ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿԵԱՆ
Ճիշտ որ զինուորն ամեն ինչ վերջում է իմանում:
Կամաւորականները չիմացան ու դեռ երկար պիտի չիմանային, թէ ինչո՛ւ Սպարապետը անսպասելի զօրակացք եկաւ, ինչո՛ւ իրենց ախպերական բանակը աշխարհազօրային դարձաւ, հազարապետ Ակնունին գերարդիական զրահատոկուն ունեցաւ: Մինչդեռ արար-աշխարհն արդէն գիտէր…
Խաւարը մարմրել, արշալոյսի շառափը կերոնի պէս բոցավառել էր Արարատի գագաթը: Անամպ էր գարնանային վաղորդայնը:
Համհարզը շարահրապարակի անկիւնում համբերատար սպասում էր տողանցման աւարտին: Երեւում էր, որ հազարապետին կարեւոր լուր ունի յայտնելու: Հէնց նա զեկոյցներն ընդունեց, ամբիոնից իջաւ, արագ մօտեցաւ.
— Հրամանատա՛ր, արտասահմանցի մէկը եկել, անձամբ Ձեզ է տեսնել ուզում: Թէ ինչի՝ չի ասում:
— Ի՞նչ արտասահմանցի:
— Չգիտեմ, դրսի հայերէնով է խօսում, իբր ժամանակին ձեր ջոկատում կռուել է:
— Թոյլ տուր: Ինձ մօտ առաջնորդիր:
Հրամկայան մտնել, բայց չէր հասցրել գլխարկը հանել, ներս խուժեց Ժիրոն: Տարիները չէին փոխել, նախորդ՝ Արցախի ազատագրական պատերազմի իր լղար ուսապարկով, պատառոտած ջինսով էր: Դէմքին միայն մօրուք էր աւելացրել: Որ երեւի ճաղատը քօղարկի: Հրամանատարի հետ ո՛չ ողջագուրուել, ո՛չ էլ նոյնիսկ որպիսութիւնը հարցնել: Վրայ պրծաւ.
— Էս առանց ինձ գնում էք Նախիջեւանն ազատագրէ՞ք: Զէնքս տուէք:
— Ո՞վ է ասել, որ գնում ենք Նախիջեւանն ազատագրենք:
— Չեմ իմանում, Վրիժակս բերէք:
— Ժիրօ՛, կիրակնամուտի երազ ե՞ս: Գոնէ ասա՝ ամուսնացե՞լ ես: Ճաղատդ լերկացել է:
— Մոռացե՞լ էք Արցախի ազատագրութեան օրուայ իմ ուխտը՝ եկել եմ Նախիջեւանն ազատագրեմ, յետոյ՝ Արեւմտահայաստանն ու Կիլիկիան կ՚ազատագրեմ, նոր կ՚ամուսնանամ:
2.
Նախիջեւանը վաղուց արդէն գիշերները չէր քնում, ռազմական ինքնաթիռներն օդով, գնացքները ցամաքով անընդհատ զէնք, զինամթերք էին փոխադրում: Հազարապետ Ակնունին հասկանում էր, որ ադրբեջանական միացեալ բանակի թուրք հրամանատարը, իրեն Լենկթիմուր ու Չինգիզ խան երեւակայող Շամիլ օղլի Մուստաֆաեւն ուզում է իրենց խուճապի մատնել, Նախիջեւանում ռազմական անմիջական վտանգի պատրանք ստեղծել, որ ստիպի Թարթառի ափերից զինուժ փոխադրել Երասխաւան, այսինքն՝ հայերի՝ 1-ին, 2-րդ, 3-րդ պաշտպանականը թուլացնի, Արցախը յետ վերցնի: Իսկ եթէ նա, ընդհակառակը, պատերազմական իրավիճակից օգտուելով, որոշել էր անակնկալ մի պահի Նախիջեւանից Արարատեան դաշտավայր ներխուժել, Երեւան արշաւել, նշանակում է ցնդել էր:
Ակնունու տարակուսանքն աւելի մեծացաւ, երբ հետախոյզները յայտնեցին, որ հակառակորդի փոխադրամիջոցները զէնք ու զինամթերքից յետոյ էլ քարջարդ, քարաղաց միացքներ են հասցնում Նախիջեւան:
Յանձնակատարը ժամանակ չթողեց, որ երկար մտածի, որոշում կայացնի, անսպասելի յայտնուեց, տագնապած զեկուցեց.
— Հազարապե՛տ, Թուրքիայի կողմից զօրք է գրոհում մեզ վրայ:
— Գժուել ե՞ս:
— Երբեք ո՛չ, պարոն հրամանատար, զօրքի նման էլ չի, անսկիզբ-անվերջ խառնամբոխ է, շատ արագ է առաջանում:
Ակնունին իսկոյն դիտակէտ բարձրացաւ, հեռացոյցը սահման ուղղեց: Որքան դիտազննումը երկարում, այնքան համոզւում էր, որ յանձնակատարը չէր չափազանցում:
Տափերականի կամուրջից՝ այնտեղից, որտեղ Վռամշապուհ արքան դիմաւորել էր հայոց գրերը հայրենիք բերող Մաշտոցին ու Սահակին, փոշու ամպը գալարւում, ուղիղ դէպի իրենց զօրանիստն էր առաջանում: Ակնունին ձեռքը հեռակապին երկարեց, որ իրավիճակը Սպարապետին զեկուցի, համապատասխան յանձնարարական ստանայ, երգի ծուէններ հասան ականջին.
—Արազի ափին ծնած ընկեր,
Էն Արազին մենք մատաղ…
Որքան փոշու ամպը մօտենում, այնքան Նժդեհի ռազմերգը զօրեղ էր թնդում.
— Ուռռա՜, ուռռա՜, ուռռա՜,
Քաջ Նժդեհի սուրը պիտ՚ շողայ։
Յորձանքի մի ծայրը վերջապէս զօրակացք հասաւ, յամեցաւ: Ժամապահն իրազեկեց, որ հազարապետին են ուզում: Ակնունին փոխհրամանատարների ուղեկցութեամբ անցակէտ ելաւ, ապշեց, քարացաւ: Իրենց հանգրուանն իսկական զօրք էր շրջապատել: Մարտիկները քաղաքացիական հանդերձներով, բայց այնպիսի արդիական զէնքերով էին, որ կանոնաւոր բանակում էլ քիչ կը գտնուէր:
Զօրասիւնն առաջնորդողը կարճ, ցանցառ մօրուքով հոգեւորական էր, կրծքին լանջախաչ, ուսին նորահնար հեռահար ունէր: Ըստ երեւոյթին Ակնունուն ճանաչում էր, ուղղակի նրան դիմեց.
— Պատիւ ունեմ, աշխարհազօրայինների պարոն հրամանատար: Մենք նախիջեւանցի ենք, սերնդէսերունդ ամեն օր, ամեն ժամ աղօթել, այս պահին ենք սպասել: Խնդրում ենք կամաւորականների մեր զօրասիւնով համալրել աշխարհազօրայինների շարքերը: Միացեա՛լ ուժերով ազատագրենք մեր պապենական հողերը:
— Բայց ո՞վ է ձեզ ասել, որ մենք պատրաստւում ենք ազատագրել ձեր պապենական հողերը, — երկրորդ անգամ անակնկալի եկաւ Ակնունին:
Հոգեւորականը մատներով սանրեց մօրուքի մազերը, շոյեց, շոյեց ու լռեց: Մտքո՛ւմ ասաց.
— Դէ որ եկել ենք՝ մի բան լսել ենք էլի:
3.
Երբ Նախիջեւանի արեգակի շէկշող ճառագայթները ընդհուպ Գալիս եմ—Գալիս լեռը ոսկեզօծեցին, միջոցը լոյսով, ջերմութեամբ ողողեցին, թուրք զօրապետի հրամանով ազերի զինուորները գործի անցան. Ջուղայի միջնադարեան խաչքարերն ու խոյակերպ տապանները փշրում էին քարջարդ միացքներով, քարաղացներով փոշու վերածում, Արաքսն էին ածում…
Ժիրոն Արցախի պատերազմի ժամանակուայ իր զէնքը՝ Վրիժակը(*) ձեռքին սահմանի երկայնքով մոլեգնում, հայեացքը երկնքից չէր կտրում: Գիտէր՝ Սպարապետը անձնական ուղղաթիռից աւելի լաւ է տեսնում քարակերտների նախճիրը, բայց չէր հասկանում, թէ ինչու է լռում: Տասը հազարից աւելի միջնադարեան կոթողները պատմութեան էջերից մէկ առ մէկ վերանում, դամբարանադաշտն ամայանում, կորերով ու կորչերով էր լցւում, ու զինուած, դիրքաւորուած մի ամբողջ աշխարհազօր սպասումով դիտում էր:
Ակնունին չդիմացաւ, կապ խնդրեց: Սպարապետը հաստատ գիտէր, թէ ինչ է թախանձելու աշխարհազօրայինների հրամանատարը, պատասխանը մետաղի պէս պաղ, մետաղի պէս կարծր հնչեց.
— Ձեր միակ մարտական առաջադրանքը Հայաստանի Հանրապետութեան սահմանների պահպանումը, սադրանքների չտրուելը, նախայարձակ չլինելն է: Չենթարկուողը կը պատժուի պատերազմական խստակարգով:
4.
Հայերի զսպուածութիւնը ապշեցրել էր Մուստաֆաեւին. նա իրադարձութեան նման շարունակութիւն չէր կանխատեսել, նրանց պատուախնդիր, արժանապատիւ քրիստոնեաներ էր համարել:
Գիշերը նորից քունը չտարաւ: Չթողեց զօրքը քնի:
Նախիջեւանի նոր օրը արկերի նոր որոտով բացուեց: Սահմանամերձ գիւղերի՝ Երասխաւանի, Տափերականի, Ոսկեհատի, Զանգակատան, Ուրցաձորի, Շաղափի բնակիչները կարծեցին թշնամին Արարատեան Հայաստան է ներխուժել, ռմբապաստանները փութացին: Շատ շուտով, սակայն, պարզուեց, որ արկերը ոչ թէ Արարատեան դաշտի, այլ հէնց Նախիջեւանի տարբեր բնակավայրերի ուղղութեամբ են սլանում: Շամիլ Մուստաֆաեւի հրամանով հեռահար հրետակոծութեամբ փլուզւում, փլատակների էին վերածւում լեռնաշխարհի եկեղեցիներն ու վանքերը՝ Աստապատի Սուրբ Վարդանը, Ագուլիսի Սուրբ Յովհաննէս Մկրտիչը, Փառակայի Սուրբ Յակոբը, վերջապէս Ցղնայի Սուրբ Աստուածածինը, որի աւանդատանը, ինչպէս սիրոյ առաջին գիշերը հաւատացրել էր Արմինէն, պապը պահել էր Նոյ Նահապետի տապանակը:
— Պարոն Ակնունի, հրամայէ՛ք, — ամեն ռմբահարումից յետոյ հոգով-մարմնով ցնցւում, աղերսում էին աշխարհազորայինները:
— Հրամայում եմ զսպուածութիւն, — Սպարապետի հրահանգը փոխանցում էր Ակնունին:
Գիշերամուտին, քանի որ ամբողջ օրուայ ընթացքում աշխարհազօրայիններն այդպէս էլ սադրանքի չտրուեցին, Սաբիր օղլին կարգադրեց պայթեցնել հայերի նախիջեւանեան ամենանուիրական սրբավայրը՝ Նոյ Նահապետի դամբարանը:
5.
Յաջորդ օրերին հերթով Երասխաւան հասան Հայաստանի Հանրապետութեան բոլոր շրջանների, ապա նաեւ Պարսկաստանի, Սիրիայի ու Լիբանանի հայ կամաւորականները: Ֆրանսիայից, Ամերիկայից հեռագրեր ստացուեցին, որ փոխադրականների պատճառով են ուշանում:
Վերջում Արցախի ջոկատները աշխարհազօրին միացան: Իրենց պատերազմը թողել, Նախիջեւանն ազատագրելու էին եկել:
6.
Դրանից յետոյ Նախիջեւանի վրայ երկար, անհասկանալի լռութիւն ծանրացաւ: Ադրբեջանական զօրակացքերում շարժում էլ չէր նկատւում, չնայած Սպարապետը չէր կասկածում, որ Մուստաֆաեւի ուղեղը հերթական ոճիրն է որոճում, աչալրջութեան հրահանգները հրամանի պէս խիստ էր հնչեցնում:
Ակնունին իր հերթին, ի ծնէ զինուորական չլինելով հանդերձ, վտանգի ահագնանալը զգում, աշխարհազօրն անընդհատ դիրքաւորում, վերադիրքաւորում էր, այսինքն՝ նախկին պատերազմի կամաւորականներին, ինչպէս իրենք իրենց վերանուանեցին՝ «ախպերական բանակի» տղերքին առաջնագիծ էր փոխադրում, համալրողներին 2-րդ, անգամ 3-րդ պահեստային պաշտպանականները յետ քաշում: Սփիւռքահայերը, յատկապես նրանք, ովքեր ծառայել էին արաբական, ֆրանսիական, ամերիկեան բանակներում, անգամ սպայական կոչումներ ստացել, վիրաւորւում էին: Իրենք Երասխաւան չէին հասել թիկունքում պահուըտելու, հեռուից տեսնելու համար, թէ ինչպէս են մէկը միւսի յետեւից վերացնում Նախիջեւանի հայկականութեան վկայութիւնները, եկել էին հայրենիք ազատագրելու:
Սպարապետի յանձնարարականով հակահետախուզութիւնը որսաց Մուստաֆաեւի Թուրքիայ յղած գաղտնագիրը, վերծանեց: Զօրապետը յայտնում էր, որ հայերի համբերութիւնը հատնում է, նպատակի իրագործումը շատ մօտ է: Միաժամանակ խնդրում էր կազմ-պատրաստ լինել, անհրաժեշտութեան դէպքում ռազմական օգնութիւնը չուշացնել:
Այդպէս էլ եղաւ՝ իրեն արդէն Լենկթեմուր ու Չինգիզ խան երեւակայող Շամիլը նպատակին հասաւ:
— Ակնունի՛, տես ինչ ես անում, — Սպարապետի մետաղաձայնը բեկուել, խզխզում էր, — ազերիները տեղահանում են ազնաբադցիներին՝ Նախիջեւանի վերջին հայկական գիւղի բնակիչներին: Ջարդում են ու քշում: Ամբողջ բժշկական ծառայութիւնդ նախապատրաստիր, հէնց սահմանին մոտենան, ընդունիր, դարմանիր: Չնայած յոյս էլ չունեմ, որ տեղ կը հասնեն, ով ընկնում, վեր չի կենում…
Հէնց այդ օրուայ համար դեռեւս նախկին՝ Արցախի առճակատումը չսկսած, ազերիները թալանեցին, կոտորեցին նախիջեւանահայութեանը, վերապրողներին Արարատեան Հայաստան քշեցին, բայց ատելութեան մոլուցքի մէջ անգամ արեւելեան հեռատեսութիւնը չկորցրին, ամենամեծ գիւղի՝ Ազնաբերդի բնակիչներին պատանդ պահեցին: Որ եթէ Հայաստանի հայերը Արցախի նման Նախիջեւանն էլ ուզեն իրենցով անել, մի ամբողջ գիւղի բնակիչների թիրախ դարձնեն…
Հազարապետը հեռացոյցը խլեց, նորից դիտակէտ բարձրացաւ: Նման նախճիր նա Արցախում էլ չէր տեսել, պապերն էլ երեւի 1915-ին չէին տեսել: Ազերիները ոչ մի ազնաբադցու չէին սպանել, բոլորին խոշտանգել էին, ու նրանք արիւն տալով, Երասխաւան՝ հայրենակիցներին ձգտելով, ճանապարհին մեռնում էին: Բռնագաղթի հոգեվարք քարաւանի առջեւից մի կին էր քայլում: Պատանուհի՞ էր, թէ՞ ծերուհի, Ակնունին չտարբերեց: Նա մօրէմերկ էր, բայց չէր ամաչում, մերկութիւնը քօղարկել չէր փորձում: Ազերիները նրան իւրովի էին խոշտանգել՝ խշտիկով պատառոտել էին ցայլքը, որ էլ երբեք երեխայ չունենայ, կտրել էին ստինքների պտուկները, որ անգամ եթէ ունենայ, կերակրել չկարողանայ:
Հասնելով հայկական սահմանին՝ արնաշաղախ նախջեւանուհին մի պահ կանգ առաւ ու մինչ բերանքսիվայր ընկնելը հասցրեց թքել ընդառաջ փութացած աշխարհազօրայինի դէմքին.
— Թո՜ւ ձեր տղամարդ ասողին, եթէ իմ վրէժը չլուծէք, թուրքից էլ վատ էք:
Ասաց ու ծնկեց, աւանդեց հոգին:
— Հերի՛ք եղաւ …
Ժիրոն գլխից վեր պահեց Վրիժակը, համազարկերով Նախիջեւան խոյացավ: Ակնունին շտապեց հեռակապը վերցնել, անհնազանդ զինուորին սաստել, չհասցրեց: Աշխարհազօրը հետեւեց Ժիրոյին:
Ազգովի խուժեց Նախիջեւան:
Երեւան, 2018 թ.
*) տես՝ «Հորիզոն գրական», սեպտեմբեր 2016-ի թիւի համանուն պատմուածքը։