ՎԵՐԱԴԱՐՁ

ՌՈՒԲԷՆ ՅՈՎՍԷՓԵԱՆ

Բոլշեւիկները գիշերով գիւղ մտան, իսկ ադամամութին կարմիր պարտիզան Եփրեմը նագանի պոչով ջարդում էր Լեւոն բէկի դուռը: Գելխեղդ Բինգէօլը կտրատում էր շղթան, ու Եփրեմի մտքով անցաւ՝ նախ շանը սատկեցնի: Կրակեց՝ չդիպաւ, կրակեց՝ Բինգէօլն աւելի գազազեց։ Ու որ պոկէր շղթան, ի՞նչ է, Եփրեմից միայն նագանն էր մնալու:Բեկը հրացանի փակաղակը չխկացնելով՝ դուրս եկաւ։
—Թուանքդ հեռու, — բղաւեց Եփրեմը, կը գիւլլեմ, — եւ օդում կրակոցներ փստացրեց:
— Եփրեմ, դու ե՞ս, — ճանաչեց, հանգստացաւ բէկը, — այ տղայ, ես էլ ասի ղաչաղներ են:
—Ղաչաղը դու ես, շո՛ւն…
— Եփրեմ, Եփրեմ, — պոռալով ու կաղալով վազեց հասաւ Սուրէնը, — Լեւոն բէկին ձեռ չտաս, Եփրեմ:
— Ղաչաղը դու ես, շո՛ւն. հեռու, այ հէր, սա մեր գաղափարական թշնամին է։
— Հայ է, չէ՛, — խեղճացաւ հայրը, — թուրքի կռուին մեզ հետ էր, չէ՜։
Կապոտեցին, տարան։
Դաշնակցականները գիշերով ետ վերցրին գիւղը, իսկ ադամամութին կապոտած բոլշեւիկներին Քաջքաձոր էին տանում։ Լեւոն Բէկը ձորն իջաւ տեսնելու, թէ ինչպէս է մեռնելու Եփրեմը: Մահապարտների երկար շարքի մէջ ջոկեց, գտաւ Եփրեմին, սրա աջ թեւը փայտի նման կախ էր ընկել, ցաւից կրճտացնում էր ատամները, իսկ բոբիկ ոտքերը քարերին զարնուելով` արիւնլըւիկ էին եղել: Բայց կեցուածքը, գոռոզ-գոռոզ կուրծքը, գլուխը վեր ցցելը բէկին դուր եկաւ։ Նա մօտ կանչեց խմբապետին։
— Էն լակոտին բաց թողէք, — եւ որպէսզի խմբապետը չբացեր բերանը, ձեռքը գրպանը խոթեց: — Առ էս մի ոսկին, փրկագին է:
Եփրեմը մի գիշեր մնաց տանը: Վիրաւորանքից, ամօթից լաց էր լինում, թողել էր մայրը լուանայ, դարմանի վէրքը, հայհոյում էր բէկին, սպառնում էր բէկին, նոյնիսկ հօրը՝ կաղ Սուրէնին, որ աղօթում էր բէկի համար։
Միւս օրը նա փախաւ գիւղից, իսկ երբ լուր ստացուեց, թէ բոլշեւիկներն էլի գալիս են, կաղ Սուրէնը գնաց բէկի մօտ։
— Բէկ,— ասաց,— հեռացիր գիւղից, խառը ժամանակներ են։ Կը խաղաղուի՝ կը գաս: Քեզ մարդիկ սիրում են: Կը խաղաղուի՝ կը գաս:
Բէկը լսեց Սուրէնին, վերցրեց նրա օրհնութիւնը, վերցրեց երկու շիշ գինի, ունեցած ոսկին, ձին քշեց, բարձրացաւ Ագռաւաց քար։ Մի մենաւոր թխկենի կար, ծնկեց նրա տակ։ Դաշոյնով զարկեց հողին՝ թխկենու մզեղները խանգարում էին, կտրատեց, զարկեց էլի, էլի, խոնաւ փոսորակ առաջացաւ։ Շշերն իջեցրեց մէջը, ծածկեց հողով, ծածկեց ճիմով, ճմոռեց, ճմոռեց, մինչեւ գետինը հնացաւ, պնդացաւ, յետոյ քայլ առաւ դէպի թխկենին, ամեն քայլի հետ բարձրաձայն հաշուելով՝ մէկ, երկու… Տասնմէկ։ Տասնմէկ քայլ, տասնմէկ քայլ։

* * *

Տարբեր անուններով քաղաքից քաղաք էր տեղափոխուում ականջը ձէնի՝ չի՞ խաղաղուել երկիրը: Կարօտը ձգում-երկարեցնում էր տարին, մենակութիւնը յիշեցնում էր խեղճ ձիուն, որին թռցրին հէնց քթի տակից։ Ու թռցնողը կին էր, գնչուհի. թո՛ւ քո մարդ ասողին։ Պառկեցին միասին, զարթնեց՝ մենակ էր, ձին էլ չկար։
Սամարղանդում հանդիպեց համագիւղացուն, եկել էր առեւտրի։ Բռնեց, փաթաթուեց, խեղդում էր, իսկ Համբոն հազիւ շշնջում էր.
— Բէկ, կենդանի՞ ես, բէկ։ Ձերոնց բոլորին տարան։ Ձեր տունը հիմա մանկապարտէզ է։
— Որ ետ դառնամ, Համբօ, որ ետ դառնամ, հանգիստ կը թողնե՞ն։
— Չէ, բէկ, Սիբիր կը քշեն:
Համբոն գիւղ դարձաւ, պատմեց, որ Լեւոն բէկը ողջ-առողջ կտրեց-անցաւ սահմանը, գնաց Աֆղանստան, էնտեղից էլ՝ Աստուած գիտէ, թէ ուր:

* * *

Գորշ փողկապը վզից թոյլ-թոյլ կախ, ձեռնափայտը ձեռքին մի ծերուկ յայտնուեց գիւղում: «Երեւի հnվեկ է», — ասին, բայց յետոյ նրան բերող մեքենայի վարորդն ասաց, որ Ամերիկայից է, հայ է։ Ասաց՝ նամակ է գրել կառավարութեանը, թէ՝ մեծ եմ, կ՚ուզեմ մեռնեմ իմ գիւղում: Ու կառավարութիւնը թոյլ է տուել։
Unվոր մարդու նման գնաց, գնաց, կանգնեց մանկապարտէզի դռանը։ Ներս չմտաւ։ Կանգնել, մանուկներին էր նայում։ Մէկին կանչեց, ծամօն տուեց եւ, որովհետեւ քիթը խուտուտ էր գալիս, մէկէն շրջուեց, հեռացաւ։
Գիւղը ետեւում մնաց՝ նա դեռ քայլում էր: Քայլերը մանրիկ էին, եւ ձեռնափայտը միշտ առաջ էր ընկնում, հրում նրան դէպի ճամբեզրը։ Այստեղ ծերուկը ոտքերը զգոյշ էր փոխում, որ ազազուկներ չտրորի, որ չփախցնի առուի երեսից կաթիլ թռցնող ջրի ճլտուզներին:
Քաջքաձորում մարդիկ կային. քրքրում էին քարաբաշը, ճեղքում էին այնտեղ, որտեղից ջուր էր չռչռում։
— Բարի օր, — ասաց։
— Բարեւն աստծուն, — պատասխանեցին:
— Այդ ի՞նչ էք անում, — հարցրեց:
— Քանքան ենք շինում, քանքան։
— Գիւղում աղբիւրներ կային, ցամաքե՞լ են։
Մարդիկ ցած դրեցին քլունգները, բահերը:
— Ինչի՞ պիտի ցամաքեն, — ասաց մի ջահել, որ այնքան նման էր Եփրեմին, — ժողովուրդը շատացել է, ջուրը չի հերիքում։ Դու ո՞վ ես, այ հէր։
— Լեւոն բէկն եմ, ձեր գիւղից եմ, Լեւոն բէկը:
Եփրեմին նմանը թօթուեց ուսերը, մէկը ծոր տուեց, թէ իբր հասկացաւ, իսկ Լեւոն բէկը շարունակեց,
— Քառասունհինգ տարի չեմ եղել գիւղում, չէ, չէք յիշի: Ագռաւաց քարի ճամբէն սա չի՞։
— Դա է, — ասացին:
Գնաց: Ճանապարհը նեղացաւ, դարձաւ արահետ, ոլորուեց, բարձրացաւ, երկու տեղ իջաւ, մի տեղ ճիւղաւորուեց, եւ որտեղ ճիւղաւորուեց, այնտեղ կանգնեց շունչ առնելու։
Ծնկները ծալծլւում էին, քունքերին զարկւում էր արիւնը, ու արեան նման կարմիր էին մասրենիները: Նստեց՝ աչքերը մասրենիների վրայ: Տակից քարաթոթոշները փախան, ու մէկն ազատ էր: Ձեռքը պարզեց մօտիկ մասրենուն, փշերը խայթեցին: Մի բուռ պտուղ քաղեց, ճզմեց ափի մէջ։ Հիւթը թթուաշ էր՝ պաղեցրեց լեզուն, ներսը, ոտքի ջլերը պնդացան:
Վզից պոկեց, դեն նետեց փողկապը, քանդեց շապիկի կոճակները եւ ոտքի տակից քար փախցրեց, որ ցատկռտելով, դմբդմբալով ձորն ընկաւ: Նայեց ետեւից՝ անտառ էր, մատնաչափ կարմրատերեւ ծառերով, եւ կարծես թէ լսեց փայտփորիկի կտկտոցը:
Ագռաւաց քարի վրայ սպիտակ ամպեր էին իջնում։ Իջնում էին դանդաղ, աննկատելի դանդաղ, եւ մի անասելի տխրութիւն կար դրանց վայրէջքի մէջ:
Թուաց՝ հրեշտակներ էին իջնում ու իջնում են պատարագի։ Նա նոյնիսկ զանգի ղօղանջ լսեց, նայեց շուրջը՝ զանգակատուն չկար, յետոյ գլխի ընկաւ, որ ականջներն են զնգում։ Հասաւ պառաւած թխկենուն, շոյեց չոր, բարձիկ-բարձիկ բունը, կեղեւը ետ դարձրեց թոյլ-թոյլ զարկեր՝ այդ իր բազկերակն էր, յետոյ քայլեց ծանր հեւալով, ծնկները բռնած, հաշուելով։
Զանգի ղօղանջը ուժգնացաւ, կրծքի օդը չհերիքեց, վերջին տասնմէկերորդ քայլը սողալով գնաց։ Ձեռքերով գրկել էր հողը, քիթը խոթել դեռ կանաչ ճիմի մէջ, որտեղ մրջիւններ կային: Դրանք շնչի հետ մտնում էին քթանցքները, խուտուտում, կծում էին, եւ փռշտալու ուժ չկար: Դանդաղ մարում էր:
Իսկ սպիտակ-սպիտակ ամպերը, հրեշտակների նման ամպերը յամառօրէն իջնում էին, իրենց թմրեցնող փեշերի մէջ քնեցնելով Ագռաւաց քարը, պառաւած թխկենուն, հող դարձող մարդուն:

(ԸՆՏԻՐ ԵՐԿԵՐ, Երեւան, 1987,
«Հորիզոն»ի գրական յաւելուած, մայիս 1990)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *