ՎԵՐՋԻՆ ԳԻՇԵՐԸ — Բ. մաս

ՌՈՒԲԷՆ ՅՈՎՍԷՓԵԱՆ

Անցեալ տարուան մայիսին, «Գրական թերթ»ին մէջ լոյս տեսաւ Ռուբէն Յովսէփեանի «Խաչատուր Աբովեան» դեռ անաւարտ վէպէն ընդարձակ հատուած մը, որուն առաջին մասը տուինք մեր նախորդ թիւով եւ այժմ ընթերցողին կը յանձնենք անոր երկրորդ բաժինը։

Դորպատում, պրոֆեսորական ինստիտուտի տնօրէն Էրդմանի տանը ճաշելիս, Շիխովսկին հետաքրքրուել էր Հայաստանի բուսական, կենդանական աշխարհով, առանձնապէս հարցուփորձ արել որդան կարմրից ու տարմահաւից, որի շուրջ պտտուող առասպելը Դորպատ էր հասցրել Պարրոտը։ Զրոյցն աստիճանաբար աւելի լայն ընդգրկում էր ստացել, եւ Խաչատուրն ընկերոջը ներկայացրել էր Հայաստանի տնտեսական վիճակը բարելաւելու իր այն ծրագրի սաղմերը, որ հիմա առաւել խորիմացութեամբ շարադրում էր կայսերն ուղարկելու համար։ Ու թէեւ չէր աւարտել շարադրանքը, սակայն հիմնական մտքերն արդէն թղթին էր յանձնել,— ահա թէ ինչու թոյլ տուեց, որ Իվանն աչքի անցկացնի ուղերձը։ Իվանի հայեացքի վազքով, նա մտքում տող առ տող կրկնում էր ծրագիրը, յետոյ թուաց՝ բարձրաձայն է կարդում եւ դիմում հէնց իրեն՝ կայսրին… «Ամենից առաջ ձերդ կայսերական մեծութիւն, մեր երկրին մանկավարժական մի ինստիտուտ է հարկաւոր, որտեղ ուսուցուէին նուազ գիտական, բայց մատչելի, տեղական պայմաններին ու իրավիճակին համապատասխան եւ առաւելապէս բնիկների բարոյականութեանը եւ կատարելագործմանը նպաստող գիտելիքներ՝ կապուած գիւղատնտեսութեան ու տեխնիկայի նպատակայարմար դասաւանդման հետ։ Եթէ սաներին սովորեցնեն մայրենի լեզու եւ ռուսերէն, մասամբ՝ պատմութիւն, աշխարհագրութիւն, ֆիզիկայ, կրօն, գծագրութիւն, առաւել հիմնաւոր՝ թուաբանութիւն, երկրաչափութիւն, բնագիտութիւն, մանկավարժութիւն եւ գլխաւորապէս՝ գիւղատնտեսութիւն ու տեխնիկայ, ապա արդիւնքը, հաւատացնում եմ, աննախադէպ կը լինի։ Յիշեալ վերջին երկու գիտութիւնները տիրապետելիս, ձերդ կայսերական մեծութիւն, երեխաները պէտք է ղեկավարուեն եւ կրթուեն ըստ իրենց ընդունակութիւնների եւ հակումների… Նմանապէս շատ կարեւոր է հիմնարկի վայրը… Պէտք է ընտրուի մի այնպիսի վայր, որ ունենայ ոչ միայն լաւ կլիմայ եւ հաճելի դիրք, ինչը կարեւոր է խիստ, այլեւ գլխաւորապէս յարմար լինի լաւագոյն մթերք արտադրելուն… Պակաս կարեւոր չէր լինի, եթէ այդ հիմնարկը ոչ միայն հողամաս ունենար, այլեւ գիւղական մի քանի տնտեսութիւն։ Տեղական պայմանների մասին ունեցածս տեղեկութիւնների հիման վրա ես աւելի լաւ վայր չեմ կարող առաջարկել, քան Քանաքեռը՝ մի փոքրիկ գիւղ, որ գտնվում է Երեւանից հինգ վերստ հեռաւորութեան վրայ։ Այս վայրում մարդ միաժամանակ թէ՛ գիւղում է, թէ՛ քաղաքում…»։
Մինչեւ վերջ ընթերցելով՝ Շիխովսկին դէմքին մի այնպիսի արտայայտութիւն տուեց, ասես ինքն աններելի սխալ նկատած վարժապետ լինէր, իսկ Խաչատուրը՝ խցի մոնթ (վանքի աշակերտ — ՀԳ)։
«Ի՞նչ կ՚ասէք, ձերդ կայսերական մեծութիւն,— անորոշ տագնապը ցրելու համար կատակեց Խաչատուրը։— Մի՞թէ անիրականանալի են այս ծրագրերը»։
«Անցանկալի»,— կարճ ու կտրուկ պատասխանեց Շիխովսկին։
«Ինչո՞ւ, ձերդ կայսերական մեծութիւն, Հայաստանի տնտեսական զարգացումը չէ՞ որ օգուտ կը տայ կայսրութեանը»։
«Բայց ի՞նչ միջոցով, դժբախտ։ Լուսաւորութեա՞ն»։
«Այլ ճանապարհ չկայ, ձերդ… մեծութիւն…»։
«Այսօր լուսաւորութիւն ես ցանկանում, վաղը անկախութիւն ես պահանջելու։ Քեզ չէ՞ որ հէնց սկզբից անկախութիւն չտուեցին լուսաւորութեան բացակայութեան պատճառաբանութեամբ, որ ձեւակերպուել է մօտաւորապէս այսպէս. նրանք առայժմ անընդունակ են, անպատրաստ անկախութեան։ Իսկ դու քո ծրագրով ուզում ես վերացնել այդ պատճառաբանութիւնը»։
«Դու մեզ, Իվան, լեհերի ու այլոց հետ մի՛ համեմատիր։ Մենք, իրօք, երախտապարտ ենք Ռուսաստանին։ Մեզ, իրօք, կործանումից փրկեց Ռուսաստանը, եւ դա գիտէ ամեն հայ։ Ռուս-պարսկական պատերազմից յետոյ, երբ սկսուեց հայերի գաղթը Արեւելեան Հայաստան, գիտե՞ս, թէ ինչ են ասել մերոնք Ուրմիայի կուսակալ Ասկերխանի որդուն, ով արտօնութիւններ, մեծ-մեծ խոստումներ տալով փորձում էր կանխել աշխատաւոր ձեռքի այդ աննախադէպ կորուստը։ Տուն-տեղ, այգի, հարստութիւն լքող հայերը, ի պատասխան, ասել էին. «Մենք գերադասում ենք ռուսաց խոտն ուտել, քան պարսից հացը»։
«Ես համոզուած չեմ, Աբովեան, թէ նրանց անչափ դուր էր եկել ռուսաց խոտի համը։ Նրանք, պարզապէս, զզուել էին պարսից հացից։ Լուսաւորութիւնը շատ շուտով կը հասցնի նրան, որ նրանք բերանից կը թքեն նաեւ ռուսաց խոտը։ Եւ ճիշտ կ՚անեն։ Դա բնական ընթացք է, Աբովեան, եւ տեսանելի ապագայ»։
«Ուրեմն՝ ի զո՞ւր եմ գրում…»։
«Ի զուր չէ։ Ես պարզապէս անհանգստանում եմ քեզ համար։ Քո ծրագրերը լաւն են եւ մի օր կ՚իրականանան, բայց դու այսօր ես ուզում իրականացնել, չէ՞… Որովհետեւ այսօր ես ապրում քո կեանքը։ Իսկ միւսնե՞րը… Քո ծրագրին այսօր դէմ է լինելու ոչ միայն կայսրը, այլեւ շրջապատդ։ Հէնց ձերոնք են դէմ լինելու, եւ դա է քեզ վիրաւորելու։ Ահա թէ ինչու եմ անհանգստանում քեզ համար…»։
Կայսրից պատասխան չստացուեց. փոխարէնը հրաւիրեցին բնախոյզների ընկերութիւն, փոքրիկ մի գումար յատկացրին՝ Հայաստանից սերմեր եւ բուսատեսակներ ուղարկելու համար։
Շիխովսկին իրաւացի դուրս եկաւ կայսեր հարցում։ Շիխովսկին իրաւացի էր նաեւ հայրենակիցների հարցում…
Հօրեղբօրը քնեցրած օրիորդն այլեւս չէր ժպտում գթութեան քրոջ նման եւ ոչ էլ ճաշն աւարտեց։ «Անցեալ տարի ժանտախտից թէ՛ կինը մեռավ, թէ՛ դուստրը,— ասաց,— այդ օրից խմում է»։
«Իսկ ինձ չսպանեց ժանտախտը»,— մտածեց Խաչատուրը, յիշեց Սարդարապատի աւերուած բերդը, ռուսական հզօր թնդանօթները ու ժանտախտի ահից կծկուած, խեղճացած զինվորներին, գիւղացիներին։ Համաճարակը բռնել էր Արարատեան ողջ աշխարհը, եւ որջը, կարծես, Սարդարապատի բերդը լինէր։
* * *
Եփրեմ Ձորագեղցու համար աչքի դեղը Սարդարապատի բերդի բժշկից վերցնելով՝ Խաչատուրը վճռել էր չմնալ մահուան այդ որջում, սակայն նրան խորհուրդ չտուեցին ճամբայ ընկնել գիշերուան ընդառաջ,— գիշերային դաշտավայրում վխտում էին մարդագայլերը, վայրենացած շները։ Բերդում գիշերելով հնարաւոր էր եւ չվարակուել թունաւոր հիւանդութեամբ, իսկ մարդակերներին կեր դառնալը գրեթէ անխուսափելի էր։ Բերդի բժիշկ Տենեակովն էլ հէնց գիշերելու տեղ տուեց նրան։ Շատախօս մարդ էր ու հաճելիօրէն զարմացած, որ ջահել հայ վանականը, ահա, ռուսերէն է խօսում։ Ասես ողջ կեանքն ապրել էր օտար, անհաղորդ միջավայրում ու կարօտել էր հարազատլեզուին։ Նա մասնակցել էր Աշտարակի ճակատամարտին, Սարդարապատի առմանը եւ անձամբ ծանօթ էր Ներսէս արքեպիսկոպոսին, որին, չգիտես ինչու, Ներսուս էր կոչում։ «Երբ Նախիջեւանի կողմերից եկաւ-հասաւ կոմս Պասկեւիչը եւ տեղեկացաւ Աշտարակի ճակատամարտի տխուր անցքերին, յարձակուեց գեներալ Կրասովսկու վրայ։ «Ինչո՞ւ իջար Ապարանից, ինչո՞ւ կռուի մէջ մտար»։ «Որովհետեւ,— պատասխանեց գեներալը,— ես վախենում էի, թէ շահզադէն կը քանդի պարիսպը ու կը գրաւի Էջմիածնի վանքը»։ «Գեներալ,— ասաց Պասկեւիչը,— ես տեսայ վանքի պատերը եւ ի զուր էր ձեր վախը. աւելի լաւ էր թշնամուն յանձնել Էջմիածինը, քան զօրքը վտանգի մէջ գցել։ Ես կը գերադասէի զոհել վանքը»։ «Ես գերադասեցի փրկել»,— ասաց Կրասովսկին եւ խնդրեց պարգեւատրել զինուորներին ու յատկապէս Ներսուս արքեպիսկոպոսին։ «Ես մի լաւ կը նախշեմ քո այդ պարոն արքեպիսկոպոսին, որ այլեւս չհամարձակուի սխալների մէջ գցել բանակը»։ Բայց խորամանկ, օ, շատ խորամանկ էր կոմսը… Նրան դեռեւս պէտք էր ձեր Ներսուսը, եւ նա չէր շտապում նախշել… Դեռ պէտք էր գրաւել Սարդարապատը, Երեւանը… Հաց չունէր բանակը։ Հասան խանը շրջակայքում ինչ կար՝ մթերք, մարդ, անասուն, հաւաքել էր Սարդարապատի անառիկ բերդում, որ մի տասնհինգ տարի առաջ սարդար եղբայրն էր կառուցել։ Ի հարկէ հայերի ձեռքով՝ կործանուած Արմաւիրի աւերակներից բերուած որձաքարերով։ Կոմսը դիմեց Ներսուս արքեպիսկոպոսի օգնութեանը։ Մի փոքր զօրախմբով ձեր Ներսուսը մեկնեց Կողբ եւ մի քանի օր անց ետ եկաւ՝ հաց ու գարիով լեցուն սայլերով։ Ու սկսուեց… Երկու օր շարունակ քսան թնդանօթ զարկում էին բերդապարսպին, երկու օր շարունակ Սարդարապատում բանտուած հայերը խնդրում, պահանջում էին Հասան խանից անձնատուր լինել։ Երբ աւարտուեցին պարսիկների արկերը, անզօրութիւնից գազազած Հասան խանը հայերի գլուխներ էր նետել տալիս պարսպի վրայից։ Գիշերուայ կէսին մի հայ դուրս թռաւ բերդից ու վազեց դէպի մեր դիրքերը. «Սալդատ, իդի, սարդար ստուպայ»,— բղաւում էր նա։ Օգտուելով գիշերվա խաւարից, Հասան խանը իր զօրախմբով ճողոպրել էր Երեւան…»։
Առաւօտեան կողմ լռեց բժիշկը, եւ Խաչատուրը կարճատեւ քնի մէջ երազ տեսաւ. Ժանտախտը, երկու հեծեալների ուղեկցութեամբ, մէկը սեւ հագած ու սեւ գաւազանով, միւսը կարմիր հագած ու կարմիր գաւազանով, ընկել էր իր ետեւից։ Փախչում էր՝ որքան ուժ ունէր ոտքերում, բայց ո՛ւր էր փախչելու կատաղի նժոյգներից։ Շուտով նրանք առաջ անցան ու կորան իրենց իսկ սմբակների տակից ելած փոշու ամպերի մէջ։ Երկու գաւազանն էլ պտտուել էին իր գլխավերեւում եւ դրանցից մէկը թեթեւակի դիպել էր թիկունքին։ Նա հանեց սքեմը եւ սոսկաց՝ կարմիր հետքը չնկատելով։ Բայց եւ սեւը չկար, կամ չէր նկատւում սեւ սքեմի վրայ…
Կէսօրին հասաւ Էջմիածին, մեղմացրեց կաթողիկոսի աչքի ցաւը եւ երազի սարսափը դեռ չմոռացած, մղձաւանջի անկողին ընկաւ։
* * *
… Եփրեմ Ձորագեղցին էր ընդունել Աւետիքին ու Խաչուկին, չսպասելով էլ ժամ ինչ, որ յոգնատանջ ուխտաւորները մի կարգին շունչ քաշէին, մաքրուէին փոշուց, քրտինքից։ Պարտքերի մէջ խրուած Ս. Էջմիածինը վերջերս պարտքատէրերի քարաւաններ էր միայն ընդունում, կրկին պարտքի տակ մտնելով լցնում պարսիկ վաշխառուների գրպանները, տոկոսների դիմաց նոր մուրհակներ տալիս եւ ընծաներով ճանապարհ գցում՝ աչքը կարօտ մի հարուստ, քրիստոնեայ ուխտաւորի։ Նուիրակներ էին ուղարկւում աշխարհի տարբեր ծագեր՝ հանգանակութեան, բայց ժողովուած դրամի մի մասն իրենք՝ նուիրակներն էին գրպանում, մնացեալ մասով էլ հազիւ ծածկում այդ ընթացքում գոյացած նոր պարտքերի տոկոսները։ Անցած Նովրուզին սարդարի սիրտը շահելու նպատակով, Եփրեմը Երեւան էր մեկնել պարսից տօնը շնորհաւորելու՝ կրծքին կախած ռուսաց ժապաւէնը եւ Ս. Աննայի շքանշանը։ Ռուսատեաց սարդարի աչքերը չռւում են բարկութիւնից… Նոյնիսկ գազանակերպ, ռեխաւոր Երմոլովը ռուսական շքանշանով չէր ներկայացել շահին, իսկ դու, խղճուկ, հպատակ խալիֆայ, պարծենա՛լ ես ուզում։ «Եթէ մի անգամ էլ յանդգնես ռուսաց ժապաւէնով ներկայանալ, ալլահը վկայ, հէնց դրանով էլ կը խեղդուես»։ Վեհափառն, ի հարկէ, այլեւս ռուսաց ժապաւէնով չգնաց սարդարի պալատ, բայց ինքն էլ, Էջմիածինն էլ արդէն խեղդւում էին պարտքերից… Եւ, ահա, աչքալուսանքի պէս աւետեցին լուրը՝ ծանրաբեռ երեք ուղտ են մօտենում դրսի պարսպին… Պարսիկներ չեն, տէր… Վաճառական են կամ ուխտաւոր… Ղազարապատի դարպասով ներս են մտնում, տէր… Մի այր է ու մի մանչ… Ներքին պարսպին են մօտենում, տէր… Տրդատի դարպասով ներս են մտնում… արդէն լսւում են ուղտերի զանգերը… Քանաքեռցի Աբովենց Աւետիքն է, տէր…
Շուտասելուկի պէս արագ, դէպքերի յաջորդականութիւնը խառնելով, սակայն աւելի վարժ, քան Երեւանում մելիք Սահակ Աղամալեանին էր պատմել, Աւետիքը վեհափառին ծանօթացրեց եղելութեանը եւ ներումն խնդրեց՝ որդուն վանք ուշ բերելու համար,— բարեսիրտ կաթողիկոսը չգիտէ՛ թէ որքան դժուար է մի մատ մանկանը կտրել մօրից, տնից՝ որքան էլ խօսք տուած լինես Աստծուն։ Ուխտը՝ ուխտ է, վաղը-միւս օրը պիտի կատարէինք կատարուելիքը, բայց ծնող ենք, վեհափառ, մենք մեզ խաբելով յետաձգում էինք բաժանումը։ «Բայց դէ Աստծուն խաբել կը լինի՞»։
«Քո հայրն առաքինի մարդ էր,— ասաց Եփրեմ Ձորագեղցին ի պատասխան,— ես եւ իմ վանքը նրա բարեգործութիւնների համար չափազանց երախտապարտ ենք… Այդ պատճառով էլ այժմ մեզ ուրախութիւն է այս երեխային ընդունելով՝ քո օջախին մի չնչին ծառայութիւն մատուցել… Բայց ասա ինձ, որդեակ իմ, ես ինչպէ՞ս ընդունեմ ուղտերն՝ իրենց հակերով, եթէ դրանք վանքին չեն ընծայուած»։
«Աստուած ինքն է ընծայել, վեհափառ, Աստուած ինքը պատժեց մատնիչներին… Նրանց բերած նամակում գրուած էր,— ձայնը չգիտես ինչու իջեցրեց Աւետիքը, ասես վախ ուներ, որ վեհարանում էլ լրտես ականջներ կը լինեն,— թէ Ներսէս արքեպիսկոպոսը բանակցում է ռուս կայսեր հետ՝ Հայոց աշխարհն ազատագրելու…»։
Շոգի՞ց, թե՞ ռուսաց ժապաւէնով խեղդուելու սպառնալիքի յիշողութիւնից Եփրեմ Ձորագեղցին թոյլ-թոյլ շարժեց վիզը, ասես ուզում էր դուրս պրծնել շահզադէի նուիրած խիլայից ու մօրուքի եւ բեղի մէջ քօղարկուած նրա շրթներից աղօթքի պէս հնչեցին՝ «Ո՛ւր էր թէ… Ո՛ւր էր թէ…»։
Տկար էին վեհափառի աչքերը, մթագնած, բայց այդ աչքերով էլ նա տեսաւ անսովոր, անսպասելի դիպուածներով հարուստ օրուայ մէջ կծկուած մանուկ Խաչուկի վախուորած հոգին, որ այս պահից սկսած նուիրուելու էր Աստծուն։
«Մխիթարուիր, զաւակս,— ասաց նա Խաչուկին,— այժմ հայրդ կը գնայ, իսկ մայրդ քեզ ուշ-ուշ կը տեսնի. այսուհետ ես կը լինեմ քո հայրը… Մօտ արի, զաւակս, գրկիր ինձ ու համբուրիր ձեռքս»։
Խաչուկը թոյլ էր, քնել էր ուզում, կոպերը փակւում էին, ծնկները՝ ծալւում,— ծնկի եկած շարժուեց դէպի վեհափառը, մշուշի մէջ բռնեց մոմահոտ, աղօթագրքի պէս հին, մազմզոտ աջը եւ համբուրեց…
* * *
«Իմ Ռափայէլ,— կարծելով, որ իրեն չի լսում հիւանդը, ինքն իր հետ խօսում էր դերվիշի փոխարէն յայտնուած Եփրեմը,— դու չգիտես, թէ որքան եմ ուզում, որ ինձ տանի մահը եւ ոչ թէ քեզ… Յոգնած եմ, տկար… Ոչինչ չեմ հասկանում… Շահե՞ց ազգն իմ, տուժե՞ց… Գլխի չեմ ընկնում… Դու չգիտես, թէ ինչ ծանր գործ է խեղճ, թոյլ ժողովրդի առաջնորդ լինելը… Դու չգիտես, թէ ինչպէս է յոգնում այն հովիւը, որն ուզում է ընդամենը ոչխար լինել… Մեծ տէրութեանց սարդոստայնն ընկած միջատ եմ դարձել՝ կրծում եմ մի թելը՝ հարիւրն է հիւսւում… Ո՞ւր տարան Ներսէսին, ինչո՞ւ տարան… Թէ մէկը գլուխ էր հանում այս սարդոստայնից՝ նա էր, եւ հէնց նրան տարան… Ես այլեւս չեմ կարողանում տանել այս բեռը, իմ Ռափայէլ… Շնչիր երեսիս, տուր ինձ թոյնդ, իմ Ռափայէլ… Ցերեկով չեմ կարողանում տեսնել վանքի գաւիթում սովից զկրտացող գաղթականներին, գիշերը չեմ կարողանում աչքիցս հեռացնել հարիւրաւոր դիակների խելագարեցնող պատկերը…Խոստանում եմ, զաւակս, ոտքի ելար թէ չէ, ուղարկելու եմ քեզ Մոսկուայ կամ Վենետիկ, աշխարհի որ ծայրը պատահի՝ գնա, ուսում առ, իմ Ռափայէլ, փախիր այս դժոխքից, մահուան այս ճամբարից, խաբէութեան ու խարդաւանքի այս որոգայթից… Տեսա՞ր, թէ ինչ արեց ռուսաց սպարապետը… Ձեռքի տակ հաւաքեց թէ՛ մեր, թէ՛ ռուսաց լաւագոյն ուժերը, յաղթեց, «Երեւանսկի» կոչումը շահեց, յետոյ իրար ետեւից արտաքսեց բոլոր երեւելիներին… Մենք Կրասովսկու արձանն էինք ուզում դնել Էջմիածնում, իսկ նրան վարկաբեկելով ետ կանչեցին… Հայոց աշխարհում մատների համրանքով էր հայ մնացել, Հայոց աշխարհը լցնել էր պէտք հայերով… Եւ ո՞վ արեց այդ գործը… Լազարեանը, ով նոյնիսկ իր եւ տոհմական հարստութիւնը չխնայեց… Իսկ ո՞ւր է նա հիմա… Արտաքսուած է… Որովհետեւ համարձակուել էր կոմսին հակաճառել, թէ հայերը ռուսաց ոսկու համար չեն գաղթում, որ նրանք զոհում են իրենց ունեցուածքը, դատարկաձեռն են գալիս, միայն թէ ապրեն ազատագրուած հայրենիքում… Իսկ ամենասոսկալին, իմ Ռափայէլ, Ներսէսի աքսորն էր… Ես չէի համաձայնում, ես առ կայսեր ուղերձ էի պատրաստում, բայց Ներսէսը վճռեց ենթարկուել ու մեկնեց Թիֆլիս, ուր նրան չէր սպասել կոմսը, թողել էր արհուն վայել ճանապարհածախս եւ երեք հարիւր ոսկի պարգեւ, որից, բնականաբար, հրաժարուել էր աքսորեալը։ Արդէն Քիշինեւից Ներսէսը նամակ էր յղել Պասկեւիչին, շնորհակալ եղել ջերմ վերաբերմունքի համար, բացատրել էր երեք հարիւր ոսկուց հրաժարուելու շարժառիթը՝ «Որովհետեւ երբէք չեմ ցանկացել ծանրաբեռնել տէրութեանը։ Ո՛չ առաջ, ո՛չ էլ հիմա երբէք չեմ ստացել դրամական նպաստներ եւ ոչ էլ մտքովս անցել է նման բան խնդրել։ Ընդհակառակը, ես միշտ չափաւորել եմ իմ պահանջները եւ բաւականացել ունեցածովս։ Իմ նպատակս է,— վերջում գրել էր Ներսէսը,— ծառայել Աստծուն, թագաւոր կայսեր եւ տէրութեանը եւ ի տրիտուր իմ աշխատանաց ու անձնանուիրութեան՝ աղերսել արդար պաշտպանութիւն որբացեալ ազգիս»։
Եվ գիտե՞ս, իմ Ռափայէլ, թէ ինչ է պատասխանել կոմսը. որ ինքը կարօտ չէ խրատների, որ ինքը հրաշալիօրէն գիտէ իր պարտականութիւնները, որ իր կառավարած երկրներում հայերը նոյն իրաւունքն ունեն հոգատարութեան, ինչ եւ միւս հպատակները եւ յօգուտ նրանց պէտք չէ բարեխօսել, որ ինքը պարտաւոր է հոգ տանել ամենքի բարօրութեան համար՝ առանց կրօնի եւ ծագման խտրութեան։ «Երեք հարիւր ոսկուց հրաժարուելը ձեր գործն է,— նեղացած գրել էր կոմսը,— բայց ես չեմ հասկանում, թէ ինչո՞ւ էք դուք հայոց ազգը կոչում «որբացեալ»։ Այդ բառը կարող է վերաբերել միայն այն հայերին, ովքեր գտնւում են պարսից եւ օսմանեան իշխանութիւնների ներքոյ։ Ամենայն ռուսաց մեծ թագաւոր կայսեր բոլոր հպատակներն ունեն նրան ընդհանրական հայր եւ պաշտպան, եւ, ի հարկէ, չեն կարող կոչուել որբացեալ»։ Հասկացա՞ր, իմ Ռափայէլ, մենք այլեւս որբ չենք, մենք… տէր ունենք…»։
* * *
— Բա հիմա ո՞ւր է ագռաւի խրտուիլակը,— հետաքրքրուեց Խաչատուրը, երեւի առաջին անգամ սպահանցու պատմութեան մէջ հաւաստի տեղեկութիւններ լսելով։
— Որդնել էր տոպրակի մէջ, աղա… Սկզբում կարծեցի՝ ճերմակել է տարիքից, յետոյ նկատեցի մանր ու սպիտակ ճիճուները… Հրէն, նոր աղէն էլ է քեզ նման անքուն մնացել։ Երեւի նրա լուսամուտն էլ են թակել…
Ձախ թեւաշէնքի մի լուսամուտից աղօտ լոյս էր նշմարւում, ձնափաթիլներն այդ լոյսի մէջ կաղամբաթիթեռ էին դարձել՝ զարկւում էին ապակուն, տափակում, ցած սղղում ու անէանում։ Պատուհանի տակ կաղամբաթիթեռների գերեզմանոց էր։ Ձնափաթիլները կաղամբաթիթեռ էին դարձել նաեւ հեռաւոր, հեռաւոր այն օրը, երբ Ջահուկի լեռնանցքում մոլեգնած ձնաբքից ու սարդարի հետապնդումից մի կերպ փախչելով անցան ռուսական սահմանն ու պատսպարուեցին խոր ու մռնչացող ձորի մի տաք քարայրում։
Ցախուցուխ կար քարայրում, հաւաքեցին՝ խարոյկ վառեցին, մոնթերին, սարկաւագներին դուրս ուղարկեցին՝ թէյի, Եփրեմի խնձորը խաշելու համար կաթսաներով ձիւն հաւաքելու։ Դրսից քարայրի մուտքը ծածկուել էր ծխով եւ սառել, դարձել էր ապակի. ահա այդ սառած ծխավարագոյրին էին զարկւում կաղամբաթիթեռները։ Խաչուկի ականջներից դեռ չէին մարել հէնց ճանապարհին, ձիերի վրայ, բարեպաշտ վեհափառի առաջարկով ծայր առած ժամերգութեան հնչիւնները։ Կաթողիկոսը կենտրոնում էր, նրանից աջ՝ տեղապահ Մարտիրոս արքեպիսկոպոսը, ձախից՝ ժամօրհնող Անտոն Մուղնեցին, նրանց ետեւից շարժւում էին վարդապետներն ու սարկաւագները, մոնթերը… Երկինքն էր ու շարժուող եկեղեցին… Աստուածն էր ու իրենք…
Սարդարն ինքն էր յուշել Եփրեմ Ձորագեղցուն անձամբ մեկնել Շուշի՝ Զոհրաբ եւ Մարկոս Թառումեաններից, Էջմիածնի պարտքերը մարելու համար, դրամ խնդրելու։ Այլեւայլ նուիրակները դատարկ գրպաններով էին վերադառնում, Գիւլասպեանց Զաքարիայ վարդապետի առաքելութիւնն էլ անհետեւանք մնաց, աւելին, պարտքերն աւելացան, քանի որ նրա հետ Թեհրան՝ շահի դուռը մեկնած պարսիկ պարտքատէրերը, ետդարձին ճանապարհածախսը պահանջեցին։ Շահից վանքին թեթեւութիւն ստանալու Գիւլասպեանցի գերմարդկային ճիգը վարձատրուեց մեծն գահակալի դէմքը տեսնելու բաւականութեամբ։ Շահը որսից թեհրանամերձ իր ամառանոցն էր վերադառնում եւ հոծ բազմութիւն էր հաւաքուել նրան դիմաւորելու։ Գիւլասպեանց Զաքարիայ վարդապետը՝ երկու քահանայի եւ տեղացի մի քանի հայերի ընկերակցութեամբ, շուրջառով եւ խաչով, կանգնել էին այն փողոցի վրայ, որով անցնելու էր արքան։ Երբ յայտնւում է շահը, վարդապետն ու քահանաները սկսում են օրհներգել նրան, երկնից առողջութիւն աղերսել գահակալի համար։ «Խալիֆա, խոշ գելդին»,— ասում է շահը եւ սրանով աւարտւում է նախատեսուած տեսակցութիւնը։
«Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա…»։
* * *
Վանք մտնելուց յետոյ առաջին անգամ էր Խաչուկը մի քանի օրով տուն գնալու իրաւունք ստացել։ Ճանապարհին սիրտը թնդում էր անհամբերութիւնից, իսկ Պօղոս վարդապետը յարմար առիթ էր գտել վանքից դուրս, բաց երկնքի տակ դաս աւանդելու։ Շողակաթ, Հռիփսիմէ եկեղեցիների կողքով անցնելիս, նա ցանկացաւ ստուգել աշակերտի յիշողութիւնը, պահանջեց թուարկել Դ. դարի բոլոր այն սրբերին, ում անունով տօն էր հռչակուած Հայոց եկեղեցում։
«Գրիգոր Լուսաւորիչ հայրապետի, որ երեք անգամ է տօնւում,— շտապեց պատասխանել Խաչուկը,— Հռիփսիմէի՝ իր երեսուներեք ընկերուհիներով, Գայեանէի՝ իր երկու ընկերուհիներով, Նունէ եւ Մանէ կոյսերի, Արիստակէս, Վրթանէս, Յուսիկ եւ Ներսէս հայրապետների, Գրիգորիս, Դանիէլ եւ Խաթ եպիսկոպոսների, Տրդատ թագաւորի, Աշխէն թագուհու եւ Ստեփան Ուլնեցու…»։
Ս. Գրիգոր եկեղեցու մօտով անցնելիս Պօղոս վարդապետն ասաց, որ, հաւանաբար, երկրաշարժն է աւերել հոյաշէն այս կառոյցը, թէեւ բացառուած չէ, որ պայթեցրած լինեն պարսիկները, ինչպէս աւանդում է առասպելը։ Փրփրաքարով անցնելիս, վարդապետը շեղեց ճանապարհից ձիու գլուխը, Խաչուկին ստիպեց իջնել ձիուց, բրել կանաչադեղնաւուն չոր կաւը, լցնել Էջմիածնից յատուկ բերուած տոպրակները։ «Քո բոլոր ընծաներից, ամենից շատ մայրդ այս գիլի համար կ՚ուրախանա»։ Եռաբլրի կատարին հասնելով, Պօղոս վարդապետը մատը հարաւ տնկեց, ցոյց տուեց մինչեւ Մասիսի ստորոտները փռուած ընդարձակ դաշտը՝ անհամար գիւղերով, այգիներով եւ դաշտը կտրատող բազմաթիւ գետակներով՝ Հրազդանն էր, Մեծամօրը, Նորքը, Քառասունաղբիւրը, Մամռինը, բազմաթիւ առուներով, մատը հիւսիս ուղղեց, ցոյց տուեց Ձագայ եւ Գառնի լեռները, այգիների մէջ թաղուած Բոլոր կոնդը, Երեւանի բերդը, Սարդարի պալատը, պարսից գերեզմանատունը, Ձորագիւղի անապատը, Կոզեռն բլուրը՝ իր գերեզմանոցով, ուր թաղուած էր Կոզեռն վարդապետը։ «Իսկ այ, այնտեղ Քանաքեռն է»,— չդիմացաւ, արտասուեց Խաչուկը։ Պօղոս վարդապետն այլեւս չխօսեց։ Նրանք Հրազդանի ձորն իջան, անցան եռակամար ու քարաշէն կամրջով եւ պարսից գերեզմանոցի մօտով ելան Ձորագիւղի անապատ։ Այստեղ էլ վարդապետը հրաժեշտ տուեց Խաչուկին, խիստ պատուիրելով մինչեւ Քանաքեռ չշեղել ո՛չ աչքը եւ ո՛չ էլ ճանապարհը։ Բայց Խաչուկը դեռ Էջմիածնում էր վճռել Երեւանի շուկայ մտնել, պաշտումեցից հաւաքած դրամով նուէրներ առնել տնեցիներին։ Նա մէկ ուզեց յայտնել վարդապետին իր որոշումը, յետոյ մտածեց, որ հէնց շուկան է երեւի այն վայրը, ուր ամենից շատ պիտի արգելէր մտնել վարդապետը։ Ծնունդով երեւանցի մոնթեր, սարկաւագներ կային վանքում, նրանց պատմածով Չարսու բազարը հեքիաթ էր, արեւելեան ճոխ հեքիաթ… Խաչուկը չէր ուզում խոստովանել, որ տնեցիներին ընծաներ գնելու պատրուակով, աւելի շատ տեսնել էր ուզում այդ ճոխ հեքիաթը։ Սարկաւագ Մեսրոպի պատմածով Չարսու բազարում մի խանութ կար, որի առաստաղը խայտաբղետ ապակիներով էր ծածկուած, իսկ վրայից ջուր էր հոսում… Արեւի տակ, ապակիների ու ջրի կոհակների խաղից ծնուած գոյներն ընկնում էին խանութի յատակին փռուած գորգերի վրայ… Հապա ոսկին, արծաթը, գոհարեղէնը… Այնքան ընդարձակ է շուկան, որ կարող է ներս առնել տասը հազար ուղտ…Հարիւրաւոր շատրուաններ են ցայտում այնտեղ եւ շուկայի բազմամբոխ ժխորի ձայնը կարելի է լսել քաղաքի ուզածդ ծայրից… Խաչուկը, սակայն, այդ ժխորի ձայնը չլսեց նոյնիսկ շուկայի դարպասից ներս մտնելիս։ Երեւակայութեամբ պատկերուած շուկան չէր Չարսու բազարը, մի պահ նրան թուաց, նոյնիսկ, թէ այլ շուկայ է մտել։ Խանութների մեծ մասը փակ էին, վաճառասեղանները՝ դատարկ, ուղտեր չկային…
«Փոքրիկ քեշիշ,— լսեց նա մի ձայն,— արի քեզ կնիկացու առ։— Պարսիկ էր ասողը։ Եվ քրքջում էր։— Տես ինչ սիրունիկն է… Հլա քեզ նման փոքր է, ծծերն էլ դուրս չեն եկել, բայց որ լաւ պահես՝ դուրս կը գան, ինչ պիտի ասեն…»։
Խաչուկը, կարծես, մղձաւանջի մէջ լինէր, ոչինչ չէր հասկանում, յետոյ պարսիկ սարբազի ցոյց տուած աղջկայ ոտքերին նայելով, նրա կողքին, նրա ետեւում կանգնած հարիւրաւոր մարդկանց աչքերին նայելով, նրանց ցնցոտիները տեսնելով եւ պարսիկների քրքջոցը լսելով, յանկարծ գլխի ընկաւ… Հայ էին վաճառում հռչակաւոր Չարսու բազարում… Պարսկա-թուրքական պատերազմի զոհերն էին խեղճերը…
«Հը, փոքրիկ քեշիշ, դուրդ չեկա՞ւ,— խաղը շարունակեց սարբազը,— արի ձեզ հէնց էստեղ էլ պսակենք»։— Ընկերների քաջալերանքով սարբազը ելաւ տեղից, բռնեց Խաչուկի ձիու սանձը, — ցած իջիր, փոքրիկ քեշիշ, շալվարդ հանիր…»։ Խաչուկը զզուանքով փորձեց խլել սանձը, բայց ոգեւորուած պարսիկն այնպէս ամուր թափ տուեց, որ Խաչուկը վայր գլորուեց ձիուց։
«Ձեռք չտաս եկեղեցու սպասաւորին,— յանկարծ բղաւեց մէկը գերեալների միջից ու մարդկանց շղթան ճեղքելով առաջ եկաւ,— մարդուց սարսափ չունէք, Աստծո՞ւց էլ չէք վախենում…»։ Նրա ձեռքերը կապուած էին, դէմքը ճանկռոտած, հագուստը պատառոտուած։ Աչքերից ատելութիւն էր թափւում։ Երեւում էր, որ քիչ առաջ էր ծեծ կերել. դէմքի արիւնը դեռ կարգին չէր չորացել։ Նա դերվիշն էր։ Բայց եւ նա չէր։ Նրան չէ՞ որ Երեւանի ճանապարհին խեղդել էին ծպտեալ վաճառականները։
«Դու էլի՞ մէջ ընկար,— Խաչուկի ընկնելուց եւ Աստծոյ անունը լսելուց վախեցած սարբազը յարմար պահ գտաւ շփոթմունքը քօղարկելու։— Ուժեղ տղամարդ է, ասացի, լաւ գին կը տան, բայց ես թքել եմ քո համար տրուած ոսկու վրայ»։ Պարսիկը հանեց սուրը, շողացրեց օդում եւ գետնից վեր ելած Խաչուկը սարսափից փակեց աչքերը։ Յետոյ արդէն չէր յիշում, թէ ինչպէս սարբազի ընկերները, Աստծուց երեւի իրօք վախեցած, Խաչուկին նստեցրին թամբին ու մի ճիպոտ զարկելով ձիու քամակին, վռնդեցին Չարսու բազարից։ Երկար ժամանակ ուշքի չէր գալիս Խաչուկը եւ թոյլ էր տուել ձիուն՝ խելքին ուր փչի՝ գնայ։ Երբ ուշքի եկաւ՝ եռակամար, քարաշէն կամրջի վրայ էր։ Ձին ետդարձի՝ Էջմիածնի ճանապարհն էր բռնել։ Երեկոյեան կողմ վանք հասաւ, կաթողիկոսին պատմեց տեսածը։ Մուրհակով նոր պարտք արեց Եփրեմը, մարդ ուղարկեց Երեւան՝ գնելու հայ գերիներին…
«Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա…»։

Շար. 2 եւ վերջ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *