ՆԱՐԻՆԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
բ. գ. թ., դոցենտ, Արցախի պետական համալսարան
«Ես նախանձում եմ Ստեփան Զօրեանին, որ նրա ծննդավայրը՝ Ղարաքիլիսան, այստեղ է, այս հողի վրայ… Մեր օրօրոցը մնաց այն կողմը: Ու մենք ունենք մի մաշող կարօտ…. Ոչ ոք չի խօսում այդ կոտորածների մասին: Մինչդեռ մեր սրտից արիւն է կաթում, երբ յիշում ենք…. Ինձ յուզում են կոտորածները, ինձ հանգիստ չեն տալիս: Ես վէպ եմ գրում: Մինչեւ չգրեմ՝ հանգիստ չի իջնի ինձ վրայ: Դա իմ հոգու պարտքն է, իմ խոշտանգուած էութեան մի մասն է, որ ճչում, կանչում է ինձ»(1):
Վ. Թոթովենց
1920-1930-ական թթ. խորհրդահայ արձակում, գրաքաղաքական կոնկրետ նախադրեալներով պայմանաւորուած, զարգացման սրընթաց աստիճանի հասաւ ինքնակենսագրական ժանրը: Ծրագրային միտուածութեամբ առանձնացող ինքնակենսագրական ժանրը կարճ ժամանակաընթացքում` 1927-1935 թթ., երեւան բերեց գեղարուեստական ինքնատիպ արժէքներ, որոնց մի ծայրում Գ. Մահարու «Մանկութիւն», «Պատանեկութիւն», Վ. Թոթովենցի «Կեանքը հին հռովմէական ճանապարհի վրայ», Զ. Եսայեանի «Սիլիհտարի պարտէզները» վիպակներն են, միւսում` Ս. Զօրեանի «Մի կեանքի պատմութիւն»-ը: Հիմնաքար ունենալով Չարենցի ծննդավայրի ասքը` պատմաքաղաքական առաջնագոյն հարցադրումներով, ինքնակենսագրական ժանրի հեղինակները սփիւռքահայ կարօտի գրականութեանը համադիր վեր էին պարզում խորհրդահայ կարօտի եւ ողբերգութեան գրականութիւնը:
Ինքնակենսագրութեան ժանրը, անշուշտ, արտաքին կեղեւն էր միայն, որի ներսում ցեղասպանութեան եւ բռնագաղթի ենթարկուած ժողովրդի մնացորդների յիշողութիւնն էր հայրենի կորուսեալ եզերքների, հարազատ մարդկանց, հոգեւոր արժէքների մասին. «Տարիները աղօտել են շատ բան. օ՜, այո, շատ գծեր են ջնջուել, եւ շատ պայծառ դէմքեր մշուշուել, — գրում է Մահարին «Մանկութիւն» վիպակում: — Ես ուզում եմ փրկել մնացածն ու հնարաւորը իմ մանկութեան խորասուզուող ոսկէ մակոյկից… Ինձ մնում է փրկել մնացածն ու հնարաւորը: Յիշել եմ ուզում, վերյիշել եւ գրել, գրել հեշտ եւ թեթեւ, գրել եւ զգալ, որ քունքերս խփում են ներքին յուզմունքից, գրել անմշուշ, պայծառ, պայծառ, այն քաղաքի երկնքի նման, ծովի կապոյտի նման, այգեստանների կանաչի ու լուսնկայ գիշերների խորութեան նման»(2):
Մահարին նախանշում է իր ստեղծագործական ուղղուածութիւնը, ինչը ոգեղէն կենսագոյութեամբ ծննդավայրի տեսիլքի պահպանումն է` թէ՛ որպէս առարկայական յիշողութիւն, թէ՛ որպէս գաղափարա-գործնական ընթացք: Իսկ դա ենթադրում էր նաեւ ազգային պատմութիւն եւ գաղափարաբանութիւն` ազգային յիշողութեամբ ու ինքնագիտակցութեամբ: Որտեղի՞ց են սերում իրենք, ի՞նչ ճանապարհ է պարտադրուել արեւմտահայութեանը, ի՞նչ են թողել յետեւում: Յետ նայելը գրաքաղաքական տուեալ բռնաշրջանում բառացիօրէն «աղէ արձան» դառնալու սպառնալիք էր, լինել-չլինելու իրողութիւն. «Իմ մանկութիւնն անցել է այդ ագարակում, մարմարեայ այդ աւազանի եզրին, անցել է աղաւնու սպիտակ թեւերի վրայ, — յիշում է Թոթովենցը «Կեանքը հին հռովմէական ճանապարհի վրայ» վիպակում: — Գիշերը կապոյտ երկնքից այնքա՜ն աստղեր էին թափւում նրա պայծառ, աստղասարսուռ խորութեան մէջ»(3):
Ինքնակենսագրական տեսակը փաստօրէն գաղափարական դիմակայման առերես միջոց էր ազգային ինքնութեան համահարթման ճանապարհին: Ուշագրաւ է, որ վերյուշի գրական ժամանակը գրեթէ միշտ ոչ թէ անցեալն է, այլ ներկան, անցեալի վերապրման հոգեբանական վիճակը ոչ այնքան ետընթաց է, որքան առաջընթաց` ինքնայիշողութիւնից դէպի ինքնահաստատում:
Պաշտօնական գրաքննութիւնը ժամանակին թէ՛ Մահարու, թէ՛ Թոթովենցի ինքնապատումը մերժում էր իշխող վարչակարգի քարոզչադիրքերից: Կորուսեալ երկրի, ցեղասպանութեան եւ բռնագաղթի յիշողութիւնը դատապարտւում էր որպէս ազգայնամոլութիւն, ռասսիզմ, դաշնակցականութիւն, անցեալի իդեալականացում, հակախորհրդայնութիւն: Ա. Ոսկերչեանի, Հ. Մկրտչեանի, Վ. Թերզիբաշեանի եւ այլ պրոլետքննադատների գրաքննութիւններին զուգահեռաբար Ա. Բակունցը եւս «Տեղական նացիոնալիզմի մի քանի արտայայտութիւնները մեր գրականութեան մէջ»(4) զեկուցման մէջ պարտադրաբար նացիոնալիզմի որոշ արտայայտութիւններ նշեց Թոթովենցի եւ Մահարու երկերում: Մահարին սկզբունքօրէն չհրաժարուեց իր ստեղծագործական միտումներից, վերահաստատեց` Բակունցը ճիշտ է զգացել իր վիպակներում առկայ հեղինակային կսկիծն ու սէրն անհետացած դէմքերի, անհետացած վայրերի եւ օրերի հանդէպ. «Ես չեմ կարող հրաժարուել իմ «Մանկութիւն եւ պատանեկութիւն»-ից, ես չեմ կարող դուրս ձգել նրան իմ գրական ստեղծագործական բագաժից»(5): Թոթովենցը նոյնպէս հանդէս եկաւ իր գրական սկզբունքների պաշտպանութեամբ:
1934 թ. յունուարի 2-ին Մոսկուայում գտնուող կնոջը` Լուսիկին, Թոթովենցը գրում է. «Թերթում յայտարարուեց իմ գրքի մասին, որ լոյս տեսաւ ու վաճառւում է, բայց առաւօտեան կանուխ բռնագրաւեցին գիրքը, տարան պահեստը, կնքեցին»(6): Այնուհետեւ աւելացնում է, որ Խանջեանի միջամտութեամբ գիրքն ազատուել է կալանքից. «Որոշուեց հանել գլխատման պատկերը եւ թոյլ տալ: Մի թերթ կտրեցին հանեցին, ես նստեցի եւ մի քիչ աւելացրի, որ պատկերի տեղը բռնի»(7): «Գրական թերթի» նախկին պատասխանատու քարտուղար Վ. Ալազանը «Կեանքը խորհրդային գրականութիւնից հեռանալու ճանապարհի վրայ» յօդուածում գրեց, որ Թոթովենցը «սխալ եւ նացիոնալիստական ձեւով պատկերեց հայ-թուրքական յարաբերութիւնները, կոտորածները», որ նա բռնել է «սխալ եւ վտանգաւոր ճանապարհ» եւ որ պէտք է հրաժարուի «Հին հռովմէական այս ճանապարհից եւ շարունակի «Բաքուի» ճշմարիտ ուղին»(8): Ժամանակի մամլիչ գրաքննութեան ճնշման տակ Թոթովենցը ստիպուած գրեց «Բաքու» եռահատոր վէպը` ապացուցելու դասակարգային պայքարի իր ըմբռնումն ու հաւատարմութիւնը:
Հայաստանում խորհրդային տարիներին, առաւել եւս 1920-1930-ական թթ., ինչպէս նշուեց, նացիոնալիզմ, հակայեղափոխականութիւն, դաշնակցականութիւն էին որակւում բռնազաւթուած հայրենիքի եւ ցեղասպանութեան յիշողութիւնը, անցեալի եւ պատմութեան վերյուշը: Ժամանակի գրաքննիչներից մէկը` Գ. Վանանդեցին, «Կեանքը այն ճանապարհի վրայ, որ տանում է սովետական գրականութիւնից դուրս» ջախջախիչ յօդուածում Թոթովենցին մեղադրում է իրականութիւնից փախչելու նացիոնալիստական մտայնութեան մէջ: Նացիոնալիստական մտայնութիւնների դէմ խորհրդային միտումնաւոր, ծախու գրաքննութիւնը մոլեգնում էր մամուլում, գրական, հասարակական-քաղաքական ամբիոններից: Միայն 1936 թ. տպագրուել են «Գրական լեզուի նացիոնալիստական աղաւաղումների դէմ» («Խորհրդային գրականութիւն, 1936, թիւ 3-4), «Ընդդէմ նացիոնալիզմի եւ տրոցկիզմի, յանուն սոցիալիստական մեծ գրականութեան» («Գրական սերունդ», 1936, թիւ 4), «Կապը կտրած խմբապետը» («Գրական սերունդ», 1936, թիւ 5-6), «Նացիոնալիստը խորհրդային գրողի դիմակով» («Գրական թերթ», 1936, թիւ 19), «Հակասովետական տրոցկիստ-նացիոնալիստ վիժուածքներ» («Սովետական Հայաստան», 1936, 2 սեպտեմբերի), «Նացիոնալիստական-տրոցկիստական տականքներ» («Սովետական Հայաստան», 1936, 4 սեպտեմբերի), «Ատում եւ զզւում ենք նացիոնալիստական-տրոցկիստական տականքներից» («Սովետական Հայաստան», 1936, 4 սեպտեմբերի) յօդուածները:
1936 թ. յուլիսի 14-ին Գրողների միութեան կուսկազմակերպութեան ժողովում «նացիոնալիստների» դէմ հերթական ջարդարարական ելոյթն է ունենում Հ. Քոչարը, իսկ օգոստոսի 7-ի ելոյթում մատնանշում. «Նորենցն, իմ անկեղծ համոզմամբ, նացիոնալիստ է, եւ նրա նացիոնալիզմը թափանցել է նոյնիսկ նրա ընտանեկան կենցաղի մէջ: Պատահական չէ, որ սասունցի Վաղարշակ Նորենցի տղայի անունը Սասունիկ է: Վ. Նորենցն ու Ա. Բակունցի «Ծիրանի փողի» Սասուն վերադառնալ ցանկացող հերոսը յիշեցնում են իրար»(9):
1936 թ. դեկտեմբերի 31-ին «Գրական թերթ»-ում «Դաշնակցական տականքը» վերնագրով հրատարակւում է Ա. Ոսկերչեանի յօդուածը, ուր Թոթովենցը մեղադրւում է որպէս աջ տրոցկիստական, ահաբեկչական խմբակցութեան անդամ, նացիոնալիստ, շովինիստ, ֆաշիստ, ազգային ատելութեան եւ թշնամանքի քարոզիչ: Գրական վիժուածք համարելով «Կեանքը հին հռովմէական ճանապարհի վրայ» վիպակը` վայ-գրաքննիչը շարունակում է. «Այդ գրուածքում իր մանկութեան, անցեալի նկարագրութեան քողի տակ նա անց է կացնում խորհրդային կարգերի հանդէպ իր ունեցած լպիրշ թշնամանքն ու ռասսայական, ֆաշիստական տեսութիւնը»(10): Հայերի եւ թուրքերի թշնամութեան ռասսայական տեսութեան մէջ Թոթովենցին մեղադրում է նաեւ Ն. Զարեանը. «Բակունցի նացիոնալիստական-տրոցկիստական խմբակը դնում էր Հայաստանի սահմանների հարցը եւ ատելութիւն էր հրահրում դէպի թուրքերը»(11):
Այսպէս՝ հայ ազգային գիտակցութիւնը խորհրդային վարչակարգի կողմից ահաբեկչութեան էր ենթարկւում բոլոր առումներով, գործադրւում էին բոլոր միջոցները` իսպառ ջնջելու ցեղասպանութեան եւ կորուսեալ հայրենիքի յիշողութիւնը: Ճիշտ այդպէս, թուրքական բռնաճնշումներին դիմագրաւելով, 1920-1930-ական թթ. արտերկրում այլազգի հումանիստ գրողները ստեղծում էին Հայոց ցեղասպանութեան գրականութեան առաջին գործերը՝ Արմին Վեգներ. «Անվերադարձ ճանապարհ» (1919), «Թալէաթ Փաշայի դատավարութիւնը….» (1921), «Ճիչ Արարատից» (1922), Եակոբ Քիւնցլեր. «Արեան եւ արցունքի երկրում» (1921), Ֆրանց Վերֆել. «Մուսա լեռան քառասուն օրը» (1933) եւ այլն: Թուրքիայի կողմից ցեղասպանուած ժողովրդի սերուցքը վերստին սպանդի էր ենթարկւում նրա դաշնակից ԽՍՀՄ-ի կողմից, իսկ ցեղասպանութեան նուազագոյն յիշողութիւնն անգամ դատապարտւում էր իբրեւ ռասսիզմ: Արեւմտահայաստանի, ինչպէս եւ Կարսի, Նախիջեւանի, Ղարաբաղի, Ախալքալակի` Հայաստանին վերամիաւորման գաղափարը, գաղթականութեան վերադարձի յոյսը կորուսեալ ծննդավայր դատապարտելի էին որպէս հայկական նացիոնալիզմ: Այս մեղադրանքով թիարան քշուեց Խորհրդային Հայաստանի ստեղծագործ փաղանգը` Չարենց, Բակունց, Թոթովենց, Մահարի, Եսայեան եւ ուրիշներ: Ըստ ականատես վկայի` Ռ. Աթոյեանի, հարցաքննութեան տարուող Թոթովենցը բանտախցից բանտախուց գոռում էր. «Ֆրանսիացոց լրտես` ուզենաք, կը լինեմ, ճապոնացոց կը լինեմ, հաբէշների լրտես ուզենաք` կը լինեմ, թուրքական լրտես չե՛մ լինի, չե՛մ լինի, չե՛մ լինի…»(12):
Վ. Թոթովենցի ամերիկեան տարիները, Անդրանիկի թիկնապահ եւ թարգմանիչ լինելը, կամաւորական կռիւներին մասնակցութիւնը, Թիֆլիսում անգլիական օգնութեան կոմիտէում իբրեւ թարգմանիչ աշխատելը, անգամ «Հայաստան» թերթին աշխատակցելը բաւարար հիմքեր էին` յերիւրելու զազրելի մեղադրականներ. «Մերկացուած տրոցկիստ-նացիոնալիստ, հակայեղափոխական, գրական խալտուրիստ Վահան Թոթովենցը, — շարունակում է Ա. Ոսկերչեանը, — մինչեւ յեղափոխութիւնը հանդէս է եկել հայ ժողովրդի ոխերիմ թշնամի դաշնակցութեան ջարդարար նացիոնալիստական քաղաքականութեան ջատագովի դերում: Թոթովենցը եղել է խմբապետ, յայտնի շովինիստ, ջարդարար Անդրանիկ փաշայի համհարզը եւ «Հայաստան» նացիոնալիստական թերթուկի խմբագիրը»(13): 1936 թ. սեպտեմբերին Հայաստանի գրողների միութեան ժողովի միաձայն որոշմամբ գրողների միութեան շարքերից հեռացւում են Թոթովենցը, Մահարին, Բակունցը, Դր. Սիմոնեանը, Վ. Ալազանը, Վ. Նորենցը, Գ. Վանանդեցին: Ապաշնորհ, ծառայամիտ քննադատութիւնը, որ այդ տարիներին տէր ու տիրական էր հռչակել իրեն գրական ամայացող դաշտում, ջանադրաբար արագացնում էր ստեղծագործ փաղանգի վերացումը ասպարէզից: «Գրական թերթի» պատասխանատու խմբագիր Գ. Աբովը «Բոլշեւիկեան զգօնութեամբ առաջ, դէպի ստեղծագործական բարձունքներ» հակագրական ու ապազգային առաջնորդականում «նացիոնալիզմի-տրոցկիզմի թափթփուկներ», «հակայեղափոխական երկերեսանի նացիոնալիստ տրոցկիստներ» մեղադրականներով «գրոհում» է Բակունցի, Թոթովենցի, Նորենցի, Դր. Սիմոնեանի, Ալազանի եւ «վոհմակի»(14) միւս անդամների դէմ: Չզիջելով Աբովի ոճին` թերթի նոյն համարում Ն. Զարեանը Բակունցի դէմ տպագրում է «Նացիոնալիստը խորհրդային գրողի դիմակով» յօդուածը: Միջպրոլետարական այդ զազրելի մրցակցութեան արդիւնքը 1937-ի սպանդն է` գլխաւոր հերոսների կեանքի ու ստեղծագործութեան ողբերգական ընդհատումով: «Խորհրդային ամբողջ հասարակայնութիւնը, — յայտարարում է Գ. Աբովը, — պէտք է լաւ ճանաչի, թէ ովքեր են ժողովրդի ու սոցիալիզմի այդ թշնամիները… Նրանք մռայլ, մարդատեաց մի լրտեսի հոգեբանութեամբ շրջելով մեր պայծառ կեանքի դաշտերում… շարունակ բորենու անհանգստութեամբ են նայում մեր կառուցուող ամեն մի երեւոյթին ու իրենց բորենու դէմքը քօղարկելու համար` մեղրածոր խօսքերով վերարտադրում են սեփական հիացմունքն անցեալի նկատմամբ… Այդպէս է եւ Թոթովենցը, որ իր դաշնակցական ջարդարարութիւնը որպէս իդիլլիա պատկերացնելով` երբեմն իր ոռնոցն է բարձրացնում սոցիալիզմի «ցուրտ հայրենիքի դէմ»(15):
Ինքնակենագրութիւնն ահա գրապատմական այդ շրջանում վերաճում է ժողովրդի պատմութեան, յիշողութիւնը` հայրենիքի ոգեղէն եւ իրեղէն լինելութեան: Անհատական կենսագրութիւնը համընդհանրացնում է ժողովրդի պատմութիւնն ու ազգային ճանապարհը, ինքնակենսագիր գրողը դառնում ժողովրդի համահաւաք կերպար, նաեւ ազգային հոգեւոր ճանապարհի առաջնորդ: «Ինքնակենսագրութեամբ (ինքնապատումով) դէպի ժողովրդի պատմութիւն, — նկատում է Դ. Գասպարեանը: — Այդուհետեւ այս ուղղութիւնը Մահարու համար պէտք է դառնար անշեղ ու նպատակադրուած»(16): Ինքնակենսագրական ժանրը խորհրդային աշխարհաքաղաքացիութեան դէմ պահպանում էր ազգային արմատների գիտակցութիւնը, ազգային ինքնութեան առանձնայատկութիւնները, տոհմիկ ծննդավայրի ժառանգորդականութիւնը` անդրադարձնելով ոչ միայն պատմաքաղաքական դէպքերը, այլեւ ազգային կեցութեան գաղափարահոգեբանական հիմնահարցերը. «Քաղաքը, որի մասին գրեցի ես, եւ ուր անցաւ իմ մանկութիւնը, յաճախ, շատ յաճախ դառնում է ուղեղիս մէջ մշուշային գծերով, ժպտում է, պարզւում, ուզում է խօսել ու խօսում է. «Դու յիշո՞ւմ ես ինձ», — հարցնում է նա: «Յիշում եմ», — պատասխանում եմ…»(17):
Ծննդավայրի կորուստի եւ ցեղասպանութեան ողբերգութիւնը Մահարուն ուղեկցել է դեռեւս որբանոցային բանաստեղծութիւններում, վաղ շրջանի հրապարակագրութեան մէջ եւ յօդուածներում, որոնք հրատարակուել են այդ տարիների մամուլի էջերում: Իսկ 1956 թ. կեանքի սիբիրականը յաղթահարած գրողը ինքնակենսագրականի էջերում, վերստին չհրաժարուելով ծննդավայրից, յիշողութեան մղձաւանջային խորքերից վերաշարադրում էր. «Քաղաքը, ուր անցել է իմ մանկութիւնը, տներ է ունեցել տափակ տանիքներով եւ ամեն տան առաջ տնամերձ մեծ մի այգի` ամեն միրգ ու բարիքով։ Հողը հարուստ էր ցորենով եւ ծաղիկներով, հողը պարարտ էր, որովհետեւ տարիներ շարունակ հոսել էր մարդկային արիւնը, եւ մարդկային արիւնից ծաղիկներն ու խնձորները աւելի վառ կարմիր էին։
Փոքր էի, երբ կորցրի հօրս, մի քիչ աւելի մեծ, երբ կորցրի ծննդավայրս: Ծննդավայրիս հետ կորցրի առմիշտ տատիս եւ մօրս ժամանակաւորապէս: Չքացաւ քարտէզի վրայից այն, ինչ կոչւում էր Արեւմտեան Հայաստան, եւ մէկուկէս միլիոն հայերի արիւնից մի անգամ էլ ծաղիկները կարմրեցին, եւ վերջալոյսները արիւն հագան: 1915 թ. ես Էջմիածին ընկայ` Դիլիջան, յետոյ` Երեւան, քաղաքից քաղաք, փողոցից փողոց, մայթից մայթ, որբանոցից որբանոց, մահճակալից մահճակալ»(18):
Մահարու ինքնակենսագրութիւնն ընթանում է ժողովրդի վերջին գողգոթային համընթաց, ինչպէս Կոմիտասի կերպարը «Անլռելի զանգակատուն» պոեմի մէջ, երեւան հանելով պատմաքաղաքական դէպքերը, ժողովրդի գոյաբանութեան մաքառումները, ազգային համընդհանուր հոգեբանութիւնը: «Առասպել, իրականութիւն, կապ, բանդագուշանք իրար կը հիւսուին այս գրքին մէջ, յատկապէս անոր առաջին մասերուն, որոնք կեանքի կը կոչեն հերոսամարտերու, գաղթի, Կովկաս տեղաւորումի ահաւոր պատմութիւնը, — գրում է Գ. Շահինեանը: — Վաւերագրային ճշգրիտ պատմութեան որեւէ ձեռնարկ դժուար թէ յաջողէր այսքան խոր տպաւորութեամբ տալ այս բոլորը: Մահարի, քանի մը տասնեակ էջերու մէջ արուեստի հզօր շունչով սեւեռած է մեր պատմութեան այս շրջանը»(19): «Իրականութեան բազմակողմանի ընդգրկում, — նկատում է Ս. Արզումանեանը, — ռէալիստական խոր ընդհանրացումներ` պատմաշրջանի հասարակական-քաղաքական կարեւոր իրադարձութիւնների տիպականացմամբ, գրական վարպետութիւն` բնաւորութիւնների ու դէպքերի, ոճի ու պատմելաձեւի ամենանուրբ կոնկրետացումներով»(20):
Ինքնակենսագրական ձեւի մէջ ցեղասպանութեան եւ բռնազաւթուած հայրենիքի յիշողութեան պահպանումը 1920-1930-ական թթ. բռնաշրջանում քաղաքագիտական մտածողութեան գեղարուեստական կերպ էր` կարօտի եւ ցաւի բնաբուխ հոսքերով. «Այդ անէացած աշխարհի կապոյտ մոխրում այժմ էլ, զգում եմ, կաթում է այդ վարդենու արիւնը, կաթում է արցունքի նման, ցօղի նման, կաթում է եղեւնու խէժի նման, — գրում է Թոթովենցը: — Այդ բոլորի վրայ փլուեց կապոյտ երկնակամարը, փլուեց, ինչպէս հին տաճարի փիրուզեայ գմբէթը երկրաշարժից»(21): Ծննդավայրի թանկ ու գունեղ պատկերը Թոթովենցը յետահայեաց կարօտախառն յիշողութեամբ վերականգնեց նաեւ «Կեանքը հին հռովմէական ճանապարհի վրայ» վիպակից յետոյ գրուած «Աղաւնիներ», «Բաց կապոյտ ծաղիկներ» պատմուածքներում:
Կորուսեալ հայրենիքի խորհրդահայ արձակը 1920-1930-ական թթ. տակաւին չէր կարող հասնել բացարձակ գաղափարական պահանջատիրութեան, տիրականը վերյուշի ցաւախառն կարօտն ու բաղձանքն է. «Այդ հին երկրում արեւը ճչում է մրգի հատիկներով, հողը շնչում է անսպառ խոտով, առուակները կարկաչում են, բացւում են մեծ առաւօտներ, եւ իջնում են հրաթեւ վերջալոյսեր, բարձրանում եւ կապոյտում լողում է մի արծաթեայ թաս` մէջը լիքը նոր կթած կաթով, տիեզերանում է գիշերն աստղահնչուն, ծառերը սլանում են դէպի երկինք, եւ բոլոր ծաղիկները սարսռում են ու շշնջում: Այժմ ես կ՚ուզէի հանգչեցնել իմ յոգնած գլուխն այդ երկնքի կապոյտ մարմարին եւ լսել այն երգը, որ հեղեղում են ծառերը, առուակներն ու աստղերը»(22): Եթէ Թոթովենցի ինքնակենսագրական վիպակը փակւում է հայրենի երկրին գգուելու այս հեռահար կարօտով, Մահարու ասքն աւարտւում է ծննդավայրի յիշողութեան պահպանման խորհրդանիշ կտակով. «Մայրս կապել է ծաղկազարդ մի գոգնոց. այդ գոգնոցը ծանօթ է ինձ: Ես նրան հարցնում եմ: — Վանից պիրա՞ծն ի… միտի՞դ ի… Միտս է, մայրիկ, ահա ես նայում եմ այդ գոգնոցի ծաղիկներին, եւ բարակ մի հով շոյում է դէմքս: Ի՞նչ է, Վարագո՞ւմն եմ ես: Ահա երկնքի եւ ծովի կապոյտը, ահա Այգեստանի կանաչը, ահա արեւի դեղինն ու վերջալոյսերի եւ արշալոյսների վիթխարի կարմիրը»(23):
Ի տարբերութիւն Թոթովենցի վիպակի, ուր կորուսեալ հայրենիքի գաղափարակիրը ինքը` հեղինակն է, Մահարու ինքնապատումում գաղափարակիր են նաեւ միւս հերոսները: Կորուսեալ էրգրի ոգեղէն գոյութիւնը շարունակւում է բռնագաղթուած ժառանգների մէջ, չեն ընկրկել վերադարձի յոյսն ու կամքը. «—Լեւոն աղա, ինչի՞ կու լաս… —Հեչ, բալամ, տառեխի հոտն առի, սիրտս պլաւ»(24): Այնուհետեւ` «Ես իմ ձեռներով Սիփանայ ու Մասիս սարի վերէն բայրաղ պիտի տնկեմ, ազատութեան բայրաղ, նոր մեռնեմ»(25): Հեռւում թողլքուած հայրենի երկրի յիշատակներից վերակենդանանում է նաեւ Վանի անհետացող բարբառը. «Ոճի գիւտով, — նկատում է Ս. Աղաբաբեանը, — Մահարին երեւոյթ է մեր նորագոյն գրականութեան մէջ: Նրա ոճը, ի հարկէ, միայն արտայայտման իւրայատկութիւնները չեն` քնարականութիւնն ու հումորը, գունային կոլորիտն ու բառագործածութեան ճկունութիւնը, այլեւ աշխարհատեսութեան եղանակն ու կերպը, կեանքի գնահատման իր չափանիշները»(26):
Թոթովենցի եւ Մահարու ինքնակենսագրական պատումներին յատկանշական քնարական տարրը չկայ Զ. Եսայեանի վիպակում: Պատմաշրջանի ռէալիստական պատկերման խնդրին Եսայեանը զուտ էպիկական լուծում է տալիս: «Մայրս կը պատմէր նաեւ, որ կէս գիշերը անց յոյն դայեակը եւ հայրս կրակարանին շուրջը նստած, սպասելով երեխայի ծննդեան, բուռն վիճաբանութեան բռնուեր էին իրարու հետ: Դայեակը այն յոյսը կը սնուցանէր, որ երբ ռուսները գրաւեն մայրաքաղաքը, «քրիստոնեաները պիտի ազատագրուին», մինչ հայրս որեւէ լաւ բան չէր սպասեր ռուս բանակի յաջողութենէն»(27), — գրում է Զ. Եսայեանը եւ ընդհանրացնում ժամանակաշրջանի քաղաքական պատկերը. «Ժամանակները գէշ էին… որ կողմը որ դառնայիր, ազատում չկար»(28): Ճիշտ է նկատում քննադատը, երբ գրում է, որ «Եսայեանը ընտանեկան-կամերային այս «բախումով», անշուշտ, արտայայտում է հասարակական որոշակի մտայնութիւն»(29): Ցեղասպանութեան յիշողութիւնները Եսայեանը վերարտադրում է էպիկական կոնկրետ պատկերներով` ի տարբերութիւն Թոթովենցի, որ ակնարկում է վերյուշի քնարական եղանակով. «Մեծ մայրս կը պատմէր, որ այն ժամանակ կիները առհասարակ դուրս չէին ելներ տունէն, իսկ տղամարդիկ ամեն առաւօտ գործի երթալու համար, դռանը սեմին վրայ կանգ կ՚առնէին, կը խաչակնքէին եւ տնեցիներու հետ հելալլամիշ կ՚ըլլային, որովհետեւ վստահ չէին, որ պիտի վերադառնային իրիկունը: Քանի-քանի անգամներ, Ստամբոլի փողոցներուն մէջ, ենիչերի մը իր եաթաղանի սրութիւնը փորձելու համար թռցուցած էր քրիստոնեայի մը գլուխը»(30):
Կոտորածների հոգեցունց պատկերների փոխարէն Թոթովենցը «Կեանքը հին հռովմէական ճանապարհի վրայ» վիպակում ժամանակներին պահ է տալիս ցեղասպանութեան յիշողութիւնը եւ ի հեճուկս խորհրդային սպառնալիքների` հաւաստում. «Յիշում եմ մօրաքրոջս աղջկան` Ռեբեկային… որի կապոյտ եւ խոշոր աչքերը միայն բաւական էին, որ կարելի լինէր վերականգնել ողջ խորտակուած երկինքը: Այդ երկինքը խորտակուեց Ռեբեկայի լուսաբացի բարձր եւ սպիտակ շուշանների վրայ: Տարան նրան արաբական անապատները… Լսեցի ահաւոր մորմոքով, որ նրա արեւային ճակատի եւ այտերի վրայ խալեր են դրոշմել… Քոյր, խոնարհւում եմ քո զարհուրելի ճակատագրի առաջ…»(31): Վերջին պատկերում Թոթովենցը յիշատակում է ցեղասպանութեան ահազարհուր հետեւանքներից մէկը` մարմնավաճառութեան ստրկութեան դատապարտուած արեւմտահայուհիների ողբերգութիւնը: Ճիշտ է դիտարկում Ս. Արզումանեանը` «ինքնակենսագրական փաստերի արտաքին կեղեւի տակ» թաքնուած է «սոցիալ-հասարակական, ազգային պատմական հրատապ պրոբլեմատիկա»(32):
Այսպէս, անհատական ինքնապատումի շղարշի տակ 1920-1930-ական թթ. խորհրդահայ ինքնակենսագրական արձակն արծարծում էր համազգային նշանակութեան խնդիրներ, որոնք են` կորուսեալ առարկայական հայրենիքի դէմ` հոգեւոր անկորուստ հայրենիք, կործանուող ազգային գաղափարաբանութեան ու պատմութեան դէմ` ազգային ինքնագիտակցութիւն ու յիշողութիւն, խորհրդային աշխարհաքաղաքացիութեան դէմ` ծննդավայրի եւ ծագումնաբանութեան վերահաստատում-վերարժեւորում:
ՆԱՐԻՆԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
ԾԱՆՕԹԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ
1 Ռ. Զարեան, Յուշապատում, գիրք 2, է, 1977, էջ 217:
2 Գ. Մահարի, Երկերի ժողովածու, 5 հատորով, հ. 2 , Ե., 1967, էջ 7:
3 Վ. Թոթովենց, Երկեր, Ե., 1957, էջ 17:
4 «Խորհրդային Հայաստան», 1934, 23 յուլիս, թիւ 168: «Գրական թերթ», 1934, 24 յուլիս, թիւ 19:
5 Գ. Մահարի, խօսում է Ակսել Բակունցը, «Գրական թերթ», 1934, 24 յուլիս, թիւ 19:
6 «Գրական թերթ», 30 .11. 2013:
7 Նոյն տեղում:
8 «Գրական թերթ», 1934, թիւ 4:
9 ՀՊԱ, ֆ. 1346, գ. 4, թ. 13-16, էջ 104-106:
10 «Գրական թերթ», 1936, 31 դեկտեմբերի, թիւ 29:
11 Ն. Զարեան, Ընդդէմ նացիոնալիզմի եւ տրոցկիզմի, յանուն սոցիալիստական մեծ գրականութեան, «Գրական սերունդ», 1936, թիւ 4, էջ 15-19:
12 «Նորք», 1989, թիւ 12:
13 «Գրական թերթ», 1936, 31 դեկտեմբերի, թիւ 29:
14 «Գրական թերթ», 1936, 20 օգոստոսի, թիւ 19:
15 Նոյն տեղում:
16 Դ. Գասպարեան, Գուրգէն Մահարի, Ե., 2013, էջ 163:
17 Գ. Մահարի, նշ. աշխ., էջ 49:
18 Գ. Մահարի, Սիբիրական, Ե., 2009, էջ 28-29:
19 Գ. Շահինեան, Գուրգէն Մահարի վաթսունի հանգրուանին, «Մշակ», Պէյրութ, 1964, էջ 57:
20 Ս. Արզումանեան, Սովետահայ վէպը, հ. 1, Ե., 1967, էջ 325:
21 Վ. Թոթովենց, նշ. աշխ., էջ 20:
22 Նոյն տեղում, էջ 174-175:
23 Գ. Մահարի, նշ. աշխ., էջ 186:
24 Նոյն տեղում, էջ 183:
25 Նոյն տեղում, էջ 182:
26 Ս. Աղաբաբեան, Արուեստի կնիքը, «Գրական թերթ», 1973, 10 օգոստոսի, թիւ 33:
27 Զ. Եսայեան, Սիլիհտարի պարտէզները, Ե., 1959, էջ 394:
28 Նոյն տեղում, էջ 398:
29 Ս. Արզումանեան, նշ. աշխ., էջ 332:
30 Զ. Եսայեան, Սիլիհտարի պարտէզները, էջ 395-396:
31 Վ. Թոթովենց, նշ. աշխ., էջ 65-66:
32 Ս. Արզումանեան, նշ. աշխ., էջ 355: