ԹՐՔԱԼԵԶՈՒ ՀԱՍԱՐԱԿՈՒԹԻՒՆԸ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԱԾ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՅԹՈՎ

«Գրական Թերթ»-ի հարցազրոյցը թարգմանիչ, խմբագիր ՍԵՒԱՆ ՏԷՅԻՐՄԷՆՃԵԱՆի հետ

Շաքէ Երիցեան — Խօսենք «Արաս» հրատարակչութեան գործունէութեան մասին: Ինչպիսի՞ առաքելութիւն է իրականացնում այն իր տպագրած գրքերով:
Սեւան Տէյիրմէնճեան — «Արաս» հրատարակչութիւնը հիմնադրուել է Թուրքիայում, 1993 թ.: Այս տարի յոբելեանական տարի է: Հրատարակչութիւնը նշում է իր հիմնադրման 25-ամեակը: «Արաս» հրատարակչութեան կարգախօսն է` «Պատուհան դէպի հայալեզու գրականութիւն»: Այս հրատարակչութիւնը հիմնականում հայ գրականութիւնը, հայկական ինքնութիւնը, հայկական մշակոյթը, Թուրքիայում կամ այլուր ապրող հայ եւ օտարագիր հայ գրողներին ծանօթացնում է թրքալեզու ընթերցողներին: Վերջիններիս մէջ կան նաեւ հայեր, եւ նրանց համար երբեմն դժուար է լինում հայերէն կարդալը: Հետեւաբար, այդ բոլոր գրքերը կարդում են թուրքերէնով: Մինչեւ այժմ հրատարակել ենք բազմաթիւ գրքեր, ինչպէս` Շահան Շահնուրի «Նահանջը առանց երգի» վէպը, Համաստեղի, Վահան Թոթովենցի, Ուիլեամ Սարոյեանի, Գէորգ Պարտաքճեանի «Հայ գրականութեան մատենագիտութիւն» հաստափոր հատորը, Յակոբ Մնձուրու գործերը, որոնք շատ մեծ ժողովրդականութիւն են վայելում, եւ այլն: «Արասը» հրատարակում է ոչ միայն գեղարուեստական գրականութիւն, այլեւ պատմական Հայաստանի քաղաքների, նրանց անցեալի, ժողովրդական բարքերի մասին գրքեր: Մինչեւ հիմա հրատարակել ենք Խարբերդին, Մուշին, Բաղէշին եւ Վանին նուիրուած գրքեր: Տպագրել ենք Ռէմոնդ Գէորգեանի եւ Փոլ Փապուճեանի «Հայերը Օսմանեան կայսրութիւնում մինչեւ 1915 թ.» կոթողային աշխատութիւնը: Մեծ պահանջարկ ունեցող հատորներից է: Թուրքերէնով տպագրուել է պոլսահայ վիպագիր Զաւէն Պիպեռեանը, որը նոյնպէս մեծ պահանջարկ ունի: Վերջերս թարգմանել ու տպագրել ենք Անդրանիկ Ծառուկեանի «Մանկութիւն չունեցող մարդիկ» յուշապատումը եւ այլն:
«Արաս» հրատարակչութիւնը նաեւ հայերէն գրքեր է տպագրում, ինչպէս, օրինակ` նոյն Զաւէն Պիպեռեանի, Մկրտիչ Մարկոսեանի, ստամբուլահայ գրողներ Երուանդ Կոպելեանի, Արա Ակինեանի, Վահէ Պէրպէրեանի գործերը: Զապէլ Եսայեանի «Սպասման սրահին մէջ» վէպը, որ մնում էր մամուլի հաւաքածուներում, առաջին անգամ տպագրել ենք առանձին գրքով: 25 տարիների ընթացքում «Արաս» հրատարակչութիւնը տպագրել է ավելի քան 200 անուն գիրք, որը, անշուշտ, վատ ցուցանիշ չէ մեր համեստ պայմաններում:

Շ. Ե. — Որքանո՞վ է թրքալեզու ընթերցողը հետաքրքրուած հայ հեղինակով:
Ս. Տ. — Թրքալեզու հասարակութիւնը, թուրք ընթերցողները մեծ հետաքրքրութիւն ունեն հայկական մշակոյթի, հայ գրականութեան, պատմութեան նկատմամբ, որովհետեւ Անատոլիայի պատմութիւնը, պատմական Հայաստանի եւ ոչ միայն պատմական Հայաստանի քաղաքների, այլեւ արեւմտեան Թուրքիայում գտնուող քաղաքների պատմութիւնը առնչւում է Թուրքիայի պատմութեանը: Իզմիրի, Եւդոկիայի, Սեբաստիայի, Տիգրանակերտի, հայկական գիւղերի մասին գրքերը, անշուշտ, մեծ հետաքրքրութիւն են առաջացնում եւ անպայման գրախօսւում են թուրքական մամուլում: Նաեւ մասնակցում ենք Թուրքիայում կազմակերպուող գրքի տօնավաճառ-ցուցահանդէսներին:

Շ. Ե. — Դուք նաեւ դասաւանդում եք «Քադիր Հաս» համալսարանում:
Ս. Տ. — «Քադիր Հաս»-ը Թուրքիայի առաջատար համալսարաններից է: Հիմնադրուել է կեսարացի մեծահարուստ գործարար Քադիր Հասի կողմից: Համալսարանում դասաւանդւում են բազմաթիւ օտար լեզուներ, որոնց մէջ պաշտօնապէս ընդգրկուած է նաեւ հայերէնը: Ուսանողներն ընտրում են լեզուներից որեւէ մէկը եւ մասնակցում դասընթացներին: Հայերէնը ես եմ դասաւանդում:

Շ. Ե.— Իսկ հայերէնն ընտրողներն ովքե՞ր են` հայե՞ր, թէ՞ այլազգիներ:
Ս. Տ. — Հիմնականում այլազգիներ են: Հայերէն իմացողներին ուրիշ յանձնարարութիւններ եմ տալիս, մի գիրք են կարդում հայերէնով եւ դրա շուրջ համառօտ մի բան գրում: Իսկ այլազգիներին ծանօթացնում եմ հայոց այբուբենին, հայ մշակոյթին, Թուրքիայի հայ գործիչներին: Թուրքիան մեծ հասարակութիւն է, վիճելի պատմական անցեալ ունի, այդ երկրի պատմութիւնը վիճելի ձեւերով, կասկածելի միջոցներով է փոխանցւում նոր սերնդին: Եւ այդ նոր սերունդը շատ անգամ անտեղեակ է, որ Թուրքիայում կայ հայկական մեծ ժառանգութիւն: Նոյնիսկ տեղեակ չեն լինում, որ այս կամ այն արուեստագէտը, ճարտարապետը հայ է եղել:

Շ. Ե. — Հայերէն էք դասաւանդում նաեւ «Հրանտ Դինք» հիմնարկում: Ի՞նչ գործունէութիւն է ծաւալում այս հիմնարկը եւ արդեօք նպաստո՞ւմ է Դինքի տեսիլքների իրականացմանը:
Ս. Տ. — «Հրանտ Դինք» հիմնարկը ստեղծուել է 2008 թ., Դինքի սպանութիւնից յետոյ, ընտանիքի կողմից: Ստեղծուել է հայկական աննիւթական ու նիւթական մշակութային ժառանգութիւնը վեր հանելու, Թուրքիայում խօսքի ազատութեանը, խղճի ազատութեանը նպաստելու, ատելութեան մղող հրապարակումների առաջն առնելու, դրանց դէմ քայլեր ձեռնարկելու, քաղաքացիական հասարակութիւնը զարգացնելու նպատակով: Այն, ինչ անում էր Հրանտ Դինքը կենդանութեան օրօք, այսօր շարունակում է այդ հիմնարկը, նրա այդ տեսիլքներն իրականացնելու ճանապարհին է կանգնած: Այստեղ 2016 թուականից սկսեցինք նաեւ հայոց լեզուի դասընթաց անցկացնել, որովհետեւ հայերէնի հանդէպ հետաքրքրութիւնը միշտ էլ կար:

Շ. Ե. — Ինչո՞վ է պայմանաւորուած այդ հետաքրքրութիւնը հայերէնի նկատմամբ: Ովքե՞ր են Ձեր աշակերտները այս հիմնարկում:
Ս. Տ. — Կան մարդիկ, որոնց նախնիները եղել են հայեր: Նրանց ինքնութեան մաս է կազմում նաեւ հայկական ինքնութիւնը, եւ ուզում են որոշ չափով ծանօթանալ այս մշակոյթին, ինչն իրենց համար օտար է եղել: Կան մարդիկ, ի դէպ ոչ նուազ քանակ են կազմում, որոնք Հրանտ Դինքի սպանութիւնից յետոյ իրենց համար բացայայտեցին, որ երկրում կայ հայ կոչուած մի տարր, որին անծանօթ էին: Եւ, ի յարգանս Հրանտ Դինքի, նրա ծաւալած գործունեութեան, նրա նահատակութեան, որովհետեւ Դինքը իր մահից յետոյ միայն այսքան լայն զանգուածներին ծանօթ դարձաւ, սկսեցին հետաքրքրուել հայերէնով: Մի քիչ էլ իր կերպարը նպաստեց, որովհետեւ Դինքը ոչ մի վատ բան չէր անում, համեստօրէն մի թերթ էր տպագրում` «Ակօսը», եւ նրա սպանութիւնը մեծ վրդովմունք առաջացրեց, որովհետեւ նա յանցագործ չէր, բանտարկեալ չէր, Հայոց հարցը բարձրացնող եւ Հայոց հարցի լուծումը թուրքական ժողովրդավարութեան զարգացման ճանապարհին մի կարեւոր միջոց նկատող մամլոյ համեստ մի աշխատող էր: Եւ խղճամիտ մարդիկ սա տեսնելով` մեծ յարգանքով լցուեցին ոչ միայն Դինքի, այլեւ Դինքի պատկանած հայ հասարակութեան հանդէպ: Եւ լեզուն սովորելը այդ յարգանքի տուրքի արտայայտութիւններից մէկը դարձաւ: Դրանք Թուրքիայում ապրողներն են, հիմնականում այլալեզու, այլազգի, որոնց մէջ կարող են լինել նաեւ ծպտեալ հայեր: Ընդ որում, ծպտեալ հայերն էլ որոշ չափով Դինքի սպանութիւնից յետոյ արթնացան: Դինքի ժամանակ այդ գործընթացը սկսուել էր «Ակօս»-ով: Դինքի սպանութիւնից յետոյ սկսեցին է՛լ աւելի բարձրաձայնել իրենց անցեալի, իրենց ինքնութեան մասին:
Հայերէն են ուսանում նաեւ գրականութեան, թատրոնի, պատմութեան մասնագէտները, որոնք շատ լաւ գիտակցում են, որ օսմանեան պատմութիւնը միայն թուրքերէնով հնարաւոր չէ գրել կամ միայն թուրքերէնով հնարաւոր չէ կարդալ, այլ պէտք է անպայման իմանալ հայերէն, ինչպէս նաեւ յունարեն եւ այլ լեզուներ: Բայց հայերէն իմացող մասնագէտների քանակը շատ քիչ է: Եթէ անգլերէն գիտես, ոչինչ չի փոխւում, որովհետեւ անգլերէն բոլորը գիտեն, իսկ եթէ հայերէն գիտես, արդէն քո կարիերայի մէջ միայն առաւելութիւն կայ, առաջ ես անցնում, աւելի շատ աղբիւրների ես հասու լինում: Ահա այդպիսի մասնագէտները գալիս եւ սովորում են հայերէն, որպէսզի ուսումնասիրեն հայկական մամուլը, գրականութիւնը:
Ունենք ուսանողներ, ովքեր ուսումնասիրում են 19-րդ դարի Օսմանեան կայսրութիւնում թատերգութեան պատմութիւնը: Անշուշտ, գիտենք, որ հայերն են եղել օսմանեան թատրոնի հիմնադիրները, ուստի` առանց հայերէնի իմացութեան ամեն ինչ պակաս կը լինի: Այսինքն` այն, ինչ թուրքական իշխանութիւնները 90 տարի շարունակ թաքցրել են, վարագոյր են քաշել, հայերէն սովորելով` նրանք այդ վարագոյրը փոքր-ինչ մի կողմ են տանում եւ տեսնում են այն, ինչ կայ վարագոյրից այն կողմ: Այսինքն` նրանց աչքերը բացւում են, եւ տարբեր մօտեցումներով են սկսում կարդալ ամեն ինչ: Հիմնարկում ունենք երեք դասարան: Այստեղ ուսուցումն աւելի լուրջ է, քան «Քադիր Հաս» համալսարանում, որովհետեւ վերջինում ուսանողները մեծ մասամբ պատահականօրէն են ընտրում հայերէնը, իսկ «Հրանտ Դինք» հիմնարկ գալիս են գիտակցուած, վճարում են դրա համար:

Շ. Ե. — Յովհաննէս Թէքգէօզեանի «Փախչող քաղաքը» Դուք էք թուրքերէն թարգմանել: Արդեօք թուրք ընթերցողին հետաքրքրո՞ւմ է ժամանակակից հայ հեղինակը:
Ս. Տ. — Այդ գրքի թարգմանութիւնը պատուէր էր: Կայ մի գրական գործակալութիւն` «Քալեմ», որը պայմանագիր է կնքել Առաջին հայկական գրական գործակալութեան հետ, որի մօտ էր գտնւում Թէքգէօզեանի հեղինակային իրաւունքը: Ես թարգմանեցի այդ գիրքը` «Փախչող քաղաքը», որը տպագրեց «Այրընթը» հրատարակչութիւնը «Ընդյատակեայ գրականութիւն» մատենաշարով: Յովհաննէսի գիրքը թէ՛ հայի, թուրքի յարաբերութեան մասին է, թէ՛ բաց տեսարաններ ու վերացական սիւժէ ունի, եւ այս բոլորը նպաստել են, որ գիրքը համարուէր ընդյատակեայ գրականութիւն: Թէեւ այդ խորագիրը` «Ընդհատակեայ գրականութիւն», նաեւ սպառման խնդիր էր լուծում` հետաքրքրութիւն առաջ բերելով: Ափսոս, որ շարունակութիւն չունեցաւ այս գործը: Շեշտեմ մի կարեւոր երեւոյթ: Թուրքիայում թուրք ընթերցողը կարդում է հայ դասական գրականութիւն, այն, ինչ առնչւում է Եղեռնին, Անատոլիային, նախկին հայկական քաղաքներին, Օսմանեան կայսրութեան հայերին: Կարդում են Զապէլ Եսայեան, Անդրանիկ Ծառուկեան, Թոթովենց, Մարկոսեան, որովհետեւ նրանց գրականութիւնը նաեւ Թուրքիայի` Օսմանեան կայսրութեան կեանքին է վերաբերում: Թուրքիայի կեանք ասելով` նկատի ունեմ հայկական, յունական, քրդական կեանքը, այսինքն` այն բոլոր ժողովուրդների կեանքը, որոնք ապրում են Թուրքիայում: Այսինքն` Թուրքիան միատարր հասարակութիւն չէ: Թէեւ փորձել են ստեղծել, բայց չի յաջողուել: Այսօր տեսնում ենք տարբեր մշակոյթներով հարուստ մի կոլորիտ, եւ այդ ամենի մասին կարդալ նաեւ հայերի կտրուածքով, շատ ուրախալի է իրենց համար: Մինչդեռ Հայաստանի գրականութեանը բնաւ ծանօթ չեն: Այսինքն` Հայաստանի գրականութիւնը պէտք է քարոզել Թուրքիայում, պէտք է ճանաչեն Հրանտ Մաթեւոսեանին, Չարենցին, Մահարուն, Խանջեանին եւ այլն: Այս առումով, կարծում եմ, հայ գրականութիւնը քարոզելու, տարածելու գործում մեծ պարտականութիւն ունի Հայաստանի Հանրապետութիւնը: Մշակոյթի նախարարութիւնը կամ պատկան մարմինները պէտք է հիմնադրամներ ստեղծեն, գումար տրամադրեն` խրախուսելու համար, որպէսզի հրատարակչութիւնները նաեւ հայաստանեան գրականութիւն տարածեն:

«Գրական թերթ», 2 մարտ 2018

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *