ԵՍ ԴԵՐԱՍԱՆ ԵՄ

Պետրոս Աբաջեան

Տարիներ առաջ, երբ դեռ անսասան թուացող Սովետական Միութիւնն էր, ես մեր տնօրէնի կարգադրութեամբ Մոսկուա էի գնացել դպրոցի համար գրենական պիտոյք ձեռք բերելու համար: Գործուղումս անյաջող էր: Վերադարձի տոմս էլ չունէի եւ երբ օդանաւակայանում, տոմս ճարելու յուսահատ փորձեր էի անում, մի հայ մարդ մօտեցաւ ինձ:
— Ներողութիւն եմ խնդրում անհանգստացնելու համար, — ասաց նա: — Եթէ դէմ չէք, կ՚ուզէի ծանօթանալ Ձեզ հետ:
Ես գիտեմ, որ դէմքս ֆոտոգենիկ եւ արտայայտիչ է, բայց այն աստիճանի, որ անծանօթ մարդիկ ցանկութիւն յայտնեն ծանօթանա՞լ ինձ հետ, իսկապէս բոլորովին անսպասելի էր: Մի պահ մոռանալով տոմսի հետ կապուած անորոշ վիճակս, ուշադիր նայեցի մարդու վրայ: Մտաւորականի տեսքով, միջին տարիքի տղամարդ էր: Դեռ չհասկանալով ի՞նչ է ուզածը, շտապեցի համաձայնութիւնս տալ, որովհետեւ միշտ պատրաստ եմ եղել ընդառաջել հայրենակիցներիս:
— Ազգանունս Դանիէլեան է, — ներկայացաւ մարդը եւ շարունակեց. — Ես կինոռեժիսոր եմ: Հիմա Հայֆիլմ կինոստուդիայում լիամետրաժ ֆիլմ եմ նկարում եւ ուզում եմ, որ Դուք խաղաք այնտեղ:
Իմ սիրտը սկսեց արագ բաբախել: Ուրեմն ճիշտ են ասում, ճակատագրից չես կարող խուսափել:
Որպէսզի հասկանաք այդ առաջարկութեան նկատմամբ նման արձագանգիս պատճառը, պէտք է որոշակի ներածութիւն կատարեմ: Բանն այն է, որ ես դերասան եմ եղել ի սկզբանէ: Ճիշտ է, այդ մասին ինձանից բացի ոչ ոք չգիտէր: Գաղտնի պահելուս պատճառն էլ այն էր, որ հակառակի պէս, շատ ամաչկոտ էի: Միայն երբ հնարաւորութիւն էի ունենում տանը, կամ մի այլ տեղ մենակ մնալ, դերասանական յատկութիւններիս օգնութեամբ, գեղեցիկ ձեւով արտասանում էի Դանիայի արքայորդի՝ Համլետի. «Լինել…, թէ չլինել՝ այս է խնդիրը», կամ Օթելլոյի, «Մի անգամ Հալէպում, մի թլփատուած տաճիկ…», մենախօսութիւնները: Տարբեր ինտոնացիաներով մշակել էի Հրաչեայ Ներսիսեանի նշանաւոր ռեպլիկը «Նամուս»-ից. — «Սաղաթել, չգնա՞նք կլուբ»: Բացի դերասանական տաղանդից, վոկալ (ձայնային) յատկութիւններ էլ ունեմ, որոնք օգտագործում եմ սեփական հաճոյքիս համար: Դա բացառապէս իրականացնում եմ լոգարանում: Ինչպէս գիտէք, ձայնը այնտեղ լաւ է հնչում: Ես անգիր եմ արել օպերային արիաներ, ի հարկէ իտալերէն լեզուով, որոնք կատարում եմ ցնցուղի աղմուկի ուղեկցութեամբ: Հասկանալի է, դարձեալ էսթետիկական կարողութիւններս թաքուն պահելու համար: Մի պատճառ էլ կար, այն էր որ իմ ընտանիքի անդամները այն ժամանակ, հիմա էլ, բաւականաչափ երաժշտական չեն եւ օպերա չեն սիրում:
Ասածս, իմ խստագոյն գաղտնիքն էր: Նոյնիսկ կինս կարող էր, միայն ենթադրել, իմ այդ տաղանդների մասին: Հիմա եկել էր առիթը եւ հասկացայ, որ ամեն ինչ փոխուելու է: Կախարդանքը խափանուել է եւ ինձ վերուստ տրուած բայց չիրականացուած կոչումին պիտի դառնամ:
Այսպէս ուրեմն, փոքր ինչ ուշքի գալով եւ հաւաքելով ինձ, համեստօրէն պատասխանեցի, որ դժբախտաբար դերասանական խաղի փորձ չունեմ: Նոր ծանօթս հաւաստիացրեց, որ իր օգնութեամբ, կը յաղթահարենք այդ չնչին բանը: (Ինչպէս հասկացել էք, խորամանկում էի եւ պարզապէս համեստութիւն էի ձեւացնում): Այստեղ էլ օգտագործեցի դերասանական տաղանդս: Խաղացի երկմտանք ու տատանում, որից յետոյ տուեցի իմ համաձայնութիւնը: Այնուհետեւ երբ Դանիէլեանը իմացաւ իմ տոմս ճարելու խնդրի մասին, իրականացրեց իմ առաջին, արուեստի գործիչներին հասարակ մահկանացուներից տարբերող մենաշնորհը՝ դեպուտատական տոմսարկղից, իր փաստաթղթերը ցոյց տալով, ինձ համար օդանաւի տոմս ապահովեց: Այսպիսով կոլեգա դարձած ռեժիսորի հետ հեռախօսներ փոխանակեցինք եւ պայմանաւորուելով հանդիպել Երեւանում, իրարից շատ գոհ, բաժանուեցինք:
Երեւան հասնելուց մի քանի օր յետոյ, Դանիէլեանը ինձ հրաւիրեց կինոստուդիա: «Հայֆիլմը», բոլորովին նման չէր իմ պատկերացրած «Հոլիվուդին» կամ «Սինեչիտային», որովհետեւ ոտով-գլխով տեղաւորուած էր Տէրեան փողոցը Սպանդարեանի հետ հատուող մասի ընդամենը մի քանի հին երեւանեան տների մէջ: Ճիշտն ասած ես շատ մտահոգուեցի. այս պայմաններում ինչպէ՞ս կարելի է խաղալ եւ ֆիլմ նկարել: Դանիէլեանը, հաւանաբար շփոթութիւնս տեսնելով, հանգստացրեց ինձ, ասելով որ նկարահանումները հիմնականում դրսում են արուելու:
Ինձ հրաւիրեցին ճաշասենեակ յիշեցնող մի տարածութիւն, որտեղ Դանիէլեանից բացի, կային եւս երկու հոգի՝ ֆիլմի սցենարիստն ու օպերատորը: Իրենց անունները չեմ ուզում տալ այն պատճառով, որ ֆիլմի համար իմ կարեւորութիւնը չգիտակցելով, անտարբերութեամբ ընդունեցին ինձ: Պէտք է ասեմ, որ ես հպարտ մարդ չեմ, բայց արժանապատւութեանս զգացումը գնահատել գիտեմ:
Առաջին հերթին, ձեռքս տուեցին սցենարը, որն անմիջապէս, իրենց ներկայութեամբ, թերթելով սկսեցի ուսումնասիրել: Ֆիլմին տրուել էր շատ գեղեցիկ՝ «Արեգակի ճաճանչներով» անունը: Շտապեցի հաւանութիւնս տալ այդ յաջող գտնուած վերնագրին: Չարձագանգելով իմ գնահատականին, Դանիէլեանը խորհուրդ տուեց սցենարը տանը ուշադիր, մինչեւ վերջ կարդալ:
Մեր խօսելու ընթացքում, սցենարիստն ու օպերատորը միանգամայն անքաղաքավարի, առանց նոյնիսկ հրաժեշտ տալու, թողել գնացել էին, որով դարձան իմ երդուեալ թշնամիները: Դանիէլեանը գործնականօրէն, ուշադրութիւնս հրաւիրեց ֆիլմի հերոսներից մէկի՝ Տէր-Հօր կերպարի վրայ եւ խնդրեց օգնել կազմել նրա, սցենարում բոլորովին բացակայող կենսագրութիւնը: Դա նրա համար, որպէսզի, մի քանի րոպէ տեւող դրուագում, հնարաւոր լինի այս աննշան երկրորդական դերը խաղացուի ճշմարտացի եւ իրական: Որպէս պրոֆեսիոնալ, նա հաւանաբար իմ մէջ տեսել էր մի համախոհ, որը կ՚օգնի կարգի բերել սցենարի թերութիւնները: Ուրեմն պատահական չէր եղել իմ բնազդային հակակրանքը իր մասնագիտութեան բարձրութեան վրայ չգտնուող սցենարիստի նկատմամբ: Ռեժիսորի վստահութիւնը ինձ թեւաւորեց: Հասկացայ, որ ընկել եմ ստեղծագործական, ճիշտ ինձ համար ստեղծած միջավայր:
Երբ տանը կարդացի վերջացրեցի սցենարը, տեսայ որ ֆիլմը կառուցուած է մի բարի, ամեն ինչ հասկացող, իմաստուն, ամբողջովին կատարելութիւններով լեցուն մարդու շուրջը եւ այդ անձնաւորութիւնը տաքսու վարորդ է: Ես ապշել էի, որովհետեւ հերոսի նախատիպը ճիշտ ես էի, մի բացառութեամբ միայն, որ մեքենայ վարել չգիտեմ: Մնացած բոլոր յատկութիւնները ես միշտ զգացել եմ իմ մէջ: Ճիշտ է, անհանգստացնում էր, որ հերոսը տարիքով մեծ է, բայց յետոյ յիշեցի, որ դա խնդիր չէ: Հիմա դիմայարդարները հրաշքներ են գործում եւ կը կարողանան հեշտութեամբ համապատասխան տեսք տալ ինձ: Մտնելով դերի մէջ, պատկերացրեցի թէ կինոնկարի ընթացքում ինչպէս եմ շփուելու տարբեր մարդկանց՝ նշանաւոր դերասանների, բոլորովին երիտասարդ եւ անմեղ սիրահար զոյգի, վերջապէս Դանիէլեանի կողմից ինձ յանձնարարուած մրթմրթան, ներվային ու տհաճ Տէր-Հօր հետ եւ այլն:
Երեկոյեան հաւաքեցի ընտանիքիս անդամներին եւ յայտարարեցի, որ թողնելու եմ դպրոցում զբաղեցրած տնտեսվարի պաշտօնս: Կնոջս մայրը՝ այսինքն զոքանչս, որը իմ ամեն մի որոշմանը, որպէս կանոն քննադատաբար է մօտենում, հետաքրքրուեց;
— Բա ո՞ր ջահանդամն ես գնալու եւ ընտանիքդ ո՞վ է պահելու:
Ես նման հարցադրման պատրաստ էի եւ համեստօրէն բացատրեցի, որ այսուհետեւ արտիստ եմ եւ հրաւիրուել եմ կինոստուդիա, ֆիլմի գլխաւոր հերոսի դերը խաղալու համար: Նրա թերահաւատ եւ արհամարհական քմծիծաղը շուտով մարեց, երբ ցոյց տուեցի սցենարի իմ օրինակը: Դա եղաւ ամուսնական կեանքիս ամենամեծ յաղթանակի եւ երջանկութեան պահը, որովհետեւ առաջին անգամ տեսայ զոքանչիս շփոթուած դէմքի արտայայտութիւնը: Այս ուրախութիւնս շարունակուեց եւս մի քանի օր, որովհետեւ այդ ընթացքում յարգարժան տիկինը չէր յայտնւում իմ տեսադաշտում եւ իմ խնամքի առարկայ, կզակիս փոքրիկ մազածածկոյթը «այծամօրուք» չէր անուանում:
Կինս յամենայնդէպս խնդրեց չթողնել հին աշխատանքս եւ առայժմ իմ հաշուին արձակուրդ ձեւակերպել: Դա ես աւելորդ էի համարում, բայց իրեն չվշտացնելու համար, մեծահոգաբար համաձայնեցի, պայմանով որ տանը բացարձակ լռութիւն տիրի՝ ես իմ դերն եմ պատրաստելու: Այնուհետեւ մինչեւ ուշ գիշեր, մեծ սենեակում ետ ու առաջ քայլելով սերտեցի գլխաւոր հերոսի իմ դերը: Յատկապէս լաւ էր ստացւում երբեմն կրկնուող ֆրազը — «Ես յոգնած եմ, բայց չեմ կարող Ձեզ մերժել. նստէք խնդրեմ, կը տանեմ, ուր ուզում էք»: Ըստ սցենարի, իմ հերոսը ինչ որ շուտ-շուտ էր յոգնում: Երեւի մեծ տարի՞քն էր պատճառը:
Մի քանի օր յետոյ, Դանիէլեանը խնդրեց նորից հանդիպել, այս անգամ մեր սիրելի եւ մանաւանդ իմ նոր կարգավիճակին համապատասխանող «Դերասանական» սրճարանում:
Դերիս մասին մասնագիտական խօսակցութիւնից Դանիէլեանը շեղեց ինձ, պատմելով որ ֆիլմի երիտասարդ սիրահար աղջկայ համար թեկնածու է փնտռում եւ խնդրեց օգնել իրեն մեր շրջապատում համապատասխան դերակատար գտնել: Պատմեց, որ կայ մի գեղեցիկ աղջիկ, որը նաեւ դերասանական խաղի փորձ ունի, բայց որի մօտ չկայ այն կուսական անմեղութիւնը, ինչպիսին այս հերոսուհին պէտք է ունենար:
Ինչպէս գիտէք, ես երբեք չեմ մերժում իմ կոլեգաներին: Ասացի, որ մեր դպրոցում, իսկապէս կայ մի այդպիսի, շատ գեղեցիկ, երիտասարդ աղջիկ, որը հաշուապահութիւնում, որպէս հաշուետար է աշխատում: Առաջարկեցի այդ աղջկան եւ Դանիէլեանին հրաւիրեցի մեր դպրոց, տեսնելու նրան: Դանիէլեանը երբ տեսաւ, շատ հաւանեց Նելլիին, (այդ էր աղջկայ անունը): Նելլին, չգիտես ինչու, չէր ուզում ֆիլմում խաղալ: Երկուսով, երկար համոզելուց յետոյ, վերջ ի վերջոյ կարողացանք իր համաձայնութիւնն ստանալ: Ես անչափ հպարտ էի այս ընտրութեանը մասնակցութեանս համար: Ճիշտ է, յետոյ պարզուեց որ Նելլին ի տարբերութիւն ինձ բոլորովին տաղանդ չունի: Այսինքն չկարողացաւ դերի մէջ մտնելով, համբուրուել իրեն անծանօթ մի տղայի հետ:
Մեր յաջորդ հանդիպման ժամանակ, երբ Դանիէլեանին սկսեցի ցոյց տալ գլխաւոր հերոսի խաղի իմ տարբերակները, նա երկար լռելուց յետոյ բացատրեց ինձ, որ այդ դերը կատարելու է մի ուրիշ դերասան եւ դա արդէն հաստատուած է «վերեւում»:
Այս նորութիւնը անսահման ցաւոտ էր ինձ համար, որը յաղթահարելու համար երկար ժամանակ պէտք եղաւ: Դանիելեանը բացատրեց, որ Մոսկուայի օդանաւակայանում իմ շփոթուած ու կորած կերպարանքը յուշել էր իրեն Տէր-Հօր կերպարը, եւ այդ դերի համար էլ հրաւիրել է ինձ: Ես շուտ յուսահատուողներից չեմ եւ վերջ ի վերջոյ համաձայնեցի կատարել այդ, ինձ համար ոչ այնքան պատուաբեր դերը, որովհետեւ յիշեցի Ստանիսլաւսկու խօսքերը՝ «Փոքր դերեր չեն լինում, այլ լինում են փոքր դերասաններ»: Ես անշուշտ այդ փոքր դերասաններից չէի:
Յաջորդ օրը ինձ տարան կինոստուդիայի հանդերձարանը, կամ ռեքվիզիտների պահեստը, որտեղ զարդարեցին բոլոր եկեղեցական կանոններին համապատասխան: Այնտեղ մեծ հայելի էր կանգնեցուած: Երբ հայելու մէջ նայում էի, տեսայ ինձ նայող, զարմանքից կլորացած իմ աչքերը: Կոկիկ մօրուքը բաւական էր եղել տէրտէրի կերպարի համար: Ես իսկապէս Տէր-Հայր էի դարձել: Կինոյի աշխարհի ամեն ինչ տեսած մարդիկ նոյնպէս գոհ էին մնացել իմ կերպարանափոխումից: Ի զարմանք ինձ, գրիմի (դիմայարդարման — Խմբ.) անհրաժեշտութիւն էլ չկար: Ես շատ հեշտ կարող էի մտնել իմ նոր կերպարի մէջ: Տարբեր կողմերից նկարելուց յետոյ, վերջապէս ինձ բաց թողեցին:
Առաջին օրը, աւտոբուսով, բոլորիս նկարահանման հրապարակ էին տարել, դերի հագուստներով: Երբ Տէր-Հօր կերպարանքով, հանդիսաւոր դուրս եկայ մեքենայից, իմ էկզոտիկ տեսքը իր վրայ հրաւիրեց այստեղ հաւաքուած, իրենց հերթին սպասող դերասանների եւ նկարահանող խմբի ուշադրութիւնը: Բոլորի մէջ ի հարկէ անմիջապէս ճանաչեցի Մհեր Մկրտչեանին եւ Շերենցին: Սցենարի համաձայն՝ նրանք իրենք իրենց էին խաղալու: Առանց քաշուելու բոլորը ինձ էին ուսումնասիրում: Մհերը, իբրեւ թէ շշուկով իր շուրջը կանգնածներին, բայց այնպէս, որ ես լսեմ, ասաց.
— Սրա՞ն որտեղից են բերել:
Ես թէեւ վիրաւորուեցի, բայց արդէն իմ դերի մէջ էի եւ բարձրաձայն ու հանդարտ ասացի.
— Որդեակ, քե՞զ որտեղից են բերել:
Շուրջը հռհռոց բարձրացաւ: Մեծ դերասանը շփոթուած սկսեց արդարանալ.
— Այսինքն ուզում եմ հարցնել՝ Էջմիածնի՞ց էք եկել:
Ես մեծահոգաբար բացատրեցի, որ ես Տէր-Հօր դերի համար հրաւիրուած, ճիշտ իր նման դերասան եմ: Չգիտես ինչո՞ւ դա հաւաքուածներին աւելի զուարճացրեց:
Նկարահանումը, առաջինը ինձանով սկսեցինք: Ըստ սցենարի, մեքենայ վարելու ժամանակ, ճանապարհային կանոնի ինչ որ խախտման համար, ինձ կանգնեցնում էր ճանապարհային ոստիկանը: Հակառակի պէս, ես էլ դերիս թափթփուածութեամբ, փաստաթղթերս տանը պէտք է մոռացած լինէի եւ ստիպուած տաքսիով գնում էի բերելու: Հիմա, գլխաւոր հերոս՝ վարորդի հետ իմ զրոյցն էր նկարւում:
Ես, իմ մեկնաբանմամբ բարձրաձայն արտայայտելով վրդովմունքս, պատմում էի գլխիս եկած անյաջողութիւնների մասին: Դանիէլեանն ու օպերատորը յուսահատ փորձեր էին անում իրենց ուզած ձեւով տանելու իմ խաղը, բայց ես տարերքիս մէջ էի: Վերջիվերջոյ, յոյսը կտրած համակերպուեցին եւ գործը աւելի հեշտ գնաց: Իմ մասի նկարահանումները, մի քանի օրում բարեյաջող վերջացան: Որից յետոյ, ջանասիրաբար շարունակեցի մասնակցել նկարահանող խմբի աշխատանքներին: Միշտ կանգնած էի լինում ռեժիսորի կողքին, պատրաստ խորհուրդներովս օգնելու նրան: Որոշ ժամանակ համբերելուց յետոյ, նրբանկատօրէն յայտնեցին, որ միջոցների սահմանափակութեան պատճառով ինձ այլեւս չեն կարող վճարել: Դա ի հարկէ պատճառ չէր, որ դադարացնէի իմ անշահախնդիր մասնակցութիւնը նկարահանումներին:
Վերջացնելով ասեմ, չնայած իմ բնածին շնորհքներին ու ջանքերին, այս ֆիլմի մէջ իմ արժանի տեղը չունեցայ: Մոսկվայում որոշել էին որ Տէր-Հայրը մեզ համար տիպական չէ, եւ իմ մասը ամբողջովին կտրելով հանել էին: Հնարաւոր է ռուս ցենզորները, իմ դերասանական տաղանդը չէին կարողացել ընկալել: Շատ աւելի վատ իրենց համար: Դեռ պիտի ամաչեն, երբ տեսնեն ինձ՝ իմ ապագայ ֆիլմերի մէջ:
Դպրոցում իմ հեղինկութիւնը շատ է բարձրացել: Երբեմն իմ ետեւից լսում եմ շշուկով ասուող. «Ահա մեր ընկեր Տէր-Հայր տնտեսվարը»: Ճիշտ է տանը զոքանչս նորից ակտիւացել է: Առաջարկում է սափրել, իր խօսքերով ասած «այծամօրուքս», այն համարելով իմ անճարակութեան գլխաւոր պատճառը: Ես ի հարկէ, իր ասածների վրայ այլեւս ուշադրութիւն չեմ դարձնում:
Հիմա նամակագրական, առայժմ միակողմանի, կապի մէջ եմ Ռուսաստանի եւ արտասահմանեան շատ կինոստուդիաների հետ: Բոլորին ուղարկում եմ, իմ կողմից արուած ֆոտօ եւ տեսագրուած դերերիս հատուածները: Չեմ կարծում, որ բոլորը կոյր են եւ վերջ ի վերջոյ ինչ որ մէկը կը տեսնի եւ կը հասկանայ իմ դերասանական պոտենցեալի չափը: Ամեն ինչ դեռ առջեւում է. ես ընդամենը յիսուն տարեկան եմ: Չզարմանաք, եթէ մի օր տեսնէք ինձ, իմ ֆիլմերի մէջ, աշխարհի մեծագոյն դերասանների՝ ասենք Դէ Նիրոյի կամ Ալ Պաչինոյի կողքին:

Երեւսն, 2024

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *