ԱՐՏԵՄ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ
(Անահիտ ԹՈՓՉԵԱՆ — Դիմանկարի փորձ 70-ամեակի առթիւ)
Արուեստագետը նա է, ով իր հետքն է թողնում ժամանակի մէջ: Բայց առաւել երջանիկ է նա, ով իր դրոշմն է դնում իր ապրած ժամանակի վրայ:
Տարբերութիւնն այս երկուսի միջեւ էական է. վերջինն էլ առաջինի պէս օժտուած է Աստծուց, բայց աւելի առատօրէն, բազմակողմանի ու անսպառ, եւ եթէ առաջինի թողած հետքը մշտահոս ժամանակի հետ կարող է խամրել կամ նոյնիսկ ջնջուել, ապա երկրորդի ներկայութիւնն իր ժամանակի մէջ մնալու է անջնջելի, քանզի նա եղել է իր ժամանակաշրջանի հոգեւոր կառոյցի շինարարներից մէկը:
Այսօր, աւելի քան քառասուն տարի անց, երբ ամփոփում ենք 60-80-ականների մշակութային վերելքը` ապա այդ տարիներին ասպարէզ մտած հայ գեղանկարիչների, կոմպոզիտորների, կինօ եւ թատերական բեմադրիչների, «Գարուն» ամսագրի եւ նրա բանաստեղծների հզօր խմբակի կողքին անպայման պիտի դնենք հէնց այդ ժամանակաշրջանի ծնունդ Երեւանի Դրամատիկական թատրոնը` դերասանական իր նոր անուններով, որոնց մէջ իր տաղանդով եւ իւրայատուկ հմայքով առանձնանում էր ԱՆԱՀԻՏ ԹՈՓՉԵԱՆԸ: Նա իր արուեստով, արտիստի, մտաւորականի եւ քաղաքացու իր տեսակով, լաւագոյնս արտայայտեց եւ նոյնիսկ խորհրդանշեց իր ժամանակը:
Կարօտով յիշենք ազգային, մշակութային, մտաւոր եւ հոգեւոր վերելքի այդ տարիները, երբ ամեն ինչում ձգտում էինք լաւից դէպի լաւագոյնը, երբ գնալով աւելի պահանջկոտ էինք դառնում, խստացնում չափանիշները, բարձրացնում նշաձողը եւ ձգտում բարոյականի ու գեղեցիկի առաւել բարձր իդեալներին եւ, չնայած «երկաթէ վարագոյրին», պատրաստ էինք դուրս գալ միջազգային ասպարէզ ու մրցել աշխարհի լաւագոյնների հետ: Եւ Անահիտ Թոփչեանը եղաւ մէկը նրանցից, ովքեր ապացուցեցին, որ այդ ժամանակաշրջանի հայ մշակոյթն իրօք հասել է բարձր` միջազգային մակարդակի:
Ես կարող եմ թուարկել բազմալեզու մամուլի մի քանի տասնեակ հրապարակումները, որոնցում շռայլ գնահատութիւններ են տրւում Անահիտի արուեստին, որակում նրան որպէս «Grande actrice», այսինքն՝ «Մեծ դերասանուհի», սակայն յանուն տեղի խնայողութեան կը բաւարարուեմ ընդամենը երկու, բայց առաւել քան արժէքաւոր վկայութեամբ:
1987թ. աշնանը Երեւան էր եկել ամերիկահայ նշանաւոր արձակագիր Յակոբ Կարապենցը եւ դիտել Անահիտի լաւագոյն դերակատարումները Դրամատիկական թատրոնի բեմում: Յիշում եմ, թէ ինչպիսի հիացմունքով էր խօսում նրա մասին: Նրբաճաշակ գրողը յատկապէս ընդգծեց, որ Անահիտն իր տաղանդով, իր գեղեցկութեամբ եւ բեմական վարպետութեամբ բնաւ չի զիջում թատերական Նիւ Եորքի առաջին մեծութեան աստղերին: Կարապենցին յատկապէս հիացրել էր Գերտրուդի դերակատարումը «Համլետ»-ում: «Մի ներքին, բնածին ազնուականութիւն կայ Անահիտի մէջ, հաւատում ես, որ քո առջեւ իսկապէս թագուհի է»,— ասում էր նա:
Եւ այս կարծիքը` Հայաստանից. «Ես դարձայ Անահիտ Թոփչեանի ստեղծագործութեան հետեւողը, որովհետեւ նրան համարում եմ հայ բեմի, ինչպէս նաեւ կինոյի հմայիչ դերասանուհի: Հիացած եմ նրա գեղեցկութեամբ եւ կնոջ ներաշխարհը բեմում ներկայացնելու ձիրքով: Առանց չափազանցութեան կարող եմ համեմատել նրան հոլիվուդեան աստղ Մերիլ Ստրիպի հետ: Միայն թէ Անահիտը ժամանակին Հոլիվուդ չի ընկել» (Աէլիտա Դոլուխանեան, «Ազգ», 7 նոյեմբերի 2008թ.):
Այո, ցանկալի կը լինէր, որ «Երկաթէ վարագոյրը» չխանգարէր Անահիտին «ընկնելու» նաեւ Հոլիվուդ, բայց մի՞թէ Հայաստանում, Սփիւռքում եւ ընդհանրապէս Խորհրդային Միութիւնում կատարած նրա հսկայածաւալ աշխատանքը բաւական չէ, որպէսզի արժանին մատուցենք նրան: Ի դէպ, նշենք, որ Անահիտը միակն էր մեր դերասանուհիներից, որ պարբերաբար նկարահանուեց միութենական մի շարք կինոստուդիաներում («Մոսֆիլմ», «Մ. Գորկու ան.», «Ա. Դովժենկոյի ան.», «Տաջիկֆիլմ»)` յաջողութեամբ մարմնաւորելով օտար կանանց կերպարներ:
Ես, որ առանձնաշնորհեալ վկան եմ եղել նրա ստեղծագործական կայացման` առաջին քայլերից մինչեւ այսօր, տեսել եմ, թէ ինչպէս կարճ ժամանակի ընթացքում, Անահիտը դերից դեր կարողացաւ ստեղծել դերասանուհու մի տիպար, որն, անկախ խաղացուած կերպարից, բեմական իր փայլուն արտաքինով, մարմնաւորում էր գեղեցիկ, զգայուն, մտաւոր եւ հոգեկան հարուստ ներքինով օժտուած կանանց:
* * *
Շատ է գրուել ու խօսուել Անահիտի գեղեցկութեան մասին, սակայն պէտք է զանազանել կեանքի գեղեցկութիւնը, կամ, ինչպէս սփիւռքահայ արուեստաբան Մովսէս Հերկելեանն էր գրում` «Անահիտի երկնապարգեւ գեղեցկութիւնը» («Ազդակ», Բէյրութ, 15 օգոստոսի 2005թ) բեմական, կերպարային գեղեցկութիւնից: Կեանքի գեղեցկութիւնը բնութիւնից ստացածն է, իսկ բեմական գեղեցկութիւնը տաղանդի նշան է: Եւ յետոյ, Անահիտի գեղեցկութիւնը լի է բովանդակութեամբ: Դա իմաստաւորուած գեղեցկութիւնն է` վսեմ արուեստի արտայայտութիւն:
Այս հարցում նա անմրցելի է իր գործընկերների մէջ: Եւ ոչ միայն: Լինելով Անահիտի եւ նրա ամուսնու` Ալեքսանդր Թոփչեանի հինաւուրց ընկերը, համախոհն ու գաղափարակիցը, կարող եմ վկայել, թէ նա ինչպիսի խորը գիտելիքներ ունի համաշխարհային արուեստի եւ մշակոյթի ասպարէզում, եւ ինչպիսի՜ վերլուծող միտք:
Մեզանում վաղուց հաստատուած` կիսագրագէտ, գաւառամիտ մտաւորականի կերպարը փայփայող ու երբեք չնուազող մի խումբ կ՚ասի, թէ դերասանի համար բնաւ պարտադիր չէ այդքան «խելօք» լինել, բաւական է, որ նա բնական լինի, թէկուզ տխմարաւուն, բայց ռուսսոյական վայրենու պէս բնական, նոյնիսկ չմտածող… Ինչո՞ւ չէ, այսօր, նէօ-աշուղիզմի այս տխուր ժամանակներում, արուեստի եւ գրականութեան մէջ մտածողներ պէտք չեն…
Սակայն ես միշտ զարմացել եմ, թէ Անահիտն ինչպէս է կարողանում ինտուիտիւ զգայականը համերաշխել տրամաբանուած բանականի հետ: Նրա իւրաքանչիւր դերի թիկունքին մտաւոր լուրջ նախապատրաստում կայ, որը չի երեւում բեմում, եւ այն ինչ նա զգում է հոգով ու սրտով, հաստատում է մտքով ու անթերի տրամաբանութեամբ: Բաւական է դիտել նրա Ելենա Անդրէեւնան` Չեխովի «Քեռի Վանիա» հեռուստաներկայացման մէջ, համոզուելու համար, թէ Անահիտը յոյզերի եւ հակասական զգացմունքների ինչպիսի հարստութիւն է մատուցում, եւ, հակառակը, ինչպիսի՜ կուռ տրամաբանութեամբ է կառուցում սպարտացի Հեղինէի կերպարը Ժան Ժիրոդուի «Տրոյական պատերազմը չի լինի» հեռուստաներկայացման մէջ: Իսկ նրա Վասիլիսան «Յատակում» ֆիլմում դառնագին զգացմունքների եւ դաժան տրամաբանութեան մի դրամատիկ խառնուրդ է:
Վայրկենական անցումները մի վիճակից, մի զգացմունքից միւսը նկատել է ռուս նշանաւոր թատերագէտ Օլգա Կուչկինան. «Համլետի երկխօսութիւնը մօր հետ ներկայացման գագաթնային, լաւագոյն տեսարանն է: Մարում է լոյսն ամբողջովին եւ ընդամենը մի շող է լուսաւորում Թագուհու` Անահիտ Թոփչեանի սքանչելի դէմքը, որի վրայ զարհուրելի փոփոխութիւն է տեղի ունենում: Յաղթանակող, անձն ամբողջութեամբ համակող ինքնավստահութիւնից դէպի սոսկումը եւ դէպի այնպիսի դաժան ցաւը, որ իսկապէս. “Դու ուղղում ես իմ աչքերը հոգուս խորքը, / Եւ տեսնում եմ այնտեղ մի սեւ դատարկութիւն…”» («Կոմսոմոլսկայա պրաւդա», Մոսկուա, 15.04.1981թ.):
Անահիտի յուզական եւ մտաւոր հարստութեան լաւագոյն վկայութիւնն է թերեւս այն, որ նա ոչ մի դերում չի կրկնւում: Ես բախտ եմ ունեցել դիտելու նրա գրեթե բոլոր` մօտ հարի՜ւր դերակատարումները, եւ չեմ յիշում, որ դրանցից որեւէ մէկն ինչ-որ բանով յիշեցնէր նախորդները: Ամեն անգամ նա մեզ ներկայանում է նորովի ու անկրկնելի` համոզելով, որ իր ստեղծագործական պաշարներն անսպառ են:
Նրա տաղանդն օժտուած է մոգական ուժով, հանդիսատեսին հիպնոսացնելու կարողութեամբ: Նա ունեցել է բազմաթիւ դերակատարումներ, որոնք մնացել են մեր յիշողութեան մէջ եւ իրաւամբ կարող են մեր թատրոնի եւ կինոյի պատմութեան նուաճումներ համարուել: Ափսո՜ս, որ ոմանց յանցաւոր անհոգութեան պատճառով, տեխնիկայի մեր դարում, դրանց մի մասը չպահպանուեց ժապաւէնի վրայ: Ես մասնաւորապէս նկատի ունեմ Անահիտի Կլեմենտինը («Մոռանալ Հերոստրատին»), Գերտրուդը («Համլետ») եւ Էլեոնորա Դիւրոկը («Մսիէօ Ամիլկար»):
Չեմ կարող այստեղ չխօսել հրեշաւոր մի երեւոյթի մասին. ես ցաւով իմացայ, որ հայկական հեռուստաթատրոնում խաղացած Անահիտի շուրջ երեսուն դերակատարումներից պահպանուել են մօտ տասը, մնացածը ջնջուել է… Իսկապէս որ անհետացում:
Այսպէս վերնագրեց Անահիտն իր գրքերից մէկը, իր լաւագոյն վէպը, որը լոյս տեսաւ 2010թ. եւ դարձաւ իւրատեսակ հանրագումարը Փարիզում անցկացրած քսան տարիների:
1990թ. Անահիտը յայտնուեց Փարիզում:
Տեղափոխութիւնը երկրից երկիր դաժան փորձութիւն է արուեստագէտի համար, մանաւանդ եթե նրա արուեստի հիմքը լեզուն է: Սա մի մարտահրաւէր է, որից շատ քչերն են կարողացել յաղթող դուրս գալ: Առանց վարանելու կարող ենք ասել, որ Անահիտն այդ քչերից մէկն է:
Ինձ զարմացնում է նրա բեմական բուռն գործունէութիւնը. աւելի քան յիսուն ներկայացում Ամերիկայի, Եւրոպայի եւ Մերձաւոր Արեւելքի քսան քաղաքներում: Դա դժուար է, գրեթէ անհնարին` Սփիւռքում այդքան յաճախ խաղալ ներկայացումներ, որոնք կառուցուած են բացառապէս խօսքի եւ դերասանի հմայքի վրայ, մի Սփիւռք, ուր այսօր սկսել ենք յաճախակի լսել այն մասին, թէ «ձեր հայերէնը չենք հասկնար», որտեղ հանդիսատեսին փչացրել են էժան հումորի վրայ կառուցուած ներկայացումներով, մինչդեռ Անահիտը մենակ, բեմական նուազագոյն աքսեսուարներով լրջագոյն եւ դրամատիկ տեքստեր էր մատուցում լեփլեցուն սրահներին:
Նրա մենաներկայացումները հայրենասիրական բացառիկ խանդավառութիւն առաջացրին Սփիւռքում: Փարիզում նրան համարեցին «Հայաստանի դերասանուհիներու թագուհին» (Վ. Նաւասարդեան, «Յառաջ», Փարիզ, 30 յունիս 1990թ.), իսկ Բէյրութում` «Դերասանուհիներու թագուհին եւ դեսպանուհին» (Մ. Գազանճեան, Լիբանան, «Նոր կեանք», 1993թ.): «Պէտք է զինք ունկնդրել հոգիով, բայց նաեւ ու անպայման հետեւելով իր նայուածքի լոյսին» (Նազարեթ Թոփալեան, «Երեկոյեան Երեւան», 4 նոյեմբեր, 1991թ.): Արձակագիր Սարգիս Վահագն էլ այսպէս գրեց «Արտագերս» եւ «Անհասցէ տիկինը» ներկայացումների մասին. «Անահիտ Թոփչեան, մեր արդի թատրոնին փայլուն աստղը, իր սքանչելի խաղարկութեամբ, ժամ մը ամբողջ, մագնիսացուց, ցնցեց ու վերացուց հանդիսատես թատերասէրներու բախտաւոր այն ընտրանին որ փութացած էր մասնակից դառնալու հոգեկան այս խրախճանքին» («Նոր Օր», Լոս Անջելես, 27 մայիսի 2000թ.):
Հիացական մէջբերումները կարելի է շարունակել անվերջ` Սփիւռքի գրեթէ բոլոր թերթերից ու հանդէսներից: Սակայն նոր միջավայրում նա ոչ միայն վերահաստատեց դերասանի իր տաղանդը, այլեւ կարճ ժամանակում իր մէջ նոր տաղանդներ յայտնագործեց: Ապշել կարելի է, թէ նա ինչպէս, գրեթէ մենակ, գերազանցապէս ապաւինելով սեփական ուժերին, բուռն գործունէութիւն ծաւալեց արուեստի եւ գրականութեան մի քանի ասպարէզներում. թատրոն, ասմունք, գրականութիւն, լրագրութիւն, թարգմանութիւն…
Նա առաջինը եղաւ հայաստանցի, հայագիր հեղինակներից, որի ստեղծագործութիւնը բեմադրուեց Փարիզի պրոֆեսիոնալ թատրոններում, ֆրանսերէն:
Նա մեզ զարմացրեց Փարիզի բարձրակարգ «Ռուսսկայա միսլ» («La pensée russe») շաբաթաթերթում, սփիւռքահայ, ֆրանսիական մամուլում, տարիներ շարունակ, պարբերաբար տպագրուող հրապարակախօսական, գրաքննադատական, արուեստաբանական եւ նոյնիսկ քաղաքագիտական խորունկ ու համարձակ յօդուածներով: Նա մեզ զարմացրեց նոյն մամուլում, այնուհետեւ առանձին գրքերով, հայերէն, ռուսերէն ու եւրոպական մի շարք լեզուներով հրապարակուած իր գերազանց պատմուածքներով, որոնցում հեղինակը իւրացնում էր ոչ միայն սփիւռքեան, այլեւ արեւմտեան իրականութիւնը: Դա նոր իրականութեան ստեղծագործական նուաճում էր արուեստով ու գրականութեամբ:
Բուռն եւ բարձր գնահատութիւնները չյապաղեցին:
«Նման պատմուածքներ հազուադէպ կարելի է ընթերցել մեր օրերում՝ որտեղ սրամտութեան քօղի տակ սրտակցութիւն կայ` մարդկային չստացուած ճակատագրերի հանդէպ, ճիշտ ընտրուած կերպարների, միջավայրի, իրավիճակների շնորհիւ պատմութիւնը ձեռք է բերում քսաներորդ դարի արձակի առաջատար գրողների՝ Սարոյեանին, Մարկէսին, Կորտասարին, Օյին բնորոշ ֆանտասմագորիկ պատկերաւորութիւն» (Վ. Թաթիկեան, «Ազգ», 10 դեկտեմբերի 1998թ.):
«Չգիտեմ, երեւի կը գրուի՞ մեր այս վերջին տարիների տարագրութեան պատմութիւնն ամբողջութեամբ: Բայց եթէ որեւէ պատմաբան փորձի այդպիսի գիրք ստեղծել, ապա շատ կ՚ուզէի, որ ծանօթ լինէր «Lady S.D.F.» գրքին: Ցաւով գրուած այսպիսի շատ քիչ գրքեր եմ կարդացել: Ու այսքան ճշմարիտ… Անահիտ Թոփչեանն ինչ արել է բեմում ու կինոյում, արել է մեծ ներշնչանքով, պոռթկումով: Դա անհետ չի անցել ոչ իր, ոչ էլ ուրիշների համար: Այս անգամ գրող Անահիտ Թոփչեանն է պոռթկացել: Այդ ճիչը սարսռեցնում է:» (Ս. Գալոյեան, «Ազգ», 16 հոկտեմբերի 1999թ.):
Անահիտի պատմուածքները մամուլում բարձր գնահատեցին նաեւ Գէորգ Էմինը, Վահէ Օշականը, Կարէն Քալանթարը, Վահրամ Հաճեանը, Երան Գույումճեանը եւ ուրիշներ: Ի դէպ, մասնաւորապէս նկատուեց, որ հեղինակը զարմացնում է գրական իր վարպետութեամբ, եւ այնպիսի տպաւորութիւն է, ասես կարդում ենք նրա տասներորդ գիրքը: Իսկ Կ. Քալանթարը գրեց, որ «Անահիտի պատմուածքները զարմանալիօրէն կինեմատոգրաֆիկ են, զարմանալիօրէն` բեմական: Դրանք, ասես, խաղացուած են դերասանուհի գրողի կողմից, ըստ որում նա ոչ միայն յօրինում է, ոչ միայն խաղում է ինքն իրեն` կատարելով ի սկզբանէ նրան բնորոշ գեղեցիկ կնոջ կեանքի դերը, այլեւ խաղում է ծեր, հիւանդ կանանց, նոյնիսկ տղամարդկանց ու երեխաների դերերը: Աւելին, նա հմտօրէն բեմականացնում է այդ պատմութիւնները` դառնալով բեմադրիչը, կինոնկարիչը, կոմպոզիտորը, ձայնային օպերատորը եւ նույնիսկ լուսաւորողը: Նա անում է ամեն ինչ եւ անում է գերազանց` նախանձելի երեւակայութեամբ եւ հնարամտութեամբ, որովհետեւ ազատ է եւ տաղանդաւոր» («Նովոյէ վրեմեա», Երեւան, 9 փետրուարի 1999թ.):
Հայ կինոգիտութեան նահապետը, ցաւօք սրտի, առիթ չունեցաւ կարդալու Անահիտի միւս գրքերը, թէ ոչ, անպայման կը հաստատէր, որ նրա ամբողջ գրականութիւնն է կինեմատոգրաֆիկ:
«Lady S.D.F.»-ին յաջորդեց «Հայելի»` նոյնքան վիրտուոզ պատմուածքների ժողովածուն, իսկ երկու տարի անց` իրար ետեւից լոյս տեսած «Անհետացում» եւ «Տագնապ» հրաշալի վէպերով Անահիտը վերջնականապէս հաստատուեց որպէս հմուտ արձակագիր, եւ արդի հայ գրականութեան մէջ անվիճելիօրէն գրաւեց նոյնպիսի բարձր ու պատուաւոր տեղ, որպիսին արդէն գրաւել էր հայ դերասանական արուեստում:
Եւ ինչպէս իր բացառիկ ոճը ստեղծեց բեմում, այնպէս էլ գրականութեան մէջ:
«Անհետացում» եւ «Տագնապ» վեպերի առիթով Հայաստանի եւ Սփիւռքի մամուլում նոյնպէս բազմաթիւ հիացական կարծիքներ արտայայտուեցին.
«Այս երկը («Անհետացում», Ա.Յ.) բնագիծ ենք համարում ժամանակակից արձակում: Քիչ կան մեզանում լինելութեան պայմանականութիւններից վեր բարձրացող նման ստեղծագործութիւններ, որոնցում կարող ենք ճանաչել ինքներս մեր անհատականութիւնը, մեր երկրի ճշմարիտ զարգացման փնտռուած հունը»: (Սուրէն Դանիէլեան («Օրեր», Պրահա, N5, 2010թ.)
«Թոփչեանը իր նոր վէպով սփիւռքահայ եւ հայրենի ընթերցողին կը վերադարձնէ ընթերցանութեան հաճոյքը, անոր համն ու հոտը: «Անհետացում» վէպը մեր նորագոյն արձակի նուաճումներէն է»: (Պողոս Գուբելեան, «Ասպարէզ», Գլենդէյլ, 1 նոյեմբերի 2010թ.)
«Անհետացում» վէպը, գրողի ստեղծագործական տաղանդին զուգահեռ, կրում է նաեւ աւելի հազուագիւտ՝ բարոյական տաղանդի դրոշմը, այդ պատճառով իսկ կարծում ենք երբէք չի անհետանայ հայ գրականութեան նուաճումների ցանկից»: (Գայեանէ Աթանեան, Երեւան «Ազգ», 14 յունիսի 2011թ.)
«Վէպն ունի ոչ միայն ազգային, այլեւ համամարդկային հնչեղութիւն եւ տարողութիւն, ի մասնաւորի մեր ժամանակներուն համար, ուր գրեթէ համատարած երեւոյթ դարձեր են սուտին ու կեղծիքին խնկարկումն ու փառաբանումը եւ արժանաւորին անտեսումն ու ոտնահարումը… Հուսկ՝ միջակութիւններու տիրապետումը եւ լաւագոյններու լուսանցքայնացումն ու անհետացումը»: (Երան Գույումճեան, «Ազատ ձայն», յունուար 2011թ., Կիպրոս, Նիկոսիա)
«Այս գիրքը մի գեղեցիկ զարդ է: Մի ամբողջ օր շարունակ «Տագնապ»-ի հետ էի, իմ սենեակի մենութեան մէջ: Մի կատարեալ խրախճանք էր»: (Վարդենի Բեդանեան, «Գրական թերթ», 5 հոկտեմբերի 2012թ.)
«Անահիտ Թոփչեան՝ իր «Տագնապ» վէպին, ինչպէս եւ այլ վէպերուն ու պատմուածքներուն մէջ, կը ցուցաբերէ կեանքի խոր իմացութիւն, խորաթափանց ու խորազնին հոգեբանի հայեացք, յանդգնութիւն՝ ընթանալու հայ գրական արձակի դեռեւս անկոխ ուղիներէ… եւ, անշուշտ, գեղարուեստական բարձր ճաշակ: Ան արուեստագէտ է իր համակ էութեամբ, այդ բառին ամբողջական եւ խորագոյն իմաստով»: (Երան Գույումճեան, «Ազատ Խօսք», Կիպրոս, 17 սեպտեմբեր 2012թ.)
Իսկապէս որ Աստուած նրան առատօրէն օժտել է բազմաթիւ տաղանդներով, եւ ես չեմ զարմանայ, եթե Անահիտը վաղը շարունակելով զարմացնել մեզ, իր մէջ մի նոր տաղանդ յայտնագործի: