Փակելով տանը դուռը

Մանէ Արջունց

Մեր գիւղում չկային պատահական անուանումներ, իւրաքանչիւր քարի, թեքուած ճանապարհի, կիսաաւեր տներով փողոցների համար կար խորհրդաւոր մի անուանում։ Պատահականութիւն չէր այստեղ ապրելը, իւրաքանչիւր մասնիկ ընտրուած պատմութիւն էր հեռաւոր գիւղի համար։ Մենք պաշտում ենք, հաւատում ենք երկնայինին, գիտեմ, որ ոչ ոք չի հաւատում դրան, քանզի պատարագների յաճախ չենք գնում, բայց այ, եթէ մի անգամ մեր տեղանունների մասին լսէք՝ կը հասկանաք, որ մենք պարզապէս հաւատացեալ ենք։ Հաւատում ենք լուռ՝ մեր խօսքերի, մեր թաքուն աղօթքների մէջ։ Մեր տեղանունների մէջ չկայ մի անուն, որը չնշանակի սուրբ։ Հասկանո՞ւմ եք, մենք այդպէս ենք սիրում ու հաւատում։
Կեանքը ծորում էր մեր սուրբ գիւղում, ամեն օր քարը քարին էր դրւում, նոր երգեր էին լսւում, մարդիկ առօրեայ հոգսերով ապրում էին, յաճախ էլ, եկեղեցու կողքով անցնելուց, չէին մոռանում թաքուն խաչակնքուել, մի կուշտ վերեւ նայել ու «Ամէն» մրմնջալով՝ գնալ տուն։
Այն տարիքը, որին հասել էի, հերիք էր՝ տանս անկիւնները, քարերը անգիր անելու համար։ Ուզում եմ մի գաղտնիք բացել. ես սիրահարուել եմ, չէ էդպէս չէ, սիրահարուել եմ, երբ աչքերս առաջին անգամ տեսան գիւղիս քարերը, չքնաղ լուսաբացները։ Ու հա, ես անմնացորդ սիրահարուել եմ հայրենիքիս, բայց ուրիշ սէր է դա։ Ինչպէս ենք սիրում մեր հայրերին կամ նրանք մեզ, մի ուրիշ թաքնուած, հաւատարիմ ու անպատճառ սէր է դա։ Հայրենիք բառն էլ մեծապէս ըստ իս կապուած է մեր հայրերի հետ, գիտեմ, որ շատերը հայրենիքը համեմատում մեր սրբերի՝ մայրերի հետ, բայց ես պաշտում եմ հայրենիքս, ինչպէս պաշտում եմ մօրս, բայց սիրում եմ ինչպէս հօրս։ Դա անբացատրելի զգացմունք է։ Մեր հայրերն էլ ցոյց չեն տալիս իրենց սէրը, ջերմութիւնը, հպարտութիւնը, բայց աշխարհներ կ՚աւերեն մեզ պաշտպանելու համար։ Այդպէս եմ ես զգում իմ հայրենիքը։
Ժամանակի ընթացքում հասկացայ նաեւ, թէ ինչպէս է Հայրենիքս ինձ, քեզ, մեզ սիրում։ Միթէ չենք հասկացել, որ չնաշխարհիկ բնութիւն, հէքեաթային արեւածագեր, անհուն լեռներ ու անսահման խաղաղութիւն է լինում մեր տանը. չէ, մեր տանը չէ, միայն մեր Հայաստանում։ Ուրիշ տեղ քարերը չեն ապրեցնում, ուրիշ տեղ քարքարոտ ճանապարհներին բերանքսիվայր ընկնելով՝ չես սիրում այն այնպէս, ինչպէս այստեղ։ Պարզապէս ուզում եմ մի կարողութիւն, որով կը փորձէի արտայայտել այն խենթ ու յորդաբուխ զգացմունքները, որոնք ես ունեմ, երբ լսում նրա անունը։ Ու երբ իրար հոգիներով շղթայուած ենք, ամեն ինչ այնքան այլ է։
Բայց այս ամենը ապակու նման փշրուեց այն դղղրդոցից, որը ոչ միայն գիւղս, տունս, այլեւ մեզ աւերակների վերածեց, չվերականգնուող աւերակների;
Առաւօտը նոր էր իր աչքերը բացել, երբ լեռները արձագանգեցին ողբը, երբ քամիները սփռեցին ցաւի նոտաները։ Ինչպէս զգացի այն, չեմ կարող պատմել, ուղղակի արցունքներս փորձում էի սրբել, երբ նկատեցի, որ արցունքներ չեն հոսում, ուղղակի դողում էի, սարսափից դողում ու ձեռքերս իրար միացնելով երկնքին էի աչքերս յառել, չգիտեմ էլ աղօթում էի կամ ընդհանրապէս այդ րոպէներին գոյութիւն ունէի։
Ու յետոյ զգացի, որ յատակին եմ ու աղմուկ է, պայթիւններ, բայց հայրս հասցրել էր մտնել սենեակ ու պաշտպանել ինձ պատերազմից։ ՊԱՏԵՐԱԶՄ։
Պատերազմ, ինչն է հիմքում, երազ, ես նման երազ չէի ուզում ունենալ, երազից արթանանալ եմ ուզում, տանել չէի կարողանում ինձ, որ այսպիսի երազ էի տեսել, երազ չէր դա, երազները չեն տանում մեզնից մեզ, ա՜խ, ուզում եմ պատմել մէկին՝ հաւատացած լինելով, որ դա պարզապէս վատ երազ էր ու կը մոռանամ, բայց այս Պատերազմը դրոշմվեց իմ մարմնի վրայ, իմ աչքերում ու երդուեց երբեք չլքել ինձ։
Առաջին րոպէները անհասկանալի էին, երկար չէի գիտակցում արհաւիրքը, կարելի է այն անուանել հայկական արհաւիրք, մենք տարբերւում ենք չէ ամեն տեղ, սայ իսկական արհաւիրք էր, բայց արդէն հայի արեամբ։
Երբ դադարեցին այդ պայթիւնները, բոլորս դուրս էինք եկել փողոց։ Երանի, երանի, թէ չտեսնէի աւերակուած հայրենիքս, երանի այն աչքերին, որոնք չտեսան այս փոթորիկը։ Չեմ ուզում տեսնել այս ամենը, այն պարզապէս խեղդում է ինձ, ես շնչասպառ էի լինում, չգիտէի՝ ուր գնամ, որտեղ թաքցնեմ իմ աչքերը, որ մոռանան, որ նորից հէքեաթով ապրեն, վերջ հէքեաթին, իմ յօրինած հէքեաթը կիսատ մնաց, ինչպէս եւ ես։
Քարին նստած նայում էի փոշէհատիկներին, որոնք դեռ նստում էին աւերակների վրայ, երբ հայրս յայտարարեց, որ գնում է կռուելու ու անհրաժեշտութեան դէպքում, երբ կը զգանք, որ բոլորը գնում են կամ, երբ երկրորդ անգամ ռմբակոծում լինի, գնանք ուրիշ տեղ ու չմնանք այդտեղ, նաեւ աւելացրեց՝ չսպասէք ինձ։
Խօսքերը շեշտակի էին, առանց պատասխան սպասելու ակնակալիքով ու գնաց, շրջուեց ու գնաց։ Ես յիշում եմ, թէ ինչպէս պարզապէս գոռացի.
— Պաաաաաաա՜պ։
Նա կանգ առաւ, մի քանի վայրկեան այդպէս մնաց, ապա շրջուելով՝ արագ քայլերով եկաւ մեզ մօտ, գրկեց այնպէս, ինչպէս երբեւէ, համբուրեց մօրս ու փոքր եղբօրս, ապա մօտենալով ինձ՝ այտս համբուրեց, ամուր գրկեց ինձ ու ականջիս շշնջաց. «Մի բուռ հող կը տանես քեզ հետ», ու գնաց… բայց Անվերադարձ։
Այդ պահին մի ցանկութիւն ունէի՝ մեռնել նրա գրկում, որ չզգայի այս ամենը, որ այլեւս իր բաց տեղը իմ սրտում չունենայի, չէ Պապ, ուժեղ չէի այդքան, որ ինձ այս անիծեալ աշխարհի դէմ մենակ թողեցիր, չեմ ուզում պատկերացնեմ մեր տունը, մօրս, մեզ առանց քեզ։ Իսկ այդ համբոյրը, կեանքիս ամենատաք ու ջերմ համբոյրն էր։ Չմտածես, թէ չեմ տեսել արցունքները աչքերիդ մէջ, չեմ տեսել այն աչքերը, որոնք ինձ վերջին անգամ էին տեսնում, չեմ մոռանում, Պաաապ, այն կնճիռները, որոնք միայն այդ օրը առաջացան, ու տեսայ այնքան բան, որոնք չէի նկատել, տեսայ մեծ սէրդ …..Երանի թէ չշրջուէիր, երանի թէ նոյն քայլերով ինձ տուն տանէիր ու այնքան ամուր գրկէիր ինձ, որ բողոքէի, թէ ցաւեցնում ես։ Ախ պաապ, կարօտս դարձար, աչքերդ էին տունս, իսկ դու տարար այն, հիմա նոյնիսկ տուն չունեմ ինձ պաշտպանող։ Անպաշտպան թողեցիր այն ծառը, որի բերքով պիտի հպարտանայիր։
Հայեացքս յառած էր մնացել ճանապարհի վրայ, ես հաւատում էի, հաւատում էի, այս ամենը չէր կարող հէնց այսպէս մնար, ու նորից սկսուեց աղէտը, բայց աւելի ուժգին։ Մի բարձր կանչ լսեցի, յանկարծ գիտակցեցի, որ այն մօտ էր շատ։ Մայրս, մայրս էր եղբօրս կանչում։ Երբ մօտեցայ նրանց տեսայ, որ եղբայրս արկի բեկորներից վիրաւորուել էր ու արիւն էր գալիս, մանկան արեամբ էր ներկւում հողը։ Դժուար է տեսնել թանկ էակիդ ցաւերը ու չկարողանալ ոչ մի բանով սփոփել ու տանել այդ զգացմունքները։ Հէնց այստեղ է սկսւում ու աւարտւում մարդկային անզօրութիւնը։
Խորը շունչ քաշեցի ու տեսայ, որ կողքի հարեւանը վազելով գալիս էր մեր տան ուղղութեամբ, վերցրեց եղբօրս ու մեզ հրահանգեց վերցնել անհրաժեշտ իրերը, որովհետեւ «Գնում ենք, թշնամին մօտ է, պիտի շուտ գնանք»։
Գնանք…., ինչպէս են բառերը աւերում մեզ։ Թողնենք այս ամենը ու գնանք, որ օրէնքն է թոյլ տալիս այս փախուստը կամ աշխարհում կայ արդեօք արդարութիւն, որ մարդը, որը ապրել ու մեծացել է իր տանը, պիտի գնայ այնտեղից, պիտի դառնայ փախստական ու ամբողջ կեանքում ապրի հայրենիքի կարօտով, որ աչքերը պիտի մշտապէս փնտռեն դէպի տուն տանող ճանապարհները… Անհաւատալի է…
Մայրս, ձեռքս բռնելով, ինձ տարաւ տուն, սկսեց հաւաքել անհրաժեշտ իրերը, իսկ ես վերջին անգամ նայում էի մեր տան պատերին, նայում էի աւելի ճիշտ մանկութեանս, որը կը սպասի ինձ այստեղ, որ մի օր հետ կը գամ ու միաւորուելով ինձ հետ՝ կիսատ հոգիս կը լրացնի։ Նրան էի թողնում տանս պաշտպանութիւնը, ինձ ու վերջապէս նրան, յոյս ունենալով, որ կը գայ, կը վերցնի այն ու կ՚երդուի այլեւս չթողնել անպաշտպան….։
Յիշեցի նրա արտացոլանքը այս պատերի կողքով անցնելիս ու սկսեցի մի տարայ փնտրել, որի մէջ կարող էի հող լցնել, գտայ, վերցրի ու գնացի այն ճանապարհի մօտ, չէ որ նրա ոտնահետքերն էի դրա վրայ, լցնում էի ագահաբար ու լացում էի, չէ այդ պահին երկնքին էի նայում ու խնդրում մի վերջին գթութիւն, խառնել էի երկիր ու երկինք, պարզապէս թաղում էի ինձ այնտեղ, որ երբեք ու երբեւէ չկտրուեմ այս հողից։ Վերջում անգիտակցաբար խոնարհուեցի հողի վրայ, գուցէ նաեւ հօրս գերեզմանի վրայ ու համբուրեցի այն, միայն յետոյ էի գիտակցել, որ հօրս անունն էի բղաւում, բարձր, այնքան, որ մայրս վազելով եկաւ ու ինձ գրկեց, ինքն էլ խոնարհուեց սառը հողի վրայ։ Բերանս, ձեռքերս ամբողջութեամբ հող էին ու ես ողբում էի, անիծում էի այս երկիրը, որ զրկում էր հօրս հետ հանդիպելուց, որ թոյլ չի տալիս տուն ունենալ։
Պարզապէս զգում էի, որ հողն ամուր բռնել էր ինձնից ու խնդրում էր չգնալ, չթողնել իրեն մենակ, հողը պայքարում էր մեր այստեղ ապրելու համար ու հիմա մեզ տմարդիաբար բաժանում են։ Ես չեմ ուզում գնա՜աալ, ես չեմ ուզում ուրիշ հող, ինձ սա հերիք էր, ինձ հերիք էին նրա ոտնահետքերը, ինձ պէտք են այստեղի արեւածագերը, չէք հասկանում, որ ես ուրիշ տեղ չեմ ապրելու, ինձ ուրիշ տեղի օդը չի հերիքելու, ես պարզապէս, պարզապէս այստեղ ապրել էի ուզում, ինձ մի տարէք իմ լեռներից, ես ուղղակի ապրել եմ ուզում, ԱՊՐԵԼ… ապրել հողիս վրայ։ Ու թող ոչ ոք այստեղ երջանկութիւն չգտնի ու խելագարուի անգամ շունչ քաշելուց, բացի իր իսկական տէրերից;
Մայրս ինձ բարձրացրեց ու ասաց, որ գնամ ու փակեմ տան դուռը, չէ որ տնից դուրս ենք գալիս ու պէտք է փակել այն։ Ինչ անմտութիւն է թւում փակելը այն տան դռները, որտեղ նոյնիսկ տունը չէր մնացել, որտեղ գիտակցում ես, որ այլեւս հետ չես գալու։ Ու գիտէի, որ այն իմաստ չունի, բայց յետոյ միայն հասկացայ, որ ես հեռացել էի այնտեղից որպէս տան տէր ու ինձ է պատկանում նորից դուռը բացելու իրաւունքը։ Իմ գալստեան են սպասելու փլուած տանս քարերը։ Չգիտեմ ՝ կեանքը ինչ օրէնքներ է սահմանել, բայց սա իմ պահանջն է ու ոչ մի մարդկային օրէնք չի կարող այն փոխել, ինչքան էլ հենց մարդն է հէնց այս ամենի հեղինակը։
Ես դողում էի, երբ կողպէքի մէջ բանալին վերջին անգամ պտտեցի ու փակեցի, փակեցի մեր տան դուռը, մեր ընտանիքի, մեր գիւղի պատմութիւնը ու տանում եմ հիմա այս բանալիի հետ, փակեցի խաղաղութեան դռները՝ բացելով ցաւի ու կորուստի դռները, հիմա այնտեղ ցաւն է իշխում….Փակում եմ ինձ այստեղ, որ մի օր հետ գամ, մի օր։
Յետոյ չգիտակցեցի, թէ ինչպէս յայտնուեցի այլ աշխարհում, ճանապարհ էր, երկար, անծանօթ ու ոչ հարազատ։ Աչքերս բարձրացնելով՝ տեսայ մի ամբողջ ցաւ բոլորի աչքերում։ Յետ շրջուեցի ու տեսայ ճանապարհը, ճանապարհը, որը տանելու էր տուն, որը պիտի տուն կանչի….
Բայց աշխարհը մեզ չընդունեց, աշխարհը չհանդուրժեց մեր գոյութիւնը ու կեանքը պայքարը սկսեց մեր դէմ…
Հիմա հօրս նկարը ձեռքիս, աչքերը՝ մտքումս, ես գնում եմ, գնում եմ դէպի օտարութիւն՝ թողնելով այն, ինչ ունէի, թողնելով ինձ այնտեղ՝ իմ սրբութեան գրկում։
Յետ կը գամ մի օր…

Երեւան
(Գրանիշ)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *