ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ* ԺՈՂՈՎԱԾՈՒՆ ՈՒ ՆՐԱ ՀԵՂԻՆԱԿԸ

Գէորգ Եազըճեան, «Սփիւռքահայ քաղաքական հոսանքներն ու գաղութները խորհրդային գաղտնի փաստաթուղթերու մէջ (1945-1991, ընտրանի)», Երեւան 2016։ 352 էջ

ՄԱՐԳԱՐԻՏ ՄԱՄԻԿՈՆԻ ԽԱՉԱՏՐԵԱՆ

Գէորգ Եազըճեանի «Սփիւռքահայ քաղաքական հոսանքներն ու գաղութները խորհրդային գաղտնի փաստաթուղթերու մէջ (1945-1991, ընտրանի)» գիրքը կարդացի մի քանի անգամ՝ նախ՝ որպէս պարզ ընթերցող, յետոյ՝ որպէս կազմողին, ծանօթագրողին քիչ թէ շատ ճանաչող մարդ։

Այս գիրքը, որ նախատեսուած է «… պատմական ճշմարտութեան հետամուտ եւ իրենց ազգի ներկայով ու ապագայով մտահոգ բոլոր հայոց» համար, կարդալուց յետոյ պարզուեց՝ ստիպուած կը լինեմ մտահոգուել նաեւ անցեալով, որից մեզ ընդամենը 25 տարի է բաժանում։

Տարիներ առաջ ՊԱԿ-ում Համաստեղի մասին կազմած թղթապանակից գոնէ մի քանի փաստաթուղթ տեսնելու յոյսով՝ յայտնուեցի բարձրաստիճան աշխատակիցներից մէկի յարմարաւէտ աշխատասենեակում։ Երկար զրուցեցինք Համաստեղի, իմ գիտական պրպտումների արդիւնքների մասին։ Զարմացաւ, որ գիտեմ այդ թղթապանակի մասին, եւ խորհուրդ տուեց մի քիչ էլ սպասել, որ լրանայ գրողի մահուան 50-րդ տարելիցը։ Այս տարի լրանում է Համաստեղի մահուան 50-րդ տարելիցը։ Նորից եմ անցնելու այդ ճանապարհը՝ այս անգամ շատ ծանր մտորումներով…

«Սփիւռքահայ քաղաքական հոսանքներն ու գաղութները խորհրդային գաղտնի փաստաթուղթերու մէջ (1945-1991, ընտրանի)» գիրքը թանձրացրեց մանկական ու պատանեկան տարիներիս ստուերոտ (աւելի ծանր բառ չեմ ուզում օգտագործել) մի քանի յիշողութիւն. նորից վերապրեցի հօրս՝ Սիբիր աքսորուած Յակոբ քեռու (դաշնակցական էր) լուռ սարսափը տասնամեակներ անց վերադառնալուց յետոյ, տնական ձուածեղ ուտելու հրճուանքի մեջ ծնողների կողքին ապրած տարիների նրա կենդանի յիշողութեան դրսեւորումը, մօրս այրիացած մօրաքրոջ տանջանքները (պաշտօնեայ ամուսինը պարզապէս տուն չէր եկել աշխատանքից՝ իր մի քանի ընկերների հետ), քեռուս զուարճախառն պատմութիւնն այն մասին, թէ տպարանի աշխատակիցներով՝ այն տարիների համար բացառիկ միաձայնութեամբ ինչպէ՜ս թաքցրին իրենց «հակապետական» արարքը. թերթի հերթական համարում Ստալին անունով հրէշի դէմքին բի՞ծ, թէ՞ սեւ գիծ էր յայտնուել… Տարիներ անց նա այդ մասին խօսում էր 1-2 բաժակ խմելուց յետոյ եւ խօսքը միշտ աւարտում էր այն զարմանք-հիացմունքով, թէ ինչպէ՜ս արագ կողմորոշուեցին, փակեցին տպարանի դռները, այրեցին թերթի ամբողջ տպաքանակը, նորը տպեցին ու տուն գնացին առաւօտեան՝ վախւորած շուրջբոլորը նայելով։ Տարիներ անց էլ նա հիացմունքով էր խօսում գործընկերների մասին, որոնք հաւատարիմ մնացին լռելու իրենց որոշմանը, իսկ թղթի ծախսը փակեցին իրենց աշխատավարձով։ Յիշեցի հօրս պատմածներն այն մասին, թէ ինչպէս 10-12 տարեկան ընկերների հետ ամառ-ձմեռ աշխատում էին պատերազմի դաշտ մեկնած հայրերի փոխարէն, իսկ գիւղում երբեմն-երբեմն յայտնւում էին կաշուէ երկար վերարկու հագած միադէմ մարդկանցով լեցուն պլպլան մեքենաներ ու իրենց հետ տանում կռուի դաշտից օրեր առաջ տուն հասած որեւէ հաշմանդամի կամ համագիւղացի մտաւորականի…

Ինչեւէ։

«Սփիւռքահայ քաղաքական հոսանքներն ու գաղութները խորհրդային գաղտնի փաստաթուղթերու մէջ (1945-1991, ընտրանի)» գիրքը կարդալիս յաճախ էի ամաչում… ուրիշների փոխարէն, ափսոսում, ցաւում. նայէ՛ք 23-26-րդ, 45-րդ, 48-րդ էջերի նիւթերն ու 89-րդ, 90-րդ, 96-րդ, 182-րդ ծանօթագրութիւնները. ի՜նչ անմիտ բաների վրայ են ծախսել մեր պապերի ու հայրերի արիւն-քրտինքով վաստակած գումարները… Միակ սփոփանքն այն է, որ անմիտ ծախսերի կողքին գումարներ են տրամադրել Նաիրիի շրջանի Նոր Գեղի աւանի դպրոցին եւ Աբովեանի շրջանի Բալահովիտ գիւղին։ Փա՜ռք Աստծու, մէկ-մէկ էլ շուրջբոլորն են նայել…

Այո՛, գիրքը մէկ անգամ էլ կարդացել եմ որպէս 1945-1991 թթ. ինքնատիպ հանրագիտարան՝ շատ հարուստ ծանօթագրութիւններով։

Այդ ծանօթագրութիւնների ամեն մի տողում պարզապէս տեսել եմ կազմողի դէմքը՝ բառի ուղիղ եւ փոխաբերական իմաստներով։

Գիտեմ՝ Գէորգը բարեկիրթ մարդ է, եւ օգտուելով ընձեռուած հնարաւորութիւնից՝ ասեմ խօսքս, իսկ մնացածի տէրն էլ Աստուած…

Գէորգը բացառիկ համբերատար աշխատող է. նրա նկարագրութեամբ կարելի պարզապէս տեսնել արխիւային փաստաթղթերը՝ անյայտ ու յայտնի մարդկանց ստորագրութիւններով, վրիպակներով… Նրա ուսուցիչը՝ Յակոբ Չոլաքեանն իր սանին բնութագրեց որպէս «բարբարոս խմբագիր», յաւելեմ՝ նա պակաս բարբարոս չէ նաեւ իր գրի նկատմամբ, անզիջում ու ներողամիտ է… միաժամանակ, եթէ դիմացինի համբերութիւնը հերիքի, ու դիմանա փոթորկի առաջին ալիքին, որ իններորդ ալիքից պակաս սարսափելի չէ։

Հանգամանքների բերումով՝ ներկայ եմ եղել այն պահին, երբ Բեյրութից վերադարձած Գէորգը երախտագիտութեամբ ու յարգանքով փոխանցում էր «Սփիւռքահայ քաղաքական հոսանքներն ու գաղութները խորհրդային գաղտնի փաստաթուղթերու մէջ (1945-1991, ընտրանի)» գրքի լիբանահայ ընթերցողների նկատած վրիպակների ցանկով թերթիկը։ Ի դէպ, գրքի իմ նկատած վրիպակը 40-րդ էջի համար 149 ծանօթագրութիւնում է. Համաստեղը ծնուել է 1895 թ. հոկտեմբերի 15-ին (մեղաւորը ես եմ. Գէորգը չի խմբագրել Համաստեղի՝ իմ հրատարակած հատորները…)։ Գրքում չգտայ Հրաչ Տասնապետեանի ծննդեան թիւը. 347-րդ ծանօթագրութիւնում (էջ 90) կան նրա մահուան օրն ու տարեթիւը։

Գէորգը խնամքով է աշխատում, նրա ուշադրութիւնից ոչ մի «մանրուք» չի վրիպում, չի ձանձրանում, չի յոգնում. 124-րդ (էջ 33) ծանօթագրութեամբ ճշտում է «գաղտնի» բառի տեղը, գրքում մի քանի անգամ յիշեցնում է Քարէն Եփփէ կրթօջախի անունը, որի սաներից է, կամ քանի անգամ է ճշտում՝ «Գերմանիկ-Վասպուրական» միութիւնը հայրենակցական չէ, այլ մշակութային (տե՛ս 826-րդ, 896-րդ, 985-րդ, 988-րդ, 1025-րդ, 1047-րդ ծանօթագրութիւնները)։

Գէորգն ուղղում է վրիպակներն ու սխալները. 70-րդ էջի 268-րդ ծանօթագրութիւնը կարդալուց յետոյ հազիւ զսպեցի զարմանքս. «Այս անունով պարբերական մը յայտնի չէ մեզի եւ հայրենի ու սփիւռքահայ պարբերական մամուլի մատենագէտներուն եւ պատմաբաններուն…»,— կարդում ես ու սպասում. հաստատ մի բան գտել է. անշուշտ գտել է …

Գէորգն անաչառ է ու թուացեալ անտարբերությամբ գրանցում է «պատմութեան ամօթը» (այսպէս խմբաւորեցի անցեալի մի քանի դէմքեր ու դէպքեր նկարագրող էջերն ու ծանօթագրութիւնները). 78-րդ (էջ 20), 282-րդ (էջ 74-75), 289-րդ (էջ 78), 290-րդ (էջ 79), 796-րդ (էջ 219-220) ծանօթագրութիւնները, չմոռանաք թիւ 63 փաստաթղթի երկրորդ հատուածը… Ամենածիծաղելին (աւելի յարմար բառ չգտայ) այն է, որ Գէորգը չի մոռանում ճշտել այդ մարդուկներից մէկի ծննդեան թիւը…

Գէորգն ուղղում է՝

ա) փաստաթղթերի վրիպակները. 8-րդ (էջ 9), 498-րդ (էջ 144), 854-րդ (էջ 234), անգամ կրկնակի սխալները. 932-րդ (էջ 249) ծանօթագրութիւններ

բ) Հայկական համառօտ հանրագիտարանի սխալը. 110-րդ (էջ 29)։

Երանի՜ Գէորգը յետամուտ լինի եւ հանրագիտարանի յաջորդ հրատարակութիւններում ուղղել տայ Սողոմոն Թեհլիրեանի ազգանուան սխալ ձեւը, որն արդէն շատ տարածուած է…

Գէորգը «զրուցում է» ընթերցողի հետ. 293-րդ էջի համար 1091 ծանօթագրութիւնը։

Գէորգը զայրանում է. 299-305-րդ էջերում զետեղուած 88-րդ փաստաթուղթը թուագրուած է՝ 24 ապրիլ 1970. «Մինչ համայն հայութիւնը այդ օր կը նշէր Մեծ Եղեռնի 65-ամեակը, խորհդահայ դիւանագէտը ուրիշ, հայ ազգի պառակտուած վիճակը խորացնելու ուղղուած հարցերով կը զբաղէր…»,— ծանօթագրում է գիրքը կազմողը։

Գէորգը քմծիծաղում է. «1943 թուականին աշխարհի որեւէ վայրի մէջ “Անի” ամսագիր լոյս չէր տեսներ» (9-րդ էջի համար 8 ծանօթագրութիւնը) կամ 15-րդ էջի համար 60 ծանօթագրութիւնը. «Բնագրի հեղինակին լեզուամտածողութիւնը ակնյայտօրէն ռուսական ըլլալով, այստեղ թոյլ տուած է ծիծաղելի, իր վերադասին նոյնիսկ վիրաւորող սխալ։ Ան «ցուցումներ» բառը փոխարինած է «ցուցմունքներ» բառով, կարծես իր վերադասը ամբաստանեալ կամ վկայ ըլլար դատարանին մէջ»։

Գէորգը հաւատաւոր մարդ է. 244-րդ (էջ 60) եւ 547-րդ (էջ 158-159) շատ մանրամասն ծանօթագրութիւնները, որոնք բացի փաստերի իմացութիւնից՝ նաեւ հիացմունք են արտայայտում 161-րդ էջի 557-րդ ծանօթագրութեան «Հայ եկեղեցին մէկն է» ճշտումը՝ յարակից ուղղումներով, Հայ եկեղեցու իսկապէս մեծերին, յատկապէս Վազգեն Առաջինին նուիրուած ծաւալուն տեղեկութիւնները, իսկ 61-րդ էջի 248-րդ ծանօթագրութիւնը պարզապէս խօսուն է. «Փաստաթուղթի հեղինակին համոզումը երանի՜ ճիշդ ըլլար…» (խօսքը Հայ եկեղեցու պառակտման վերացման մասին է)։

Գրքի 1006-րդ ծանօթագրութիւնը (էջ 269) մեր օրերում մի տեսակ այլ հնչողութիւն ունի. Սիրիայի պետական մարմինների հետ երկար բանակցութիւններից յետոյ հայերը հնարաւորութիւն են ստեղծում հայկական վարժարաններում հայ գրականութիւն եւ հայոց պատմութիւն դասաւանդելու, իսկ մենք մտմտում ենք ռուսերէնին երկրորդ պետական լեզուի կարգավիճակ տալու մասին. ի դէպ, ցայսօր ռուսերէնը մեր դպրոցներում յատուկ կարգավիճակ ունի՝ սահմանազատուելով միւս օտար լեզուներից։

Հայաստանի ազատագրութեան հայ գաղտնի բանակի (ՀԱՀԳԲ) ղեկավար Յակոբ Յակոբեանի սպանութեան հետ առնչուող փաստաթղթերը սարսափելի են. ամիսներ առաջ գիտեն՝ մարդուն որտե՛ղ եւ ե՛րբ պիտի սպանեն…

Գրքի 48-րդ (էջ 113-117) փաստաթուղթը հիմա ծիծաղ է յարուցում. ուսանողների են Հայրենիքից վտարում. «Ո՞ր ինչ» անմիտ հնչող հարցին հիմա պատասխանում եմ. «Որ 5 տարի 3 ամիս անց Գէորգը Հայրենիք վերադառնայ՝ աւելի քան համոզուած, որ միայն Հայրենիքիդ կարող ես նուիրել աստուածատուր պարգեւը՝ ԿԵԱՆՔ անունով։

Կեանքն ինձ շատ բան է սովորեցրել, բայց երբ սովորածս համեմատում եմ ծնողներիցս լսածների հետ, պարզւում է՝ իմ այսօր սովորածները շատ եմ լսել տարիներ առաջ, բայց… պարզապէս չեմ գնահատել, որովհետեւ չեմ հասկացել։ Այդ շատ յաճախ լսածս ու հիմա նոր սովորածս ճշմարտութիւններից է «Մարդիկ լինում են երախտագէտ կամ երախտամոռ» չափանիշն է, որով ծնողներս արժեւորում էին մարդկանց։ Ուրեմն՝ նրանց վկայակոչելով՝ ասեմ՝ Գէորգը երախտագետ մարդ է։

Գիրքը երախտիքի խօսք է Գէորգի ծնողների՝ Գրիգոր Եազըճեանի եւ Արփինէ Հայրապետեանի յիշատակին։ Սա Գէորգի տեսակը բնորոշող խօսուն փաստ է, որին կը յաւելեմ ուրիշ փաստեր հէնց նոյն գրքի ծանօթագրութիւններից։

Ինձ համար սրանով ամեն ինչ ասուած է…

Մնում է մաղթել առողջութիւն, ուրիշ ինչի՞ կարիք ունի իմ ու ձեր ընկերը, որը կեանքի բոլոր դժուարութիւնները յաղթահարում է հաւատի ուժով ու համբերութեամբ, որովհետեւ Երկրի տէր է ու Երկրի ծառայ. սրանից մե՞ծ պարգեւ…

Հա՛, չմոռանամ նշել՝ երախտապարտ եմ հօրս՝ Մամիկոն Խաչատրեանին, որն ընդգծուած յարգանքով էր վերաբերւում Գէորգին ու մեր ընկերութիւնը («անշահախնդիր» բառը չեմ օգտագործում, որովհետեւ… մեր ընկերութեան հիմքում շահն է՝ Երկրի, Հողի, Հայ մշակոյթի շահը) եւ չլսեց ինձ խելքի բերելու անմիտ փորձերից յոգնած «բարեկամներ»-իս, ովքեր համարձակուել էին մօտենալ աւագ Խաչատրեանին… Մնացածը լրացնում եմ երեւակայութեանս ուժով ու ծիծաղում. երանի՜ կարողանայի Գէորգի նման ծառայել Երկրիս, հողիս, ժողովրդիս, մշակոյթիս…

Երանի՜…

Երեւան

*) Դժբախտաբար, կնիքով ու պաշտօնատար անձանց ստորագրութիւններով յաճախ «հաստատւում» են նաեւ ոչ ճշմարիտ տեղեկութիւններ. ուրեմն՝ փաստաթղթեր ու ոչ թէ վաւերագրեր…

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *