դիմանում է ե՛ւ կարկուտին,
Ե՛ւ փոթորկին, վէճին, խանդին,
Գեղեցկացնում սիրահարին»:

Կանայք, աղջիկները շատ են սիրում ծաղիկներ: Ծաղիկ նուիրելիս, բնազդաբար ընտրում ենք կարմիր վարդը, արդեօ՞ք գիտէք, թէ վարդ ծաղիկը ի՞նչ է խորհրդանշում, վարդ ծաղիկը հէնց սիրոյ խորհրդանիշն է:
Ո՞ւմ են տալիս տղամարդիկ վարդ, կ՚ասէք սիրած կնոջը, չնայած եթէ ամուսինը վարդ է նուիրում առանց պատճառի, ասում են, որ քիչ առաջ նա հանդիպել է այդ պատճառի հետ…: Հին յունական աստուածուհու խորհրդանիշը հէնց վարդն է եղել. փուշը ծակել է նրա ոտքը, արեան կաթիլներից վարդը այնպէս է կարմրել, ինչպէս սիրահարուած աղջկայ այտերը՝ սիրահարի քնքուշ խօսքերից: Յիշենք 50-ական թուականների երգերից մէկը՝ «Վարդը» Կէօթէի խօսքերով եւ Յ. Թումանեանի հանճարեղ թարգմանութեամբ, երաժշտութիւնը՝ Ռ. Մելիքեանի: Սիրոյ եւ գեղեցկութեան աստուածուհին (Աֆրոդիտէն) յունական դիցարանում, իր պաշտամունքային էութեամբ համանման է հայկական Աստղիկին: Գեղեցկութեան աստուածուհին իշխում է մարդկանց եւ աստուածների սրտերին՝ սէր պարգեւում: Անցեալի մեծ գաղտնիքների պատմութիւնից հետաքրքիր մի պատմութիւն. ոմն ծովագնաց մասնակցել է ֆրանսիական արշաւանքին եւ Միլոս կղզում պատահաբար նկատել է մի գիւղացու, որը գտել էր հողի մէջ թաղուած արժէքաւոր մի արձան. ծովագնացը միանգամից կռահում է, որ դա Վեներայի կամ սիրոյ աստուածուհի Աֆրոդիտէի արձանն է: Մինչեւ գումարի ձեռք բերելը, գիւղացին արձանը վաճառում է ուրիշի. մեծ դժուարութեամբ պարզւում է արձանի որտեղ լինելը. Արդիւնքում սկսուած քաշքշոցից արձանը զրկւում է իր 2 ձեռքերից, որոնք այդպէս էլ չյայտնաբերուեցին: Նոյնիսկ առանց ձեռքերի Միլոսեան Վեներան իր պատուաւոր տեղն է զբաղեցնում Փարիզի Լուվրում:

Սէրն ամենաինտիմ եւ նուիրական զգացմունքն է —Պահպանեցէք սիրոյ գաղտնիքները
Դպրոցական տարիներ, «անհոգ հոգսեր» անձնական դրամաներ (drama), ուսանողական կեանք, սէր, հիասթափութիւն եւ ճանապարհ դէպի հասուն կեանք: Ո՞ր հասակում կարող են մտածել ամուսնական քայլի մասին. այն ժամանակ, երբ երիտասարդները զինուած լինեն կեանքի բաւարար ճանաչողութեամբ: Ընտանիքը, յատկապէս հայ ընտանիքը, մեզ համար շատ սուրբ եւ վեհ հասկացողութիւն է. լուրջ պէտք է գիտակցել կեանքի ամենակարեւոր քայլի մասին, չպէտք է շտապել, սիրահարուած վիճակում չպէտք է մթագնի զոյգերի ուղեղը:
Ամուսնութիւնն իր մէջ ներառնում է ոչ միայն սէր, կիրք, այլ նաեւ փոխադարձ յարգանք, զիջելու, ներելու եւ զոհաբերուելու կարողութիւն: Հայ կինը ոչ միայն ընդունակ է հասկանալու ինքնազոհութիւնը, այլ նաեւ ինքն է կարողանում զոհաբերել իրեն: Կեանքը ցոյց է տալիս, որ շատ կարեւոր է նաեւ անձի ներաշխարհի հարստութիւնը, ով հոգեպէս հարուստ է եւ միաժամանակ բարի եւ գեղեցիկ: Լսէ՛ք եւ մի՛ անտեսէք կեանքի փորձառութիւն ունեցող խելօք մեծերի խորհուրդները: Երիտասարդութիւն ասուածի ամենաբնորոշ յատկանիշը, թերեւս ինքնավստահութիւնն է: Եւ սրա մէջ ոչ մի պախարակելի բան չկայ: Պախարակելին եւ վտանգաւորը սկսւում է կէս քայլ յետոյ, երբ հանդէս է գալիս մեծամտութիւնը: Նրանք չեն ունենում կասկածի ոչ մի րոպէ, ուրիշների, մանաւանդ մեծերի հետ համեմատուելու ոչ մի ցանկութիւն:

Նամակները հաղորդակցուելու լաւագոյն միջոցներից են
Յայտնի բան է, որ նամակները հաղորդակցուելու լաւագոյն միջոցներից են: Պատմութեանը յայտնի են բազմաթիւ հանճարեղ մարդկանց նամակները, որ ճակատագրական են եղել անձնական եւ այլ ոլորտներում: Նամակները եղել են եւ միշտ էլ կը լինեն հետաքրքրական փաստաթղթեր, հետաքրքրական, քանի որ մտքերը գրելու միջոցով փոխանցւում են թղթին եւ որ տարիներ անց, որպէս մի գեղեցիկ յուշ, այն պահպանւում է եւ ժամանակի ընթացքում դառնում արուեստի արտայայտութիւն:
Մի այսպիսի յուզիչ պատմութիւն Վիքթոր Հիւկոյի կեանքից.
50 տարիների ընթացքում Վ.Հ. նամակներ է գրել արտիստուհի Ժ.Դ.-ին. գրողի ցանկութեան համաձայն, այդ նամակները պահւում են ՓարիզիԱզգային գրադարանում. նամակներից մէկում նա գրել է. «Ես չեմ ուզում, որ քո հետքն իմ կեանքից առյաւէտ ջնջուի: ես ուզում եմ, որ այն յայտնաբերեն, երբ երկուսով փոշի դարձած կը լինենք եւ այդ բացայայտումը ոչ ոքի սիրտը չի կոտրի: Նամակներում պարզ երեւում է, որ մեծերը մեծ են նաեւ իրենց սիրոյ մէջ, եւ երբ նրանք հեռանում են երկրային կեանքից, սիրող սրտերին ցաւ ու դատարկութիւն են պատճառում:
Բացառութիւն չեն հայ մշակոյթի ու գրականութեան սիրուած եւ ճանաչուած մեծերի սիրային պատմութիւնները, սիրերգութեան գլուխ գործոց վկայութիւնները: Նրանց անունները շատ են. օր.՝ Եղ. Չարենցի անսահման սէրը Արփենիկի նկատմամբ, Յ. Թումանեանի պղատոնական (platonic) սէրը՝ Նուարդի նկատմամբ, Պ. Սեւակի, Հ. Սահեանի եւ ուրիշների. Նամակները ընթերցւում են մէկ շունչով… Սէրը հէնց կեանքն է…
Իւրաքանչիւր ընտանիքի երջանկութիւնն անհատական է, ընդհանուր բաղադրատոմս առաջարկելը շատ դժուար է: Սակայն իւրաքանչիւր ընտանիքում պէտք է լինի իրար յարգելու, մեծին յարգելու, իւրաքանչիւրը իր տեղում լինելու սովորոյթը: Այն ընտանիքում, որտեղ իւրաքանչիւր անդամ ցանկացած հարցի լուծման իր որոշումն ունի. այնտեղ անընդհատ վիճաբանութիւն կը լինի, անհամաձայնութիւն: Մեծն Հերդերն այն կարծիքին է, որ իւրաքանչիւր կնոջ սխալի մէջ տղամարդու մեղք կայ: Կին եւ տղամարդ յարաբերութիւնները չպէտք է առանձնացնել:
Ե՛ւ լաւի, ե՛ւ վատի, ե՛ւ սխալի համար, պատասխանատուութիւնը հաւասարաչափ կիսւում է: Կինը պէտք է լինի նուիրեալ, առաքինի եւ միշտ գեղեցիկ եւ գրաւիչ: Ի հարկէ, բոլոր յարաբերութիւնների մէջ առաջնայինը Սէրն է. եւ կեանքում եղած բոլոր տեսակի գերխնդիրներին ունենալ ռէալ մօտեցում. քանզի զգացմունքայնութիւնը կարող է ունենալ հակառակ՝ ոչ ցանկալի ազդեցութիւն. մի քանի վայրկեանը բաւական է, խորը վիրաւորանք հասցնելու, այն մարդկանց, ում սիրում ես. գնահատէ՛ք միմիանց արժանիքներն ու հոգին.

Գոհարներ մեծերի մտքերից
— Հետեւել մեծ մարդկանց մտքերին՝ ամենաուշագրաւ գիտութիւնն է (Ալ. Պուշկին):
— Գեղեցիկ բառերը արցունքի մէջ կը ծնանին (Ռընան):
— Ես վախենում եմ, որ խորունկ սէրը նրբին բառերում այնքան նրբանայ, որ ջարդուի իսկոյն (Սիրանօ Տը Բերժերակ):
— Ասում են քաղաքականութեան մէջ, ինչպէս եւ սիրոյ, հաշտութեան պայմանագրեր չեն լինում, լինում են միայն զինադադարներ:
— Եթէ դուն չես կարողանում օգտուել բախտից, երբ նա ինքը լողում է դէպի քո ձեռքը, մի՛ տրտնջայ, եթէ նա անցնում է քո կողքով (Սերվանտես):

Եղէ՛ք երջանիկ, ձեզ մաղթում եմ անսպառ ժպիտ, սիրէ՛ք եւ սիրուէ՛ք, նուիրուած եղէք ձեր ընտանիքին եւ հայրենիքին:

ԱՆԱՀԻՏ ՉՈՐՊԱՃԵԱՆ
Գեղագէտ-մանկավարժ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *