ԹՈՒՄԱՆԵԱՆԱԿԱՆ ՏԱՍՆԱԲԱՆԵԱՅ

ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿԵԱՆ

«Գործն է անմահ, լա՛ւ իմացէք…»
Յ.Թ.

Նա գրական յաւերժութեան իր անհասանելիութիւնից աւելի քան մէկ դար հայ լինելու, մարդկային լինելու, իր երկրին, ժողովրդին անսակարկ նուիրուելու դասեր է տալիս մեզ: Ու չնայած, շատ հասկանալի պատճառով, վաղուց նոր գործեր չի գրում, իւրաքանչիւր սերունդ նրա դասերը ընկալում է իւրովի: Կ՚ուզէի յաւելել՝ նորովի: Ես չգիտեմ՝ Յովհաննէս Թումանեանը ամենամեծ հայ բանաստեղծն է, թէ՞ ոչ, բայց միանշանակ է, որ Ամենայն հայոց բանաստեղծն է՝ արտայայտութեան ամենաբովանդակ ընդգրկմամբ:

Մենք սիրում ենք մեր Ամենայն հայոց բանաստեղծին պատկերացնել Հոմերոսի, Գէօթէի հետ իրենց աստուածային անմատչելիութիւնում մարդու վաղանցանելիութեան, կեանքի յաւերժութեան մասին խոկալիս ու մոռանում ենք մի՛ւս Թումանեանին, ինչպիսին եղել է, ինչպիսին ինքն է իրեն պատկերել. «Ինչպէ՜ս պիտի ծիծաղէիք, երբ ինձ տեսնէիք լեռներում, պատրոնդաշները գցած, զինուած ոտից գլուխ, հարիւրաւոր ձիաւորներով ու ճերմակ դրօշակով»:
1907 թուականն է, Թումանեանը 38 տարեկան է…
Սկսենք, սակայն, վերջից:
1921 թուականի մարտ ամիսն էր, Սեմիոնովկայում ձիւնը դիզուել, սառցակալել էր:
Լեռնանցքի մի կողմում դիրքեր էին գրաւել դաշնակցական, միւս կողմում՝ համայնավարական բանակի զինուորները: Չնայած դրան՝ ոմն մէկը յամառօրէն ուզում էր յաղթահարել լեռնանցքը: Ու նրա վրայ երկու դիրքերից էլ կրակում էին: Յետոյ նամակ կը գրի տուն՝ «Գուցէ արդէն լսած լինէք, թէ ինչպէս մի ֆրոնտից միւսն անցնելու ժամանակ, թէ՛ ուրիշների եւ թէ՛ իմ անզգուշութիւնից, ընկայ երկու կողմից էլ հրացանային ու պուլեմիոտային կրակի տակ — երկարատեւ ու սաստիկ, եւ էսպէսով ձիւնի միջով անցայ մօտ տասը վերստ, մինչեւ գիշերուայ կէսը մնացի դիրքերի առաջին… Ես չեմ էլ հասկանում, թէ ինչպէս ազատուեցի էն կարմիր կրակի տակից ու էդքան գնդակների տարափի միջից»:
Կրկնենք՝ 1921 թուականն է, ու Յովհաննէս Թումանեանը 52 տարեկան է՝ այսինքն, եթէ հակամարտող այս կամ այն կողմի, ինչպէս ընդունուած է ասել, կոյր գնդակը դիպչէր, շա՛տ հնարաւոր է, որ դիպչէր, հայ գրականութիւնը առնուազն պիտի զրկուէր թումանեանական 22-23 թուականների հանճարեղ քառեակներից: Բայց դեռ հարց է՝ այդ պահին նա իր բանաստեղծ լինելը յիշո՞ւմ, կարեւորո՞ւմ էր: Մեծ Եղեռնի արհաւիրքները տեսնելուց յետոյ անսպասելիօրէն ծերացած, ընկճուած բանաստեղծը այս անգամ էլ եղբայրասպան պատերազմի նախճիրից էր սահմռկում: Նա յորդորեց Թիֆլիսում ծառայող Յովհաննէս Բաղրամեանին, հետը Սերգէյ Օրջոնոկիձէին ներկայացաւ ու նրա հաւանութիւնը, յատուկ արտօնագիրը ստանալուց յետոյ, ինչպէս նկարագրեցինք, Սեմիոնովկայի բքաշունչ լեռնանցքով Երեւան հասաւ: Այստե՛ղ երեւի պիտի անդրադառնալ Թումանեանի անվերապահ, ինչպէս յետոյ ինքը համոզուեց՝ միամիտ ռուսասիրութեանը, որն, անշուշտ, Աբովեանից էր սերում: Որքա՜ն երջանիկ էր նա, երբ 1915 թուականի մայիսին, ռուսական բանակի ու հայ կամաւորականների Վանն ազատագրելու աւետիսը Թիֆլիս հասնելու պահին գրում էր «Վան ու Երեւան» յուզախռով հրապարակախօսական յօդուածը. «Փա՜ռք ու պարծանք ռուսաց մեծ ազգին ու իր յաղթական զաւակներին, փառք ու պարծանք մեր քաջարի կամաւորական խմբերին ու նահատակներին, որ իրենց մահով իրենցից յետոյ ապրողների հանգիստը, մարդավայել կեանքն ու մարդկային պատիւն ապահովեցին»:
Մեծ բանաստեղծի խանդավառութիւնն անսահման էր, նա հաւատում էր, որ հայ ժողովուրդն էլ լալկան երգեր չի երգելու, հայ բանաստեղծը տխուր տաղեր չի յօրինելու, որ 19-րդ դարասկզբին ռուսական զէնքի զօրութեամբ Երեւանն ազատագրուեց, 20-րդ դարասկզբին՝ Վանը: Թումանեանի նման ինքնաբուխ ոգեւորութիւնը երեւի ընթերցողին չէր էլ հասել, վարակել, ռուսական բանակը նահանջեց՝ իր բոլոր չարաղէտ հետեւանքներով՝ Արեւմտահայաստանը պարպուեց, որին յաջորդեցին նո՛ր նախճիրներ, նո՛ր բռնագաղթեր՝ ընդհուպ Էջմիածին ձգուող սովալլուկ որբուկների նո՛ր քարաւաններ:
«Մեր մեծ երազներից յետոյ ոչ միայն մինչեւ Արաքսի ափերը հասանք, այլ նոյնիսկ Էջմիածնի պատի տակերը», դառնութեամբ պիտի գրէր նա:
Ի՞նչ կարող էր անել հայ հանճարը նման օրհասական պահին՝ բաց նամակով դիմեց իր ռուս գրչընկերոջը՝ Սերգէյ Գորոդեցկուն, որը, հասկանալի է, օրուայ Ռուսաստանի իշխանութիւնների համար ոչ մի նշանակութիւն չունեցաւ: Իշխանութիւնները, աւելի ճիշտ՝ բռնապետութիւնները, եթէ տուեալ պահի շահը պահանջում է, իրենց չարենցներին ու բակունցներին են ոչնչացնում, ո՜ւր մնաց այլազգի մտաւորականների աղերսին անսան: Հէնց իրեն՝ Թումանեանին, ցարական պետանվտանգութեան ծառայութիւնը երկու անգամ չձերբակալե՞ց: 1908-ի դեկտեմբերին բանաստեղծին, դեռ որդուն էլ հետը, մօտ վեց ամիս Մետեխի բանտում մեկուսացրին, 1911-ի նոյեմբերին՝ յատուկ էտապով, 149 մեղադրեալների հետ Պետրոգրադ հասցրին, դատեցին: Ինձ թւում է՝ Կովկասեան ճակատից ռուսական զօրքի անսպասելի նահանջն ու յաջորդած ողբերգութիւնը այն ցաւալի ազդակները դարձան, որոնք վերջնականապէս Թումանեանին դրդեցին տարբերակել Պուշկինի, Տոլստոյի, իր այնքան սիրելի Լերմոնտովի Ռուսաստանը ռուսական իշխանութիւններից, որոնք, անկախ վարչակարգի փոփոխութիւնից, միշտ եւ ամէնուրեք իրենց շահն են հետամտում: Թումանեանական այս դասը աւելի քան այժմէական է այսօր, մեր պատմութեան արդի փուլում: Մենք մեր ճակատագրի անվերջանալի վայրիվերումների ընթացքում վերջապէս պատմական տարածքներ ենք ազատագրել, որոնք պահպանելու համար միմիայն մեր ուժին, զօրութեանը պիտի ապաւինենք, որ Վանի ողբերգութիւնը չվերապրենք:
Յաջորդ անգամ Թումանեանը Երեւան եկաւ 1921-ի աշնանը: Խորհրդային Հայաստանում տեղի էր ունենում Հայ օգնութեան կոմիտէի՝ ՀՕԿ-ի հիմնադիր համագումարը, որին մասնակցում էին նաեւ Վրաստանի հայ մտաւորականները: Առաջարկեցին, որ կոմիտէի նախագահն ինքը լինի, հրաժարուեց: Ընդմիջմանը Լէոյի հետ ճեմում էր Աստաֆեանով, քաղցից նուաղած, փողոցի բանուկ մասում մահացած գաղթականի դիակ տեսաւ: Թումանեանը երկար նայում էր մեր ժողովրդի անճիտման հոգեցունց այդ պատկերին, յետոյ, անսպասելի Լէոյին շրջուեց.
—Ոնց որ թէ պիտի համաձայնուեմ, գաղթականներին, ինչքան ուժս պատի, օգնեմ:
Նկատի ունենանք, որ նա արդէն Կովկասի հայ գրողների ընկերակցութեան, Հայրենակցական միութիւնների միութեան, Պատերազմից վնասուածներին օժանդակող ընկերութեան, Որբերի ու գաղթականների օգնութեան հանգանակիչ կոմիտէի, Հայերի կրած վնասների քննիչ յանձնաժողովի, Թիֆլիսի հայ արուեստի տան, Արեւելեան ժողովուրդների միութեան նախագահն էր, ընդ որում ձեւականօրէն չէր գլխաւորում այդ յանձնախմբերն ու ընկերակցութիւնները, ինչպէս ինքն է առանց տրտնջալու խոստովանում, օրական չորս-հինգ նիստ էր գումարում, վերջում էլ կոչեր, համախօսականներ էր գրում, խմբագրում, աշխարհին ներկայացնում հայ ժողովրդի օրհասական վիճակը, օգնութիւն հայցում, առնուազն՝ ակնկալում: 1922 թուականին, որպէս ՀՕԿ-ի նախագահ, գաղթականների համար հանգանակութիւն կազմակերպելու նպատակով Թումանեանն իր գրասեղանը թողեց, ընդհուպ Պոլիս հասաւ, ամիս ու կէս մնաց: Դեռ Փարիզ էլ պիտի գնար, առողջութիւնը կանխեց: Քաղցկեղն իրեն զգացնել էր տալիս: Իրաւացի էր Անդրանիկը՝ «Իր արենակիցներուն դառն վիճակը եւ չարչարանքները խլեցին իր խնդում ճակատէն ու աչքերէն ժպիտը, ծիծաղը, անթեղելով իր սրտին մէջ իր ցեղին ցաւը: Այդ ցաւը մաշեցուց, հատցուց զինք…»:
Դեռ թողնենք առողջութիւնը: Եթէ Թումանեանը ազգային նման բուռն գործունէութեամբ չտարուէր, երկու անգամ Արեւմտահայաստան չհասնէր, Էջմիածնում երկու դուստրերի հետ ամիս ու կէս հայ որբերի հոգսերը չհոգար, հայրենի գիւղի, Ղարաքիլիսայի ինքնապաշտպանութիւնը չգլխաւորէր, հնարաւո՞ր է երեւակայել, թէ ի՜նչ շողշողուն մարգարիտներով կը պճնէր հայ գրականութեան լուսեղէն ճակատը: Սակայն նա նախ եւ առաջ իրեն իր ժողովրդի զաւակն ու զինուորն էր համարում, նրան անմնացորդ ծառայելն առաջնահերթ պարտքը, պարտականութիւնը կարծում: Մեր մեծագոյն հանճարն իր կարգախօսն ունէր, որին հաւատարիմ մնաց ամբողջ կեանքում. «Բանաստեղծը պիտի լինի իր ժողովրդի հետ: Ժողովրդի եւ ոչ թէ ամբոխի»:
Եթէ մենք ուզում ենք սերտել ու վերասերտել թումանեանական տասնաբանեան, պիտի մի՛շտ մտապահենք այս պատգամ-պատուիրանը: Յայտնի է, թէ վերանկախացումից յետոյ հայաստանահայութեանն ինչ փորձութիւնների մատնեցին նրանք, ովքեր ոչ թէ ժողովրդավարներ, այլ ամբոխավարներ էին՝ այստեղից բխող թումանեանական բոլոր հետեւութիւններով: Ընդ որում, հայրենանուիրումը նրա համար սոսկ բանաստեղծական զեղում ու պոռթկում չէր, այլ Մամիկոնեան իշխանական տոհմից սերող թումանեանների ազգուտոհմի նկարագիրը:
1917 թուականին նա գրում էր Անդրանիկին՝ «Չորս տղայ, չորս աղջիկ եմ տուել հայրենիքին, ես էլ ո՛ւր կը կոչի քո եղբայրական ձայնը, պատրաստ եմ գալ»: Ամենայն հայոց բանաստեղծը չէր չափազանցում, 1915 դժնդակ թուականին սպանուեցին Ռոստոմ եւ Արտաշէս եղբայրները, 1918 թուականի նահանջին՝ 22 տարեկան Արտաւազդ որդին, ինչպէս յիշատակեցինք, երկու դուստրերը Էջմիածնում միացան իրենց հօրն ու մոլեգնող համաճարակներն արհամարհելով, արեւմտահայ որբուկներ խնամեցին…
Յովհաննէս Թումանեանը մեծ բանաստեղծ, մեծ հայրենասէր ու ազգային գործիչ էր, իսկ դա նշանակում է, որ նոյնպիսի յարգանք ունէր միւս ժողովուրդների նկատմամբ: Յայտնի է, թէ յատկապես Մեծ Եղեռնին յաջորդող տարիներին ինչպիսի անձուկ պայմաններում էին ապրում ինքն ու իր ընտանիքը: 1920-ին բախտը կարծես ժպտաց՝ Բաքուից 30 000 ռուբլի պատուավճար ստացաւ: Ի՞նչ արեց այդ գումարը Թումանեանը: Ի՞նչ կարող էր անել Թումանեանը՝ առաջին 10 000-ը նուիրեց Գորիի երկրաշարժի աղէտեալներին, երկրորդ 10 000-ը՝ Ռուսաստանի սովեալներին, վերջում միայն՝ երրորդ 10 000-ը՝ Վանի գաղթականներին:
Իր «Վերջին տեղատուութիւնը» յօդուածում բանաստեղծն այսպիսի տողեր ունի՝ «Կատարուելու է հայութեան Մեծ Վերադարձը Հայաստան»: Թաւագրենք, որ այս դէպքում նա Արեւմտահայաստանը նկատի ունէր, ու ուշադրութիւն հրաւիրենք այն բանի վրայ, որ «Մեծ», «Վերադարձ» բառերը գլխատառով էր գրել: Թումանեանը «Մեծ Վերադարձի» երազին հաւատացել է դեռեւս պատանեկան հասակում, երբ զէնք գնեց, որ միանայ Արեւմտահայաստանին օգնութեան փութացող Ալեքսանդր Գոլոշեանի մարտախմբին, բայց անսպասելի հիւանդութիւնը թոյլ չտուեց: Այնուամենայնիւ, նա իր մեծ հաւատին ամբողջ կեանքում հաւատարիմ մնաց ու իր հանճարեղ գրականութեամբ, հրապարակագրութեամբ փոխանցեց մեզ:
Ուրեմն հաւատանք Ամենայն հայոց բանաստեղծին, ում չհաւատալ չենք կարող՝ նա մեզ պիտի առաջնորդի Արեւմտահայաստան:

Երեւան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *