25 տարի ետք — Անմոռանալի ասուլիս մը Էդմոն Աւետեանին հետ

Վ.-Ա. Ա.

Այդ տարին յատկանշական էր։ Անկախութեան հռչակումէն հազիւ ամիսներ անց մենք արդէն պիտի վայելէինք ներկայութիւնը հայրենի մտաւորականներու, գործիչներու, արուեստագէտներու։ Անոնցմէ մէկն ալ էդմոն Աւետեանն էր՝ ծանօթ գրականագէտ, փիլիսոփայ եւ մանաւանդ՝ այլախոհ, որուն այցելութիւնը չէինք կրնար աննկատ ձգել։
Մոնթրէալ եկած էր քանդակագործ Արթօ Չաքմաքչեանի հրաւէրով՝ բուժման նպատակով, ու մենք, անմիջապէս որ տեղեակ եղանք, որոշեցինք հանդիպում մը կազմակերպել 1992 մայիս 13-ին, «Հորիզոն»-ի նախաձեռնութեամբ՝ Հայ կեդրոնի «Թիւ 3» (մինչեւ օրս այդպէս անանուն մնացած) սրահին մէջ։ Իրարու լուր տալով քով-քովի բերինք 25 հոգի, որոնց համար Էդմոն Աւետեան անունը բան մը կ՚ըսէր վստահաբար։

Վերջերս արխիւներուս մէջէն յայտնաբերեցի այդ հանդիպման ձեռագիր համառօտագրութիւնը։ Պատկերագրքերուս մէջէն ալ գտնուեցաւ մէկ հատիկ լուսանկար մը այդ օրէն։ Այնտեղ սեղանին վրայ կը տեսնուի արձանագրիչ մը։ Կը մնար փնտռել ձայնագրութեան երիզները, եթէ կային։ Կայի՛ն, գտնուեցա՛ն։ Մեծ գիւտ մը ըրած ըլլալու զգացումը ունեցայ, նաեւ՝ այդ անուանի անձնաւորութեան հանդէպ ի վերջոյ ուշացած պարտք մը կատարելու հնարաւորութիւնը ունենալու գոհունակութիւնը։
Չեմ գիտեր ինչո՛ւ այն ատեն չեմ արտագրած ու հրապարակած այդ հանդիպման մեր ունեցած ասուլիսը։ Ժամանակ չե՞մ կրցած ճարել։ Կամ արդեօ՞ք ի՛ր իսկ խնդրանքով չէ կատարուած։ Հիմա, 25 տարի ետք, ու Էդմոն Աւետեանի ալ մահէն գրեթէ 16 տարի անց, կ՚արժէ այդ ճիգը ընել։ Բայց նաեւ անհրաժեշտ է կարդալ մտաբերելով այդ օրերու իրավիճակն ու մթնոլորտը։ Կ՚ուզեմ ընթերցողէն խնդրել անգամ մը եւս կարդալ ասուլիսի թուականը՝ 1992 մայիս 13, Շուշիի ազատագրութենէն ընդամենը չորս օրեր անց։ Այսօր շատ բան կրնայ փոխուած ըլլալ բարեբախտաբար, բայց շատ բան ալ նոյնը մնացած ըլլալ դժբախտաբար։ Ի՞նչ պիտի ըսէր արդեօք ինք այսօր… Կամ արդեօ՞ք այն օրերու իր ակնկալութիւնները կը բխէին շատ մեծ լաւատեսութենէ։ Իսկ ո՞ւր են նոր Աւետեանները այսօրը դատելու համար, դատելու նո՛ր օրերու պայմաններուն լոյսին տակ։ Գիտեմ, դժուար տրուող հարցումներ են, մանաւանդ դժուար պատասխանելի։
Բայց ահա այդ պատմական ասուլիսը՝ գրեթէ բառացի ներկայացուած այստեղ։ Նշեմ միայն, թէ որքան ալ փորձեցինք նուազագոյն միջամտութեամբ խմբագրել իր խօսքը, սակայն երկու բան զգալի կը մնայ. մէկը ռուսերէնի, մանաւանդ ռուսերէն լեզուամտածողութեան ազդեցութիւնն է, միւսը՝ արեւմտահայերէնի, ու հիմա դժուար է ըսել, թէ արդեօք իր կողմէ գիտակից կամ նոյնիսկ անգիտակից ճի՞գ մըն էր մեզի աւելի հասկնալի ըլլալու համար։
Կ՚ուզեմ շնորհակալ ըլլալ տիկ. Էլիզա Չաքմաքչեանին, որ իր գնահատելի բաժինը բերաւ խմբագրումի աշխատանքին։
Վ.-Ա. Ա.

Վրէժ-Արմէն Արթինեան.— Կը խնդրեմ, նախ Դուք Ձեզ ներկայացնէք, Ձեր հակիրճ կենսագրութիւնը հաղորդէք։
Էդմոն Աւետեան.— Ես համարում եմ, որ մարդը չպիտի իր կենսագրութիւնը պատմի, եւ առաւել հաւատում եմ, որ չպիտի իր մասին կենսագրականներ գրուեն, ոչ առաւել՝ յօդուածներ, ոչ առաւել՝ վէպեր։ Աշխարհը այնպիսին է, ինչպէս մարդն է աշխարհը տեսնում. եթէ հարիւր մարդ խօսում է նոյն առարկայի մասին, մենք ստանում ենք հարիւր տարբեր պատկերներ։ Ես խնդրում եմ անդրադառնալ կենսագրականի միայն փաստական կողմին եւ ոչ՝ ըսուածի հեղինակային պատկերին։
Ծնուել եմ 29 թուականին Ուզբեկստանում (Անդիժան քաղաքում), որտեղ աքսորուած է եղել հայրս 23 թուականի յունուարին՝ յիմար մեղադրանքի պատճառով. դա շատ բնորոշ էր սոցիալիզմի համար։ Իր համագիւղացիներից մէկը եղել է դաշնակցական եւ փախել է Պարսկաստան։ Ծանօթ լինելուն համար իրեն բանտարկել են։ Հարց են տալիս, թէ քո ընկե՞րն է, թէ՞ ոչ։ Իսկ հօրս գիւղն էր Եղէգնաձորի շրջանի Գնիշիկը. Խաչիկն ու Գնիշիկը ամենաբարձր գիւղերն են այնտեղ։ Մի 300 տուն էին ընդամենը։ Հայրս ասում է, որ մենք փոքր գիւղում իրաւունք չունենք զրկել մեզ բարեկամական յարաբերութիւններից։ Մենք բոլորս եղել ենք ընկերներ։ «Եթէ եղել ես դաշնակցականի ընկեր, նշանակում է մեղաւոր ես, դաշնակցական ես»։ Տանում են Թիֆլիս մէկուկէս տարի կալանքի, տասը տարի ալ աքսոր, որտեղ եւ ծնուեց մեր ամբողջ ընտանիքը։
Աքսորը ազատ էր այն ժամանակ, քանի որ դեռ Ստալինը չկար. ազատ նշանակում էր իրաւունք չունէր ապրելու Կովկասում, Մոսկուայում, Լենինգրադում եւ ինչ որ մի 32 քաղաքներում, եւ ուր գնար պէտք է տեղեակ պահէր տեղական իշխանութիւններին։ 34 թուականին վերադարձանք Հայաստան։
Ստացայ կրթութիւն Երեւանի դպրոցներում, աւարտեցի ընդամենը եօթնամեան եւ ներգրաւուեցի այսպէս կոչուած անհատական պայքարի մէջ՝ ստալինիզմի դէմ։ Սկիզբից՝ 46 թուականին, 14 նամակ գրեցի, կոչ անելով Ստալինին ցրելու իր չարիքի կայսրութիւնը։ Նամակները անշուշտ տեղ չէին հասնում եւ անստորագիր էին։ Յետոյ թռուցիկներ էի կպցնում լամբարներին. 48 թուականին ՆԿՎՏ-ն (Պետական անվտանգութեան կոմիտէն ՊԱԿ-ը) գտաւ իմ հետքը, ինձ կալանաւորեց։ Երկու ամիս ինձ բանտում պահելուց յետոյ, որովհետեւ ես չէի զիջում իմ դիրքերը եւ ասում էի, որ կը գայ ահաւոր դատաստանի օրը, կը վերանայ եւ Սովետը, եւ դուք էլ պատիժ կը կրէք, համարեցին, որ ես գիժ եմ, խենթ եմ եւ ուղարկեցին ինձ խենթանոց, որտեղ ինձ պահեցին երկու տարի։
Դուրս գալուց յետոյ աւարտեցի դպրոցը, ընդունուեցի համալսարան՝ բանասիրական ֆակուլտետը, որը եւ աւարտեցի 56 թուականին։
Խրուշչովի օրօք պայմանները մի փոքր մեղմացան. հօրս արդարացրեցին 58 թուականին, թէեւ մահացած էր 44 թուականին։ Բայց սկսած 64 թուականից, Բրեժնեւի ղեկավարութիւնից, նորից պայմանները խստացան։ Ձնհալը աւարտուեց, սկսեց սառոյցը, սառուցապատուեց աշխարհը, եւ բնականաբար մեր դէմ հալածանքները ուժեղացան։ Յատկապէս 73 թուականից անտանելի էր դարձած կեանքը համալսարանում։ Մի փոքր վիճեցինք դեկանի (բաժանմունքի ղեկավարի) հետ, դեկանն ասեց հերիք չէ, որ դու հակասովետական տիպ ես, դեռ էլ վիճում ես. պահանջում եմ, որ քեզ անմիջապէս հեռացնեն աշխատանքից։ Այն ժամանակ ինձ փրկեց ակադեմիկոս Էդուարդ Աղայեանը։ Բայց թերեւս աւելի լաւ կը լինէր, որ ինձ ազատէին աշխատանքից, այն ժամանակ կարող էի տարբեր ապրել, քանի որ համալսարանում չէր լինում մի օր, որ ինձ հանգիստ թողնէին։ Անընդհատ ասում էին՝ դու քարոզում ես Լենինի դէմ, դու խօսում ես Սովետի դէմ, դու խօսում ես սոցիալիզմի դէմ, խօսում ես տանդ, կաֆէներում, լսարաններում։ Քեզ պետութիւնը փող է տալիս,— տեսէք նրանց դաւանանքը, շատ բնորոշ է,— որ դու խօսես նրա շահին, օգտին, այլ ոչ թէ ասես քո մտքինը։
Ես այդպէս եմ կառուցուած. մարդը օժտուած է իր սեփական էութեամբ, իր սեփական մտքի կառուցուածքով, նա պարտաւոր է,— բանասէրը պարտաւոր է,— նա իրաւունք ունի ամեն ինչ կարդալ եւ իր դատողութիւնները անել։ Ասում եմ մեր քով դրուածքը սխալ է։ Ոչ ասում են, այն ինչ բուրժուական աշխարհից է եկած, հին աշխարհից, իդեալիստական փիլիսոփայութիւնից՝ ամեն ինչ պիտի մոռանաս, ծառայես մեր հասարակարգին, որովհետեւ մեր հասարակարգը՝ սոցիալիստական իրաւակարգը ամենաբարձր իրաւակարգն է, եւ ով դաւաճանում է սոցիալիզմի գաղափարին, դա նշանակում է «ժողովրդի թշնամի»-ն է. սա այն տերմինն (եզրն) է, որ Ստալինը շրջագայութեան մէջ է դրել։
77 թուականին Հայաստանում կազմաւորուեց Հելսինկեան խումբ։ Ինձ առաջարկեցին ղեկավարել Հելսինկեան խումբը. Սախարովն էր առաջարկողը։ Ես ասացի միտք չունեմ, որովհետեւ արդէն ինձ ատում էին։ Երկու շաբաթից կը կալանաւորեն, խումբն ալ կը քայքայուի։ Բայց ես աջակցում էի նրանց գործերին, կազմում էի նրանց համար փաստաթղթեր, թարգմանում էի, մեկնաբանում էի, շտկում էի։
77 թուականին Հելսինկեան խումբի փաստացի ղեկավար Ռոբերտ Նազարեանը կալանաւորուեց։ Նոմինալ (անուանական) ղեկավար Էդուարդ Յարութիւնեանը կալանաւորուեց մի քանի ամիս յետոյ։ Այս կապակցութեամբ ինձ ու Ռաֆայէլ Բաբայեանին կանչեցին ԿԳԲ (ՊԱԿ), որպէս վկայ։ Բայց զարմանալին այն էր, որ Նազարեանի մասին գրեթէ չէին խօսում։ Ամեն ինչ ունէր մի անկիւն՝ մեղադրական։ Մենք մեղաւոր էինք. ինձ արդէն յանցաւոր էին համարում, թէպէտ մենք դեռ դատական գործի չէինք յանձնուած եւ մեր դատը զատուած չէր։ Հարցաքննութիւնները այսպէս էին գնում. առաջին օրը՝ դեկտեմբեր 22-ին, առաւօտեան ժամը 9-ից մինչեւ երեկոյեան 10. դա 13 ժամ է կազմում, որից յետոյ մենք անքուն գիշեր ենք անցկացնելու, միւս օրը առաւօտեան 9-ից մինչեւ երեկոյեան 11, ուրեմն ստացւում է 27 ժամ, լայն ընդմիջումով, որը չէիր կարողացել օգտագործել. գուցէ շատ լաւ գիտէին, որ լարուած սպասողութիւնը աւելի շատ է մարդուն քայքայում քան իրականութիւնը։ Երբ բանտ ես մտնում, արդէն իսկ հոգոց ես հանում հանգստութեան։ Ամենէն ծանր բանը այս սպասողական վիճակն է։ 73-ից մինչեւ 77՝ այդ սպասողական վիճակը… Համալսարանում մի տարով ինձ զրկեցին դասախօսելուց. գրեցին գիտաշխատողի ստատուս (իրավիճակ), որովհետեւ համարում էին, որ իմ ներկայութիւնը յատկապէս ռուսական բաժնում շատ վտանգաւոր էր։ Այս սպասողական վիճակն է, որ զուգակցուեց ծանր հիւանդութեամբ, ուղղակի քայքայուել էր իմ ներվային (ջղային) համակարգը։
Եւ յետոյ մի բան կայ՝ ո՛վ ի՛նչպէս է ընդունում արտաքին ճնշումը։ Մարդ կայ, որ զուրկ է ինքնասիրութիւնից, մարդ կայ, որ համարում է որ սոցիալիզմը պետութիւն է, պետական կազմակերպութիւն է եւ իրաւունք ունի հպատակներից պահանջելու հնազանդութիւն։ Բայց մարդ կայ, որ չի հաշտւում այս մտքի հետ, որ պետութիւնը իրաւունք ունի պահանջելու, որ մենք լինենք հնազանդ նրա չար կամքին։ Սոցիալիզմի օրօք չէին հետապնդում մարդկանց, հալածում արարքների համար. հետապնդում էին միայն անհատին. եթէ դու անհատ ես, եթէ դու վտանգ ես ներկայացնում պաշտօնական գաղափարախօսութեան համար, առիթը հալածելու, բանտարկելու միշտ կայ։ Ստեփան Զատիկեանին գնդակահարել են. երբ նա կոչ էր անում՝ կործանուելու ենք, միշտ ասում էր՝ ուշ կամ կանուխ մեզ սպանելու են։ Եւ սպանեցին։ Երբ միտք էին դնում կալանաւորելու՝ անպայման կալանաւորելու էին։ Երբ միտք էին դնում սպանելու՝ անպայման սպանելու էին։ Հայդելբերգի եւ ականաւոր գերմանացի հեղինակների ռուս թարգմանիչին սպանել էին երկաթով հէնց իր դռան առջեւ. երկւութիւն չկայ. մեքենայի տակ կարող էին գցել։ Ուստի այն մթնոլորտը, երբ զգում ես, որ դու հալածուած ես, ոչ թէ որովհետեւ ինչ որ մի արարք ես կատարել, այլ որովհետեւ դու անհատ ես, աւելի շատ է մարդուն ընկճում եւ անյուսալի հեռանկարներ գծում։
Բայց 77-ին, երբ ես սպասում էի, որ ինձ պիտի կալանաւորեն՝ չկալանաւորեցին. նոյնիսկ վերադարձրեցին դասախօսելու իրաւունքը։ Անսպասելիօրէն 81 թուականին ես անցայ նորից իմ հինգ տարուայ պաշտօնին, բայց զգացի, որ դա ինչ որ մի խաբուսիկ քայլ էր։ Հաստատ, որ մի ինչ որ ժամանակ յետոյ ինձ պիտի կալանաւորէին. բայց կալանքը կատարուեց հէնց այնպիսի անսպասելի կերպով, որ ես էլ ապշեցի։ Կարծես թէ արդէն նոյնիսկ համալսարանում էլ ամեն օր սուտ խօսակցութիւն էին անում, թէ էս ես ասել, էն ես ասել, պիտի քեզ զուսպ պահես։
Մէկ էլ 82 թուականի նոյեմբեր 9-ի երեկոյեան, երբ ես վերադառնում էի դասից, մայրս ծանր հիւանդ, տեսնեմ տանը կատարւում է խուզարկութիւն։ Սովորաբար, երբ նրանք կալանաւորելու միտք չունեն, փորձում են շատ թէ քիչ իրենց բարեկիրթ կեցուածքը պահպանել, բայց այս անգամ վայրագ ձեւով էր խուզարկութիւնը կատարւում։ Օտար լեզուով գրքերին չէին ձեռք տալիս, որովհետեւ նրանցից ոչ ոք օտար լեզու չէր իմանում. չէին իմանում հայերէնը. ռուսերէնը ինչպէս էին գրում՝ Աստուած չհարցնի. երեք բառում կարող էին եօթ սխալ անել. անլեզու-անգրագէտ աւանակներ էին, ոչ մի լեզուի չտիրապետող, «մե՜ծ» մտահորիզոնով, միայն սերտած մի քանի նախադասութիւններ։ Իրենց ամենամեծ հաւատքն էր եւ ամենէն մեծ մեղադրանքը ուրիշի նկատմամբ, թէ «քեզ սոցիալիզմը աճեցրել է, քեզ տուել է կրթութիւն, քեզ տեղաւորել է աշխատանքի, իսկ դու նրա դէմ խօսում ես»։ Ես զգացի ինձ պիտի կալանաւորեն. եւ ինչն է ուշագրաւը, իմանում էին, որ նոյեմբեր 10-ը իմ ծննդեան օրն է։
Խուզարկողներից մէկը իմ աշակերտն էր, ընդ որում՝ ամենէն անտաղանդ աշակերտը, որ ոչ մի առարկայից ինքն իր սեփական ուժերով 3 (բաւարար) չէ ստացել։ Միշտ խնդրանքով 3-ով աւարտած ուսանողը, ԿԳԲ-ի լեյտենանտ է, թէ կապիտան, գալիս է ուսուցիչի մօտ խուզարկութեան։ Ասացի, չէի՞ր կարող հրաժարուել։ Ասում է՝ ես չէի իմանում, որ դուք զբաղւում էք այսպիսի վտանգաւոր գործերով։ Վտանգաւորը՝ գիրք կարդա՛լն էր։
Երբ առաջին անգամ 58 թուին ինձ ուղարկեցին խենթանոց, ես այնպէս հասկացայ, ինձ հասկացրեցին հոգեբուժներ պրոֆեսոր Անդրանիկ Մեհրաբեանը եւ պրոֆեսոր Գրոն (Գրիգոր Տէր Յակոբեանը), որ նոր էր վերադարձել աքսորից, որ իրենք ուզում են ինձ փրկել կալանքից։ ԿԳԲ-ն ասեց այն ժամանակ, որ այս մարդը կասկածներ է յարուցում մեր մէջ, շատ է համարձակ խօսում, չի հասկանում, թէ ի՛նչ է իրեն սպասում։ Բժիշկները շատ լաւ հասկացան, որ ԿԳԲ-ն օգտագործել է առիթը ինձ ազատելու համար։ Բայց ԿԳԲ-ն յետոյ պահանջեց, որ ինձ դատեն, որովհետեւ դուրս գրելու համար, պէտք է տան դիագնոսիս (ախտաճանաչում), որ սա սանոս (առողջ) է։ Սանոս պիտի լինէիր, որ նորից դատէին։ Բայց բժիշկները ասացին, որ այն ժամանակ երբ կատարել է յանցագործութիւնը, եղել է հիւանդ, իսկ հիմա բուժուել է, ուստի դատուելու ենթակայ չէ։
Իսկ երկրորդ անգամ ես բոլորովին չէի սպասում, որ ինձ կարող են ուղարկել խենթանոց, որովհետեւ հէնց ԿԳԲ-ի աշխատողը՝ իմ քննիչը, հանգուցեալ Գալումեանը ասում էր՝ ձեզնից աւելի հաւասարակշիռ, ձեզնից աւելի խելացի մարդ մենք չենք ճանաչել։ Գիտենք, որ եթէ որեւէ տեղ գժտութիւն, կռիւ է սկսում, անհամաձայնութիւն, դու միշտ արբիտրի (իրաւարարի) դեր ես կատարում։ Յետոյ ասում է՝ «տրակտատներ (գիտական աշխատութիւններ) գրող»։ «Քանի՞ գիրք ես գրել»,— ասում եմ՝ երեք… «Բայց, յամենայնդէպս, քանի որ մի անգամ Դուք եղել էք խենթանոցում, մենք պիտի ուղարկենք Ձեզ այնտեղ ստուգուելու»։
Ստուգուելը տեւեց չորս ամիս, անտանելի պայմաններում. այդ բանի մասին ես գրել եմ «Գարուն» ամսագրի 91 թուականի 6-րդ համարում. որից յետոյ նորից ուղարկեցին խենթանոց, բայց արդէն սովորական. եւ ինչն է շատ հետաքրքիր, խենթանոցից ոչ թէ դուրս են գրում, այլ ազատում են, որովհետեւ անհրաժեշտ է դատարանի որոշումը։
Երբ խենթանոցից ազատուեցի, 84-ից մինչեւ 90-ը ինձ աշխատանքի չէին ընդունում, նոյնիսկ ԿԳԲ-ն յայտարարել էր, որ մանկավարժական աշխատանքի մասին ես մոռանամ, մինչեւ կեանքիս վերջը մանկավարժական աշխատանքով ես իրաւունք չունեմ զբաղուելու։
Միայն երբ սկսեց Ղարաբաղեան շարժումը 88 թուականին, կարծես մի փոքր մեղմացաւ կացութիւնը, բայց նախկին ռեկտորը՝ Սերգէյ Համբարձումեանը, իր ամբողջ էութեամբ ստալինիստ էր եւ չէր ընդունում ինձ աշխատանքի։ Միայն երբ 90 թուականի յուլիսին ստացայ պաշտօնական արդարացում, համալսարանի սինտիկատը (արհմիութիւնը) պահանջեց, որ ինձ վերադարձնեն աշխատանքի։ Ռեկտորը չէր ուզում եւ չստորագրեց իմ աշխատանքի վերադառնալը. տուեց հարցը պրոռեկտորին՝ Ղարիբեանին։ Վերջ ի վերջոյ վերականգնեցին աշխատանքի, որտեղ եւ մինչեւ այսօր աշխատում եմ։ Այսքանը՝ ինչ վերաբերում է կենսագրականին։

Վ-Ա.Ա.— Ի՞նչ կը դասաւանդէք։
Է.Ա.— Լեզուաբանական առարկաներ, բացի լատիներէնից, նոյնիսկ լատիներէն։ Ես փորձում եմ տալ փիլիսոփայական ուղղուածութիւն։ Ես լեզուաբան չեմ բառին բուն իմաստով, այլ լեզուաբանութեան տեսաբան եմ. որպէս լեզուաբան գերադասում եմ ընդհանուր լեզուաբանութեան դասընթացքը։ Տալիս եմ մօտաւորապէս քսան դասընթացք, ամեն տարի դասընթացքներս փոխում եմ։
Շաքէ Տէր Մելքոնեան-Մինասեան.— Խօսինք Ձեր տուած դասախօսութիւններուն մասին։ Կ՚ըսէք թէորի (տեսութիւն) կու տաք։ Ի՞նչ կու տաք, ի՞նչ ձեւով։
Է.Ա.— Տեսական խօսակցութիւն պիտի սկսի. ես չեմ կարող ասել ի՛նչ եմ անում, դժուար կը լինի։ Ընդհանուր գիծերով ես կարող եմ այսպէս ասել. իմ հիմնական առարկան՝ ընդհանուր լեզուաբանութիւնը, միշտ դասաւանդուել է որպէս ոչ թէ լեզուի տեսութիւն, այլ տեսական լեզուաբանութեան պատմութիւն։ 60-ական թուականներից պրն Էդուարդ Աթայեանն ու ես փորձեցինք ընդհանուր լեզուաբանութեան տալ իր իսկական տեսքը՝ այսինքն դարձնել տեսական լեզուաբանութիւն, եւ վերջ ի վերջոյ՝ լեզուի փիլիսոփայութիւն։ Դա է իմ հիմնական աշխատանքի ուղղուածութիւնը։

Մի տասը վայրկեան, արեւմտահայերէն իմաստով, թոյլ տուէք խօսեմ ի՛նչ է մեզ յուզում։
Գոհունակութեամբ կարելի է նշել, որ Սփիւռքը շատ լաւատեղեակ է Հայաստանի բոլոր իրադարձութիւններին, բայց պէտք է ներսից տեսնել Հայաստանը։ Ես խօսում եմ միայն Հայաստանի մասին, որովհետեւ մնացած, այսպէս կոչուած, Սովետական Միութիւնը լաւ չեմ ճանաչում՝ բացի Լիտուայից։ Ներսից այլ աչքով է երեւում ամեն ինչ։
Տարածուած է այն կարծիքը, որ «սոցիալիզմը», այսպէ՜ս կոչուած սոցիալիզմը, որովհետեւ իսկական սոցիալիզմ չի եղել, եղել է տարերային աղէտ, եւ այս տարերային աղէտը, բացի չար իմաստից, ուրիշ այլ իմաստ չի ունեցել։ Փիլիսոփայական տեսակէտից թերեւս այլ պատկեր կարելի է ստեղծել։
Մարդու ամբողջ կեանքը փորձութիւն է։ Սոցիալիզմը փորձութիւն էր։ Կարելի է ասել, որ սպիտակ կուարդիականները, ինչպէս եւ դաշնակցականները հերոսաբար պայքարեցին, բայց պարտուեցին։ Բայց անդրադառնանք յետպատերազմական վիճակին։ Ի՞նչ էին անում մարդուն։ Կայ մարդ, որ ծնած է հերոս. մտնում է անհաշտ պայքարի մէջ, գերադասում է զոհուել, քան հաշտուել չարիքի հետ։ Բայց դժբախտաբար մարդկութեան մեծ մասը հակուած է հաշտուելու իւրաքանչիւր իրականութեան հետ. Ռումինիայի օրինակով կարելի է դատել. մինչեւ կոմունիզմ հաստատուելը Ռումինիայում կոմունիստները 700-ից 1000 էին, մէկ տարուան ընթացքին աճեցին մինչեւ մէկ միլիոն։ Չաուշեսկուի մահից առաջ 3 800 000 կուսակցական էր. 22-23 միլիոն բնակչութիւնից 3 800 000 կուսակցակա՞ն. հնարաւոր չէ։ Ճնշման՝ բոլորը յարմարւում էին։ Տոկոսային համեմատութիւնը տակաւին աւելին էր քան Ս. Միութեանը։ Հոն ալ կոմունիստների թիւը հասաւ 19 միլիոնի։ Ես ճանաչում էի շատերին. ոչ ոք համոզուած կոմունիստ չէր։ Կային, այսպէս կոչուած, կոմունիստ կուսակցականներ, ովքեր մասնաւոր կերպով չէին կարդացել Մարքս, Էնգելս, չէին կարդացել նոյնիսկ Լենին, իսկ Ստալինի մահից յետոյ Ստալինին չէին կարդում։ Հերթական առաջնորդի բրոշիւրներն (գրքոյկներն) էին կարդում. եթէ Խրուշչովն էր՝ Խրուշչովին էին անգիր սերտում, յետոյ սերտում էին անգիր՝ Բրեժնեւ, կարճատեւ ժամանակով Անդրոպովն էր, սկսեցին Անդրոպով գովել ու սերտել, յետոյ եկաւ անհասկնալի մի արարած՝ Չերնենկօ անունով։ Յետոյ երբ Գորբաչովը եկաւ իշխանութեան գլուխ, նրան համարեցին աւելի մեծ մարդ քան Լենինը, եւ նոյնիսկ, դժբախտաբար, Իսպանիայում նրան անուանեցին Սուրբ Միքայէլ։ Եթէ ուշադիր լսէք նրա ելոյթները, անկապ, կ՚անդրադառնաք, թէ նա այնքան զուրկ է մտածողութիւնից, լոժիկից, որ մեծ կասկածներ է յարուցում, արդեօք նա մա՞րդ է իր կոչումով, ի ծնէ, ի բնէ բնատուր մա՞րդ է, թէ՞ կուսակցական ռոբոտ։ Եւ այն ինչ կատարեց՝ կատարեց հակառակ իր կամքին, բայց մեծ հասարակութիւնը նրան ընդունեց ինչպէս Լենինի յեղաշրջումից յետոյ ընդունեց սոցիալիզմը։
Ոչ ոք չի պահանջում, որ բոլորս լինենք հերոսներ. մենք էլ, ի սէր Աստուծոյ, հերոսներ չենք. գիրք կարդալու եւ ազատամտօրէն խօսելու համար պէտք չէ մարդը հերոս լինի։ Յիմար էր մեր ԿԳԲ-ն (ՊԱԿ-ը), յիմար էր մեր կենտրոնը, յիմար էին մեր կուսակցական ատեանները, մեր ամբողջ իրաւակարգը, որ մարդուն, ազատ խօսելու համար,— ընդ որում մենք կոչ չէինք անում ահաբեկիչ գործողութիւնների,— ընդամենը իր կարծիքը յայտնելուն համար եւ գիրք կարդալուն համար ուղարկում էին բանտ եւ խենթանոց։ Դա ցոյց է տալիս պետութեան թուլութիւնը։ Հպատակները, փոխանակ օգտագործեն այս թուլութիւնը եւ իրենց իրաւունք տան ազատ խօսելու, կապանքներ էին դնում իրենց բերանի եւ վերջին հաշուով իրենց մտքի վրայ, յարմարւում էին ամեն ինչի՝ իմանալով, որ կոմունիզմը պատրանք է, որ կոմունիզմը հնարուած մի բան է, չհաւատալով, նոյնիսկ չիմանալով, թէ ինչ բան է սոցիալիզմը, ինչ բան է կոմունիզմը, չիմանալով պատմութիւնը։ Եւ վերջ ի վերջոյ ստեղծեցին մասսայական, զանգուածային կուսակցութիւնը։
Ենթադրենք, թէ,— ինչպէս մենք էինք անում,— հերոսներ չէինք, բայց չէինք յարմարւում իրականութեանը, չէինք աճեցնում Կոմկուսը։ Ես հրաժարուել եմ նոյնիսկ մտնելուց կոմունիստական (կոմերիտ միութեան) շարքերը, որով մինակ էի դասարանումս։ Եւ բոլորը մտնում էին։ Չմտնէին՝ ո՞վ ինչ էր անում։ Վերջ ի վերջոյ ոչ ոք ինձ դպրոցից չվտարեց բոյկոտի ենթարկելու համար կոմերիտ միութիւնը։ Բայց ասում էին՝ յարմարուի՛ր, որ ինչ որ մի բան չլինի։
Թերեւս մարդու ամենախոցելի կողմը այն է, որ մարդը միշտ ձգտում է հասարակութեան մէջ գրաւել ինչ որ մի դիրք, նոյնիսկ աւելի բարձր դիրք քան ինքն արժանի է։ Ինձ թւում է, որ համեստութիւնը յանգում է այն բանի, որ մարդու գրաւած դիրքը միշտ լինում է աւելի ցածր իր իրական կարողութիւններից։ Բայց մեծ մասը աշխատում է իր հնարաւորութեան սահմաններից աւելի բարձր դիրքի վրայ, իսկ կուսակցական լինելը շատ է նպաստում այդ բանին։ Կարող է մարդը բոլորովին անգրագէտ լինել, բայց եթէ կուսակցական է՝ կարող է գրաւել բարձր պաշտօն։ Երբ արդէն շատ է աճում թիւը յարմարուող մարդկանց, արդէն դառնում է սիստեմ, համակարգ, դառնում է նորմ վարուելաձեւի։ Եւ սիստեմը, որ հէնց մարդիկն են ստեղծում, յետոյ սկսում է ճնշել մարդկանց։ Սովոր ենք ասել, թէ մենք այսպէս ենք մեզ պահում, որովհետեւ այսպէս է պահանջում սիստեմը, բայց մոռանում ենք, որ մե՛նք ենք այդ սիստեմը ստեղծել։
Ես միշտ ասել եմ եւ այժմ էլ կարող եմ ասել, եթէ մարդը ի ծնէ, ի բնէ, բնութիւնից աղճատուած չէ, սոցիալիզմը նրան չի աղճատի. կը դիմանայ սոցիալիզմին, եթէ պէտք է՝ կը զոհաբերի իրեն, եթէ պէտք է՝ կը դիմանայ բոլոր հալածանքներին, բայց չի ուրանայ իր դաւանանքը։ Միայն այն մարդուն կարող է փչացնի իրաւակարգը, որն արդէն իր մէջ փչացած է. նորմալ մարդու առողջ հոգին չի՛ ենթարկւում ոչ մի ճնշմանը. ենթարկուող հոգին արդէն անառողջ է։
88 թուականին երբ սկսուեց Ղարաբաղեան շարժումը, յատկապէս Հայաստանում արդէն մեծ վերելք էր. մենք ուրախութեամբ խօսում էինք, որ մաքրւում է հասարակութիւնը, մարդիկ սովորեցին անվարձ աշխատել, սպասարկել գործադուլաւորներին։ Միտինգները յատկապէս յուզիչ էին, երբ երախաները կարդում էին տաղաւարներում, հրապարակներում իրենց բանաստեղծութիւնները, իրենց պատմուածքները։ Վերյիշուեց Հայաստանի պատմութիւնը, «դաշնակցական» բառը արդէն դադարեց հայհոյանք դառնալուց, վերականգնուեցին այլ կուսակցութիւնները, բայց անսպասելիօրէն կատարուեց մի այլ բան. երբ Ղարաբաղեան շարժումը սկսեց մարել, մարդկանց մէջ արթնացաւ առեւտրական ջիղը. եւ այն հայերը, որոնք 88 թուականին ամբողջ տարին նուիրուած աշխատում էին յանուն հասարակութեան, անվարձ, մէկ էլ բոլորը դարձան առեւտրական։ Անուանում են «բիզնես», նայած բիզնես Հայաստանում դեռ չկայ, կամ անուանում են «շուկայական յարաբերութիւններ», թէպէտ շուկայական յարաբերութիւններ չկան։ Իսկ եթէ արտասահմանը տալիս է յանկարծ օգնութիւն, մենք շատ լաւ գիտենք, որ օգտւում են նրանից առեւտրականները։ Ինչպէ՞ս են վատնել, ինչպէս են օգտագործել Ռոստրոպովիչի մէկ միլիոն տոլարը՝ ոչ ոք չի իմանում այսօր, ոչ իսկ ինքը՝ Ռոստրոպովիչը։ Շարլ Ազնաւուրի բոլոր նուիրատւութիւնները կողոպտուել են։ Բայց դա այնքան կարեւոր բան չի, որքան մի ա՛յլ բան. Հայաստանում չի նկատւում արդիւնաբերութեան աճ. միայն բաշխւում է այն ինչ կար, իսկ դա յառաջացնում է պորտաբուծային սովորութիւններ։ Կենսաբանները հաստատել են, որ եթէ մեղուն ուտում է շաքար, նա արդէն դադարում է աշխատելուց եւ փչանում է նրա գենետիկ կոդը (ծինագիրը)։ Նա արդէն գործունեայ մեղու չէ։ Ես վախենում եմ, որ այս կացութիւնը, որ այժմ ստեղծուել է Հայաստանում, բերի բարոյական մեծ կորուստներ։ Մենք չպիտի մոռանանք, որ նիւթական կորուստները նախ ժամանակաւոր բան են եւ յետոյ ամենէն կարեւոր բանը չեն։ Ամենէն կարեւորը կոնտակտն (շփումն) է աշխարհի հետ եւ մարդկային արժանապատւութեան պահպանումը։
Յետոյ մի բան եմ ուզում ասել, ազատել կարելի է միայն այն մարդուն, որ ազատ է եղել բռնութեան օրերում։ Մի քիչ շատ բղաւում են ազատութեան, ժողովրդավարութեան մասին երէկուան ստրուկները։ Եթէ լսէք, մի քանի կոմունիստներ եմ ճանաչում, ինչպէս են նրանք խօսում ժողովրդավարութեան մասին, ինչպէս են խօսում ազատութեան մասին, կը կարծէք, որ այդպէս էլ ծնուել են… Կան մարդիկ, ովքեր եթէ պէտք է գովել դաշնակներին՝ դաշնակ կը գովեն, Գորբաչովին՝ Գորբաչով կը գովեն։ Երէկուան կոմունիստները, տեսնելով որ Կոմկուսը գնում է վար, կործանման շեմին է կանգնած, փախուստի են դիմել Կոմկուսի շարքերից եւ ընդունուել են ռամկավարների շարքերը, դաշնակցականի շարքերը, ՀՀՇ-ի շարքերը. սկիզբը ՀՀՇ-ի շարքերն էին մտնում, բայց քանի որ ՀՀՇ քաղաքական կազմակերպութիւն չի, իսկ իրենք պէտք է իրենք զիրենք կուսակցական պատկերացնեն, ընդունւում են որեւէ կուսակցութեան մէջ եւ աշխատում են համոզել, որ իրենք նուիրուած են նոր կուսակցութեան միայն, բայց մենք գիտենք, որ նրանք նուիրուած են եղել եւ միւս՝ կոմունիստական կուսակցութեան։ Դա մարդու վատթար յատկութիւններից մէկն է, դա անազատութեան նշանն է։ Նման մարդկանց մենք չենք հաւատում, չենք հաւատում այն կոմունիստներին, որ այսօր դարձել են ռամկավարներ եւ դաշնակցականներ։
Ես դժբախտաբար կարող եմ նշել, որ գնալով նուազում է մարդկային արժանապատւութիւնը. տնտեսական դժուարութիւնները մարդուն հասցրեցին այն վիճակին, որ նա արդէն գայլի յատկանիշեր է իր մէջ արթնացրել։ Միւս կողմէ կարելի է նշել հաջող հակաէսթետիզմը. Միայն այն չէ հարցը, որ փողոցները չեն մաքրւում, որ աղբամանները չեն դատարկւում ժամանակին, հակաէսթետիկ են դարձել իրե՛նք՝ մարդիկ, նրանք պահանջք չունեն գեղեցիկ ապրանքի նկատմամբ, գնում են ամեն ինչ, նոյնիսկ ինչ որ այնպիսի տեսք ունի, որ օրինակ կատուս անգամ չի ուտում, իսկ մարդը ուտում է։ Բոլոր արտադրողները ասում են, իսկ եթէ չեն ասում՝ մտածում են, որ ապրանքը որքան էլ ցածր որակի լինի, մարդիկ ուզեն թէ չուզեն կը գնեն։ Ճիշտ է, ստիպուած է մարդը մէկ-մէկ գնել այն, ինչ իրեն դուր չի գալիս, սակայն կայ մի այլ բան արտադրողի վերաբերեալ. ինչպէ՛ս է թոյլ տալիս արտադրողը կորցնելու իր պրոֆեսիոնալիզմի մակարդակը։
Մանկավարժներից մէկը ասում է, որ եթէ ինձ լաւ վարձատրեն, ես էլ լաւ դաս կը տամ։ Եթէ նա մանկավարժ է, լաւ է թէ վատ է վարձատրւում, միշտ ձգտում է կատարելագործութեան, միշտ աշխատում է անել այն, ինչ գտնւում է իր հնարաւորութիւնների սահմաններում։ Եթէ սպասում է լաւ վարձատրուել, որ լաւ աշխատի, նշանակում է չի հասկանում իր պրոֆեսիոնալիզմը։ Եթէ մենք կորցնենք մեր կեանքի էսթետիկ զգացողութիւնը, դա կը դառնայ սովորութիւն, եւ ինչպէս փչանում են մեղուները, կը փչանայ եւ մարդկութեան գենետիկ կոդը։ Ամենամեծ վտանգն այն է, որ մենք կործանւում ենք բարոյապէս։
Բայց ես չէի ուզի լինել յոռետես. Ուզում եմ այժմ անդրադառնալ լաւատեսական կողմին, թէպէտ դուք էլ կարող էք դատել։ Վատի կողքին աճում է միւս բեւեռը։ Ի դէպ, եւ կարելի է նշել որ հայոց ազգը շատ բարդ ազգ է, մի բեւեռում գտնւում են ամենաանպիտան մարդիկ, միւս բեւեռում՝ ամենամեծ ռոմանտիկոսները։ Այդ ռոմանտիկ հոսանքը, որ նշմարուեց Ղարաբաղեան շարժման մէջ, գնալով աճում է, թող թէ ազգի փոքրամասնութեան մէջ. բայց ես ասում եմ ազգը ներկայացնողը միշտ եղել է փոքրամասնութիւնը. մեծամասնութիւնը՝ դա գործիք է, մեծամասնութիւնը աշխատում է, արտադրում է, իսկ ազգի պարծանքը միշտ եղել են անհատները. եւ ես պիտի նշեմ, որ արտակարգ ոգեշունչ հոգիներ են այժմ Հայաստանում աճում։
Մօտաւորապէս 20-30 տարի առաջ ես եկայ այն եզրակացութեան, որ նոր վերածնունդը պիտի սկսի Հայաստանից, յատկապէս ծանօթացանք Margaret Mead-ի գաղափարին՝ դարձնելու հայերէնը միջազգային լեզու։ Հիմնաւորում եմ այն բանով, որ այնքան է հալածուած եղել հայ ազգը, որ այս հալածանքին համար անհրաժեշտ է հոգեկան փոխհատուցում։ Իսկ հոգեկան փոխհատուցումը կարող է միայն լինել ազգի վերածնունդը. եւ յետոյ, վերածնուելու համար կան բոլոր նախապայմանները։ Ես չեմ կարծում, որ հայ մասնագէտները, հէնց բիզնեսի աշխարհում, որեւէ բանում զիջում են ասենք Ամերիկայի բիզնեսմէններին, Ամերիկայի ինժեներներին. ուղղակի հնարաւորութիւն չի ստեղծուել որ իրենք կիրարկեն իրենց տաղանդը։ Հնարաւորութիւն մենք ինքներս պիտի ստեղծենք, եւ ես հաւատում եմ, որ այն նոր սերունդը որ այժմ աճում է Հայաստանում, նա կը դառնայ հիմքը, կորիզը ապագայի վերածնունդին. այնքան եմ հաւատում, որ դա ինձ համար ոչ թէ տրամաբանական եզրակացութիւն է, այլ կարող եմ նկարագրել ինչպիսին է լինելու Հայաստանը հարիւր տարուց յետոյ, երբ արդէն ծաղկել է Հայաստանում վերածնունդը, եւ արդէն ոչ թէ մենք պիտի նախանձենք այսպէս կոչուած զարգացած աշխարհին, այլ ամբողջ աշխարհը պիտի նախանձի Հայաստանին, նրա բարոյական կեցուածքին եւ նրա տնտեսական բարօրութեանը։ Եթէ դէմ էք այդ գաղափարին, կարող է թուալ պատրանքային, բայց եթէ կորցնենք մեր հաւատը, դժուար կը լինի ապրել։
Ես չեմ ասում, որ դա միայն յոյս լինի, ուզում եմ, որ դա լինի իրականութիւն, եւ չնայած որ, արդէն շուտ չի հասունանալու այս իրականութիւնը, բայց ինձ համար այնքան իրական է, որ ես տեսնում եմ այդ ապագան։
Վ-Ա.Ա.— Միայն Դուք չէք, ուրիշ Ձեզի նման փայլուն դէմքեր ալ մեզի նոյնը կ՚ըսեն։

Յակոբ Մանճիկեան.— Երբ հողերը տրուեցան հայ գիւղացիներուն, արդեօք աւելի դրական նշաններ երեւցա՞ն, որ մեզի յոյս ներշնչեն։
Է.Ա.— Մի կողմից, որքանով ես գիտեմ, արթնացել են հայ մարդու մէջ հող մշակելու ցանկութիւնը եւ կարողութիւնը։ Բայց միւս կողմից, տեխնիկայի պակասով, սերմի թանկ լինելու պատճառով, պարարտանիւթի, տեխնիկական սպասարկման բացակայութեան պատճառով գիւղացիների մեծ մասը հրաժարւում է հող վերցնելուց. ի վիճակի չէ հող մշակելու։ Ըստ երեւոյթին՝ այսպէս միանգամից պիտի չկատարուէր անցումը կոլխոզից, սովխոզից (համայնական տնտեսութիւններից) դէպի մասնաւոր սեփականութիւն, այլ սկիզբից պետական մարմինները պիտի ապահովէին գիւղացու ամեն ինչը։ Այժմ էներգիայի (ջերմուժի) պակասը Հայաստանի ամենամեծ դժբախտութիւնն է։ Այն ինչ աճեցնում է գիւղացին, չի կարող շուկայ հասցնել։ Եւ դա միայն Հայաստանի եւ Ռուսաստանի վիճակը չէ. փտում է ապրանքը, շուկայ չի հասնում։ Ինչ կը վերաբերի գեղագիտական կողմին, այն ինչ տեսայ Մոնթրէալի շուկայում, ստիպեց ինձ գրեթէ արցունք թափել գիշերը, երբ համեմատեցի այստեղի շուկաների վիճակը Հայաստանի շուկաների վիճակին հետ,— գեղագիտական զգացումի բացակայութիւնը, կոպտութիւնը, թոյլատւութիւնը…
Վ-Ա.Ա.— Մէկ տեղ այդպէս չէր. ինչ որ տեսայ յուշանուէրներու վաճառատուներուն մէջ, ճաշակով ներկայացուած էր ամեն ինչ։
Է.Ա.— Այն ինչ կը վերաբերի կոոպերատիւներին, որովհետեւ նրանց գները շատ բարձր են, նրանք շահագրգռուած են, որ իրենց ապրանքը գնես։ Բայց ես չէի ուզում, որ միայն շահի հարցում մարդը լինի բարեկիրթ։ Մարդը պիտի լինի բարեկիրթ, պիտի լինի ազատ բոլո՛ր պայմաններում՝ բանտում, աքսորում, խենթանոցում, փողոցում, աշխատանքի վայրում, շուկայում, խանութում, ամբոխի մէջ. չպիտի մոռանայ որ ինքը մարդ է կոչւում, որովհետեւ պարտադրուած է ոչ միայն սնուելու, այլեւ պարտադրուած է իմացութեանը, իսկ իմացութիւնը միշտ կապուած է գեղագիտութեան հետ։
Իմ աֆորիզմներից (իմաստուն խօսքերից) մէկն այն է, որ լաւ գրքերը չեն գրւում վատ լեզուով. եթէ ուշադրութիւն չեն դարձնում լեզուական արտայայտութեանը՝ դա նշանակում է սակաւ է նրանց մտածողութիւնը։
Վ-Ա.Ա.— Ղարաբաղեան շարժումը 88-ին սկսաւ։ Կրնա՞ք զայն կապել նախորդող շարժումներուն հետ, այն այլախոհական զանազան խմորումներուն հետ, որոնց արձագանգները կը ստանայինք, երբեմն «Թուղթ»-եր կու գային, այսպէս մշակուած ծրագրեր, երբեմն Դաշնակցութեան անունը կը յիշատակուէր անոնց մէջ, երբեմն տարբեր ձեւերով կը դրուէին, յաճախ Դաշնակցութեան ծրագրէն բաժիններով։ Այդ մարդիկը ի՞նչ եղան, արդեօք այսօրուան շարժումը անոնց շարունակութի՞ւնն է, թէ՞ տարբեր վիճակ մըն է։
Է.Ա.— Հայաստանում մինչեւ 88 թուականը կար, եթէ այսպէս կարելի է ասել, երկու շերտ կամ երկու խաւ. հոգեկան խաւի մասին է խօսքը։ Մէկը՝ ամենաակտիւը, այսպէս կոչուած Ազգային միացեալ կուսակցութիւնն էր, նրա անդամները քիչ էին, բայց նրանք շատ ակտիւ էին. մեծ մասամբ նրա՛նք էին գնում բանտերը, աքսոր, ճամբարներ. յետոյ կար «Հայ դատ»-ը, ապագայի «Հայ դատ»-ը՝ Վասիլեան Յովիկի կազմակերպութիւնը, նրանք էին ակտիւ աշխատանքը կատարում։ Ինչ վերաբերում է միւս կողմին, նրանք բաւարարւում էին, մէկ-մէկ միայն, շատ թէ քիչ համարձակ խօսելով։ Ոմանց ես գիտեմ, Ղարաբաղ կոմիտէից՝ Խաչիկ Ստամբոլցեանին, որ առհասարակ չէր խօսում, որին շատ լաւ ճանաչում եմ, նա ոչ միայն ի՛նքը չէր խօսում, այլ երբ ես էի խօսում՝ խուսափում էր իմ խօսակցութիւնից, որովհետեւ պատահում էր, որ եթէ լսում ես որեւէ մէկին՝ յանկարծ ինքդ էլ կարող ես պատժուել։ Սամուէլ Գէորգեանին շատ լաւ եմ ճանաչում։ Սամուէլը ուտող-խմող տղայ էր, ինչպէս ասում են Արեւելեան Հայաստանում։ Շատ էր համակրում այլախոհներին, բայց ինքը չէր մասնակցում։
Ղարաբաղ կոմիտէի գոյացումը մեզ համար բացարձակ անակնկալ էր. նրանք այն ուժերն էին, որոնք քօղարկուած էին, պոտենցեալի մէջ էին։ Ես չեմ կարծում, որ նրանք նուիրուած են եղել իրենց գործին ի սկզբանէ եւ մինչեւ այսօր նուիրուած են ազատութեան ու ժողովրդավարութեան գաղափարին, բայց այդ ժամանակ նրանք չէին խօսում։ Մենք գիտենք, որ Լեւոն Տէր Պետրոսեանը երբեք տուրք չի տուել բոլշեւիզմին, եղել է շատ լաւ մասնագէտ, հոյակապ գրքեր ունի գրած, ես մէկին եմ ծանօթ միայն, բայց կարող եմ ասել, որ շատ լաւ գիրք է, բայց նրանք դեռ չէին գտնւում առաջին պլանում։ Իսկ առաջին պլան նրանք ընկան, որովհետեւ սկսեցին ղեկավարել Ղարաբաղեան շարժումը։ Եւ ի՞նչն էր ուշագրաւ. Ղարաբաղեան շարժումը սկսեցին երկու անձինք, որոնք այսօր հեռացել են ակտիւ աշխատանքից՝ Իգոր Մուրադեանը եւ Վաչէ Սարուխանեանը։ Իգոր Մուրատեանին հեռացրին Ղարաբաղ կոմիտէից, որովհետեւ նա կոչ էր անում զինուած պայքարի, եւ ուշ թէ շուտ հայ ժողովուրդը դիմեց զինուած պայքարի։ Այնպէս որ նախապատրաստուած էր, բայց հասարակութեան ոչ այն մասը դարձաւ պարագլուխը շարժմանը, որ մենք սպասում էինք։ Օրինակ, 65 թուականի իրադարձութիւններից ետք, երբ առաջին անգամ ապստամբեց հայ ժողովուրդը, դուրս եկաւ հրապարակ, Ազգային միացեալ կուսակցութեան անդամները նախապատրաստւում էին, բայց ինքնաբուխ կատարուեց ամեն ինչ, նոյնիսկ նրանց ակտիւիստներին, միլիտաններին պահում էին ԿԳԲ-ում, որ կանխեն Ապրիլ 24-ի իրադարձութիւնները, բայց իրադարձութիւնները տեղի ունեցան. դա նշանակում է, որ աճում էր շարժումը, պոռթկումը աճում էր, միայն թէ չունէին ղեկավարներ։ Ղարաբաղեան շարժումը ուղղակի առաջ քաշեց նոր առաջնորդներ, եւ իրենք ղարաբաղեան ալիքի վրայ բարձրացան, իսկ այն մասը, որ Ազգային միացեալ կուսակցութեան դիւանում էր, մղուեց երկրորդ պլան։ Բայց նախապատրաստուած էր, ամբողջ մտայնութեան մէջ նախապատրաստուած էր։
Վ-Ա.Ա.— Իսկ մտաւորականութիւնը դեր մը ունէ՞ր։
Է.Ա.— Փոքր մասը մտաւորականութեան դեր ունէր. մտաւորականների մի մասը անշուշտ զբաղած էր անընդհատ յիշեցնելով, որ մենք ունենք պատմութիւն, որ մեր լեզուն աղճատուած է, պիտի վերականգնել լեզուի մաքրութիւնը՝ ապաքաղաքական ուղիներով, բայց նրանք նպաստում էին Հայաստանի զարթօնքին։ Կային մարդիկ, որոնք մարմանդ աշխատանք էին տանում, բայց ըստ երեւոյթին նրանց աշխատանքը աւելի կարեւոր էր քան գրական կոչերը։
Եւ պիտի ցաւօք սրտի նշեմ, որ Ազգային միացեալ կուսակցութեան հիմնադիրները, ես ճանաչում եմ բոլորին եւ հանգուցեալ Հայկ Խաչատրեանին, նրանց դժուարութեամբ կարելի է համարել ինտելիգենտ, մտաւորական, նրանք շատ միակողմանի մարդիկ էին, նրանք չէին սրում այն հարցերը, որոնք անհրաժեշտ են այսօր։ Նրանց հիմնական դրոյթն էր՝ ամենէն բարձր ազգը աշխարհում հայ ազգն է, որ առաջին մարդը եղել է հայ եւ դրանով պատուազրկում էին կուսակցութիւնը եւ առիթ էին տալիս, որ նոյնիսկ ԿԳԲ-ում, այս ամենից երեւելի անգրագէտ հիմնարկութիւնում, նրանց մասին խօսէին հեգնանքով։
Ես միշտ կոչ էի անում մեր այս կուսակցութեան անդամներին, որ չզբաղուենք նման հարցերով. ասում էի, որ ամենից մեծ վտանգը մեզ համար Մոսկուան էր, Կենտրոնն էր, պիտի թուլացնել Կենտրոնը։ Այն ժամանակ կը զբաղէի Հայաստանի անկախութեան հարցով. անկախութեան համար է, որ պիտի աճել. դեռ չի աճել Հայաստանը անկախութեան համար։ Չեմ ասում տնտեսապէս, հոգեպէ՛ս չի աճել։ Օրինակ` այն մարդիկը, ովքեր գովում էին Գորբաչեւին, այժմ գովում են Լեւոն Տէր Պետրոսեանին, ովքեր գովում էին Ստալինին, գովում են եւ Լեւոն Տէր Պետրոսեանին, ընդ որում, եթէ Ստալինի դէմ խօսելու համար այն ժամանակ մատնում էին ընդդիմադիրին, այժմ միայն սպառնում են՝ չհամարձակուես խօսել ԼՏՊ-ին դէմ։ Նշանակում է՝ դա իրենց բնաւորութիւնն էր. անազատ են այս մարդիկը։ Ժողովուրդի զգալի մասին կուռք է անհրաժեշտ, մեծարելով ԼՏՊ-ին՝ չեն իմանում ինչո՛ւ են նրան մեծարում, որով քիչ մարդիկ են հազիւ իմանում, որ նա ունի գիտական աշխատութիւններ։ Օրինակ՝ այսպիսի շատ ուշագրաւ երեւոյթ կայ. երբ հարցնում են, թէ ո՛ր կուսակցութեան կողմնակից են, մեծ մասը ասում է՝ Դաշնակցութեան, իսկ երբ հարցնում են անհատի մասին՝ ո՛ւմ կողմն ես դառնում, ասում է՝ ԼՏՊ-ի։

Սարգիս Գաւուքճեան.— Արդեօք Գերագոյն խորհրդում խելացի մարդիկ կա՞ն։
Է.Ա.— Դուք այնքան դժուարին հարց էք տալիս. տեսականօրէն հարցը պիտի դնենք. յիմար մարդ աշխարհի երեսին չկայ. խելօք եւ յարաբերական խելօք են. ինչքան էլ մարդ լինի խելօք, նրանից աւելի խելօք մարդ կայ. ամենից խելօք մարդէն ետք կայ Աստուած՝ վերին բանականութիւնը։ Խելացի ինչպէ՞ս. եթէ համեմատենք հին խորհրդարանի կազմի հետ, անշո՛ւշտ կան, աւելի բարձր է մակարդակը. հին խորհրդարանում կայի՛ն խելացի մարդիկ, բայց պիտի քուէարկէին այն բանաձեւերին, որ վերից առաջարկւում էին պատգամաւորների ուշադրութեանը։ Իրօք կան, ես մի քանիսին գիտեմ, շատ խելացի մարդիկ են, բայց մեծ մասը ոչ թէ իբր անհատ են ընտրուել, այլ ընտրուել են կուսակցական ուղղուածութեամբ, ազդակով։ Այժմ մէկը կարող է լինել շատ գրագէտ, գուցէ պիտանի, բայց եթէ կոմունիստ է, արդէն մեծ մինուս է դա իրեն համար։
Ս.Գ.— Ո՞ւր է հիմա մեր մտաւորականութիւնը։
Է.Ա.— Կարելի է լինել այլախոհ եւ չլինել մտաւորական։ Կարելի է մտաւորական լինել եւ չլինել այլախոհ։ Մտաւորականութիւնը, մտաւորական լինելը մի փոքր աղօտ գաղափար է։ Ընդունուած տեսակէտը այն է, որ ով ստացել է բարձրագոյն կրթութիւն, նա պատկանում է մտաւորական խաւին։ Ես կարծում եմ, որ այդ խաւի 95 տոկոսը բացարձակօրէն պարտիական մարդիկ են։ Նրանք ունեն բարձրագոյն կրթութիւն, բայց չունեն ո՛չ մտաւորականի գիտելիքներ, ո՛չ մտաւորականի կեցուածք։ Այսօր եթէ հարց էք տալիս՝ ո՞ւր է մտաւորականութիւնը, ովքեր եղե՛լ են մտաւորականներ,— նրանք կա՛ն, իսկ մնացած մասը մտաւորական չէին, այդ պատճառով սկսեցին զբաղուել առեւտրով, իրենց դիմակը բացուեց։ Եթէ ֆիզիկայի ֆակուլտետը աւարտողը յանկարծ սկսեց ձմերուկ ծախել, նշանակում է մտաւորական երբեք չի եղել։ Եթէ սոցիալ (ընկերային գիտութիւններ) աւարտողը ասում է ես չեմ զբաղւում իմ մասնագիտութեամբ, որովհետեւ քիչ է վարձատրութիւնը, գնում է առեւտրի սիստեմ, կոոպերատիւ, նշանակում է նա ո՛չ մասնագէտ է, ո՛չ ալ մտաւորական։ Պահպանուել են այն մտաւորականները, ովքեր եղել են մտաւորականներ, ազատ են մնացել այն մարդիկ, որոնք եղել են սոցիալիզմի օրո՛վ էլ ազատ։

Գաբրիէլ Պասմաճեան.— Վերջերս կ՚իմանանք, թէ վերակազմուեր է Համայնավար կուսակցութիւնը Հայաստանի մէջ։ Ինչպէ՞ս կը տեսնէք այդ կուսակցութեան ապագան Հայաստանի մէջ։ Կը հաւատա՞ք, որ ան կրնայ բնականոն կուսակցութիւն մը դառնալ միւսներուն նման։
Է.Ա.— Համայնական (իմա՝ Համայնավար) կուսակցութեան ամենից մեծ, ամենից աչքի ընկնող յատկութիւնը նրանց կուրութիւնն էր։ Համայնականները (իմա՝ համայնավարները) պէտք է վաղուց գիտակցէին, որ իրենք բարոյապէս կործանուած էին։ Չի կարելի լինել կուսակցութիւն, որին դու ինքդ չես հաւատում, իդէալներին չես հաւատում։ Եւ չի կարելի ներշնչել այդ իդէալները այն մարդկանց, որոնք ո՛չ ուզում են, ո՛չ էլ ի վիճակի են այդ իդէալները մարսել։ Համայնական կուսակցութիւնը վերականգնելու փորձը կատակերգութիւն է, դա զաւեշտական մի բան է, ոչ մի յաջողութեան նրանք չեն հասնի, կը դառնան ծաղրանքի եւ հանաքի առարկայ։ Կոմունիզմը ապագայ չունի. նա չունէր նոյնիսկ ներկայ՝ ի՛ր օրով։ Նա արդէն փտած էր, մեռած էր ինքն իր մէջ վաղուց ի վեր, իր ծննդեան օրից։ Կոմունիզմը փուչ էր եւ արդէն դատապարտուած։ Հիմա դիակը վերակենդանացնելու հնարաւորութիւն արդէն համայնականները չունեն։ Եթէ նրանք փորձում են վերականգնուել, ոչ թէ որովհետեւ հաւատում են իրենց իդէալներին, այլ ուզում են ինչ որ մի կերպով կրկին անցնել իշխանութեան գլուխ։ Այդ փորձը եւս դատապարտուած է։ Հայաստանը կոմունիզմին այլեւս չի վերադառնայ։ Կոմունիզմի պէս մեծ չարիք աշխարհում չի եղել։ Մենք հիմա դժուարութեամբ հաշտւում ենք այն մտքի հետ, որ բոլշեւիզմը վերացել է, դժուար է ասել կոմունիզմ, սոցիալիզմ՝ դա ի՞նչ է եղել, անուանում են շատ վիրաւորական բոլշեւիզմ բառով։ Մէկ-մէկ երազում տեսնում ենք, որ բոլշեւիզմը շարունակւում է, մեր աչքերը բացում ենք եւ տեսնում ենք, որ այդ վատ երազը մեզնից հեռացել է, եւ չենք կարողանում այս ուրախութիւնը մարսել։ Որքան էլ դժուար լինեն այսօր մեր տնտեսական պայմանները, բայց քանի որ չկայ բոլշեւիզմը, վերացել է այդ չարիքը, մենք մխիթարւում ենք եւ զգում ենք, որ աւելի լաւ ենք, քան եթէ ապրէինք, ասենք, Մոնթրէալի հարստութեան, ուրախութեան մէջ։
Շ.Տ.Մ.-Մ.— Այս կապակցութեամբ մտքիս մէջ շփոթութիւն մը կայ, ambivalence մը։ Նախկին բոլշեւիկեան ռեժիմի օրով մարդիկ կուսակցութեան անդամ էին, բայց չէին հաւատար, պարզապէս պաշտօններու կ՚ուզէին տիրանալ եւ այլն։ Լաւ, անցան այդ օրերը, համայնավարութիւնը փլաւ։ Մարդիկ, որոնք այն ժամանակ չէին հաւատար, բայց որովհետեւ opportuniste էին, կ՚ուզէին իրենց գործը յառաջ տանիլ. opportuniste ալ կարելի չէ ըսել, որովհետեւ ամբողջ Խորհրդային Միութիւնը այդպէս էր, եթէ հաց պիտի շահէին, գլուխ պիտի պահէին… ով ինչ ըրած է՝ ըրած է։ Հիմա այդ մարդիկը, որոնք չէին հաւատար, կ՚ամբաստանուին, թէ նախկին համայնավար են։ Մտքիս մէջ այդպիսի անհատներու նկատմամբ երկմտութիւն մը կայ։ Ես այդպիսի մարդոց նկատմամբ տկարութիւն ունիմ։
Է.Ա.— Խորշա՛նք է ճիշտ բառը… Բարեբախտաբար, Լեւոն Տէր Պետրոսեանը շատ ճիշտ քաղաքական կուրս (ընթացք) ընդունեց. նա չուզեց հետեւել կոմունիստներին, օրինակ՝ մարդկանց հալածելով, որովհետեւ դա նշանակում է ստեղծել նոր օպպոզիցիոն, նոր նահատակներ։ Կոմունիստները արժանի չեն, որ նրանց դարձնենք նահատակ. մօտաւորապէս չնչին մարդիկ են, ողորմելի կամ փուչ եւ դատարկ. նրանց նահատակ դարձնելը մեծ պարգեւ է նրանց համար։ Թող իրենց համար ապրեն, ինչպէս որ կ՚ուզեն, ինչ կ՚ուզեն անեն, թող հարստանան…
Շ.Տ.Մ.-Մ.— Բայց հիմա պէ՞տք է ամբաստանուին այդ մարդիկը։
Է.Ա.— Չեն ամբաստանւում։
Շ.Տ.Մ.-Մ.— Ո՛չ դատական իմաստով։
Է.Ա.— Բարոյապէս ամբաստանւում են… Յետոյ, մեծ մասը իրե՛նք են ասում՝ մենք մեղաւոր չէինք, մենք խաբուած էինք, մենք հաւատում էինք մեր իդէալներին. ի հարկէ չէին հաւատում, բայց մարդու համար դժուար է խոստովանել, որ յանուն իր շահի էր ընդունուել Համայնական կուսակցութեան շարքերը։ Նոյնիսկ երկու-երեք շատ յարգելի մարդ գիտեմ, ովքեր այդպէս են իրենց արդարացնում, չնայած որ նրանք որպէս համայնականներ վատութիւն չեն արել։
Վարուժան Մինասեան.— Քիչ մը կարելի՞ է խօսիլ ամբաստանելի՛ տարրին մասին, անո՛նց, որոնք, զոր օրինակ, միլիառներ ունին, կ՚ըսեն,— որոնք հարստահարած են, անոնք, որոնք KGB-ի անդամ եղած են եւ հսկայական հարստութիւններ ունեցած են, ըլլայ Ռուսիոյ, ըլլայ Հայաստանի մէջ։ Անոնք ի՞նչ դեր կը կատարեն հիմա։ Ճի՞շտ է, որ եթէ զանոնք մաքրել ուզես, անոնք քեզ կը մաքրեն ամենէն առաջ, այնքան ուժեղ են։
Է.Ա.— Չեմ կարող ասել, որ նախկին քաղաքական կառուցուածքները ուժ ունեն։ Ուժ ունեն միայն նրանք, ովքեր մեծ կարողութիւն են կուտակել։ Իսկ նրանք կարող են լինել ե՛ւ նախկին կուսակցականներ, ե՛ւ ԿԳԲ-ի աշխատողներ, քանի նրանք միշտ վալիւտայի (տարադրամի), ոսկու հետ գործ ունէին, ե՛ւ կարող է լինել սովորական մաֆիա. այժմ նախկին կուսակցական կառուցուածքները ձուլուել են մաֆիայի հետ եւ նրանց համար նշանակութիւն չունի կուսակցական պատկանելութիւնը։ Նոյնիսկ գիտենք այնպիսի ամօթալի փաստեր, որ հայ մաֆիոզները զէնք են վաճառում Ադրբեջանին, որն այդքան դուրս է բոլոր նորմերից։
Մեծ դժբախտութիւն է, չէ՞։ Ես համարում եմ, որ դա մեր բախտաւորութիւնն է… մինչ մենք զբաղւում ենք իմացութեան եւ բարոյականութեան հարցերով, միւսները կուտակում են հարստութիւն եւ անցնում իշխանութեան գլուխ։ Նրանք մնացին անազատ մարդիկ. մենք, քանի մե՛նք չէինք զբաղւում նման հարցերով, մենք մնացինք ազատ մարդ, եւ դա է մեր հարստութիւնը եւ ամենամեծ կարողութիւնը, եւ աւանդում ենք մեր նոր սերնդին։ Ինձ թւում է, որ նոր սերունդը պիտի լինի աւելի անաչառ քան…
Վ-Ա.Ա.— Եւ աւելի մաքո՞ւր…
Է.Ա.— Աւելի մաքուր պիտի լինի քան այն սերունդը, որ շարունակել է մեր չար գործերը չար անցեալին։
Յ.Մ.— Եւ ի՞նչ են այն նշանները, որ այդ սերունդը աւելի լաւ պիտի ըլլայ։ Կա՞ն զարթօնքի նշաններ։
Է.Ա.— Նոր երիտասարդութիւնը՝ փոքր մասը,— մեծ մասը արհեստներով է զբաղւում,— նոր երիտասարդութիւնը, որ նուիրուած է իմացութեան գաղափարներին, յատկապէս շատ մեծ է իր հետաքրքրութիւնը գեղագիտութեան եւ փիլիսոփայութեան նկատմամբ, բայց փոքրամասնութեան մէջ է… անհատներն են ստեղծագործում, անհատներն են ազգը ներկայացնում։
Յետոյ լաւ երեւոյթ է, որ տասնեակ տարիներ այսպէս կոչուած ինտերնացիոնալիզմի գաղափարը քարոզելուց յետոյ, արթնացել է ազգային ինքնասիրութիւնը, եւ վերյիշւում է հայոց պատմութեան իւրաքանչիւր էջը։ Ճիշտ է, մէկ-մէկ վերյիշւում է, բայց օրինակ չի դառնում, բայց ես գիտեմ այնպիսի մի շերտ, որը նուիրուած է իմացութեանը, այլ ոչ թէ հարստութեան կուտակմանը, եւ նրանք են մեր հիմքը, մեր ապագան։
Յ.Մ.— Այս հիման վրայ, հոգեկա՛ն գետնի վրայ, ինչպէ՞ս կը բաղդատուի Հայաստանի ժողովուրդը, իր դրացիներուն եւ ըսենք միւս երկիրներուն հետ։
Է.Ա.— Կա՛ն ապազգային մարդիկ, որոնց համար չկայ ոչ մի սրբութիւն. եւ բոլոր ազգերում միշտ էլ եղել են։ Հայոց պատմութեան մէջ եղել են դաւաճաններ, Ադրբեջանի պատմութեան ծանօթ չեմ, երեւի այնտեղ էլ եղել են դաւաճաններ։ Բայց ես ուզում եմ ասել, որ դաւաճանները չեն ներկայացնում ազգը, այլ ռոմանտիկ, հոգեշունչ հոգիները։ Շատ վատ բան է, որ կան այդպիսի մարդիկ, դա անխուսափելի է ըստ երեւոյթին, որոնց համար չկայ ոչ մի սրբութիւն, ոչ մի իդէալ, միայն դրամն է, եւ եթէ կարող են աւելի թանկ զէնք ծախել թուրքին՝ ծախում են թուրքին։

Յասմիկ Ինճէճիկեան.— Կրնա՞ք ներկայացնել ուսման վիճակը Հայաստանի մէջ։
Է.Ա.— Ես շատ տխուր պիտի ներկայացնեմ մեր մանկավարժութեան վիճակը, բայց կարող եմ ասել, որքան որ ծանօթ եմ մանկավարժական իրականութեանը, ամբողջ աշխարհը այդ առնչութեամբ թերութիւններ ունի։ Չեմ յիշում ֆրանսացիներից ո՞վ էր ասել, որ աւելի հեշտ է գերեզմանատունը փոխադրել մէկ տեղից միւսը, քան ժողկրթութեան համակարգը փոխել։ Անշուշտ շատ տխուր է վիճակը մանկավարժութեան, ես այդ մասին գրել եմ մի յօդուած, կ՚երեւի արդէն լոյս է տեսել «Գարուն» ամսագրի 3-րդ համարում։ Կադրերի պակասն է զգում Հայաստանը։ Փոխուել է իրադարձութիւնը, բայց մարդիկ չեն փոխուել։ Այն մարդը, որ ամբողջ կեանքի ընթացքին դասաւանդել է սերտած ձեւով, նա չի կարող միանգամից փոխուել. վերջ ի վերջոյ հիմա էլ շարունակում են գործը, մանկավարժական գործը, այն մարդիկ որ այն ժամանակ են դասաւանդել ըստ ընդունուած պահանջների։ Եթէ այս հարցը չփոխուի, շատ տխուր կը լինի պատկերը։ Ուսանողութիւնը աստիճանաբար կորցնում է հետաքրքրութիւնը։ Բայց ուզում եմ դառնալ լաւատես, չնայած որ մեծ մասը ներշնչում է յոռետեսութիւն, ասելով որ համեմատութիւնները չեն խախտուել. միշտ տասից մէկն է եղել լաւ ուսանող. մնացածները կա՛մ շատ վատ են, կա՛մ սովորական. հարիւրից մէկը միշտ եղել է փայլուն ուսանող, նոյնը ես նկատում եմ այս մէկ-մէկուկէս տարուայ ընթացքում, երբ վերադարձել եմ իմ աշխատանքին. նոյնիսկ կարող եմ ասել, որ այս վերջին մի քանի ամսուայ ընթացքում զգացի մեծ աճ հետաքրքրութեան՝ իմացութեան նկատմամբ։ Անշուշտ, որ շատ բան կախուած է դասախօսից, մանկավարժից, ինչպէ՞ս կարող է նա արթնացնել աշակերտի մէջը ննջած պահանջները, ինչպէ՞ս արթնացնել գիտակցութիւնը… Բայց պէտք է ասեմ երեւի, թէ երկար ժամանակ մեր ժողկրթութեան հարցը կը լինի շատ ծանր վիճակում, մինչեւ նոր կադրեր պատրաստուեն. յատկապէս վատ է բժշկութեան գործը, որովհետեւ այդտեղ տիրում է կոռուպցիան։ Ճիշտ է, որ պատմութեան մանկավարժը կամ գրականութեան մանկավարժն էլ մեծ վնաս է հասցնում հոգիներին, բայց բժիշկները այն աշխարհն են ուղարկում մարդկանց, ընդ որում կան այնպիսի դէպքեր, որ բժիշկներին փող են տալիս, որ էդ մարդկանց չբուժեն։

Վ-Ա.Ա.— Ի՞նչ կ՚ակնկալէք մեզմէ՝ Սփիւռքէն։ Մեր դիրքաւորումները, մեր ճիգերը որքա՞ն տեղին են։
Է.Ա.— Ով գտնւում է բանտում՝ աւելի շուտ սպասում է լաւ լուրի, քան նիւթական բարիքների։ Այն բանը, որ Սփիւռքը բարոյապէս միշտ եղել է Հայաստանի հետ, մեզ համար ամենամեծ ուրախութիւնն է եւ երջանկութիւնը։ Ես չէի ուզի, որ Սփիւռքը նիւթական օգնութիւն հասցնի Հայաստանին. դա վտանգաւոր բան է, եւ հայրենիքը կարելի է կործանել։ Չի եղել, որ ձեր ուղարկած դեղորայքից կամ մանկական սնունդից հասցէատիրոջը հասնի։ Ամենամեծ բարիքը Հայաստանի համար կը լինի այն, որ Սփիւռքը կարենայ իր մօտ պատրաստել նոր կադրեր, յատկապէս բժշկական մարզում, այն պայմանաւ, որ ոչ թէ մնան այնտեղ, այլ վերադառնան նորից Հայաստան։ Բայց ես վախենում եմ, որ ով գայ այստեղ կրթութիւն ստանալու՝ գտնի առիթ մնալու. այս վտանգը կայ։ Պիտի այնքան նուիրուած լինեն երկրին, որ չգայթակղուեն կեանքի աւելի բարձր մակարդակով։ Վերջին հաշուով՝ մեր երկիրն այժմ ծանր հիւանդ է, իսկ երբ երկիրը հիւանդ է, ոչ միայն բժիշկը պիտի լինի իր կողքին, այլեւ պիտի լինի իւրաքանչիւր մարդ։ Իսկ այժմ նկատւում է շատ մեծ ձգտում փախուստի դիմելու Հայաստանից՝ չնայած որ ազատութեան, դեմոկրատիայի տեսակէտից օրինակելի երկիր է, ի տարբերութիւն Վրաստանի։ Եւ երբ փախուստի ես դիմում Հայաստանից, որտեղ տնտեսական պայմանները վատ են, նշանակում է դու վատ քաղաքացի ես, թէ դու չես սիրում քո հիւանդ երկիրը։ Ես կ՚ուզենայի, որ հայերը մնային Հայաստանում, գիտական պատրաստութիւն ստանային արտասահմանում, բայց վերադառնային նորից հայրենիք։ Բայց վախենում եմ, որ տասից ինը կը մնայ, մէկը միայն կը վերադառնայ։ Աւելի լաւ կը լինէր, որ Սփիւռքը հէնց Հայաստանում բացէր իր դպրոցները, ինչպէս եւ գործեր սկսէր Հայաստանում, որ հայ ժողովուրդը աշխատի, այնտե՛ղ սովորի, աշխատի ու մնայ եւ ոչ թէ փորձանք դառնայ արտասահմանի համար, որովհետեւ սոցիալիզմի մարդը զգալապէս տարբերւում է մնացած աշխարհի մարդկանցից. նա մի ուրիշ արարած է, ուրիշ էութիւն է. նա իր մէջ կրում է սոցիալիզմի արատները, աղբը՝ իր հոգում։ Արդէն մենք լսել ենք, որ Կալիֆորնիայի մէջ ինչեր են անում հայերը։ Էդ պէտք չի։ Թող մնայ Ամերիկան ամերիկացիների համար, Եւրոպան՝ եւրոպացիների համար, պէտք է սահմանափակել տարագրութիւնը։ Միայն շատ փորձուած անհատներ, եթէ իրե՛նք չեն ուզում մնալ իրենց հայրենիքում… բայց էլի գերադասելի կը լինէր, որ հէնց իրենք, բարեկիրթ հայերը, գիտուն հայերը, լաւ մասնագէտները մնային Հայաստանում, իսկ Սփիւռքը գար Հայաստան, գործ բացէր եւ այնտեղ պատրաստէր կադրերը։ Եւ չմոռանայ Սփիւռքը, որ մենք թէեւ ապրում ենք ծանր պայմաններում, բայց չենք ընկճւում, եւ յոյսով ենք, որ դէպի վերածնունդ է քայլում մեր բազմաչարչար երկիրը։

Վ-Ա.Ա.— Ձեր նշած այդ երիտասարդութեան մէկ տարբեր, մեզ ոգեւորող երեւոյթը հայրենիքի համար զոհուելու պատրաստակամութիւնն է։
Է.Ա.— Ղարաբաղում պայքարում են այնպիսի երիտասարդներ, որոնք մեծ շնորհքով են օժտուած։ Ես մի երիտասարդի եմ ճանաչում՝ Արմէն Դաւթեան, նա բանաստեղծ է, շատ լաւ բանաստեղծութիւն է գրում, կարճահասակ է, աւտոմատը իրենից մեծ է, մէկուկէս ամիս պայքարում է Ղարաբաղում, մի քանի օր գալիս է Երեւան, հասարակութեան առաջարկում է իր բանաստեղծութիւնները, յետոյ նորից վերցնում է թֆանքը եւ նորից գնում է պայքարելու Ղարաբաղում։ Կան շատ հերոս տղաք, կան մեծահասակ մարդիկ՝ 50-55 տարեկան, իմ մեծ եղբայրը, եղբայր՝ ըսել կ՚ուզեմ զարմիկս, 68 տարեկան է, պատերազմի վետերան է, որոշել է գնալ Ղարաբաղ, եւ գնալ որպէս շարքային. Ես քանի անգամ նրան ասել եմ՝ երեք տարի գերմանական ֆրոնտում ես պայքարել, յետոյ ճապոնական, որպէս հրահանգի՛չ գնա, նոր կադրեր պատրաստիր։ Ո՛չ, ասում է, եթէ գնամ պիտի առաջին շարքերում լինեմ որպէս շարքային զինուոր, հակառակ դէպքում կ՚ասեն, որ ուզում է անուն հանել. ես գնում եմ, որ իմ վրայ ընդունեմ առաջին հարուածը։ Կան եւ այսպիսի՛ մարդիկ։

Վ-Ա.Ա.— Շնորհակալութիւն, պարոն Աւետեան։ Յուսամ ձեր խօսքերը մտիկ ընողներ շատ ըլլան։

Ասուլիսը վարեց եւ սոյն արձանագրութիւնը
արտագրեց ու խմբագրեց
ՎՐԷԺ-ԱՐՄԷՆ

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *