ՎԱՀԱՆ ՍԱՂԱԹԵԼԵԱՆ
Կոյր ու գուլ մարդի՛կ, առանց երազի
առանց լսելու հէքեաթն այս վսեմ,
իրար կոկորդից պատառ էք հանում
եւ դարձնում աշխարհն՝ ահաւոր ջեհնեմ:
ԱՒԵՏԻՔ ԻՍԱՀԱԿԵԱՆ
Երկիրը քոնն է, մեծաւոր, երկրի սրտախինդ ուրախութիւնն ու վայելքը, խրախճանքն ու ծափուծիծաղը քոնն են ու մերը չեն, մերը Խորենացու ողբն է: Երկրում մեր երեխաները չէ՝ քո երեխաներն են ապրում. մեր երեխաները նրանց յանցաւոր-թանձր ստուերներում յուսահատութիւնից ծմրում ու դեռ կեանք չտեսած՝ կեանքն անիծում են: Երկիր աշխարհը քոնն է ու երգն է մերը. «Աշխարհը մերն է, մերը, աշխարհը մերն է, այս աշխարհում ամեն մի հայ աշխարհի տէրն է»: Բա որ լսէիր՝ ո՜նց կը ծիծաղէիր մեր անթեւ-անփետուր ճախրանքի վրայ՝ «Մի սեփական կատու չունեն՝ աշխարհի տէ՜րն են»: Բայց թէ էս է, մեծաւոր, թէկուզեւ անթեւ-անփետուր՝ թռիչքի վեհութիւնը սողալու նսեմութիւնից անվրէպ զատում ենք: Երեկ էլ այսօր էլ ու դեռ վաղն էլ անսխալական զատելու եւ մեզանից հեռու ենք վանելու սողունի գետնաքարշ նսեմութիւնը, քանզի ճանաչողութեան պատգամն է իմաստուն՝ սողունի մէջքին հաւքի թեւ էլ կպցնես՝ չի թռչի, որովհետեւ նրա սրտի մէջ թռիչքի վեհութիւն չկայ. սողունի մտքի ու երեւակայութեան սահմանը, ի վերջոյ, խոռոչի խաւարն է: Մենք մեր լռութեան լոյսի մէջ չպղծուեցինք, եւ անմասն մնացինք սադայէլի խարդաւանքներից, որովհետեւ մենք մեր տեսակով անհաղորդ ենք սողունի վարքին: Մեր մի պուտ արիւնը դեռ ջուր չի դառել, որ մի բիզոնի կաշի էլ մենք մեր ջանին քաշենք ու խլանա՜նք, ու համրանա՜նք էս աշխարհի դարդուցաւի առաջ: Հոգի ունենք տալու, մեր խիղճումտքի մէջ արթուն ենք, մեր վարքը շորի պէս չենք փոխում ու հէնց մեր անփոփոխ վարքի հրահանգով էլ քեզ ասում ենք. քո ապրած վայելքը քեզ հալալ լինի, բայց չէինք ուզենայ, որ մեր միամիտ հարցը քո կողմից անպատասխան մնար. բա դու էսքան տարի մեր անլոյս-անխրախճանք միջավայրում ապրեցիր ու յուսահատութիւնից մորմոքող մի սիրտ անգամ չտեսա՞ր, որ էդպէս վայրի կենդանու բնազդով եօթ ծալք թանձրոյթում անհոգ ու անդարդ որոճում ես: Ախր էդ վայրի կենդանու վարքն էլ է Աստծոյ կամքով սահմանուած, բայց քո վարքը չափ ու սահման չի ճանաչում: Քո ուղեղը զեղումներից ջրիկացել, հոսել ու քո ագռմէջի նեղուածքում լճացել է: Եւ քո մտածողութեան օրգանը տեղփոխ է եղել. հիմա դու օրնիբուն մարտեան կատուի բնազդի մէջ ես. օրը մի մատղաշ աղջիկ ես քարշ տալիս անկողին, ու նրան թիկունք կանգնած տղամարդուն փալաս դարձնում՝ ոչնչացնում ես: Ու որ կողքից կէսբերան-կէսշշուկ քո վարքը կշտամբում են՝ նեղանում ես: Ախր ինչո՞ւ ես նեղանում, մեծաւոր ջան, բա ծնող են, գոնէ մէկ հատիկ խօսք ասելու համարձակութիւն է՞լ չունենան, գոնէ մէկ հատիկ խօսքով իրենց սրտի ցաւը չդարմանե՞ն, գոնէ չասե՞ն՝ Աստուած պահի քո բալին, ո՞նց էր համը իմ ձագի…
Ցաւն ատամների տակ՝ մարդիկ նամուս-թասիբի մէջ խարկւում-փոշիանում են, իսկ դու նրանց ցաւի թիկունքում պահ մտած՝ բախտիդ հետ մուկ ու կատուի խաղի մէջ ես ու գլխիդ գալիքը չգիտես. քանի կաս՝ սանձակոտոր վարքով խղճիդ տունն աւերում ես, բայց իմաստունի խրատը պատգամում է՝ աշխարհում ոչ մի բան անհետք չի կորչում. քո հասցէով չանչաւորուած անէծքը քեզ չհասաւ՝ զաւակիդ է հասնելու, վախճանից յետոյ անգամ այդ տապալող թափի մէջ հանգիստ չես ունենալու: Խղճի վերին թարէքում պահ տուած մի յիշեցում կայ, մեծաւոր՝ մարդը գնում է՝ նրա գործած մեղքը մնում. այդ յիշեցմանը դու անհաղորդ մնացիր ու մեղքի հրէշաւոր շաղախում քեզ ոտից գլուխ ապականեցիր: Եւ չես էլ գիտակցում, որ քո թաթի տակ խեղուած մարդկանց մէջ յիշողութեան հետքերը չեն ջնջւում, մտքովդ անգամ չի անցնում, որ քո զոհերի պատուազգաց զաւակները մի օր գալու եւ նողկանքի վրէժով միզելու են քո շիրմաթմբին, միզահոտը ցաւատանջ մրմուռով հասնելու է քո փտած ոսկորներին, եւ դու վերապրումի տեսիլքում դարձեալ ու նորէն զգալու ես քո այլասերուած կեանքի ողջ գարշահոտութիւնը…
Թէ չէ… Ասում ենք խիղճ՝ դիմացինի կրծքի տակ ես որոնում, ասում ենք հայրենիք՝ մեղրի կարաս ես հասկանում, ասում ենք աղջիկ՝ արեան պղծութեան ու անառակութեան գործարք ես հասկանում… Չեղաւ, չէ՞, մեծաւոր, շանտղութիւնն էլ է երբեմն մարդու կրծքի տակ բոյն դնում, բայց քո կրծքի տակ միայն էդ բոյնն է՝ ձագերն էլ մէջը: Ախր ամեն ինչին աւարտ կայ, ներողութիւն, հազար ներողութիւն ասենք ու քեզ յիշեցնենք. նոյնիսկ քո նման անիմաստ-զօրեղ թափն է սանձուելու վախճանի կանգառում, քեզ երկար կեանք ցանկանանք ու նաեւ յաւելենք՝ նոյնիսկ քո պայծառափայլ անձն է փոշիանալու տիեզերք կոչուած այս ցնորքի մէջ: Հաւատայ մեզ, մեծաւոր, մենք մեր լեզուն անէծքով չենք պղծում ու քո վատը չենք ցանկանում, բայց մի խնդրանք-յորդոր ունենք՝ քո ամենօրեայ խրախճանքից յետոյ մէկ-մէկ երկնքին նայիր. հաւը որ հաւ է, ջուր խմելուց յետոյ երկնքին է նայում, որ խմած ջուրը չհարամուի: Դու մի նեղուիր. հաւից էլ կարելի է բան սովորել, եթէ առհասարակ սովորելու ընդունակ ես: Եթէ առհասարակ խիղճդ ու հոգիդ վերջնականապէս մեռած չեն: Բայց չէ, էդ ընդունակութեան հարցում դու հաստատ անընդունակ ես. քո խիղճն ու միտքը թիկունքիդ աւերակուած սրբութիւնների հարցում իրենց մասնակցութիւնն ու վկայութիւնը յատկապէ՛ս ունեն, բայց քեզ մեղքի բաժին վերագրելու հարցում մենք մի քիչ վարանումով ենք մեր չափը սանձում. ախր քո տեսակն էդ է՝ պակասեցնող ու չաւելացնող, գլխացաւը գլխատումով բուժող, սեւը սպիտակի տեղ անցկացնող… Քո աւշանօթներում հոսող հեղուկն էդ է՝ առուի պղտոր ջուր, որ հաւն էլ չի խմի, որ խմի էլ՝ երկնքին չի նայի… «Էդ ինչի՞ ինձ հետ եզակի ու քեզ հետ յոգնակի ես խօսում», — լսեցինք մտրակաւոր-տիրական ձայնդ: Ասենք մատաղ. մենք մեր ես-երով միասին մենք ենք, իսկ քո ես-ը իր կեղեւում փակուած մնաց ու մենք չդարձաւ: «Դունչդ խաղողին չհասա՞ւ, — իբր շատ ուժեղ ծաղրեցիր, — ես քեզ հետ ի՞նչ ունեմ ընդհանուր»: «Ընդհանո՞ւր, —մի պահ տարակուսեցինք, — նոյն օդն ենք շնչում, մեծաւոր»: «Դու էլ ե՞ս շնչում, — ներսիդ նամշահոտը գոլորշի կապեց դէմքիդ ու յանկարծակի դիւոտեցիր. — էդ հեգնում էլ ե՞ս. եանի որ ասում ես մեծաւոր, դու էդ իբր ո՞ւմ նկատի ունես»: Ասենք, մեծաւոր, մեր սրտի թալկացած խորքում լրիւ անկեղծանանք, երկիր շէնացնող մեր աթոռաւոր արժանիներին, լաւերին, ընտրեալներին խոնարհումով ծափահարենք ու քեզ անկեղծ պատասխանենք՝ բոլոր նրանց, ովքեր իրականում փոքրաւոր են՝մեծաթափ աղէտով, ովքեր երկիրը միայն սեփական ծնօտներով են զգում եւ երկիր ասելով եօթ պատ ծալքով մեկուսացուած ու իր խլութեան մէջ թմբիրուած իրենց շքեղաշուք դղեակն են հասկանում, ժողովուրդ ասելով՝ այդ դղեակում ապրող իրենց կնոջն ու երեխաներին, ովքեր գարնան ծաղկունքի մէջ ժողովրդի գլխին ձիւն են մաղում, թալանում են, նսեմացնում են, ստորացնում ու ստրկացնում են, իսկ որ գործը ամբիոններից ճառ ասելուն հասաւ՝ սրտազեղ նուիրուածութեամբ հալւում են՝ ի՜մ ժողովուրդ: Բա որ յանկարծ «քո ժողովուրդը» մի օր շուռ գայ ու ասի՝ ստի՞…
* * *
Եւ էդքանից յետոյ եկեղեցի ես կառուցում: Մի փոքրիկ մատուռ չասեմ, քո հոգում ախր մի մոմաքար էլ չունես, որ մէկ հատիկ մոմ կպցնես-վառես ու կէնտ մէկ մոմալոյսով հոգուդ խաւարը լուսաւորես՝ եկեղեցի՜ ես կառուցում: Քո կառուցածն ախր եկեղեցի չի, մատաղ, խաչ ու գմբէթով շինութիւն է, որովհետեւ այդ եկեղեցին դու նախ քո հոգու մէջ պիտի կառուցէիր, որ չես կառուցել: Ու քո աղօթքն էլ աղօթք չի ու ընդամենը անգիր արած տէքստ է, որովհետեւ քո աղօթքի մէջ Աստուած չկայ ու քո սերտած տէքստով դու Աստծոյ հետ չես հաղորդակցւում, ինքդ քեզ հետ ես հաղորդակցւում, թալանի գնալուց անգամ աղօթում ու քո աղօթքով ինքդ քեզ ես խաբում-խաղաղեցնում, իբր տեսէք, թէ ինչքան Աստուածասէր ու բարեպաշտ հայ եմ: Մի՛ արա, մեծաւոր, մեզ ու քեզ խաբում ես, գոնէ Աստծուն մի՛ խաբիր, ինքդ քեզ մի՛ պղծիր, Աստծո դատաստանն ահեղ է ու չի ուշանայ, մի՛ արա, մեղք ես, երեխաներդ են մեղք, քո մեղքի տակ դժուար է մարդ մնալը, մեզ չէ՝ գոնէ երեխաներիդ խղճայ:
Լրջութեան ծանրութիւնը արի միասին ցրենք ու թատրոնի մի պուճուր խաղ խաղանք. իբր մենք հարիւր տարուայ ընկեր-ախպէր ենք (հիմայ կ՚ասես՝ ես քեզ ի՞նչ ընկեր-ախպէր, արա՜…) եւ շուլուխի իրաւունքը հացուսեղանի սրբութեամբ ենք վաստակել ու էդ իրաւունքով էլ հիմա քեզ հարց ենք տալիս…Մենք մեզ դպրոցահասակ երեխաների չարաճճի տարիքում պատկերացնենք ու հէնց չարաճճի անմիջականութեամբ էլ քեզ մի հարց տանք՝ երկուսին գումարած երկուս, կամ որ նոյնն է՝ երկու անգամ երկու՝ ի՞նչ կ՚անի, մատաղ: Եթէ դժուար է՝ հարցը մի քիչ այլ կերպ ու քեզ համար հասկանալի ձեւակերպենք՝ երկու հեկտար ծիրանի այգի դու ունես, հիմա որ բարեգործութիւն անես ու երկու հեկտար էլ ուրիշից խլես՝ ընդհանուրն ինչքա՞ն կը լինի: Մի շտապի, հանգիստ մտածի, շատ մի լարուի, մատաղ, ուղեղիդ մազանօթները կարող է յանկարծ չդիմանան ու պայթեն, յետոյ «քո ժողովուրդը» գլուխը ո՞ր մի պատովը տայ, քեզնից թափուր կեանքն ախր այլեւս կեանք չի լինի եւ անտէր ու անպաշտպան մնացած ժողովրդի համար դժոխք կը լինի, թէ՞ պիտի ասէինք դրախտ կը լինի, մեծաւոր: Չգիտենք, մենք ո՞վ ենք, որ քեզնից թաքուն կարծիք ունենանք, որովհետեւ մեծաւորը դու ես ու քո որոշելիքն է, թէ մենք ինչ պիտի մտածենք ու ինչ պիտի ասենք, ու մենք հիմա ասում ենք՝ եւ քո շուաքում քանի մենք կանք՝ քո ծառան լինենք, քո խարջը միշտ տանք: Ճիշտ չենք ասու՞մ, մատաղ, դրախտ-դժոխք մղձաւանջներում բա մեր տեղը ճշտողը դու չե՞ս, բա որ յանկարծ հերսոտես ու զմեզ տանես ի փորձութիւն՝ յետոյ՞…
Մեր միտք ու երեւակայութեան լարումով մեր գրած տէքստին քեզ ընթերցող պատկերացրինք ու քո առասպելական քրքիջը մեր ականջներում արձագանքուած լսեցինք. «Այ միամի՜տ, երկու անգամ երկուսը իմ ինչի՞ն է պէտք. ես դա վաղուց իմացել ու մոռացել եմ. ես գիտեմ հազար անգամ հազարը, հազար անգամ միլիոնը, իսկ երկու անգամ երկուսի թուաբանութիւնը դու իմացիր, որ քո գոյաքարշ թշուառութեամբ կնոջդ համար մի կերպ ամուսին ու զաւակներիդ համար գոնէ անձնագրային գրանցումով հայր մնաս ու ժամանակից շուտ դագաղի ապրանք չդառնաս»: Դու ճիշտ ես, դու ի հարկէ ճիշտ ես, որովհետեւ տանտէրը դու ես, խօսքի իրաւունքը քոնն է, ու հիւրը լեզուն իրեն քաշած պիտի մնայ՝ շիրմաքարի լռութեան մէջ ներքաշուածի համրութեամբ, չուլանի քունջում ընկած հին ապրանքի մոռացութեամբ, հոգեւարք ապրող շնչաւորի անգիտութեամբ, վանքի պատի տակ մոլորուած գառան հնազանդութեամբ… Դու ճիշտ ես, որովհետեւ քո լեզուի թափը գլխից եկած հրահանգով չէ՝ գրպանի զօրութեամբ է ղեկավարւում: Բայց մի բան էլ կայ, մեծաւոր. մարդն ու գազանը իրարից խելքով ու խղճով են տարբերւում, դրա համար էլ մէկը մեռնում է, միւսը…Թէ չէ՝ մի պուտ կեանք է, էդ ո՞վ անդարդ ապրեց ու ասաց՝ վայելեցի: Մեր խօսքն յանկարծ սխալ չհասկանաս, մեծաւոր, մեր խօսքի մէջ պարտքուպահանջի թափանցիկ ակնարկ չկայ, ոչ էլ քեզ ճշմարիտ քրիստոնեայի խղճով ենք բարուրում, թէ՝ փողերդ բաժանիր կարիքաւորներին՝ խէրի մէջ կը լցուես: Էդ բարձր գիտութիւն է, մատաղ, ու քո սակաւ մտքին անհասու է: Եթէ անգամ կողքինների յորդորով ձեռքդ գրպանդ էլ տանես՝ բան դուրս չի, անօգուտ բան է՝ միտքդ ու խիղճդ ճողուածք կը տան, գործ չունես…Մարդ ես, աչք ունես ու տեսնում ես, ականջ ունես ու լսում ես, բա էս մեր ապրած կեանքի ժխորը քո ուղեղի մէջ միտք չի՞ դառնում, թէ էս մարդիկ ինչու՞ են էսպէս խուճապահար աճապարանքով երկրից փախչում, ինչո՞ւ են երկու-երեք միլիոնն իրենց հարազատ երկրում ու եօթ-ութ միլիոնը պանդխտութեան մէջ ապրում: «Եօթ ութ միլիոն պանդուխտ հայի հա՞րցն ինչու ես ինձ հետ կապում, — ծոյլ աշակերտի ինքնապաշտպան բնազդով՝ թթուած-դժգոհ խօսքը բողոք դարձաւ շուրթիդ, — քեզ որ մնայ Քենեդիի սպանութեան գործն էլ ինձ վրայ կԸ բարդես»: Մենք դատաւոր չենք, մեծաւոր, որ ոճիրի ու պատժի արանքում վճիռ կայացնենք, բայց մենք էլ մարդ ենք, մտածել գիտենք ու մի բան քեզ չասել չենք կարող՝ երեկ էլ, այսօր էլ, մեր տունը նախեւառաջ քո տեսակն է քանդել եւ դեռ վաղն էլ քանդելու է: Եթէ մեր հասանելիքը մերը չի ու քոնն է, եթէ մեր իրաւունքը մերը չի ու քոնն է, եթէ բորենու քո ախորժակը աղէտալիօրէն բաց ու անկառավարելի է, ինչո՞ւ ես զարմանում, որ քո մշտասարսափ ներկայութիւնից մնացած քիչն էլ փախչում ու գնացած շատն էլ այլեւս չեն վերադառնում: Դարձեալ ծուռ նստենք ու շիտակ խօսենք. փողն իր բնոյթով կարծես թէ դէպի խելքը պիտի գնար, չէ՞, էս ի՞նչ սեւ կատու անցաւ խելքի ու փողի արանքով, որ փողն էսպէս հեշտ փոխեց հասցէատիրոջը: (Թէ՞ բարքերի յարահոսում այլասերուեց ու սեռը փոխեց): Ինչու՞ազգի ընտրեալը լուսանցքում ու թերմացքը թախտի վրայ յայտնուեց: Տասը միլիոն հայ (քեզպէսներին հանած) մոլորութեան մէջ խճճուած են՝ ե՞րբ պիտի առաջ-առաջ բոռալով առաջ-առաջ գնանք ու ետ-ետ չգնանք: Բա ամօթ չի՞ աղքատ երկրում հարուստ լինելը, մատաղ, թէ ընչաքաղցութեան ջահը միայն ոտքերի առաջն է լուսաւորում…
Մենք մեր երեսին խաչ հանենք եւ մեր զարմանքին ու խոր հիասթափութեանը քեզ վկայ պատկերացնենք ու հէնց քեզ դիմելով էլ մեր սրտի ցաւը լեզուի խօսք դարձնենք. դու էս ի՜նչ կենսունակ տեսակ ես, մեծաւոր, էս ի՜նչ մագիլաւորուած չարիք, ցնորքի պատկերով էս ի՜նչ չարորակ գոյացութիւն ես, որ էսպէս յարատեւօրէն կաս, ժամանակի բոլոր կեռմաններում ներկայ ես, դարեր շարունակ «քո ժողովրդի» քրտինքով սնւում, կեանքը հարամում ու ինքդ զօրեղանում ես: Չանչաւոր սարդի անէ՞ծք ես, սադայելի մի պուտ արեան մէջ մղձաւանջուած երա՞զ, որ էսպէս անսիրտ ու անհաղորդ ես ուրիշի ցաւ ու վշտին. սոված երեխայի դէմը լափում ու ընկածի վրայ որձաձիու պէս խրխնջում ես: Ու քո վարքը մարդկանց աչքերի դէմ մլար է կապում, դէմներն անթափանց պատնէշ դնում ու մտքերի մէջ պանդխտութեան ճամբայ փռում…Եւ յուսահատութեան ոստայնում յայտնուած մարդիկ խումբ-խումբ, երամ-երամ չւում-փախչում են. ումի՞ց են փախչում, մեծաւոր՝ Արարատ լեռան վեհութիւնի՞ց, Սեւանայ լճի հէքիաթի՞ց, թե՞ սեփական ծնողի գերեզմանից…
* * *
Ի դէմս քեզ՝ թոշակառու ուսուցչուհին իր տարակուսանքն էր յայտնել քո վստահուած անձին՝ ախր նա թերուս է, գոնէ հայոց տառերը ճանաչու՞մ է: Քո վստահուած անձը թերուս բառի իմաստը սկզբում չէր հասկացել ու կարճաթեւ վերնաշապիկի հետ էր շփոթել, յետոյ գլխի ընկել ու իր թերամիտ խորքից պայծառացե՜լ էր. «Մայրիկ ջան, նա էնքա՜ն մեծ հեղինակութիւն է, որ տառերն են իրեն ճանաչում…»: Ասես անդրաշխարհից արձագանքուած նրա ձայնում ուսուցչուհին օտարախորթ-չարագուշակ վտանգ էր զգացել ու իր արձանացած դիրքից դարձեալ միամիտ-միամիտ հարցրել էր. «Ես տառերի մասին եմ հարցնում, տղայ ջան, հայոց տառերի, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի տառերի…»: Ու քո վստահուած անձի քրքիջը պայթել էր նրա ականջներում. «Ինչ տառ, այ կնիկ, փող ունի, փո՜ղ…»: Էդ որ ունես՝ լաւ է, բայց հօ օտարի՞ քարաւան չես կտրել՝ ձեր տուն բերել, մատաղ, մեր չեղած գրպաններն ես թափ տուել ու մեր հոգին վառել՝ պարծենալո՞ւ բան է…
Բայց արի այսօրուայ մեր խոհը մի պահ մեզանից վանենք ու մի պուճուր էլ յիշողութեան տրուենք. 88-ի էն չքնաղ հէքիաթի մէջ կէնտ մէկ ու եզակի անգամ հայի երազած միասնութիւնը ազգովի տեսանք ու միասնութեան էդ հրաշքի մէջ պապանձուեցինք՝ «Տեր Աստուած, էս ի՜նչ լաւն ենք…»: Աստծոյ լոյսը մեր միտքուխղճի վրայ իջել ու մեզ դէպի մեր պապերի պատուի ու արժանապատւութեան հեռուներն էր մղում, եւ մենք խելագարուելու չափ խենթ էինք մեր քայլ ու որոշումներում: Դու եւ քո նմանները էդ հէքեաթի մէջ չէիք, մատաղ, ձեր պատուհանների նեղուածքներից էիք մեզ նայում, թէ ով երբ է ընկնելու, որ փախցնելու տեղ բացուի: Յետոյ նահատակուելու պատրաստ տղերքը կռիւ գնացին… Դու եւ քո նմանները ձեր պատուհանների նեղուածքներից դարձեալ անդարդ ու մեռեալ անտարբերութեամբ նայոիւմ էիք՝ «իմ տանը խաղաղ լինի, ջհաննամը թէ գիւղացի Համբոյի տանը կռիւ չի ընկնի»: Յետոյ զինադադար էր, ու տղերքի մի մասն արդէն չկար՝ յուշարձան էին, երգ ու գրաւոր վկայութիւն էին, կորած արահետների վրայ մարած երազանք ու մոռացուած հողաթումբ էին, իրենց մայրերի սրտում բացուած ու չփակուող վէրք էին… Ու դու չկայիր, դու յետոյ եկար: Եւվ քանի որ սլացքի ելած ձիու թամբը իր արժանապատիւ հեծեալից արդէն անդառնալիօրէն թափուր էր՝ ասես մշուշներից՝ մէկէն ու միանգամից դու յայտնուեցիր ձիու վրայ, ղաչաղի բնազդով ու ղաչաղի հմտութեամբ: Նստեցիր թամբին ու մտրակը քո ձեռքով ու մանրամասն հաշուարկով ընտրեցիր՝ ընտրեալների մէջքները դաղելու եւ մէջտեղից վերջնականապէս հանելու համար:
Հիմա դու մեծաւոր ես, գուցէ մեծամե՞ծ, մեծամեծների մէջ գուցէ փոքրամե՞ծ, ինչ էլ լինես՝ թալանի քո չափաբաժնով քեզպէսների համար մեծ հեղինակութիւն ու մերպէսների համար պարոն ասելու չափ մեծաւոր ես. մարդավայել կոստիւմ հագնում եւ դեռ փողկապ էլ ես կապում, որ ի՞նչ… Ոնց որ խանութների ցուցասրահներում կանգնած փողկապաւոր մանեկէն՝ առանց յիշողութիւնների, առանց ամօթի, առանց խիղճ ու խղճմտանքի…խօսում ու ճառում ես՝ ի՜մ երկիր, իմ անո՜ւշ երկիր, իմ դրախտավա՜յր երկիր… Ախր երկիրը հօ բոստա՞ն չի, մատաղ, որ սեփականաշնորհես ու յետոյ միայն վարունգ ու դդում աճեցնես…Որպէս աշխարհագրական տարածք ընկալելուց առաջ, երկիրը նախ կրծքիդ տակ պիտի ունենաս, պիտի սիրես, գուրգուրես, փայփայես եւ նոր միայն այդ տարածքին, հողուջրի այդ սրբութեանը տէր կանգնես, որ շունուգելի բաժին չդառնայ: Թէ չէ ինչ երկիր՝ դարձրել էք բաժակաճառ՝ մեր հողուջրի կենացը: Լեզու է ու տակը փուշ չկայ, ջրաղացքարի հանգոյն պտտւում եւ մանր ու խոշոր փրթում է: Ու մենք լսում ենք. միտքդ անյօդաբաշխ զառանցանք, վարքդ՝ բորենու, ախորժակդ՝ անգղի, տեսք ու պահուածքով՝ ծմակի ղաչաղ, ու ինքդ ծանրումեծ խրատաբան՝ երկիր ենք կառուցում, էդ խի՞ էք խանգարում որ… Ախր քո կառուցած երկիրն էլ քո նման է լինելու, մատաղ՝ լեզուակը պոկած զանգ. մարմինը կայ՝ հոգին չկայ, սրբութեան լոյսը տեսիլքի պէս կայ՝ աղօթքի կանչող ղօղանջը չկայ… Մեզ համար պաշտելի, դրախտի շնչով օծուած երկիրը մեր կրծքի տակ փայփայեցինք, սիրեցինք, գուրգուրեցինք, դու մշուշների անյայտութիւնից կացինդ սրած անակնկալ եկար ու հմուտ մսագործի բնազդով մեր երազանքի հետ մեր անուշ երկիրն էլ մասնատեցիր՝ միսը ինձ, ոսկորը՝ ձեզ… Ու դեռ արարքդ էլ պարզաբանեցիր՝ էս ինչ որ անում ենք՝ ձեզ համար ենք անում… Որպէսզի ինքնասիրութիւնդ մի առանձնայատուկ օյինբազութեամբ չվիրաւորուի, բարձրաձայն չէ՝ ականջդ բեր ասեմ՝ բա ամօթ չի՞, բա կերածդ հացը հարամ չի՞, որ մենակ ուտում ու Աստծոյ նշխար «քո ժողովրդին» քսանմէկերորդ դարում սովի ես մատնում, էդ եղաւ մարդկութի՞ւն, մատաղ, թէ՝ միայն կաղին ունենամ, ուտեմ, պառկեմ, գիրանամ…
Է, կեր, ինչ ասեմ, երկիրն էլ կեր, երկրի փորոտիքն էլ կեր, մեր միտքն ու հաւատն էլ կեր, վերջանանք, հոգիներս ազատենք, պրծնենք, բայց… Աստուած քո մէկը թող հազար անի, մեծաւոր, բայց խնդրում ենք, շատ ենք խնդրում, մեր հազարը դու մի դարձրու մէկ, ներողամիտ եղիր եւ քո արքայավայել բարձրունքից թոյլ տուր գոնէ մեր թաքուն կարօտը սրտներիս մէջ առնենք ու ինքներս մեզ գոնէ մեր տեսածի մէջ տեսնենք… Էլի գարուն է, ծառուծաղկի հրճուանք, հողն արթնացել ու բուրում է նոր թխած լաւաշի հանգոյն, արագիլն իջել է Արաքսի ափին կանգնած բարդու կատարին ու իր մտքում չափում-չափչփում է Հայոց աշխարհի եւ իր ընթացքի սահմանները, աշխարհում տասը միլիոն հայ կայ՝ տասը միլիոն յոյս, տասը միլիոն թագաւորացու, տասը միլիոն ցաքուցրիւ հզօրութիւն, տասը միլիոն ջանուջիգեար… Ու քնարերգութեան մի վաղնջական պատկեր՝ լինէր ու «Ընդ եղեգան փող ծուխ ելանէր, Ընդ եղեգան փող բոց ելանէր. Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ»: Վազէր ու իր վազքի թափով մեր ժայռեղէն աղօթքի՝ Արարատի, գագաթին յայտնուէր, Հայոց աշխարհն իր արեգական աչքունքի մէջ առնէր, Հայոց աշխարհի օդն իր թոքերի մէջ հաւաքէր ու Արարատի բարձրունքից ձայնակոչ դառնար քեզպէսների համար՝ մարդ եղէք, մա՜րդ…
ՎԱՀԱՆ ՍԱՂԱԹԵԼԵԱՆ
Երեւան
Յ. Գ. — Նման ոգով, բայց տարաբնոյթ խոհերով մօտ երեսուն էսսէ եւ հրապարակախօսական յօդուածներ գրելուց եւ տպագրելուց յետոյ, երբ այս մէկն էլ գրեցի ու վերջակէտեցի, սեփական խոհս իր գալարների մէջ մի պահ խտացաւ ու հարցականի պէս կախուեց մտքիս առաստաղից՝ որ ի՞նչ, ո՞ւմ համար եմ գրում, ո՞վ է կարդացողը, անարձագանք մնալու իմ այս դատապարտուած եռանդով ո՞ւմ մէջ եմ զրուցակից փնտրում… Հայոց մշակոյթի գոյնզգոյն մարգագետինը արօտավայր կարծելով՝ կճղակաւոր խաւարամիտը վաղուց է այն արածել, իմ այս միամիտ խոհերով ես իբր ո՞ւմ եմ արթնացնում, ո՞ւմ եմ ինչ ասում… Եւ ես բեզարածի թեւաթափութեամբ մի կողմ դրեցի գրածս եւ առժամանակ թմբիրուած մնացի սեփական խոհերիս մէջ, մինչեւ այն պահը, երբ… յանկարծ ու միանգամից հրաշքի պատկեր ուրուագծուեց — ցոլաց Հայոց աշխարհում. տեսաւ՝ իր ձայնը անարձագանք մնաց, տեսաւ՝ Հայոց մաքրամաքուր լեզուով հնչեցուած յորդորը տեղ չի հասնում՝ խարտեաշ պատանեակը լոյսի արահետով իջաւ Արարատի գագաթից: Եկաւ ու Հայաստան աշխարհում փնտրեց իր նմանին, եւ տեսաւ, որ նրանք շատ են. թեւ-թեւի ու քոչարու ոգով փարուեցին իրար. մէկը դարձաւ երկու, երկուսը դարձաւ չորս, չորսը դարձաւ հազար, հազարը դարձաւ միլիոն, միլիոնը դարձաւ Հայ ժողովուրդ, եւ լոյսը ողողեց Հայոց աշխարհը: Սէրը, յոյսը, հաւատը ողողեցին Հայոց աշխարհը: Եւ հայի աւետաբեր պատգամը ղօղանջուեց ջահել եռանդով՝ Մենք ենք Հայաստան երկրի տէրը, մեծաւոր, քո կարկտաբեր ամպերը ետ տար մեր լոյսի դէմից, մենք այլեւս թոյլ չենք տայ, որ մեր ջահել, երազանքը քո ուրուականի տեսիլքում փոշիացնես…
Փառք քեզ լոյսի ուխտաւոր՝ խարտեաշ պատանի: Փառք քեզ յաւերժ իմաստուն հայ ժողովուրդ: Փառք քեզ, Հայաստան:
(granish.org)