ԱՐՄԱՏՆԵՐՈՎ ՀԱՅԸ՝ ԱՐԹՕ ՉԱՔՄԱՔՉԵԱՆ (1933 – 2019)

Արթօ Չաքմաքչեան Մոնթրէալ հաստատուած առաջին օրերէն իսկ յատուկ կապ մը ունեցաւ Հորիզոն շաբաթաթերթի ու անոր գրական յաւելուածին հետ։ Արդարեւ մենք վայելեցինք անոր տեւական ներդրումը, ըլլայ թերթին ընդհանուր գեղարուեստական ձեւաւորման մշակման ընթացքին, ըլլայ յետոյ զանազան դէմքերու նուիրուած մեր գրական բացառիկ թիւերը պատրաստելու ատեն, որոնց առաջինը՝ «Գրական հորիզոն»-ի անդրանիկ թիւին՝ 1984-ի դեկտեմբերին, Վարուժանի դիմանկարով, բանաստեղծի ծննդեան 100-ամեակին առթիւ։

Յիշեցնենք, որ այս երկրին Արթոյի ձգած ժառանգութեան մաս կը կազմեն Մեծ Եղեռնի յուշարձանները՝ Թորոնթոյի ու Լաւալի մէջ։
Արթոյի արուեստին մասին դեռ երկար պէտք է անդրադառնալ։ Այսօր առաջին հերթին կը հրատարակենք իր կենսագրականն ու իր կողակցին սրտի խօսքը։

ամփոփ կենսագրական

Արթօն ծնուել է հին մեծ քաղաքակրթութիւն ունեցող երկրում՝ Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի Հելիոպոլիս արուարձանում. հայ գրավաճառ Սուրէն Չաքմաքչեանի եւ Արմենուհի Մելիքեան-Չաքմաքչեանի ընտանիքում: Նա դեռահաս պատանի էր, երբ կորցրեց հօրը: Պատանի հասակում նա տեսել էր իր մեծ հօր արած քարէ քանդակները եւ կարելի է հետեւցնել, որ պատանի Արտօն պապից ժառանգել էր քանդակագործ դառնալու ձգտումը։
Ընտանիքի բարեկամ, Փարիզում գործող, Հայկական բարեգործական ընդհանուր միութեան նախագահը՝ գրող Վահան Մալէզեանը, իմանալով պատանու քանդակելու կարողութիւնը՝ յանձն էր առել հոգալ իր ուսումը Փարիզում: Բայց մայրը նախընտրեց եւ ճակատագրական որոշում կայացրեց իր երկու որդիների՝ Արթոյի եւ կրտսեր որդու Գրիգորի հետ ներգաղթել հայրենիք:
1948 թուականին տասնհինգամեայ Արթօն յայտնուեց յետպատերազմեան ծայրայեղ դժուար տարիների հայաստանեան կեանքի յորձանուտում, բայց չընկրկուեց, քանի որ յստակ գիտէր իր անելիքը եւ ոչ մի դժվարութիւն իրեն յետ կանգնեցնել իր նպատակից չէր կարող: Առաջին օրերից իսկ ոտքով գնաց փնտրեց ուսումնարանը, ընդունուեց եւ հինգ տարի սովորեց Փանոս Թերլեմեզեանի անուան գեղարուեստի ուսումնարանի քանդակի դասարանում եւ եւս 6 տարի շարունակեց ուսումը Գեղարուեստի ինստիտուտում, որը ներկայումս կոչւում է Գեղարուեստի Ակադեմիա։
Աւարտելուց յետոյ աշխատեց Ազգային ակադեմիայի Արուեստի ինստիտուտում: Բայց հիմնականում նա ամբողջութեամբ նուիրուեց ստեղծագործական կեանքին, որոնելով իր անձնական արտայայտամիջոցները:
Արթոն շրջեց Հայաստանի տարբեր շրջաններով ուսումնասիրելու համար հայրենի մշակութային ժառանգութիւնը: Այդ հիմքի վրայ այն արդիականացնելու մղումով եւ ձեռք բերուած նոր արտայայտամիջոցներով նա ստեղծեց գործեր, որոնք բացարձակապէս հակադիր էին այդ ժամանակուայ խորհրդային գաղափարախօսութեամբ պարտադրուած, այսպէս կոչուած սոցիալիստական ռեալիզմ-ի ոճին։
Վաթսունական թուականներին իր ստեղծած մի շարք կարեւոր գործերից են մարդկային ողբերգութիւններին եւ հայկական եղեռնին նուիրուած՝ «Երեք մատներ», «Հիրոշիմա» քանդակները, «Մայր» դիմաքանդակը, հայ ինքնութեան կերտողներից միջնադարեան միստիկ բանաստեղծ Գրիգոր Նարեկացիի եւ հայ զտարիւն հոգեկերտուածքի ինքնաճանաչման բանալին հանդիսացող Մեծն Կոմիտասի կերպարները: Այդ տարիներին իր հանդիպումը անուանի ֆիզիկոս, ակադեմիկոս Արտեմ Ալիխանեանի հետ նշանակալից դեր ունեցաւ: Վերջինս իր հովանաւորութեան տակ վերցրեց ու քաջալերեց հայ քանդակագործութեանը նոր շունչ տուող տաղանդավոր երիտասարդ արուեստագէտին, որի ստեղծած գործերը սկսել էին արժանանալ մրցանակների: 1962-ին նա արժանացաւ Պրագայում միջազգային խեցեգործութեան ցուցահանդէսի Պատուոյ մրցանակին. 1964-ին Մոսկուայում խաղաղութեան կոմիտէի կազմակերպած մրցոյթի առաջին մրցանակակիրն էր «Հիրոշիմա» քանդակի համար. 1968-ին Հայաստանի երիտասարդական կազմակերպութեան կողմից ընտրեալ երիտասարդ արուեստագէտներին տրուած առաջին մրցանակակիրներից էր՝ Հրանտ Մաթեւոսեանի, Տիգրան Մանսուրեանի, Լուսինէ Զաքարեանի հետ միասին։
Բայց արուեստագէտին նոր հորիզոններ էին անհրաժեշտ արուեստի մէջ աւելի խորանալու եւ համաշխարհային մշակութային արժէքներին մօտիկից ծանօթանալու համար: 1975-ին նա ընտանեօք հաստատուեց Կանադայի Մոնթրէալ քաղաքում:
Այս նոր՝ իր համար բոլորովին անծանոթ միջավայրում նա չընկճուեց, այլ ընդհակառակը հաստատակամօրէն իրեն ամրապնդեց՝ մշտապէս ստեղծելով նոր արժէքաւոր գործեր։
Կանադայի Քեբէկ նահանգում հաստատման տարիներին նրա ծանօթութիւնը Մոնտրէալի համալսարանի դասախօս, փիլիսոփայ Կարպիս Քորթեանի հետ ունեցաւ իր բարենպաստ օգտակարութիւնը: Բացի խոհափիլիսոփայական թեքումով բազմաթիւ նոր ստեղծագործութիւններից, Արթօն ստեղծեց մեծ թուով նշանաւոր անձանց դիմաքանդակներ: Դրանցից առանձնացնենք հայկական ծագումով յայտնի կանադացի լուսանկարիչ Եուսուֆ Քարշի, անգլիացի նոբելեան մրցանակակիր սըր Պիտեր Մեդադարի, գերմանացի փիլիսոփայ Լանս-Գէորգ Գադամերի, ֆրանսիացի փիլիսոփայ Ժան- ֆրանսուա Լիոտարի, Քեբէկի վարչապետներ Ռընէ Լեւեքի եւ Կլոդ Ռայընի, երաժշտագէտ Ուիլֆրիդ Պելետիէի եւ այլ նշանաւոր անձանց կիսանդրիները:
Երկար տարիներ նա դասաւանդում էր քանդակ եւ գծանկար Մոնթրէալում Քեբէկի համալսարանում եւ Սէյիդի Բրոնֆման կենտրոնում: Արուեստի աշխարհում իր ունեցած ներդրումի գնահատմամբ 1991 թուականին Արթօ Չաքմաքչեանը ընտրուեց Կանադայի արուեստների արքունական ակադեմիայի անդամ:
Ունեցաւ ցուցահանդէսներ Ամերիկայի Միացեալ Նահանգներում, Անգլիայում, Ֆրանսիայում, առանձնապէս նշանակալից էր Շառլ Ազնաւուրի բարձր հովանաւորութեամբ, Հայաստանի դեսպանատան նախաձեռնութեամբ, նաեւ Ֆրանսիայում Կանադայի եւ Քեբէկի ներկայացուցիչների ներկայութեամբ Փարիզում գտնուող UNESCO -ի գլխաւոր նստավայրում տեղի ունեցած 2010 թուականի ցուցահանդէսը:
Նա արժանացել է Քեբէկի նախկին կառավարութեան մշակոյթի եւ կանանց հարցերի նախարար Christine St-Pierre-ի կողմից ընծայուած գնահատագրին (Letter of Recognition), Նարեկացիի անուան մրցանակին՝ University of California in Los Angeles-ի կողմից, Արշիլ Գորկիի անուան մրցանակին՝ Հայաստանի մշակոյթի նախարարութեան կողմից, այլեւ Հայաստանի նախագահի կողմից շնորհուող «Մովսէս Խորենացի» շքանշանին, իսկ 2015 թուականին նրան շնորհուեց Հայաստանի Պատուոյ շքանշանը (ֆրանսերէնով՝ Lռgion d’honneur բարձր պարգեւը):
Արթօն ունեցաւ իր գործերի մի շարք հրատարակութիւններ.
— 2003-ին երկու գիրք՝ «Յետհայեացք» եւ «Քանդակ եւ գրաֆիկա», Carte Blanche հրատարակչութեան կողմից։
— 2006-ին «Դիմապատկերներ»՝ Սարգիս Խաչենց հրատարակչութեան եւ Նարեկացի արուեստի կենտրոնի կողմից։
— 2010-ին 1966-1974 շրջանի գծանկարներու ալբոմ՝ UNESCO -ի ցուցահանդէսի առիթով, Կիւլպէնկեան բարեգործական միութեան հովանաւորութեամբ, Antaeus հրատարակչութեան կողմից։
— 2012-ին «Croix et Fictions» պատկերագիրքը՝ Antaeus հրատարակչութեան կողմից։
— 2015-ին «Արթօ Չաքմաքչեան . Վերածնունդ» խորագրով ալբոմ՝ Գաֆէսճեան արուեստի կենտրոնում բացուած ցուցահանդէսի կապակցութեամբ։
— 2016-ին «Քանդակ եւ գրաֆիկա» մեծածաւալ (256 էջանոց) պատկերագիրքը՝ ՀՀ մշակոյթի նախարարութեան հովանաւորութեամբ, Սարգիս Խաչենց – Փրինտինֆօ հրատարակչութեան կողմից։

Սա մեծ արուեստագէտ Արթօ Չաքմաքչեանի անցած բեղուն ստեծագործական ճանապարհի մի փոքրիկ ուրուագիծն է միայն: Իր ստեղծագործական կեանքի իրական յետագիծը իր ստեղծագործութիւններն են, քանդակներն ու գծանկարները, որոնք մնայուն ներդրում են ե՛ւ հայկական, ե՛ւ համաշխարհային արուեստի գանձարանում:

Ն. Պ-Չ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *