ՓՐԿՈՒԹԻՒՆՆ ՀԱՅՈՑ

ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿԵԱՆ

Պոլսի լաւագոյն՝ «Թոքաթլեան» խրախճարանի ջահերը շողարձակում էին աստղաբոյլերի պէս: Նախասրահում բարապանները ամիրաներին, սեղանաւորներին խոնարհ ընդունում, մատռուակները նոյն խոնարհութեամբ ախորժաբեր էին մատուցում։ Հրաւիրեալները առայժմ ոտքի վրայ էին զրուցում, ուշացողներին էին սպասում։ Այցետոմսի՝ «Ճաշկերոյթը ճիշտ ժամը 7-ին պիտի սկսի» ազդ-ծանուցումն էլ չէր ազդել: Իւրաքանչիւր մեծատուն ջանացել էր հնարաւորինս յապաղել, որպէսզի կոչնականներն իրեն դիմաւորէին, տիկնոջ՝ Փարիզից բերուած մուշտակով, մուշտակը հանելուց յետոյ էլ՝ պճնազարդերով:
Սակայն, երբ հերթական շքակառքից Յովհաննէս բէյ Տատեանն իջաւ, արարողապետը ժամանակը լրացած համարեց, հրաւիրեալներին հիւրասեղան առաջնորդեց։ Արքունի վառօդապետը չէր հասցրել մասոնական օթեակում ընթրել. հպանցիկ հայեացք նետեց ուտեստեղէնին, փառաւորուեց ու հետաքրքրուեց.
—Ան չէ, ամմա, տիա՛ր Արփիար, ասանկ ճոխ ճաշկերոյթին առիթը ո՞րն է։
—Առանձնահատուկ առիթ չի կայ,— խուսափողական պատասխանեց համբաւաւոր գրական ու կրթական մշակը,— փափագեցայ, որ ակնցիներով հաւաքուինք, մենք մեզմով ըլլանք։
Կեդրոնական վարժարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը ակնցի չէր, բայց հրաւիրուած էր։ Ուզեց իր ներկայութիւնը զգացնել, կարեւորութիւնը յիշեցնել.
—Տղային Բարիզ՝ բարձրագոյն ուսումի ղրկեցինք, պզտի՞կ պատճառ է,— ախորժաբերը ձեռքին, ընչացքներից ժպիտ կաթեցնելով՝ ամիրային մօտեցաւ նա։
Տիար Արփիարը չարձագանքեց։
Մի օր առաջ ճաշացանկը կազմելիս, նոյն՝ արքունի վառօդապետի հարցը «Թոքաթլեանի» խոհարարապետը տուեց, որովհետեւ նախնական պատուէրները՝ նրբաքիմք խորտիկները «Ազատամարտ»-ի սիւնակագրի համար չափազանց սուղ համարեց։ Տիար Արփիարը դարձեալ չէր պատասխանել, բայց երբ խոհարարապետը մասնագիտական հետաքրքրասիրութեամբ, իբր աքրատներն ու աղանդերները ընտրակարգելու համար հարցը երկրորդ, երրորդ անգամ էր կրկնել, ակնցի գրական ու կրթական մշակը, ինչպէս խոստովանահօրը, երկիւղածութեամբ շշնջացել էր.
—Երեկ լրումին հասցուցի «Փրկութիւնն Հայոցը»:
Նման նշանակալի իրադարձութիւնը առաջին անգամ բարձրաձայն յայտնելու պահին նա՝ իր համար էլ անսպասելի յուզուել, վերջին երկու բառը կցկտուր էր յաւելել։ Թերեւս այդ պատճառով խոհարարապետը չէր հասկացել, թէ խօսքն ինչի մասին է, կամ ուղղակի կարեւորութիւն չէր տուել, թեթեւակի ժպտացել, անմիջապէս վերադարձել էր իր պարտականութիւններին՝ ճաշացանկին։
—Ըսել է աղեկալը մաղմաղ կրակով՝ թերեփ կ՚ուզէք, կը գովեմ ձեր ճաշակը, եթէ կը փափաքիք, հետը նոյն օրը բռնուած ուլականջ ալ կրնանք հրամցնել։ Կարծեմ մեր պանդոկը փորձած էք, կրիայի միսէն համով է։
Այդ պահին տիար Արփիարի քիմքին «Թոքաթլեանի» ոչ մի խորտիկ համադամ չէր թուացել. խոհարարապետի անտարբերութիւնն իրեն խոցել էր: Ոչինչ, մխիթարել էր ինքնիրեն, գիշերը՝ ճաշկերոյթի ամենահանդիսաւոր պահին կը պայթեն փրփրագինիները, նա կը հասկանայ, թէ ինչ է տեղի ունեցել իրականում…
Դեռեւս տարիներ առաջ իր երկու համաքաղաքացիները՝ Վերի թաղի Զոհրապենց Խաչիկի տղան, ինչպէս նաեւ Բերդաթաղի Եարճանեանը, ճիշտ ժամանակին մայրաքաղաք էին տեղափոխուել, Գրիգոր Զոհրապ, Սիամանթօ գրչանուններով համազգային դէմքեր դարձել, իսկ ինքը որոշել էր Ակնում՝ գաւառային կրթական ու գրական մշակ մնալ, որպէսզի շարունակէր Մովսէս Խորենացու «Ծննդաբանութիւն հայոց մեծացը»: Ազգային պատմութիւնը ողբով աւարտուել չէր կարող, փրկութիւն պիտի լինէր, անպայման կը լինէր՝ սա՛ էր եղել նրա հաւատամքը: Տասնեակ տարիներ, ընթրիքից յետոյ, տիար Արփիարը ձմեռնախուցն էր մտել, իր ձեռքով սուրճ էր եփել, բացել մագաղաթանման մատեանը։ Այդ պահից եռայարկ, դրուագանախշ առանձնատան մեծերն ու փոքրերը, անգամ բակապահ գամփռը՝ Որոտը, է՜ դեռեւս Վանից բերուած հեզասահ կատուն՝ Հեզիկը, պապանձուել էին։ Ասես գլխի էին ընկել, որ ակնցի կրթական ու գրական մշակը «Փրկութիւնն Հայոց» խոհագրական երկասիրութիւնն է գրում: Գրում է այն մատեանը, որը հայրենակիցներին աստանդական դեգերումներից փրկելու, աւետեաց երկիր էր առաջնորդելու, երջանկացնելու։ Ոչ թէ հրեաների, իրե՛նց աւետեաց երկիրը…
Տիար Արփիարը անդրադարձաւ, որ ժամանակ քիչ է մնում, «Թոքաթլեանից» ելաւ, աճապարեց տուն: Կինը, ինչպէս յանձնարարել էր առաւօտեան, արդուկել էր շքազգեստը, նոր գնած ոսկեճարմանդ վերնաշապիկը, վարդակապը: Նկատելով, որ Արշալոյսն իրեն հագցնում-յարդարում է, բայց խոհանոցային տնազգեստով է մնում, նա զարմացաւ.
—Դուն ինչո՞ւ չես փոխուիր։
—Ե՞ս ալ պիտի գամ,—ահաբեկուեց Արշալոյսը։
«Փրկութիւնն Հայոցի» հեղինակն առանց այն էլ «Թոքաթլեանից» նեղսրտած էր ելել, ձայնը բարկութեամբ բարձրացրեց.
—Հարկաւ, պիտի գաս, ես ո՞ւր, դուն ալ հո՛ն։
Կինը գլուխը հակեց, անձայն լաց եղաւ։
Բայց չեկաւ: Նրա բացակայութիւնը նկատելով՝ հրաւիրեալները, յատկապէս տիկինները սկսեցին իրար մեջ քչփչալ՝ ուրեմն ճիշտ էին եկեղեցիներում շրջանառնուող շշուկները, որ Արշալոյսը ոչ թէ հիւրընկալի պաշտօնական կինն է, այլ՝ բարձընկերը, կենակցուհին, որ նա Ակնում օրինաւոր կին ու զաւակներ ունի: Պերճաշուք մի տիկին, որ Բերայի բոլոր բամբասանքներին առաջինն էր հասու լինում, ուզում էր միայն իրեն յայտնի մանրամասներ հաղորդել, արարողապետի ազդեցիկ ձայնից սաստուեց: Նա սկսել էր բարձրացնել կենաց-բաժակները: Սահմանուած հերթագայութեամբ՝ ըստ ունեցուածքի ու հանրային դիրքի:
Առաջինը, բնականաբար, խմուեց Յովհաննէս բէյ Տատեանի արեւշատութեան ու հետագայ բարգաւաճութեան համար, յաջորդեցին Ճէզայիրլեան ամիրայի, Պալեան ամիրայի, նրանց լուսահոգի ծնողների, վսեմափայլ տիկինների, շնորհաշատ զաւակների, թոռների ու ծոռների կենացները: Մինչեւ արարողապետը Արփիար Ակնունու կենացին հասաւ, բառերը լեզուի ու շրթունքների արանքում սկսեցին փաթ ընկնել:
Հրաւիրեալները, որ համարեա բոլոր ճաշկերոյթներին համարեա նոյն ճոռոմ բաժակաճառերը, քծնանքները լսելուց ընդարմացել էին, վրաները նիրհ էր իջել, աշխուժացան:
Ամեն ոք հարկ էր համարում ոտքի ելնել, առատախօսութեամբ, երկարախօսութեամբ նախորդին գերազանցելով՝ տիար Արփիարի հայրենանուիրումը, ճիշտ ժամանակին Պոլիս գալը, «Ազատամարտի» շարունակական թերթօնով Ակնի՝ 1895-ի ջարդերի վաւերականութիւնը պատմութեանը յանձնելը, Պոլսում հանգանակութիւն ձեռնարկելը, հայրենի եզերքի եկեղեցիները, վարժարանները վերականգնելը, վերջապէս պարտականութիւններն աւարտելուց յետոյ Ակն վերադառնալու, նախկին պատասխանատուութիւններն ստանձնելու յոյժ ազգաշահ որոշում կայացնելը դրուատել։
Արփիար Ակնունին էլ ոտքի ելաւ: Վերջում: Չափազանցուած մեծարումների համար հպանցիկ շնորհակալութիւն յայտնելով, ուզում էր կարեւորին անցնել, աւետել, որ այդ պահից հայութիւնն իր հեղինակած փրկութեան մատեանն ունի, Պալեան ամիրայենց տան ջրկիրը՝ Վարդան ախպարը, ներս մտաւ: Աննախադէպ յանդգնութիւն. նա իրեն թոյլ տուեց հիւրասեղանին մօտենալ, ամիրայի ականջին գաղտնիք շշնջալ։ Ամիրան շուրթերին մօտեցրած սկահակը սեղանին դրեց, յետ նստեց, բայց պաղարիւնութիւնը չկորցրեց.
—Թիւրիմացութիւն ըլլալու է, ով գիտէ ինչ ըսած են, չես հասկցած…
—Ինչ որ պատուիրեցին ըսել, բառ առ բառ կը կրկնեմ,— մեծապատիւ կոչնականների ներկայութեամբ չքմեղացաւ սասունցի ջրկիրը,— գիրքերը, կէս գրուած թուղթերն անգամ ժողուեր, հետերնին տարեր են։
Լռութիւնը ծորաց ծանրացաւ ու մածուցիկացաւ, Պալեան ամիրայի ձայնն անգամ ակաղձեց.
—Մեր Վարդան ախպարը կ՚ըսէ թէ Հայր Կոմիտասին, Զօհրապին, Սիամանթոյին, կարգ մը ուրիշ կարեւոր մտաւորականներու քիչ առաջ ձերբակալեր, կեդրոնական ոստիկանատուն փոխադրեր են։

Հրաւիրեալներն ակամայ դուրս նայեցին՝ համադամ խորտիկներով հմայուած չէին էլ նկատել, որ շղարշէ վարագոյրների միւս կողմում հորիզոնը սեւակնել, մթնել էր։ Փշէ պսակով, մերկ մարմնով մի կերպարանք երկնակամարի հեռուներից ամեն կերպ ճգնում էր դուրս պրծնել, մարդկանց աշխարհն իջնել, վերահաս արհաւիրքը կանխել, չէր կարողանում. մզկիթների կիսալուսնաձեւ եաթաղաններն ու մինարէների սուրսայր տէգերը բզկտում էին խաչուած մարմինը։ Քաղաքի վրայ արեան անձրեւ էր տեղում։
Տիար Արփիարի՝ «Փրկութիւնն Հայոցի» աւարտն աւետող բառերը այդպէս էլ չարտաբերուած մնացին: Կոչնականներից Ճէզայիրլեան ամիրան, որ վերին ոլորտներում ելումուտ ունէր, մռայլուեց։ Քաղաքի վրայ տեղացող արեան անձրեւը պատրանք չէր՝ ակնյայտ էր, որ իր ներկայութեամբ մասոնական օթեակում, բրիջի սեղանի շուրջը հնչող յոխորտանքները սոսկ յոխորտանք չէին, լինելու էին։ Բայց իրենց ո՞ր մեղքի համար:
—Սուտ կամ սխալ, ասանկ պարագայի ճիշտը տուն երթալը, ընտանիքին գլոխը գտնուելն է,— իրեն ուղղուած հարցական հայեացքներից կանխակալ զգուշաւորութեամբ խոյս տուեց նա, փութկոտ ոտքի ելաւ։
Աղանդերը՝ դափնեկեռասը, չմատուցուեց, խոհանոցի սեղանին մնաց։
Երկձի կառքը Բերա էր սլանում, ետեւի լայն նստիքին ճօճուող տիար Արփիարը Վարդան ախպարին ոչ մի կերպ ներել չէր կարողանում՝ ամենանշանակալի պահին խրախճանքը խափանել, իրեն էլ այդքան վեհապատիւ կոչնականների ներկայութեամբ վիրաւորել էր. «Կարեւոր մտաւորականներուն ձերբակալեր, կեդրոնական ոստիկանատուն տարեր են» ասելը չէ՞ր նշանակում, որ թուրք ոստիկաններն իրեն՝ «Փրկութիւնն Հայոցի» մատենագրին կարեւոր մտաւորական չէին համարել։ Երբ ինքն Ակնում «Եփրատ» թերթն էր խմբագրում, «Մեծն Ներսէս» թատերախաղում Սուրբ Մեսրոպի դերն էր կատարում, միւս «կարեւոր մտաւորականներն» ո՞ւր էին։
Արշալոյս խաթունը թաշկինակը դէմքին բացեց դուռը։ Նա դեռ հեծկլտում էր։
Տիար Արփիարին տեսնելով՝ վախից քիմքին փակած լեզուն դժուարութեամբ շարժեց ու միայն մի բառ ասաց.
—Տարին։
—Ի՞նչը։
— . . .
Կնոջը շեմին թողեց, շքազգեստով ու վարդակապով աշխատասենեակ խուժեց։ Գրասեղանի բոլոր դարակները խառնշտկել, եղած-չեղածը թափել, գզրոց-թաքստարանի դռնակը տեղահան էին արել։
«Փրկութիւնն Հայոց»-ը չկար։
Առեւանգել էին:

Երեւան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *