ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿԵԱՆ
Ոչ հեղինակին գիտեմ, ոչ՝ բեմադրիչին: Այնքանն եմ լսել, որ Քեմալ Աթաթուրքի բռնահանութիւնից յետոյ («Կամ՝ թրքացէք, կամ՝ հեռացէք») Բուլղարիայի Պլովդիւ քաղաքում ապաստանած քեռայրս «Թալէաթի անկումը» ամենայն հաւանականութեամբ սիրողական ներկայացումում ստանձնում է Սողոմոն Թեհլիրեանի դերը: Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հայդենբերգ փողոցում , երբ նա ձեռքը ճիւաղի ուսին է դնում, ու նա յետ շրջվելով, այլայլուած հարցնում է՝ «Ի՞նչ էք կամենում երիտասարդ», քեռայրս իր կողմից մի նախադասութիւն է ավելացնում՝ «Մէկ ու կէս միլիոն հայերի արիւնն եմ ուզում», ու նոր միայն սնդաւում(*) է:
Արարատեան Հայաստան ներգաղթելուց յետոյ, ընտանեկան հաւաքոյթներին քեռայրս այդ նախադասութիւնը յաճախ էր կրկնում, ու հայրս միշտ մատը շրթունքներին էր տանում՝ «Կամա՛ց, հոս պատերն ալ ականջ ունին»: Մենք երեխայ էինք, տարակուսանքով էինք մեր շուրջը նայում՝ պատը ականջ կ՚ունենա՞յ: Պարզուեց ունի. այդ մի նախադասութեան համար քեռայրիս Սիբիր աքսորեցին, բայց «արիւն» խորհրդաբառը, որն այս դէպքում հասարակ գոյական չէ՝ միլիոնաւոր նահատակներ են, 850 ազգընտիր մտաւորականներ, հայրենական ծով հարստութիւն, վերջապէս՝ գերուած բնօրրան, մնաց:
Ահա այս խորհրդաբառը նորովի ընկալելու, նորովի իմաստաւորելու մղումն է մեր օրերի գրողին ու մտաւորականին՝ Ֆելիքս Բախչինեանին, Մեծ Աղէտից աւելի քան հարիւր տարի անց հասցնում Դէյր էզ-Զօր: Ճանապարհին նա մի գիշեր հանգրուանում է Հալէպի «Բարոն» հիւրանոցում՝ ճակատագրի հեգնա՜նք, այն նոյն կեցասենեակում, որտեղ ինչ-որ ժամանակ հանգրուանել է Քեմալ Աթաթուրքը՝ Թուրքիայի Հանրապետութեան հիմնադիրը, առաջին նախագահը։ Թուրք ժողովրդի «հայրն» ու ժամանակակից հայ մտաւորականը, որը գրքում ներկայանում է տարօրինակ ծագումնաբանութեամբ՝ որպէս կարինցի պապից ու արցախցի տատից սերուած սփիւռքահայ գրող, ամբողջ գիշեր չեն քնում: Հասկանալի դրդապատճառներով: Այն բանից յետոյ, երբ Մուստաֆա Քեմալն ու Ուլիանով Լենինը բորենիների պէս միացել, յօշոտել են Հայաստանը, շատ իրադարձութիւններ են տեղի ունեցել: Նորայայտ մի ճիւաղ՝ Ստալինը, «եղբայրական» Ադրբեջանին է նուիրել Նախիջեւանն ու Արցախը, նմանակելով թուրք Թալէաթին, անճիտել է հայ մտաւորականութեանը: Մի չնչին տարբերութեամբ՝ եթէ Թալեաթն ուզում էր հայութեանը Միջագետքի կիզիչ անապատներում բռնասպանել, Ստալինը նոյն նպատակի համար Սիբիրի սառցաստաններն էր նախատեսել: Այնուամենայնիւ հայ ժողովուրդը ոչ մի ակնթարթ չի դադարեցրել պայքարը՝ զինուած պայքարը («միայն զէնքով կայ հայոց փրկութիւն»): Անգամ Աթաթուրքի ակնածանքը յարուցած Անդրանիկին հաջորդել են հայ վրիժառուները, հայ վրիժառուներին՝ հայկական գաղտնի բանակների արդարամարտիկները, արդարամարտիկներին՝ մերօրեայ երկրապահները, որոնք ազատագրել են Արցախն ու վերականգնել ազգային պետականութիւնը: (Արծիւ-մահապարտներ» գումարտակի ամենատարեց ազատամարտիկը՝ Սպարտակ Մաթեւոսեանն ինձ հաւատացնում էր, որ Շուշիի յաղթանակի օրը Ստալինը շուռ է եկել դագաղում ու երազում էր կռուել մինչեւ այն օրը, երբ Նախիջեւանն էլ կ՚ազատագրուի, հրէշը մի անգամ էլ դագաղում շուռ կը գայ ու յետոյ վերջնականապէս «գէօռբագէօռ» կը լինի):
Թւում է, թէ անցեալ դարավերջի մեր դարակազմիկ նուաճումներից յետոյ «Մի գիշեր Աթաթուրքի սենեակում» խոհապատմական գրքի հեղինակը յաղթանակած պիտի նայի թուրք ժողովրդի «հօրը», բայց այդպէս չէ: Ցաւօք՝ այդպէս չէ: Բախչինեանն անողոք՝ այսինքն անաչառ է ոչ միայն ոսոխի, այլեւ իր ժողովրդի նկատմամբ: Նա հրապարագրական անհանդուրժողականութեամբ է դատափետում մեր՝ ազգային պետականութիւն կերտող երկրին անհարիր փտածութիւնը, դրամամոլութիւնը, այլ մոլութիւնների նորայայտ դրսեւորումները, եւ իբրեւ այս ամենի կործանարար հետեւանք՝ զանգուածային արտագաղթը: Այս հպանցիկ պահին հայ եւ թուրք զրուցակիցները կարծես համամիտ են: Հայ հանրութիւնը դարեր ի վեր իր բոլոր ողբերգութիւնների համար թշնամուն մեղադրելով իրեն ձերբազատել է ազգային պատասխանատւութիւնից, ինքնաքննադատաբար չի վերաբերուել իրեն, դիրքորոշումը չի ճշգրտել: Անընդմէջ նոյն արդարացումը՝ «թո՛ւրքը, թո՛ւրքը, թո՛ւրքը»: Ընթերցողը համոզւում է, որ դա շատ լաւ գիտեն, թուրքական հայատեացութիւնը խարանել են անգամ հայ ժողովրդի այլազգի բարեկամները, հեղինակի՝ մէջբերումներով վկայակոչած Նանսէնը, Մանդելշտամը, Գորոդեցկին, մեր օրերում Մեժելայտիսը, բայց երբեւէ ինքներս մե՛զ գոնէ հարցրե՞լ ենք, թէ ինչպէս է պատահել, որ նոյն թուրքի տակ հեծող բոլոր ժողովուրդները, բառացիօրէն բոլորը՝ յոյները, արաբները, ռումինները, ազատագրուել են Օսմանեան լծից, իսկ մեր նախնիները ոչ միայն չեն ազատագրուել, այլեւ կորցրել են Արեւմտահայաստանն ու Կիլիկիան: Ի վերջոյ, Հայաստանի երրորդ՝ Արարատեան հանրապետութիւնը աշխարհի թերեւս միակ միարիւն, միազգ երկիրն է. հիմա ո՞ւմ մեղադրենք այն աղաղակող արատների համար, որոնց դառնութեամբ անդրադառնում է հեղինակը:
Ահա հարցեր, որոնց պատասխանները ստանալու համար էլ հէնց Դէյր էզ-Զօր է գնում: Միայն թէ նա նախօրօք պիտի իմանայ, որ Դէյր էզ-Զօրը գերեզմանոց չէ: Մենք մեր նահատակներին հարիւր տարի անց էլ հողին չենք յանձնում, որովհետեւ հաւատում ենք՝ նրանք մեռելներից պիտի կենդանութիւն առնեն, իրենց ազատագրուած բնօրրանները վերադառնան: Մենք էլ՝ նրանց հետ:
Երեւան
*) Սնդաւել — սպանել (Խոտորջուրի բարբառ)