«Հրանտն էնքա՜ն կուլ գնացող էր ամենքին…». Վերժին Մովսիսեան

ԱՐԱՅԻԿ ՄԱՆՈՒԿԵԱՆ

Տասնվեց տարի անց, առաջին անգամ մտնում եմ այն բնակարանը, ուր վերջին անգամ եղայ դեկտեմբերեան անհաւատալի ձիւնառատ օրը, երբ Հրանտ Մաթեւոսեան Մեծին հրաժեշտ էինք տալիս: Հրանտ Մաթեւոսեանի այրու՝ Վերժինէ Մովսիսեանի հետ պայմանաւորուել էինք զրուցել անցած-գնացած օրերից, սիրոյ իրենց պատմութիւնից, Հրանտի կեանքի փակ ու բաց էջերից, նրանց ապրածի առասպելներից, իրականութիւնից, Վարպետի վերջին ժամերից եւ այսպիսի զրոյց, կարծես թէ, առաջին անգամ էր լինելու:Ես այդ բնակարան չէի կարող մտնել առանց խոր երկիւղածութեան, թէեւ բախտաւորութիւն ունեցել եմ հէնց այդ յարկի տակ լինել նրա հիւրասենեակում, նրա հետ նստել նոյն սեղանի շուրջ, մի բաժակ կոնեակ խմել, արժանանալ Վարպետի խօսքին:
Բայց այս այցելութեան զգացողութիւնները բոլորովին այլ են. նրա կեանքի ամենամեծ վկայի հետ փորձելու ենք գնալ այն ժամանակները, երբ Հրանտ Մաթեւոսեան Մեծը մեր կողքին էր, թուացեալ՝ մեզնից մէկը, երբ ապրում էր, երբ գրում էր իր ծանր գիրը, երբ փրկութիւն էր որոնում ապրողներիս համար, երբ կայանալու ուղիներ էր գծագրում, երբ խոցւում էր իւրայիններից, մօտերից, իսկ Վարպետի աշխատասենեակի դուռը փակ է, լռութիւն, ձեռագրերը խնամքով շարուած են անշունչ դարակներում, գրասեղանը անթուղթ է ու անգրիչ, հիւրասենեակում չկայ նրա զօրեղ ներկայութիւնը, առջեւում էլ նրա ծննդեան օրն է:
Վերժինէ Մովսիսեանին խնդրել էի խօսել ամենայն անկեղծութեամբ, առանց պայմանականութիւնների, խնդրել էի յիշողութիւնների շերտերից դուրս բերել նոյնիսկ ամենազգայունները եւ Վերժինէ Մովսիսեանը համաձայնուել է առանց այլեւայլութիւնների: Երեւի այդ պատճառով էր, որ ամբողջ զրոյցի ընթացքում ինձ թուաց, թէ մենք բարձրաձայն կարդում ենք Հրանտի գիրը, Հրանտի կերպարները մեր կողքին են, մեր շուրջը, նրա տան ներսում, ու մենք նրանց հետ վերապրում ենք ժամանակը…
Սուրճ… եւ իմ առաջին հարցը.

— Տիկին Վերժինէ, յիշո՛ւմ էք, երբ Հրանտին հարցնում են. «Ձեր կեանքում եղե՞լ է որեւէ ցնցող դէպք», պատասխանում է. «Մի այդպիսի դէպք եղել է, բայց դա չի կարելի դէպք համարել, որովհետեւ արդէն մի քանի տասնամեակ է այդ դէպքը շարունակւում է. դա իմ ամուսնանալն է»: Ասում են Դուք ուժեղ, իշխող կին էք, ի՞նչ զգացիք, երբ կարդացիք Վարպետի այս «ինքնախոստովանութիւնը»:
— Ցնցողն էն է երեւի, որ Հրանտը չէր հաւատում, թէ մենք կ՚ամուսնանանք: (Ծիծաղում է): Իրեն ասել էին. «Հրանտ ջան, ինքը քեզ կը խաբի, քեզ հետ չի ամուսնանայ»: Թէ ինչպէ՞ս պէտք է խաբէի, չգիտեմ: Հրանտն էնքա՜ն կուլ գնացող էր ամենքին: Բա ի՞նչ անէի, որ ուժեղ չլինէի: Հրանտը շա՜տ խոցելի էր, շա՜տ անպաշտպան: Եւ յետոյ, մենք մի կուրսեցի էինք, ու է՜ն ժամանակից սկսած նրա կեանքն անընդհատ ես էի կազմակերպում: Անընդհատ: Եթէ մէկը չլինէր նրա կողքին հրող, առաջ տանող, պայքարող, նա կարող էր եւ ինստիտուտը թողնել եւ շատ բաներ, թէեւ՝ թողնէր-չթողնէր, միեւնոյն է, ինքը Հրանտն էր, Հրանտն էր լինելու: Ինքը ոնց ուզել է, ապրել է: Ես իրեն միշտ ազատ եմ թողել:

— Կը պատմէ՞ք Ձեր ծանօթութեան, սիրահարուելու, սիրելու պատմութիւնը:
— Կը պատմեմ: Դա մի բացառիկ պատմութիւն է: Իսկապէս՝ բացառիկ պատմութիւն: Ես ու Հրանտը, գիտէ՛ք, նոյն ինստիտուտն ենք աւարտել՝ մանկավարժականը, բայց երկուսս էլ շատ իւրայատուկ կերպով ենք ընդունուել մանկավարժական:
Ես որոշել էի գնալ համալսարան: Քոյրս այդ ժամանակ մեկնում էր Լենինգրադ՝ ստաժորական պրակտիկայի: Մենք միասին գնացինք, գործերս տուեցի համալսարան, ու ինքը մեկնեց: Բայց ես տեսայ, որ իմ համադասարանցիներից, իմ դպրոցի երեխաներից շատերը մանկավարժական են գնում, օտար լեզուի քննութիւնից էլ վախենում էի ու գնացի, վերցրեցի գործերս համալսարանից ու տարայ մանկավարժական:
Առաջին քննութիւնը յանձնեցի ու պարզուեց, որ անբաւարար եմ ստացել: Հայոց լեզուի գրաւոր քննութիւնն էր: Ծնողներս զարմացան, որ անբաւարար եմ ստացել, ես էլ մի քիչ տխրեցի, բայց գնացինք գործերս ետ վերցնելու: Ես չգիտէի այդ ժամանակ, որ կարող եմ բողոքարկել, բայց երբ տեսայ, որ մարդիկ բողոքարկել են, որոշեցի, որ ես էլ պէտք է բողոքարկեմ ու մտայ ղեկավարների մօտ: Երբ գրաւորս բերեցին,— ես գրել էի Րաֆֆու «Ոսկէ աքաղաղը»,— տեսան, որ ոչ մի ուղղում չկայ գրաւորիս մէջ, ընդամենը երկու կարմիր զիգզագ գիծ է քաշուած: Պարզուեց, որ յանձնաժողովը տեղեակ չէր այդ գրաւորից, յանձնաժողովի ձեռքի տակով չէր անցել, իրենք էլ չհասկացան, թէ ինչպէս է այդպէս ստացուել: Եւ Վաչէ Պարտիզունին, որ նախագահն էր, առաջարկեց յաջորդ օրը նորից քննութիւն յանձնել: Այսպիսով, ես մի քանի օրում քննութիւններս յանձնեցի ու ընդունուեցի:
Այս պատմութեան երկրորդ օրը, երբ դուրս եկայ ինստիտուտից, քոյրս բակում ծանօթացել ու խօսում էր Հրանտի հետ: Հրանտն էլ չէր ընդունուել: Ասել էր 21 միաւոր եմ հաւաքել. երեք հինգ հայոց լեզուից ու երեք երկուս՝ ռուսերէնից: Քոյրս իմացել էր, որ Հրանտը տպարանում է աշխատում, որ հրաշալի քննութիւն է յանձնել հայոց լեզուից, հրաշալի գրաւոր է գրել: Գրել էր, թէ ինչպէս ինքը կը գրէր Ստեփան Զօրեանի «Պատերազմ» պատմուածքը: Այդ գրաւորի մասին «Սովետական Հայաստան» թերթում յօդուած էր եղել, որ հրաշալի գրուածք է եւ այլն, եւ Հրանտը յոյս է ունեցել, որ դա իրեն կ՚օգնի, որ ընդունեն ինստիտուտ: Ամեն ինչ արել են, գրաւորը տարել են մինիստրութիւն եւ այլն ու կարծեմ, առանց ռուսերէնը յանձնելու են ընդունել:
Այսպէս, երբ դասերն արդէն սկսուել էին, քոյրս ամեն օր հարցնում էր, թէ ի՞նչ եղաւ այն լինոտիպիստ տղան, ու ես, երբ հետաքրքրուեցի, տեսայ, որ Հրանտը մեր կուրսից է, Մաթեւոսեան, մատեանում՝ 14 համարը, ես էլ՝ Մովսիսեան, 15-ը: Երեւի բախտն էր այդպիսին:
Բայց Հրանտը դասի չէր գալիս: Մի ամիս ու մի քիչ աւելի երեւի անցել էր, մի օր, վեցերորդ ժամին դուռը բացուեց, Հրանտը ներս մտաւ ու ողջ հասակով կանգնեց դռների մէջ: Պարոյր Սահակեանի ժամն էր՝ ռուս գրականութեան: Պարոյրը գունատուեց, վախեցաւ, կարծեց, թէ «Կրիվոյի» տղաներից է, ու ասաց. «երիտասարդ, ի՞նչ էք ուզում», ու Հրանտն ասաց, որ ինքն այս կուրսից է: Պարոյրը չհաւատաց, լսարանին հարցրեց, բոլորն ասացին, որ չեն ճանաչում: Միայն ես ասացի, որ ճանաչում եմ: Ասացի, որ տեսել եմ քննութիւնների ժամանակ, որ մատեանում էլ անունը կայ, 14 համարն է: Պարոյրը Հրանտին հարցրեց. «իսկ ո՞ւր էիր մինչեւ հիմա», ու Հրանտն ասաց. «հունձ էի անում»: Ամբողջ կուրսը ծիծաղեց, կարծեցին Հրանտը ծաղրում է:
Լսարանում նստելու տեղ չկար, բոլորս երեք-երեք էինք նստած: Միայն ես էի նստած Մանուկեան Գուրգէն անունով մի տղայի հետ, բայց նրան ասել էի, որ ես այդ տեղը պահում եմ Հրանտ անունով մի տղայի համար, ու երբ նա գայ, ինքը գնալու է կողքիցս: Հրանտը եկավ, նստեց, եւ առաջին բանը, որ արեց, ինձ թուղթ գրեց, հարցրեց, թէ ով եմ: Ու անընդհատ դասի ժամանակ իրար թուղթ էինք գրում: Ու այդպէս, ամբողջ կիսամեակի ժամանակ ոչ մի դասախօսութիւն չգրեցինք, միայն իրար թուղթ էինք գրում:
Բայց Հրանտը շատ չէր գալիս ինստիտուտ, կարգապահ ուսանող չէր: Գիշերներն աշխատում էր տպարանում: Շատ դժուար էր իր համար: Ասում էինք՝ արի, դուրս կը մնաս, ասում էր. «ես բան չունեմ էստեղ սովորելու»: Մի օր էլ ասաց. «եթէ գամ, քեզ համար եմ գալու»: Ասացի՝ արի, ինձ համար արի, բայց՝ արի:
Առաջին տարին մեր տղաներին տարան խոպան, այդ թւում եւ Հրանտին, եւ Հրանտը գրեց «Տափաստան»-ը: Բերեց, մի քանի էջ նուիրեց ինձ: Մի օր էլ մայրս, կարծեմ, հարիսայ էր եփել, ու իմ հօրեղբօր տղայի ընկերները, որ Մոսկուայում էին սովորում, ժուռնալիստիկայի ֆակուլտետում՝ Յարութիւն Ֆելեքեանը, Ջոն Կիրակոսեանը եւ այլն, մեր տուն էին եկել եւ առանց իմանալու, որ ես ուսանող եմ, որ Հրանտին ճանաչում եմ, մեր տանը սկսեցին Հրանտից, նրա «Տափաստան»-ից խօսել: Հիացած էին, զարմացած Հրանտի տաղանդից, համարձակութիւնից: Հրանտը գրել էր մի երկրի մասին, որն ամբողջ երկրից մարդկանց հաւաքել, տարել էր խոպան, ցորենը հնձել էր, բայց այդ ցորենը չէր հաւաքել, ու ցորենը մնացել անձրեւի տակ, փչացել: Յարութիւն Ֆելեքեանը, կարծեմ, առաջին յօդուածն է գրել Հրանտի մասին:
Մայրս էլ լսեց Հրանտի մասին: Այսպէս սկսուեց մեր պատմութիւնը, յետոյ՝ Հրանտի «Տափաստան»-ը, յետոյ՝ «Ահնիձորը» ու մնացած կեանքը:

— Ու սկսուեց նաեւ Ձեր կեանքի, երեւի, ամենաբարդ շրջանը: Բայց մինչ «Ահնիձոր»-ին անցնելը, կը պատմէ՞ք Ձեր ընտանեկան կեանքի մասին:
— Երեւի միշտ էլ բարդ շրջան է եղել, բայց Հրանտը շա՜տ բարձր ինքնասիրութիւն ունէր, շա՜տ զգայուն էր: Ես նրան հասկանում էի: Մերոնք, որ ինձ համար հագուստ էին առնում, Հրանտը նեղւում էր: Ինքը պիտի առնէր: Երեք տեղ աշխատում էր: Երեք թերթում սրբագրութիւն էր անում, որ փող ստանայ: Պահ է եղել, չորս տեղ է աշխատել: Բայց, երբ փող էր ստանում, ինձ զանգում, կանչում էր «Երեւան» հիւրանոցի ռեստորան: Անպայման ինձ պէտք է ռեստորան տանէր: Ռեստորանում հիւրասիրելու էդ բանը միշտ ունէր: Ես շատ էի գնահատում դա: Նկարիչների սրճարան էինք շատ գնում, թէկուզ՝ պաղպաղակ ուտելու: Ուզում էինք գրողների, արտիստների հետ լինել:
Երբ մենք ամուսնացանք, մերոնք ուզում էին, որ մեր տանն ապրենք, բայց Հրանտի ինքնասիրութիւնը դրանով շա՜տ խիստ վիրաւորւում էր: Ու մենք որոշեցինք մի բնակարան վարձել: Նա իր քրոջ ու եղբօր հետ ապրում էր նեղլիկ մի տան մէջ, ու նրանց ընտանիքը որոշել էր աւելի մեծ մի բնակարան վարձել, որպէսզի բոլորս միասին ապրենք, բայց ես դէմ էի, ուզում էի, որ մենք առանձին ապրենք ու մենք Սեւաստոպոլեան փողոցի վրայ մի տուն վարձեցինք: Դա Կիեւեան կամուրջի մօտակայքում էր, Բոգդան Վերդեանի զոքանչի բակն էր: Մեր դասախօսն այդ տունը վարձեց մեզ համար:
Հրանտի ծնողները եկան ինձ նշանելու: Հրանտը նստել էր գնացք, գնացել էր գիւղ ու ասել էր, որ ուզում է ամուսնանալ: Հրանտի ծնողները յուսահատվել էին, որովհետեւ գիւղում աչք դրած աղջիկ ունէին, բայց եկել էին ինձ նշանելու: Երբ ես բակ մտայ, սկեսուրս լուացք էր անում, ջահել կին էր, քառասունին մօտ: Հրանտն ասաց. «էս է աղջիկը», ու սկեսուրս ասաց. «վա՜յ, ջանիդ մատաղ, էս ի՜նչ սիրուն աղջիկ ես»: Էդպիսի կին էր ինքը: Բայց հայրն ասել էր. «էս քաղաքում մի հաց կերած աղջիկ չկա՞ր»: Դէ, որ նիհար աղջիկ էի, ուրեմն հաց կերած չէի: (Ծիծաղում է):
Մի օրով էին եկել Երեւան: Ասում էին. «գնանք ձեր տուն, օր չունենք, մենք մի օրով ենք եկել, գնանք, ման գանք, ինչ-որ առնելու ենք, առնենք, նշանենք, գնանք»: Գնացինք Շահումեան հրապարակի յայտնի ոսկու խանութը: Այն ժամանակ «Սեւան» հիւրանոցը կար ու հիւրանոցի մօտ յայտնի ոսկու խանութն էր: Քայլում էինք՝ ես առջեւից, իմ հետեւից՝ Հրանտը, Հրանտի հետեւից՝ սկեսուրս, յետոյ՝ սկեսրայրս: Ամեն մարդ իր մտածմունքներով, իր դարդերով:
150 ռուբլի փող ունէին: Ամեն ինչ պիտի առնէին՝ ժամացոյց, ամուսնական մատանի ու մի մատանի էլ՝ նուէր: Կարմիր քարով մի մատանի, 380 ռուբլի էր գինը: Իրենք գիտէին: Գիւղերում պարտադիր դնում էին այդ մատանին, բոլորն ունէին: Ես ասեցի, որ դրանցից ոչ մէկը չեմ ուզում: Սպիտակ ոսկուց մի մատանի կար: Ասացի միայն այդ մատանին գնենք ու՝ վերջ: Ասացին. «բա ինչի՞ է սպիտակ, եթէ ոսկի է»: Աշխատողն ասաց, որ դա ամենալաւ ոսկին է: Ասացին. «բա մնացածն ինչո՞վ առնենք»: Ասացի, որ մնացածը չեմ ուզում, Հրանտն էլ ասաց. «մնացածին կոնեակ կ՚առնենք»:
Այդ մատանին պահել եմ: Թոռանս եմ նուիրելու:

— Հիմա գանք «Ահնիձոր»-ին:
— Սարսափելի փուլ էր Հրանտի կեանքում: «Ահնիձոր»-ից յետոյ Հրանտին հեռացրեցին աշխատանքից: Հակասովետական համարեցին: Շատ սարսափելի մի գիշեր էր: Քոյրս զանգահարեց, ասաց, որ Հրանտի հետ գնամ տպարան: Սեւ շենքը կար տպարանի: Հրանտի գոյնը սարսափելի էր, չէր կարողանում շնչել, շնչահեղձ էր լինում: Աղջիկները նիւթերը բարձրաձայն կարդում էին: Այդ օրն իմ հայրական տանը մնացինք: Հրանտին անընդհատ հսկել էր պէտք: Նա չէր կարող միայնակ դուրս գալ այդ վիճակից: Շատ ծանր տարանք այդ շրջանը:

— Բայց նոր փուլ սկսուեց, մոսկովեանը: Մոսկուայի անունից սկսուած հալածանքը Մոսկուա տարաւ: Տարօրինակ չէ՞ր:
— Մոսկուան փախուստ էր հայաստանեան իրականութիւնից: Մենք տեսանք, որ այստեղ ոչ մի բան նրան թոյլ չեն տալու: Տեսանք, որ այստեղ նրան չեն տպագրում: Սփիւռքի թերթերում դաշնակցականները գրում էին, թէ ի՞նչ եղաւ այդ տղայի ճակատագիրը եւ այլն: Շահէն Թաթիկեանը խորհուրդ տուեց գնալ Մոսկուա՝ սցենարական կուրսերի: Այդ ժամանակ արդէն երեխայ ունէինք: Ես դպրոցում էի աշխատում, մի քանի ուսուցչի էի փոխարինում՝ գրականութեան, պատմութեան ուսուցիչներին: Շատ փող էի ստացել: Դրեցինք Հրանտի հետ, ուղարկեցինք, որ կարողանայ Մոսկուայում գնումներ անել, իրեն ազատ զգալ:
Յետոյ էլ ամեն ամիս ուսուցչի իմ 60 ռուբլիանոց աշխատավարձից կոնեակ ու բաստուրմայ էի ուղարկում իրեն:
Հրանտի մասին առաջին գրախօսութիւնը տպագրուեց «Կոմսոմոլսկայա պրաւդայում»: Միխայիլ Ռոշչովն էր գրել: «Դրուժբա նարոդով» ամսագիրը սկսեց տպագրել Հրանտին: Լուսահոգի Յակոբ Սալախեանը դեռ կար: Մի ուրիշ հայ էլ կար՝ Ակոպով ազգանունով: «Դրուժբա նարոդով» ամսագիրը շա՜տ բարձրացրեց Հրանտին, շա՜տ ճանաչելի դարձրեց: Նրա բոլոր ստեղծագործութիւնները հերթով տպագրեցին: Ամեն տարի մրցանակ էին տալիս: Այդ շրջանում Հրանտը գիշեր-ցերեկ գրում էր: Բոլորը խօսում էին, որ նա մեծ գրող է՝ Անդրէյ Բիտովը, Ռեզօ Գաբրիաձէն, բոլորը: Շա՜տ իւրայատուկ մթնոլորտ էր ձեւաւորուել Հրանտի շուրջ, շա՜տ իւրայատուկ սիրով էին նրան սիրում:
Հրանտը Մոսկուայից ճանաչուած, ընդունուած վերադարձաւ: Նրա առաջին գիրքը Մոսկուայում տպագրուեց: Բայց Հայաստանում մինչեւ վերջ սրիկայութիւն արեցին: Երկու գիրքը ցրեցին, մէկով տպագրեցին եւ այլն: Երբ «Մենք ենք, մեր սարերը»-ի սցենարն արդէն կար, որն առաջին կարգի մրցանակ էր ստացել Մոսկուայում, այն դէպքում, երբ երկրորդ ու երրորդ կարգի մրցանակներ չէին տուել, դրանից յետոյ նոր միւսներին խրախուսել էին, Հրանտը Հայաստանում դժուարութիւններ ունէր: Եժովը, Բիտովը, մնացածներն այդ դժուարութիւնների մասին գիտենալով էին գալիս Հայաստան, որ զսպեն:
— Սրիկայութիւն անողները կա՞ն:
— Կան, ի հարկէ կան:

— Հիմա, այսքան տարիներ յետոյ ինչպէ՞ս կը բնութագրէք նրան: Ինքն իր մասին, կարծես թէ ամեն ինչ ասել է, բայց Ձեր բնութագիրը հետաքրքիր է:
— Հրանտը շատ ազնիւ էր: Յամառ էր: Շատ յամառ էր: Գլխին ատրճանակ պահէին, միեւնոյն է, ինքն իր ասածն ասելու էր: Շատ մարդասէր էր: Երբ Գրողների միութիւնում էր, մարդիկ անընդհատ գնում էին փող խնդրելու: Հէնց որ շուտ էր գալիս, ասում էի. «ինչի՞ եկար», ասում էր՝ «փողս պրծաւ, եկայ»: Շատ մաքրակենցաղ էր: Նոյնիսկ տանը, երբ պէտք է գնար իր սենեակ աշխատելու, պէտք է շորերը փոխէր: Պատուհանագոգերը պէտք է թաց շորով երկա՜ր մաքրէր: Հասկանում էի, որ ոչ թէ գործ է անում, այլ մտածում է: Ինքը, երբ մտածում էր, իրեն չպէտք է խանգարէինք: Շա՜տ ընտանիքի մարդ էր: Այն տարիներին, երբ լոյսերն անջատում էին, երեխայի դասերն ու անգիրները տանում, դրսում էր սովորեցնում: Դաւիթս, որ ծնուեց, երեք տարի համարեա ոչինչ չգրեց: Ինձ կարող էր խոհանոցից հանել, որ կարագը ճաշի մէջ շատ դնի, ինքը համարում էր, որ դա է լաւը:
Էսթետ էր: Նաեւ՝ հագնուելու մէջ: Շատ հետաքրքիր ճաշակ ունէր: Հագուստները, որոնք ինքը շատ սիրում էր, ես պահել եմ՝ կոստիւմները, փողկապները: Մոսկուա գնալուց առաջին կոստիւմը Արմէն Յովհաննիսեանի հետ պատուիրեցինք Արմէնի դերձակի մօտ: Արմէնը լաւ էր հագնւում: Կտորն անգլիական կտոր էր, կոմիսիոն խանութից գնեցինք: Քոյրս էլ մետաքսից փողկապներ էր բերել Հրանտի համար Սկանդինաւիայից: Շատ էր սիրում հիւրասիրել: Շա՜տ ներող էր: Երեխաներին հիւանդագին էր սիրում: Սիրում էր գիւղ գնալ: Ամիսներով գիւղ էր գնում: Գիւղն ազատութիւն էր:

— Ե՞րբ էր գրում, ինչպէ՞ս էր գրում:
— Գիշերն էր գրում: Պիտի ձայն չլինէր: Եթէ տեսնէիր, որ լուսնոտի նման ման է գալիս, պիտի գնայիր քո սենեակ, ձայն չպիտի հանէիր: Նոյնիսկ շունչը նրան խանգարում էր: Շատ էր ծխում: Մի սենեակում, որ ծուխը լցւում էր, պատուհանը բացում էր, որ այդ սենեակը մաքրուի, ինքը գնում էր միւս սենեակում ծխելու: Որ սենեակի վրայ, որ արեւն ընկնում էր, գնում էր այդ սենեակը: Որտեղ արեւ էր, այնտեղ էր գնում սուրճ խմելու: Արեւի հետ հաւասար պտտւում էր տանը: Գիւղն էր սիրում: Ազատութեան մէջ էր իրեն լաւ զգում: Տունն ազդում էր իր վրայ: Էս փակ սենեակներն ազդում էին: Չէր կարողանում: Միշտ ասում էր՝ օդ չկայ, միշտ օդը չէր բաւականացնում: Մեր տանն անընդհատ նեղուածք է եղել: Միշտ ուզեցել է մի փոքրիկ առանձնատուն ունենալ, բայց չունեցաւ: Դժուար էր գրում: Ասում էր. «ես դժուար գրող եմ, ժամը մի բառ եմ գրում»: Տան մէջ կարող էր հարիւր պտոյտ անել տասը օր՝ մի բառ գտնելու համար: Չէր սիրում, չէր կարող հէնց էնպէս գրել: Դրա համար նրա գիրը ծանր գիր է: Ծանր ստեղծուած գիր է:

— Ովքե՞ր էին ընկերները:
— Սուրէն Աղաբաբեանը, Հրանտ Թամրազեանը, Լեւոն Հախվերդեանը: Հրանտը միանգամից տարիքով իրենից մեծերի շրջապատում յայտնուեց, ջահելների հետ այդքան ընկերութիւն չարեց, որքան՝ մեծերի: Նրանք իրեն թիկունք էին կանգնել: Համալսարանական այն ժամանակուայ ջահելների համար էլ՝ Վազգէն Գաբրիէլեանի, Կիմ Աղաբեկեանի եւ այլն, Հրանտը պաշտամունք էր: Ֆելիքսն էր՝ Մելոյեան ընկերը, Մանուկ Մնացականեանի հետ էր մշտապէս ընկերութիւն անում, Զօրայր Խալափեանի: Շատ մեծ ընկերութիւն էր նրանց ընկերութիւնը: Զօրիկը մի հատ գրամեքենայ ունէր, տանում էր ինքն էր մեքենագրում, յետոյ բերում, տալիս էր Հրանտին, Հրանտն էր մեքենագրում: Միմեանց գործերը կարդում էին: Զօրիկը գնահատական էր դնում Հրանտի գրածներին, Հրանտը՝ Զօրիկի: Միւս սերնդից Վանօ Սիրադեղեանն էր, Վազգէն Սարգսեանը, Լեւոն Խեչոյեանն էր գալիս վերջին տարիներին: Վազգէնը շատ ամաչկոտ էր: Հրանտից ամաչում էր շատ, որ գալիս էր՝ շփոթւում էր, քաշւում էր:
Բացի իրենից, բոլորն իրեն ընդունում էին որպէս մեծի, մեծ գրողի, բայց ինքը խեղճանում էր: Ասում էր. «իմ եղածը, որ էս, էս ի՞նչ է»: Ինքը շատ դժգոհ էր եղածի համար: Կարծում էր, որ շատ քիչ է եղածը:

— Ի՞նչ էր սիրում ուտել:
— Լանգէտ (languette): Մինչեւ հիմա այդ լանգէտի աւանդոյթը կայ մեր տանը: Մսավաճառին միշտ օրեր առաջ խնդրում էի, որ ինձ համար միս պահէր: Կարտոֆիլ էր շատ սիրում: Կարտոֆիլի ամեն տեսակը սիրում էր: Գիշերները, երբ սովածանում էր, կարտոֆիլը շարում էր վառարանի վրայ, «պլէճ» էր անում, լցրած բերում էր սենեակ, ու բոլորը «յարձակւում» էին: Հրաժարուող չէր լինում: Խոզի միս էր սիրում, Ահնիձորի խոզի: Ինքը հիմնականում լոլիկով ձուաձեղ էր պատրաստում: Դա էր կարողանում:
Լաւ կոնեակ էր շատ սիրում:

— Ուզում եմ Վարպետի վերջին տարիների մասին պատմէք: Թւում է, թէ ամեն ինչ գիտենք այդ շրջանից, բայց երբեմն էլ թւում է, թէ ոչինչ չգիտենք:
— Պատերազմի տարիները նրան սպանեցին: Այդ տարիների ցուրտն ու խաւարը սպանեցին: Չէր կարողանում գրել: Վատառողջ էր: Ոտքերը միշտ սառում էին: Տան մէջ վալինկաներ էր հագնում: Երբ սկսեցինք երեկոները վառարան վառել, ցերեկը չէինք վառում, ինքը նստում էր վառարանի մօտ ու դէպի դուրս էր նայում, քանի լոյս էր: Վառարանի դիրքն այնպէս էր, որ մէջքով նստում էր դէպի սենեակ ու լուռ նայում էր: Գրեթէ չէինք խօսում: Ու էդպէս՝ տարիներ անցան: Ջղայնանում էր, որ չի կարողանում գրել: Մատերը չէին բացւում: Շատ ծանր տարիներ եղան: Նրա առողջութեան վրայ շատ ազդեցին: Տանը մի խորդանոց ունենք: Մի օր տեսայ, որ էդտեղ ինչ-որ բիդոններ կան: Բացեցինք, տեսանք լիքն են: Մաքուր թթի օղի էր մէկում, միւսում՝ կոնեակ: Բացարձակ տեղեկութիւն չունէի, թէ դրանք ինչպէս են յայտնուել մեր տանը: Մտածում էի, որ մեր տանը խմիչք չկար: Պարզուեց, մի տղայ կար մեր կուրսից, նա էր բերել Հրանտի համար, պաշտում էր Հրանտին: Հրանտը շատ ծանր ապրեց: Ինքը ոչ մէկի հետ չէր կիսւում: Չէր հասկանում, թէ ուր ենք գնում, երբ տարիներ շարունակ պետականութիւն չենք ունեցել:

— Երբ առողջութիւնն արդէն շատ վատ էր, հիւանդութիւնն արդէն խորացել էր, Դուք մեկնեցիք Միացեալ Նահանգներ: Կը խօսէ՞ք այդ օրերի մասին:
— Ամերիկայում վիրահատեցին: Կարծես թէ ամեն ինչ բարեյաջող էր անցել: Բայց ինքը չմնաց: Մարդիկ իր համար ամեն ինչ արել էին: Հրանտին շատ էին սիրել: Ամեն ինչ անում էին: Ես իրենց շատ եմ երախտապարտ: Բայց՝ չմնաց: Երեխաներին շատ էր կարօտել, չէր կարողանում մնալ: Երբ վերադարձանք, դիմաւորողները շատ-շատ էին ու առաջին խօսքերը, որ ինքն ասաց, ասաց. «ազգս թող ինձ ների, որ չմեռայ, վերադարձայ»: Չգիտեմ:
Առաջին օրերին տեղը չէր գտնում: Ի հարկէ ընկերները՝ Վանոն, միւսները, մենակ չէին թողնում, գալիս էին: Լեւոն Անանեանն էր շատ ուշադիր Հրանտի նկատմամբ: Գալիս էր, գնում էինք քայլելու:

— Գիտեմ, որ դժուար է լինելու այս հարցի պատասխանը, բայց կը պատմէ՞ք Վարպետի վերջին օրուայ մասին:
— Այդ օրն ինքն առաւօտեան ժամը վեցին վեր կացաւ: Ասաց. «Վերժուկ (այդպէս էր ասում) սուրճ եմ դրել, կ՚ուզե՞ս խմել»: Ասացի, բայց ժամը քանի՞սն է, Հրանտ: Ասաց. «չգիտեմ, դրել եմ»: Վեր կացայ, միասին նստեցինք խոհանոցում, սուրճ խմեցինք: Ես պէտք է գնայի աշխատանքի: Դաւիթն ու հարսս եկան իր մօտ: Ցերեկները միշտ գալիս էին: Յետոյ զանգահարեցին, ասացին, որ ցաւազրկող բերեմ, որովհետեւ Հրանտը ցաւեր ունի: Երբ տուն հասայ, Հրանտը պառկած էր: Ոչինչ չէր կերել, թէպէտ իր սիրած բանն էի պատրաստել: Արդէն չեմ էլ յիշում, թէ ինչ: Ու չէր խօսում: Ասացի Հրանտ, հաց կերե՞լ ես: Մի կերպ ասաց. «չեմ ուզում» ու ձեռքով ցոյց տուեց, որ երեխաներին տանից դուրս հանեմ:
Յանկարծ անսպասելի սկսեց խօսել ծնողներից, ընտանիքից, եղբօրից: Յետոյ սկսեց ինչ-որ մարդկանց հրել, պայքարել ինչ-որ մարդկանց դէմ, որ իրեն չքաշեն, չտանեն: Ի՜նչ կերպ էր պայքարում: Հասկացայ, որ հոգեվարք էր ապրում: Իր բժշկուհին մեր տանն էր: Ցաւազրկող տուեց: Մի երկու բառ էլ ասաց ու հանգչեց:

— Կը ներէք, որ այս հարցը տուեցի: Կարծում եմ, որ մեր մեծերի կեանքի ամեն վայրկեանին պէտք է ծանօթ լինենք: Փետրուարի 12-ը Վարպետի ծննդեան օրն է: Սիրո՞ւմ էր ծննդեան օրը:
— Չէր սիրում, բայց մենք միշտ նշել ենք: Ինքը ոչ մի բան չէր անում: Ի հարկէ, շոյւում էր, որ հաւաքւում էին: Նստում, բոլորին լսում էր: Երեխաները միշտ մի լաւ բան մտածում էին:

— Վերջին հարցս եմ տալիս. ի՞նչ երազանք ունէք:
— Մարդ, երբ ծերանում է, երեւի երազանք չի ունենում այլեւս: Հրանտի թանգարանն եմ երազում, որ կառուցուի, աւարտուի, կահաւորուի, թէպէտ ես շա՜տ անհաշտ եմ այդ շէնքի հետ: Չեն պատկերացնում, թէ ինչ է թանգարանը: Ճարտարապետներն էլ չեն պատկերացնում, թէ ինչ է թանգարանի յարմարաւետութիւնը, ոչ-ոք չի պատկերացնում, թէ ի՜նչ ժառանգութիւն ունի Հրանտը: Գիտեմ, մէկ-երկու աշխատող են յատկացնելու, ասելու են փող չունենք: Մէկ-երկու մարդով ի՞նչ կարող են անել, Հրանտի ժառանգութիւնն ինչպէ՞ս կարող են ուսումնասիրել, ներկայացնել: Չգիտեմ:
Մտածում են, թէ թանգարանը մի քանի սենեակ է, նկարները կը փակցնեն ու՝ վերջ: Չեն գիտակցում, որ Մարդը պէտք է լինի թանգարանում: Բայց դէ այսպիսի անկում, որ եղաւ գրականութեան հետ, կինոյի հետ, թատրոնի հետ: Ի՞նչ ասեմ: Հայերէնն արդէն 200 բառից է բաղկացած:
Գոնէ այդքանն եմ երազում, որ թանգարանի բացումը տեսնեմ: Մնացածը՝ երազելու չի: Մնացածը կեանքը կ՚անի:

Աղբիւր — http://thearmenians.am/hy/blog/hrantn-enqan-kul-gnacox-er-amenqin-verjine-movsisyan

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *